Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-122-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.12.2004-23.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.15/67(366) Հոդ.1349
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Սույն օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`

- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը.

- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.

- էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը.

- շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:

Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

էներգաարդյունավետության ցուցանիշ` էներգատեղակայանքների համար Ազգային ստանդարտներով ամրագրված էներգակիրների օգտագործման կամ կորստի բացարձակ, տեսակարար կամ հարաբերական մեծությունը ցանկացած տեսակի արտադրանքի արտադրությունում (ծառայության մատուցման ընթացքում) կամ տեխնոլոգիական պրոցեսում.

էներգախնայողություն` իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը.

էներգակիր` զանազան ագրեգատային վիճակներում գտնվող նյութ (պինդ, հեղուկ, գազային) կամ մատերիայի այլ ձևեր (պլազմա, դաշտ, ճառագայթում և այլն), որոնցում կուտակված էներգիան կարող է օգտագործվել էներգամատակարարման նպատակով.

էներգակիրների արդյունավետ օգտագործում` տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով.

էներգետիկ փորձաքննություն` խորհրդատվական ծառայություն` ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ փորձաքննական եզրակացություն.

ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական և (կամ) ջերմային էներգիա, կենսագազ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

էներգատեղակայանք` էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման, կուտակման, բաշխման և սպառման համար նախատեսված սարքավորումներ կամ փոխկապակցված սարքավորումների և կառույցների համալիր.

վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` հողմային, արեգակնային, ջրային, երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրների համախումբ, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով.

վերականգնվող էներգետիկա` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտ:

 

Հոդված 3. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնելիս`

ա) էներգետիկ, այդ թվում` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ արտադրող, փոխադրող, փոխակերպող, պահեստավորող և օգտագործող էներգատեղակայանքների, մեքենաների, սարքավորումների և ապրանքների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում.

բ) շենքերի և կառուցվածքների էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ ու հերմետիկացնող նյութերի և շինվածքների մշակման, արտադրության, ներմուծման ոլորտներում.

գ) էներգակիրներ սպառող արտադրատեխնիկական համալիրների (այդ թվում` լուսավորման, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման համալիրների) ու շենքերի և կառուցվածքների էներգաարդյունավետ նախագծերի, տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների մշակման ու ներդրման ոլորտներում.

դ) էներգետիկ ռեսուրսների որակի որոշման, հաշվառքի և սպառման կարգավորման սարքերի ու տեխնիկական համալիրների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում.

ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտում, ընդ որում` ջրային ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիայի ստացման դեպքում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև ներառյալ 10 000 կՎտ կայանային դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայանների վրա.

զ) էներգետիկ ռեսուրսների, այդ թվում` վերականգնվող, արդյունավետ օգտագործման համար կազմակերպական, գիտահետազոտական, նախագծային, փորձաքննական, մշակման, կառուցման, վերակառուցման և կարգաբերման աշխատանքների կատարման ոլորտներում:

 

Հոդված 4. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 5. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը հիմնված է այդ գործունեության շրջանակներում ներգրավվող կողմերի կամավորության սկզբունքի վրա:

2. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն են`

ա) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով տնտեսության էներգետիկ պահանջարկի բավարարման մակարդակի բարձրացումը.

բ) էներգախնայողության իրականացումը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող իրավական և տնտեսական մեխանիզմների ստեղծումը և կիրառումը.

գ) ներկրվող և արդյունահանվող էներգետիկ ռեսուրսների ծավալների աճի դեպքում` աճի նկատմամբ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման գերակայության ապահովումը.

դ) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև դրան նպաստող նոր տեխնոլոգիաների կիրառման աճի ու զարգացման ապահովումը.

ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների իրացման մրցունակության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը.

զ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումներում բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայության ապահովումը.

է) էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի էներգաարդյունավետ արտադրության խրախուսումը, այդ թվում` ինքնավար էներգաարտադրողների համար.

ը) վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և էլեկտրաէներգետիկական համակարգի համատեղ աշխատանքի խրախուսումը` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով.

թ) սպառողների կողմից տարբեր տեսակի էներգակիրների և էներգախնայողական տեխնոլոգիաների ընտրության և օգտագործման խրախուսումը.

ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի պետական (ազգային) նպատակային ծրագրերի իրագործումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 6. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը պետության կողմից վարվող քաղաքականության մշակումն ու իրականացումն է հետևյալ ուղղություններով`

ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական (ազգային, նպատակային) ծրագրերի մշակումը, ընդունումը և իրականացումը.

բ) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների կազմակերպումը և համակարգումը.

գ) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման պետական ծրագրերում էներգախնայողության պահանջների ընդգրկումը.

դ) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման ու կիրառման ապահովումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) էներգախնայողության և էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը և ներդնումը.

զ) էներգատեղակայանքների համապատասխանության կամավոր հավաստման համակարգի ապահովումը.

է) էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ գործող և կառուցվելիք օբյեկտների նախագծերի էներգետիկ փորձաքննությունների իրականացման համակարգի ստեղծումը.

ը) էներգետիկ փորձաքննության գործունեության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

թ) էներգակիրների հաշվառման և վիճակագրության ապահովումը.

ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման նախագծերի և ծրագրերի ֆինանսավորմանն աջակցումը.

ժա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով ուսուցման կազմակերպումը, գիտատեխնիկական առաջընթացին, տեղեկատվությանը և քարոզչությանն աջակցումը.

ժբ) էներգախնայողության ծրագրերում և վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցությանն աջակցումը:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարմանը մասնակցում են կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

3. Պետական արգելավայրերում, ազգային պարկերում և պետական արգելոցներում կառուցվող շենքերում ու կառուցվածքներում էներգաարդյունավետ նախագծերի, տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 7. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

 

Ստանդարտացման Ազգային մարմնի կողմից «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունվում են էներգախնայողության Ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվում են`

ա) էներգատեղակայանքների էներգաարդյունավետության ցուցանիշները.

բ) էներգետիկ ռեսուրսների արդյունահանման, արտադրման, վերամշակման, փոխակերպման, փոխադրման, պահեստավորման և սպառման էներգաարդյունավետության ցուցանիշները.

գ) շենքերի և կառուցվածքների ջեռուցման, լուսավորման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական համալիրների էներգաարդյունավետության ցուցանիշները.

դ) արտադրական պրոցեսների էներգաարդյունավետության ցուցանիշները.

ե) էներգաարդյունավետության բնապահպանական ցուցանիշները:

 

Հոդված 8. ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

 

1. Էներգատեղակայանքները դրանք օգտագործող, արտադրող և ներմուծող իրավաբանական (ֆիզիկական) անձանց կողմից կարող են ներկայացվել համապատասխանության կամավոր հավաստման` «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածով սահմանված համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է էներգատեղակայանքներ օգտագործող, արտադրող և ներմուծող իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ և հաշվին:

3. Համապատասխանության կամավոր հավաստման արդյունքով իրականացվում է էներգատեղակայանքի դրոշմանշում` ըստ էներգաարդյունավետության ցուցանիշների:

 

Հոդված 9. ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վիճակագրության ազգային մարմինն իրականացնում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, պահեստավորվող և օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով էներգետիկ հաշվեկշիռներ ներկայացնելու համար:

 

Հոդված 10. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ և ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը և կրթությունը կազմակերպելու նպատակով կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է`

ա) կրթական համակարգի հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի դասընթացների, համապատասխան գիտամեթոդական աշխատանքների նախատեսում.

բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմունքների և տեխնիկայի գծով ճարտարագիտական կադրերի վերապատրաստման դասընթացների նախատեսում:

 

Հոդված 11. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Կառավարության լիազորած մարմինների կողմից էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկատվության տարածումն իրականացվում է`

ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի խնդիրների հանրային քննարկմամբ, նրանց բնապահպանական, տնտեսական և սոցիալական առավելությունների լրատվությամբ և քարոզչությամբ.

բ) էներգաարդյունավետ էներգատեղակայանքների և էներգախնայողական ցուցադրական նախագծերի մասին լրատվությամբ.

գ) էներգախնայողական տեխնոլոգիաների, մեքենաների և էներգատեղակայանքների ցուցահանդեսների կազմակերպմամբ.

դ) էներգետիկ ռեսուրսների խնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ազգային անհրաժեշտության և նպատակահարմարության քարոզչությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 12. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, կառավարության որոշումներից, ինչպես նաև Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի ընդունած իրավական այլ ակտերից:

 

Հոդված 13. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Էներգետիկ փորձաքննության նպատակն է եզրակացություն տալ էներգաարդյունավետության փաստացի և Ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատական մեծությունների վերաբերյալ:

2. Էներգետիկ փորձաքննության իրականացումը կամավոր է, կատարվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ ու հաշվին:

Պետական բյուջեի հաշվին իրականացվող նախագծերի էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է կառավարության որոշմամբ և պատվերով` օրենքով սահմանված կարգով:

3. Էներգետիկ փորձաքննությամբ նախատեսված էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրումն իրականացնում են «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները:

 

Հոդված 14. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

1. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման մեթոդները և փաստաթղթային ձևակերպումների կարգը:

2. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը` Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է կառավարությունը:

 

Հոդված 15. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Էներգետիկ փորձաքննության իրականացումը պարտադիր փաստաթղթավորում է փորձաքննություն իրականացնող անձը` էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը նախատեսում է փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերի, փորձաքննության արդյունքների հիման վրա էներգետիկ փորձաքննության եզրակացության և էներգետիկ փորձաքննության հաշվետվության կազմումը:

3. Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթերն են: Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:

4. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունները, էներգետիկ փորձաքննության հաշվետվությունները, էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը և էներգետիկ փորձաքննության անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան էներգետիկ փորձաքննության անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:

 

Հոդված 16. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձի էներգետիկ տնտեսության (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ: Էներգետիկ փորձաքննության եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով:

2. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից: Էներգետիկ փորձաքննության եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի մոտ:

3. Էներգետիկ փորձաքննության դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման համար:

 

Հոդված 17. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ փորձաքննության ընթացքի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման, ինչպես նաև էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

2. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում է փորձաքննողի ու ստորագրվում և (կամ) կնքվում էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի ղեկավարի կողմից:

 

Հոդված 18. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության հիմնական ուղղություններն են`

ա) էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և սարքերի պատրաստման փորձի փոխանակումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստանդարտների և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչումը.

գ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեղեկատվության փոխանակումը.

դ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությունը միջազգային էներգախնայողական և վերականգնվող էներգետիկայի ծրագրերին.

ե) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակումն ու նախագծերի իրականացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 20. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում`

ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանում է վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համատեղ աշխատանքի պայմանները.

բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն առաջարկություն է ներկայացնում կառավարություն` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում անհրաժեշտ լրացումներ կատարելու վերաբերյալ.

գ) կառավարությունը, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեման և ընդունում համապատասխան որոշում` ուղղված հողահատկացումների և այլ անհրաժեշտ թույլատրությունների գործընթացի պարզեցմանը.

դ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի կառավարման պետական լիազորված մարմինը, Համապատասխանության հավաստման լիազոր մարմինն առաջարկություն են ներկայացնում կառավարություն` «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սույն օրենքի 13-րդ հոդվածից բխող լրացում կատարելու մասին, ինչպես նաև համապատասխան պետական կառավարման այլ մարմինների հետ ապահովում են էներգախնայողության Ազգային ստանդարտների, էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի առաջնահերթ մշակումը և սահմանված կարգով հաստատումը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունում է սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումն ապահովող որոշումներ` վերականգնվող էներգետիկայի արագացված զարգացմանը նպաստող սակագնային երկարաժամկետ քաղաքականության կիրառման մասին:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 4
Երևան
ՀՕ-122-Ն