Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0554/11/19

Գործ թիվ ԵԴ/0554/11/19

Նախագահող դատավոր՝  ՍՄարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2020 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 2 որոշման դեմ դիմող Վարտգեզ Լիվանի Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Վարտգեզ Գասպարիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է թիվ 15864618 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2018 թվականի սեպտեմբերի 24-ին քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին)՝ նախաքննություն կատարելու համար։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցվել է։

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Վ․Գասպարիի ներկայացուցիչ Տ․Եգորյանի բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս․Անդրեասյանի՝ 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ մերժվել է։

2. Դիմող Վ․Գասպարիի ներկայացուցիչ Տ․Եգորյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Վ.Գասպարիի իրավունքների խախտումը:

3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար ԳՄարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի մարտի 2-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմող Վ․Գասպարիի ներկայացուցիչ Տ․Եգորյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետին ուղղված 2019 թվականի հուլիսի 24-ի գրությամբ խնդրել է դատարան ներկայացնել դիմողի ներկայացուցչի բողոքի վերաբերյալ նյութերը1։

6 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի գրությամբ Առաջին ատյանի դատարան են ուղարկվել թիվ 15864618 քրեական գործի նյութերը՝ լազերային սկավառակով2:

7 Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ քրեական գործով վարույթը կասեցնելը վաղաժամ է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության մարմնի կողմից իրականացված քննչական գործողությունները բավարար չեն եղել:

(...) [Հ]անցագործությունը չի բացահայտվել, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը չի բացահայտվել, որի հետևանքով խախտվել են տուժող Վ.Գասպարիի իրավունքներն ու օրինական շահերը»3:

8. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում դատախազը փաստել է. «(…) Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3801-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջի խախտում՝ սույն բողոքի քննարկման արդյունքում անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ, 358-րդ հոդվածների պահանջները: (…) [Դ]ատարանի որոշումը բավարար չափով պատճառաբանված չէ, իսկ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: (…)»: Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը և Վարտգեզ Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բողոքը մերժել4:

9. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատախազի վերաքննիչ բողոքը, իր որոշմամբ արձանագրել է. «(...) [Ս]ույն գործի քննության համար սկզբունքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնից չի պահանջել քրեական գործի՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող նյութերը, այլ բավարարվել է լազերային սկավառակով, որում ենթադրաբար պարունակվում է սույն քրեական գործի նյութերի սկանավորված տարբերակը:

Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի համալիր վերլուծությունից պարզ է դառնում, որ քրեական գործի նյութերը բաղկացած են փաստաթղթերից, որոնք կազմվում են մեկ կամ մի քանի թղթապանակներում` յուրաքանչյուրի կազմի վրա համապատասխան գրառումներով և նրանցում պարունակվող նյութերի ցուցակով: Ընդ որում՝ գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցվելով` անմիջապես պետք է ըստ էջերի համարակալվի: Քրեական վարույթն իրականացնող մարմիններն իրականացնում են գործի էջերի հերթական համարակալումը` դրանց կցման ժամանակագրական կարգով:

Սույն գործում առկա չեն թղթապանակներով փաստաթղթեր` դրանց ներկայացվող օրենսդրական պահանջներով, հետևաբար առանց պատշաճ քրեական գործի նյութերի Առաջին ատյանի դատարանն ըստ էության կայացրել է չհիմնավորված և անօրինական դատական ակտ:

Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ քրեական գործի նյութերի սկանավորված տարբերակը պարունակող լազերային սկավառակը չի կարող հիմք ընդունվել բողոքի քննության համար նաև այն առումով, որ տվյալ սկավառակը զննելու համար անհրաժեշտ և համապատասխան տեխնիկական միջոցներով կահավորված չեն նաև դատական նիստերի դահլիճները, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ապահովել մրցակցային դատավարության առանցքային տարրեր հանդիսացող անմիջականության և բանավորության սկզբունքների կենսագործումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով ներկայացված բողոքների քննության ընթացքում: Արդյունքում, եթե անգամ բողոքը քննող դատավորը հնարավորություն ունեցել է ուսումնասիրելու սկավառակը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ապա դա արել է ոչ հրապարակային, քանի որ դատական նիստի ընթացքում այն (սկավառակը) չի զննվել կողմերի մասնակցությամբ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալով պայմանավորված առկա է դատական ակտը անվերապահ բեկանելու հիմք (…)»5:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10 Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել օրենքով սահմանված քննության շրջանակներից, անդրադարձել է հարցերի, որոնք դուրս են վերաքննիչ բողոքի բովանդակությունից՝ դրանով իսկ դադարելով օրենքի հիման վրա ստեղծված դատարան հանդիսանալուց։

101 Բողոքաբերը նաև անհիմն է համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բերված բողոքի քննության շրջանակներում Առաջին ատյանի դատարանը վարույթ իրականացնող մարմնից պետք է պահանջեր քրեական գործի բոլոր նյութերը, և որ այդ նյութերը պետք է անհրաժեշտաբար տրամադրվեին թղթային տարբերակով: Ըստ բողոքի հեղինակի՝ օրենքը նման պայմաններ և ընթացակարգ չի նախատեսում, ավելին՝ այն ըստ էության նման վարույթների կապակցությամբ սահմանում է վարույթ իրականացնող մարմնի իրավունքը և ոչ պարտականությունը՝ ներկայացնելու նյութեր:

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել, վերացնել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 2 որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը դատական ակտ է կայացրել առանց պատշաճ քրեական գործի նյութերի:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քրեական գործում պահվում են քրեական գործի նյութերը:

2. Գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցվելով` անմիջապես պետք է ըստ էջերի համարակալվի: Քրեական վարույթն իրականացնող մարմիններն իրականացնում են գործի էջերի հերթական համարակալումը` դրանց կցման ժամանակագրական կարգով:

(…)

4. Քրեական գործի փաստաթղթերը կազմվում են մեկ կամ մի քանի թղթապանակներում` յուրաքանչյուրի կազմի վրա համապատասխան գրառումներով և նրանցում պարունակվող նյութերի ցուցակով:

(…)

6Քրեական գործի փաստաթղթերը կարող են պատճենահանվել թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, որը հավաստում է պատճենի ճշտությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: (…)»։

14. Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրն անձի դատական պաշտպանության իրավունքի ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է միայն բողոքի վերաբերյալ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն՝ չկանխորոշելով դրանց ներկայացման ձևը (բնօրինակ, պատճեն և այլն) և այն թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: Իսկ վարույթն իրականացնող մարմինն իրավասու է քրեական գործի փաստաթղթերը պատճենահանել թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրականացման համար վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ նյութերը դատարան կարող են ներկայացվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչով։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետին ուղղված 2019 թվականի հուլիսի 24-ի գրությամբ խնդրել է դատարան ներկայացնել դիմողի ներկայացուցչի բողոքի վերաբերյալ նյութերը6: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի գրությամբ Առաջին ատյանի դատարան են ուղարկվել թիվ 15864618 քրեական գործի նյութերը՝ լազերային սկավառակով7,

- Առաջին ատյանի դատարանը, դիմող ՎԳասպարիի ներկայացուցիչ Տ․Եգորյանի բողոքի քննության արդյունքում, 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Վ.Գասպարիի իրավունքների խախտումը8,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ դատավարական իրավունքի խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազը՝ փաստարկելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բավարար չափով պատճառաբանված չէ, իսկ պատճառաբանությունների հիմքում դրվել են վերացական դատողություններ9,

- առանց ըստ էության քննության առնելու դատախազի բողոքը, Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի մարտի 2-ին որոշում է կայացրել այն մասնակիորեն բավարարելու և գործը նոր քննության ուղարկելու մասին՝ փաստելով, որ սույն քրեական գործում առկա չեն թղթապանակներով փաստաթղթեր՝ դրանց ներկայացվող օրենսդրական պահանջներով, հետևաբար Առաջին ատյանի դատարանն առանց պատշաճ քրեական գործի նյութերի, ըստ էության, կայացրել է չհիմնավորված և անօրինական դատական ակտ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործի նյութերի սկանավորված տարբերակը պարունակող լազերային սկավառակը չէր կարող հիմք ընդունվել բողոքի քննության համար, քանի որ այն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող նյութ չէ և դատական նիստի ընթացքում, մրցակցային դատավարության անմիջականության և բանավորության սկզբունքներին համապատասխան, կողմերի մասնակցությամբ չի զննվել: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ առկա է դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք, ուստի Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության10:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը գտնելով, որ քրեական գործի նյութերի էլեկտրոնային տարբերակը պարունակող լազերային կրիչը (սկավառակը) չէր կարող հիմք ընդունվել բողոքի քննության համար, քանի որ այն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող նյութ չէ, պատշաճ գնահատման չի ենթարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ և 290-րդ հոդվածների կարգավորումները ու ոչ իրավաչափորեն դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։

Մասնավորապես, տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ

վարույթն իրականացնող մարմնի կողմից թիվ 15864618 քրեական գործի նյութերն Առաջին ատյանի դատարանի պահանջով տրամադրվել են էլեկտրոնային կրիչի՝ լազերային սկավառակի վրա, որի ուսումնասիրությունից երևում է, որ այն համապատասխանել է օրենքով սահմանված պահանջներին11: Այսպես, գործի նյութերն ամփոփված են առանձին պանակում՝ համապատասխան գրառումներով և նյութերի ցանկով, իսկ յուրաքանչյուր փաստաթուղթ համարակալված է ըստ էջերի՝ համաձայն կցման ժամանակագրության12:

Միաժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ քրեական գործի նյութերի (փաստաթղթերի) էլեկտրոնային տարբերակը պարունակող լազերային սկավառակը չի կարող հիմք ընդունվել բողոքի քննության համար, քանի որ այն զննելու համար անհրաժեշտ և համապատասխան տեխնիկական պայմաններ չկան, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ապահովել մրցակցային դատավարության առանցքային տարրեր հանդիսացող անմիջականության և բանավորության սկզբունքների կենսագործումը բողոքների քննության ընթացքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական գործի նյութերը (փաստաթղթերը) լազերային սկավառակով դատարանին ներկայացնելու դեպքում դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս կարող է միջոցներ ձեռնարկել դրանց հետազոտումն այն նույն եղանակով կազմակերպելու համար, ինչ քրեական գործերով որպես ապացույց ներկայացվող լազերային սկավառակների հետազոտման դեպքում։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը դատական ակտ է կայացրել առանց պատշաճ քրեական գործի նյութերի, հիմնավոր չէ:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ, 290-րդ և 385-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք են:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննարկման առարկա դարձնի դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վարտգեզ Լիվանի Գասպարիի ներկայացուցիչ ՏԵգորյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 8։

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 17։

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 41:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 2-8։

5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 40-43։

6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 18։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան