ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 526-Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 16-րդ, 17-րդ կետերը և 17-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.02.18 N 104-Ն)
1. Հաստատել`
1) գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) փակ պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են`
ա. մեկ անձից գնման ձևով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը,
բ. տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը: Ընդ որում, հաստատված կարգերը պետք է համապատասխանեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին.
2) պատվիրատուներն իրենց կարիքների համար գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները տեղեկագրում հրապարակում են ինքնուրույն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով.
3) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կնքված շրջանակային համաձայնագրերը համարվում են լուծված:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնման գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 22 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգի և դրանց առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները, սահմանվում է «փոխկապակցված անձինք» հասկացությունը, փոխկապակցված անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:
2. Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն:
3. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝
1) գնումների պլանավորում.
2) գնման գործընթացի կազմակերպում (ներառյալ գնման առարկայի բնութագրերի հաստատումը).
3) պայմանագրի կնքում.
4) պայմանագրի կատարում և կառավարում:
III. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
5. Յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու են պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաև իրենց վերապահված իրավասությունների մասով՝
1) գնումները համակարգողը.
2) պատասխանատու ստորաբաժանումը.
3) գնահատող հանձնաժողովը:
6. Պատվիրատուի ղեկավարը`
1) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությամբ նախատեսված`
ա. մարմնում գլխավոր քարտուղարն է կամ վերջինիս լիազորությամբ գլխավոր քարտուղարի տեղակալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կամ նախարարի փոխարեն կարող է լինել վերջիններիս կողմից լիազորված պաշտոնատար անձը,
բ. մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը, եթե տվյալ մարմինը չունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ,
գ. տեղական ինքնակառավարման մարմիններում` համայնքի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձն է,
դ. պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է.
2) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ», «դ», «ե», «զ» և «է» պարբերություններում նշված կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարն է:
(6-րդ կետը խմբ. 02.05.19 N 516-Ն, փոփ. 22.08.19 N 1096-Ն, լրաց. 10.10.19 N 1422-Ն, խմբ. 25.03.21 N 414-Ն)
7. Պատվիրատուի ղեկավարը`
1) սահմանում է՝
ա. գնումները համակարգող,
բ. պատասխանատու ստորաբաժանում,
գ. գնահատող հանձնաժողով՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի,
դ. գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցը.
2) բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի՝
ա. կնքում է պայմանագիրը,
բ. հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը:
(7-րդ կետը լրաց. 25.03.21 N 414-Ն)
8. Գնումները համակարգողը`
1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.
3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
9. Պատվիրատու հանդիսացող պետական կառավարման մարմնի համակարգում ծրագրեր իրականացնող պետական հիմնարկ գործելու դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած գնումների դեպքում ծրագրեր իրականացնող գրասենյակն է իրականացնում գնումների համակարգողի լիազորությունները:
10. Սույն կարգի իմաստով շինարարական ծրագրերը ներառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա իրականացվող բոլոր տիպի շինարարական աշխատանքները:
11. Պատասխանատու ստորաբաժանումը՝
1) կազմում և հաստատում է գնման հայտը.
2) հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին և դրա արդյունքներով պատվիրատուի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ.
3) ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը.
4) ներկայացնում է այն անձի (անձանց) թեկնածությունը, որն առաջադրվում է գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով.
5) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
12. Պատասխանատու ստորաբաժանում կարող են սահմանվել պատվիրատուի`
1) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, ենթակա մարմինը կամ համակարգման ոլորտում գործող կազմակերպությունը.
2) ձևավորած մասնագիտական խումբը, որի կազմում կարող են նաև ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ.
3) պաշտոնատար անձը, եթե տվյալ պատվիրատուն չունի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
(12-րդ կետը խմբ. 25.03.21 N 414-Ն)
13. Պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին: Պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտի նախագծմանը մասնակցող անձը (անձինք) պետք է ունենա (ունենան) գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է՝ ելնելով գնման առարկայի տեսակից:
14. Գնահատող հանձնաժողովը`
1) հաստատում է գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը՝ բացառությամբ փակ պարբերական մրցույթի նախաորակավորման հայտարարության.
2) փոփոխություններ է կատարում գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերում.
3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.
4) բացում և գնահատում է հայտերը.
5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).
6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:
15. Գնահատող հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի կարգավիճակով չեն կարող ընդգրկվել գնումները համակարգողը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչը կամ աշխատակիցը: Գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում, եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ):
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
16. Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում հաստատված կամ փոփոխված գնումների պլանի հրապարակման օրն է, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գնումների պլանի հաստատման կամ փոփոխման օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում գնումների սկզբնական պլանում չներառված, լրացուցիչ գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում:
17. Գնման գործընթացի կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:
18. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում գնումների պլանում գնման առարկան ներառվում է առանց գնման ընդհանուր գումարի նշման` ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո գնման պլանում համապատասխան լրացում կատարելու պայմանով: Ընդ որում, համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով փոփոխություն է կատարում գնումների պլանում, իսկ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով համաձայնագիր կնքելու ծանուցումը և կնքվելիք համաձայնագրի նախագիծը պայմանագիրը կնքած անձին է ուղարկում գնումների պլանում փոփոխությունը կատարվելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
19. Շինարարական ծրագրերի գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տվյալ շինարարական աշխատանքի կատարման համար չի պահանջվում նախագծային փաստաթղթերի մշակում և փորձաքննություն: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար գնվելիք` պետական գաղտնիք պարունակող, ինչպես նաև մինչև 70 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները, իրականացվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և պետական այն մարմինների կողմից, որոնց կամ որոնց ենթակա կազմակերպությունների օգտագործման տակ գտնվում է տվյալ գույքը.
2) շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են շինարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի (մարմինների) կողմից, իսկ շինարարական ծրագրերի (շինարարական աշխատանքների) գնումները՝ պետական այն մարմինների կողմից, որոնց կամ որոնց ենթակա կազմակերպությունների օգտագործման տակ գտնվում է տվյալ գույքը՝ բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի.
3) 70 մլն դրամ նախահաշվային արժեքը գերազանցող՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հնագիտական, պատմական, քաղաքաշինական և ճարտարապետական, մոնումենտալ արվեստի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման շինարարական ծրագրերի համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները կարող են իրականացվել մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի (մարմինների) կողմից:
(19-րդ կետը լրաց., փոփ. 10.10.19 N 1422-Ն, լրաց. 30.07.20 N 1275-Ն)
V. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
20. Գնման գործընթացի ընթացակարգի կազմակերպման նպատակով գնման պահանջի ծագման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում են`
1) պատասխանատու ստորաբաժանում, և
2) գնումները համակարգող
3) գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույց: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կատարվող գնումների դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամանակացույցը հաստատվում է գնման պահանջի ծագման օրվանից հաշված 20 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող գնումների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվելուց հետո ձեռնարկվում են միջոցներ մինչև բյուջետային տարին սկսվելը օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա գնման գործընթացները կազմակերպելու և պայմանագրերը կնքելու ուղղությամբ: Եթե շինարարական ծրագրի գնման համար պահանջվող ամբողջական միջոցները նախատեսված են հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրում, ապա գնման գործընթացը կազմակերպվում է օրենքի սույն ենթակետում նշված կարգավորման համաձայն՝ նախագծային փաստաթղթերով նախատեսված ամբողջական արժեքով:
(20-րդ կետը լրաց. 10.10.19 N 1422-Ն)
21. Եթե գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումը`
1) կազմում և հաստատում է գնման հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի բնութագրերը: Ապրանքների գնման դեպքում նշվում է նաև մասնակցի կողմից առաջարկվող ապրանքային նշանի, ֆիրմային անվանման, մակնիշի և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, իսկ պայմանագրի կատարման փուլում ապրանքն արտադրողից կամ վերջինիս ներկայացուցչից երաշխիքային նամակի կամ համապատասխանության սերտիֆիկատի ներկայացման անհրաժեշտությունը, եթե դրանք կիրառելի են տվյալ ապրանքի համար: Ընդ որում, պայմանագրի կատարման փուլում այն կնքած մասնակցից ծագման երկրի սերտիֆիկատ չի պահանջվում.
բ. (ենթակետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
գ. (ենթակետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
դ. մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը՝ բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով մեկ անձից գնումների կատարման դեպքերի: Ընդ որում, գնումները սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքերով, էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով չիրականացնելու դեպքում, ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից,
ե. գնման առարկայի պահանջվող ծավալը և մեկ միավորի ձեռքբերման համար նախատեսված առավելագույն գինը,
զ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, այդ թվում՝ վերջնաժամկետը,
է. կանխավճարի հատկացման հնարավորությունը և առավելագույն չափը,
ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, որը չպետք է պակաս լինի 20 օրացուցային օրից: Ընդ որում, սույն պարբերությամբ սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրվանից՝ բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում: Սույն պարբերությունը չի կիրառվում փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով իրականացվող շինարարական աշխատանքների կամ մեկ անձից գնման ձևի կիրառման դեպքերում,
թ) խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում՝ հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը: Ընդ որում, շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և (կամ) տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում գնային պայմանի համար սահմանվող չափանիշը չի կարող պակաս լինել քսան և ավել երեսուն միավորից.
2) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի`
ա. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա, ապա ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների, բացառությամբ շինարարական ծրագրերի, ներառյալ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում հայտով ներկայացվում է նաև ընթացակարգը կազմակերպելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում նմանատիպ ապրանքի կամ աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրով (գործարքով) սահմանված մեկ միավոր գինը, եթե առկա է նման պայմանագիր (գործարք): Եթե նմանատիպ պայմանագիր առկա չէ, ապա դրա մասին հայտում կատարվում է նշում, իսկ գինը չի սահմանվում,
բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա, և առկա են պլանավորված, սակայն տվյալ գնման համար օրենքով սահմանված կարգով չնախատեսված ֆինանսական միջոցներ, հայտով ներկայացվում է նաև նմանատիպ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար պլանավորված մեկ միավորի առավելագույն գինը.
3) գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջադրվող անձանց (թեկնածուների) ցուցակը` ըստ հանձնաժողովի կազմում այդ անձանց ընդգրկման առաջնահերթության` նշելով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը:
(21-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 08.02.18 N 104-Ն, լրաց., խմբ. 02.05.19 N 516-Ն, խմբ., փոփ. 10.10.19 N 1422-Ն, լրաց. 21.05.20 N 778-Ն, խմբ. 25.03.21 N 414-Ն)
22. Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ և արտադրողներ՝ բացառությամբ գնումը սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով կատարելու դեպքերի:
(22-րդ կետը լրաց. 02.05.19 N 516-Ն, խմբ. 10.10.19 N 1422-Ն)
23. Գնման ընթացակարգը կազմակերպելիս, օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի, պետք է հաշվի առնել, որ`
1) եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա` անկախ գնման առարկան էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում ներառված լինելու հանգամանքի.
2) եթե գնումների միասնական անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերում ներառված` վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա գնման առարկայի ձեռքբերումը կարող է իրականացվել գնանշման հարցման ձևով՝ պայմանով, որ այն չպետք է ներառված լինի էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում.
3) գնումը կատարվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից ձեռքբերման ընթացակարգով` յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.
4) հետևյալ գնումները կարող են կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝
1. բնական գազի մատակարարում և գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում |
2. էլեկտրաէներգիայի մատակարարում |
3. ոռոգման, խմելու (խողովակաշարերով), տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարում |
4. իրավասու մարմնի տրամադրած իրավական կարգավորման կամ վարչական նորմի հիմքով որպես գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության միակ մատակարար (կապալառու, կատարող) հանդիսացող անձից տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում |
5. պետական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերում |
6. քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
7. անշարժ գույքի վարձակալություն, պայմանով, որ կարիքը հնարավոր չէ բավարարել պետական կամ համայնքային սեփականություն համարվող տարածքների անհատույց օգտագործման միջոցով |
8. հիվանդանոցային բուժօգնություն՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները |
9. ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն |
10. պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման |
11. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն) |
12. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման՝ ներառյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները |
13. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն) |
14. փոստային կապի ծառայություն |
15. գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների, այդ թվում՝ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում |
16. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն) |
17. քրեակատարողական ծառայության կարիքների համար «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում՝ պայմանով, որ գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները պետք է հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից |
18. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերում |
19. ավիատոմսերի գնման էլեկտրոնային համակարգում կամ ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի՝ էլեկտրոնային եղանակով ձեռքբերում |
20. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերում |
21. միջազգային վարկանիշ շնորհելու ծառայություններ |
22. ապրանքները ձեռք են բերվում իր ձեռնարկատիրական գործունեությունը վերջնականորեն դադարեցնող կազմակերպությունից կամ անվճարունակության գործով լուծարողներից կամ կառավարիչներից, վարկատուների հետ պայմանավորվածության հիման վրա կամ նմանօրինակ ընթացակարգի միջոցով |
23. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների որոշումների հիման վրա դատաբժշկական և գենետիկ փորձաքննությունների ապահովում` մահերի պատճառների վերհանման նպատակով դիակների, կենդանի անձանց, կենսաբանական ծագման նյութերի փորձաքննություններ |
24. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի վիճակագրական հաշվետվությունների հետ կապված վերլուծական աշխատանքների տեխնիկական սպասարկում |
25. Առողջապահության ազգային հաշիվների զեկույցի կազմման ծառայություններ |
26. Հայաստանի Հանրապետության առողջապահության արդյունավետության գնահատման տարեկան զեկույցի կազմման ծառայություններ |
27. Առողջապահության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման ծառայություններ |
28. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն) |
29. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն) |
30. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության հավաստագրման ծառայություններ |
31. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնության կարգով տրամադրված բեռների ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ |
32. Ավիացիոն համակարգի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծառայություններ |
33. Մշակութային և (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, բացառությամբ շինարարական աշխատանքների |
34. Մշակութային արժեքների ձեռքբերում |
35. Պարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման ծառայություններ |
36. Պետական կամ համայնքային հիմնարկից տեղական ինքնակառավարման մարմնի կարիքների համար ծառայությունների ձեռքբերում |
37. Բանկային սպասարկման ծառայություններ |
38. Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ապրանքի, աշխատանքի և ծառայության ձեռքբերում, եթե տվյալ կազմակերպության ստեղծման նպատակը` կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան, հիմնադրին կամ վերջինիս կողմից ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություններին` գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն է |
39. Պետության և համայնքի հիսուն տոկոսից ավել մասնակցությամբ առևտրային կազմակերպությունից այնպիսի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից |
5) գնումները կարող են կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ հետևյալ դեպքերում՝
ա. գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ռազմական դրություն հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինված ուժերում ուժեղացված աշխատանքային ռեժիմ սահմանելու, ինչպես նաև մատակարարումը, կատարումը և մատուցումը դադարեցված՝ կենսական նշանակություն ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների՝ այլընտրանքային ապրանքներով, աշխատանքներով և ծառայություններով փոխարինելու անհնարինության կամ ապրանքների դեպքում՝ պահուստներում բացակայության հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով: Սույն ենթակետի համաձայն հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչև երեսուն օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,
բ. պետության կամ համայնքների կարիքների համար գնումների դեպքում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու, այլ պատվիրատուների դեպքում՝ ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի, իսկ հիմնադրամների դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ անհետաձգելի համարված այլ դեպքերում,
գ. չկանխատեսված իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող գնումների դեպքում՝ բացառությամբ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու դեպքերի: Ընդ որում, հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչև 80 օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,
դ. պետության կարիքների համար չկատարվող ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում, եթե ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,
ե. շինարարական ծրագրերի իրականացման ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող անձի կողմից պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում, պայմանով, որ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է.
6) ծրագրային ապահովման, ներառյալ եթե այդ նպատակով կնքվելիք պայմանագրի գնի հիսուն տոկոսից ավելը վերաբերում է ապարատային ապահովումներին, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և (կամ) տեխնիկական հսկողության ծառայությունների գնումը համարվում է խորհրդատվական ծառայություն, և դրանց ձեռքբերումն իրականացվում է օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում սույն ենթակետի կիրառման դեպքում կարող է չկիրառվել նախաորակավորման ընթացակարգ.
7) շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացնում է պատվիրատուն.
8) գնման ընթացակարգը որպես ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում որակելու համար հաշվի է առնվում կնքվելիք պայմանագրի գնի մեջ դրանցից որևէ մեկի մեծ տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը, բացառությամբ շինարարական աշխատանքների:
(23-րդ կետը լրաց., փոփ. 08.02.18 N 104-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.04.19 N 409-Ն, խմբ., փոփ., լրաց. 02.05.19 N 516-Ն, 10.10.19 N 1422-Ն, փոփ. 21.05.20 N 778-Ն)
24. Պատասխանատու ստորաբաժանումը գնման հայտը` հերթական համարակալումով, իր կողմից հաստատվելու օրը գրությամբ փոխանցում է գնումները համակարգողին:
25. Գնումները համակարգողը գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա գնման հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը` նշելով արձանագրված անհամապատասխանությունները: Պատասխանատու ստորաբաժանումն ուղղում և երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված գնման հայտը: Արձանագրված անհամապատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը վերադարձնում է գնումները համակարգողին, որն այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`
1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը երկու աշխատանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.
2) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հանձնարարում է`
ա. գնումները համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել՝ հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ
բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:
VI. ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
26. Պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով սույն կարգի 25-րդ կետով նախատեսված գրավոր հանձնարարականը կամ գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնումների համակարգողը կազմում և գրավոր պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին հրամանի նախագիծը, որը պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատող հանձնաժողովի`
1) կազմը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք սահմանվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.
2) գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հայտերի բացման նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի առնվազն երկու անդամ.
3) նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ`
ա. ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրով կասեցնում է գնման գործընթացը,
բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն, պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,
գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որը չպետք է ուշ լինի գնման ընթացակարգի կասեցման վերջնաժամկետից.
4) որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.
5) նիստերը տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.
6) անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների.
7) արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` պատվիրատուի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն վեց ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.
8) անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.
9) անդամը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.
10) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը և դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:
(26-րդ կետը խմբ. 25.03.21 N 414-Ն)
27. Եթե գնահատող հանձնաժողովը չի ապահովում Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը`
1) զեկուցագիրը ստանալու օրը`
ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև երեք աշխատանքային օրով,
բ. հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.
2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ պատվիրատուի ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.
3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`
ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ
բ. հանձնարարվում է գնահատող հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:
28. Մինչև հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:
29. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող օրը հանձնաժողովը համարվում է լուծարված:
30. Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, մասնագիտական խումբ ձևավորված լինելու դեպքում՝ խումբը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը:
VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
31. Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`
1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.
2) հրավերի տեքստը.
3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:
32. Հրավերով նախատեսվում է նաև, որ՝
1) մասնակիցը հայտով ներկայացնում է՝
ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` նշելով էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության հասցեն և հեռախոսահամարը,
բ. իր կողմից հաստատված հավաստում՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր համապատասխանության մասին,
գ. իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը՝
- չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին.
- չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է սույն պարբերությամբ նախատեսված երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.
- գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է բանկերի կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքների կամ կանխիկ փողի ձևով,
դ. գնային առաջարկ,
ե. հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը՝ պայմանով, որ դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն՝ ուղեկցող գրությամբ,
զ. ապրանքների գնման դեպքում իր կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքի ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը և արտադրողի անվանումը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր),
է. հայտարարություն` գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին,
ը. հայտարարություն` տվյալ գնման գործընթացում իրեն, սույն կարգով սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության բացակայության մասին.
թ. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում՝ հղում գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջին, իսկ այլ իրավաբանական անձանց դեպքում՝ գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա սահմանված ձևով և կարգով։ Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում.
ժ. խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում՝ հայտերի գնահատման համար հրավերով պահանջված փաստաթղթերը.
2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման: Ընդ որում, մասնակցի հայտը ենթակա չէ մերժման, եթե`
ա. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակները լրացված են միայն թվերով, իսկ ընդհանուր գնի սյունակը` և՛ տառերով, և՛ թվերով կամ միայն տառերով,
բ. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարին,
գ. գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված,
դ. գնային առաջարկի արժեք, ավելացված արժեքի հարկ և ընդհանուր գումար սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների լումաները կլորացված են մինչև հինգ տասնորդականը՝ դեպի ներքև ամբողջ թիվը, իսկ հինգ տասնորդական և դրանից ավելին՝ դեպի վերև ամբողջ թիվը,
ե. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում գումարները լրացված են ինչպես թվերով, այնպես էլ տառերով, և դրանք համապատասխանում են միմյանց, իսկ ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարի մեջ լրացված են ավելորդ բառեր, որի արդյունքում ստացվում է գոյություն չունեցող թիվ: Ընդ որում, սույն պարբերության մեջ նշված դեպքում գնահատող հանձնաժողովը հայտը գնահատելիս հիմք է ընդունում արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով լրացված գումարների հանրագումարը,
զ. գնային առաջարկի սյունակներում տառերով լրացված գումարների մեջ լումաները նշված են թվերով.
3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը ներկայացնում է նաև իր կողմից՝
ա. հաստատված՝ լրացված ծավալաթերթ-նախահաշիվ, հաշվի առնելով հրավերին կցված ծավալաթերթով ըստ աշխատանքների նախահաշվային բաժինների համար սահմանված առավելագույն կշիռները: Ընդ որում կշիռները կիրառվում են մասնակցի առաջարկած ընդհանուր գնային առաջարկի նկատմամբ, նկատի ունենալով, որ շեղումը չի կարող ավել կամ պակաս լինել հրավերին կցված ծավալաթերթով տվյալ բաժնի համար սահմանված կշռի չափի տասը տոկոսից: Աշխատանքների բաժինները չեն կարող արհեստականորեն միավորվել կամ առանձնացվել,
բ. առաջարկվող՝ հրավերին կցված նախագծային փաստաթղթերով սահմանված տեխնիկական բնութագրերին համապատասխանող սարքերի և սարքավորումների տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, մակնիշները, արտադրողները և երաշխիքային ժամկետները: Ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրի նախագծում ներառվում են վերջինիս կողմից հայտով ներկայացված սարքերը և սարքավորումները.
4) պահանջի դեպքում որևէ մասնակցի հայտի պատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած այլ մասնակցին: Պահանջի կատարման անհնարինության դեպքում պահանջը ներկայացրած անձին անհապաղ տրամադրվում են հայտում ներառված փաստաթղթերը, որոնց վերջինս ծանոթանում է տեղում, իրավունք ունի լուսանկարելու դրանք և վերադարձնում է քարտուղարին նիստի ընթացքում՝ առանց խոչընդոտելու հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
5) նշում կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին, պայմանով, որ ընտրված մասնակիցը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում, կանխավճարի չափը չի կարող գերազանցել ընտրված մասնակցի առաջարկած գնի երեսուն տոկոսը՝ բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա կատարվող գնումների.
6) կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած այլ մասնակիցը: Եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության կամ ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները.
7) մասնակիցները կարող են գնման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`
ա. հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը,
բ. հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ: Սույն պարբերության պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը,
գ. եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.
8) եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով՝ պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով.
9) եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, հայտի ապահովման չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի հինգ տոկոսին, և եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն ենթակետով սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.
10) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա որակավորման և պայմանագրի ապահովումները ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի և որակավորման ապահովումները, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում են երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.
11) էլեկտրոնային եղանակով ծանուցումներն իրականացվում են տեղեկություններն էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, որի ժամանակ ծանուցումներն իրականացվում են թղթային եղանակով: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները: Տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ հավաստագիրը` զետեղված «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում, կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով: Գնման ընթացակարգն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցները` այդ փաստաթղթերը ներկայացնում են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով.
12) ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը հանձնաժողովի քարտուղարը տրամադրում է էլեկտրոնային եղանակով: Ապրանքների գնման դեպքում պայմանագրի նախագծում ներառվում է ընտրված մասնակցի կողմից հայտով ներկայացված ապրանքի ամբողջական նկարագիրը.
13) ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի նախագիծը պատվիրատուին ներկայացվում է գրավոր, և դա ներկայացնելու գրությունը հաշվառվում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգում: Պատվիրատուի ղեկավարի կողմից պայմանագրի նախագիծը հաստատվում է այդ իրավասության առաջացմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.
14) գնման ընթացակարգին (միևնույն չափաբաժնին) արգելվում է սույն կարգով սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը.
15) բողոքարկման վճարը կատարելու համար լիազորված մարմնի անվանմամբ բացված գանձապետական հաշվեհամարը և տվյալներ այն մասին, որ ներկայացվող բողոքում անձը պետք է նշի նաև այն բանկի անվանումը և հաշվեհամարը, որի բողոքը բավարարվելու դեպքում պետք է փոխանցվի վճարը.
16) որակավորման ապահովումը չի վերադարձվում այն ներկայացրած անձին, եթե վերջինս խախտել է պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը.
17) գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում են ըստ առանձին չափաբաժինների: Եթե չափաբաժիններով կազմակերպված գնման ընթացակարգի շրջանակում`
ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնային առաջարկների հանրագումարի նկատմամբ,
բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ,
գ. մասնակիցը հրաժարվում է որևէ չափաբաժնից կամ պայմանագիր կնքելուց, կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից, ապա հայտի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված ապահովման չափով,
դ. կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով որևէ չափաբաժնի մասով լուծվում է, ապա որակավորման և պայմանագրի ապահովումները վճարվում են միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված գումարի չափով.
18) եթե մասնակիցը օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ցուցակներում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա տվյալ հայտը ենթակա չէ մերժման.
19) եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.
20) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գնման հայտը հաստատվելու օրվա դրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, և կնքվելիք պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ.
21) հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնման ընթացակարգի չափաբաժինների քանակը գերազանցում է յոթանասունհինգ չափաբաժինը, ապա հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում.
22) հրավերի վերաբերյալ մասնակցին չի տրամադրվում պարզաբանում, եթե հարցումը վերաբերում է վերջինիս կողմից առաջարկվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի` հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համարժեքության համապատասխանությանը.
23) ավտոմեքենաների, սարքերի և սարքավորումների վերանորոգման ծառայությունների գնման դեպքում, հրավերով սահմանվում է նաև ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման միավոր առավելագույն գինը, իսկ մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է՝ հաշվի առնելով այդ առավելագույն գների հանրագումարը՝ նկատի ունենալով, որ կնքվող պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով՝
ՎԳ=ՄԳ/ՆԳxԾxՔ, որտեղ՝
1) ՎԳ-ն պայմանագրով սահմանված առանձին տեսակի ծառայությունների մատուցման դիմաց վճարվող գումարն է.
2) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած հանրագումարային գինն է.
3) ՆԳ-ն ծառայության մատուցման համար սահմանված առավելագույն միավոր գների հանրագումարն է.
4) Ծ-ն մատուցված ծառայության առավելագույն միավորի գինն է.
5) Ք-ն մատուցված ծառայության քանակն է.
24) պատվիրատուն և (կամ) գնահատող հանձնաժողովը կարող է պատճառաբանված որոշման դեպքում սույն կարգի 67-րդ կետի հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով ստուգել մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին բավարարելու մասին հայտով ներկայացված հավաստման իսկությունը.
25) յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև հրավերում փոփոխությունների կատարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալը, էլեկտրոնային փոստի միջոցով գնահատող հանձնաժողովի քարտուղարին ներկայացնել հիմնավորումներ հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերի՝ օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների տեսակետից՝ առանց նշելու անունը-ազգանունը: Ներկայացված հիմնավորումներն ընդունելի համարվելու դեպքում գնահատող հանձնաժողովը սահմանված ժամկետում դրանցով պայմանավորված փոփոխություններ է կատարում հրավերում.
26) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ապահովումը այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ՝
ա. շինարարական ծրագրերի կատարման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման, որի դեպքում ապահովումը այն ներկայացրած անձին վերադարձվում է օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ վերջինիս կողմից պայմանագրով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում,
բ. այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց ապահովման գումարը նվազեցվում է այդ փուլի գումարի նկատմամբ հաշվարկված համամասնությամբ.
27) պայմանագրի ապահովումը այն ներկայացրած անձին վերադարձվում է օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ վերջինիս կողմից պայմանագրով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում.
28) խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը:
(32-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 08.02.18 N 104-Ն, խմբ., լրաց., փոփ. 02.05.19 N 516-Ն, խմբ. 10.10.19 N 1422-Ն, խմբ., լրաց. 21.05.20 N 778-Ն, խմբ., փոփ. 25.03.21 N 414-Ն, խմբ. 02.09.21 N 1421-Ն)
33. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ՝
1) պայմանագրի կողմը պատասխանատվություն է կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
2) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխման դեպքում պայմանագրի կողմը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին՝ տրամադրելով գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) համատեղ գործունեության (կոնսորցիումի) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.
4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը պայմանագրով սահմանված ժամկետներում կատարելու, սակայն պատասխանատու ստորաբաժանման կողմից պայմանագրի արդյունքը չընդունվելու դեպքում: Տույժը հաշվարկվում է աշխատանքային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Եթե`
ա. պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով կնքված այն համաձայնագրի գնի նկատմամբ, որի շրջանակներում արձանագրվել է ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը,
բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով, և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավելի չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ.
5) գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի ու տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ.
6) եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել կատարված աշխատանքների թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին՝ պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.
7) ծառայությունների, նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական ծրագրերի կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ծառայությունը, աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել մատուցված ծառայության, կատարված աշխատանքի կամ մատակարարված ապրանքի թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին՝ պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.
8) այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է: Սույն կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում հսկողություն և (կամ) վերահսկողություն իրականացնող մարմինները, իսկ մյուս դեպքերում պատվիրատուն այդ մասին ծանուցում են իրավապահ մարմիններին՝ վերջիններիս և պայմանագիր կնքած մասնակցին ներկայացնելով հիմքերը.
9) պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել՝ նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը: Ընդ որում, արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ.
10) նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`
ա. շինարարական ծրագրի կատարման համար օգտագործվող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,
բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաների և այլն) և օգտագործվելիք նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,
գ. ներկայացնում է աշխատանքների առանձին տեսակների կատարման օրացուցային ժամանակացույցը,
դ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է հայերեն և ռուսերեն լեզուներով՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
11) շինարարական աշխատանքների կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում նախագծողը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`
ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի տասը տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների արժեքի քսանհինգ տոկոսին,
բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի հանգեցրած՝ փաստացի կատարված աշխատանքների արժեքի հիսուն տոկոսին.
12) եթե պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, սակայն տվյալ տարում նախատեսված չեն կամ նախատեսված են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա պայմանագրում նախատեսվում է, որ հետագայում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում են համաձայնագիր կնքելու միջոցով: Եթե պայմանագրի կատարման համար հատկացված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա պատվիրատուի կողմից համաձայնագիր կնքվում է, եթե պայմանագիր կնքած անձի կողմից տուժանքի ձևով ներկայացված որակավորման և պայմանագրի ապահովումները` նախատեսված ֆինանսական միջոցների չափով, փոխարինվում է երաշխիքով կամ կանխիկ փողով՝ հաշվի առնելով սույն կարգի 32-րդ կետի 17-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները: Ընդ որում, պայմանագրի կողմը համաձայնագիրը կնքում, իսկ ապահովումների փոխարինման դեպքում նաև նոր ապահովումները պատվիրատուին ներկայացնում է համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է.
13) շինարարական աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում են կապալի օբյեկտի և դրա առանձին մասերի երաշխիքային ժամկետները, և սահմանվում է, որ եթե այդ ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով.
14) շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը քաղաքաշինական փորձաքննության ենթարկելու նպատակով անձի հետ կնքվող պայմանագրում նախատեսվում է, որ շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում անձը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`
ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի տասը տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների արժեքի քսանհինգ տոկոսին,
բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի հանգեցրած՝ փաստացի կատարված աշխատանքների արժեքի հիսուն տոկոսին.
15) որակավորման և պայմանագրի ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովումների գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին.
16) եթե պատվիրատուն պայմանագրով սահմանված ժամկետում չի ընդունում պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված, և պայմանագրով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագրի կողմին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ընդ որում, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստն ամրագրվում է երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը.
17) պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը ուղարկվում է նաև պայմանագիր կնքած անձի էլեկտրոնային փոստին.
18) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` լիազորված մարմնի կողմից հաշվառված լինելու հանգամանքը՝ բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ և 37-րդ կետերով նախատեսված գնումների:
(33-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն, խմբ., փոփ, լրաց. 02.05.19 N 516-Ն, խմբ. 10.10.19 N 1422-Ն, փոփ. 25.03.21 N 414-Ն)
34. Գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`
1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է տեղեկագրում: Ընդ որում հայտարարության և հրավերի տեքստերը, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, պայմանագիր կնքելու, կնքված պայմանագրի և ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունները հրապարակվում են նաև ռուսերեն լեզվով: Ռուսերեն լեզվով հրապարակված նյութերի տարաբնույթ (երկակի) մեկնաբանման հնարավորության դեպքում հիմք է ընդունվում հայերեն տեքստը.
2) գնման ընթացակարգը թղթային եղանակով կազմակերպվելու դեպքում հրավերն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ գնման ընթացակարգի հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում նյութերը հայերեն և ռուսերեն լեզուներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է նաև տեղեկագրում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեռնարկում է միջոցներ՝ պայմանագիր կնքելու համար, եթե գնումը կատարվում է բորսաներից:
(34-րդ կետը խմբ. 10.10.19 N 1422-Ն)
35. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ քարտուղարը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի մասին տեղեկությունները`
1) գնումների կամ նախաորակավորման մասին հայտարարությունը հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ այլ էլեկտրոնային միջոցներով.
2) հրավերը տրամադրում (ուղարկում) է գնահատող հանձնաժողովի կողմից որոշված գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:
36. Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար մասնակիցը պատվիրատուին ներկայացնում է գրավոր դիմում: Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը, եթե գնումների մասին հայտարարությամբ փաստաթղթային ձևով հրավերի տրամադրման համար նախատեսված է վճար: Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջի ստացմանը հաջորդող աշխատանքային օրը: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
37. Հրավերի պատճենահանման և առաքման հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով պատվիրատուն կնքում է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, եթե այդ աշխատանքները չեն կատարվում պատվիրատուի ռեսուրսների հաշվին:
38. Մինչև հայտերի բացման նիստը պատվիրատուի պաշտոնատար անձանց արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Այդ պաշտոնատար անձանց կողմից այլ անձանց` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ կամ գնման ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:
39. Բացառությամբ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կատարվող գնումների՝ գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտերը գրանցում է գրանցամատյանում՝ ըստ դրանց ստացման հերթականության, գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են: Գրանցամատյանի` բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը սույն կարգի 43-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված արձանագրության հետ մեկտեղ հրապարակվում է տեղեկագրում:
40. Հայտերի բացման և գնահատման նիստում`
1) նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված։ Հանձնաժողովի քարտուղարը հաղորդում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված, հիմք ընդունելով տառերով գրվածը.
4) հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը, կամ եթե այն ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: Գնումն էլեկտրոնային համակարգով իրականացվելու դեպքում հիմք է ընդունվում համակարգում կցված` մասնակցի կողմից հաստատված գնային առաջարկը.
5) հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է ընտրված և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին: Ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված ապրանքի ամբողջական նկարագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին: Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում, կամ եթե ոչ գնային պայմանները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնման հայտով սահմանված գինը կամ գնումն իրականացվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա՝
ա. ընտրված և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),
բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված բոլոր մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին,
գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը,
դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,
ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ դրան ներկա մասնակիցների ներկայացրած գների, որոնք չեն գերազանցում գնման հայտով սահմանված գինը, որոշվում ու հայտարարվում են ընտրված և հաջորդական տեղերն զբաղեցրած մասնակիցները,
զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է բանակցությունների արդյունքում ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ վերջինիս հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող վաթսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում,
է. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը կամ նվազագույն գները հավասար են, գնման ընթացակարգն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած, բացառությամբ սույն ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված դեպքի.
6) խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականն ամենաբարձրն է: Մասնակիցներին տրված գնահատականների հավասարության դեպքում, կամ եթե գնումն իրականացվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա՝
ա. ընտրված և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով նվազագույն գնահատական ստացած բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),
բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նվազագույն գնահատական ստացած բոլոր մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին,
գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը,
դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,
ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ դրան ներկա մասնակիցների ներկայացրած գների, հրավերով սահմանված չափանիշների գնահատման հիման վրա որոշվում ու հայտարարվում են ընտրված և հաջորդական տեղեր զբաղեցրած մասնակիցները,
զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին ամենաբարձր գնահատական ստացած մասնակցի գինը գերազանցում է գնման հայտով սահմանված գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է այդ մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ՝
- միևնույն գնման առարկայի բնութագրերով տվյալ օրացուցային տարում արդեն իսկ կազմակերպվել է առնվազն մեկ գնման մրցակցային ընթացակարգ, որը չկայացած է հայտարարվել մասնակիցների ներկայացրած գները գնման հայտով սահմանված գինը գերազանցելու հիմքով պայմանավորված.
- ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքվելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում,
է․ բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը, կամ նվազագույն գները հավասար են, գնման ընթացակարգն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած, բացառությամբ սույն ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված դեպքի:
(40-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն, խմբ. 10.10.19 N 1422-Ն, լրաց. 21.05.20 N 778-Ն, խմբ. 25.03.21 N 414-Ն)
41. Եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Եթե անհամապատասխանությունն արձանագրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա, ապա մասնակցին ուղարկվող ծանուցմանը կցվում է նաև կոմիտեից ստացված տեղեկատվության բնօրինակից սկանավորված տարբերակը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
(41-րդ կետը լրաց. 02.05.19 N 516-Ն, խմբ. 10.10.19 N 1422-Ն)
42. Եթե սույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը սույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
(42-րդ կետը խմբ. 10.10.19 N 1422-Ն, փոփ. 21.05.20 N 778-Ն)
43. Հայտերի բացման և գնահատման նիստի ավարտից հետո ոչ ուշ, քան հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը`
1) հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրության բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը և սույն կարգի 32-րդ կետի 25-րդ ենթակետի հիման վրա ստացված հիմնավորումների քննարկման ամփոփաթերթը, որը պարունակում է տեղեկություններ նաև հիմնավորումները ստանալու ամսաթվի և էլեկտրոնային փոստի հասցեների վերաբերյալ, հրապարակում է տեղեկագրում: Եթե հիմնավորումներ չեն ներկայացվել, ապա հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ դրա մասին կատարվում են համապատասխան նշումներ: Ընդ որում, հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են արձանագրված անհամապատասխանությունները և դրանցով պայմանավորված հայտերի մերժման հիմքերը.
2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 20-րդ կետերի հիման վրա կատարվող գնումների: Գնահատող հանձնաժողովի այն անդամները, ովքեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն ենթակետում նախատեսված հայտարարությունները, որոնք տեղեկագրում քարտուղարը հրապարակում է ստորագրմանը հաջորդող աշխատանքային օրը:
(43-րդ կետը փոփ. 08.02.18 N 104-Ն, 02.05.19 N 516-Ն, խմբ. 10.10.19 N 1422-Ն, 25.03.21 N 414-Ն)
44. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
45. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին, որը դրանք ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնում է տվյալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ:
(45-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն, խմբ. 02.05.19 N 516-Ն)
46. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
47. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
48. Եթե հայտերի գնահատման արդյունքում անհամապատասխանությունն արձանագրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում, ապա այն համարվում է շտկված, եթե մասնակիցը ներկայացնում է տրամադրած տեղեկատվության մեջ նշված գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) օրինակը:
(48-րդ կետը խմբ. 02.05.19 N 516-Ն, 10.10.19 N 1422-Ն)
49. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
50. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով, եթե ներկայացվել է նաև որակավորման ապահովումը հիմնավորող փաստաթուղթը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը պայմանագրում ներառվում է՝ համաձայն ընտրված մասնակցի կողմից ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից բավարար գնահատված առաջարկի: Եթե կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա կնքված պայմանագրի մասին հայտարարությունում նշվում է նաև, որ դրանով սահմանված ժամկետում պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում՝ ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում՝ գնման տվյալ ընթացակարգին մասնակցելու հրավերի հիման վրա հայտ ներկայացրած մասնակիցները կարող են պատվիրատուին ներկայացնել կնքված տվյալ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին պատասխանատու ստորաբաժանման հետ համատեղ մասնակցելու գրավոր պահանջ: Հայտարարությունում նշվում է նաև պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի էլեկտրոնային փոստի պաշտոնական հասցեն: Գրավոր պահանջին կից ներկայացվում են՝
1) ֆիզիկական անձին տրամադրված լիազորագրի բնօրինակը: Ընդ որում, լիազորված՝
ա. ֆիզիկական անձանց քանակը չի կարող գերազանցել երկուսը,
բ. ֆիզիկական անձը անձամբ պետք է կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է.
2) ինչպես գործընթացին մասնակցելու պահանջ ներկայացրած, այնպես էլ լիազորված ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բնօրինակ հայտարարություններ՝ օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված շահերի բախման բացակայության մասին.
3) այն էլեկտրոնային փոստի հասցեները և հեռախոսահամարները, որոնց միջոցով պատվիրատուն կարող է կապ հաստատել պահանջը ներկայացրած անձի և վերջինիս կողմից լիազորված ֆիզիկական անձի հետ.
4) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների և լրատվական գործունեություն իրականացնող անձանց դեպքում՝ նաև պետական գրանցման վկայականի պատճենը:
(50-րդ կետը խմբ. 10.10.19 N 1422-Ն, 24.06.21 N 1059-Ն)
50.1. Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կնքված պայմանագրի հայտարարության մեջ նշված իր էլեկտրոնային փոստի հասցեից ծանուցում է ուղարկում սահմանված պահանջներին՝
1) համապատասխանող գրություն ներկայացրած անձին՝ պայմանագրի կատարման արդյունքի ընդունման գործընթացին վերջինիս մասնակցությունը հաստատված լինելու մասին, ծանուցումը և սույն կետով նախատեսված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակից արտատպված օրինակները հրապարակելով նաև տեղեկագրում: Գործընթացին մասնակցության շրջանակում լիազորված ֆիզիկական անձի փոփոխությունն իրականացվում է սույն կետով սահմանված կարգով՝ պատվիրատուին ներկայացվող գրության հիման վրա.
2) չհամապատասխանող գրություն ներկայացրած անձին՝ պայմանագրի կատարման արդյունքի ընդունման գործընթացին վերջինիս մասնակցությունը հաստատված չլինելու մասին:
(50.1-ին կետը լրաց. 24.06.21 N 1059-Ն)
51. Պայմանագրի գինը կայուն է, եթե պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում, ապրանքները մատակարարվում և ծառայությունները մատուցվում են մինչև երեք տարվա ընթացքում: Եթե հրավերում և պայմանագրում նշված չէ, որ պայմանագրի գինը գործոնային է, ապա պայմանագրի գինը համարվում է կայուն` անկախ պայմանագրի կատարման ժամկետից:
52. Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա`
1) մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր.
2) մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանափակվել.
3) պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (ընտրված մասնակցի կամ պատվիրատուի) օգուտները (խնայողությունները) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են.
4) պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում պայմանագիր ստորագրած մասնակցի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Սույն ենթակետով նախատեսված գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձը:
53. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային` այդ պայմանը հրավերով ու պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, եթե՝
1) պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում, ծառայությունները մատուցվում և աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից երեք տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն երեք տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:
54. Եթե պայմանագրի գինը գործոնային է, հրավերով նախատեսվում են`
1) բոլոր այն պայմանները (այսուհետ` արտաքին գործոններ), որոնց փոփոխությամբ պայմանագրի գինը կարող է փոփոխվել.
2) արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանագրի գնի փոփոխման կարգը:
55. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը և դրա մասին հայտարարությունը պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է տեղեկագրում` այդ փոփոխությունը կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում փոփոխությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազորված մարմին:
56. Արգելվում է պայմանագրում, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`
1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների նվազեցումը կամ պայմանագրի գնի նվազեցման պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների ոչ համամասնորեն նվազեցումը, որի արդյունքում ավելանում է գնման առարկայի միավորի ձեռքբերման գինը.
2) պայմանագրով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի ընդհանուր գնի տասը տոկոսը, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների: Պայմանագրով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների ծավալները կարող են ավելանալ միայն պայմանագրով աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված ժամկետում.
3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք միասին գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի տասնհինգ տոկոսը: Շինարարական աշխատանքների դեպքում սույն ենթակետով նախատեսված տոկոսի հաշվարկի մեջ չեն ներառվում սկզբնական նախահաշվով նախատեսված ծավալների նկատմամբ առանց նախագծային փաստաթղթերի փոփոխության փաստացի կատարված աշխատանքների ճշգրտումները: Պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման մասնագիտական եզրակացությունն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը.
4) պայմանագրով, ներառյալ փուլային ձևով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը մեկ անգամ` մինչև երեսուն օրացուցային օրվանից ավելի ժամկետով երկարաձգելը, բայց ոչ ավելի, քան պայմանագրով սահմանված ժամկետն է, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ կամ պետական գաղտնիք պարունակող` ռազմական կարիքների բավարարման նպատակով, արտադրանքի նոր տեսակների հեռանկարային մշակման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի: Ընդ որում, սույն ենթակետում նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել՝ մինչև պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալը` պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը, իսկ առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ.
5) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի կամ նախագծային առաջադրանքների անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը.
6) պայմանագրով կանխավճար նախատեսելը, եթե հրավերով նախատեսված չի եղել կանխավճար հատկացնելու հնարավորություն՝ բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների:
(56-րդ կետը փոփ., լրաց. 02.05.19 N 516-Ն, խմբ. 10.10.19 N 1422-Ն)
57. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
58. Եթե գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր չի կնքվում, ապա այդ ընթացակարգը չկայացած է հայտարարվում, և օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ: Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա պետության կամ համայնքների կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգը կարող է ամբողջությամբ կամ մասնակի չկայացած հայտարարվել՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու, այլ պատվիրատուների դեպքում՝ ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի, իսկ հիմնադրամների դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի որոշման հիման վրա:
VIII. ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
59. Մասնակիցների՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին.
2) բացի հայտարարությունից, օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:
60. Մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» չափանիշը սահմանվում և գնահատվում է նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման դեպքում հետևյալ կարգով`
1) մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները`
Հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրած պայմանագրերի՝ | ||
առարկան |
պատվիրատուի և նրա հետ կապ հաստատելու տվյալները | |
1 |
2 | |
Տարեթիվը` ........... թվական | ||
1. |
||
2. |
||
… |
||
Տարեթիվը` ........... թվական | ||
1. |
||
2. |
||
… |
||
Տարեթիվը` ........... թվական | ||
1. |
||
2. |
||
… |
2) մասնակիցը համարվում է սույն կետով նախատեսված պահանջը բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները:
61. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
62. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
63. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
64. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
65. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
66. (կետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
67. Գնահատող հանձնաժողովը կարող է պատճառաբանված որոշման դեպքում ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:
(67-րդ կետը լրաց. 10.10.19 N 1422-Ն)
IX. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
68. Պատվիրատուն կազմակերպում է նախաորակավորման ընթացակարգ, եթե գնումը կատարվում է`
1) երկփուլ մրցույթով.
2) փակ նպատակային մրցույթով.
3) փակ պարբերական մրցույթով.
4) պետական գաղտնիք պարունակող գնանշման հարցման ձևով.
5) խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով` բաց մրցույթով կամ փակ նպատակային մրցույթով:
69. Նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված պայմաններով և դրանց կիրարկման հետևյալ կարգով՝
1) եթե գնումն իրականացվում է օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա, ապա նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է առնվազն յոթ, իսկ առավելագույնը տասնհինգ օրացուցային օր.
2) (ենթակետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
3) փակ նպատակային կամ փակ պարբերական մրցույթներով գնումների կատարման դեպքում նախատեսվում են նախաորակավորված մասնակցին պետական գաղտնիք պարունակող հրավերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները.
4) մասնակիցը հայտը ներկայացնում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով, որի գնահատումն իրականացվում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(69-րդ կետը խմբ. 08.02.18 N 104-Ն, փոփ. 10.10.19 N 1422-Ն)
70. Նախաորակավորման հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
1) նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում.
2) մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` նախաորակավորման հայտարարությամբ սահմանված որակավորման չափանիշի մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին.
3) (ենթակետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
4) համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով.
5) նախաորակավորման հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
6) մասնակցի նախաորակավորման հայտը գնահատվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով.
7) գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները, որոնց նախաորակավորման ընթացակարգի արդյունքների ամփոփման մասին գնահատող հանձնաժողովի կողմից կազմված արձանագրության հետ միասին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով տրամադրվում է նաև հրավերը: Փակ նպատակային և փակ պարբերական մրցույթներով գնումների կատարման դեպքում մասնակցին հրավերի տրամադրումն իրականացվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված պայմաններով:
(70-րդ կետը փոփ. 10.10.19 N 1422-Ն)
X. ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
71. Մեկ անձից գնումների կատարման ժամանակ գործում են սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պահանջները՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
1) եթե գնումն իրականացվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով նախատեսված հիմքերով, ապա՝
ա. հրավերը գնման հայտում նշված մասնակիցներին ուղարկվում է միաժամանակյա ծանուցմամբ՝ այն նույն օրը հրապարակելով նաև տեղեկագրում,
բ. հայտերի ներկայացման ժամկետը սահմանվում է ոչ շուտ, քան հրավերն ուղարկվելու օրվանից երկու և ոչ ուշ քան հինգ աշխատանքային օր,
գ. մասնակիցը հայտով ներկայացնում է գնման ընթացակարգին մասնակցելու դիմում, համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով, գնային առաջարկ, հրավերով նախատեսված` մասնակցության իրավունքը հիմնավորող փաստաթղթեր, ապրանքների գնման դեպքում` ապրանքի ամբողջական նկարագիր,
դ. մասնակիցը հայտը քարտուղարին (գնումների համակարգողին) է ներկայացնում հրավերով սահմանված կարգով` փակ ծրարով, եթե գնման գործընթացն իրականացվում է թղթային եղանակով,
ե. պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հրավերը չի հրապարակվում տեղեկագրում,
զ. ընտրված մասնակիցը ներկայացնում է որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովում.
2) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա, ապա՝
ա. մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում,
բ. ընտրված մասնակիցը որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովում ներկայացնում է, եթե գնումը կատարվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա,
գ. մասնակցի հայտը ներառում է գնային առաջարկը, ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը, իսկ գնումը սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա կատարվելու դեպքում նաև իր կողմից հաստատված հայտարարություն` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի համապատասխանության մասին.
3) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ կամ 5-րդ կետերի հիման վրա, ապա մասնակիցը՝
ա. հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում,
բ. ներկայացնում է միայն գնային առաջարկ:
(71-րդ կետը փոփ. 08.02.18 N 104-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.10.19 N 1422-Ն, խմբ. 25.03.21 N 414-Ն)
72. Գնումն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա կատարվելու դեպքում, եթե կնքվելիք պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը և այն ենթակա է կատարման կնքման պահին, ապա գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր չէ, և գործարքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր և այլն) հիման վրա: Եթե գնումն իրականացվում է սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերի հիման վրա, ապա կնքված պայմանագրի հիման վրա վճարումները կարող են կատարվել պատվիրատուի կողմից հաստատված հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:
(72-րդ կետը փոփ. 10.10.19 N 1422-Ն, լրաց. 21.05.20 N 778-Ն)
73. Սույն կարգի 71-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հայտը քարտուղարին (գնումների համակարգողին) է ներկայացվում հրավերով սահմանված կարգով` մասնակցի հաստատած գրությամբ: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ քարտուղարին հասցեագրված գրությամբ:
XI. ՓԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
74. Գնման առարկան փակ պարբերական մրցույթով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակում ներառվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարը`
1) նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար.
2) քարտուղարի ներկայացմամբ հաստատում է նախաորակավորման հայտարարության տեքստը.
