Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-119-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.12.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.15/67(366) Հոդ.1346
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-285, այսուհետ` օրենք) նախաբանն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  1.

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

Սույն օրենքը կարգավորում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման, միջուկային տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության, իոնացնող ճառագայթումից պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության, միջուկային վնասի, դրա փոխհատուցման և ատոմային էներգիայի օգտագործման հետ կապված այլ հարաբերություններ` անձնակազմի, բնակչության, շրջակա միջավայրի և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:

Հոդված 2. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական կառավարման մարմինները սույն օրենքին համապատասխան իրականացվող ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորման գործընթացում`

ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերը մշակելիս և ընդունելիս ապահովում են դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

բ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ճանաչում և կիրառում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտները.

գ) օրենքով կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են կիրառել օտարերկրյա պետությունների` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող և իրավասու մարմինների տված սերտիֆիկատները, հավաստագրերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

անձնակազմ` անձինք, ովքեր ժամանակավոր կամ մշտապես աշխատում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում.

անվտանգություն (միջուկային և ճառագայթային)` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հատկություն` օբյեկտի բնականոն շահագործման և բնականոն շահագործումից շեղումների (ներառյալ` վթարների) դեպքում անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցությունները թույլատրված սահմաններով սահմանափակելը.

անվտանգության կուլտուրա` հիմնարկների, կազմակերպությունների գործունեության և առանձին անձանց վարքի բնութագրերի ու հատկանիշների միասնություն, որն ապահովում է անվտանգության խնդիրների գերակայությունն այլ խնդիրների նկատմամբ.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտ` օբյեկտ, որը նախատեսված է միջուկային էներգիայի և իոնացնող ճառագայթման օգտագործման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրների արտադրության ու պահման, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար.

ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ` միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնցում պահվող նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը և (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 տերաբեքերելը.

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոն` պաշտոն, որը զբաղեցնող անձի ընդունած որոշումները կամ գործողությունները կարող են անմիջականորեն ազդել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգության մակարդակի վրա.

դիտարկման գոտի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հսկման գոտուց դուրս սահմանված գոտի, որտեղ օբյեկտի շահագործման ժամանակ իրականացվում է ճառագայթային իրավիճակի հսկողություն.

գեներացնող ճառագայթման աղբյուր` սարք, որն ունակ է առաջացնել իոնացնող ճառագայթում.

թույլտվություն` թույլտվություն կարգավորող մարմնի կամ կառավարման այլ մարմնի տված գրավոր թույլտվություն (սերտիֆիկատ, թույլտվություն, գրանցում, համաձայնեցում, հավանություն և այլն).

իոնացնող ճառագայթում` կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթների կամ տարրական մասնիկների հոսք, որը, ազդելով նյութի վրա, նրանում առաջացնում է իոնային զույգեր.

իոնացնող ճառագայթման աղբյուր` սարքավորում կամ նյութ, որն արձակում է կամ ընդունակ է արձակելու կարգավորման մակարդակները գերազանցող պարամետրերով իոնացնող ճառագայթում.

կարգավորող մարմին` մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորման և թույլտվության, միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրավասությամբ.

կարգավորող վերահսկողություն` կարգավորող մարմնի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող գործունեության և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության գնահատման համար կատարվող տեսչական ստուգումներ, դիտարկումներ, չափումներ, փորձարկումներ, վերլուծություններ, հետազոտություններ և պատասխանատվության միջոցների կիրառում.

հատուկ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ` միջուկային զենքի արտադրության համար պիտանի նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ.

միջուկային նյութ` ուրան-233, ուրան-235, պլուտոնիում-239, պլուտոնիում-241 ռադիոիզոտոպներն առանձին կամ ցանկացած համակցությամբ պարունակող նյութ.

միջուկային տեղակայանք` միջուկային ռեակտոր, միջուկային վառելիքի պահեստարան, ատոմային կայան, միջուկային նյութի վերամշակման, արտադրության օբյեկտ.

միջուկային վթար` ցանկացած միջադեպ, որը պատճառում է միջուկային վնաս կամ սպառնում է անխուսափելի միջուկային վնասով.

միջուկային վնաս` վնաս, որը միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով կարող է հասցվել մարդու և նրա սերունդների առողջությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ պետության կամ համայնքի սեփականությանը, ինչպես նաև կարող է հանգեցնել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.

ճառագայթային վթար` վթար, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման և (կամ) թույլատրված սահմանների գերազանցմամբ անձնակազմի և (կամ) բնակչության հնարավոր ճառագայթահարման.

ռադիոակտիվ նյութ` միջուկային նյութից տարբեր նյութ, որի իոնացնող ճառագայթումը կարող է պատճառել միջուկային վնաս.

ռադիոակտիվ թափոն` ռադիոակտիվ նյութ կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և ենթակա է կենսոլորտից մեկուսացման.

ռադիոակտիվ թափոնների պահեստարան` ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահման համար նախատեսված օբյեկտ.

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց` ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ.

ռադիոակտիվ թափոնների կառավարում` ռադիոակտիվ թափոնների հավաքման, կարճաժամկետ պահման, վերամշակման, ռադիոակտիվ թափոնների` պահեստարաններում երկարաժամկետ պահման և (կամ) գերեզմանոցներում թաղման հետ կապված գործունեություն.

վթարային հակազդման ազգային համակարգ` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով սահմանված գործառույթներ ունեցող պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների միավորում:

Հոդված 4. Ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և այլ օրենքներից, ինչպես նաև իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 5. Անվտանգության գերակայությունը

Հայաստանի Հանրապետությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որի դեպքում գերակայությունը տրվում է անվտանգությանը:

Հոդված 6. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը

1. Միջուկային տեղակայանքները և միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը և կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո:

Միջուկային տեղակայանքների շահագործող կազմակերպությունները լուծարման ենթակա չեն անվճարունակության (սնանկության) հիմքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված միջուկային տեղակայանքներում առաջացած աշխատած միջուկային վառելիքն ու ռադիոակտիվ թափոնները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.

«Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ և լրացնել հետևյալ բովանդակությամբ 171 -րդ և 172-րդ հոդվածներով.

«Գ Լ ՈՒ Խ  4.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 15. Անվտանգության պետական կարգավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա են`

ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների տեղադրման հրապարակի ընտրությունը, նախագծումը, կառուցումը, շահագործման հանձնումը, շահագործումը և շահագործումից հանումը.

բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեությունը.

գ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանումը.

դ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների հաշվառումը և վերահսկումը.

ե) ռադիոակտիվ թափոնների կառավարումը.

զ) միջուկային նյութերի և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.

է) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:

Հոդված 16. Կարգավորող մարմինը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը, որը պետական կառավարման հանրապետական մարմին է և ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից:

Հոդված 17. Կարգավորող մարմնի իրավասությունները

1. Օրենքի 15-րդ հոդվածում (բացառությամբ «գ» կետի) նշված կարգավորումն իրականացնելու համար կարգավորող մարմինը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրական ակտերը (անվտանգության նորմեր, կանոններ, կարգեր, ցանկեր, պայմաններ, պահանջներ և այլն).

բ) ընդունում է գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր.

գ) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը.

դ) օրենքներով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.

ե) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում և անցկացնում է փորձաքննություն.

զ) կազմակերպում և անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.

է) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ.

ը) վերահսկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարումը.

թ) կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան.

ժ) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

ժա) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, լրատվության միջոցներին տեղեկատվություն է ներկայացնում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

ժբ) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

ժգ) վերահսկում է լիցենզավորված անձանց պատրաստվածությունը հնարավոր արտակարգ իրավիճակներին.

ժդ) արտակարգ իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.

ժե) կազմակերպում և համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի և այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.

ժզ) իրականացնում է միջուկային նյութերի պետական հաշվառումն ու վերահսկումը, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական ռեգիստրի վարումը.

ժէ) Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.

ժը) կնքում է միջազգային պայմանագրեր.

ժթ) համակարգում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերը.

ի) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում և հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով.

իա) համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության և տեղեկատվության փոխանակման հարցերով.

իբ) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն:

Հոդված 171. Կարգավորող վերահսկողությունը

1. Կարգավորող մարմնի պետական տեսուչներն իրավունք ունեն`

ա) անարգել անցկացնելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և իրականացվող աշխատանքների տեսչական ստուգումներ` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող սարքեր (ներառյալ` ձայնագրող և տեսագրող).

բ) անարգել մուտք գործելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասեր.

գ) վերցնելու անհրաժեշտ փորձանմուշներ և ստանալու տվյալներ.

դ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում տեղադրելու հսկողության համար անհրաժեշտ սարքեր.

ե) ստուգելու ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերը.

զ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և տրված լիցենզիաների պայմանների խախտում հայտնաբերելու դեպքում տալու կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր.

է) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված լիցենզավորված անձանց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, վարչական պատասխանատվության ենթարկելու, իսկ օրենքով սահմանված դեպքերում խախտումների մասին նյութերը ներկայացնելու իրավապահ մարմիններին:

2. Պետական տեսուչները պարտավոր են`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի վերաբերյալ պետական, ծառայողական, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը.

դ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել նրանց և պետական տեսուչների իրավունքներին ու պարտականություններին.

ե) պահպանել ստուգվող օբյեկտի` օրենքով սահմանված իրավունքներն ու շահերը:

3. Կարգավորող վերահսկողության աշխատանքներում օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են ներգրավվել պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և օտարերկրյա մասնագետներ:

Հոդված 172. Գիտատեխնիկական աջակցությունը

1. Կարգավորող մարմինն իր իրավասություններն իրականացնելու համար պետք է ապահովված լինի գիտատեխնիկական աջակցություն իրականացնող կազմակերպությամբ, որին վերապահվում են`

ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության փորձաքննության իրականացումը.

բ) միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների հաշվառման, գրանցման, պետական ռեգիստրի վարման աշխատանքների տեխնիկական աջակցությունը.

գ) գիտատեխնիկական այլ աջակցություն` ըստ կարգավորող մարմնի հայտի:

2. Կարգավորող մարմնի համար սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված անվտանգության փորձաքննության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ «բ» և «գ» կետերում նշված գիտատեխնիկական աջակցության ֆինանսավորումը` պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներից:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  5.

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 18. Լիցենզավորումն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզիան որոշակի ժամկետով գործունեության հետևյալ տեսակների համար տալիս է կարգավորող մարմինը.

ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում և շահագործումից հանում.

բ) սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված և միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում.

գ) միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարում` արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում, վերամշակում.

դ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարում` արտադրություն, օգտագործում, վերանորոգում, մոնտաժում և կարգաբերում, փոխադրում, պահեստավորում.

ե) ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարում` փոխադրում, վերամշակում, պահում, թաղում.

զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում.

է) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում, պատրաստում.

ը) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն.

թ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն:

2. Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, հատուկ սարքավորումների, հատուկ տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների ներմուծման լիցենզիան տրվում է, եթե ներմուծողն ունի դրանց օգտագործման կամ պահման լիցենզիա:

3. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրված լիցենզիայով հաստատվում են տվյալ գործունեությամբ զբաղվելու` լիցենզավորված անձի իրավունքը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի անվտանգ կատարման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն:

Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների կառուցման, շահագործման և շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը կարգավորող մարմինը դրանք քննարկում է ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 180 օրվա ընթացքում:

4. Անվտանգության նոր նորմեր և կանոններ գործողության մեջ մտցնելը չի առաջացնում լիցենզիայի գործողության ժամկետի նվազեցում: Եթե լիցենզիայով սահմանված պահանջները չեն համապատասխանում անվտանգության նոր նորմերին ու կանոններին, լիցենզավորված անձը պարտավոր է սահմանված ժամկետում մշակել և կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել համապատասխան փոխհատուցող կազմակերպատեխնիկական միջոցառումներ:

5. Շահագործող կազմակերպությանը տրված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անվտանգության ապահովման նրա պատասխանատվությունն անցնում է օբյեկտի սեփականատիրոջը:

6. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիան տրվում է բժշկական հակացուցումների բացակայության դեպքում: Բժշկական հակացուցումների ցանկը, բժշկական ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 6-րդ գլխում`

1) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 191-րդ հոդվածը.

«Հոդված 191. Միջուկային տեղակայանքի անվտանգության ապահովման ֆինանսական միջոցները

1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կատարած գործունեությունից ստացված ապրանքի (ծառայությունների) իրացումից պարտավոր է կատարել նորմատիվ ֆինանսական հատկացումներ` նպատակաուղղված շահագործման ընթացքում միջուկային, ճառագայթային, տեխնիկական, հրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման և հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման, գիտատեխնիկական աջակցության, օգտագործած միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և շահագործումից հանելու ապահովմանը:

Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանսական միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:

2. Արգելվում է այդ ֆինանսական միջոցների այլ նպատակներով օգտագործումը:».

2) 20-րդ հոդվածի «ը» կետում «վերահսկում» բառը փոխարինել «հսկում» բառով.

3) 20-րդ հոդվածի «թ» կետում հանել «վթարների» բառը:

Հոդված 7. Օրենքի 7-րդ գլխում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ».

2) 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:»:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-4-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերում «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների» բառերից հետո ավելացնել «և միջուկային նյութերի» բառերը:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «նորմերով» բառից հետո ավելացնել «և կանոններով» բառերը:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածը`

1) լրացնել հետևյալ խմբագրությամբ «դ» կետով.

«դ) տվյալ աշխատանքներն իրականացնելու համար հուսալիության ստուգման պահանջներին չհամապատասխանող անձինք:».

2) լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.

«Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 4
Երևան
ՀՕ-119-Ն