Գլխավոր տեղեկություն
Համար
N 413-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 413-Ա

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով օտարերկրյա պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի և դրա հետ կապված միջոցառումների անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և պետական արարողակարգի ծառայության պետին`

1) ապահովել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.

2) միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին կազմակերպել միջոցառումների անցկացման վայրերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառումների անցկացման վայրերում:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել միջոցառումների անցկացման վայրերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել միջոցառումների անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

7. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթների սպասարկումը, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների սրահներով` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով օտարերկրյա պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի և դրա հետ կապված միջոցառումների, այդ թվում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ կայանալիք «Վտանգված արժեքներ» ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման, արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


20.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