3) նախաորակավորման հայտարարության տեքստը հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը հրապարակում է տեղեկագրում: Տեղեկագրում հրապարակված նախաորակավորված հայտարարությունը գործում է անժամկետ: Ընդ որում, նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում են նախաորակավորված մասնակցին հրավերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:
75. Նախաորակավորման հայտարարությունը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` փակ պարբերական մրցույթով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակում նշված սահմանման:
76. Նախաորակավորման հայտարարության հրապարակումից հետո գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով պատվիրատուին է ներկայացնում գրավոր դիմում: Դիմումը և կից փաստաթղթերը գնահատվում են գնման գործընթացի քարտուղարի կողմից:
77. Սահմանված կարգով կազմված դիմումը պատվիրատուի մոտ մուտքագրվելու կամ էլեկտրոնային եղանակով ստացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե մասնակիցը բավարարում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված` հրավերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները, ապա պատվիրատուի ղեկավարը մասնակցի հետ կնքում է սկզբնական պայմանագիր: Սկզբնական պայմանագիրը կնքելուն հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն այն հրապարակում է տեղեկագրում:
78. Սկզբնական պայմանագրով նախատեսվում է նաև, որ`
1) այն կնքած մասնակցի կողմից հայտը ներկայացնելը պարտադիր չէ.
2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող յոթ օրացուցային օրվա ընթացքում.
3) մասնակիցը կարող է դադարեցնել սկզբնական պայմանագիրը` դրա մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցելով պատվիրատուին: Սկզբնական պայմանագրի դադարեցումն ավտոմատ կերպով չի դադարեցնում դրա հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Սկզբնական պայմանագիրը դադարում է, դրա վերաբերյալ դիմումը պատվիրատուի մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Այդ ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի հետ կնքված սկզբնական պայմանագիրը հեռացնում է տեղեկագրից:
79. Փակ պարբերական մրցույթով գնում կատարելու դեպքում կիրառվում են հետևյալ պայմանները`
1) հայտերի ներկայացման, գնահատման, ընտրված մասնակցի որոշման ու պայմանագրի կնքման գործընթացն իրականացվում է սույն կարգով սահմանված պայմաններով.
2) ապրանքների գնման դեպքում պայմանագրով (նախագծով) սահմանվում է, որ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ապրանքի ամբողջ ծավալով մատակարարման ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր վեցերորդ ամիսը լրանալը պատվիրատուն փակ պարբերական մրցույթներով գնումների կատարման համար սահմանված պահանջներով կազմակերպում է տվյալ ապրանքի ձեռքբերման նոր ընթացակարգ: Եթե այդ ընթացակարգի արդյունքում սահմանված կարգով ձևավորված նվազագույն միավոր գինը որևէ ապրանքի մասով ցածր է պայմանագրով սահմանված գնից, ապա այդ մասով պատվիրատուն ընտրված մասնակցի հետ կնքում է նոր պայմանագիր` կողմերի իրավունքների և պարտականությունների գործողության մեջ մտնելու պայման սահմանելով դրա մասին պատվիրատուից համապատասխան ծանուցում ստանալու հանգամանքը: Նոր ընթացակարգի արդյունքում պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն գործողության մեջ գտնվող պայմանագրի կողմին ներկայացնում է ապրանքը ձևավորված գնից ցածր գնով մատակարարելու պահանջ և կնքվելիք պայմանագրի փոփոխության նախագիծը: Եթե գործող պայմանագրի կողմը երկու աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում և պատվիրատուին ներկայացնում պայմանագրի փոփոխությունը, ապա այդ մասով պատվիրատուն միակողմանիորեն լուծում է գործող պայմանագիրը՝ առանց դրա կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման, իսկ նոր պայմանագրի կողմին ծանուցում է կողմերի իրավունքների և պարտականությունների գործողության մեջ մտնելու մասին:
XII. ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
80. Գնանշման հարցման ձևով գնում կատարելու դեպքում կիրառվում են սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պայմանները՝ հաշվի առնելով, որ հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթ և ավելի տասնհինգ օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների հայտարարության և հրավերի հրապարակման օրվանից, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` նախաորակավորված մասնակիցներին հրավերը տրամադրելու օրվանից:
XIII. ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
81. Երկու փուլով մրցույթի կազմակերպման դեպքում`
1) նախաորակավորման ընթացակարգի արդյունքների ամփոփման մասին գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրությունը հաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային եղանակով նախաորակավորված բոլոր մասնակիցներին միաժամանակ տրամադրում (ուղարկում) է հրավեր.
2) հրավերով, գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի նախնական տարբերակը:
82. Հայտերը ներկայացվում են երկու փուլով: Առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասնհինգ օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից: Առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, ներառում է մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ (նկարագրերի առաջարկ): Մասնակիցը նկարագրերի առաջարկի հիմնավորման նպատակով առաջին փուլի հայտով կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր:
83. Մասնակիցը առաջին փուլի հայտը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված թղթային կամ էլեկտրոնային գրությամբ, մինչև առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը:
84. Գնահատող հանձնաժողովի քարտուղարն առաջին փուլի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող`
1) երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.
2) ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցությունների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Նկարագրերի առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է:
85. Բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`
1) գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) վերջնական նկարագրերը, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.
2) (ենթակետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
4) մասնակիցների հայտերի գնահատման ժամկետը, որը չի կարող գերազանցել երեսուն աշխատանքային օրը: Ընդ որում, ժամկետի հաշվարկն իրականացվում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից:
(85-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն, փոփ. 10.10.19 N 1422-Ն)
86. Գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
1) սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
2) գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ:
87. Երկրորդ փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քսան օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է վերջնական հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից:
88. Երկրորդ փուլի հայտը մասնակիցը ներկայացնում է օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով: Ընդ որում, գնային առաջարկը, որը պետք է դրվի նշված ծրարում, ներկայացվում է փակ` սոսնձված առանձին ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`
1) «Գնային առաջարկ» բառերը.
2) ընթացակարգի ծածկագիրը.
3) «Չբացել մինչև գնային առաջարկների բացման նիստը» բառերը.
4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
89. Երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
1) գնման ընթացակարգին մասնակցելու մասին դիմում.
2) գնային առաջարկ` մեկ բնօրինակ.
3) որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ.
4) տեխնիկական առաջարկ` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ: Տեխնիկական առաջարկը պետք է հնարավորինս համապատասխանի օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին.
5) հայտի ապահովում` մեկ բնօրինակ:
90. Երկրորդ փուլի հայտերը բացվում են օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`
1) հրավերին համապատասխանող գնային առաջարկներ պարունակող ծրարները չեն բացվում, դրանք դրվում են առանձին ծրարի (տուփի) մեջ, որը սոսնձվում և փակվում է.
2) ծրարի (տուփի) վրա ստորագրում են նիստին ներկա գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը, որն այն վերցնում է ի պահ և ապահովում է դրա առանձնացված պահպանումը` հատուկ պահոցում.
3) արգելվում են տուփի կամ դրա մեջ դրված ծրարների բացումը կամ որևէ այլ կերպ մասնակիցների գնային առաջարկների հետ ծանոթանալուն ուղղված գործողությունները:
91. Լավագույն տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի (մասնակիցների) առաջարկը գնահատվում է առավելագույն` «100» միավորով: Լավագույն գնահատված տեխնիկական առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր տեխնիկական առաջարկները:
(91-րդ կետը խմբ. 10.10.19 N 1422-Ն)
92. Հրավերի նվազագույն պահանջները չբավարարող հայտերը համարվում են անբավարար և մերժվում են:
93. Հայտերի գնահատման արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներն ստորագրում են արձանագրություն: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ` էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին: Ծանուցմամբ նաև նշանակվում են գնային առաջարկների բացման նիստի օրը, վայրը և ժամը, բայց ոչ շուտ, քան ծանուցում ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
94. Գնային առաջարկների բացման նիստին կարող են ներկա գտնվել բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները: Գնային առաջարկների բացման նիստում գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
1) հրապարակում է մասնակիցների որակավորման չափանիշների և տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները` համաձայն գնահատման արձանագրության.
2) բացում է բավարար գնահատված մասնակիցների գնային առաջարկներ պարունակող ծրարները և հայտարարում յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը` ընդհանուր գումարով՝ հիմք ընդունելով տառերով գրվածը:
95. Գնային առաջարկների բացման նիստն արձանագրվում է։ Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը նիստին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ` էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին:
96. Մասնակիցների հայտերը գնահատվում են հետևյալ կարգով`
1) նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
ԳՄ= ՆԳ X 100/ԳԳ,
որտեղ`
ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,
ՆԳ-ն նվազագույն գինն է,
ԳԳ-ն գնահատվող մասնակցի առաջարկած գինն է,
2) տեխնիկապես բավարար գնահատված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՄԳ = (ԳՄ X 0.7) + (ՏԱ X 0.3),
որտեղ`
ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,
ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,
ՏԱ-ն մասնակցի տեխնիկական առաջարկին տրված միավորն է.
(96-րդ կետը փոփ. 10.10.19 N 1422-Ն)
97. Ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականը (ՄԳ) ամենաբարձրն է:
98. Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում մրցույթը հայտարարվում է չկայացած:
99. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով, եթե ներկայացվել է նաև որակավորման ապահովումը հիմնավորող փաստաթուղթը:
(99-րդ կետը խմբ. 10.10.19 N 1422-Ն)
XIV. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
(գլուխն ուժը կորցրել է 10.10.19 N 1422-Ն)
XV. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
101. Կենտրոնացված կարգով կարող են կազմակերպվել օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությամբ նախատեսված պատվիրատուի կառավարման համակարգում գործող պետական (համայնքային) ոչ առևտրային և պետության (համայնքի) հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կարիքների համար կատարվող այն գնումները, որոնք ներառված են պետական կառավարման մարմնի (համայնքի) ղեկավարի (նախարար, մարմնի ղեկավար և այլն) կողմից սահմանված կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում:
102. Մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը կազմակերպության ղեկավարը կազմում և սույն կարգի 101-րդ կետում նշված՝ իր ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմին (այսուհետ` վերադաս պատվիրատու) է ներկայացնում սույն կարգով սահմանված կարգով հաստատված գնման հայտերը` ըստ գնման առարկայի տեխնիկական բնութագրի, քանակի, մեկ միավորի առավելագույն գնի, մատակարարման վայրի և ժամկետների, վճարման պայմանների, իսկ անհրաժեշտության դեպքում` մատակարարվելիք ապրանքի, կատարվելիք աշխատանքի կամ մատուցվելիք ծառայության որակի գնահատման նպատակով նաև փորձագիտական եզրակացություն ներկայացնելու պահանջի, ինչպես նաև գրավոր համաձայնություն` գնման գործընթացի արդյունքում պայմանագիրը վերադաս պատվիրատուի կողմից կնքելու մասին: Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով գնման հայտի հետ միաժամանակ ներկայացվում է նաև գնահատող հանձնաժողովի թեկնածությունը: Վերադաս պատվիրատուն ստացված հայտերի հիման վրա կազմում ու մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը տեղեկագրում հրապարակում է կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը: Եթե վերադաս պատվիրատուի կառավարման համակարգում գործում է՝
1) հինգ և ավելի կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է մեկ թեկնածություն, իսկ գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են այն հինգ կազմակերպությունների թեկնածուները, որոնց գնումները տվյալ ընթացակարգի շրջանակում ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ.
2) հինգից պակաս կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է երեք թեկնածություն, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բոլոր կազմակերպություններից թեկնածուներ՝ հաշվի առնելով գնահատող հանձնաժողովի անդամների թվին ներկայացվող սահմանափակումները.
3) գնահատող հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն կազմակերպության ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնումը տվյալ ընթացակարգի շրջանակում ունի ամենամեծ տեսակարար կշիռը:
103. Կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` գնման գործընթացները կազմակերպում է վերադաս պատվիրատուն: Ընդ որում, հնարավորության դեպքում մեկ վարչատարածքային միավորումում գտնվող կազմակերպությունների կարիքների համար գնվելիք ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համախմբվում են մեկ չափաբաժնում կամ չափաբաժինները ձևավորվում են հաշվի առնելով առանձին կազմակերպությունների կարիքները: Գնման ընթացակարգի ընտրությունն իրականացնում է վերադաս պատվիրատուն՝ հիմք ընդունելով օրենքի և սույն կարգի պահանջները` բացառությամբ մեկ անձից գնում կատարելու գործընթացի: Եթե ընտրված գնման ձևով գործընթացը վերադաս մարմնի կարիքների համար գնումների կատարման դեպքում իրականացվում է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, ապա այդ ընթացակարգը ևս կազմակերպվում է այդ համակարգի միջոցով:
104. Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպումը, պայմանագրերի կնքումը, պայմանագրերի արդյունքների ընդունումը և դրանց դիմաց վճարումների կատարումն իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կազմակերպության կարիքի բավարարման համար ընտրված մասնակցի հետ վերադաս պատվիրատուն կնքում է առանձին պայմանագիր, որով պատվիրատուի (գնորդի) իրավունքների ու պարտականությունների իրականացումը վերապահվում է տվյալ կազմակերպությանը:
XVI. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
105. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազորված մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որի ձևը, հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ պայմանագրի պատճենը հաշվետվության անբաժան մասն է, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
106. Հաշվետվությունը լիազորված մարմնին չներկայացնելը կամ նրա կողմից ներկայացված հաշվետվության մեջ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների նկատմամբ անհամապատասխանություն արձանագրելը կամ արձանագրված անհամապատասխանության վերաբերյալ պատվիրատուի կողմից ներկայացված պարզաբանումը չընդունելը հանգեցնում են տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև արձանագրությունը կամ ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:
107. Պետության կամ համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն պատվիրատուների, որոնց հաշիվները գանձապետարանում են, համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պատվիրատուն պայմանագիր կնքելու կամ դրանում փոփոխություն կատարելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմին է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ՝ քաղվածք), որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
(107-րդ կետը լրաց. 15.06.18 N 674-Ն)
XVII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
108. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
109. Արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Սույն կետում նշված անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Ընդ որում, եզրակացությունը տրամադրվում է ոչ շուտ, քան պայմանագրով արձանագրության հաստատման համար սահմանված վերջնաժամկետին նախորդող աշխատանքային օրը: Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված ֆիզիկական անձը մինչև սույն կետով նախատեսված եզրակացությունը հաստատվելու օրը պատասխանատու ստորաբաժանմանը գրավոր ներկայացնում է դիրքորոշում՝ մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության՝ պայմանագրի պահանջներին համապատասխանության մասին: Եզրակացության տրամադրման համար սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված դիրքորոշումը չի քննարկվում պատասխանատու ստորաբաժանման կողմից: Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը գործընթացին մասնակցելու մասին ֆիզիկական անձին տեղեկացնում է հանձնման-ընդունման նպատակով պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնվելուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե ներկայացված դիրքորոշումը՝
1) դրական է, ապա դրա մասին եզրակացության մեջ կատարվում է համապատասխան նշում.
2) բացասական է, սակայն պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցիչը չի ընդունում առարկությունը, ապա վերջինիս կողմից տրվում է դրական եզրակացություն, իսկ առարկությունները քննարկվում են պատասխանատու ստորաբաժանման և պայմանագիրը կնքած անձի կողմից, անհրաժեշտության դեպքում, դրան մասնակից դարձնելով նաև առաջարկությունները ներկայացրած ֆիզիկական անձին: Քննարկման արդյունքներն արձանագրվում են, կազմվում է ամփոփաթերթ, որն ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման հայտը նախագծած ներկայացուցչի կողմից: Քննարկումների անցկացման և արդյունքների ամփոփման ժամկետը չի կարող ավելի լինել արձանագրությունը հաստատվելուն հաջորդող երեսուն աշխատանքային օրվանից: Ամփոփաթերթն ստորագրվելուն հաջորդող աշխատանքային օրը դրա բնօրինակից արտատպված տարբերակը պատասխանատու ստորաբաժանումը հրապարակում է տեղեկագրում: Եթե միևնույն պայմանագրի շրջանակում ֆիզիկական անձի ներկայացրած դիրքորոշումն առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա գործընթացին մասնակցելու պահանջ ներկայացրած անձը զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում արդյունքի ընդունման գործընթացին մասնակցելու հնարավորությունից, որի մասին հիմքերն առաջանալուն հաջորդող աշխատանքային օրը պատասխանատու ստորաբաժանումը տեղեկագրում հրապարակում է հայտարարություն: Բացասական եզրակացություն տալու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին՝ ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերներով իրականացվող տեղական արտադրության ռազմական նշանակության ապրանքի և (կամ) գույքի համար, որոնց ընդունումը (նախատեսված է) իրականացվել է պատվիրատուի ներկայացուցչության միջոցով, արձանագրության ստորագրման համար հիմք է ընդունվում ներկայացուցչության կողմից այդ ապրանքի և (կամ) գույքի համար տրված դրական եզրակացությունը:
(109-րդ կետը լրաց. 10.10.19 N 1422-Ն, խմբ. 24.06.21 N 1059-Ն)
110. Էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում պայմանագրի կատարման արդյունքի ընդունման հետ կապված սույն բաժնով սահմանված գործողություններն իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`
1) պայմանագրի կամ դրա մի մասի ընդունման նպատակով պայմանագիր կնքած անձը դրանով սահմանված ժամկետում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով պատվիրատուի ղեկավարին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Պատվիրատուի ղեկավարը հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուն հաջորդող աշխատանքային օրը, նույն համակարգի միջոցով տրամադրում է պատասխանատու ստորաբաժանմանը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտը նախագծած ներկայացուցիչն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին է տրամադրում էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված պայմանագրի կամ դրա մի մասի կատարման վերաբերյալ եզրակացություն.
3) եթե պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտը նախագծած ներկայացուցչի կողմից տրվել է`
ա. դրական եզրակացություն, ապա եզրակացությունն ստանալու օրը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում և էլեկտրոնային համակարգի միջոցով պատվիրատուի ղեկավարին է ուղարկում հանձնման-ընդունման արձանագրությունը և եզրակացությունը, որոնք վերջինս 1 աշխատանքային օրվա ընթացքում համակարգի միջոցով տրամադրում է պայմանագիր կնքած անձին,
բ. բացասական եզրակացություն, ապա եզրակացությունն ստանալու օրը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը եզրակացությունը և իր կողմից չհաստատված հանձնման-ընդունման արձանագրությունն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով տրամադրում է պատվիրատուի ղեկավարին, որոնք վերջինս մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պայմանագիր կնքած անձին:
111. Սույն կարգի 109-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը: Ընդ որում՝
1) պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության` հաշվապահական ձևակերպման հիմքը պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին գրավոր եզրակացության հիման վրա պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված արձանագրության առկայությունն է, իսկ մատակարարված ապրանքների պահեստ մուտքագրումը պահեստի պատասխանատուն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման կողմից հաստատված արձանագրության պատճենի (ներառյալ գրավոր եզրակացության), իսկ ապրանքների գնման դեպքում նաև ապրանքի ամբողջական նկարագիրը պարունակող փաստաթղթի, պատճենի հիման վրա, որը վերջինիս տրամադրվում է դրա կազմման օրը.
2) պատասխանատու ստորաբաժանումն արձանագրության, ներառյալ գրավոր եզրակացության, իսկ ապրանքների դեպքում նաև պահեստ մուտքագրման օրդերի պատճեններն այն կազմելու օրը գրավոր տրամադրում է պատվիրատուի ֆինանսական ծառայությանը:
112. Շինարարական ծրագրերի գնման դեպքում կիրառվում են նաև հետևյալ պայմանները`
1) կապալառուի կողմից շինարարության ավարտի մասին տեղեկություն ստանալուց հետո պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված հանձնաժողով ձևավորելու և կատարված աշխատանքներն ընդունելու համար.
2) պայմանագրի կատարման արդյունքը համարվում է ամբողջությամբ ընդունված պետական կառավարման մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ` ընդունող հանձնաժողով) կողմից կատարված աշխատանքներն ընդունվելու դեպքում.
3) մինչև ավարտված շինարարական օբյեկտի ընդունումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 9-ի N 596-Ն որոշմանը համապատասխան ստեղծված հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստագրում է ավարտված շինարարության օբյեկտը և կազմում օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ակտը սահմանված կարգով ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանումն ստուգում է ավարտված շինարարական օբյեկտի (կատարված աշխատանքների) համապատասխանությունը պայմանագրի պահանջներին և, եթե կատարված աշխատանքը`
ա. համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա ստորագրվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրություն,
բ. չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա արձանագրություն չի ստորագրվում.
5) մինչև սույն կետով նախատեսված պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունն ստորագրելը՝ պատվիրատուն չի վճարում կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսը, իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարման գումարը, որը չի կարող պակաս լինել կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսից:
XVIII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
113. Պետության կամ համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն պատվիրատուների, որոնց հաշիվները գանձապետարանում են, կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարում կատարելու նպատակով արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ՝ վճարման հանձնարարագիր) և արձանագրության պատճենը մուտքագրում է լիազորված մարմնի գանձապետական համակարգ: Գանձապետարանում հաշիվներ չունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում։
(113-րդ կետը խմբ. 15.06.18 N 674-Ն)
114. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`
1) կանխավճարը հատկացնելու համար լիազորված մարմնի գանձապետական համակարգ է մուտքագրվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Ընդ որում մինչև կանխավճարի ամբողջական մարումը, պայմանագրի կողմին վճարումներ չեն կատարվում.
(114-րդ կետը խմբ. 10.10.19 N 1422-Ն)
115. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:
116. Լիազորված մարմինը սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:
XIX. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
117. Բողոքարկման վճարը բողոք ներկայացրած անձը վճարում է այդ նպատակով լիազորված մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին:
118. Բողոքը, այդ թվում՝ մասնակի, բավարարվելու մասին գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից ընդունված որոշումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող աշխատանքային օրը տվյալ բողոքը քննած և որոշում ընդունած անձը գրավոր լիազորված մարմնին է տրամադրում բողոքարկման վճարը կատարած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը և այն բանկի անվանումը և հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի վերադարձվող գումարը: Լիազորված մարմինը սույն կետում նշված փաստաթղթի պատճենն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկման վճարը հետ է փոխանցում այն վճարած անձին` ներկայացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
(118-րդ կետը փոփ. 08.02.18 N 104-Ն, խմբ. 02.05.19 N 516-Ն)
XX. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ
119. Գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով`
1) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
2) ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,
գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ,
դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն ունի.
3) ֆիզիկական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցները համարվում են փոխկապակցված, եթե`
ա. տվյալ անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տասը և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները,
բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,
գ. նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ,
դ. նրանք գործել կամ գործում են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
120. Սույն կարգի 119-րդ կետի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ կամ եղբոր ամուսինն ու երեխաները:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 08.02.18 N 104-Ն, լրաց., խմբ. 15.06.18 N 674-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.04.19 N 409-Ն, 02.05.19 N 516-Ն, փոփ. 22.08.19 N 1096-Ն, լրաց., փոփ., խմբ. 10.10.19 N 1422-Ն, 21.05.20 N 778-Ն, լրաց. 30.07.20 N 1275-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.03.21 N 414-Ն, խմբ., լրաց. 24.06.21 N 1059-Ն, խմբ. 02.09.21 N 1421-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՓԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Ծաղիկներ
2. Ծաղկեզամբյուղներ
3. Ծաղկեպսակ
4. Կացարանի դիտողական քարոզչական վահանակներ
5. Ազգային հերոսների տպագրված պաստառներ
6. Վաշտի (մարտկոցի) կրովի դիտողական քարոզչական լրակազմ
7. Հուշանվերներ
8. Գրքեր
9. Դիտողական քարոզչական ցուցապաստառներ
10. Սկավառակ
11. Զինանշան
12. Դրոշ
13. Պատվոդրոշ
14. Կրծքանշաններ
15. Հոգեբանական օգնության կետի համար անհրաժեշտ աուդիոսարքավորումներ
16. Շախմատ
17. Շաշկի
18. Նարդի
19. Գեղարվեստական նկար
20. Լուսանկար
21. Նկար
22. Տեղեկատվության և ժամանցի սենյակների կահավորման ամփոփ դաստիարակչական և դիտողական քարոզչության նյութեր
23. Ազգային հերոսների տպագրված պաստառներ մետաղյա հենքով և ամրակներով
24. Ազգային հերոսների պաստառներ
25. Նկարչական-քանդակագործական միջոցներ
26. Այցելուների սենյակի դիդակտիկ վահանակներ
27. Ցուցապաստառներ
28. Ավիավառելանյութ
29. Ավտոբենզին` պրեմիում
30. Ավտոբենզին՝ ռեգուլյար
31. Ամառային դիզելային վառելանյութ
32. Ձմեռային դիզելային վառելանյութ
33. Յուղեր
34. Քսուքներ
35. Հատուկ հեղուկներ
36. Ավիացիոն յուղեր և քսուքներ
37. Շարժիչի յուղեր
38. Փոխանցման տուփի յուղեր
39. Այլ յուղեր
40. Քսուքներ և հավելանյութեր
41. Հատուկ հեղուկներ
42. Սննդամթերք
43. Հանդերձանք
44. Կոշկեղեն
45. Սպիտակեղեն
46. Անկողնային պարագաներ
47. Հանդերձանքի պարագաներ
48. Ձեռնոցներ
49. Մասնագիտական համազգեստ
50. Վրաններ
51. Պարաններ վրանների համար
52. Մորթե քուրքեր
53. Մորթե կիսավերարկուներ
54. Քնապարկեր
55. Տափաշշեր
56. Տափաշշի շապիկներ
57. Կաթսաներ
58. Ուսապարկեր
59. Թիկնոցավրաններ
60. Դաշտային պայուսակներ
61. Հատուկ ակնոցներ
62. Ուղեգորգեր
63. Գորգեր
64. Ծառայողական շների վարժեցման համար հատուկ հանդերձանք
65. Ծառայողական ձիերի հանդերձանք
66. Ուսադիրներ և տարբերանշաններ
67. Կտորեղեն
68. Լվացքի մեքենա
69. Չորացնող թմբուկներ
70. Արդուկող գլաններ
71. Կենտրոնախույզ մեքենաներ
72. Փոշեկուլ
73. Հեռուստացույց
74. Տեսապրոյեկտոր
75. Ռադիոընդունիչ
76. Պատի ժամացույց
77. Տեսախցիկ
78. Թվային ֆոտոապարատ
79. Ձայնագրող թվային դիկտոֆոն
80. Թերթ հրապարակելու տպագրական լազերային մոնոխրոմ տպիչ
81. Ձայնային սարքավորում
82. Բարձրախոս
83. Հեռախոսային սարքեր
84. Միկրոֆոն
85. Թվային լուսանկարչական ապարատ
86. Զինանշան ժամացույց
87. Տեղեկատվական վահանակներ
88. Նվագարկիչ
89. Երաժշտական կենտրոն
90. Արբանյակային ալեհավաք
91. Ռադիոհանգույց
92. Բեռնատար սայլակներ
93. Կարի մեքենաներ
94. Դաշտային լվացքատուն
95. Դաշտային բաղնիքներ (շարժական)
96. Ախտահանիչ սարքավորումներ
97. Ջրի տարողություններ
98. Կենցաղային էլեկտրական արդուկներ
99. Մկրատներ
100. Կոշկակարի գործիքներ
101. Էլեկտրական կաղապար գլխարկի
102. Սպասարկման և նորոգման նյութեր
103. Հագուստի խոզանակներ
104. Կոշիկի խոզանակներ
105. Կոշիկի մետաղական պայտեր
106. Մետաղական պտուտակներ
107. Ներկեր
108. Սինթետիկ ներկեր
109. Ներկի լուծույթներ
110. Թելեր
111. Ասեղներ
112. Արհեստական կաշիներ
113. Արհեստական կաշիներ
114. Փոկեր
115. Հղկող թղթեր
116. Ամրակներ
117. Երիզներ
118. Քուղեր
119. Հիգիենայի պարագաներ և տնտեսական ապրանքներ
120. Ձեռքի օճառներ
121. Հեղուկ օճառներ
122. Տնտեսական օճառներ
123. Լվացող նյութեր
124. Կոշիկի քսուքներ
125. Հետախուզական հատուկ նշանակության ստորաբաժանումների համազգեստ, կոշկեղեն, հանդերձանք և գույք
126. Զանգապաններ (գետրիներ)
127. Թաթմաններ
128. Եռատամներ` ճտքավոր կոշիկների
129. Լեռնագնացային հանդերձանք
130. Մուրճ` համապիտանի (ունիվերսալ)
131. Պաշտպանիչ ակնոցներ
132. Գոտի` լեռնագնացի
133. Պաշտպանիչ դիմակ
134. Պարան
135. Ապահովման սեղմակ
136. Կցորդիչով (մուֆտով) կարաբին` լեռնագնացի
137. Կատվիկներ` 12 ատամանոց, հակասառեցվող, պատյանով
138. Սառցահատ
139. Ապահովող համակարգ
140. Ձյունագնաց
141. Իջեցման սարքավորում
142. Ակնոց` լեռնագնացի
143. Բլոկ-ճախարակ` կրկնակի
144. Բլոկ-ճախարակ` սեղմիչով
145. Կարաբին` լեռնագնացային
146. Ժայռակեռիկ
147. Սառցակեռիկ (սառցահորատ)
148. Ծակիչ կեռիկներ
149. Բահ` ձնահյուսի
150. Ժայռամուրճ
151. Սառցամուրճ
152. Ձգօղակ
153. Հաստատուն օղակ
154. Քարհատ ծակիչի բռնակ
155. Բարձրացնող սարքավորում
156. Կցատարրեր
157. Էքստրակտոր
158. Պանամա
159. Մոծակապաշտպան հովանոց
160. Քողարկակոստյում
161. Թիկնոց-ուսնոց
162. Փոքրիկ գորգ` ջերմամեկուսիչ
163. Կաթսա` համակցված
164. Համակցված կաթսայի պատյան
165. Ձայնագրող սարքեր
166. Հրթիռային զորքերի և հրետանու սարքավորումներ
167. Հրետանային կողմնացույց
168. Խորդո անկյունաչափ
169. ՏԲ-16 մարտկոցային ջերմաչափ
170. ԱԿ-3 հրետանային շրջանակ
171. ՄՊԼ-50 քանոն
172. Ստուգիչ հարթաչափ
173. Կվադրանտ
174. Գիշերային և օպտիկական սարքեր
175. Սվին դանակի գոտի
176. ՊՄ ատրճանակի մաքրիչով պատյան
177. Հրետանային զինամթերքի պլաստմասսայե խցան
178. Վառելափայտ
179. Փայտե բրիկետ
180. Շինարարության մեջ օգտագործվող ապրանքներ
181. Կահույք
182. Հաղորդակցման մալուխներ
Ծառայություններ
183. Մշակութային միջոցառումների կազմակերպում
184. Էլեկտրասարքավորանքի ընթացիկ նորոգում և պահպանում
185. Գրադարանային ֆոնդի արդիականացում
186. Հացաթխման ծառայություն
187. Սննդի մատուցման ծառայություն
188. Վերանորոգման ծառայություններ
189. Կարի վճարովի ծառայություններ
190. Նորոգման ծառայություններ
191. Լվացքի ծառայություններ
192. Քիմմաքրման ծառայություններ
193. Ավտոդպրոցների կողմից մատուցվող ծառայություններ
194. Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն
195. Հաղորդակցման և կապի միջոցների նորոգման ծառայություններ
196. Ուսումնամարտական, մասնագիտական ձեռնարկների հետ կապված ծառայություններ
197. Հրթիռահրետանային սպառազինության պահպանման բազայի ազդանշանային համակարգի սպասարկում
198. Հրթիռահրետանային սպառազինության պահպանման բազայի ազդանշանային համակարգի տեղադրում
199. Զրահատեխնիկայի և զրահամեքենաների շարժիչների նորոգում
200. Զրահատանկային սպառազինության տեխնիկայի հենարանային սահանիվների նորոգում
201. Շենքերի մաքրման ծառայություններ
202. Էլեկտրական շարժիչների վերանորոգման և պահպանման ծառայություններ
203. Պոմպերի վերանորոգման և պահպանման ծառայություններ
204. Հեռախոսային ծառայություններ
Աշխատանքներ
205. Հեռահաղորդակցության օժանդակ աշխատանքներ
206. Հողանցման կոնտուրների վերականգնման աշխատանքներ
207. Հականեխիչ աշխատանքներ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |