Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 80-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.06.2021-25.02.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.05.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 մայիսի 2021 թվականի

թիվ 80-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Նպատակ ունենալով թույլատրել Կարգավորվող շուկայի օպերատորին իրականացնել իր գործունեության հետ առնչվող լրացուցիչ գործունեության տեսակներ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 103-րդ հոդվածի 7-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

       

Որոշում է.

        

1. Հաստատել «Կարգավորվող շուկայի օպերատորի լրացուցիչ գործունեության տեսակները» կանոնակարգ 5/11-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի «Կարգավորվող շուկայի օպերատորի համար լրացուցիչ գործունեության տեսակներ սահմանելու մասին» թիվ 253-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

     

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. մայիսի 27

 Երևան

      

Հավելված

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի մայիսի 25-ի թիվ 80-Ն որոշման

       

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/11

      

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

     

ԳԼՈՒԽ 1

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

       

1. Սույն կանոնակարգը սահմանում է Կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) կողմից մատուցվող լրացուցիչ գործունեության տեսակները:

2. Սույն կանոնակարգի իմաստով վարկային ռեսուրսների առևտուր է համարվում վարկային պայմանագրերի միջոցով որոշակի ժամկետով և տոկոսադրույքով Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված դրամական միջոցների տրամադրումը՝ կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով։

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Քաղաքացիական օրենսգրքում, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և դրանց հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերում կիրառվող նշանակությունը:

        

ԳԼՈՒԽ 2

  

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

   

4. Օպերատորը կարող է իրականացնել հետևյալ լրացուցիչ գործունեության տեսակները.

1) արտարժույթի և վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպման հետ կապված լրացուցիչ գործունեություն՝ բացառությամբ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Օպերատորին արդեն իսկ վերապահված գործունեության.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործիքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, համայնքների և Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում առաջացած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) հետ կապված լրացուցիչ գործունեություն.

3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված՝ ներդրումային ֆոնդի կանոնների, դրանցում փոփոխությունների էլեկտրոնային գրանցման համակարգի կազմակերպման, ինչպես նաև դրան առնչվող այլ օժանդակ ծառայությունների մատուցման հետ կապված լրացուցիչ գործունեություն։ Սույն ենթակետի իմաստով օժանդակ ծառայություններ են համարվում.

ա․ ֆոնդի առցանց գրանցման գործընթացին աջակցությունը, այդ թվում՝ ֆոնդի առցանց գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման ծառայությունը,

բ․ ֆոնդի գրանցման միջնորդագիրը ներկայացրած անձի (ֆոնդի կառավարիչի) առցանց գրանցման համար օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության նախնական ստուգման ծառայությունը,

գ․ ֆոնդի առցանց գրանցման և գործունեության հետ կապված կարգավորման պահանջների կատարմանն ուղղված այլ ծառայությունները, այդ թվում՝ համապատասխան բնույթի տեղեկատվության տրամադրումը:

    

ԳԼՈՒԽ 3

     

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

   

5. Լրացուցիչ գործունեության յուրաքանչյուր տեսակի իրականացման թույլտվություն ստանալու համար օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) գործունեության՝ սույն կանոնակարգի 4-րդ կետում նախատեսված չափանիշներից առնվազն մեկին բավարարելու վերաբերյալ հիմնավորումը,

2) լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումն ապահովող կանոնները (համապատասխան կանոնների փոփոխությունները, լրացումները): Ընդ որում, լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումն ապահովող կանոնների (դրանց փոփոխությունների, լրացումների) նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված՝ Կարգավորվող շուկայի օպերատորի կանոնների (դրանց փոփոխությունների, լրացումների) և դրանց գրանցման վերաբերյալ պահանջները:

3) լրացուցիչ գործունեության իրականացման հետ կապված ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգը (ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգի փոփոխությունները, լրացումները): Ընդ որում,

ա. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերը նկարագրվում են օպերատորի ներքին իրավական ակտերում, որոնք կարող են լինել կարգերի, ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլ ակտերի տեսքով,

բ. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգում բացահայտվում են լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումից բխող բոլոր էական ռիսկերը (այդ թվում` ֆինանսական, գործառնական, իրավական, բարի համբավի), օպերատորի համար այդ ռիսկերի ընդունելի մակարդակը, ռիսկերի հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները,

գ. օպերատորը ապահովում է ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերը նկարագրող ներքին իրավական ակտերի հասանելիությունն իր անձնակազմին և անձնակազմի կողմից դրանց տեղեկացվածությունը` իրենց կողմից իրականացվող գործառույթների մասով,

դ. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգի դրույթների` արդեն իրականացվող լրացուցիչ գործունեության տեսակներով պայմանավորված փոփոխությունների (լրացումների կամ դրույթների դադարեցման) վերաբերյալ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում օպերատորը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված թույլտվությունը համարվում է տրված սույն կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական: