ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0005/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0005/02/20
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
Դատավորներ՝ |
Ա. Պետրոսյան |
Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. մԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի ապրիլի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 18.11.2019 թվականի թիվ 15-7062/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2020 թվականի «Բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 18.11.2019 թվականի թիվ 15-7062/19 որոշումը։
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 22.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 179-րդ հոդվածի 2-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկն իրենից անկախ պատճառներով զրկված է եղել օրենքով սահմանված կարգով Դատարանի 22.05.2020 թվականին հրապարակված որոշումը 7-օրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունից, քանի որ Դատարանի 22.05.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը Բանկում ստացվել է 04.06.2020 թվականին։
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածը, քանի որ նշված հոդվածով սահմանված չէ որոշումը բողոքարկելու որևէ ժամկետ, այլ նշված է որոշման օրինական ուժի մեջ մտնելու կարգը, հետևաբար տվյալ պարագայում պետք է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.07.2020 թվականի «Բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատական ակտի բողոքարկման ժամկետը հաշվարկվում է այն ստանալու պահից:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է (տե՛ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչելով Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46 նաև նշել է, որ հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը:
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ թե դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 340-րդ հոդվածի 3-րդ մասը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար նույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` դատավարական օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Ըստ այդմ էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է դատավարական ժամկետների սահմանման, հաշվարկման, ավարտի, ինչպես նաև դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Ընդ որում բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի առանձին գլխով (Գլուխ 49) սահմանել է նաև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը, որը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ և պահպանմամբ: Ըստ այդմ էլ, տվյալ վարույթով գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է համապատասխան որոշում, որն ենթակա է հրապարակման վճռի հրապարակման կանոններին համապատասխան և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում: Ընդ որում դատարանի որոշումը կողմերին ուղարկվում է ընդունման պահից եռօրյա ժամկետում:
Հարկ է փաստել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով «Վարույթը վերաքննիչ դատարանում» վերտառությամբ բաժնում, մասնավորապես՝ «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» գլուխ 53-ում, օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահելով նաև վերը նշված ակտի բողոքարկման իրավունքը, հստակ սահմանել է նաև այդ ակտի դեմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը, այն է՝ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետ: Այսինքն, պայմանավորված տվյալ վարույթի առանձնահատկությամբ, օրենսդրորեն սահմանվել է վերաքննիչ բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս գործին մասնակցող անձանց բողոքարկելու դատարանի որոշումը այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, անկախ այն հանգամանքից՝ թե տվյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, թե՝ ոչ: Այլ կերպ ասած, վերը նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը ենթակա է հաշվարկման այն պահից սկսած, երբ անձն ստացել է այդ որոշումը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքում կայացված դատարանի որոշումը ստանալուց հետո անձը պահպանել է յոթնօրյա ժամկետը, ապա նրա կողմից չպետք է ներկայացվի դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, քանի որ նման միջնորդությունը վերը նշված պատճառաբանությամբ արդեն իսկ առարկայազուրկ է:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 22.05.2020 թվականի որոշմամբ մերժել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ Բանկի դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 103-109):
Դատարանի 22.05.2020 թվականի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 22.05.2020 թվականին (հիմք` «www.court.am» կայք):
Գործում առկա թիվ RL041108695AM փոստային անդորրագրի համաձայն՝ նշված որոշումը Բանկին ուղարկելու համար փոստին է հանձնվել 26.05.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 114)։ Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Դատարանի 22.05.2020 թվականի որոշումը Բանկի կողմից ստանալու փաստի վերաբերյալ:
Բանկի ներկայացուցչի կողմից 15.06.2020 թվականին փոստային առաքմամբ (հիմք` փոստային ծրար, հատոր 2-րդ, գ.թ. 19) ներկայացվել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ, ներկայացված վերաքննիչ բողոքով Բանկի ներկայացուցիչը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել այն, պատճառաբանելով, որ Դատարանի 22․05․2020 թվականի որոշումը Բանկում ստացվել է 04.06.2020 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 3-9):
Վերաքննիչ դատարանը 02.07.2020 թվականի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, և վերաքննիչ բողոքի ընդունումը այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է նշանակված օրը՝ 22.05.2020 թվականին, որը Բանկին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 26.05.2020 թվականին, (RL041108695AM գ.թ. 114)՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում(…)», և գտել է, որ «տվյալ դեպքում Դատարանի կողմից Բանկին բողոքարկվող դատական ակտն ուղարկելու առումով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները կատարվել են։ Բանկը որոշման բովանդակությանը կարող էր ծանոթանալ դրա հրապարակման օրը, ուստի որոշման բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսել է 23.05.2020 թվականին և ավարտվել է 03.06.2020 թվականին։ Այս պայմաններում բողոք բերած անձը կարող էր 23.05.2020 թվականից մինչև 03.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածում բողոքարկել որոշումը՝ անկախ դրա թղթային օրինակը ստանալու պահից, որն անհարգելի պատճառներով չի իրականացվել» (հատոր 2-րդ, գ.թ. 22-23):
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով քննության առարկա է դարձվել Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդության իրավաչափությունը, ուստի առաջին հերթին պարզաբանման է ենթակա այն հարցը, թե որ պահից է սկսվել սույն գործով դատական ակտը բողոքարկելու ժամկետը, քանի որ սույն գործով դատական ակտը բողոքարկման է ենթակա կողմերի կողմից այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը քննարկել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը` անտեսելով, որ սույն գործում բացակայում է դատական ակտը Բանկի կողմից ստացած լինելու հանգամանքը հավաստող որևէ ապացույց, իսկ Բանկի ներկայացուցիչն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանի որոշումը ստացվել է 04.06.2020 թվականին։ Հետևաբար 15.06.2020 թվականին փոստային առաքմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ բողոք բերած անձի կողմից պահպանվել է օրենքով սահմանված յոթ աշխատանքային օրվա ընթացքում վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով նշանակված օրը` 22.05.2020 թվականին հրապարակվելու հանգամանքը չէր կարող ազդել սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման վրա, քանի որ սույն գործի նյութերում փաստացի բացակայում է վերաքննիչ բողոք բերած անձի կողմից Դատարանի որոշումը ստանալու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:
Նման պայմաններում առարկայազուրկ են Վերաքննիչ դատարանի կողմից Բանկի ներկայացրած միջնորդությունը քննության առարկա դարձնելու հետևությունները` կապված Բանկի կողմից վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա չէր քննարկման, առավել ևս՝ մերժման:
Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն քննելով և մերժելով Բանկի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ առարկայազուրկ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրանց վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.07.2020 թվականի «Բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2020 թվականի «Բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. մԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|