Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.02.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1979/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/1979/05/17

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան  

Դատավորներ՝

Կ. Բաղդասարյան

 

Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի փետրվարի 12-ին

գրավոր ընթացակարգով, քննելով Զաքար Ջերեջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զաքար Ջերեջյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ Ծառայության 16.02.2017 թվականի թիվ 1705737118 որոշումը (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Զաքար Ջերեջյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 03.08.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է,
Դատարանի 03.08.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, հայցը մերժվել է,
Զաքար Ջերեջյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զաքար Ջերեջյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տեսանյութում երևում է, որ Զաքար Ջերեջյանին պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի 33 PL 091 պետհամարանիշի ավտոմեքենան հատել է խաչմերուկը, սակայն նշված խաչմերուկը կարգավորող հիմնական (խաչմերուկից առաջ աջ կողմում տեղակայված) լուսացույցը տեսանյութում չի երևում, իսկ կրկնող (կրկնվող) լուսացույցը մեծ դժվարությամբ է երևում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ միայն այն փաստի առկայությունը, որ տեսանյութում չի երևում հիմնական լուսացույցը, որը պետք է տեղադրված լինի խաչմերուկից առաջ աջ մասում, ինքնին բավարար է ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության առումով կասկած հարուցելու համար, հետևաբար ի սկզբանե վարչական մարմինը պետք է զերծ մնար որոշում կայացնելուց։

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամենից առաջ Դատարանը պետք է Ծառայությունից պահանջեր ներկայացնել Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի նյութերը, ներառյալ իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութերը, քանի որ Ծառայության ինտերնետային կայքում ներկայացված տեսանյութերի ուսումնասիրությունը բավարար չէ Որոշմամբ նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու համար։

 

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» ենթակետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումները դատական կարգով բողոքարկելիս անձը չի կրում պետական տուրք վճարելու պարտականություն, այդուհանդերձ իր վրա դրել է նման պարտականություն՝ դրանով իսկ խախտելով քաղաքացու դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը կամ մասնակիորեն բեկանել և փոփոխել դատական ակտը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

 1) Որոշմամբ Զաքար Ջերեջյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ 16.02.2017 թվականին ժամը 15:33-ին Երևան քաղաք Սեբաստիա-Ա.Վեգներ խաչմերուկի հատվածում չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին (գ.թ. 5).

 2) Վարչական գործի նյութերում առկա չէ Որոշման հիմքում ընկած տեսանյութը:

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վարչական իրավախախտման փաստը հաստատող տեսաձայնագրության ձեռք բերմանն ուղղված դատավարական գործողությունների առանձահատկությունների, ինչպես նաև վարչական տույժ նշանակելու մասին որոշումները վիճարկելիս պետական տուրք վճարելու պարտականություն ունենալու մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

1) Քննելով վճռաբեկ բողոքն առաջին հիմքով՝ Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք դատարանն իրավասու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով վարչական իրավախախտումը հաստատված համարել այն պարագայում, երբ վարչական ակտի հիմքում ընկած տեսանյութը, որպես ապացույց, գործում առկա չէ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման միջոց դառնալ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները (...)։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` իրեղեն ապացույցները հետազոտվում են զննման միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ տեսագրությունը և լուսանկարը վարչական դատավարությունում դասվում են օրենքով նախտատեսված իրեղեն ապացույցների շարքին (տե'ս, Գագիկ Կոջոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/5059/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե´ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերը վիճարկելու պահանջի հիման վրա հարուցված դատական գործերի քննության շրջանակներում վիճարկվող որոշման հիմքում ընկած տեսանյութի կամ լուսանկարի ձեռքբերումն ունի էական նշանակություն, քանի որ այդ որոշման իրավաչափությունը պայմանավորված է նաև տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությամբ։

Համադրելով վերը նշված իրավակարգավորումները կատարված վերլուծությունների հետ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի հիմքում ընկած տեսանյութը կամ լուսանկարը նյութական աշխարհի այն օբյեկտներն են, որոնք իրենց առկայությամբ կարող են հիմնավորել կատարված իրավախախտման փաստը: Ընդ որում նշված իրեղեն ապացույցները դատարանին ներկայացնելու պարտականությունը կրում է վարչական մարմինը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի իրավաչափությունը գնահատելու, այսինքն՝ գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող ապացույցն իրավախախտումն արձանագրած տեսանյութն է, որը ներկայացնելու պարտականությունը կրում է այդ տեսանյութի հիման վրա վարչական ակտն ընդունած վարչական մարմինը։ Ըստ այդմ դատարանն այդ ապացույցի հետազոտման և գնահատման միջոցով պարզում է իրավախախտման փաստի առկայությունը կամ բացակայությունը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով վարչական իրավախախտման փաստը կարող է հաստատված համարվել վարչական ակտի հիմքում ընկած տեսանյութի հետազոտման և գնահատման արդյունքում, ինչը գործնականում հնարավոր է միայն այն պարագայում, երբ նշված տեսանյութը, որպես ապացույց, օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ապացուցման բեռը կրող վարչական մարմնի կողմից և գտնվում է գործում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Զաքար Ջերեջյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Որոշումը: Նշված վարչական ակտով Զաքար Ջերեջյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, այն է՝ չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին (գ.թ. 5) :

Դատարանը 02052017 թվականի որոշմամբ գործը նշանակել է դատաքննության և Ծառայությունից պահանջել է դատարան ներկայացնել «Վարչական տույժ նշանակելու մասին» 16.02.2017 թվականի թիվ 1705737118 որոշման համար հիմք հանդիսացած վարչական իրավախախտման փաստն ամրագրած տեսանյութը թ 15)։

Ծառայության ներկայացուցիչը 20072017 թվականին նշանակված դատաքննությանը չի ներկայացել, ինչպես նաև Դատարան չի ներկայացրել պահանջված իրեղեն ապացույցը։

Դատարանը բավարարել է Զաքար Ջերեջյանի հայցը, պատճառաբանելով, որ Ծառայության կողմից չի ներկայացվել տեսանյութը, որով կապացուցվեր լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը, ուստի դրա բացասական հետևանքները կրում է Ծառայությունը:

Վերաքննիչ դատարանը Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի վճիռը բեկանել, փոփոխել և Զաքար Ջերեջյանի հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ իրավախախտման փաստի բացահայտված չլինելու մասին Դատարանի հետևությունները հիմնավոր չեն: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակել նաև Դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ծառայության կողմից տեսանյութը չներկայացնելը հանգեցնում է հայցի բավարարմանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"), հետևաբար Դատարանն իրավասու էր ինքնուրույն ուսումնասիրել անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունը և պարզել իրավախախտում կատարված լինելու կամ չլինելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տեսանյութը տվյալ դեպքում հնարավորություն տալիս է հատկորոշել վարորդի արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների միջև ուղիղ համապատասխանությունը, ուստի պետք է փաստել, որ տրանսպորտային միջոցի վարորդի արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների միջև ուղիղ համապատասխանության առկայությունը կասկած չի հարուցում: Իսկ նշվածի արդյունքը, փաստորեն, հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու անխոցելի եզրահանգումն է: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավախախտման փաստի բացահայտված չլինելու մասին Վարչական դատարանի հետևությունները հիմնավոր չեն: Միևնույն ժամանակ, լուծելով դատական ծախսերի բաշխման հարցը, Վերաքննիչ դատարանը որոշել է Զաքար Ջերեջյանից հօգուտ Ծառայության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում հայցվորին վերագրված վարչական իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութը, որպես գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող ապացույց, սույն վարչական գործում առկա չէ, հետևաբար գործնականում հնարավոր չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հետազոտել և գնահատել գոյություն չունեցող ապացույցը։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը դատողություններ է կատարել ենթադրյալ իրավախախտումն արձանագրած տեսանյութի մասին՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը. «Այսպես, վիճարկվող որոշման ընդունման համար հիմք ծառայեցված տեսանյութն ամրագրել է հետևյալ իրողությունը. Ծառայության հատկորոշած ճանապարհահատվածում հայցվորը, իր վարած տրանսպորտային միջոցով մոտենալով խաչմերուկին, տեսանկարահանող սարքի ցուցիչով ժամը 15:33:39-ին մոտենալով Կանոններով նախատեսված «Կանգ-գիծ» գծանշմանը` շարունակում է երթևեկությունը` հատելով խաչմերուկն իր նախընտրած ուղղությամբ այն պայմաններում, երբ իր ուղղության երթևեկությունը կարգավորող լուսացույցի վրա վառված է կարմիր` երթևեկությունն արգելող, ազդանշանը: Փաստորեն, տվյալ իրադրությունում հայցվորը, երթևեկությունը շարունակելով իր նախընտրած ուղղությամբ այդ ուղղությամբ երթևեկությունն արգելող կարմիր ազդանշանի պայմաններում, խախտում է Կանոնների 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջն առ այն, որ լուսացույցի կարմիր ազդանշանը, այդ թվում նաև` թարթող, արգելում է երթևեկությունը: Ընդ որում, հայցվորի մատնանշված վարքագիծն ակնհայտ է տեսանյութի ամրագրած տվյալներով: Այսինքն, տեսանյութի ամրագրած տվյալներն ուղղակիորեն ի ցույց են դնում հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու փաստը»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է ապացույցների թույլատրելիության ընդհանուր և հատուկ կանոններին՝ արձանագրելով, որ ապացույցների թույլատրելիության ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում: Ապացույցների թույլատրելիության այս կանոնը վերաբերում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված ձևական-ընթացակարգային պահանջների պահպանվածությունը և ենթադրում է. (ա) աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից, (բ) ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները, (գ) պատշաճ ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատշաճ ձևակերպման, (դ) լիազորված սուբյեկտ՝ ապացույցը պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից։ Բացի վերոգրյալ ընդհանուր կանոնից, գոյություն ունի նաև ապացույցի թույլատրելիության հետևյալ հատուկ կանոնը. եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված է, որ գործի հանգամանքները պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, ապա այդ հանգամանքները չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այսինքն՝ որոշ դեպքերում ապացույցը կարող է անթույլատրելի համարվել նաև այն պատճառով, որ այն չի հանդիսանում տվյալ փաստական հանգամանքը հաստատելու համար օրենքով կամ այլ իրավական ակտերով կանխորոշված «անհրաժեշտ» ապացույցը՝ այն որոշակի ապացույցը, որով, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, կարող է հաստատվել տվյալ փաստական հանգամանքը (տե´ս, Գագիկ Կոջոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/5059/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը)։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, ըստ էության, «հետազոտել է» սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած ենթադրյալ իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութը, սակայն որևէ դատողություն չի արել այն մասին, թե այդ ապացույցն ինչ եղանակով է «ձեռք բերվել»։ Նման պայմաններում հնարավոր չէ գնահատել «հետազոտված» ապացույցի համապատասխանությունը թույլատրելիության պահանջներին, ինչպես նաև եզրահանգում անել տեսանյութի հիման վրա հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու փաստը հաստատված համարելու Վերաքննիչ դատարանի դիրքորոշման վերաբերյալ:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Դատարանն իրավասու էր ինքնուրույն ուսումնասիրել անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունը և պարզել իրավախախտում կատարված լինելու կամ չլինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։ Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ՝ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե´ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու արարքի համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով վարչական մարմինը կրում է այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի, մասնավորապես՝ պատասխանատվության ենթարկված անձի կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստի, ապացուցման բեռը: Հետևաբար նշված փաստը հաստատող ապացույցը ներկայացնելու պարտականության կրողն անվիճելիորեն վարչական մարմինն է։ Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը վարչական մարմնի վրա է դրել վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու պարտականությունը, ինչը համահունչ է ոչ միայն ապացուցման բեռը սահմանող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների հետ, այլ նաև վարչական արդարադատության էության և բովանդակության հետ, որի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում հետապնդել է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 28-րդ հոդվածի համակարգված վերլուծության հիման վրա փաստել է, որ գործով օբյեկտիվ եզրահանգման գալու անհրաժեշտությամբ պայմանավորված դատարանը պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու համար: Ընդ որում, ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանը կայացնում է որոշում առանձին դատական ակտի ձևով` դրանում նշելով նաև ապացույցները դատարան ներկայացնելու համար իր սահմանած ժամկետը: Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(…) Վարչական դատարանը սույն դեպքում Ծառայությունից ապացույց պահանջելը պայմանավորել է «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» 2017 թվականի մայիսի 02-ի որոշման ընդունմամբ, որում էլ մատնանշել է, թե ինչ ապացույց է պահանջել Ծառայությունից` միաժամանակ չվկայակոչելով, թե ինչ ժամկետում է պատասխանողը պարտավոր ներկայացնելու համապատասխան ապացույցը: Սա նշանակում է, որ Վարչական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանը:

(…) Վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածների պահանջներին համապատաuխան բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, և չկիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը` եկել է սույն գործի լուծման վերաբերյալ սխալ եզրահանգման»:

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, Դատարանին վերագրելով գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտությամբ գնահատելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջների խախտում, անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա չէ թույլատրելի ապացույց, մասնավորապես ենթադրյալ իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու դատարանի պարտականությունն սահմանող օրենսդրական իրավակարգավորումները՝ գտնելով, որ Դատարանն իրավասու էր ինքնուրույն ուսումնասիրել անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (տե'ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետևյալին.

1) վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.

2) վարչական դատարանը պարտավոր է՝

- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,

- մատնանշել հայցադիմումներում առկա ձևական սխալները,

- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Վերոգրյալը, սակայն, չի կարող մեկնաբանվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված դատավարական կանոններից անջատ:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների համար օրենսդիրը երաշխավորվել է քննվող գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու լիարժեք հնարավորություն, միաժամանակ վերջիններիս ծանրաբեռնելով իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նաև դատավարական պարտականությունները կատարելու ընդհանուր և հատուկ կանոններ՝ վիճարկման հայցերով վարչական մարմնի վրա դնելով վարչական ակտի հիմքում ընկած հանգամանքների ապացուցման բեռը: Հետևաբար վարչական մարմինը, իրազեկվելով վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի մասին, պարտավոր է կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունը և դատարան ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, այդ թվում նաև վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները: Ընդ որում, այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքներն օրենսդիրը դրել է ապացուցման բեռը կրող կողմի վրա, որը վիճարկման հայցերով վիճարկվող վարչական ակտն ընդունած վարչական մարմինն է, հետևաբար վերջինիս կողմից ապացույցներ ներկայացնելու օրենքով ամրագրված իր պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում միայն դատարանը ստիպված է ձեռնարկել համարժեք միջոցներ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները ձեռք բերելու ուղղությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է ապացույցներ ձեռք բերելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու դատարանի կողմից կիրառման ենթակա գործիքակազմը։ Այսպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում։ Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ վերացնել նախկինում ընդունած որոշումը։

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցները ձեռք բերելու նպատակով դատարանը կայացնում է որոշում՝ առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։ Ընդ որում, դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 02052017 թվականի որոշմամբ գործը նշանակել է դատաքննության։ Նույն որոշմամբ Դատարանը Ծառայությունից պահանջել է դատարան ներկայացնել «Վարչական տույժ նշանակելու մասին» 16.02.2017 թվականի թիվ 1705737118 որոշման համար հիմք հանդիսացած վարչական իրավախախտման փաստն ամրագրած տեսանյութը թ 15)։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանն առանձին ակտի տեսքով կայացված որոշմամբ չի սահմանել պահանջվող ապացույցը՝ թիվ 1705737118 որոշման համար հիմք հանդիսացած վարչական իրավախախտման փաստն ամրագրած տեսանյութը դատարան ներկայացնելու ժամկետ, սակայն նույն որոշմամբ Ծառայությանը տեղեկացրել է դատական նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրելով դատավարության մասնակիցների դատական նիստին ներկա գտնվելու իրավունք, պատշաճ երաշխիքներ է նախատեսել նաև այդ իրավունքի իրացման համար։ Ըստ այդմ, դատարանը պարտավոր է պատշաճ ձևով ծանուցել դատավարության մասնակիցներին դատական նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ դատական նիստին ներկա գտնվելու իրավունքի իրացման սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է դատավարության մասնակիցներին և նրանք են որոշում իրենց իրավունքի իրացման եղանակն ու կարգը։ Այդուհանդերձ դատական նիստին ներկա լինելու իրավունքի իրացումից հրաժարվելը, դատավարության մասնակցին չի ազատում դատավարական պարտականությունները կատարելու պարտականությունից։ Այլ կերպ ասած՝ եթե դատավարության մասնակիցը չի ցանկանում ներկա գտնվել դատական նիստին, ապա վերջինս չի կարող չկատարել կամ ոչ պատշաճ կատարել օրենքով և դատարանի որոշմամբ իր վրա դրված դատավարական պարտականությունները։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով 20072017 թվականին նշանակված դատաքննությանը Ծառայության ներկայացուցիչը չի ներկայացել, ինչպես նաև Դատարան չի ներկայացրել պահանջված իրեղեն ապացույցը։ Փաստորեն Ծառայությունը, կրելով սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը, ցուցաբերել է դատավարական անգործություն և չի կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» Դատարանի 02052017 թվականի որոշմամբ սահմանված պարտականությունը, այն է՝ դատարան չի ներկայացրել թիվ 1705737118 որոշման համար հիմք հանդիսացած վարչական իրավախախտման փաստն ամրագրած տեսանյութը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Դատարանն առանձին ակտի տեսքով կայացված որոշմամբ չի սահմանել պահանջվող ապացույցը՝ թիվ 1705737118 որոշման համար հիմք հանդիսացած վարչական իրավախախտման փաստն ամրագրած տեսանյութը դատարան ներկայացնելու ժամկետ, այդուհանդերձ միայն այդ հանգամանքով պայմանավորված իրավաչափ չի կարող գնահատվել այդ ապացույցը չներկայացնելու Ծառայություն գործողությունը, քանի որ վերջինս, կրելով սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը, նշված ապացույցը պարտավոր էր դատարան ներկայացնել առնվազն դատաքննության ժամանակ: Ընդ որում, ինչպես վերը նշվեց, ապացույցներ ներկայացնելու Ծառայության պարտականությունն ամրագրված է օրենքով, հետևաբար վերջինս իր պարտականությունը պարտավոր էր կատարել բարեխղճորեն՝ չսպասելով նույնիսկ ապացույց պահանջելու մասին Դատարանի կողմից առանձին ակտի ձևով որոշում կայացնելուն:

Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության կողմից դատավարական անգործությունը դրսևորվել է նաև հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունը չկատարելով: Այսպես.

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանի հետ պատասխանողը, ի թիվս այլնի, ներկայացնում է նաև իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները։

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ հայցադիմումի պատասխան ներկայացնելն ու դրա հետ մեկտեղ գրավոր կամ իրեղեն ապացույցները ներկայացնելն օրենսդիրը սահմանել է որպես պատասխանող կողմի պարտականություն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» Դատարանի 09032017 թվականի որոշումը Ծառայությանն է ուղարկվել թիվ ԴԴ-9-11354 գրությամբ, որով միաժամանակ հայտնվել է հայցադիմումի պատասխան ներկայացնելու Ծառայության պարտականության և այդ պարտականությունը չկատարելու իրավական հետևանքների մասին։ Նշված գրությունը Ծառայությունն ստացել է 20032017 թվականին թ 13-14), սակայն օրենքով սահմանված ժամկետում չի կատարել հայցադիմումի պատասխան ներկայացնելու և իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները դատարան ներկայացնելու պարտականությունը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, կրելով սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը, ցուցաբերել է դատավարական անգործություն և «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» Դատարանի որոշումը ստանալու պահից մինչև գործի դատաքննության ավարտը չի կատարել ինչպես օրենքով, այնպես էլ Դատարանի 02052017 թվականի որոշմամբ սահմանված պարտականությունը, այն է՝ օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան՝ դրան կցելով իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները, այդ թվում նաև թիվ 1705737118 որոշման համար հիմք հանդիսացած վարչական իրավախախտման փաստն ամրագրած տեսանյութը, ինչի հետևանքով վարչական իրավախախտման փաստը մնացել է վիճելի, որի բացասական հետևանքները Դատարանն իրավացիորեն դրել է Ծառայության վրա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ Դատարանն իրավասու էր ինքնուրույն ուսումնասիրել անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունը։ Անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու օրենսդրական իրավակարգավորումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաբերում են ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությանը, ինչից հետևում է, որ դատարանը դատավարության մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են կամ պետք է լինեն այդ ապացույցները, առանձին դատական ակտի տեսքով կայացված որոշմամբ պահանջում է ներկայացնել դատարան, այլ ոչ թե այդ անձանց փոխարեն անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունն ինքնուրույն ուսումնասիրելուն։ Ընդ որում, տեսանյութը, որպես իրեղեն ապացույց, հանդիսանալով նյութական աշխարհի օբյեկտ, պետք է ներկայացված լինի օրենքով սահմանված կարգով, առկա լինի գործի նյութերում և զննման միջոցով հետազոտվի դատաքննության ընթացքում։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի իրավաչափությունը գնահատելու, այսինքն՝ գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող ապացույցի, այն է՝ իրավախախտումն արձանագրած տեսանյութի գործում առկա լինելու օրենսդրական պահանջը կարևորվում է նաև նշված վեճերով վարչական դատարանի կայացրած դատական ակտերի բողոքարկման դեպքերում, քանի որ անհատական ծածկագրով տեսանյութի https://www.police.am/ կայքում պահպանման «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետներով պայմանավորված վերադաս դատական ատյաններում դրա ուսումնասիրումը՝ այդ ապացույցը վերացված լինելու կամ տեխնիկական խնդիրների պատճառով կարող է անհնար լինել, ինչի հետևանքով հնարավոր չի լինի նաև եզրահանգում անել վարչական իրավախախտման փաստի առկայության կամ բացակայության մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վարչական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման կանոնների, այդ կանոններին համապատասխան ապացույցներ ներկայացնելու օրենքով սահմանված պարտականությունը Ծառայության կողմից կատարված չլինելու, գործի նյութերում իրեղեն ապացույցի բացակայության փաստերը, եզրահանգել է, որ Դատարանն իրավասու էր ինքնուրույն ուսումնասիրել անհատական ծածկագրով տեսանյութի բովանդակությունը, դատավարության մասնակիցներից մեկին, տվյալ դեպքում վարչական մարմնին, ըստ էության, ազատելով ապացույցներ ներկայացնելու պարտականության կատարումից, այդ թվում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված՝ դատական ծախսերի եռապատիկի չափով դատական ծախսերի հատուցման պարտականությունից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավախախտման փաստը սույն գործով ապացուցված չլինելու հիմքով Ծառայության թիվ 1705737118 որոշումն անվավեր ճանաչելով՝ Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

2) Քննելով վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով՝ Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատման ձևով օրենքի ուժով սահմանված արտոնության՝ դատական բողոքարկման փուլերում կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է դատական ծախսերի բաշխման հարցն այն իրավիճակում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման պահանջի հիման վրա հարուցված դատական գործը վարչական դատարանում լուծվում է հայցվորի օգտին, վարչական դատարանի դատական ակտը վերադաս դատական ատյան է բողոքարկվում ոչ թե հայցվորի, այլ պատասխանող վարչական մարմնի կողմից, և այդ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվում է ի վնաս հայցվորի: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել իրավական դիրքորոշումներ ձևավորել հենց այդ խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Նպատակ ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ներդնել վարչական գործերով իրավակիրառ պրակտիկայի հիմքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության. եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն: Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Զաքար Ջերեջյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության հիմքով ազատված է Որոշման՝ որպես անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի, վիճարկման հայցով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:

Դատարանը, ինչպես վերը նշվեց, բավարարել է Զաքար Ջերեջյանի հայցը՝ Որոշումը ճանաչելով անվավեր:

Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է պատասխանող Ծառայությունը: Ծառայությունն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է պետական տուրք՝ 10.000 ՀՀ դրամի չափով: Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել ու փոփոխել է Դատարանի վճիռը և հայցը մերժել է: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի կիրառմամբ Զաքար Ջերեջյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Ծառայության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ֆիզիկական անձի՝ Զաքար Ջերեջյանի վրա:

Մինչդեռ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում սույն որոշմամբ արված իրավական հետևությունները և նկատի ունենալով, որ սույն գործով վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ Ծառայությունը ներկայացրել է 28.08.2017 թվականին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Զաքար Ջերեջյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվոր Զաքար Ջերեջյանի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշումների դեմ բողոքներով դատարաններում պետական տուրքի վճարումից ֆիզիկական անձինք ազատվում են դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Զաքար Ջերեջյանի վրա պետական տուրք վճարելու (փոխհատուցելու) պարտականություն դնելու փոխարեն, պարտավոր էր վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող Ծառայության կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զաքար Ջերեջյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության ուժով ազատված է վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Զաքար Ջերեջյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 03.08.2017 վճռին:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան