Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2021-12.02.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.04.01/7(643) Հոդ.79
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 փետրվարի 2019 թվականի

ք. Երևան

N 39-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և 27-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

Մ. Սողոմոնյան

 

Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի փետրվարի 27-ի
N 39-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) (այսուհետ՝ բաժնեմաս) կամ դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը:

2. Լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) համաձայնությունը:

3. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:

4. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ինչպես նաև մինչև 30 ՄՎտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց վրա, եթե վերջիններս չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն կարգով նախատեսված համաձայնեցում:

5. Լիցենզավորված անձի բաժնեմասը (լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը) կամ դրա նկատմամբ իրավունքը ժառանգման կարգով փոխանցելու, վերակազմավորման արդյունքում իրավահաջորդության կարգով անցնելու, գրավադրելու արդյունքում փոխանցելու, սերվիտուտ սահմանելու լիցենզավորված անձի բանկային հաշիվների, դրամական միջոցների վերաբերյալ գործարքները չեն համարվում սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված իմաստով գործարք և համաձայնեցման ենթակա չեն։

(5-րդ կետը լրաց. 12.05.21 N 171-Ն)

6. Սույն կարգի 2-րդ կետի իմաստով լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասը լիցենզավորված անձի քվեարկելու իրավունք տվող՝ լիցենզավորված անձի որոշումների կայացման վրա ազդելու կամ վերջինիս գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասն է՝ անկախ այդ անձի կողմից տվյալ գործարքով ձեռք բերվող բաժնեմասի քանակից:

7. Սույն կարգի 3-րդ կետի իմաստով լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույք (այսուհետ՝ գույք) է համարվում էներգետիկայի բնագավառում լիցենզավորված (կարգավորվող) գործունեությանը մասնակցող կամ երբևէ մասնակցած՝

1) 5 կմ-ից ավելի երկարություն ունեցող 35 Կվ լարման էլեկտրահաղորդման գծերը.

2) 110 Կվ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը.

3) 35 Կվ և ավելի լարման տրանսֆորմատորները.

4) բարձր ճնշման գազատարները (բացառությամբ դրանց փոխարինման կամ ապամոնտաժման արդյունքում առաջացած խողովակների), գազաբաշխիչ կայանները կամ գազի ստորգետնյա պահեստ-կայանների ճնշակները.

5) շենքերը, շինությունները կամ հողատարածքները, որոնց մակերեսը գերազանցում է 20 քառակուսի մետրը.

6) լիցենզիայով ամրագրված սարքավորումները.

7) սույն կետի 1-6-րդ ենթակետերով չնախատեսված՝ 50 միլիոն և ավելի սկզբնական արժեքով այլ գույքը։

(7-րդ կետը լրաց. 12.05.21 N 171-Ն) 

8. Լիցենզավորված անձը հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի պահանջներին համապատասխանող հայտ՝ նախքան`

1) լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարումը, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, օտարումը՝ վաճառքի, մասնավորեցման (սեփականաշնորհման), փոխանակության, նվիրատվության կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարքի կնքումը.

2) լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, այլ կերպ փոխանցումը՝ հավատարմագրային կառավարման հանձնելը կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարքի կնքումը.

3) լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասը կամ դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, գրավադրումը՝ գրավադրման գործարքի կնքումը.

4) գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարումը՝ վաճառքի, մասնավորեցման (սեփականաշնորհման), փոխանակության, նվիրատվության կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարքի կնքումը.

5) գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի այլ կերպ փոխանցումը՝ վարձակալության, անհատույց օգտագործման, հավատարմագրային կառավարման հանձնելը կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարքի կնքումը.

6) գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի գրավադրումը` գրավադրման գործարքի կնքումը։ Գրավադրված գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է համապատասխան հիմքի ի հայտ գալու օրվանից սկսած՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին։

9. Հայտը ներառում է`

1) բաժնեմաս (գույք) կամ դրա նկատմամբ իրավունք (այսուհետ՝ բաժնեմաս (գույք)) օտարող, այլ կերպ փոխանցող կամ գրավադրող և ձեռք բերող անձանց անվանումը (անունը, ազգանունը և հայրանունը), պետական գրանցման (հաշվառման) համարը (անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը),

2) բաժնեմասի (գույքի) օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման գործարքի էական պայմանները, բաժնեմասի (գույքի) բնորոշ հատկանիշները, ինչպես նաև գործարքի կնքման հիմնավորումները,

3) լիցենզավորված անձի կանոնադրական (բաժնեհավաք կամ փայահավաք) կապիտալում բաժնեմաս ձեռք բերողի մասնակցության նախատեսվող չափը և տոկոսը, վերջինիս պատկանող՝ լիցենզավորված անձի բաժնեմասի (հավաստագրի) քանակը (եթե ունի նման մասնակցություն), նշում ձեռք բերող անձին պատկանող և ձեռք բերվող բաժնեմասերով հավաստվող քվեարկության իրավունքի մասին (բաժնեմասի օտարման դեպքում),

4) բաժնեմասի (գույքի) նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համապատասխան հիմնավորմամբ, լիցենզավորված անձի հաշվապահական հաշվառման մեջ տվյալ գույքի հաշվառման գույքային համարը,

5) բաժնեմասը (գույքը) ձեռք բերող անձի անհրաժեշտ փորձառության վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ,

6) հայտը լրացնող պատասխանատու անձի կոնտակտային տվյալները,

7) հայտը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

8) այլ տեղեկություններ և (կամ) կից ներկայացվող փաստաթղթեր՝ լիցենզավորված անձի հայեցողությամբ։

(9-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 12.05.21 N 171-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 12.05.21 N 171-Ն)

11. Հայտը ստորագրում է լիցենզավորված անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ սահմանված կարգով նրան փոխարինող, կամ լիազորված անձը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ վերջինս կամ նրա ներկայացուցիչը:

12. Հայտը ներկայացվում է հայերեն, մեկ օրինակից։ Հայտում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս լիցենզավորված անձը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

13. Լիցենզավորված անձն օրենքով սահմանված՝ գաղտնի համարվող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «Գաղտնի է» նշումով փակ ծրարով։ Փաստաթղթի առաջին էջը նույնպես պետք է ներառի «Գաղտնի է» նշումը: Հայտում միաժամանակ ներկայացվում է տվյալ տեղեկությունը որպես գաղտնի նշելու հիմքը: Այդ դեպքում հանձնաժողովը հայտը քննարկում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:

14. Լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության և ամբողջականության համար:

(14-րդ կետը լրաց. 12.05.21 N 171-Ն)

15. Հայտը ստանալու օրվանից՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ստուգում են hայտի (դրան կից ներկայացվող փաստաթղթերի) ճշտությունն ու ամբողջականությունը։ Սույն կարգին համապատասխանության դեպքում հայտը համարվում է ուսումնասիրության ընդունված։

(15-րդ կետը խմբ. 12.05.21 N 171-Ն) 

16. (կետն ուժը կորցրել է 12.05.21 N 171-Ն)

17. Եթե ներկայացված հայտը (դրան կից ներկայացվող փաստաթղթերը) չի (չեն) համապատասխանում սույն կարգի պահանջներին, ապա այն չի ընդունվում ուսումնասիրության, ինչի մասին հանձնաժողովը, համապատասխան հիմնավորումներով, սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետում իրազեկում է լիցենզավորված անձին։

(17-րդ կետը խմբ. 12.05.21 N 171-Ն) 

18. Լիցենզավորված անձը, սույն կարգի 17-րդ կետում նշված անհամապատասխանությունները վերացնելուց հետո, կարող է նոր հայտ ներկայացնել հանձնաժողով, որի պարագայում լիցենզավորված անձը և հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերով սահմանված պահանջներով ու ժամկետներով: Լիցենզավորված անձն իրավունք ունի հղում կատարել նախկին հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում ներկայացված տվյալները նոր հայտի ներկայացման պահին չեն փոփոխվել։

(18-րդ կետը խմբ. 12.05.21 N 171-Ն) 

19. Հանձնաժողովը, ոչ ուշ, քան հայտը սույն կարգի համաձայն ուսումնասիրության ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ստանալու նպատակով։

20. Եթե սույն կարգի 19-րդ կետի համաձայն ներկայացված հայտով նախատեսված գործարքը Հայաստանի Հանրապետության կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, հայտն ստանալուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան դիրքորոշումը ուղարկում է Հանձնաժողով։

21. Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական։

22. Հանձնաժողովը, սույն կարգի 20-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումն ստանալու պահից, իսկ վերջինիս դիրքորոշումը չստանալու դեպքում՝ սույն կարգի նույն կետում նշված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գործարքի կնքմանը համաձայնություն տալու կամ գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշում։ Հանձնաժողովն իրավասու է գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին որոշմամբ սահմանել դրա պարտադիր պայմաններ։

23. Գործարքի կնքմանը համաձայնություն տալու դեպքում գործարքի կնքման ժամկետը չի կարող գերազանցել համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամիսը, բացառությամբ լիցենզավորված անձի հիմնավորմամբ հանձնաժողովի որոշմամբ ավելի երկար ժամկետ սահմանվելու դեպքերի։ Գործարքի կնքման` hանձնաժողովի որոշմամբ ամրագրված ժամկետը կարող է երկարաձգվել լիցենզավորված անձի դիմումի հիման վրա՝ այն հանձնաժողովի կողմից հիմնավոր համարվելու դեպքում։

(23-րդ կետը խմբ. 12.05.21 N 171-Ն) 

24. Հանձնաժողովը սույն կարգի 8-րդ կետում նշված գործարքի կնքմանը համաձայնություն չի տալիս, եթե այն՝

1) խախտում է կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը,

2) խախտում է կամ կարող է խախտել ներքին շուկայի սպառողների շահերը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին,

4) ձեռք բերողը չունի անհրաժեշտ փորձ,

5) հայտը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին։

25. Արգելվում է սույն կարգի 8-րդ կետում նշված գործարքի կնքումը՝

1) մինչև հանձնաժողովի կողմից տվյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին որոշում կայացնելը (չհամաձայնեցված գործարք).

2) եթե հանձնաժողովը մերժել է գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը կամ գործարքը չի համապատասխանում դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին (դրույթներին) (արգելված գործարք):

(25-րդ կետը փոփ., խմբ. 12.05.21 N 171-Ն)

26. Լիցենզավորված անձը պարտավոր է գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել համապատասխան պայմանագրի պատճենը։ Հանձնաժողովի որոշմամբ երկու և ավելի գործարքի կնքմանը համաձայնություն տալու դեպքում սույն կետում նշված երկշաբաթյա ժամկետի սկիզբ է համարվում համաձայնեցված գործարքներից վերջինի կնքման պահը։

(26-րդ կետը խմբ. 12.05.21 N 171-Ն)

26.1. Հանձնաժողովը լիցենզավորված անձի կողմից գործարքին համաձայնություն տալու մասին որոշման պայմանների (դրույթների) կատարումը գնահատում է այդ որոշմամբ սահմանված՝ գործարքի էական և այլ պայմանների շրջանակում։

(26.1-ին կետը լրաց. 12.05.21 N 171-Ն) 

 26.2. Լիցենզավորված անձը, հանձնաժողովի որոշմամբ համաձայնեցված գործարքի կնքումից հետո, դրանում հանձնաժողովի որոշմամբ ամրագրված՝ գործարքի էական և այլ պայմաններին առնչվող փոփոխություն կատարելու մտադրության դեպքում պարտավոր է համաձայնություն ստանալու համար, սույն կարգին համապատասխան, նախապես հայտ ներկայացնել հանձնաժողով։

(26.2-րդ կետը լրաց. 12.05.21 N 171-Ն) 

27. Սույն կարգի 25-րդ կետի համաձայն չհամաձայնեցված կամ արգելված գործարք կնքելու դեպքում հանձնաժողովն իրավասու է լիցենզավորված անձի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ և դիմել դատարան՝ օրենքով սահմանված կարգով գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու համար։

(27-րդ կետը խմբ. 12.05.21 N 171-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 12.05.21 N 171-Ն)