Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-45-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (05.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.119
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28.

Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կազմավորումը

 

Համայնքի ղեկավարն իր լիազորությունները իրականացնում է իր աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:

Համայնքի ղեկավարը իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կառուցվածքները, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:

Համայնքի ղեկավարը ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում: Համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում: Համայնքի ղեկավարը իր աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:

Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Բյուջետային հիմնարկների ղեկավարները համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացնում տվյալ հիմնարկների կանոնադրությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը «պետությունը» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով:

 

Հոդված 3.  Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասը «փոխհատուցման» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ      

Ռ. Քոչարյան

 

2005 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-45-Ն