Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-105-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (20.08.2004-24.05.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.891
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տնտեսության բնագավառների ականավոր գործիչներին, կոլեկտիվներին պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է պատվավոր կոչումներ շնորհելու կարգն ու պայմանները:

 

Հոդված 2. ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

Հոդված 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տնտեսության բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության հետևյալ պատվավոր կոչումները (այսուհետ` պատվավոր կոչումներ).

ա) Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ.

բ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ.

գ) Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ.

դ) Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ.

ե) Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ.

զ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ.

է) Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ.

ը) Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ.

թ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ.

ժ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող.

ժա) Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ.

ժբ) Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող.

ժգ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան.

ժդ) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ.

ժե) Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ:

 

Հոդված 4. ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում գիտնականներին, գիտական աշխատողներին` արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործությունների և գյուտերի, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 5. ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար:

 

Հոդված 6. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` բարձր վարպետության, աչքի ընկնող բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, ռադիոբեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 7. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Ժողովրդական նկարչի պատվավոր կոչում է շնորհվում կերպարվեստի ականավոր գործիչներին` գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման, ինչպես նաև բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, համընդհանուր ճանաչում ունենալու և բացառիկ վաստակի համար:

 

Հոդված 8. ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին` բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստելու համար:

 

Հոդված 9. ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Վաստակավոր նկարչի պատվավոր կոչում է շնորհվում կերպարվեստի գործիչներին, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի գործիչներին և գեղարվեստական արհեստագործության վարպետներին` բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու և իրենց գործունեությամբ արվեստի զարգացմանը նպաստելու համար:

 

Հոդված 10. ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին և արվեստի մյուս գործիչներին` տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, ինչպես նաև արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու համար:

 

Հոդված 11. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, խմբերգային, երաժշտական, պարային և այլ կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարներին, բեմադրիչներին, կոմպոզիտորներին, խմբավարներին, կոնցերտմայստերներին, երաժիշտ-կատարողներին, ճարտարապետներին, լրագրողներին, գրականության և մշակույթի զարգացման բնագավառներում աչքի ընկնող և վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի, հրատարակչությունների, թանգարանների, գրադարանների և մշակույթի այլ աշխատողներին` բարձր վարպետության, մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և արժեքավոր ստեղծագործությունների համար:

 

Հոդված 12. ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում է շնորհվում ճարտարապետության զարգացման գործում բացառիկ վաստակ ունեցող ճարտարապետներին` քաղաքաշինության բնագավառում ստեղծարար գործունեության, ճարտարապետական կադրերի պատրաստմանն ակտիվորեն մասնակցելու և համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի և շինությունների ստեղծման համար:

 

Հոդված 13. ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում է շնորհվում մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, ովքեր իրենց գործունեությամբ ակտիվորեն նպաստել են ոլորտի զարգացմանը, ինչպես նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացին:

 

Հոդված 14. ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺՇԿԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվում առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագիտական բացառիկ կարողություններ, անձնվիրություն, ակնառու վաստակ և հաջողություններ ունեցող բժիշկներին` առողջապահության, բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների և ճանաչման համար:

 

Հոդված 15. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում է շնորհվում արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի բնագավառներում առնվազն 15 տարի աշխատած, բարձր որակավորում ունեցող աշխատողներին` իրենց ակնառու պրակտիկ գործունեության, կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 16. ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվում այդ բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավաբաններին` իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և բացառիկ մասնագիտական կարողությունների դրսևորման համար:

 

Հոդված 17. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի այն աշխատողներին, մարզիկներին, մարզիչներին, ովքեր մեծ հաջողություններ են ունեցել միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում, ունեն վաստակ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում, ընդ որում` կազմակերպական, մանկավարժական, մեթոդական, բուժական ֆիզկուլտուրայի, գիտահետազոտական աշխատանքներում, և իրենց ակտիվ գործունեությամբ նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

 

Հոդված 18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչում է շնորհվում այն կոլեկտիվներին, որոնք նպաստել են գիտության, կրթության, մշակույթի զարգացմանը, ունեցել են մեծ վաստակ և ցուցաբերել բարձր կատարողական վարպետություն:

 

Հոդված 19. «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առանձին պատվավոր կոչումների համար սահմանվում է երկու աստիճան` վաստակավոր և ժողովրդական: «Ժողովրդական» պատվավոր կոչում, որպես կանոն, կարող է շնորհվել «վաստակավոր» պատվավոր կոչումը շնորհելուց ոչ պակաս, քան հինգ տարի հետո: Անձին շնորհվում է մեկ պատվավոր կոչում:

 

Հոդված 20. ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԱԳԻՐԸ և ԿՐԾՔԱՆՇԱՆԸ

 

Պատվավոր կոչումների արժանացած անձանց շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան:

 

Հոդված 21. ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՎՈՎՃԱՐԸ

 

«Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 22. ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով:

Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 

Հոդված 23. ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Պատվավոր կոչումների շնորհումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանդիսավոր արարողության և հրապարակայնության պայմաններում հանձնելով շնորհագիրն ու կրծքանշանը:

Պատվավոր կոչումները շնորհվում են ցմահ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 24. ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Այն անձանց, կոլեկտիվներին, որոնց մինչև սույն օրենքի ընդունումը շնորհվել են պատվավոր կոչումներ, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված պատվավոր կոչումներին:

 

Հոդված 25. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հոդված 26. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-105-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.2014, ՀՕ-100-Ն 09.08.2014, ՀՕ-105-Ն
10.04.2008, ՀՕ-31-Ն 24.05.2008, ՀՕ-105-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան