ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2021 թվականի N 905-Լ
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-943-22.04.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-943-22.04.2021-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև բերված նկատառումներն ու դիտարկումները:
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) և դրա իրականացման գործողությունների պլանի համաձայն, ըստ որի՝ նախատեսված է մինչև 2030 թվականը 1000 ՄՎտ գումարային հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցում: Ներկայումս այդ հզորություններն արդեն տեղաբաշխված են. մասնավորապես՝ նախատեսված են արդյունաբերական նշանակության արևային կայանների տեղանքները, ընտրված են միացման հզորությունները, ձևավորվում են նշված կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները, սահմանված են մինչև 5 ՄՎտ հզորության արևային կայանների տարեկան հզորության սահմանաչափերը, տրամադրվել են լիցենզիաները (հետևաբար` նաև հողատարածքներ են ձեռք բերվել), որոնց համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել են սակագնային կարգավորումներ և սակագնային մեծություններ, իսկ 5 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ արևային էլեկտրակայանների մասով ամրագրված է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրումը և սակագների սահմանումն իրականացվելու է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: ՊՄԳ պայմանագրերը կնքվում են մրցույթների արդյունքում, որի համար էական պայման է առաջարկվող սակագինը: Այս առումով նախագծի հիմնավորման մեջ նշված փաստը, որ օրենքի նախագծի ընդունումն ուղղված է 1000 ՄՎտ գումարային հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման ուղղորդմանը՝ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հեռանկարներին համահունչ հունով, դեպի ցածրակարգ, խախտված հողերի, ջրամբարների և պոչամբարների վրա, ժամանակավրեպ է և հնարավոր չէ ապահովել:
Խնդրահարույց է նաև ներկայացված օրենքի նախագծով հողերի տնտեսական շրջանառության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների լուծումը սակագնային քաղաքականության միջոցով. սակագները ձևավորվում են ՊՄԳ պայմանագրի շրջանակներում, որում առկա են նաև հանրային և մասնավոր գործընկերների միջև հողամասերի կամ դրանց նկատմամբ անհրաժեշտ իրավունքների տրամադրման կարգավորումներ:
Հարկ ենք համարում նշել, որ օրենքի նախագծում ներկայացված հողերի դասակարգումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ տրված՝ խախտված հողերի դասակարգումներին և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին. առաջարկվող կարգավորումներում հստակեցված չեն, թե ինչ չափանիշներով են առաջնորդվելու, միաժամանակ առաջարկվող կարգավորումները պետք է բավարարեն նաև իրավական որոշակիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|