Գլխավոր տեղեկություն
Համար
N 882-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

27 մայիսի 2021 թվականի N 882-Ն

     

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԵՏ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվող փոխհատուցման կարգը և չափը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

   

27.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

  

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 27-ի N 882-Ն որոշման

            

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԵՏ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

         

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսման ծախսերը փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով հանրակրթական ուսումնական հաստատություն են համարվում տվյալ երկրի կրթական համակարգին համապատասխան պարտադիր կրթությամբ հանրային հաստատությունները:

3. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսանելու վարձավճարը փոխհատուցվում է՝

1) ամբողջովին՝ միասնական եվրոյով վճարվող գոտու երկրներում մինչև 6000 եվրոյի, իսկ միասնական եվրոյի գոտուց դուրս երկրներում մինչև 6000 ամերիկյան դոլարի չափով, իսկ 6000 եվրոն/ամերիկյան դոլարը գերազանցելու դեպքում՝ բայց ոչ ավելի, քան 12000 եվրոն/ամերիկյան դոլարը, գերազանցող գումարի 50 տոկոսի չափով.

2) յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված համապատասխանաբար 6000 եվրոն/ամերիկյան դոլարը գերազանցելու դեպքում՝ բայց ոչ ավելի, քան 12000 եվրոն/ամերիկյան դոլարը, գերազանցող գումարի 75 տոկոսի չափով։

4. Փոխհատուցում վճարվում է միայն դիվանագետի հետ տվյալ երկրում մշտապես բնակվող և տվյալ երկրի հանրակրթական հաստատությունում սովորող երեխաների ուսման ծախսերը հոգալու նպատակով: Մշտապես բնակվելու փաստը հաստատվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կողմից՝ գրավոր: Ուսումնական հաստատությունում սովորելը հաստատվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում և վերջում ուսումնական հաստատության կողմից տրված գրավոր տեղեկանքի հիման վրա: Փոխհատուցման գումարը վճարվում է տվյալ հանրակրթական հաստատության կողմից տրված վճարման ենթակա անդորրագրերի հիման վրա:

5. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսման ծախսերը փոխհատուցվում են միայն դիվանագետի՝ տվյալ երկրում ծառայելու ընթացքում:

6. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է մինչև երեխայի 18 տարին լրանալը:

7. Ելնելով տվյալ երկրի առանձնահատկություններից, երբ հիմնավորվում է անվճար հանրակրթական հաստատությունում երեխայի ուսուցումը կազմակերպելու անհնարինությունը, ապա միայն այդ դեպքում է փոխհատուցվում մասնավոր ուսումնական հաստատություններում սովորելու համար վճարը: Նման հիմնավորումներ կարող են լինել ուսումնակրթական ստանդարտների տարբերությունը, անվտանգության նկատառումները, տվյալ երկրի լեզվական, կրոնական, ազգային ավանդույթներով պայմանավորված առանձնահատկությունները և այլն:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

27.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան