Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

    

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԴ/0635/11/19

Գործ թիվ ԵԴ/0635/11/19

Նախագահող դատավոր՝  Ա.Դանիելյան

                       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

   

նախագահությամբ

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

2021 թվականի մայիսի 14-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշման դեմ դիմող Տիգրան Գրիշայի Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սուքիասյանի վճռաբեկ բողոքը,

     

Պ Ա Ր Զ Ե Ց

              

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հունիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է դիմող Տիգրան Գրիշայի Գալստյանի՝ թիվ 14131212 քրեական գործով ՎՀայրապետյանի կողմից սուտ մատնություն կատարելու մասին դիմումը, որը նույն թվականի հունիսի 12-ին քննարկման է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Օ.Շախկուլյանի՝ 2019 թվականի հունիսի 27-ի եզրակացությամբ դիմող Տ.Գալստյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը կցվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քարտուղարության կարգագրին։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանի՝ 2019 թվականի հունիսի 27-ի թիվ 29/8-7290 գրությամբ դիմող Տ.Գալստյանին տրվել է գրավոր պատասխան այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված վերջինիս դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը թողնվել են անհետևանք և եզրակացությամբ կցվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քարտուղարության կարգագրին։

Վերոնշյալ գրության դեմ դիմող Տ.Գալստյանի բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ ԿՄելքոնյանի՝ 2019 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ մերժվել է։

2Դիմող Տ.Գալստյանի բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ այն մերժել է:

3ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մարտի 10-ի որոշմամբ դիմող Տ.Գալստյանի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Տ.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սուքիասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

                               

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Օ.Շախկուլյանը Տ.Գալստյանի դիմումի կապակցությամբ բացատրություն է վերցրել վերջինից1, պահանջել և ստացել է թիվ 14131212 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման2, թիվ ԵԱՔԴ/1426/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման պատճենները3։

6. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Օ.Շախկուլյանի՝ 2019 թվականի հունիսի 27-ի եզրակացության՝ նկարագրական-պատճառաբանական հատվածի համաձայն՝ «(...) Կատարված ստուգմամբ պարզվել է, որ [Վարուժան Հայրապետյանի] հաղորդման հիման վրա [ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության] Արաբկիրի քննչական բաժնում 10102012 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 14131212 քրեական գործը և կատարվել նախաքննություն։ 10122012 թվականին կայացվել է որոշում քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու վերաբերյալ՝ ՏԳալստյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, ինչպես նաև Վ.Հայրապետյանին իրավունք է վերապահվել Տ.Գալստյանի հետ ունեցած գումարային պարտք ու պահանջի հարցերը լուծել քաղաքացիական դատավարության կարգով։ (․․․) ՎՀայրապետյանի և ՏԳալստյանի միջև հարաբերությունները կրում են քաղաքացիական բնույթ, իսկ տվյալ ոլորտում սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ (....)»4։ Նույն եզրակացության՝ եզրափակիչ հատվածի համաձայն՝ «Տ.Գալստյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերը եզրակացությամբ կցել [ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության] Արաբկիրի բաժնի քարտուղարության կարգագրին։ (...)»5։

7. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանի՝ 2019 թվականի հունիսի 27-ի թիվ 29/8-7290 գրության համաձայն՝ «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված [ՏԳալստյանի] դիմումը ստացվել և քննարկվել է [ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի] բաժնում։ Կատարված ստուգմամբ պարզվել է, որ դիմումում նշված հանգամանքները հանցագործության կամ զանցանքի հատկանիշներ չեն պարունակում, ուստի [ՏԳալստյանի] դիմումի վերաբերյալ կազմված ստուգման նյութերը թողնվել են անհետևանք և եզրակացությամբ կցվել քարտուղարության կարգագրին»6։

8. Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքով դիմող Տ.Գալստյանը խնդրել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանին կատարելու «դիմում» վերտառությամբ հանցագործության մասին հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների նախնական ստուգում կամ կայացնելու համապատասխան որոշում7։

9. Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ հանցագործության մասին հաղորդումները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, գտել է, որ. «(...) ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված ՏԳալստյանի դիմումում և կից փաստաթղթերում [Առաջին ատյանի] դատարանի համոզմամբ կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող, կատարվող կամ արդեն կատարված հանցագործության մասին տեղեկատվություն առկա չէ, որն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումը համարվի հանցագործության մասին հաղորդում։

Մասնավորապես, դիմողի կողմից մատնանշված փաստական հանգամանքները չեն պարունակում այնպիսի փաստական տվյալներ, որոնք քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ողջամտորեն կհիմնավորեին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության կատարման մասին։

Հետևաբար դիմողի կողմից վկայակոչված դիմումում առկա դիտարկումներն [Առաջին ատյանի] դատարանի համոզմամբ ողջամիտ կասկած չեն առաջացնում սուտ մատնության կատարման մասին։ Հետևաբար, քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ հանրային ռեսուրսները ծախսել վերացական բնույթի տեղեկատվության քննարկման վրա, որի արդյունքում կաշկանդված կլիներ կայացնել քրեադատավարական բնույթի համապատասխան որոշում»8։

 10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Բ]ողոքաբերի կողմից ներկայացված բողոքում բարձրացված հարցադրումներն ըստ էության պարունակում են վերջինիս գնահատականները դրանում նշված իրադարձությունների վերաբերյալ և հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկությունների առումով ինքնին բավարար դիտարկվել չեն կարող:

Ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումը համարվի հանցագործության մասին հաղորդում:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (կոնկրետ դեպքում) ներկայացված վերաքննիչ բողոքի պատճառաբանությունների հետ համաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան։

Վերը բերված հիմնավորումներով, ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ [Առաջին ատյանի դատարանը] սույն գործով դատական ակտ կայացնելիս (բողոքը մերժելու առնչությամբ), նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող են ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»9:

          

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:

Ըստ բողոք բերած անձի՝ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված դիմումը բովանդակում է տեղեկություններ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին, դրանում ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ համընկնում են քրեորեն պատժելի արարքի հատկանիշներին: Հետևաբար, բողոքաբերի պնդմամբ՝ Տ.Գալստյանի դիմումը հանցագործության մասին հաղորդում է և քրեական գործ հարուցելու առիթ, որի կապակցությամբ պետք է կայացվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ դիմումի վերաբերյալ քրեադատավարական օրենքով նախատեսված որոշում չկայացնելով` վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել անգործություն, որը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանի կողմից, և որի արդյունքում խախտվել են դիմող Տ.Գալստյանի` օրենքով երաշխավորված իրավունքները:

12. Վերոշարադրյալի հիման վրա դիմող Տ.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սուքիասյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշումը՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու դիմող Տ.Գալստյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը, այն է՝ վերացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանի՝ 2019 թվականի հունիսի 27-ի թիվ 29/8-7290 գրությունը կամ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Տ.Գալստյանի դիմումի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականության բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։ (…)»։

Նույն օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»։

14.1. Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Հրայր Մանուկյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ. «[Հ]անցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ։ Հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես` բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։ Նշվածը, սակայն, չի ենթադրում, որ քննարկման և լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանականություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հաստատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը»10։

14.2. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը, արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներն իրենցից ներկայացնում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ սահմանափակ քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների նախնական քննարկումը և ստուգումը եզրափակող որոշում։ Այսինքն, այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը ներկայացված հաղորդման կապակցությամբ ձեռնարկել է դատավարական և (կամ) այլ գործողություններ, որոնցից հետևում է, որ դրանք ուղղված են հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները քննարկելուն և ստուգելուն, պարտավոր է կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը: Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու պահանջը վերաբերում է այն հաղորդումներին, որոնցում պարունակվող տեղեկությունները իրավասու մարմնի կողմից գնահատվել են բավարար այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործադրելու համար։

15Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների (անգործության) դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները (անգործությունը) ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների (անգործության) օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին11:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Տ.Գալստյանը ՀՀ գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել ՎՀայրապետյանի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ, որը քննարկման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին12։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Օ.Շախկուլյանը միջոցներ է ձեռնարկել դիմումում պարունակվող տեղեկությունների նախնական քննարկման և ստուգման նպատակով՝ պահանջելով լրացուցիչ փաստաթղթեր ու բացատրություն վերցնելով դիմող ՏԳալստյանից13։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Օ.Շախկուլյանը, եզրահանգելով, որ «ՎՀայրապետյանի և ՏԳալստյանի միջև հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, իսկ տվյալ ոլորտում սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ», եզրակացություն է կազմել դիմող Տ.Գալստյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քարտուղարության կարգագրին կցելու վերաբերյալ14։ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի գրությամբ դիմող Տ.Գալստյանին տրվել է գրավոր պատասխան՝ դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերն անհետևանք թողնելու և եզրակացությամբ նույն բաժնի քարտուղարության կարգագրին կցելու վերաբերյալ15։

Առաջին ատյանի դատարանը, հղում կատարելով Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշմանը, գտել է, որ դիմող Տ.Գալստյանի դիմումը չի համապատասխանում հանցագործության մասին հաղորդման բովանդակային չափանիշին, հետևաբար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը16։

Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները բխում են գործի նյութերից, իսկ կայացված դատական ակտն օրինական է և հիմնավոր17։

17. Մեջբերված փաստական տվյալների ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Օ.Շախկուլյանը, ստանալով դիմող Տ.Գալստյանի դիմումը, ձեռնարկել է որոշակի դատավարական գործողություններ, որոնք ուղղված են եղել դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները քննարկելուն, ստուգելուն և լուծելուն։ Այլ կերպ՝ դիմումում պարունակվող տեղեկությունների կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Տ.Գալստյանի հայտնած՝ սուտ մատնություն կատարելու հանգամանքը դարձվել է քննարկման առարկա, ինչի արդյունքում էլ, ըստ էության, իրավական գնահատական է տրվել Վ.Հայրապետյանի արարքին։ Վերոշարադրյալից բխում է, որ Տ.Գալստյանի ներկայացրած հաղորդման առնչությամբ կիրառվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգավորումները, ինչն էլ առաջացրել է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը։

18. Ուստի, սույն որոշման 16-17-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները և դրանց վերլուծությունը գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, հաստատելով դիմող Տ.Գալստյանի իրավունքների և օրինական շահերի խախտման բացակայության փաստը, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ դիմումով հայտնած՝ սուտ մատնություն կատարելու մասին տեղեկությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի գործադրմամբ քննարկելու և ստուգելու արդյունքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Օ.Շախկուլյանը նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու փոխարեն կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություններ՝ դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով կազմել է «եզրակացություն» և այն «կցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քարտուղարության կարգագրին», որի արդյունքում խախտվել են դիմող Տ.Գալստյանի` օրենքով երաշխավորված իրավունքները:

19. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Տ.Գալստյանի դիմումի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականության բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ, 290-րդ և 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար:

Միևնույն ժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող ՏԳալստյանի բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու սույն որոշմամբ արձանագրված՝ դիմողի իրավունքների խախտումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 4151-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

           

Ո Ր Ո Շ Ե Ց

                  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Տիգրան Գրիշայի Գալստյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մարտի 10-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2Դիմող Տիգրան Գրիշայի Գալստյանի բողոքը բավարարել մասնակիորեն` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու սույն որոշմամբ արձանագրված՝ դիմողի իրավունքների խախտումը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_____________________________

1  Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 14։

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 8-11։

3  Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 15-28։

4  Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 29։

5  Տե՛ս նույն տեղում։

6  Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 30։

7 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 2-9։

8  Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 34-37։

9  Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 53-62։

10  Տե'ս Հրայր Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0154/11/14 որոշման 14-րդ կետը։

11  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Հեղինե Պետրոսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0043/11/14 որոշումները:

12  Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

13  Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

14  Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

15  Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

16  Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

17  Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

              

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան