Գլխավոր տեղեկություն
Համար
N 972-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 972-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) կենսաթոշակներն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 4 հավելվածի:.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված՝ կենսաթոշակներն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:».

3) որոշումը լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

4) որոշման N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետում «փոխելու համար» բառերը փոխարինել «փոխելու համար։ Կենսաթոշակն անկանխիկ եղանակով՝ Ազգային օպերատորի միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը) Ազգային օպերատորի հետ կնքում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր: Կենսաթոշակառուի պահանջով նրան տրամադրվում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթը, Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարին» բառերով և նախադասություններով,

բ. 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով՝

«6.2. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումին կից ներկայացվում է նաև սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը, եթե այդ դիմումով կենսաթոշակառուն կենսաթոշակն անկանխիկ եղանակով ցանկանում է ստանալ Ազգային օպերատորի միջոցով:»,

գ. 16.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.4-րդ կետով՝

«16.4. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները լրանալուց հետո բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը՝

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա վճարող կազմակերպությունը չի փոխվում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով՝ Ազգային օպերատորի միջոցով։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար վճարման եղանակը փոխելու համար կենսաթոշակառուն կարող է դիմել նաև բանկ (եթե կենսաթոշակառուն ցանկանում է կենսաթոշակը ստանալ տվյալ բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակառուն ցանկանում է կենսաթոշակը ստանալ Ազգային օպերատորի միջոցով): Բանկը կամ Ազգային օպերատորը մինչև 2021 թվականի հունիսի 23-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջհամակարգչային ցանցի միջոցով), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն են ներկայացնում՝

1) իրենց դիմած՝ սույն կետում նշված կենսաթոշակառուների տվյալները՝ կենսաթոշակառուի անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

2) բանկին դիմելու կամ Ազգային օպերատորին դիմելու, օրը ամիսը տարին.

3) Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու օրը ամիսը տարին (ներկայացնում է միայն Ազգային օպերատորը)։

4. Եթե սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով տրամադրված տվյալներով կենսաթոշակառուն չի նույնականացվում, ապա 2021 թվականի հուլիսի 1-ից նրա կենսաթոշակի վճարումը շարունակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով։

    

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 10-ի N 972-Ն որոշման

      

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի   Ձ Ե Վ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

         

քաղ. Երևան

 ______  _____________20 թ.

        

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս ծառայության պետ -ի, ով գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի մարտի 17-ի թիվ 37-Լ հրամանով հաստատված ծառայության կանոնադրության հիման վրա, և _____________ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն` ի դեմս __________________________ -ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

      

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

       

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) կենսաթոշակ` կենսաթոշակառուին վճարվող` կենսաթոշակի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարի, պատվովճարի, աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներ,

2) կենսաթոշակառու` անձ կամ նրա օրինական ներկայացուցիչ՝ ծնող, որդեգրող կամ խնամակալ, ում վճարվում է կենսաթոշակ,

3) Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն կենսաթոշակառուի անվամբ կատարողի մոտ բացված Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ, որը կիրառվում է կատարողի միջոցով կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար,

4) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

2. Պատվիրատուն կատարողին է տրամադրում սույն պայմանագրի N 1 ձևում նշված տեղեկատվությունը (այսուհետ` վճարման ցուցակ), իսկ կատարողը համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքով նույնականացնում է կենսաթոշակառուին և կենսաթոշակի գումարը մուտքագրում նրա անվամբ բացված Էլեկտրոնային փողի հաշվառման այդ հաշվին:

3. Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ՝

1) կենսաթոշակառուին իր Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները մարում է՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով վճարելու միջոցով կամ կենսաթոշակառուն իրականացնում է Էլեկտրոնային փողով վճարում.

2) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը (ոչ ուշ, քան վերջին անգամ կատարողին ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ կատարողին ներկայանալու միջոցով, Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստելը) համարվում է կենսաթոշակառուի կողմից կատարված, եթե նա, անձամբ կատարողին ներկայանալով, հայտարարություն է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին կամ նույնականացվել է և ստորագրել որևէ այլ փաստաթուղթ կամ կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստել է կատարողը։ Կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարելու համար դիմած կենսաթոշակառուի՝ վերջին անգամ կատարողին ներկայանալու ամիսը հաշվարկվում է նրա տվյալները վճարման ցուցակով պատվիրատուի կողմից կատարողին փոխանցելու ամսվանից սկսած.

3) կատարողը, փոստային առաքմամբ կամ տվյալների առկայության դեպքում՝ կենսաթոշակառուի գրավոր տրամադրած՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով (նշվածից իր համար նախընտրելի միջոցով), կենսաթոշակառուին պարտադիր տեղեկացնում է անձամբ կատարողին ներկայանալու միջոցով կամ սույն պայմանագրի 4-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստելու անհրաժեշտության մասին:

4. Կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը կատարողի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ կատարողին ներկայանալու, եթե կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը կատարողը հաստատել է՝

1) կատարողի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի գտնվելու վայր այցելությամբ.

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):

5. Սույն պայմանագրի 4-րդ կետում նշված՝ կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով:

6. Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին մուտքագրվում է բացառապես կենսաթոշակի գումարը (Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը համալրվում է բացառապես պատվիրատուի կողմից՝ կենսաթոշակի գումարով):

7. Կենսաթոշակառուին վճարվող՝ սույն պայմանագրի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ կենսաթոշակ համարվող բոլոր վճարների գումարները կատարողը մուտքագրում է կենսաթոշակառուի անվամբ բացված նույն Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին:

8. Կենսաթոշակառուի Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարները տնօրինելուն առնչվող հարաբերությունները, այդ թվում` Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի սպասարկմանն առնչվող, կարգավորվում են կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով:

9. Սույն պայմանագրի ձևերով նախատեսված տեղեկատվությունը և սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկատվությունները) պատվիրատուի և կատարողի միջև փոխանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային եղանակով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջհամակարգչային ցանցի միջոցով):

10. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը կատարողի կողմից պատվիրատուին մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 ձևով սահմանված տեղեկատվությունը պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի հաստատման պահից:

     

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

            

11. Կողմերն իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկել մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնել օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

12. Կատարողը պարտավոր է՝

1) համաձայն վճարման ցուցակի, հաշվի առնելով նաև սույն պայմանագրի 6-րդ կետի պահանջը՝ կենսաթոշակի գումարը մուտքագրել կենսաթոշակառուի Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով.

2) պատվիրատուի՝ սույն պայմանագրի N 3 ձևով սահմանված տեղեկատվությունը պարունակող կարգադրության (պահանջի) հիման վրա, այն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, դրանում նշված գումարի չափով, առանց կենսաթոշակառուի համաձայնության, նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից հետ գանձել միջոցները (բավարար միջոցներ չլինելու դեպքում` Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` միաժամանակ ապահովելով սույն պայմանագրի N 4 ձևով սահմանված տեղեկատվությունը պատվիրատուին ներկայացնելը: Կատարողը պատասխանատվություն չի կրում Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ մուտքագրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված այն գումարների համար, որոնք կենսաթոշակառուն (օգտագործողը) մարել է (Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից ելքագրվել են)՝ մինչև պատվիրատուից սույն ենթակետում նշված կարգադրությունը (պահանջը) ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.

3) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը պատվիրատուին տրամադրել սույն պայմանագրի N 5 ձևով սահմանված տվյալները («Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը չկատարած կենսաթոշակառուների վերաբերյալ).

4) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը պատվիրատուին տրամադրել սույն պայմանագրի N 6 ձևով սահմանված տվյալները («Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը կատարած կենսաթոշակառուների վերաբերյալ).

5) էլեկտրոնային եղանակով կամ կենսաթոշակառուի` կատարողին անձամբ ներկայացրած պահանջի դեպքում անվճար տրամադրել նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին մուտքագրված և մարված կենսաթոշակների գումարների մասին տեղեկատվություն (քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, կենսաթոշակառուի նախընտրած եղանակով՝ թղթային տարբերակով (տրամադրում է առձեռն կամ փոստային առաքմամբ) կամ էլեկտրոնային եղանակով (ուղարկում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին).

6) կենսաթոշակառուի անվամբ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը բացել և սպասարկել, ծառայությունները կենսաթոշակառուին մատուցել անվճար (առանց միջնորդավճարների).

7) կենսաթոշակառուին սպասարկել նաև այն դեպքում, երբ նա ներկայացնում է վճարման ցուցակում նշված` անձը հաստատող փաստաթղթից տարբեր այլ` անձը հաստատող վավերական փաստաթուղթ, եթե դրանով կատարողը կարողանում է նույնականացնել կենսաթոշակառուին:

13. Պատվիրատուն պարտավոր է`

1) տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի բանկային հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.

2) սույն պայմանագրով սահմանված դեպքերում կատարողին ներկայացնել սահմանված ձևի կարգադրություն.

3) կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի հետ համաձայնեցված կարգով արգելափակել կենսաթոշակի գումարի վճարումը.

4) «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը:

  

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

   

14. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:

15. Կատարողը կենսաթոշակառուի անվամբ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ բացելու և սպասարկելու, ծառայությունների մատուցման համար ծառայությունների վարձավճար չի գանձում:

  

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

16. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

17. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

18. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

19. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին կենսաթոշակառուին պատշաճ կարգով ծանուցել պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագրի իմաստով պատշաճ կարգով ծանուցում է համարվում պայմանագիրը լուծելու մասին դիմումում նշված` հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկատվություն ուղարկելը կամ կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեով ծանուցելը:

20. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարելու, ինչպես նաև չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:

21. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը, իսկ սույն պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքում` այդ կետում նշված համաձայնագրով նախատեսված` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը ներդնելու օրը և գործում է մինչև ____________ 20 ______ թվականը:

22. Ըստ անհրաժեշտության` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը մշակվում և ներդրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված` սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող լրացուցիչ համաձայնագրի համաձայն` սույն պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3-րդ ամսվանից ոչ ուշ:

    

V. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարության

միասնական սոցիալական

ծառայություն

_________________________________

 

_________________________________

  

Գտնվելու վայրը` ՀՀ, քաղ.

Երևան, Նալբանդյան 13

 

Գտնվելու վայրը`————————

 

Հեռ.` ———————————

      

Հեռ.` ———————————

            

Էլ. փոստ` —————————

                  

Էլ. փոստ` ———————————

 

          

ՀՎՀՀ` ———————————— (համապատասխան

լիազորություններով օժտված անձի պաշտոնը)

          

________________________________

(անունը, ազգանունը)

             

________________________________

(անունը, ազգանունը)

         

________________________________

(ստորագրությունը)

           

________________________________

(ստորագրությունը)

 

   

Ձև N 1

Ազգային օպերատորի կողմից

անկանխիկ եղանակով

կենսաթոշակների վճարման

ծառայությունների մատուցման

պայմանագրի

    

Ց Ա Ն Կ

  

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԿԱՏԱՐՈՂԻՆ

 

1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Կենսաթոշակառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը և վճարման ենթակա գումարի չափը.

5. Կենսաթոշակառուի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում):

 

Ձև N 2

Ազգային օպերատորի կողմից

անկանխիկ եղանակով

կենսաթոշակների վճարման

ծառայությունների մատուցման

պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ` ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՈՂԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ

 

1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).

2. Հաշվետու ամսվա տարեթիվը և ամիսը, որին վերաբերում է փոխադարձ հաշվարկների ակտը.

3. Հաշվետու ամսվա վճարման ցուցակներում ներառված կենսաթոշակառուների ընդհանուր թիվը.

4. Հաշվետու ամսվա վճարման ցուցակների հիման վրա վճարման ենթակա (կատարողին փոխանցված) կենսաթոշակների ընդհանուր գումարը.

5. Կենսաթոշակների գործերի թիվը, որոնց Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներից կենսաթոշակների գումարները Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվետու ամսվա ընթացքում, պատվիրատուի համապատասխան կարգադրության հիման վրա, կատարողը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (ըստ գանձապետական հաշիվների).

6. Պատվիրատուի կարգադրության հիման վրա հաշվետու ամսվա ընթացքում կատարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձված կենսաթոշակների գումարների հանրագումարը․

7. Հաշվետու ամսվա ընթացքում կատարողին փոխանցված կենսաթոշակների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ըստ գանձապետական հաշիվների, վերադարձված գումարների տարբերությունը:

 

Ձև N 3

Ազգային օպերատորի կողմից

անկանխիկ եղանակով

կենսաթոշակների վճարման

ծառայությունների մատուցման

պայմանագրի

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ (ՍԽԱԼ) ՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԿԱՏԱՐՈՂԻՆ

 

1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Կենսաթոշակառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը և վճարման ենթակա գումարի չափը.

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված կենսաթոշակի տեսակը.

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված (վճարման ցուցակով փոխանցված) կենսաթոշակի` վերադարձման ենթակա գումարի չափը.

7. Գանձապետական հաշիվը, որին պետք է փոխանցել (վերադարձնել) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված գումարը:

 

Ձև N 4

Ազգային օպերատորի կողմից

անկանխիկ եղանակով

կենսաթոշակների վճարման

ծառայությունների մատուցման

պայմանագրի

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ (ՍԽԱԼ) ՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՈՂԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ

    

1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Կենսաթոշակառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ենթակա՝ կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը և վճարման ենթակա գումարի չափը.

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի փոխանցված (վերադարձված)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված կենսաթոշակի գումարի չափը.

6. Գանձապետական հաշիվը, որին փոխանցվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված կենսաթոշակի գումարը.

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

Ձև N 5

Ազգային օպերատորի կողմից

անկանխիկ եղանակով

կենսաթոշակների վճարման

ծառայությունների մատուցման

պայմանագրի

   

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋԸ ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԿԱՏԱՐԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՈՂԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ

        

1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Կենսաթոշակառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Կենսաթոշակի գործի համարը.

5. Վերջին անգամ կատարող ներկայանալու (Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ բացելու համար կենսաթոշակառուի տվյալներն ստանալու) օրը, ամիսը, տարեթիվը, ստորագրած փաստաթղթի անվանումը:

   

Ձև N 6

Ազգային օպերատորի կողմից

անկանխիկ եղանակով

կենսաթոշակների վճարման

ծառայությունների մատուցման

պայմանագրի

  

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋԸ ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՈՂԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ

    

1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Կենսաթոշակառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Կենսաթոշակի գործի համարը.

5. Կատարողին ներկայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ստորագրած փաստաթղթի անվանումը կամ նշում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը կատարողի կողմից տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կամ կատարողի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի գտնվելու վայր այցելելու միջոցով հաստատելու վերաբերյալ:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2021 թվական: