Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (29.12.2018-01.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2013.06.26/5(52) Հոդ.14
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.06.2013
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

15 հունիսի 2013 թ.

N 11-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2/2-7-Ա ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 522-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.12.18 N 36-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 4-րդ կետով և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1699-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի հուլիսի 30-ի N 16-Ն և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի հուլիսի 29-ի N 144-Ն համատեղ հրամանով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել`

1) (ենթակետն ուժը կորցրել է 21.12.18 N 36-Ն)

2) Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի,

3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի,

4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Աջափնյակի, Ավանի, Արաբկիրի, Դավթաշենի, Էրեբունու, Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի, Նոր Նորքի, Նորք-Մարաշի, Նուբարաշենի, Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժինների կանոնադրությունները` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 28.10.15 N 401-Ն, փոփ. 21.12.18 N 36-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի ««Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունները, դրանց կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 3-Ա որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը, 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին» N 2/2-7-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 31-ի «Երևանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Երևանի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի մասին N 3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 522-Ն որոշումները։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի հունիսի 15-ի

N 11-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 (հավելվածն ուժը կորցրել է 21.12.18 N 36-Ն)

 

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի հունիսի 15-ի

N 11-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն է, որի միջոցով Երևանի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` ղեկավար) կազմակերպում է իր գործունեությունը:

2. Ղեկավարը աշխատակազմի միջոցով Երևանում իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով, այդ թվում` Երևանի ավագանու և քաղաքապետի` իրեն վերապահված լիազորությունները, կազմակերպում իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեությունը:

3. Աշխատակազմի լիազորությունները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

4. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Աշխատակազմը բաղկացած է ղեկավարի տեղակալից, աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաև հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:

6. Աշխատակազմի նպատակն ու խնդիրը ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև` քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովումն է:

7. Աշխատակազմն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է անհրաժեշտ գործառույթներ:

8. Աշխատակազմը ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ այլ անհատականացման միջոցներ:

9. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող են գանձվել տեղական հարկեր, տուրքեր և վճարներ` օրենքով սահմանված չափով և կարգով:

10. Աշխատակազմը իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Աշխատակազմը գործում է ղեկավարի նստավայրում, որը սահմանում է Երևանի քաղաքապետը։

 

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

13. Աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի քարտուղարը:

14. Աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն:

Աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

15. Ղեկավարն ունի տեղակալ /տեղակալներ/, որոնք`

1) համակարգում են աշխատակազմի, ղեկավարի ենթակայության կազմակերպությունների աշխատանքները` ղեկավարի կողմից իրենց հանձնարարված բնագավառներում.

2) իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են ղեկավարին օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված բնագավառներում աշխատակազմի բաժինների, ինչպես նաև ղեկավարի ենթակայության կազմակերպությունների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում են իրենց հանձնարարված բնագավառների` աշխատակազմի բաժիններին տրվող կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում են ավագանու և քաղաքապետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.

5) համակարգում են իրենց հանձնարարված բնագավառներում աշխատակազմի, ինչպես նաև ղեկավարի ենթակայության կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իրենց հանձնարարված բնագավառներում համակարգում են համապատասխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները.

7) պարբերաբար ղեկավարին են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.

8) ապահովում են իրենց կողմից հանձնարարված բնագավառներում ավագանու, քաղաքապետի և ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում ղեկավարին.

9) ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

10) ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ:

16. Աշխատակազմի քարտուղարը`

1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է բաժինների աշխատանքների համակարգումը.

2) ապահովում է ավագանու, քաղաքապետի և ղեկավարի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքը, դրանց մասին զեկուցում ղեկավարին.

3) մշակում և ղեկավարի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է ղեկավարին.

4) կազմակերպում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.

5) կազմակերպում է ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը և որոշումների հրատարակումը.

6) կազմակերպում է ղեկավարի կողմից Երևանի բնակիչների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը և ընթացքի հսկողությունը, ինչպես նաև աշխատակազմի տեխնիկական սպասարկման աշխատանքները.

7) իրականացնում է ղեկավարի որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

8) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ.

 

3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

17. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա բաժինները:

18. Աշխատակազմի բաժինները ունեն կանոնադրություններ, որոնք հաստատվում են ղեկավարի կողմից:

 

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի հունիսի 15-ի

N 11-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է (այսուհետ` բաժին), որը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթներ:

2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով` Երևանի ավագանու որոշմամբ:

Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Երևանի ավագանին` Երևանի քաղաքապետի ներկայացմամբ:

3. Բաժնի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Բաժինը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Բաժինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և բաժնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Բաժնի նպատակները և խնդիրներն են`

1) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների իրականացումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.

2) տարածքային բաժնի արխիվի վարումը.

3) կատարված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումը.

4) օրենքով նախատեսված այլ նպատակներ և խնդիրներ:

 

III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Բաժինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի հետևյալ պետական գրանցումները`

ա. ծնունդը.

բ. ամուսնությունը.

գ. ամուսնալուծությունը.

դ. որդեգրումը.

ե. հայրություն որոշելը.

զ. անվան փոխումը.

է. մահը,

2) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ,

3) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը,

4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

 

IV. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Բաժնի գործունեությունը կազմակերպում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը:

9. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է բաժնի պետը:

10. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու է բաժնի պետը և գրանցում կատարող աշխատողը:

11. Բաժնի պետը`

1) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով.

2) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ կատարումը.

3) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված իրավական ակտերի կատարումը.

4) կատարում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.

5) բաժնի աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.

6) իր իրավասության սահմաններում համագործակցում է պաշտոնատար այլ անձանց հետ.

7) ուսումնասիրում է բաժնի աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.

8) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.

9) ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար տրված դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.

10) իրականացնում է հսկողություն տարածքային բաժնի ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.

11) վարում է համապատասխան տարածքային բաժնի արխիվը.

12) օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմիններին տրամադրում է տեղեկատվություն կատարված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ.

13) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բաժնի համայնքային ծառայողների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ կիրառելու մասին առաջարկություններ.

14) համապատասխան վարչական շրջանի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություն բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ.

15) պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների լուծման համար.

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

12. Բաժնի աշխատողը`

1) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ, վկայականների, տեղեկանքների, ակտային պատճենների և այլ փաստաթղթերի տրամադրման գործավարություն.

2) իր լիազորությունների շրջանակներում վարում է բաժնի արխիվը.

3) կատարում է բաժնի պետի ցուցումները և հանձնարարականները.

4) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

5) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

6) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

7) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.

8) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

9) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

10) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:

 

 

Հավելված N 4

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի հունիսի 15-ի

N 11-Ն որոշման

(հավելվածը լրաց. 28.10.15 N 401-Ն)

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սոցիալական աջակցության _______________տարածքային բաժինը (այսուհետ` բաժին) համայնքի աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) առանձնացված ստորաբաժանում է, որը համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տրամադրում է ծառայություններ սոցիալական աջակցության բնագավառում, որպես սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` հանդես գալով համայնքի անունից:

2. Բաժինը ստեղծվում և բաժնի գործունեությունը դադարեցվում է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Երևան քաղաքի ավագանին:

3. Բաժնի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Բաժինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և բաժնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

 II. ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 6. Բաժնի նպատակները և խնդիրներն են`

1) բաժնի սպասարկման տարածքում բնակվող անձանց (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) օրենքով նախատեսված սոցիալական ծառայությունների, այդ թվում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունների տրամադրումը.

2) սոցիալական աջակցության բնագավառի պետական կարգավորման գործառույթների իրականացման ապահովումն իր իրավասությունների շրջանակներում.

3) սոցիալական աջակցության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումն իր սպասարկման տարածքում:

 

 III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

 7. Բաժինն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) հայտնաբերում է աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.

2) սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տվյալները ստանում է առցանց կամ անհրաժեշտ փաստաթղթերով և կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում կամ բաժնին հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով.

4) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակումը և վճարման կազմակերպումը.

5) գնահատում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքները, սոցիալական դեպքի վարման շրջանակներում կազմում անհատական սոցիալական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաև ապահովում է անհատական սոցիալական ծրագրի իրականացումը և շարունակական հսկողությունը.

6) իր սպասարկման տարածքում կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.

7) անհատական սոցիալական ծրագրի (այսուհետ` անհատական ծրագիր) շրջանակներում համակարգում է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը.

8) տալիս է եզրակացություն՝

ա. խնամակալության և հոգաբարձության մարմնին` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ինչպես նաև խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին,

բ. ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի նախնական նույնացման մասին` ընտանեկան բռնության ենթարկված անձանց կացարան տրամադրող կազմակերպությանը.

9) մասնակցում է մարզի (վարչական շրջանի), իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

10) համագործակցում է աջակցող ցանցի հետ.

11) տարածքային մակարդակով կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացը.

12) կատարում է անձանց ընդունելություն՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.

13) աջակցում է դիմողին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների իրականացմանը.

14) աջակցում է երեխայի կրթության (այդ թվում՝ նախադպրոցական կրթության) իրավունքի իրականացմանը.

15) աջակցում է երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերի լուծմանը.

16) ապահովում է սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն սոցիալական աջակցություն ստացողների անհատական կարիքներին.

17) հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ.

18) իրականացնում է իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

 

 IV. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

 8. Բաժինը կառավարում է Երևանի քաղաքապետը: Երևանի համապատասխան վարչական շրջանի տարածքում բաժնի գործունեությունը կազմակերպում է այդ վարչական շրջանի ղեկավարը:

9. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է բաժնի պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Իր գործունեության ընթացքում բաժնի պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, համայնքի աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Բաժնի պետը հաշվետու է վարչական շրջանի ղեկավարին և Երևանի քաղաքապետին, իսկ սոցիալական աջակցության մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

12. Բաժնի պետը`

1) ղեկավարում է բաժնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է բաժնի առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

2) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետին.

3) բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու կամ խրախուսելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին.

4) իր իրավասության սահմաններում կայացնում է որոշումներ և տալիս ցուցումներ.

5) սահմանում է բաժնի աշխատողների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատողի սպասարկման տարածքում ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.

6) ապահովում է բաժնում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.

7) հաստատում է պետական նպաստի և այլ դրամական վճարների նշանակման, մերժման, դադարեցման, վերահաշվարկի կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը, փոխադարձ հաշվետվության ակտերը և բաժնի անունից պատրաստված գրությունները.

8) ապահովում է բաժին դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների և բաժնի կողմից շահագործվող տեղեկատվական համապատասխան ենթահամակարգերում առկա տվյալների գաղտնիությունը.

9) Երևանի քաղաքապետին և վարչական շրջանի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն բաժնի իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.

10) ապահովում է Երևանի քաղաքապետի, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Երևանի քաղաքապետին, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարին.

11) առաջարկություններ է ներկայացնում վարչական շրջանի ղեկավարի միջոցով Երևանի քաղաքապետին բաժնի հաստիքացուցակի, դրույքաչափերի, ինչպես նաև բաժնի խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, աջակցող ցանցի անդամների հետ.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Բաժնի պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում բաժնի պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Բաժնի աշխատողները սոցիալական աշխատանքի մասնագետներ են, որոնք պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

15. Բաժնի պետը, պետի տեղակալը կամ բաժնի կողմից շահագործվող տեղեկատվական համապատասխան ենթահամակարգերի պատասխանատու աշխատողը (այսուհետ` պատասխանատու աշխատող) կամ մյուս սոցիալական աշխատողները համայնքային ծառայության գլխավոր կամ առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնք ունեն.

1) առնվազն «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների իմացություն, տիրապետում են սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությանը` սոցիալական աջակցություն հայցող կամ սոցիալական աջակցություն ստացող անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին տեղեկատվությանը.

2) սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագիր:

16. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոններում աշխատող համայնքային ծառայողները սոցիալական սատարողներն են, որոնք ունեն.

1) առնվազն «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, իրենց լիազորությունների հետ կապված (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման, պետական նպաստի և դրամական այլ վճարների նշանակման, վճարման, դադարեցման, կարգն ու պայմանները հաստատող) իրավական ակտերի իմացություն,

2) սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագիր:

(16-րդ կետը փոփ. 27.04.18 N 139-Ն)

 

VI. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 17. Բաժնի պետի տեղակալը կամ պատասխանատու աշխատողը կամ մյուս սոցիալական աշխատողն իրավունք ունի.

1) կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.

2) ներկայացնելու առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.

3) պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում, կամ բաժնին հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով.

4) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

18. Բաժնի պետի տեղակալը կամ պատասխանատու աշխատողը կամ մյուս սոցիալական աշխատողը պարտավոր է.

1) պաշտպանել սոցիալական աջակցություն ստացողի իրավունքներն ու օրինական շահերը.

2) ապահովել սոցիալական աջակցություն ստացողի ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը` զարգացնելով սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական հմտությունները և ինքնիրացումը (ինքնորոշումը).

3) գնահատել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները.

4) կազմել սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագիրը` ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին.

5) օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` անհատական ծրագիր կազմելու և իրականացնելու նպատակով.

6) համակարգել անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ և ուղղորդել սոցիալական աջակցություն ստացողին տարբեր մասնագիտացված կազմակերպություններ` իրենց իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև դրանք իրականացնելու համար.

7) ստանձնել միջնորդի դեր տարբեր և երբեմն միմյանց հակասող շահեր ունեցող կազմակերպությունների միջև` ապահովելով կազմակերպությունների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը.

8) կազմակերպությունների և համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հետ մշակել կանխարգելող ծրագրեր` ուղղված համայնքներում բացահայտված ռիսկային գործոնների նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորման խթանմանը և պաշտպանությանը.

9) ապահովել անձանց համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ.

10) պահանջել սոցիալական աջակցություն հայցող կամ սոցիալական աջակցություն ստացող անձից միայն սոցիալական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ տեղեկությունները, աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ճիշտ ներկայացմանը.

11) աջակցել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց (ընտանիքների) սոցիալական աջակցության իրավունքի իրականացմանը.

12) հայտնաբերել և հաշվառել սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և ընտանիքներին.

13) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական նպաստ կամ այլ դրամական վճար (այսուհետ` նպաստ) տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական ենթահամակարգերում ընտանիքների (անձանց) մասին ամրագրված տվյալների հավաստիությունը.

14) հայտնաբերել աղքատ ընտանիքներին ստացած դիմումների, ահազանգերի, բաժնի պետի հաստատած ժամանակացույցի համաձայն կամ անհրաժեշտության դեպքում կատարվող տնային այցելությունների միջոցով.

15) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ բաժին դիմած քաղաքացիներին.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները.

17) սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում.

18) ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական ենթահամակարգ մուտքագրել տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը.

19) ծրագրային մեթոդով որոշել ընտանիքի անապահովության միավորը.

20) ընտանիքի նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնել անմիջական ղեկավարին (կամ բաժնի տեղական տեղեկատվական ենթահամակարգի պատասխանատու աշխատողին)` բաժնի պետի հաստատմանը ներկայացնելու համար.

21) տեղեկատվական ենթահամակարգում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ստանալ համապատասխան կարգադրությունները և ներկայացնել բաժնի պետի տեղակալին կամ պատասխանատու աշխատողին` բաժնի պետի հաստատմանը տալու համար.

22) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարումը դադարեցնելու, ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները.

23) կազմել նպաստի գործ, որի մեջ ամփոփվում են ներկայացված և ստացված բոլոր փաստաթղթերը (տվյալները).

24) ուսումնասիրել քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխանները.

25) մասնակցել օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացու (ընտանիքի) սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման աշխատանքներին, առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը, դրանով ապահովել սոցիալական ծառայության համարժեքությունը քաղաքացիների (ընտանիքի) անհատական պահանջմունքներին.

26) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.

27) պահպանել սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.

28) պահպանել սոցիալական աշխատողի էթիկայի կանոնները.

29) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել ծառայողական վկայականը:

19. Բաժնի պատասխանատու աշխատողը պարտավոր է նաև.

1) ապահովել բաժնի սպասարկման տարածքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և այլ տեղեկատվական ենթահամակարգերի պահպանումը և անվտանգ շահագործումը.

2) կազմակերպել տեղեկատվական ենթահամակարգերի շահագործումը` համաձայն բաժնի պետի հաստատած ժամանակացույցի.

3) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ համակարգել մյուս աշխատողների աշխատանքներն իրենց սպասարկման տարածքի քաղաքացիների (ընտանիքների) հետ.

4) կատարել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական ենթահամակարգերի սոցիալական խմբերի համար ամրագրված ժամկետների ծրագրային ստուգում.

5) ծրագրային մեթոդով ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական ենթահամակարգում կատարել ընտանիքների անապահովության միավորի հաշվարկ.

6) ճշտել վճարող մարմնի աշխատակցի կողմից նպաստի կամ այլ դրամական վճարների վճարումը կատարելու համար նախանշված երթուղին.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունից ստանալ նպաստի և այլ դրամական վճարների վճարման ցուցակները, դրանց տիտղոսաթերթերը և հաստատման ներկայացնել բաժնի պետին.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարող մարմիններին հանձնել նպաստի և այլ դրամական վճարների վճարման փաստաթղթերը և նրանց ներկայացուցչից ստանալ փոխադարձ հաշվետվությունները (ռեեստրները) և համապատասխան տվյալները մուտքագրել տեղեկատվական ենթահամակարգ սահմանված ժամկետներում.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպության հետ աշխատանքները:

20. Բաժնի սոցիալական սատարողն իրավունք ունի.

1) կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.

2) ներկայացնելու առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.

3) պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում կամ բաժնին հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով.

4) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

(20-րդ կետը փոփ. 27.04.18 N 139-Ն)

21. Բաժնի սոցիալական սատարողը պարտավոր է.

1) սոցիալական աջակցություն հայցող անձին օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը,

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին և աջակցել նրանց դիմելու տարածքային մարմնին,

3) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` նպաստ տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական ենթահամակարգերում ընտանիքների (անձանց) մասին ամրագրված տվյալների հավաստիությունը,

4) ապահովել բաժին դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում` նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ,

5) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ բաժին դիմած քաղաքացիներին,

6) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները,

7) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում,

8) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական ենթահամակարգ մուտքագրել տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը,

9) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ծրագրային մեթոդով որոշել ընտանիքի անապահովության միավորը,

10) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնել անմիջական ղեկավարին (կամ պատասխանատու աշխատողին)` բաժնի պետի հաստատմանը ներկայացնելու համար,

11) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տեղեկատվական ենթահամակարգում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ստանալ համապատասխան կարգադրությունները և ներկայացնել բաժնի պետի տեղակալին կամ պատասխանատու աշխատողին` բաժնի պետի հաստատմանը ներկայացնելու համար,

12) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքին տեղեկացնել նպաստի վճարումը դադարեցնելու, ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները,

13) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կազմել նպաստի գործ, որի մեջ ամփոփվում են ներկայացված և ստացված բոլոր փաստաթղթերը (տվյալները),

14) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրել քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխանները,

15) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը,

16) պահպանել սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի,

17) պահպանել սոցիալական աշխատողի էթիկայի կանոնները,

18) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել ծառայողական վկայականը:

(21-րդ կետը փոփ. 27.04.18 N 139-Ն)

22. Բաժնի համայնքային ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և կրում է այլ պարտականություններ:

(հավելվածը լրաց. 28.10.15 N 401-Ն, փոփ. 27.04.18 N 139-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2021, N 399-Ն 01.07.2021, N 11-Ն
21.12.2018, N 36-Ն 29.12.2018, N 11-Ն
27.04.2018, N 139-Ն 11.05.2018, N 11-Ն
28.10.2015, N 401-Ն 21.11.2015, N 11-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան