Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.08.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1337/02/18

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1337/02/18

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. խունդկարյան
Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի օգոստոսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ «Վարդան և Մեսրոպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցիչ Սաղաթել Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 242.330 ՀՀ դրամ, նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև բռնագանձել պարտավորության գումարի 20 տոկոսը` որպես պարտքի հավաքագրման համար կատարած դատական ծախս:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 362-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը լրանալուց հետո: Ինչ վերաբերում է Դատարանի 10.12.2018 թվականի վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետն այդ վճիռը 11.02.2019 թվականին ստացված լինելու փաստի ուժով վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը, գտել է, որ այն ենթակա չէ բավարարման, քանի որ բողոքարկված վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա դատական իշխանության կայքի միջոցով հրապարկվել է 10.12.2018 թվականին, իսկ բողոք բերող անձն էլ այդ մասին տեղեկացված է եղել 20.12.2018 թվականին, երբ ստացել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և վճիռը 10.12.2018 թվականին հրապարակելու մասին Դատարանի 23.11.2018 թվականի որոշումը, ուստի կարող էր 20.12.2018 թվականին հաջորդած 15-օրյա ժամկետում բողոքարկել այն՝ անկախ վճռի թղթային օրինակը ստացված լինելուց:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բողոքաբերը զրկված է եղել դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով դատարանի վճռի բովանդակությանը ծանոթանալու հնարավորությունից, քանի որ դատական ակտը www.datalex.am կայքում սահմանված ժամկետում տեղադրված չի եղել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանի 10.12.2018 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է միայն այն ժամանակ, երբ այդ վճռի թղթային օրինակը փոստային ծառայության միջոցով առաքվել է բողոքաբերին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի պարզել այն հարցը, թե Դատարանի 10.12.2018 թվականի վճիռը www.datalex.am կայքում երբ է իսկապես տեղադրվել:

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.03.2019թ թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Կազմակերպության միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի ճանաչելու մասին, բավարարել:

 

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 362-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ տվյալ իրավադրույթի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 362-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին անդրադառնում է դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու պարտականության պատշաճ կատարմանը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, պետությունը, որը հիմնադրել է նման դատարաններ, պետք է հոգա այն մասին, որ այդ դատարանների առջև երաշխավորվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կախված են կոնկրետ գործով դատավարության առանձնահատուկ հատկանիշներից, և կարևոր է ուշադրության արժանացնել այդ գործի ամբողջ դատավարական ընթացքը՝ իրականացված ներպետական իրավական համակարգին համապատասխան, և այդ Բարձրագույն դատարանի կողմից ունեցած դերակատարումն այդ գործում, քանի որ բողոքի ընդունելիությանը ներկայացվող չափանիշները կարող են լինել ավելի խիստ, քան հայցադիմումինը (տե՛ս, Běleš lesand others v. The Czech Republic գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 62):

Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը (տե՛ս, նաև «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

 Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակվում, գործին մասնակցող անձանց հանձնվում և ուղարկվում է ընդհանուր կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Վճռաբեկ դատարանը, սույն որոշման շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով և համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համարժեք կարգավորումները, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի պատվիրված նամակով: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, համաձայն որի՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում պատվիրված նամակով վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն վճռի հրապարակումը կատարվում էր դատական նիստով, ապա գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում այն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նախկինում գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից տարբերվող հրապարակման նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդիրը նախատեսել է հրապարակման նոր կարգ, բայց միաժամանակ պահպանել է դատական ակտի առձեռն հանձնման կամ ուղարկման՝ դատարանի պարտականությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը:

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 10.12.2018 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է: Գործում առկա է միայն հետադարձ ծանուցման փոստային հավաստագիրը վճիռը Կազմակերպության կողմից 11.02.2019 թվականի ստացած լինելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 72), սակայն առկա չէ ուղարկված վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց: Դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 20.12.2018 թվականին (հիմք`«www.datalex.am» տեղեկատվական համակարգը):

13.02.2019 թվականին փոստային առաքմամբ (հիմք` փոստային ծրար, հատոր 1-ին, գ.թ. 92) Կազմակերպության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ բողոք բերած անձը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել բողոք բերելու ժամկետը, պատճառաբանելով, որ Դատարանի 10.12.2018 թվականի վճիռը Կազմակերպությունը ստացել է 11.02.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ, 77-80):

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 18.03.2019 թվականի որոշմամբ անդրադառնալով Դատարանի 10.12.2018 թվականի վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետն այդ վճիռը 11.02.2019 թվականին ստացած լինելու փաստի ուժով վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությանը, հանգել է այն հետևության, որ Դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվելու պարագայում բողոք բերած անձը կարող էր վճռի հրապարակմանը հաջորդած 15-օրյա ժամկետում բողոքարկել այն` անկախ վճռի թղթային օրինակը ստացած չլինելուց: Արդյունքում Վերաքննիչ դատարանը վերը նշված որոշմամբ մերժել է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Կազմակերպության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը (հատոր 1-ին, գ.թ 93):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և սույն գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և վճիռն օրենքով սահմանված ժամկետում Կազմակերպությանը հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակումից հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Վճռաբեկ դատարանը, բացահայտելով օրենսդրի կամքը, գտնում է, որ միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց: (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից պարզ է դառնում, որ դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտը հրապարակվել է 20.12.2018 թվականին, այն պայմաններում, երբ Դատարանը դրա հրապարակման օր էր հայտարարել 11.12.2018 թվականը: Ավելին, գործում առկա չէ նաև ապացույց այն մասին, թե Դատարանը վճիռը երբ է ուղարկել Կազմակերպությանը՝ փոստային ծառայությանը հանձնելու միջոցով: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի 10.12.2018 թվականի վճիռը Կազմակերպության կողմից 11.02.2019 թվականին ստացած լինելու փաստը հաստատող հետադարձ ծանուցման հավաստագիրը, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է, և բողոքաբերն օբյեկտիվորեն հնարավորություն է ունեցել ծանոթանալու դատական ակտի բովանդակությանը, քանի որ սույն գործով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 20.12.2018 թվականին, ավելին՝ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ գործում առկա չէ ապացույց, թե Դատարանի 10.12.2018 թվականի վճիռը երբ է ելքագրվել, իսկ Կազմակերպությունը Դատարանի վճիռը ստացել է 11.02.2018 թվականին, այսինքն՝ Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունը:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից՝ հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 302-րդ հոդվածի 2-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ, ոչ իրավաչափորեն մերժելով Կազմակերպության՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Կազմակերպության՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ, 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. խունդկարյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: