Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-69-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.02.2005-18.05.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.166
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Պատգամավորի պահվածքի կանոնները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի երկրորդ «պետական» բառը հանել.

2) 1-ին կետի «բ» ենթակետը «պատգամավորի» բառից հետո լրացնել «գրավոր» բառով.

3) 4-րդ կետը «օրակարգի մասին» բառերից հետո ավելացնել «՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում՝ համակարգիչ) և կապի (այդ թվում՝ ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ, ինչպես նաև խոսափողով ու անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Պատգամավորի հանձնարարությամբ նրա օգնականներից մեկը կարող է ներկա գտնվել հանձնաժողովների նիստերին և խորհրդարանական լսումներին:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետում «իր» բառից հետո ավելացնել «գրավոր» բառը, իսկ «պաշտոնապես» բառը փոխարինել «անձամբ» բառով:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետի «օրաթերթերով» բառը փոխարինել «, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով, դրանց վերաբերյալ Կառավարության և Աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացություններով, առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերով, ինչպես նաև օրաթերթերով» բառերով.

2) 4-րդ կետի «համաձայնությամբ» բառը փոխարինել «ներկայացմամբ» բառով:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետում՝

1) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ՝ որոշում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը.».

2) «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) Ազգային ժողովի և իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ընթացակարգով` առանց որոշման ընդունման:».

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետ`

«իա) հաստատում է Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը:»:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով`

«8. Խմբակցությունները, պատգամավորական խմբերն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին:»:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետը «Ազգային ժողովում» բառերից հետո լրացնել «ներկայացվում և» բառերով:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստի գումարումը:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ`

«5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված՝ շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների և որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող` հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:»:

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի մասնագետները (փորձագետները), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված և օրենքով նախատեսված այլ անձինք:»:

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-23-րդ կետերով`

«21. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) քվեարկություն:

22. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից և քվեարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո:

23. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:»:

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետում «օրակարգերում» բառը փոխարինել «օրակարգերի նախագծերում» բառերով:

Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հանձնաժողովները սույն օրենքով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերը սկսվում են նստաշրջանի բացման օրը:».

2) 2-րդ կետի «երկու շաբաթը մեկ» բառերը փոխարինել «երեք շաբաթը մեկ» բառերով, «երկուշաբթի օրը ժամը 12-ից, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ ժամը 10-ից» բառերը փոխարինել «ժամը 12-ից» բառերով, իսկ «եռօրյա» բառը՝ «չորսօրյա» բառով.

3) 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:».

4) 3-րդ կետի «17.30-ից,» բառերը փոխարինել «17-ից,» բառով, իսկ «15 րոպեով» բառերը փոխարինել «30 րոպեով» բառերով.

5) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետ՝

«41. Եթե չորսօրյա նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը և քվեարկությունները չորսօրյա նիստերի համար սահմանված ժամկետից ավելի շուտ են ավարտվում, ապա չորսօրյա նիստերն ավարտվում են օրակարգի վերջին հարցի քվեարկության ավարտից հետո: Անկախ չորսօրյա նիստերի ավարտման ժամանակից, սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված նիստը կայանում է:»:

Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «գ» ենթակետը և 7-րդ կետը.

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի, հերթական նստաշրջանի օրակարգերից և շրջանառությունից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:»:

Հոդված 17. Օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:»:

Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նիստը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:»:

Հոդված 19. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով`

«41. Գրանցված պատգամավորների թիվը մշտապես ցուցադրվում է լուսատախտակի վրա:»:

Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ կետի «չի դադարում» բառերը փոխարինել «շարունակվում է» բառերով:

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետում «սղագրություններն» բառը փոխարինել «սղագրությունները և ձայնագրություններն» բառերով:

Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) «ը» ենթակետը «քննարկումը» բառից հետո լրացնել «մինչև» բառով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «թ», «ժ», «ժա», «ժբ» և «ժգ» կետեր՝

«թ) հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին.

ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.

ժա) օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու մասին.

ժբ) հարցը երկրորդ, երրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին.

ժգ) հարցի քննարկումն առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին:»։

Հոդված 23. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետը «նրանցից մեկը» բառերից հետո լրացնել («հիմնական զեկուցողի մասին նշվում է առաջադրման գրությունում») բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Օրենքի նախագծի հեղինակներից յուրաքանչյուրը օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո և նրա քննարկման ցանկացած փուլում կարող է դուրս գալ առաջադրողների կազմից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նիստում օրինագծի քննարկումից առաջ:»:

Հոդված 24. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «բ» ենթակետից հանել «մշտական» բառը և ավելացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ՝

«գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ՝

«11. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Ազգային ժողովի նախագահը Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ուղարկում է գլխադասային հանձնաժողով (հանձնաժողովներ), հեղինակին (հիմնական զեկուցողին):»:

Հոդված 25. Օրենքի 52-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետից հանել «մշտական» բառը և ավելացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ՝

«գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետ՝

«31. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:».

3) 4-րդ կետը լրացնել «՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին» բառերով:

Հոդված 26. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «օրակարգ» բառը փոխարինել «օրակարգի նախագիծ» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետ՝

«21. Եթե սույն հոդածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված ժամկետները լրանում են մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդգրկվելու ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:».

3) 4-րդ կետի «օրակարգում» բառը փոխարինել «օրակարգի նախագծում» բառերով:

Հոդված 27. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «և «ը»» թվարկումը փոխարինել «, «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» և «ժգ»» թվարկումով։

Հոդված 28. Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Քվեարկության ավարտից հետո լուսատախտակի վրա 10 վայրկյան պահպանվում են քվեարկության արդյունքները, որից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:».

2) 7-րդ կետից հանել «պահպանվում կամ» բառերը և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն`

 «Եթե նիստը վարողի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:».

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Պատգամավորի քվեարկությունը՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չքվեարկելը, նիստը վարողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:»:

Հոդված 29. Օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ կետը «գլխադասային հանձնաժողով» բառերից հետո լրացնել «, խմբակցություններին, պատգամավորական խմբերին» բառերով, իսկ «Աշխատակազմ» բառից հետո՝ «և տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում» բառերով:

Հոդված 30. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով՝

«41. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

Հոդված 31. Օրենքի 68-րդ հոդվածը երկրորդ «կամ» բառից առաջ լրացնել «կամ նախագծից հանվել է հոդված, կամ նախագծերի փաթեթից՝ նախագիծ» բառերով:

Հոդված 32. Օրենքի 69-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը, 3-րդ կետի «բ» ենթակետը:

Հոդված 33. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով`

«11. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

Հոդված 34. Օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» բառերը փոխարինել «բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը» բառերով։

Հոդված 35. Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» բառերը փոխարինել «հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը» բառերով։

Հոդված 36. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) մտքերի փոխանակությանը կարող են մասնակցել միայն խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ.»:

Հոդված 37. Օրենքի 99-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`

«ե) խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետ.

«31. Սույն հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով քվեարկություններին մասնակցելուց խմբակցության կամ պատգամավորական խմբի հրաժարումը հարգելի է համարվում Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում:».

3) 5-րդ կետը «առաջ» բառից հետո լրացնել «գրավոր» բառով, իսկ «այն քննարկվում է» բառերից հետո` «հաջորդ չորսօրյա նիստում՝» բառերով:

Հոդված 38. Օրենքի 111-րդ հոդվածը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «նորմատիվ, փորձագիտական» բառերով:

Հոդված 39. Օրենքի 112-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» ենթակետով`

«գ1) Ազգային ժողովի դռնբաց նիստում պատգամավորների մասնակցության և անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում.».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը՝ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հաղորդման թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու համար միևնույն հաղորդման ընթացքում (ընդհանուր տևողությունը՝ մինչև 1 ժամ) հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին (հավասար մասնակցությամբ), ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին, տրամադրվում է մինչև 3-ական րոպե, որից հետո մինչև 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին՝ խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: Հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ՝ կիրակի օրը` ժամը 21-ին:»:

Հոդված 40. Օրենքի համապատասխան հոդվածներում «եռօրյա» բառը փոխարինել «չորսօրյա» բառով:

Հոդված 41. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 18
Երևան
ՀՕ-69-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան