Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԴ/0743/06/18

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի մայիսի 14-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով։ Միաժամանակ մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:

Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացրել է և նրան ազատ արձակել:

Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանը, Ռ.Սահակյանը, Ա.Օրբելյանը և Հ.Խուդոյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանը:

2. Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի և պաշտպանների վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը թողնվել է առանց քննության:

3. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը` մերժվել: Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքները մերժել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը` թողել անփոփոխ, Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը:

4. Վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ մերժվել է:

5. Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ քննության է առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

6. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

7. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վճռաբեկ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է. «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների` հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ կալանավորման պայմանների (բացառությամբ անձեռնմխելիության հարցի) ու հիմքերի մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ստուգման չի ենթարկվել՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ նշված որոշման 10.1.-10.3-րդ կետերում բարձրացրած փաստարկներին տվյալ դեպքում հնարավոր չէ անդրադառնալ մինչև սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով նշված որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է գնահատման ենթարկի ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն առերևույթ կատարված լինելու հիմնավոր կասկածը, և դրա առկայությունը հավաստելու պարագայում միայն սույն որոշման 13-19.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնա Ռ.Քոչարյանի անձեռնմխելիության հարցին»1։

9. Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արձանագրել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

10. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանը որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումը՝ խնդրել է նոր հանգամանքի հիմքով հարուցել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի և 2018 թվականի դեկտեմբերի 7-ի, Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի և 2019 թվականի մարտի 22-ի որոշումների վերանայման վարույթ ու վերանայել նշված դատական ակտերը: Բողոքի հեղինակը խնդրել է վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ պաշտպանների վճռաբեկ բողոքը բավարարել, որոշումը լրացուցիչ պատճառաբանել՝ անդրադառնալով պաշտպանների վճռաբեկ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին՝ որոշման եզրափակիչ մասը թողնելով անփոփոխ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումը նոր հանգամանք է մեղադրյալ Ռ.Քոչարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի դատական ակտը վերանայելու համար:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի համաձայն՝ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

(…)

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերի ուժով զրկված են եղել Սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (…)»:

13. Սահմանադրական դատարանը, 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման շրջանակներում անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանի լիազորություններին, արձանագրել է. «(...) [Տ]արանջատելով Վճռաբեկ դատարանի լիազորությունները գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքերում, ինչպես նաև սահմանափակելով Վճռաբեկ դատարանի լիազորությունները գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում նոր դատական ակտեր ընդունելու պահանջով, օրենսդիրը հետապնդել է գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ դատավարական շրջապտույտը կանխելու, ընդսմին՝ այդ հարցերով վճռաբեկ ատյանում վերջնական իրավական դիրքորոշում ձևավորելու և այն ամրագրելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու նպատակներ:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այս կարգավորումն ունի կանխարգելիչ բնույթ և ուղղված է վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքի տեսանկյունից գործով ըստ էության վերջնական որոշում կայացնելու հիմնական գործառույթի երաշխավորված ապահովմանը, ինչը հնարավոր չի լինի իրականացնել գործն ըստ էության չլուծող դատական ակտերի անվերջ վերանայման դեպքում:

Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի անվերջ վերանայման իրավական հնարավորությունը, որը կարող էր առկա լինել Վճռաբեկ դատարանի առավել ընդգրկուն լիազորությունների օրենսդրական ամրագրման դեպքում, կարող էր էականորեն ազդել ինչպես ստորադաս դատարաններում, այնպես էլ նույն վճռաբեկ ատյանում տվյալ գործի ըստ էության քննության վրա՝ խաթարելով դրա արդյունավետությունը: Ավելին՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերն անսահմանափակ վերանայելու հնարավորությունն օրենսդրորեն չկանխելը կարող էր վտանգել արդարադատության բուն գործառույթը, քանի որ անհնարին կլիներ կանխատեսել միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումների իրական կամ հնարավոր ազդեցությունը գործի ըստ էության լուծման վրա, ուստի՝ վերջնարդյունքում կա՛մ դատաքննության տևողությունը պետք է անհարկի երկարաձգվեր, կա՛մ դատարանները միջանկյալ դատական ակտերի քննությանը պետք է հարկադրված լինեին անդրադառնալ գործով ըստ էության որոշում կայացնելուց հետո, ինչն անթույլատրելի կլիներ»2:

Միևնույն ժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է. «(…) [Օ]րենսդիրը տարանջատել է կալանքի ձևով անձնական ազատությունից զրկելու առնչությամբ մինչդատական վարույթի իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգերը տարբեր դատական ատյաններում: Եթե առաջին ատյանի դատարանն ամբողջ ծավալով պետք է նախապես վերահսկի կալանավորման իրավաչափությունը՝ այդ հարցով կայացնելով սկզբնական որոշում, ապա վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատարանները պետք է հետագայում որոշեն արդեն դատական ակտի իրավաչափության հարցը՝ համապատասխան բողոքի առկայության դեպքում և այդ բողոքի առարկայի շրջանակներում»3։

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթներին՝ Սահմանադրական դատարանը շեշտել է. «Որևէ դատարանի կողմից իրավունքի խախտումը փաստելը` առանց այն վերացնելու, նշանակում է չիրականացնել արդարադատություն, մինչդեռ, եթե դատարանը կոչված է վերանայելու ստորադաս դատարանների դատական ակտերը (իսկ Վճռաբեկ դատարանի համար այդ պահանջն ուղղակիորեն սահմանված է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասում), ապա չի կարող չիրականացնել արդարադատություն, այսինքն, նաև չվերացնել հիմնական կամ այլ իրավունքների և ազատությունների խախտումները, հատկապես եթե արձանագրում է դրանք: Ակնհայտ է, որ որևէ նման օրենսդրական կառուցակարգ կամ դատական պրակտիկա հակասության մեջ կմտնեն Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, ընդ որում, նման դեպքերում երաշխավորված չեն լինի նաև արդար դատաքննության երաշխիքները»4:

14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի գործն ըստ էության չլուծող դատական ակտը բեկանել և գործն ուղարկել է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը վերանայելու համար։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»5:

16 Հաշվի առնելով, մի կողմից այն, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս, անձի իրավունքի խախտումը փաստելով, որոշ դեպքերում այն կարող է արդար դատաքննության երաշխիքներին համահունչ վերականգնվել ոչ այլ կերպ, քան գործը նոր քննության ուղարկելու միջոցով, մյուս կողմից՝ անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործման ապահովումը, Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ դիմել էր Սահմանադրական դատարան՝ նշելով, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտի իրավաչափությունը բացառապես վճռաբեկ բողոքի առարկայի և սահմանների շրջանակում ստուգելիս Վճռաբեկ դատարանը, Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ վերոնշյալ քրեադատավարական նորմերի հետ անմիջականորեն փոխկապակցված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության պայմաններում, առանց գործը նոր քննության ուղարկելու իրավասության, զրկված է վերջնական որոշում կայացնելու և իրավունքի խախտումը փաստելով այն վերացնելու հնարավորությունից։

Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴԱՈ-110 որոշմամբ «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը» ընդունվել էր քննության, սակայն Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ՝ կարճվել։

161 Վճռաբեկ դատարանը, օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում, Հրայր Հովսեփյանի գործով որոշմամբ փաստել է, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները6։

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Վճռաբեկ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն, իսկ պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը` մերժել: Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության: Գործը նոր քննության ուղարկելու հիմքում դրվել է այն պատճառաբանությունը, որ Վերաքննիչ դատարանը, Հանրապետության նախկին նախագահ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը գնահատման չի ենթարկել, այլ քննարկման առարկա է դարձրել միայն Ռ.Քոչարյանի անձեռնմխելիության հարցը։ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ կալանավորման պայմանների (բացառությամբ անձեռնմխելիության հարցի) ու հիմքերի մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ստուգման չի ենթարկվել, գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության, քանի որ փաստացի զրկված է եղել այդ հարցի կապակցությամբ հիմնավորված հետևության հանգելու հնարավորությունից7,

- Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքները մերժել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը` թողել անփոփոխ, Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը8,

- Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է9:

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող էր ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում:

Հետևաբար մեղադրյալ Ռ.Քոչարյանի վերաբերյալ գործն ըստ էության չլուծող դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս, Վճռաբեկ դատարանը, սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, չէր կարող կայացնել վերջնական որոշում և իրավունքի խախտումը փաստելով վերացնել այն՝ առանց գործը նոր քննության ուղարկելու:

19. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա են այնպիսի փաստեր, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով օբյեկտիվորեն անհնարին են դարձնում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի փոփոխումը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի կողմից նշված մյուս դատական ակտերի վերանայման հարցին։

20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________

1 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 25-26-րդ կետերը։

2 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման 4.1-րդ կետը։

3 Տե՛ս նույն որոշման 4.2-րդ կետը։

4 Տե՛ս նույն որոշման 4.4-րդ կետը։

5 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 27-րդ կետը, mutatis mutandis տե՛ս նաև Վճռաբեկ դատարանի՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 11-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Հատուկ կարծիք հայտնած դատավոր`

Ս. Ավետիսյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Դատավոր Սերժիկ Ավետիսյան

 

 

ԵԴ/0743/06/18

 

2021 թվականի մայիսի 14-ին

ք. Երևանում

 

Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վճռաբեկ բողոքը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան) 2021 թվականի մայիսի 14-ի որոշման պատճառաբանական առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ.

 

Գործի դատավարական նախապատմությունը և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով։ Միաժամանակ մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:

2. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացրել է և նրան ազատ արձակել:

Վերաքննիչ դատարանը 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ արձանագրել է՝

Դատարաններն իրավասու չեն և չեն կարող քննարկել կարգավիճակից բխող արարքների համար Նախագահին, այդ թվում՝ պաշտոնաթող, կալանավորելու հարցը, քանի դեռ նա սահմանված ընթացակարգերի պահպանմամբ զրկված չէ անձեռնմխելիությունից:

Պարտադիր չէ, որպեսզի Նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես Նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի Նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ:

Նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պահպանմամբ Ռոբերտ Քոչարյանը չի զրկվել անձեռնմխելիությունից, ուստի չի անդրադառնում կալանավորման պայմանների և հիմքերի առկայության կամ բացակայության հարցին և գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2018թ. հուլիսի 27-ի որոշումը պետք է բեկանել և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել:

3. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանը, Ռ.Սահակյանը, Ա.Օրբելյանը և Հ.Խուդոյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի և պաշտպանների վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը թողնվել է առանց քննության:

4. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը` մերժվել: Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը չի գնահատել, այլ քննարկման առարկա է դարձրել միայն նրա անձեռնմխելիության հարցը:

Նկատի ունենալով, որ կալանավորման պայմանների (բացառությամբ անձեռնմխելիության հարցի) ու հիմքերի մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ստուգման չի ենթարկվել՝ Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, քանի որ փաստացի զրկված է եղել այդ հարցի կապակցությամբ հիմնավորված հետևության հանգելու հնարավորությունից:

5. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ դատավոր Ս.Ավետիսյանը մնացել է Հատուկ կարծիքի, առաջարկելով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի բողոքների վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համապատասխանությունը 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 56.1-րդ հոդվածի 2-րդ մասին և 57-րդ հոդվածին (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասին և 141-րդ, ինչպես նաև 78-րդ, 79-րդ հոդվածներին)։

6. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքները մերժել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը` թողել անփոփոխ, Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը:

7. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ մերժվել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի քննության այս փուլում` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորման հարցը քննելիս, բողոք բերած անձանց կողմից բարձրացված հարցերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցման իրավաչափության, այդ հոդվածով և նախկինում գործող ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշների նույնականության, ինչպես նաև այդ նորմերի` իրավական որոշակիության պահանջներին համապատասխանության վերաբերյալ, դուրս են դատական վերահսկողության սահմաններից: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Հետևաբար, այս փուլում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ և նույն օրենսգրքի նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտության վերաբերյալ բողոքաբերների փաստարկները հիմնավոր չեն:

8. Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ դատավոր Ս.Ավետիսյանը մնացել է Հատուկ կարծիքի, առաջարկելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ՝ օրենքով սահմանված համապատասխան որոշում կայացնելու, այդ թվում՝ վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) դիմելու նպատակով:

9. Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ քննության է առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արձանագրվել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է:

 2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»:

10. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

11. Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի ՍԴՈ-1586 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

12. Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում, մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը մերժվել է՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

13. Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 14-ի որոշման պատճառաբանական առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ մնացել եմ Հատուկ կարծիքի:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

14. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանը որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումը՝ խնդրել է նոր հանգամանքի հիմքով հարուցել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի և 2018 թվականի դեկտեմբերի 7-ի, Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի և 2019 թվականի մարտի 22-ի որոշումների վերանայման վարույթ ու վերանայել նշված դատական ակտերը:

Բողոքաբերը փաստարկել է, որ Վճռաբեկ դատարանը որոշում ընդունելիս պետք է ղեկավարվի նաև Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշումով և անդրադառնա պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության, կալանք ընտրելու անհրաժեշտությունը հիմնավորող վերաբերելի և բավարար փաստարկների, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ և 2008 թվականին գործող 300-րդ հոդվածների հարաբերակցության հարցերին:

Բողոքի հեղինակը խնդրել է վերանայման արդյունքում կայացնել վերջնական որոշում՝ նոր դատական ակտ, Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ պաշտպանների վճռաբեկ բողոքը բավարարել, որոշումը լրացուցիչ պատճառաբանել՝ անդրադառնալով պաշտպանների վճռաբեկ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին՝ որոշման եզրափակիչ մասը թողնելով անփոփոխ:

 

Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումը և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանը գտել է, որ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը վերանայելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նշված որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վճռաբեկ բողոքը մերժել է՝ հիմք ընդունելով հետևյալ իրավական դիրքորոշումները:

15.1. Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ դիմել էր Սահմանադրական դատարան՝ նշելով, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտի իրավաչափությունը բացառապես վճռաբեկ բողոքի առարկայի և սահմանների շրջանակում ստուգելիս Վճռաբեկ դատարանը, Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ վերոնշյալ քրեադատավարական նորմերի հետ անմիջականորեն փոխկապակցված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության պայմաններում, առանց գործը նոր քննության ուղարկելու իրավասության, զրկված է վերջնական որոշում կայացնելու և իրավունքի խախտումը փաստելով այն վերացնելու հնարավորությունից։

Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴԱՈ-110 որոշմամբ «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը» ընդունվել էր քննության, սակայն Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ՝ կարճվել։

15.2. Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով որոշմամբ փաստել է նաև, որ Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները1:

Սույն դեպքում անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող էր ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում:

Հետևաբար մեղադրյալ Ռ.Քոչարյանի վերաբերյալ գործն ըստ էության չլուծող դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս, Վճռաբեկ դատարանը, սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, չէր կարող կայացնել վերջնական որոշում և իրավունքի խախտումը փաստելով վերացնել այն՝ առանց գործը նոր քննության ուղարկելու:

15.3. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով առկա են այնպիսի փաստեր, որոնք անհնարին են դարձնում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի փոփոխումը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտել է, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել բողոքաբերի կողմից նշված մյուս դատական ակտերի վերանայման հարցին։

 

Դատավոր Ս.Ավետիսյանի իրավական դիրքորոշումները և եզրահանգումները.

16. Ուսումնասիրելով պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու պահանջը, ծանոթանալով վարույթում առկա նյութերին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 14-ի որոշմանը, համաձայն չլինելով որոշման պատճառաբանական առանձին դրույթների և եզրափակիչ մասի հետ, հայտնում եմ Հատուկ կարծիք՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով:

16.1. Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի և 2019 թվականի մարտի 22-ի որոշումների պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ չհամաձայնվելով, ներկայացրել եմ Հատուկ կարծիքներ, որոնցում անդրադառնալով պաշտոնաթող Նախագահի անձեռնմխելիության հատկանիշի և կալանավորման մյուս պայմանի՝ հիմնավոր կասկածի հարաբերակցության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցերին, հանգել եմ հետևյալ եզրահանգումների և առաջարկությունների՝

1) Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետևում է, որ այդ արարքը վերաբերում է որպես Նախագահ՝ իր կարգավիճակին, այլ ոչ թե որպես մասնավոր անձ կատարած գործողություններին: Հետևաբար, սույն դեպքում, Ռ.Քոչարյանը օգտվում է պաշտոնաթող Նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառույթային անձեռնմխելիության երաշխիքից:

2) Անձեռնմխելիությունը լինելով անձին պատասխանատվությունից զրկելու նախապայման՝ այն առանցքային երաշխիք է կամայականորեն ազատությունից զրկվելուց պաշտպանվելու համար:

3) Անձեռնմխելիության պայմանի հաղթահարումը պետք է նախորդի հիմնավոր կասկածի առկայության ստուգմանն ու գնահատմանը: Այլ խոսքով, եթե անձեռնմխելիության պայմանը հաղթահարված չէ, քրեական հետապնդման և կալանավորման գործընթացը իմաստազրկվում են: Ուստի անձեռնմխելիության պայմանի հաղթահարումից հետո է միայն հնարավոր անդրադառնալ առերևույթ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի հավաստմանը:

4) Պաշտոնաթող Նախագահին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի բացակայությունը բացառում է քրեական հետապնդման հարուցումը (մեղադրանք առաջադրելը), ուստի նաև խափանման միջոցի՝ կալանքի հարցի քննարկումը:

Կալանավորման պայմանն առկա չէ, եթե անձեռնմխելիության հատկանիշը կրող սուբյեկտը շարունակում է այն պահպանել:

5) ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրությունը պաշտոնաթող Նախագահին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգ չի սահմանել, առկա է սահմանադրաիրավական բաց, որը հնարավոր չէ հաղթահարել իրավակիրառ պրակտիկայում:

6) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված այն դրույթը, ըստ որի «Քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին» իրագործելի չէ, քանի որ ՀՀ օրենսդրությունը պաշտոնաթող Նախագահի համար այդպիսի մարմին չի նախատեսել։

Մինչդեռ, անձեռնմխելիության հատկանիշով օժտված առանձին կատեգորիայի հատուկ սուբյեկտների վերաբերյալ (ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի անդամներ, դատավորներ) ՀՀ Սահմանադրությունը և համապատասխան սահմանադրական օրենքները նախատեսել են տվյալ անձանց անձեռնմխելիությունը հաղթահարելու կառուցակարգ:

7) Պաշտոնաթող Նախագահին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ օրենսդրական կարգավորման բացակայությունը հակասում է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներում ամրագրված համաչափության և որոշակիության սկզբունքներին:

Արդյունքում եզրահանգել եմ, որ

– պաշտոնաթող Նախագահի անձեռնմխելիությունը բովանդակող Սահմանադրական նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ձևավորած դատողությունները համոզիչ չեն և չեն բխում գործառութային անձեռնմխելիության գաղափարախոսությունից,

– Վճռաբեկ դատարանը հանգել է սխալ հետևության, որ սկզբում պետք է ստուգել հիմնավոր կասկածի առկայությունը, որից հետո անդրադառնալ անձեռնմխելիության հաղթահարման հարցին: Վճռաբեկ դատարանի տվյալ եզրահանգումը չի բխում հիմնավոր կասկածի վերաբերյալ Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի ձևավորված կայուն նախադեպային որոշումների, ինչպես նաև անձեռմխելիության ինստիտուտի օրենսդրական կարգավորումների տրամաբանությունից:

Վերոգրյալներից ելնելով առաջարկել եմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի բողոքների վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համապատասխանությունը Սահմանադրության նորմերին։

16.2. Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված կալանավորման պայմաններից «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» եզրույթի էությունը, մասնավորապես, որոշակի խումբ անձանց համար անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը2, քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը3, նշել եմ, որ այն դեպքերում, երբ հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով բնութագրվում է բլանկետային դիսպոզիցիայի միջոցով, ապա համապատասխան օրենքում և (կամ) ենթաօրենսդրական ակտում կատարված բովանդակային փոփոխություններն ազդում են քրեաիրավական նորմի բովանդակության և դրանով արգելված արարքների ծավալի ու շրջանակի վրա։ Հետևաբար, արարքի լրիվ կամ մասնակի քրեականացման (ապաքրեականացման), կամ բլանկենտային դիսպոզիցիայի նորմում փոփոխության դեպքում հարցի քննարկումը պետք է իրականացվի նաև համապատասխան օրենքում և (կամ) ենթաօրենսդրական ակտում կատարված փոփոխությունների համատեքստում (տվյալ դեպքում հիմնավոր կասկածի շրջանակներում):

Արդյունքում, 2019 թվականի մարտի 22-ի Հատուկ կարծիքում միջնորդել եմ պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան որոշում կայացնելու նպատակով:

Մասնավորապես, հիմնավորել եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության առումով (հիմնավոր կասկածի շրջանակում) կան ողջամիտ կասկածներ և համապատասխան հիմքեր՝ Սահմանադրական դատարան դիմելու համար՝ հաշվի առնելով տվյալ նորմի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

16.3. Վերահաստատելով և զարգացնելով արտահայտած իրավական դիրքորոշումները և նկատի ունենալով վճռաբեկ բողոքներում բերված հիմնավորումները, փաստել եմ, որ դրանք բխում են նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից: Այսպես՝ նյութական և դատավարական օրենքների վերոնշյալ հոդվածների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ նկատառումները բխում են Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի ՍԴՈ-7 որոշումից4:

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ5, ի թիվս այլնի, արձանագրել է հետևյալը՝

Հանցանք կատարած լինելու «հիմնավոր կասկած» սահմանադրական և քրեադատավարական եզրույթը բացահայտելիս քրեական հետապնդումը բացառող հանգամանքների պարզումը, արարքի լրիվ կամ մասնակի ապաքրեականացումը, բլանկետային դիսպոզիցիայով նորմերի փոփոխությունը, առանձին սուբյեկտային կազմի անձեռնմխելիության հաղթահարումը պարտադիր նախապայման է, քանի որ դրանց առկայությունը իրավունքի ուժով կարող է բացառել գործի հարուցումը կամ քրեական հետապնդումը, այլապես Սահմանադրությամբ և միջազգային չափանիշներին համապատասխան չի ապահովվի անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման նախապայմանը:

Այլ կերպ՝ հանցանք կատարած լինելու «հիմնավոր կասկած» եզրույթը բացահայտելիս քրեական հետապնդումը բացառող հանգամանքների անտեսումը կհանգեցնի Սահմանադրության 27-րդ, 61-րդ, 79-րդ, Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածների խախտման:

Այն դեպքերում, երբ օրենսդիրը քրեական օրենքը շարադրելիս հղում է կատարում այլ օրենքների նորմերին, ապա դրանք որոշակիորեն վերածվում են քրեական իրավունքի աղբյուրի։ Նորմատիվ իրավական ակտերը, որոնց վրա կատարվում կամ ենթադրվում է հղում քրեաիրավական բլանկետային նորմով, էապես ազդում է հանցանքի իրավական բովանդակության և այդ հանցանքի համար քրեական պատասխանատվության կիրառման սահմանների վրա: Այսպիսով, յուրաքանչյուր փոփոխություն այն օրենքներում, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմում, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության ընդլայնման, նեղացման կամ վերացման։ Ամեն պարագայում, թեև միայն քրեական օրենքն է, որ, միացնելով հանցակազմի բոլոր տարրերը, սահմանում է արարքի հանցավորությունը, այնուամենայնիվ, քրեական օրենքը պետք է դիտարկել բլանկետային նորմերի հետ միասնության մեջ։ Հետևաբար՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու կանոնը վերաբերում է նաև այն օրենքներին, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմով։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանաված կարգով:

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ գործով6 Հատուկ կարծիքում նշել եմ, որ բլանկետային նորմերով առաջադրված մեղադրանքի օրինականությունը և հիմնավորվածությունը հիմնավոր կասկածի լույսի ներքո վիճահարույց է:

16.4. Հաշվի առնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նյութական և քրեադատավարական նորմերին տրված մեկնաբանությունները և ելնելով դատական պաշտպանության ու անձնական ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունն ապահովելու անհրաժեշտությունից, հանգել եմ այն եզրահանգման, որ

1) Ռ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի օրինականությունը պատշաճ կարգով ստուգված չէ, հետևյալ նկատառումներով.

ա) Դատարաններն անտեսել են, որ մեղադրանքի օրինականությունը որպես կալանավորման պայման իր մեջ տվյալ դեպքում ներառում է Ռ.Քոչարյանի՝ անձեռնմխելիության հաղթահարումը, որը լուծված չէ:

բ) Բլանկետային դիսպոզիցիայի նորմով մեղադրանքի առաջադրումը, որի սահմանադրաիրավական և դրա հիման վրա քրեաիրավական բովանդակությունը հիմնավոր կասկածի մակարդակով հաղթահարված չէ:

գ) Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանները պատշաճ չեն ստուգվել նաև 2009 թվականի մարտի 20-ին քրեականացված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ օրենքի հետադարձ ուժ չունենալու սկզբունքի տեսանկյունից:

դ) Վերոնշյալ հանգամանքների պարզումը ուղղված է ոչ թե Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության ու ապացուցվածության, նրա մեղքի, մեղավորության կամ անմեղության ստուգմանն ու գնահատմանը, այլ հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության պարզմանը՝ որպես կալանքի պարտադիր պայմանի և անձնական ազատությունից սահմանափակելու իրավաչափության երաշխիքի:

2) Մեջբերված քրեաիրավական նորմից հետևում է, որ այն կառուցված է բլանկետային դիսպոզիցիայի միջոցով, այսինքն՝ այդ հանցակազմի որոշ տարրեր, այդ թվում՝ օբյեկտիվ կողմը (հանրորեն վտանգավոր արարքը, որը դրսևորվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ), ինչպես նաև սուբյեկտիվ կողմի հատկանիշները կարող են որոշվել ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման միջոցով:

Մասնավորապես, նշել եմ, որ իրավական որոշակիության տեսանկյունից, պարզաբանման կարիք ունեն «սահմանադրական կարգ տապալելը», «Սահմանադրության որևէ նորմի փաստացի վերացնելը», «իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցում» և այլ եզրույթները:

Ուստի, գտել եմ, որ վիճարկվող քրեաիրավական դրույթի սահմանադրականությանը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ կալանքի հիմքում դրված մեղադրանքի իրավաչափությանն առնչվող հարցի շրջանակներում կարող է անդրադառնալ միայն Սահմանադրական դատարանը:

16.5. Վերոնշյալի հաշվառմամբ գտել եմ, որ Ռ.Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը (մեղադրանք առաջադրելը), ինչպես նաև նրա կալանավորումը և կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը եղել է խնդրահարույց:

Ուստի, դատարանների հետևությունն առ այն, որ տվյալ հարցերի պարզումը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից և նախաքննության փուլում դատարանների առջև դրված խնդիրների շրջանակից, անհիմն է և չի բխում, ինչպես Եվրոպական դատարանի որոշումներից, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային իրավունքից և Սահմանադրական դատարանի որոշումներից:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի իրավադրույթի կապակցությամբ ՀՀ սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»7:

17.1. Նախ, հարկ եմ համարում արձանագրել, որ վերահաստատում եմ Հրայր Հովսեփյանի գործով Սահմանադրական դատարան դիմելու Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության պայմաններում, առանց գործը նոր քննության ուղարկելու իրավասության, Վճռաբեկ դատարանը որոշ դեպքերում զրկված է վերջնական որոշում կայացնելու և իրավունքի խախտում փաստելով այն վերացնելու հնարավորությունից: Միաժամանակ, գտնում եմ, որ դրանք սույն դեպքում կիրառելի չեն, հետևյալ նկատառումներով:

17.2. Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործն ըստ էության չլուծող դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս, Վճռաբեկ դատարանը սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով չի կարող կայացնել վերջնական որոշում և իրավունքի խախտումը փաստելով վերացնել այն՝ առանց գործը նոր քննության ուղարկելու, բավարար չափով հիմնավորված չէ:

Իմ համոզմամբ, սույն դեպքում առկա են ծանրակշիռ փաստարկներ գալու հետևության, որ Վճռաբեկ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 15-ի դատական ակտի վերանայման արդյունքում կարող էր դրա եզրափակիչ մասը բեկանել:

Նման եզրահանգման հանգելիս հաշվի եմ առնում սույն գործի դատավարական նախապատմությունը և պաշտպանի վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները (տե'ս սույն Հատուկ կարծիքի 1-12-րդ կետերը): Մասնավորապես այն, որ պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգի՝ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չլինելը, ինչպես նաև իրավական որոշակիության տեսանկյունից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրությանը հակասող լինելու վերաբերյալ հիմնավորումները բավարար հիմք էին վճռաբեկ բողոքների հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 15-ին և 2019 թվականի մարտի 22-ին սույն քրեական գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հետագայում հնարավորություն կընձեռեր նոր դատական ակտ կայացնելու համար:

Գտնում եմ, որ նման լուծումը կարող էր ապահովել Ռոբերտ Քոչարյանի և մյուս մեղադրյալների՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը: Այլ կերպ, վերոշարադրյալի համատեքստում Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառույթային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող էր ապահովվել Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության չուղարկելու, այսինքն՝ նոր դատական ակտ կայացնելու միջոցով:

17.3. Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի ՍԴՈ-1586 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ սույն գործով առկա փաստարկներն իրենց բնույթով ծանրակշիռ են, որոնք հիմք են վերանայված դատական ակտի՝ Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման եզրափակիչ մասը բեկանելու համար:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպան Հ.Ալումյանի՝ վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է Վճռաբեկ դատարանի միայն 2018 թվականի նոյեմբերի 15-ի դատական ակտի վերանայման վարույթ, ուստի բողոքաբերի կողմից նշված մյուս դատական ակտերի վերանայման խնդրին չեմ անդրադառնում:

18. Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ, 29-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-42-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ և 426.9-րդ հոդվածներով՝

 

առաջարկում եմ՝

 

Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն՝ որոշման եզրափակիչ մասը բեկանել:

 

____________________

1 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 27-րդ կետը, mutatis mutandis տե՛ս նաև Վճռաբեկ դատարանի՝ ,Արցախբանկե ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 11-րդ կետը։

2 Տե'ս, Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19, 21 կետերը:

3 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 23-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի թիվ ՍԴՈ-7 որոշման 4.2., 4.3., 4.6., 4.10. կետերը:

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 որոշումը:

6 Տե՛ս Վաչագան Ղազարյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0676/06/18 Հատուկ կարծիքը:

Ծանոթություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ.Ավետիսյանի 2020 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Վաչագան Ալեքսանդրի Ղազարյանի և Ռուզաննա Հրաչիկի Բեգլարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է և թիվ 59103718 քրեական գործով վարույթը կարճվել է՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

7 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

 

Դատավոր՝

Ս. Ավետիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան