Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ1/0077/01/17

Գործ թիվ ԱՐԴ1/0077/01/17

Նախագահող դատավոր՝  Վ. Ռշտունի

Դատավորներ՝

ՌԲարսեղյան

Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2020 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Վյաչեսլավի Արզումանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Գ.Գաբրիելյանի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 57109617 քրեական գործը:

2017 թվականի սեպտեմբերի 11-ին Արմեն Վյաչեսլավի Արզումանյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Արմեն Արզումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

2017 թվականի դեկտեմբերի 20-ին Ա.Արզումանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հունիսի 10-ի դատավճռով Ա.Արզումանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Արզումանյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 10 (տասը) օրը, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 20 (քսան) օր ժամկետով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, Ա.Արզումանյանն ազատվել է նշանակված պատժից:

Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ լուծվել է վերոնշյալ դատավճռի եզրափակիչ մասում թույլ տրված անհստակությունը, ԱԱրզումանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է վերջինիս անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը` 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս 29 (քսանինը) օրը, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս 1 (մեկ) օր ժամկետով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ բողոքը բավարարել է և Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 10-ի դատավճիռը՝ բեկանել Ա.Արզումանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ պատժի ժամկետին հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս 29 (քսանինը) օրը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մարտի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Արմեն Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, «2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ապօրինաբար, Խորեն Աշոտի Գասպարյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի կենսականորեն կարևոր օրգաններին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Այսպես

Արմեն Արզումանյանը և Խորեն Գասպարյանը բնակվում են հարևանությամբ` Արմավիրի մարզի Փարաքար գյուղում, 2017 թվականի սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հանդիպել են միմյանց և հարևանությամբ բնակվող Վանուշ Ղազարյանի ու Գեղամ Ասլանյանի հետ միասին գարեջուր են խմել նախ Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի 1-ին շենքի բակում, իսկ այնուհետև՝ շենքի հարևանությամբ գտնվող գարեջրատանը, որից հետո ԱԱրզումանյանը գնացել է տուն, իսկ մյուսները ԽԳասպարյանի «Օպել Աստրա» մակնիշի 34 ՍA 439 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են Էջմիածին քաղաք: Հասնելով տուն` ԱԱրզումանյանը զանգահարել է ԽԳասպարյանին և բացատրություն պահանջել իրեն վիրավորելու համար, վերջինը հերքել է նրան վիրավորելու հանգամանքը, որից հետո Արմեն Արզումանյանը Խորեն Գասպարյանի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ: Այնուհետև վերջինը Վանուշ Ղազարյանի հետ ետ է վերադարձել Փարաքար գյուղ, որից հետո՝ ժամը 01:30-ի սահմաններում, Արմեն Արզումանյանը, տեղեկանալով, որ Խորեն Գասպարյանը գտնվում է Մեքենագործների փողոցի 1-ին շենքի դիմաց, Խորեն Գասպարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, տնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող տնտեսակենցաղային նշանակության դանակ և այն պահելով գրպանում, տնից դուրս է եկել նշված շենքի բակ: Տեսնելով ավտոմեքենայից իջնող Խորեն Գասպարյանին՝ Արմեն Արզումանյանը մոտեցել է նրան և սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ վիճաբանել նրա հետ, որի ընթացքում Խորեն Գասպարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, նախատեսելով վերջինի մահվան առաջացման իրական հնարավորությունը, ցանկանալով դրա վրա հասնելը և գիտակցելով իր արարքից բխող համապատասխան հետևանքի առաջացումը, իր հետ նախապես վերցրած դանակով թվով 5 հարված է հասցրել վերջինի մարմնի կենսական կարևոր օրգաններին, մասնավորապես՝ որովայնին և կրծքավանդակին՝ նրա առողջությանը որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող, արյունահոսող վերքի՝ մեծ ճարպոնի ստամոքսի և լյարդի վնասման, ներքին արյունահոսության, որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած չթափանցող, արյունահոսող վերքերի, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ծակած-կտրած թափանցող վերքերի, սրտապարկի և սրտի վնասման, երկկողմանի հեմոպնևմոթորաքսի, կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած չթափանցող վերքերի ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և Խորեն Գասպարյանին սպանելուն ուղղված գործողությունները համարելով բավարար՝ Արմեն Արզումանյանը վիճաբանությանը ներկա գտնվող Վանուշ Ղազարյանի կողմից այն դադարեցնելու նպատակով միջամտելուց և նրան մի կողմ տանելուց հետո դիմել է փախուստի՝ այդպիսով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով»:

51 Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Արմեն Արզումանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը հաստատելուց հետո, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակվելիք պատժի հարցին, իր որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու կանոնը ընդհանուր կանոնից բացառություն է և այդ հանցագործությունների դեպքում օրենքով նախատեսված պատիժն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար:

ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածների սանկցիաները սահմանում են միայն ավարտված հանցագործության համար նախատեսված պատիժները, ընդ որում` նախատեսելով այդ պատիժների առավելագույն և նվազագույն սահմանները: Մյուս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասը, մասնավորապես 65-րդ հոդվածը, կարգավորում է չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու կանոնները: Ի տարբերություն ավարտված հանցագործության, չավարտված հանցագործության դեպքում օրենսդիրը սահմանափակում է միայն պատժի առավելագույն շեմը (ի տարբերություն ռեցիդիվի դեպքերի, ինչն իր հերթին կրկին ընդհանուր կանոնից բացառություն է)՝ հիմքում որպես հաշվարկի ելակետ դնելով Հատուկ մասի համապատասխան հոդվածով ավարտված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն չափը: Ընդ որում՝ օրենսդիրը, ի տարբերություն պատժի առավելագույն սահմանի` նվազագույն սահմանը չի կապում Հատուկ մասի համապատասխան հոդվածի նվազագույն չափի հետ: (...) Հետևաբար` չավարտված հանցագործության դեպքում պատիժ նշանակելիս դատարանը կարող է նշանակել տվյալ պատժատեսակի` ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասով սահմանված նվազագույն չափից մինչև ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի առավելագույն սահմանի կեսը կամ երեք քառորդը:

(...)

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածը նախատեսում է չավարտված հանցագործության (հանցագործության նախապատրաստության և հանցափորձի) համար պատիժ նշանակելու հատուկ կանոններ, որոնց կիրառմամբ դատարանը հանցագործության նախապատրաստության և հանցափորձի դեպքում պատիժ նշանակելիս կաշկանդված չէ Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի նվազագույն սահմանով:

(...)

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերը նշված պատճառաբանությունները, (...) գտնում է, որ Արմեն Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: (...)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, քանի որ դրանով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Մասնավորապես, բողոք բերած անձի համոզմամբ, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ և 65-րդ հոդվածներով նախատեսված քրեաիրավական նորմերը:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ օրենսդիրը, սպանության համար նախատեսելով 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, միաժամանակ իրավակիրառողին հնարավորություն է տվել և պարտականություն սահմանել սպանության չավարտված հանցագործության համար նշանակվելիք պատժի առավելագույն շեմը կրճատելու: Միևնույն ժամանակ օրենսդիրը չի սահմանել սպանության չավարտված հանցագործության համար նշանակվելիք պատժի ստորին շեմը՝ հաշվի առնելով այն, որ արդեն իսկ պատժի արդարացիության սկզբունքից ելնելով բավական է վերին՝ խիստ շեմի նվազեցումը:

Բողոքաբերը գտել է, որ տվյալ դեպքում դատարանները, չավարտված սպանության համար պատիժ նշանակելիս, նախևառաջ կաշկանդված են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի սանկցիայով, այնուհետև որպես ընդհանուր մասի դրույթ պարտավոր են կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված դրույթները: Տվյալ դեպքում, դատարաններն իրավասու չեն նշանակել մեղսագրվող հոդվածի սանկցիայի նվազագույն շեմից ավելի ցածր պատիժ:

Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ որոշելիս, կաշկանդված լինելով ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակել 8 (ութ) տարուց մինչև 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետների սահմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և նշանակել այնպիսի պատիժ, որն օրենքով նախատեսված չէ:

7. Վերոգրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցափորձի համար պատիժ նշանակելու կանոնը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալ Արմեն Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատժաչափ սահմանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի` «Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ «1.Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:

2. Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կեսը:

3. Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը: (…)»:

11. Պատժի նշանակման սկզբունքների համատեքստում Վճռաբեկ դատարանը Մանուշակ Աբրահամյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Պատիժ նշանակելիս օրինականության սկզբունքն արտահայտվում է նրանում, որ պատժի տեսակն ու չափը որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի այն հոդվածի սանկցիայով, որի դիսպոզիցիայի հատկանիշներին համապատասխան անձը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ։ Փաստորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը պարտադրում է դուրս չգալ Հատուկ մասի հոդվածի սանկցիայի սահմաններից։ Նշանակվող պատիժը չի կարող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժի առավելագույն կամ նվազագույն չափից ավելի խիստ կամ մեղմ լինել։ Այդ պահանջից բացառություն կարող է անել միայն օրենքը, որը Ընդհանուր մասում նախատեսված հատուկ նորմերի ուժով դատարանին իրավունք է վերապահում դուրս գալ այդ սահմաններից։ Մասնավորապես, տվյալ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ նշանակելը կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի նորմերով»2։

12. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժ նշանակելու գործընթացում ելակետային նշանակություն ունեն ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները՝ այն հիմնարար դրույթները, որոնցով դատարանը ղեկավարվում է՝ օրինական, արդարացի և անհատական պատիժ նշանակելու համար: Ընդհանուր սկզբունքներից առանցքային նշանակություն ունի օրինականության սկզբունքը, որը դատարանին պարտավորեցնում է պատժի տեսակը և չափը որոշելիս որպես ելակետ ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի այն հոդվածի սանկցիայի առավելագույն և նվազագույն սահմանները, որը մեղսագրվել է հանցագործություն կատարած անձին։ Այլ կերպ` պատիժ նշանակելիս դատարանը կաշկանդված է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի շրջանակներով՝ որպես օրինականության սկզբունքի կարևորագույն պահանջ, հետևաբար նշանակվող պատիժը չի կարող այդ հոդվածով նախատեսված պատժի առավելագույն կամ նվազագույն չափից ավելի խիստ կամ մեղմ լինել:

Նշված պահանջից բացառություն կարող է սահմանվել միայն քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթներով: Մասնավորապես, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին զուգահեռ գործում են պատիժ նշանակելու հատուկ կանոններ, որոնց կիրառման արդյունքում քրեական օրենսգրքի Հատուկ մասի սանկցիան մեղմացման կամ խստացման առումով ենթարկվում է որոշակի փոփոխությունների: Պատիժ նշանակելու հատուկ կանոնները ընդհանուր սկզբունքների հետ համատեղ կոչված են առավելագույնս ապահովելու անձի նկատմամբ նշանակվող պատժի տարբերակումն ու անհատականացումը` հաշվի առնելով օրենքի տեսանկյունից էական նշանակություն ունեցող որոշակի հանգամանքների առկայությունը (օրինակ` բացառիկ հանգամանքներ, չավարտված հանցագործություն, ռեցիդիվ և այլն):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներն ու պատիժ նշանակելու հատուկ կանոնները փոխլրացնում են միմյանց և հատուկ կանոնի առկայությունը դեռևս չի բացառում ընդհանուր սկզբունքների կիրառման հնարավորությունը, հետևաբար դրանք, որպես կանոն, պետք է կիրառվեն միմյանց հետ զուգակցված (եթե, իհարկե, հատուկ կանոնը չի նախատեսում ընդհանուր սկզբունքներից բացառություն, ինչպես, օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պարագայում, երբ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում դատարանը կարող է նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ):

121 ՀՀ քրեական օրենսգրքով պատիժ նշանակելու առանձնացված կարգ է նախատեսվել չավարտված հանցագործությունների դեպքում (հանցափորձ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստություն): Մասնավորապես, հաշվի առնելով ավարտված հանցագործությունների համեմատ դրանց նվազ հանրային վտանգավորության աստիճանը՝ օրենսդիրը, ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածում նախատեսված հատուկ կանոնների կիրառմամբ, օրենքի ուժով, նախատեսել է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի շրջանակում առավել նվազ պատժաչափ սահմանելու հնարավորություն։ Այսինքն` չավարտված հանցագործությունների դեպքում դատական հայեցողության շրջանակը սահմանափակված է ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի համապատասխանաբար՝ կեսից կամ երեք քառորդից ոչ ավել չափով պատժի նշանակման պահանջով։ Այլ խոսքով՝ չավարտված հանցագործության դեպքում նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի առավելագույն չափի իմպերատիվ մեղմացման պահանջ:

Նշված մոտեցումն օրենսդիրը որդեգրել ու ընդունելի է համարել` հաշվի առնելով ավարտված հանցագործությունների համեմատ չավարտված հանցագործությունների հանրային վտանգավորության ցածր աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին` հանցագործության օբյեկտին պատճառվող վնասի չափը։

13. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չավարտված հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելիս դատարանը դարձյալ կաշկանդված է օրինականության, արդարության և պատժի անհատականացման ընդհանուր սկզբունքներով, ուստի պատիժ նշանակելու քննարկվող հատուկ կանոնը չի կարող ընդհանուր սկզբունքներից որպես բացառություն դիտարկվել պատիժ նշանակելու վերոնշյալ ընդհանուր և հատուկ կանոնները հնարավորինս պետք է կիրառվեն համակցված՝ հաշվի առնելով, բնականաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։ Այսպես՝ չավարտված հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելու հատուկ կանոնով սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայի առավելագույն չափի իմպերատիվ մեղմացման պահանջ, միևնույն ժամանակ, սակայն, հոդվածի սանկցիայի նվազագույն չափի առումով որևէ հատուկ կարգավորում չի նախատեսվել։ Նման պայմաններում, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով ամրագրված՝ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում պատիժ նշանակելու ընդհանուր կանոնը, ինչպես նաև պատիժ նշանակելու գործընթացում օրինականության սկզբունքը երաշխավորելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ չավարտված հանցագործությունների դեպքում մեղսագրվող արարքի համար նշանակվող պատժաչափը պետք է որոշվի՝ ելնելով Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի նվազագույն սահմանի և օրենքի ուժով մեղմացված վերին սահմանի հարաբերակցությունից։

Հետևաբար, չավարտված հանցագործությունների դեպքում օրենսդրի կողմից հոդվածի սանկցիայի նվազագույն չափի առումով հատուկ կարգավորում չնախատեսելը չի կարող մեկնաբանվել այնպես, որ չավարտված հանցագործության դեպքում դատարանը կարող է նշանակել տվյալ պատժատեսակի` ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասով սահմանված նվազագույն չափից մինչև ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի առավելագույն սահմանի կեսը կամ երեք քառորդը: Վճռաբեկ դատարանի համոզմամբ վերոնշյալ մոտեցումը ճիշտ չի արտացոլում պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների և հատուկ կանոնների հարաբերակցությունը, հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով երաշխավորված օրինականության սկզբունքին։

13.1Ուստի, չավարտված հանցագործության, մասնավորապես` հանցափորձի դեպքում պատիժ նշանակելիս, որպես ելակետ պետք է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի մի կողմից` նվազագույն շեմը, մյուս կողմից` երեք քառորդով կրճատված առավելագույն շեմը։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ամբաստանյալ Արմեն Արզումանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը, չավարտված հանցագործության դեպքում պատժի նվազագույն սահմանը, ի տարբերություն պատժի առավելագույն սահմանի, չի կապում Հատուկ մասի համապատասխան հոդվածի նվազագույն չափի հետ3։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-131-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք` սպանություն կատարելու համար որպես պատիժ` 8-15 տարի ժամկետով ազատազրկում սահմանված լինելու պայմաններում, հանցափորձի դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված կանոնների կիրառմամբ, պատժի առավելագույն ժամկետն օրենքի ուժով ենթակա է երեք քառորդով կրճատման` մինչև 11 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը։ Նման պայմաններում, հաշվի առնելով սպանության փորձի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցվել, այդ հանցագործության կատարման համար պատիժ նշանակելիս դատական հայեցողության շրջանակը սահմանափակված է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի նվազագույն ժամկետից` 8 տարուց մինչև 11 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմամբ։ Այսինքն` տվյալ պարագայում, սպանության փորձի կատարման համար, դատարանը պետք է նշանակի համաչափ պատիժ՝ հարաբերականորեն որոշակի սանկցիայի նվազագույն և օրենքի ուժով կրճատված` առավելագույն շեմի սահմաններում։

Ուստի, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից հիմք ընդունված այն մոտեցումը, որ կոնկրետ դեպքում, հանցափորձի կատարման համար պատիժ նշանակելիս դատարանը կաշկանդված չէ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի նվազագույն սահմանով և որպես ազատազրկման նվազագույն սահման պետք է ելակետ ընդունվի ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասում սահմանված` ազատազրկում պատժատեսակի նվազագույն ժամկետը՝ երեք ամիսը, չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներին։ Մասնավորապես, այդպիսի մոտեցումը չի բխում սպանության բնույթին ու հանրային վտանգավորության աստիճանին համապատասխան` ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում օրենսդրի կողմից տարբերակված սանկցիայի նախատեսման անհրաժեշտությունից, իսկ որպես արդյունք՝ նաև պատժի արդարացիության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքից։

Վերաքննիչ դատարանի մոտեցումն ընդունելի համարելու պարագայում, կարող է ստացվել այնպիսի իրավիճակ, երբ բոլոր չավարտված հանցագործությունների դեպքում, անկախ արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից, հանցավոր մտադրության իրականացման աստիճանից և օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին պատճառված վնասի չափից, որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում պատժատեսակի նվազագույն չափը՝ երեք ամիսը, որպիսի մոտեցումն ակնհայտ է, որ չի բխի ՀՀ քրեական օրենսգրքի հիմքում ընկած` պատժի արդարացիության սկզբունքից։

Նման պայմաններում, հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նշանակվող պատժաչափը որոշելիս, դատարանի հայեցողությունը սահմանափակված է եղել տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի՝ 8 (ութ) տարուց մինչև 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետներով:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալ Արմեն Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատժաչափ սահմանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ։

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի դատական ակտն Ա.Արզումանյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանելու և բեկանված մասով գործը նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը պետք է ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակի` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 395-րդ, 397-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Վյաչեսլավի Արզումանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը մասնակիորեն՝ նշանակված պատժի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Ամբաստանյալ Արմեն Վյաչեսլավի Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 67-71:

2 Տե՛ս Մանուշակ Աբրահամյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի ապրիլի 6-ի թիվ ՎԲ-63/07 որոշումը։

3 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան