Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10296/02/19

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10296/02/19

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

Տ. Նազարյան

 

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նշան Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նշան Թադևոսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նշան Թադևոսյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը վճարել իր լիազորությունների կասեցման ժամանակահատվածում (2017 թվականի օգոստոսի 30-ից մինչև քրեական գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը) չվճարված աշխատավարձը՝ 4.222.384 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանը) (այսուհետ` Դատարան) 03.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2020 թվականի որոշմամբ Նշան Թադևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 03.07.2020 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նշան Թադևոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-րդ հոդվածի 1-ին մասը: Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1507 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, սակայն չի կիրառել՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն բխում օրենքի տրամաբանությունից, քանի որ Վերաքննիչ դատարանը սխալ է սահմանել առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության սահմանը: ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1507 որոշման ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ոստիկանությունը վերացրել է հայցվորի լիազորությունների կասեցումը, նա անցել է ծառայության և ստացել աշխատավարձ: Հայցվորը դատարան է դիմել իր լիազորությունների կասեցման ողջ ժամանակահատվածում աշխատավարձը ստանալու պահանջով: Վերաքննիչ դատարանը ձևականորեն բավարարել է վերաքննիչ բողոքը, սակայն գործի նոր քննության այնպիսի ծավալ է սահմանել, որն առարկայազուրկ է:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հակասում են միմյանց, քանի որ եթե դատարանը կասեցրել է գործի վարույթը ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ, ուստի ինքնին ակնհայտ է, որ դատարանը տվյալ գործով պետք է կիրառի Սահմանադրական դատարանի որոշումը: Այս պարագայում հետադարձ ուժի հարց չի կարող ծագել: Վերաքննիչ դատարանը մի կողմից հաստատել է, որ հայցվորն իրավունք ունի ստանալու աշխատավարձ իր լիազորությունների կասեցման ընթացքում մինչև մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, մյուս կողմից նշել է, թե սույն գործի շրջանակներում հայցվորի աշխատավարձի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, քանի որ Դատարանը փորձել է հանրային իրավունքին բնորոշ «աշխատավարձ» հասկացության օրենսդրական բնորոշման մեջ գտնել մասնավոր իրավունքին հատուկ «աշխատավարձ» հասկացության տարրեր, փաստացի կիրառել է օրենքի անալոգիա (կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում տված «աշխատավարձ» բնորոշումը)։ Օրենսդիրը «աշխատավարձ» հասկացության մասնավոր իրավական բնորոշման մեջ՝ որպես աշխատավարձի ստացման համար պարտադիր պայման, նշել է «աշխատանքները կատարելը», մինչդեռ հանրային իրավական ոլորտում աշխատավարձի օրենսդրական բնորոշման մեջ «աշխատանք կատարելու» պայմանը չի նշել։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը, հիմնավորումները.

Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքաբերի փաստարկներն անհիմն են, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ, նկատի ունենալով, որ կոնկրետ գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարան է դիմել ոչ թե Նշան Թադևոսյանը, այլ Մարդու իրավունքների պաշտպանը և ՀՀ վարչական դատարանը: Նշված սուբյեկտների դիմումների հիման վրա ընդունված որոշումը չի կարող տարածվել մինչև որոշման ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի 28082017 թվականի թիվ 2274-Ա հրամանով, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 5-րդ սպայական դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նշան Սամվելի Թադևոսյանի և նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Արթուր Խաչիկի Մարտիկյանի ծառայողական լիազորությունները 28․08․2017 թվականից ժամանակավորապես դադարեցվել են (հատոր 1-ին, գ.թ. 17).

2 ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանի 06092017 թվականի թիվ 2368-Ա հրամանի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ ոստիկանության պետի 28․08․2017 թվականի թիվ 2274-Ա հրամանը՝ ոստիկանության կապիտան Նշան Սամվելի Թադևոսյանի մասով: Նույն հրամանով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով ոստիկանության կապիտան Նշան Սամվելի Թադևոսյանի ծառայողական լիազորությունները 30․08․2017 թվականից ժամանակավորապես կասեցվել են (հատոր 1-ին, գ.թ. 18).

3 Դատարանը 24092019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի որոշում կայացնելը (հատոր 1-ին, գթ48).

4. ՀՀ սահմանադրական դատարանի 25022020 թվականի թիվ ՍԴՈ-1507 որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը` ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված` լիազորությունները կասեցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 29-րդ, 49-րդ, 66-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ նշված խնդրին, քանի որ գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձը ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ գտել է, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որը կարգավորում է դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր գործերը` բացառությամբ վարչական դատարանի կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի, իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որը կազմված է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից:

Ինչպես վերը նշվեց, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը, որպես հանրային իրավահարաբերություններից ծագող, օրենսդիրն ընդդատյա է համարել վարչական դատարանին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով, մասնավորապես՝ կոնկրետ գործի` առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն` այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում` դրանցից հիմնականը) (տե՛ս, Նելլի Գալստյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության թիվ ՎԴ/7029/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Անդրադառնալով հանրային իրավահարաբերությունների հատկանիշների մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն` հանրային են այն իրավահարաբերությունները, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ փաստել է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը` իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:

Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:

Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ և բավարար պայմանն է:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ թե իրավունքներով, այլ մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու, այսինքն` օրենքով սահմանված որոշակի դեպքերում և բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ: Միևնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նաև այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:

Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու և կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ իրավունքում «շահ» հասկացության դասակարգումը հանրայինի և մասնավորի խիստ պայմանական է, քանի որ հանրային և մասնավոր շահերը հանդես են գալիս փոխկապակցվածության մեջ և գրեթե միշտ փոխլրացնում են միմյանց: Այսպես իրավական շահը դասակարգվում է հանրայինի և ոչ հանրայինի` դասակարգման հիմքում դնելով այդ շահը կրող սուբյեկտին. հանրային շահի կրողը հասարակությունն է` որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը: Սակայն հանրային շահը տարբերվում է մասնավոր շահից ոչ միայն սուբյեկտային չափանիշով, այլ նաև իր առարկայով, քանի որ հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում վերլուծության ենթարկելով վարչական դատարանի ընդդատությունը սահմանող իրավանորմերի առնչությամբ օրենսդրական զարգացումները՝ արձանագրել է, որ 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն էր հանձնել հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը` հանրային ծառայության անցնելու և իրականացնելու հետ կապված վեճերը, մինչդեռ 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վկայակոչված հոդվածը փոփոխելով` օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն է հանձնել նաև ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Այսինքն` օրենսդիրը, 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ավելացնելով «ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը» օրենսդրական ձևակերպումը, նպատակ է հետապնդել հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը լուծել վարչական դատավարության կարգով (տե՛ս, նաև Անի Հակոբյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3246/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հանրային ծառայության հետ կապված վեճերի վերաբերյալ գործերի ընդդատության հարցին և վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտարկում է որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր, որոնք ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այսինքն՝ օրենսդրի մոտեցման համաձայն՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու և ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի դեպքում առկա են իրավահարաբերությունը հանրային որակելու համար անհրաժեշտ վերոգրյալ պայմանները (տե՛ս, Նելլի Գալստյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության թիվ ՎԴ/7029/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները և այդ դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Փաստորեն օրենսդիրը հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ընդդատյա են կոնկրետ դատարանների քննությանը: Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն է հանձնել ինչպես հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու և ծառայությունից ազատելու, այնպես էլ ծառայությունն իրականացնելու հետ կապված վեճերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործերի տարանջատումն ըստ առարկայական ընդդատության ուղղակիորեն բխում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի կողմից գործերի քննության դատավարական առանձնահատկություններից: Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված է մրցակցության սկզբունքը, համաձայն որի՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն է ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը, համաձայն որի՝ վարչական դատարանը կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Միևնույն ժամանակ կարևորելով գործերի առարկայական ընդդատությունը՝ օրենսդիրը դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է:

Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Այսպիսով, եզրահանգում ենք, որ առարկայական ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելն է: Ընդ որում, առարկայական ընդդատության կանոնների խախտումն օրենսդիրը որակել է այնպիսի դատավարական խախտում, որը հանգեցնում է դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի 28082017 թվականի թիվ 2274-Ա հրամանով, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 5-րդ սպայական դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նշան Սամվելի Թադևոսյանի և նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Արթուր Խաչիկի Մարտիկյանի ծառայողական լիազորությունները 28․08․2017 թվականից ժամանակավորապես դադարեցվել են։

ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանի 06092017 թվականի թիվ 2368-Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ ոստիկանության պետի 28․08․2017 թվականի թիվ 2274-Ա հրամանը՝ ոստիկանության կապիտան Նշան Սամվելի Թադևոսյանի մասով: Նույն հրամանով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասին հիմքով ոստիկանության կապիտան Նշան Սամվելի Թադևոսյանի ծառայողական լիազորությունները 30․08․2017 թվականից ժամանակավորապես կասեցվել են։

Դիմելով դատարան` Նշան Թադևոսյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը վճարել իրեն լիազորությունների կասեցման ժամանակահատվածում (30.08.2017 թվականից մինչև քրեական գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը) չվճարված աշխատավարձը՝ 4.222.384 ՀՀ դրամ:

Դատարանը 24092019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի որոշում կայացնելը։

Դատարանը հայցը մերժել է, արձանագրելով, որ Նշան Թադևոսյանն այն ողջ ժամանակահատվածում, որի համար ներկայացվել է աշխատավարձի վճարման պահանջ, փաստացի չի աշխատել և չի կատարել իր աշխատանքային /ծառայողական/ պարտականությունները, որպիսի պարագայում չէր կարող ծագել ՀՀ ոստիկանության չկատարված աշխատանքների դիմաց աշխատողին հատուցում՝ աշխատավարձ, վճարելու պարտականությունը: Միաժամանակ Դատարանը եզրահանգել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած թիվ ՍԴՈ-1507 որոշումը սույն իրավահարաբերության համար կիրառելի չէ, քանի որ դրանով դատարանը չի ամրագրել հետադարձ ուժի դրույթը, այսինքն՝ մինչև որոշման ընդունումը կայացված վարչական ակտերի նկատմամբ դրա կիրառելիության հնարավորությունը։

Վերաքննիչ դատարանը Նշան Թադևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ պատճառաբանելով, որ տվյալ դեպքում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը կիրառելի է սույն քաղաքացիական գործի շրջանակներում, քանի որ ՀՀ վարչական դատարանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան դիմել են հենց սույն գործի շրջանակներում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի նորմի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Հետևաբար, առանց «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխան հետադարձ ուժ սահմանելու, այն կիրառելի է սույն քաղաքացիական գործի շրջանակներում։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, սահմանել է գործի նոր քննության ծավալ, այն է ՝ սույն գործի շրջանակներում հայցվորի աշխատավարձի հաշվարկման համար ելակետ է սահմանել Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումը ուժի մեջ մտնելու ժամկետը, արձանագրելով, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1507 որոշման ուժի մեջ մտնելուց հետո հայցվորին հասանելիք աշխատավարձի չափը և այդ չափով կատարել աշխատավարձի վճարում։

 

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սույն գործով հայցվորի ծառայողական լիազորությունները 28.08.2017 թվականից ժամանակավորապես դադարեցնելու, այնուհետև վերջինիս ծառայողական լիազորությունները 30.08.2017 թվականից ժամանակավորապես կասեցնելու պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև օրենքներով նախատեսված այլ ծառայություններ։

Համանման կարգավորում է նախատեսվել նաև 09.04.2019 թվականից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է դատական ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ «Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը» վերտառությամբ 4-րդ հոդվածի համաձայն՝ ավագ տեսուչը հանդիսանում է ոստիկանության միջին պաշտոն:

Վերը նշված իրավական կարգավորումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով հայցվոր Նշան Թադևոսյանը, դիմելով դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության, պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանն իրեն վճարելու իր լիազորությունների կասեցման ժամանակահատվածում (30.08.2017 թվականից մինչև քրեական գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը) չվճարված աշխատավարձը:

Հայցի փաստական հիմքում հայցվորը դրել է հետևյալ փաստական հանգամանքները՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ ոստիկանության պետի 06.09.2017 թվականի թիվ 2368-Ա հրամանով հայցվորի լիազորությունները կասեցվել են «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության հիմքով: Ընդ որում, հայցվորն այդ հրամանի մասին տեղեկացել է ՀՀ ոստիկանության 20.03.2019 թվականի պատասխան գրությունից, իսկ հրամանի պատճենը ստացել է իր դիմումի համաձայն՝ 04.04.2019 թվականին, ուստի այն ուժի մեջ մտել է հայցվորին իրազեկելուն հաջորդող օրվանից՝ 05.04.2019 թվականից:

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ ոստիկանության պետի 06.09.2017 թվականի թիվ 2368-Ա հրամանը մինչև 05.04.2019 թվականը ուժի մեջ մտած չի եղել, սակայն այդ ժամանակահատվածում հայցվորին աշխատավարձը չի վճարվել ուժի մեջ չմտած վարչական ակտի կիրառմամբ, որպիսի պայմաններում բացակայում էր ոստիկանի աշխատավարձը չվճարելու հիմքը:

Ներմուծեք նկարագրությունը_1371 07122018 թվականին հայցվորը զեկուցագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետին, որին ի պատասխան 11012019 թվականի գրությամբ հայցվորի պահանջը մասնակի բավարարվել է և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա նրան վճարվել է 2 ամսվա աշխատավարձ, իսկ մյուս ամիսների աշխատավարձի վճարման խնդրանքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը կարող է հակասահմանադրական ճանաչել ՀՀ սահմանադրական դատարանը։

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հայցվորի ներկայացուցիչը 18032019 թվականին դիմել է ՀՀ ոստիկանություն, աշխատավարձը վճարելու խնդրանքով, սակայն 20032019 թվականի գրությամբ դիմումը մերժվել է։

Ներմուծեք նկարագրությունը_1371 «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության հիմքով հայցվորին իր հասանելիք աշխատավարձը չվճարելու հետևանքով խախտել է վերջինիս մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը և նա զրկվել է արժանապատիվ՝ նվազագույն գոյության հնարավորությունից:

 Հայցի իրավական հիմքում հայցվորը վկայակոչել է հետևյալ իրավական նորմերը՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ Սահմանադրության 29-րդ, 31-րդ, 66-րդ, 84-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը,

Ներմուծեք նկարագրությունը_1371 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը,

Ներմուծեք նկարագրությունը_1371 «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը, իրավահարաբերության ծագման ժամանակ գործող 43-րդ հոդվածի 9-րդ մասը,

Ներմուծեք նկարագրությունը_1371 «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-րդ հոդվածի 1-ին մասը:

 

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցի հիմքում ընկած վերը նշված փաստական և իրավական հիմքերը վկայում են այն մասին, որ հայցվորը, լինելով հանրային ծառայող, այն է՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 5-րդ սպայական դասակում ավագ տեսուչ, դիմելով դատական պաշտպանության, ակնկալել է իր հանրային ծառայության իրականացման հետ կապված վեճի լուծում, որը պայմանավորված է եղել իրեն հասանելիք աշխատավարձը չվճարելով: Ընդ որում, այդ աշխատավարձի չվճարելու հիմքում դրվել է պետական մարմնի վարչական ակտը՝ ՀՀ ոստիկանության պետի 06.09.2017 թվականի թիվ 2368-Ա հրամանը: Միևնույն ժամանակ, հայցվորը 18.03.2019 թվականին դիմել է ՀՀ ոստիկանություն՝ աշխատավարձը վճարելու խնդրանքով (հատոր 1-ին, գթ 20-22), սակայն 20.03.2019 թվականի գրությամբ ստացել է մերժում (հատոր 1-ին, գթ 23-24): Այսինքն, ՀՀ ոստիկանությունը մերժել է հայցվորի կողմից հայցվող գործողության կատարումը: Ըստ այդմ էլ՝ հանրային ծառայող հայցվորի՝ իր հանրային ծառայության իրականացման հետ կապված վեճի լուծումը ենթակա էր քննության ՀՀ վարչական դատարանում:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճը կապված է հանրային ծառայությունն իրականացնելու հետ: Մասնավորապես, հայցվորը, հանդիսանալով հանրային ծառայող, դատական պաշտպանության է դիմել այդ ծառայության ընթացքում իր լիազորությունների կասեցման ժամանակահատվածում (30.08.2017 թվականից մինչև քրեական գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը) չվճարված աշխատավարձը՝ 4.222.384 ՀՀ դրամը վճարելուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու պահանջով: Այսինքն՝ վեճը վերաբերում է հանրային ծառայություն իրականացնելու ընթացքում հայցվորի իրավունքների ենթադրյալ խախտմանը, որի պաշտպանության հայցի քննությունը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ ընդդատյա է ՀՀ վարչական դատարանի քննությանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ենթակա է կիրառման ընդդատության կանոնների խախտման դատավարական հետևանքը, որպիսին տվյալ դեպքում հանգում է նրան, որ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, քանի որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, այն է՝ սույն գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված լիազորությունը, որի համաձայն` Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, (…):

Նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի ուժով վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, իսկ սույն դեպքում բողոք բերող անձ Նշան Թադևոսյանի կողմից վճարվել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ իրավանորմի ուժով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2020 թվականի որոշումը և սույն գործի վարույթը կարճել։

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան