Գլխավոր տեղեկություն
Համար
N 987-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2021 թվականի N 987-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

      

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

       

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 987-Ն որոշման

   

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

       

1. Գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է հետևյալ դեպքերում՝

1) հատուկ պահպանվող և անտառային նշանակության տարածքների ստեղծման.

2) գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի (ճահճացած, գերխոնավացած, աղակալված, էրոզացված) հողամասերն անտառային, ջրային կամ պահուստային հողերի փոխադրման.

3) ճանապարհների, էլեկտրահաղորդման և կապի գծերի կամ ենթակայանների, գազատարների և այլ խողովակաշարերի, երկաթուղային գծերի, ցամաքուրդների և այլ նմանատիպ օբյեկտների (այսուհետ` գծային օբյեկտներ) կառուցման և սպասարկման.

4) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցապատման՝ ճանապարհի առանցքից մինչև 100 մ հեռավորությամբ, իսկ մարզային (տեղական) ճանապարհների դեպքում՝ 50 մ հեռավորությամբ.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.

6) երկրի պաշտպանության և պետության անվտանգության օբյեկտների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության և պահպանման նպատակով ինժեներատեխնիկական կառույցների կառուցման և սպասարկման.

7) Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով հավանության արժանացած, օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած ներդրումային ծրագրերի իրականացման՝ պայմանով, որ ներդրումային ծրագրի փաթեթում հաստատված լինի նաև հողամասի տեղակայումը՝ ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) ԱՐՄՐԵՖ 02 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով.

8) ընդերքօգտագործման աշխատանքների՝ օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած ծրագրի և (կամ) նախագծի (այդ թվում՝ հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) առկայությամբ.

9) բնակելի տների և բնակելի շենքերի կառուցման և սպասարկման, ինչպես նաև կառուցված հասարակական նշանակության օբյեկտների ընդլայնման.

10) համայնքային գերեզմանատների կառուցման և ընդլայնման.

11) ջրամբարների, ոռոգման նպատակներով կառուցվող ջրավազանների, մաքրման կայանների, ջրօգտագործման թույլտվություն ստացած խորքային հորերի և պոմպակայանների կառուցման ու սպասարկման.

12) մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման.

13) առողջապահական, կրթական, սպորտի և սոցիալական օբյեկտների կառուցման.

14) արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների կամ հասարակական նշանակության շինությունների կառուցման նպատակով՝ այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ գնահատման խմբերի հողամասերի տրամադրման.

15) համայնքներին պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով հողերի փոխանցման ժամանակ առաջացած հողամասերի նպատակային նշանակություններին առնչվող անճշտությունների ուղղման.

16) ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ընդլայնման և շահագործման.

17) արտափողոցային (ճոպանուղու, մոնոռելսի) հասարակական տրանսպորտի, ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման.

18) տիեզերքի գործունեության բնագավառի օբյեկտների կառուցման.

19) օրենքով նախատեսված այլ դեպքերում։

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2021 թվական: