Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.03.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1118/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ/1118/05/16

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան  

Դատավորներ՝

Ա. Բաբայան

 

Ա. Թովմասյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անաիդ Մարաբյանի ընդդեմ Ծառայության՝ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անաիդ Մարաբյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Չարենցավան քաղաքի Երիտասարդության և Տերվիշյան փողոցների հատման չկարգավորվող խաչմերուկում 25.10.2015 թվականի դրությամբ «Գլխավոր» և «Երկրորդական» ճանապարհների հստակ տարբերակման համար անհրաժեշտ ճանապարհային նշաններ տեղակայված չլինելու առնչությամբ Ծառայության անգործությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) 24.11.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Ա. Բաբայան, դատավորներ՝ Հ. Բեդևյան, Ա. Առաքելյան) 13.10.2017 թվականի որոշմամբ Անաիդ Մարաբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 24.11.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 17.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 13.02.2014 թվականի թիվ 265-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ստորադաս դատարանի բացթողումները, մասնավորապես՝ փորձագետին Դատարան չհրավիրելը, Չարենցավան համայնքին գործին մասնակից չդարձնելը: Դատարանը նույնիսկ չի պարզել, թե, օրինակ, պետությունը բացի իրավական ակտերով սահմանելուց, կոնկրետ ում բյուջեով է նախատեսել նշանների տեղադրումը, կոնկրետ խաչմերուկում նշաններն ում կողմից են տեղադրվել, բացակայող նշանն ում կողմից է վերատեղադրվել և այլն։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Չարենցավան քաղաքի Երիտասարդական և Տերվիշյան փողոցների խաչմերուկում ինչպես «Գլխավոր», այնպես էլ «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշաններն ի սկզբանե պետության կողմից պատվիրակված լիազորությունների և տրամադրված միջոցների շրջանակներում տեղադրված են եղել Չարենցավան համայնքի կողմից, այնուհետև վթարի փաստով «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանի բացակայության մասին իրազեկվելուց հետո ևս վերատեղադրվել է համայնքի կողմից: Ծառայությունը Չարենցավան համայնքում որևէ նշան տեղադրելու պարտավորություն չի ունեցել և չի տեղադրել:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետի միջև առկա է հակասություն։ Մինչդեռ երկու տարբեր իրավական ակտերով լիազորություններ են սահմանվում երկու մարմինների համար, և յուրաքանչյուրը պետք է գործի որոշակի տարածքում և ժամկետներում պատվիրակված լիազորությունների (տրամադրված միջոցների) շրջանակներում, մասնավորապես, Երևան քաղաքում՝ Ծառայությունը, այլ համայնքներում՝ համապատասխան համայնքի ղեկավարը:

Ավելին, անգամ իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համատեքստում կատարված ժամանակագրական վերլուծությունն է սխալ, քանի որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետը սահմանվել է ՀՕ-171-Ն իրավական ակտով, որն ուժի մեջ է մտել ոչ թե 03.09.2005 թվականից, ինչպես նշել է Վերաքննիչ դատարանը, այլ՝ 25.12.2010 թվականից և նույնիսկ հակասության պայմաններում միևնույն հիմնավորմամբ պետք է գործի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որն ուժի մեջ է մտել ավելի վաղ՝ 06.01.2007 թվականից:

Միաժամանակ, «Զիջեք Ճանապարհը» և «Գլխավոր ճանապարհ» նշանները իրենց երկրաչափական տեսքով ակնհայտ տարբերվում են ճանապարհային մյուս նշաններից և դրանք կարելի է ճանաչել նույնիսկ հակառակ կողմից, հետևաբար խաչմերուկի մյուս կողմում առկա նշանը բավարար էր, որպեսզի վարորդը հասկանար, որ պետք է զիջի ճանապարհը: Բացի այդ, եթե անգամ վարորդը համարել է, որ մուտք է գործում հավասարազոր ճանապարհների խաչմերուկ, ապա պարտավոր էր զիջել աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին, ինչն ըստ փորձագետի չէր կարող անել 60 կմ/ժ արագությամբ երթևեկելու պատճառով, հետևաբար, վարորդը, խախտել է նաև Ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ կետի պահանջները, ինքն իրեն զրկել է տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, որին ևս փորձագետը չի անդրադարձել:

Վերոգրյալ վերլուծությունից ակնհայտ է, որ վարորդներից յուրաքանչյուրի ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը և ժամանակին արգելակումը հնարավորություն կտար խուսափել վթարից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի «Նյութերով վարչական վարույթը կարճելու մասին» 22.01.2016 թվականի որոշման համաձայն` 25.10.2015 թվականին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան և Երիտասարդության փողոցները հատող խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով վարչական վարույթը կարճվել է՝ վարույթի հիմնական և լրացուցիչ ժամկետներն ավարտված լինելու հիմնավորմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 12)։

2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչին «Մերսեդես Բենց C240» մակնիշի «35DU956» համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սևակ Մարաբյանի կողմից տրված բացատրության համաձայն` ուղևորը և ինքն իր ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասից ուղևորվել են դեպի Չարենցավան քաղաքի եկեղեցու ուղղությամբ։ Երբ հասել են Չարենցավան քաղաքի նախկին կինոթատրոնի մոտ գտնվող խաչմերուկին, թեքվել է դեպի աջ, ընթացել է դեպի հաջորդ խաչմերուկը, որն ուղիղ անցնելուց հետո պետք է հասներ եկեղեցու մոտ։ Երբ հասել է նշված խաչմերուկին, ավտոմեքենան վարում էր մոտ 35 կմ/ժ արագությամբ, ճանապարհի երթևեկելի աջ հատվածով։ Մինչև խաչմերուկ հասնելը նկատել է, որ ճանապարհային նշաններ տեղադրված չեն, դրանից հասկացել է, որ խաչմերուկի փողոցները հավասարազոր են, շարունակելով ընթանալ դեպի խաչմերուկ և համոզվելով, որ իր աջ կողմից երթևեկող ավտոմեքենաներ չկան, մտել է խաչմերուկ։ Այդ ժամանակ նայել է նաև ձախ, սակայն ավտոմեքենա չի նկատել։ Երբ դիմացը նայելով գրեթե անցել էր խաչմերուկը, ձախ կողմից հանկարծ հարված է զգացել, որի հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, այն ընթացել է դեպի աջ, և առջևի հատվածով բախվելով ճանապարհի եզրին գտնվող պատնեշին` կանգ է առել (հատոր 2-րդ, գ.թ. 35-36)։

3) ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 04.11.2015 թվականի որոշման համաձայն` 25.10.2015 թվականին` ժամը 10։30-ի սահմաններում, Մովսես Կարապետյանն իր կողմից վարած «Վազ 21063» մակնիշի «34DM305» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցով երթևեկելու ժամանակ Չարենցավան քաղաքի Տերվիշյան և Երիտասարդության փողոցները հատող խաչմերուկում բախվել է Տերվիշյան փողոցով երթևեկող և նշված խաչմերուկը հատող` Սևակ Մարաբյանի կողմից վարած «Մերսեդես Բենց C240» մակնիշի «35DU956» հաշվառման համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցի վրա առկա է ճանապարհային երթևեկության կանոնների 2.3.1 նշանը, որն ազդել է Մովսես Կարապետյանի երթևեկությանը, իսկ Չարենցավան քաղաքի Տերվիշյան փողոցի վրա Սևակ Մարաբյանի երթևեկությանն ազդող ճանապարհային նշաններ չկան։ Նշված որոշմամբ որոշվել է Չարենցավան քաղաքի Տերվիշյան և Երիտասարդության փողոցները հատող խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի դեպքով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 21-23)։

4) Ծառայության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության խմբի տեսուչին Մովսես Կարապետյանի տված բացատրության համաձայն` 25.10.2015 թվականին` ժամը 10։30-ի սահմաններում, իր կողմից վարած «Վազ 2106» մակնիշի «34DM305» պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկել է Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցով` հիվանդանոցից դեպի այգու ուղղությամբ` 50-60 կմ/ժ արագությամբ, աջ եզրից 0,5-1 մետր հեռավորությամբ։ Երբ հասել է Տերվիշյան և Երիտասարդության խաչմերուկ, մոտ 3-4 մետր հեռավորությունից նկատել է, որ աջ կողմից Երիտասարդության փողոց մուտք է գործել և իր ավտոմեքենայի դիմացը փակել է «Մերսեդես Բենց C240» մակնիշի «35DU956» հաշվառման համարանիշի ավտոմեքենան։ Նշել է, որ մինչև բախումը նկատել է իր համար գլխավոր ճանապարհի նշանը (հատոր 2-րդ, գ.թ. 14)։

5) ՀՀ ոստիկանության ՓՔՎ ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժնի փորձագետի 11.01.2016 թվականի թիվ 230ա-15 եզրակացության համաձայն` պատահարի պարագաներում Երիտասարդության փողոցով Տերվիշյան փողոցի հետ հատման խաչմերուկին մոտեցող «Վազ 21063» մակնիշի «34DM305» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը խաչմերուկից առաջ իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի աջ կողմում ճանապարհային երթևեկության կանոնների 2.3.1 «Հատում երկրորդական ճանապարհի հետ» ճանապարհային առավելության նշան տեղադրված լինելու տվյալ պայմաններում այդ ճանապարհների հատման խաչմերուկն իրավասու է եղել դիտելու որպես անհավասարազոր ճանապարհային հատման չկարգավորվող խաչմերուկ, հետևաբար, իրավասու է եղել հաշվի առնելու, որ տվյալ խաչմերուկն անցնելու հերթականության առումով առավելությունը պատկանում է իրեն, ու հատող ճանապարհով խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները, մասնավորապես, տվյալ կոնկրետ դեպքում, Տերվիշյան փողոցով խաչմերուկին մոտեցող «Մերսեդես Բենց C240» մակնիշի «35DU956» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը, պարտավոր է եղել զիջելու ճանապարհը։ Միաժամանակ, պատահարի պարագաներում Տերվիշյան փողոցով Երիտասարդության փողոցի հետ հատման խաչմերուկին մոտեցող «Մերսեդես Բենց C240» մակնիշի «35DU956» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը խաչմերուկից առաջ իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ ճանապարհային նշաններ ու, մասնավորապես՝ առավելության նշանները տեղադրված չլինելու տվյալ պայմաններում, այդ ճանապարհների հատման խաչմերուկը, իր հերթին, տեխնիկական առումով իրավասու է եղել դիտելու որպես հավասարազոր ճանապարհների հատման չկարգավորվող խաչմերուկ, հետևաբար, իրավասու է եղել հաշվի առնելու, որ Երիտասարդության փողոցով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության ձախ կողմից խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների նկատմամբ տվյալ խաչմերուկն անցնելու հերթականության առումով առավելությունը պատկանում է իրեն, ու Երիտասարդության փողոցով նշված ուղղությամբ խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները, մասնավորապես` տվյալ կոնկրետ դեպքում «Վազ 21063» մակնիշի «34DM305» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը, պարտավոր է եղել զիջելու ճանապարհը։ Առաջադրված պայմաններում ինչպես «Վազ 21063» մակնիշի «34DM305» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը, այնպես էլ «Մերսեդես Բենց C240» մակնիշի «35DU956» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը, մինչև հատվող ճանապարհով խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի` ճանապարհն իրեն չզիջելու հանգամանքով պայմանավորված իր երթևեկության համար վտանգի առաջացման պահը, տեխնիկական տեսակետից իրավասու են եղել շարունակելու երթևեկությունն ու սկսելու խաչմերուկի հատումը և, նշված առումով ինչպես «Վազ 21063» մակնիշի «34DM305» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի, այնպես էլ «Մերսեդես Բենց C240» մակնիշի «35DU956» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից իրականացված երթևեկությունը տեխնիկական տեսակետից թույլատրելի է եղել և չի հակասել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին։ Առաջադրված պայմաններում ինչպես «Վազ 21063» մակնիշի «34DM305» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը, այնպես էլ «Մերսեդես Բենց C240» մակնիշի «35DU956» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չեն ունեցել, և նրանց կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից կհակասեին ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին ու պայմանավորած լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը, չեն դիտվել։ Նույն եզրակացության «Կանխարգելիչ առաջարկություն» բաժնի համաձայն` առաջադրված պայմաններում տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումն ըստ էության տեխնիկական առումով պայմանավորված է եղել դեպքի պահին տվյալ խաչմերուկում երթևեկության կարգը, այն է` խաչմերուկի անցման հաջորդականությունը, համապատասխան տեխնիկական միջոցների տեղադրությամբ միանշանակ կերպով սահմանված չլինելու հանգամանքով, մասնավորապես` խաչմերուկում հատվող փողոցները ոչ բոլոր կողմերից առավելության ճանապարհային նշաններով կահավորված չլինելը (դրանց բացակայությունը) տեխնիկական տեսակետից անթույլատրելի է եղել և չի համապատասխանել ԳՕՍՏ Ռ 52289-2004 ստանդարտով նմանատիպ խաչմերուկներում ճանապարհային նշանների տեղակայման ու դրանց միջոցով գլխավոր և երկրորդական ճանապարհների սահմանման վերաբերյալ համապատասխան պահանջներին, ինչպիսի պայմաններում էլ տվյալ կոնկրետ դեպքում Երիտասարդության փողոցով և Տերվիշյան փողոցով ընթացող համապատասխանաբար ինչպես «Վազ 21063» մակնիշի, «34DM305» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը, այնպես էլ «Մերսեդես Բենց C240» մակնիշի, «35DU956» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդն իրավասու են եղել հաշվի առնելու, որ տվյալ խաչմերուկը հատելու հերթականության առումով առավելությունը պատկանում է իրեն։ Ընդ որում, տվյալ հանգամանքով էլ տեխնիկական տեսակետից պայմանավորված է տվյալ պատահարի առաջացումը (հատոր 2-րդ, գ.թ. 42-47):

6) Սույն գործում բացակայում է որևէ ապացույց, թե ինչ տեսակի ճանապարհներ են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան և Երիտասարդության փողոցները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ առանձին դեպքերում վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության մարզում գտնվող ճանապարհին որոշակի ճանապարհային նշանների բացակայության պայմաններում վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու առանձնահատկություններին։

 

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման ու պահպանման, դասակարգման, գրանցման տնտեսական, իրավական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև կարգավորում է այդ գործառույթներն իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավահարաբերությունները:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային կահավորանքը ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգ է: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ գծանշումները և այլն:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են` ա) ընդհանուր օգտագործման ճանապարհներ, բ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են` ա) ավտոմոբիլային ճանապարհներ, բ) բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհներ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են` ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ), բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ), գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ): Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները)` ըստ նշանակության, դասակարգվում են` ա) Երևանի քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների), բ) քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների), գ) գյուղական նշանակության ճանապարհներ (բացառությամբ գյուղական համայնքի միջով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների):

 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը`

ա) մշակում և իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը.

բ) ապահովում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբերումը, տեղադրումն ու շահագործումը.

գ) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման վերաբերյալ.

դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները.

ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների նկարագիրը.

զ) հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանմանն է ներկայացնում ճանապարհային նշաններին և լուսացույցներին ներկայացվող պահանջները:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողներն իրականացնում են՝ ավտոմոբիլային ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով:

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) տնօրինելու և կառավարելու լիազորություններն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

Իրացնելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունը՝ ՀՀ կառավարությունը 13.02.2014 թվականի թիվ 265-Ն որոշմամբ սահմանել է նաև ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները կառավարող և տնօրինող մարմիններին։ ՀՀ կառավարությունն այդ որոշման 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ճանապարհային մարմին է սահմանել` 1) կառավարման մասով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը. 2) տնօրինման մասով` ա. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` նույն որոշման հավելվածում նշված միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող՝ այդ ճանապարհների մաս հանդիսացող հատվածների, բ. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` նույն որոշման հավելվածում նշված համապատասխան մարզային նշանակության ավտոճանապարհների մասով:

ՀՀ կառավարությունը 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատել է ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները: Նշված որոշման թիվ 3 հավելվածի 13-րդ կետի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն՝ նշանների տարաբաշխումը հաստատում և կազմակերպում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ճանապարհը տնօրինող և շահագործող լիազորված մարմիններն ու անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ համատեղ` ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ, իսկ 29-րդ կետի համաձայն՝ տեղակայվող նշանների (...) տեղակայման վայրերը որոշվում են տարաբաշխմամբ: Ընդհանուր օգտագործման պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ճանապարհներին և դրանց առանձին տեղամասերում նշանները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ճանապարհը տնօրինող և շահագործող լիազորված մարմնի կամ անձի որոշմամբ տեղակայում, ինչպես նաև դրանք հանում ու փոփոխում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` համաձայնեցնելով ճանապարհային ոստիկանության հետ:

Միաժամանակ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 131-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը նույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երևան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ։

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ ՀՀ կառավարությունը 13.02.2014 թվականի թիվ 265-Ն որոշման հավելվածով նախատեսված ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին երթևեկության կազմակերպման կահավորանքի, այդ թվում նաև՝ ճանապարհային նշանների, ձեռքբերման, տեղադրման ու շահագործման ապահովման լիազորությամբ օժտված հանրային իշխանության մարմինը, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն է (միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների դեպքում) կամ տվյալ ավտոմոբիլային ճանապարհների գտնվելու համապատասխան մարզի մարզպետը (մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների դեպքում):

Ինչ վերաբերում է բնակավայրերի (համայնքների) փողոցներին (ճանապարհներին), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն՝ համապատասխան համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ։ Ընդ որում, երթևեկության անվտանգության մասով նշված որոշումները ենթակա են համաձայնեցման պետական լիազոր մարմնի հետ։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին տեղակայվող ճանապարհային նշանների տեղակայման վայրերը որոշում են ճանապարհը տնօրինող և շահագործող լիազորված մարմիններն ու անձինք Հայաստանի Հանրապետության ոստիկանության (դրա իրավասու մարմնի) հետ համատեղ` ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Անաիդ Մարաբյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Չարենցավան քաղաքի Երիտասարդության և Տերվիշյան փողոցների հատման չկարգավորվող խաչմերուկում 25.10.2015 թվականի դրությամբ «Գլխավոր» և «Երկրորդական» ճանապարհների հստակ տարբերակման համար անհրաժեշտ ճանապարհային նշաններ տեղակայված չլինելու առնչությամբ Ծառայության անգործությունը։

Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ Չարենցավան քաղաքի Երիտասարդության և Տերվիշյան փողոցների խաչմերուկում անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային նշանների տեղադրման, դրանց շահագործման ու պահպանման պարտականությունը կրել է Ծառայությունը, իսկ 25.10.2015 թվականին նշված խաչմերուկում տեղադրված չեն եղել անհրաժեշտ ճանապարհային նշանները, մասնավորապես` ճանապարհները «Գլխավոր» և «Երկրորդական» լինելու հանգամանքը բացահայտող ճանապարհային նշանները, որպիսի հանգամանքով էլ, տեխնիկական տեսակետից, պայմանավորված է եղել տվյալ պատահարի առաջացումը, և գտել են, որ Ծառայությունը, ոչ պատշաճ իրականացնելով ճանապարհային նշանների տեղադրման, շահագործման աշխատանքների կատարման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների՝ տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ հսկողությունը և, փաստացի, չիրականացնելով անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների (ճանապարհային նշանների) տեղադրումը` դրսևորել է ոչ իրավաչափ անգործություն։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է նաև, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի իրավադրույթների հրամայական պահանջների համակցության մեջ ճանապարհային նշանների տեղադրման լիազորությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը` ի դեմս «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, և տվյալ վարչական մարմինն էլ պատասխանատու է դրանց համար և սույն գործով հանդիսանում է պատշաճ պատասխանող։ Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ վթարային իրադրության ստեղծումը և տվյալ պատահարի առաջացումն առաջին հերթին պայմանավորված են եղել ոչ թե երթևեկության մասնակիցների վարքագծով, այլ՝ պատահարի վայրում ճանապարհային երթևեկության ոչ պատշաճ և սխալ կազմակերպմամբ, ի մասնավորի, խաչմերուկում ճանապարհներից մեկում առավելություն տվող նշանի տեղադրման պայմաններում մյուս ճանապարհում զիջելու նշանի բացակայությամբ, որպիսի պարագայում պատասխանող վարչական մարմնի կողմից թույլ է տրվել ոչ իրավաչափ անգործություն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության առումով չի ապահովվել Չարենցավան քաղաքի Երիտասարդության և Տերվիշյան տանող փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության պատշաճ կարգավորումը համապատասխան ճանապարհային նշաններով` ճանապարհի կահավորմամբ։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային նշանները պետք է տեղադրվեն ոչ թե կամայականորեն, այլ իրավասու մարմնի կողմից կայացված համապատասխան որոշման հիման վրա։ Ընդ որում, այդ որոշումը կայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը որոշակիորեն տարբերվում է՝ կախված կոնկրետ ճանապարհի տեսակից (միջպետական, հանրապետական կամ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհ կամ բնակավայրի (համայնքի) փողոց (ճանապարհ))։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կոնկրետ ճանապարհի տեսակի հաշվառմամբ անհրաժեշտ էր նախ պարզել, թե արդյոք առկա է եղել իրավասու մարմնի կողմից կայացված համապատասխան որոշում, որի համաձայն՝ Մովսես Կարապետյանի և Անաիդ Մարաբյանին պատկանող, Սևակ Մարաբյանի վարած ավտոմեքենաների միջև տեղի ունեցած պատահարի պահին այդ վայրում ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի թիվ 1 Ձևի 2-րդ գլխում սահմանված առավելության նշանների առկայությունը պարտադիր էր, և քննարկվող վայրում կոնկրետ որտեղ և ինչ ճանապարհային նշանի (նշանների) տեղադրում էր նախատեսված։ Այդ հարցը պարզելու համար գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքի ուժով պետք է ձեռնարկվեին համարժեք միջոցներ՝ գործի լուծման համար անհրաժեշտ այդ փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կոնկրետ ճանապարհային հատվածում ճանապարհային նշաններ չտեղադրելը, որպես անգործություն վարչական մարմնին կարող է վերագրվել միայն այն դեպքում, երբ այդ մարմինը կրել է դրանց տեղադրումն ապահովելու լիազորություն, իսկ, ինչպես նշվեց, ճանապարհային նշանները պետք է տեղադրվեն համապատասխան որոշման հիման վրա։ Այսպիսով, քանի դեռ չի պարզվել իրավասու մարմնի կողմից կայացված՝ քննարկվող վայրում ճանապարհային նշանների տեղադրում նախատեսող որոշման առկայությունը և դրա բովանդակությունը, առարկայազուրկ է որևէ ճանապարհային նշան չտեղադրելու համար վարչական մարմնին անգործություն վերագրելու հարցի քննարկումը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է ճանապարհային նշաններ տեղադրելու լիազորությամբ օժտված սուբյեկտի հարցում օրենսդրական կարգավորումների հակասություն։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի («ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողներն իրականացնում են ավտոմոբիլային ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով») և իրավահարաբերության ծագման պահին գործող «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղադրում է ճանապարհային լուսացույցներ և նշաններ, իրականացնում է ճանապարհային գծանշումներ») միջև առկա է հակասություն, ուստի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 07.04.2018 թվականին) 24-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, տվյալ դեպքում` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 03.09.2005 թվականին) 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետը, քանի որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ուժի մեջ է մտել ավելի ուշ` 06.01.2007 թվականից:

Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի կիրառելիությունն առհասարակ քննարկելու համար անհրաժեշտ է նախ պարզել, թե տվյալ դեպքում պատահարն ինչպիսի ճանապարհին է տեղի ունեցել, քանի որ քննարկվող իրավանորմը վերաբերում է միայն միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, սակայն ոչ՝ բնակավայրերի (համայնքների) փողոցներին (ճանապարհներին)։

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, (…):

Տվյալ դեպքում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված իրավանորմն ուժի մեջ է մտել 06.01.2007 թվականին, իսկ իրավահարաբերության ծագման պահին գործող «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետը սահմանվել է 25.12.2010 թվականին ուժի մեջ մտած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե Վերաքննիչ դատարանը գտնում էր, որ քննարկվող երկու իրավանորմերի միջև առկա է հակասություն, ապա այդ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետք է կիրառեր ոչ թե իրավահարաբերության ծագման պահին գործող «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետը, այլ՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը։

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ վարորդներից յուրաքանչյուրի ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը և ժամանակին արգելակումը հնարավորություն կտար խուսափել վթարից, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված հարցի պարզումն ըստ էության վերաբերում է վթարի առաջացման պատճառներին, այլ կերպ ասած՝ պատասխանողին վերագրվող ենթադրյալ անգործության և տեղի ունեցած վթարի և հնարավոր վնասի միջև պատճառահետևանքային կապին, ուստի այն ըստ էության գնահատելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այդ հանգամանքի պարզումը չի կարող որևէ նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար։ Քննարկվող հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արմեն Թումանյանն ընդդեմ Կոտայքի մարզպետի թիվ ՎԴ/8765/05/13 վարչական գործով 07.04.2018 թվականի որոշմամբ՝ արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դատարանը պարտավոր է գնահատել բացառապես այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողության կամ անգործության իրավաչափությունը և չի կարող քննարկման առարկա դարձնել վարչական ակտի, գործողության կամ անգործության ու դրանց հետևանքով առաջացած հնարավոր վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության կամ բացակայության հարցը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու և պատասխանողի կողմից դրսևորված անգործության առկայությունը և այդ անգործության իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան