Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.05.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 մայիսի 2021 թվականի

թիվ 79-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով՝ սահմանել փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկման առանձնահատկությունները,

հիմք ընդունելով՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը, 118-րդ հոդվածի 2-րդ մասը, 127-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը» հաստատելու մասին թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-21-րդ ենթակետերով.

«20) «Փոխառության մասնակցության պարտատոմսեր». ոչ ռեզիդենտ թողարկողի կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց տեղաբաշխումից ստացված միջոցները տրամադրվում են ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ որպես փոխառություն:

21) «Փոխառու». փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկողից փոխառություն վերցրած ռեզիդենտ իրավաբանական անձ, ում վերցրած փոխառությունը ֆինանսավորվել է փոխառության մասնակցության պարտատոմսերի շնորհիվ, իսկ փոխառությունը հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց:»,

2) Կանոնակարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում «սահմանված կարգով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ փոխառության մասնակցության պարտատոմսերի» բառերով,

3) Կանոնակարգի 19-րդ կետում.

ա. «14» թիվը փոխարինել «4» թվով,

բ. «մինչև 2500 բառից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնակարգ 31.6 կետով սահմանված ամփոփաթերթի» բառերով,

4) Կանոնակարգը լրացնել Գլուխ 14.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«ԳԼՈՒԽ 14.1

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

31.1. Փոխառության մասնակցության պարտատոմսերի ազդագիրը (առևտրի ազդագիրը) կարող է ներկայացնել նաև փոխառուն:

31.2. Եթե փոխառության մասնակցության պարտատոմսերի ազդագրի (առևտրի ազդագրի) գրանցման համար դիմում է փոխառուն, ապա սույն կանոնակարգով հաշվետու թողարկողի համար սահմանված տեղեկատվության բացահայտման պահանջների պարտավորությունը կարող է կիրառվել փոխառուի նկատմամբ:

31.3. Եթե փոխառության մասնակցության պարտատոմսերը թողարկվել են սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված պետություններում կամ թույլատրված են սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում առևտրին, ապա թողարկողի (փոխառուի) կողմից կարող է ներկայացվել սույն կետում նշված կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրման կամ սույն կետում նշված պետություններում հրապարակային առաջարկի համար հրապարակված ազդագիրը, եթե այն վավեր է տվյալ երկրում և կազմված է ռուսերենով կամ անգլերենով։

31.4. Սույն կանոնակարգի 31.3-րդ կետով նախատեսված դեպքում ազդագրին կից ներկայացվում է նաև հայերեն կազմված ամփոփաթերթ:

31.5. Սույն կանոնակարգի 31.3-րդ կետով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում, թողարկողի (փոխառուի) կողմից հրապարակվում և Կենտրոնական բանկ է ներկայացվում Օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին բավարարող ազդագիր և ամփոփաթերթ:

31.6. Սույն կանոնակարգի 31.4-րդ կետով նախատեսված ամփոփաթերթում, ի լրումն սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված ամփոփաթերթի բովանդակության, պետք է ներկայացվի նաև տեղեկատվություն.

1) փոխառուի և նրան առնչվող ռիսկերի վերաբերյալ,

2) փոխառության մասնակցության պարտատոմսերի՝ այլ երկրների կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության վերաբերյալ,

3) թողարկողի և փոխառուի պատասխանատվության` այդ թվում սույն կանոնակարգով սահմանված տեղեկատվության բացահայտման մեխանիզմների վերաբերյալ։»,

5) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.2 կետով.

«41.2. Այն թողարկողները, որոնց թողարկած փոխառության մասնակցության պարտատոմսերը առևտրին են թույլատրված սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում, անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում այն կառուցվածքով և ժամկետում, որոնք, որպես կանոն, կիրառվում են տվյալ կազմակերպությունների կողմից այդ կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալու դեպքում:»,

6) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.2 կետով.

 «45.2. Այն թողարկողները, որոնց թողարկած փոխառության մասնակցության պարտատոմսերը առևտրին են թույլատրված սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում, միջանկյալ հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում այն կառուցվածքով և ժամկետում, որոնք, որպես կանոն, կիրառվում են տվյալ կազմակերպությունների կողմից այդ կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալու դեպքում:»,

7) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46.4 կետով.

«46.4. Փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկողը (փոխառուն) սույն կանոնակարգի 41.2-րդ և 45.2-րդ կետերի համաձայն հրապարակված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ էլեկտրոնային փոստով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկին ՝ ներկայացնելով նաև դրանց հրապարակման հասցեն:»,

8) Կանոնակարգի 48-րդ կետի 1-ին ենթակետում «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «իսկ փոխառության մասնակցության պարտատոմսերի դեպքում կարող են հրապարակել փոխառուի ինտերնետային կայքում տվյալ հաշվետվությունների՝ թողարկողի կողմից հրապարակման հղումը հրապարակելու միջոցով,» բառերով,

9) Կանոնակարգի 49-րդ կետից հանել «Հաշվետվությունն առնվազն հրապարակվում է հաշվետու թողարկողի ինտերնետային կայքում։» նախադասությունը,

10) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1 կետով.

«49.1. Սույն կանոնակարգի 49-րդ կետով սահմանված հաշվետվությունն առնվազն հրապարակվում է հաշվետու թողարկողի ինտերնետային կայքում, իսկ փոխառության մասնակցության պարտատոմսերի դեպքում կարող են հրապարակվել փոխառուի ինտերնետային կայքում՝ հաշվետու տարվա ընթացքում հաշվետու թողարկողի կողմից հրապարակված տեղեկությունների հրապարակման հասցեները համախմբված հրապարակելու միջոցով:»,

11) Կանոնակարգի 50-րդ կետում «Հաշվետու թողարկողներին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ միջազգային կազմակերպությունների և այն փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկողների, որոնց թողարկած պարտատոմսերը թույլատրված են սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում առևտրին),» բառերով,

12) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ Գլուխ 24.2-ով.

 

«ԳԼՈՒԽ 24.2

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

56.4. Սույն գլխի դրույթները տարածվում են այն թողարկողների վրա, որոնց կողմից թողարկված փոխառության մասնակցության պարտատոմսերը առևտրին են թույլատրված սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում։

56.5. Փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկող հանդիսացող հաշվետու թողարկողների համար էական փաստեր և տեղեկություններ են համարվում այն տեղեկությունները, որոնք, որպես էական փաստ կամ տեղեկություն են համարվում այն երկրի օրենսդրությամբ, որտեղ թողարկվել են փոխառության մասնակցության պարտատոմսերը:

56.6. Փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկող հանդիսացող հաշվետու թողարկողները էական փաստերը և տեղեկությունները իրենց կայքում հրապարակում են այն կառուցվածքով ու ժամկետով, որոնք սահմանված են այն երկրի օրենսդրությամբ, որտեղ թողարկվել են փոխառության մասնակցության պարտատոմսերը:

56.7. Փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկող հանդիսացող հաշվետու թողարկողները սույն գլխի համաձայն հրապարակված էական փաստերը կամ տեղեկությունները հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ էլեկտրոնային փոստով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) տեղեկացնում են Կենտրոնական բանկին այդ մասին՝ ներկայացնելով նաև դրանց հրապարակման հասցեն: Սույն կետով սահմանված Կենտրոնական բանկին տեղեկացումը կարող է իրականացվել փոխառուի միջոցով:

56.8. Կենտրոնական բանկը հրապարակում է սույն կանոնակարգի 56.7-րդ կետի համաձայն ստացված տեղեկացումը իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ դրա ստացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում:»,

13) Կանոնակարգի Հավելված 1-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ԲԱԺԻՆԸ»,

14) Կանոնակարգի Հավելված 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի թիվ

68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների

հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

1. Նյու Յորքի ֆոնդային բորսա (NYSE)

2. Ավստրալիայի ֆոնդային բորսա (ASX)

3. Բեռլինի ֆոնդային բորսա (XBER)

4. Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսա

5. Լոնդոնի ֆոնդային բորսա (LSE)

6. Կորեայի ֆոնդային բորսա

7. Մադրիդի ֆոնդային բորսա

8. Իտալիայի ֆոնդային բորսա (Borsa Italiana S.p.A)

9. Մոնրեալի բորսա

10. Մոսկովյան բորսա (ցուցակման 1-ին մակարդակ)

11. Նագոյայի ֆոնդային բորսա (NSE)

12. Նազդաք խմբում ընդգրկված ֆոնդային բորսաներ

13. Նոր Զելանդիայի բորսա (NZX)

14. Պրահայի ֆոնդային բորսա (PSE)

15. Ճապոնիայի բորսաների խումբ (JPX)

16. Վարշավայի ֆոնդային բորսա (WSE)

17. Վիեննայի ֆոնդային բորսա

18. Տորոնտոյի ֆոնդային բորսա (TSX)

19. Շվեյցարիայի ֆոնդային բորսա (SIX Swiss Exchange)

20. Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսա

21. Եվրոնեքսթ խմբում ընդգրկված ֆոնդային բորսաներ»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. մայիսի 27

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան