Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1592
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 մայիսի 2021 թ.

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 9.1-ԻՆ ԵՎ 9.2-ՐԴ ԿԵՏԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182.5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 13-ՐԴ ԵՎ 14-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանի, իրավական ապահովման և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Մոսինյանի,

Կառավարության,

 համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի,

 դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը (այսուհետ` նաև Որոշում) ընդունվել, ստորագրվել և ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին:

Որոշման հավելվածը լրացվել է 9.1-ին և 9.2-րդ կետերով Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 8-ի N 1655-Ն որոշմամբ: Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերով սահմանված էր.

«9.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի նոյեմբերի 20-ի ՍԴԱՈ-209 աշխատակարգային որոշմամբ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի գործողությունը կասեցվել է մինչև գործի դատաքննության ավարտը:

Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 2-ի N 1917-Ն որոշմամբ Որոշման հավելվածի 4-րդ գլուխն ուժը կորցրած է ճանաչվել: Ըստ այդմ՝ ուժը կորցրած են ճանաչվել վերջինում արտացոլված Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերը:

Ազգային ժողովի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-001-Ն որոշմամբ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացվել է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

2020 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունվել է և հաջորդ օրն ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-456-Ն օրենքը, որով Օրենսգիրքը լրացվել է 182.5-րդ հոդվածով։ Օրենսգրքի՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը» վերտառությամբ 182.5-րդ հոդվածի 5-7, 13 և 14-րդ մասերով սահմանված է.

«5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

(…)

13. Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը (բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված արարքների) վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նախկինում նույն արարքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

14. Կազմակերպության կողմից սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ մասերով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը՝

առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև ռազմական դրության իրավական ռեժիմի ավարտը»:

Գործի քննության առիթը՝ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողների գրավոր բացատրությունները, վերլուծելով սույն գործին առնչվող իրավական ակտերը և այլ փաստաթղթեր՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը վիճարկում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7, 13 և 14-րդ մասերի համապատասխանությունը Սահմանադրության 42, 76, 78, 79 և 81-րդ հոդվածներին՝ այն առումով, որ առկա իրավակարգավորումների ընդհանրական և իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումները հանգեցնում են կարծիքի արտահայտման ազատության անհամաչափ սահմանափակման:

Դիմողը փաստարկում է, որ իրավունքների կամ ազատությունների սահմանափակումներ նախատեսող օրենքը պետք է ունենա առավելագույն հստակություն՝ բացառելով դրա կիրառության ընթացքում կամայական մեկնաբանության կամ անորոշ ընկալման տեղիք տվող դրույթներ: Արտակարգ կամ ռազմական դրությունը բնույթով այնպիսի իրավիճակներ են, որ հատկապես պահանջում են իրավական կանոնների հստակություն ու ճշգրիտ կարգավորումներ, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է հանրային իշխանության մարմինների համար՝ արտակարգ կամ ռազմական դրության լարված իրավիճակում ակտերի հստակությունը, անխափան պրակտիկա ապահովելու համար: Դա կարևոր է մարդու, քաղաքացու համար՝ հստակ պատկերացնելու համար իր իրավունքները և պետության արարքները, իր պատասխանատվության և պարտականությունների շրջանակը:

Դիմողը գտնում է, որ Կառավարության որոշման վիճարկվող դրույթների առանձին ձևակերպումներ՝ («քննադատող», «հերքող», «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «արժեզրկող», «պաշտպանունակությունը կասկածի տակ դնող») որպես հաղորդումների և հրապարակումների սահմանափակման հիմք, գնահատողական են և խնդրահարույց իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից: Առկա չեն չափանիշներ, որոնք հնարավորություն կտան իրավակիրառողին հաղորդումը «քննադատող», «հերքող» կամ այլ կերպ որակելու: Դա լայն հայեցողություն է տալիս իրավակիրառողներին անձանց ենթարկելու վարչական պատասխանատվության, ինչը կարող է հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության անհիմն սահմանափակման:

Ըստ դիմողի՝ Կառավարության վերոնշյալ որոշման դրույթների իրավական որոշակիության, համաչափության, միջազգային պրակտիկային և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին խիստ համապատասխանության և կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ միջամտության սահմանադրական պահանջները չբավարարելը որպես անխուսափելի հետևանք առաջ է բերում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ նշված խնդրահարույց կարգավորումների գործադրման իրավական հետևանքները սահմանող դրույթների սահմանադրականության հարց: Դիմողը գտնում է, որ հիշյալ օրենսգրքի մակարդակում ամրագրված վարչաիրավական նորմերը, չամրագրելով արարքը որպես վարչական իրավախախտում դիտարկելու, զանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու ինքնուրույն պայմաններ, բովանդակային ամբողջ ծավալով կախվածության մեջ են դրված Կառավարության որոշման վիճարկվող դրույթներից:

Դիմողի համոզմամբ վիճարկվող դրույթների անհամապատասխանությունը սահմանադրական պահանջներին նաև դրանց մշակման և ընդունման ընթացակարգային կոպիտ խախտումների արդյունք է: Այդ կապակցությամբ դիմողն իր մտահոգությունն է հայտնում այն պրակտիկայի առնչությամբ, երբ, իր բնորոշմամբ, զգայուն կամ իրավունքների սահմանափակումներ բովանդակող նախագծերը Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չեն ներկայացվում կամ ներկայացնելը ձևական բնույթ է կրում՝ կոնկրետ դեպքում նկատի ունենալով համապատասխան ակտերի նախագծերը: Դիմողը նշում է նաև, որ վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերը հանրային քննարկման առարկա չեն դարձել:

Դիմողը բարձրացնում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված տուգանքների խստության չափի հարցը՝ կարծիքի արտահայտման ազատությանն անհամաչափ միջամտության առումով՝ նշելով, որ հիշյալ օրենսգրքի վիճարկվող դրույթների սանկցիաները (տուգանքների մեծ գումարները, խախտման շարունակականության կամ կրկին կատարման դեպքում այդ գումարների ընդհուպ կրկնապատկումը կամ տնտեսական գործունեության կասեցումը) արդեն իսկ վկայում են լրատվական գործունեության նկատմամբ դրանց ոչ իրավաչափ զսպող ազդեցության մասին:

Դիմողն իր փաստարկները ներկայացնելիս վկայակոչում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, ներպետական և միջազգային վերաբերելի ակտերի, փաստաթղթերի դրույթներ:

 

2. Պատասխանողների դիրքորոշումները

2.1. Ազգային ժողովի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի՝ որևէ իրավակարգավորման՝ որոշակիության չափանիշին համապատասխանության հարցը որոշելուց առաջ պետք է վեր հանվեն այն չափորոշիչները, որոնց միջոցով պետք է իրականացվի համապատասխան իրավակարգավորման գնահատումը: Այդ առնչությամբ վկայակոչելով մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ պատասխանողը նշում է, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է.

- որոշ իրավակարգավորումների դեպքում գնահատողական և քիչ թե շատ անորոշ ձևակերպումների օգտագործումն այն դեպքերում, երբ կոնկրետ ցանկի (կոշտ և աներկբա ձևակերպումների) ամրագրումն անհնար է օրենսդրական կարգավորման ճկունության ապահովման հրամայականով պայմանավորված,

- իրավական որոշակիության առումով խնդրի բացակայություն, անգամ եթե իրավանորմը կարող է տարբեր ձևերով մեկնաբանվել,

- իրավական նորմի կանխատեսելիությունն անգամ այն դեպքերում, երբ հնարավոր հետևանքները հնարավոր է կանխատեսել ոչ միայն իրավաբանական խորհրդատվություն ստանալու, այլև առողջ բանականության (common sense) միջոցով,

- իրավական նորմի կանխատեսելիության ապահովմանը նպաստում է այն անձի մասնագիտական կարգավիճակը, որին ուղղված է նորմը։

 Վերոնշյալի վերաբերյալ պատասխանողն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ եզրահանգումները ՄԻԵԴ-ի կողմից արվել են քրեական օրենքների առնչությամբ այն պարագայում, երբ քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերի հանդեպ, ի համեմատ իրավունքի այլ ճյուղերի նորմերի, սահմանվում են որոշակիության ավելի բարձր պահանջներ:

Իրավական նորմերում գնահատողական և որոշակի չափով անորոշ հասկացությունների կիրառումը բխում է իրավական նորմերի՝ հասարակական հարաբերությունների «սպասարկող» բնույթից։ Իրավանորմերը, լինելով հասարակական հարաբերությունները կարգավորող վարքագծի կանոններ, չեն կարող բացարձակապես որոշակի և պարզ ձևակերպված լինել, երբ այն հասարակական հարաբերությունները, որոնց կարգավորմանն են ուղղված այդ նորմերը, հաճախ շատ բարդ և բազմաշերտ են։

Պատասխանողը գտնում է, որ Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերով ամրագրված կանոնակարգումները համապատասխանում են իրավական որոշակիության չափանիշին, քանի որ անհնար էր ի սկզբանե կանխորոշել և սպառիչ սահմանել, թե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) ինչպիսի եղանակներով կարող են քննադատվել, հերքվել, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դրվել կամ որևէ այլ կերպ արժեզրկվել։ Անհնար էր նաև ի սկզբանե կանխատեսել և սահմանել բոլոր այն եղանակները, որոնցով կարող են արտահայտվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը կամ երկու հանրապետությունների պաշտպանունակությունը կասկածի տակ դնելը։

Ժողովրդավարական հասարակությունում վիճարկվող դրույթների ընդունման անհրաժեշտության հարցի առնչությամբ պատասխանողը նշում է, որ դրանք ընդունվել են ռազմական դրության պայմաններում՝ բանակի մարտունակությունը և պետական անվտանգությունը վտանգող տեղեկատվության, ապատեղեկատվության, խուճապ առաջացնող տեղեկությունների տարածման կանխարգելման նպատակով։ Ըստ պատասխանողի՝ վիճարկվող դրույթների ընդունման և կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման նպատակը տվյալ դեպքում պետական անվտանգության պաշտպանությունն է։

Պատասխանողը գտնում է, որ ցանկացած արատավոր երևույթի դեմ պայքարը գրեթե միշտ միտված է ոչ թե այդ երևույթի իսպառ վերացմանը, այլ դրա ծավալների էական նվազեցմանը։ Անգամ ամենախիստ սահմանափակումների դեպքում առկա տեղեկատվական հոսքերի պայմաններում հնարավոր չէ իսպառ բացառել այս կամ այն տեղեկատվության հրապարակայնացումը։ Սակայն, միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ տեղեկատվության հոսքերը, որոնք ապահովվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, մեծ լսարան ունեցող լրատվական գործունեություն իրականացնողների կողմից, մի ծավալ է և շատ դեպքերում անճանաչելի, իսկ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող, մեծ լսարան չունեցող անձի հայտնած տեղեկատվությունը՝ մեկ այլ։ Ըստ պատասխանողի՝ միանշանակ է, որ հայաստանյան լսարանի ներկայացուցչի կողմից երկրորդ տիպի տեղեկատվություն տարածողից ստացված տեղեկատվությանը չվստահելու հավանականությունը շատ ավելի մեծ է։ Հետևաբար՝ այն սահմանափակող միջոցը, որը թեկուզ ոչ ամբողջությամբ, սակայն էականորեն կարող է կանխել անթույլատրելի տեղեկատվության տարածումն այն իսպառ բացառելու գործնական անհնարինության պայմաններում, պետք է դիտվի որպես պիտանի միջոց։

Պատասխանողը, չբացառելով, որ իրավակիրառ պրակտիկայում առկա են եղել խնդիրներ՝ կապված վիճարկվող նորմերի կիրառության հետ, միաժամանակ, համաձայն չէ, որ այդ խնդիրների պատճառ են հանդիսանում վիճարկվող դրույթները։

 

2.2. Կառավարության դիրքորոշումները

Ըստ պատասխանողի՝ վիճարկվող նորմերով նախատեսված կարգավորման որոշակիորեն արտահայտված իրավական կոնկրետ նպատակը ռազմական դրության պայմաններում պետական և տեղեկատվական անվտանգության ապահովումն է, որն ունի սահմանադրորեն կանխորոշված հանրային-իրավական նշանակություն, քանի որ կոչված է երաշխավորելու Սահմանադրությամբ նախանշված պատվիրանների կատարումը: Այդ նպատակի իրականացման՝ օրենքով թույլատրելի միջոցն ըստ վիճարկվող նորմերի իրավական բովանդակության՝ անձի կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումն է, որը դրսևորվում է Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերում նախատեսված տեղեկությունների տարածման արգելքի ժամանակավոր սահմանմամբ և նշված տեղեկությունների տարածման դեպքում Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ և 14-րդ մասերում նախատեսված և ռազմական դրությունից բխող խիստ սանկցիաների կիրառմամբ: Այս առումով դրանք առաջին հերթին կոչված են երաշխավորելու ռազմական դրության իրավական ռեժիմի արդյունավետ պահպանությունը: Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերում (փոխկապակցված Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի հետ) օգտագործված հասկացությունները թեև գնահատողական են, սակայն հանրածանոթ են և չեն կարող տարատեսակ ընկալվել դատարանի (իրավակիրառող վարչական մարմնի) կողմից: Որոշման կարգավորման շրջանակներում դրանք հիմնականում արտացոլված են համակարգային օրգանական կապի մեջ և ռազմական դրության պայմաններում ապահովում են իրավաչափ հավասարակշռություն՝ արտահայտվելու իրավունքի ու գերակա հանրային շահի, այն է՝ պետական անվտանգության միջև:

Պատասխանողի գնահատմամբ Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերում (փոխկապակցված Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի հետ) դրված չափորոշիչների նպատակը ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության դեմ ուղղված տեղեկատվության տարածման կանխումն է, իսկ դրանց համարժեք ընկալումը, իրավաչափ կիրառումը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ճշմարտության համակարգային բացահայտումն իրավակիրառ (դատական) պրակտիկայի խնդիրն է:

Այն հանգամանքի առնչությամբ, որ համապատասխան օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակի կարծիքն ստանալու համար տրվել է բավականին կարճ ժամանակահատված, ու այն չի անցել օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգերը, պատասխանողը նշում է, որ Որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 16.00-ից: Հետևաբար՝ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր էր իր գործունեությունը կազմակերպել ու հարմարեցնել ռազմական դրության իրավական ռեժիմին, ապահովել նման պայմաններում իր արդյունավետ և արագ աշխատանքը: Ընդ որում` հրատապ անհրաժեշտ էր ապահովել ռազմական դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումների իրացումը: Օրենսդրական փաթեթը սեղմ ժամկետներում շրջանառության մեջ դնելու և համապատասխան գործընթացն արագացված, ընթացակարգային նորմերի չպահպանմամբ իրականացնելու հարցի առնչությամբ պատասխանողը նշում է նաև, որ Եվրոպայի խորհրդի կողմից 2020 թվականի ապրիլի 7-ին հրապարակված զեկույցում արտակարգ դրության ժամանակ կիրառվող սահմանափակումների առնչությամբ շեշտվել է, որ նման իրավիճակներում առաջին հերթին պետության գործադիր մարմինները պետք է կարողանան արագ և արդյունավետ գործել: Դա ենթադրում է որոշումների ընդունման ավելի պարզ ընթացակարգ, իսկ Սահմանադրությամբ թույլատրելի չափով՝ նաև պետական իրավասու մարմիններին վերապահված որոշ լիազորությունների շրջանցում:

Պատասխանողը նշում է, որ Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7, 13 և 14-րդ մասերով նախատեսված զանցանքների համար սանկցիայի չափ սահմանելիս օրենսդիրը նպատակ է ունեցել ընտրել սանկցիայի այնչափ խստություն, որը բավարար, անհրաժեշտ և պիտանի կլինի հետապնդվող իրավաչափ նպատակին, այն է՝ պետական անվտանգության պատշաճ ապահովմանը հասնելու համար, և հնարավորինս կբացառի տեղեկատվական դաշտից եկող վտանգներն ու սպառնալիքները ռազմական դրության պայմաններում: Նախատեսված արարքներն այնպիսին են, որ կարող են հանգեցնել պետության անվտանգության խաթարման, վտանգել հայրենիքը պաշտպանող զինվորի կյանքը և տեղեկատվություն հաղորդել թշնամուն: Հաշվի առնելով այդ վտանգավորությունը՝ սահմանվել են սանկցիաների չափերը, որոնք, ըստ պատասխանողի՝ համաչափության տեսանկյունից խնդրահարույց չեն:

Պատասխանողն արձանագրելով, որ դիմողի կողմից ներկայացված անբարենպաստ հետևանքները վարչական մարմնի կողմից կայացված համապատասխան վարչական ակտերի արդյունքն են, գտնում է, որ խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով՝ դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց՝ փորձելով դա քողարկել խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկմամբ:

Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7, 13 և 14-րդ մասերը և Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանը՝ միաժամանակ խնդրելով դիտարկել սույն գործի վարույթը կարճելու հարցը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.

1) Որոշման հավելվածի վիճարկվող՝ հաղորդումների, հրապարակումների տարածման սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համահու՞նչ են արդյոք իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին՝ պայմանավորված դրանցում առկա գնահատողական բնույթի ձևակերպումներով.

2) Օրենսգրքի՝ վարչական պատասխանատվություն նախատեսող վիճարկվող դրույթները համապատասխանու՞մ են արդյոք կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը ներկայացվող համաչափության, ինչպես նաև որոշակիության սահմանադրական սկզբունքներին:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթների սահմանադրականությունը գնահատել Սահմանադրության 42, 76, 78 և 79-րդ հոդվածների հիման վրա:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «(...) լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը», 13-րդ մասի՝ «Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը (...)» (այսինքն՝ Օրենսգրքի վերոնշյալ հոդվածով սահմանված յուրաքանչյուր արարք), 14-րդ մասի՝ « (…) սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, (…), 8-րդ և 11-րդ մասերով նախատեսված արարքներից որևէ մեկը (...)» դրույթների սահմանադրականության հարցի առնչությամբ դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացրել, քանի որ հարցը բարձրացրել է այլ համատեքստում:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ոչ միայն վերը թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ վիճարկվող դրույթների, այլև այդ առնչությամբ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերաբերելի դրույթների համալիր վերլուծությունը, ինչից, մասնավորապես, հետևում է.

1) ռազմական դրությունը (…) թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում («Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՕ-258-Ն օրենքի (ընդունվել է 05.12.2006 թ., ուժի մեջ մտել՝ 27.01.2007 թ.) 1-ին հոդված),

2) ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների և ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաև նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը (Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ),

3) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում (Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետ),

 4) Կառավարությունը, Օրենքի համաձայն, սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաև վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը (Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ),

5) ռազմական դրության պայմաններում (…) ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները (…) իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք ապահովում են Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջները և համարժեք են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներին, ինչպես նաև պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին և բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից (Օրենքի 14-րդ հոդված),

6) Որոշման հավելվածի «Հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումները» վերտառությամբ 4-րդ գլխի ներքո արտացոլված 9-րդ կետով սահմանված էր. «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի, մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)»: Մեջբերվածից հետևում է, որ «հաղորդում» և «հրապարակում» եզրույթների բովանդակությունը բացահայտված էր Որոշման հավելվածի 9-րդ կետում,

7) Որոշման հավելվածի 9.3-րդ կետով սահմանված էր. «Սույն հավելվածի 9-րդ, 9.1-ին և 9.2-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»,

8) Որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված էր. «Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ»:

4.2. Արտահայտվելու ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն։

Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Արտահայտվելու ազատությունը (ներառյալ՝ կարծիքի, առանց պետական մարմինների միջամտության տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, դրանք լրատվության ցանկացած միջոցով ստանալու և տարածելու ազատությունը) երաշխավորված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (19-րդ հոդված), «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (10-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով՝ կից կամընտիր արձանագրությամբ (19-րդ հոդված)։

Միջազգային պայմանագրային վերոհիշյալ պարտականություններից բացի՝ արտահայտվելու ազատության երաշխավորման միջազգային և տարածաշրջանային համապատասխան չափորոշիչներ են սահմանված ԵԱՀԿ շրջանակներում ստանձնված հանձնառություններում (օրինակ՝ ԵԱՀԿ Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Մոսկվայի և Կոպենհագենի խորհրդակցությունների համապատասխանաբար՝ 03.10.1991 թ. և 29.06.1999 թ. ընդունած փաստաթղթերը), Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմինների կողմից ընդունված հանձնարարականներում, խոսքի ազատության բնագավառում ընդունելի չափորոշիչների հեղինակային մեկնաբանություններ տրամադրող փորձագիտական մարմինների խորհրդատվություններում և մեկնաբանություններում:

Արտահայտվելու ազատության սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտված է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում: Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴՈ-1396 որոշման մեջ արձանագրված է. «(…) արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է»:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով կարևորել է այդ ազատության երաշխավորումը ոչ միայն անձի սուբյեկտիվ իրավունքների իրացման, այլև հանրային իրավական հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշման մեջ արձանագրված է. «(…) Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը»:

Սահմանադրական դատարանի՝ 2001 թվականի հունվարի 11-ի ՍԴՈ-278 որոշման մեջ արձանագրված է. «(...) Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի՝ ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը։ Սակայն, դա չի խոչընդոտում այս ոլորտում (...) հասարակության և պետության օրինական շահերից ելնելով՝ օրենքով որոշ սահմանափակումներ նախատեսելը»:

Արտահայտվելու ազատությունը բացարձակ չէ և ինչպես միջազգային իրավական համապատասխան փաստաթղթերով, այնպես էլ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով և օրենքով սահմանված կարգով կարող է սահմանափակվել՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության (հանրային շահերի) կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման մեջ արտահայտվել է իրավական դիրքորոշում, որի համաձայն՝ « (...) արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար»:

Արտահայտվելու ազատության բովանդակությանը և դրա սահմանափակումներին բազմիցս անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ը, մասնավորապես՝ արձանագրելով. «Արտահայտվելու ազատությունն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկը» (CASE OF HANDYSIDE V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 5493/72, 07.12.1976 թ. վճիռ, կետ 49, CASE OF STOLL V. SWITZERLAND, գանգատ թիվ 69698/01, 10.12.2007 թ. վճիռ, կետ 101, CASE OF MORICE V. FRANCE, գանգատ թիվ 29369/10, 23.04.2015 թ. վճիռ, կետ 124):

Ըստ ՄԻԵԴ-ի՝ խոսքի ազատությունը, կազմելով ժողովրդավարական հասարակության էական հիմքերից մեկը, կարող է ենթարկվել սահմանափակումների, որոնք պետք է մեկնաբանվեն սահմանափակ, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հիմնավոր կերպով հաստատվի (CASE OF OBSERVER AND GUARDIAN V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 13585/88, 26.11.1991 թ. վճիռ, կետ 59, CASE OF HERTEL V. SWITZERLAND, 59/1997/843/1049, 25.08.1998 թ. վճիռ, կետ 46):

4.3. Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական պահանջների բովանդակությանը՝ արձանագրելով, մասնավորապես, ներքոնշյալը.

ա) « (…) իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270).

բ) « (…) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (…) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630).

գ) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (ՍԴՈ-753).

դ) « (…) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (ՍԴՈ-1176).

ե) « (...) իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ,

(...) իրավական պետությունում բացառապես որոշակի` կանխատեսելի, հստակ և բոլորի համար մատչելի օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է երաշխավորվի առկա իրավակարգի հետագա գոյության նկատմամբ վստահության պաշտպանությունը» (ՍԴՈ-1488).

զ) « (...) իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (ՍԴՈ-1213).

է) իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա՝ անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ (ՍԴՈ-1357).

ը) «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (ՍԴՈ-1270, ՍԴՈ-1488):

ՄԻԵԴ-ն իր վճիռներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր համապատասխան գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ: Թեև սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, այնուամենայնիվ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց, իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով հաճախ օրենքներում առկա են եզրույթներ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը պրակտիկայի խնդիրներ են (CASE OF THE SUNDAY TIMES V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 6538/74, 26.04.1979 թ. վճիռ, կետ 49, CASE OF BUSUIOC V. MOLDOVA, գանգատ թիվ 61513/00, 21.03.2005 թ. վճիռ, կետ 52):

Գործերից մեկով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող «հասարակական կարգի խախտում» հասկացությունը ինչ-որ չափով անորոշ է։ Սակայն հաշվի առնելով, որ բնականոն կյանքը կարող է խաթարվել անսահմանափակ ձևերով՝ անիրատեսական կլիներ օրենսդրից ակնկալել, որ վերջինս կսահմանի գործողությունների սպառիչ ցանկ, որոնցով կարող է արտահայտվել քննարկվող հանցանքը։ Այսպիսով, Դատարանը գտել է, որ նշված օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասն այն տեսքով, որով ձևակերպված է, բավարարում է Դատարանի նախադեպային պրակտիկայից բխող որակական պահանջները (CASE OF KUDREVIČIUS AND OTHERS V. LITHUANIA, գանգատ թիվ 37553/05, 15.10.2015 թ. վճիռ, կետ 113)։

Ելնելով վերոնշյալից՝ կարելի է արձանագրել, որ իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունն հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում:

Որոշման հավելվածով սահմանված վիճարկվող կարգավորումների ձևակերպումների («քննադատող», «հերքող», «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «պաշտպանունակությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող»)՝ որոշակիության սահմանադրական սկզբունքին համահունչ լինելու հարցի առնչությամբ հարկ է նշել, որ իրավական ակտերում նման ձևակերպումների առկայությունն անխուսափելի է՝ պայմանավորված այն իրողությամբ, որ մի շարք դեպքերում հանգամանքների ամբողջական ներկայացման և արարքի համարժեք գնահատման համար հնարավոր չէ զերծ մնալ այնպիսի ձևակերպումներ կիրառելուց, որոնց բովանդակությունը գլխավորապես պետք է բացահայտվի իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այդ առումով, Որոշման հավելվածով սահմանված վիճարկվող կարգավորումների մի շարք ձևակերպումների սահմանումները սպառիչ և ամբողջական տեսքով ներկայացնելն օբյեկտիվորեն հնարավոր չէ, քանի որ դրանք գնահատողական բնույթ ունեն, և դրանց բովանդակությունը պետք է բացահայտվի նաև իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այդ նորմերի առավելագույն հստակությունը պետք է երաշխավորվի նաև դրանց կիրառման արդյունքում կայացվող ակտերի շրջանակներում, որպեսզի հասցեատիրոջ համար պարզ և հստակ լինի, թե, օրինակ, իր կատարած ո՞ր արարքն է քննադատող, հերքող, արդյունավետությունը/պաշտպանունակությունը կասկածի տակ դնող կամ այլ կերպ արժեզրկող:

Վերոնշյալը վերաբերում է նաև Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված իրավակարգավորումներին՝ վերջիններիս՝ որոշակիության սահմանադրական պահանջներին համապատասխանության հարցի համատեքստում:

Միաժամանակ Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթների մի շարք ձևակերպումների բովանդակությունն իրավակիրառ պրակտիկայում բացահայտելու հանգամանքի հետ մեկտեղ կարևորում է, տվյալ դեպքում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումներ նախատեսող իրավական ակտերի դրույթների/ձևակերպումների առավելագույնս որոշակի, հստակ, կանխատեսելի և մատչելի լինելու հրամայականը՝ դրանց տարընկալումները/կամայական մեկնաբանությունները բացառելու նպատակով: Հիշյալ հանգամանքը կարևորվում է, առաջին հերթին, այն սուբյեկտների համար, որոնց նկատմամբ համապատասխան կարգավորումները (դրույթները/ձևակերպումները) կիրառվում են, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան հնարավորինս հստակ ընկալելու դրանց էությունը/պահանջները, իրենց վարքագիծը համապատասխանեցնելու այդ պահանջներին և կանխատեսելու այդ առնչությամբ իրենց վարքագծի հնարավոր հետևանքները, ինչպես նաև դրանք կիրառող/մեկնաբանող սուբյեկտների համար:

Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ արձանագրված է. «(…) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը և մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի և մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձևակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում,

(…) հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունը և նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը»:

Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումները կիրառելի է համարում նաև սույն գործով:

2021 թվականի մարտի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Ոստիկանության պատասխան գրությանը կից նյութերի՝ Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 5-7-րդ մասերով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված արձանագրություններում և որոշումներում առավելապես հղում է կատարված Որոշման հավելվածի 9.1-ին կետին, որի սահմանադրականությունը ևս վիճարկվում է սույն գործով: Ընդ որում, հիմնականում կիրառվել են Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կարգավորումները:

Այդ առնչությամբ, համապատասխան զանցանքները (վարչական իրավախախտումները) արձանագրելիս և գնահատելիս, թեև հղում է կատարված Որոշման հավելվածի 9.1-ին կետին, դրանում արտացոլված «քննադատող», «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» ձևակերպումներին, այդուհանդերձ, դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը՝ համապատասխան արարքը որպես վարչական իրավախախտում որակելու համատեքստում, պատշաճ խորությամբ բացահայտված չէ: Այլ խոսքով՝ դրսևորվել է, ըստ էության, մեխանիկական մոտեցում՝ հղում կատարելով համապատասխան նորմին (նորմերին), ձևակերպմանը (ձևակերպումներին): Ընդ որում՝ եթե «քննադատող» ձևակերպումը բավականաչափ հստակ է, ապա նույնը չի կարելի ասել «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» ձևակերպումների մասին, որոնք ունեն վերացականության բարձր աստիճան: Հետևաբար՝ դրանց հղումներ կատարող/դրանք կիրառող մարմնի հայեցողության սահմանները, ըստ էության, անսահմանափակ են: Բացի դրանից, «արդյունավետությունը կասկածի տակ դնելը», «որևէ այլ կերպ արժեզրկելը»՝ միասին կամ առանձին վերցված, կարող են դրսևորվել ինչպես քննադատության լույսի ներքո (այդ համատեքստում), այնպես էլ ունենալ ինքնավար բովանդակություն:

Հաշվի առնելով վերոնշյալը և արձանագրելով, որ Որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունները կարող են առաջ բերել երկիմաստություն մասնավոր անձանց համար արգելքների/սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը համահունչ չէ որոշակիության սահմանադրական սկզբունքին:

Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք բովանդակային առումով կապի մեջ են Որոշման հավելվածի 9-9.2-րդ կետերում արտացոլված դրույթների հետ: Մասնավորապես, «հաղորդում» և «հրապարակում» եզրույթների բովանդակությունները բացահայտված էին Որոշման հավելվածի 9-րդ կետում (« (...) վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) (…)»), իսկ Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերում գործածված էր «հաղորդումների հրապարակում» բառակապակցությունը:

Որոշման հավելվածի 9.1-ին կետում գործածված էր «ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը» բառակապակցությունը, իսկ Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի վերտառությունն է «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը»: Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում գործածված է «տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը», իսկ 6-րդ մասում նաև՝ «կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը» բառակապակցությունը: Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 7-րդ մասում գործածված է «տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը» բառակապակցությունը: Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ մասերում շեշտադրումը կատարված է նշված հոդվածով/վերջինիս համապատասխան մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու վրա:

Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի վիճարկվող 5-7-րդ մասերի նորմերի դիսպոզիցիաները (ձևակերպումների մասով), ըստ էության, հենվող են (բլանկետային), ինչը տեղավորվում է օրենսդրական տեխնիկայի կանոնների տրամաբանության շրջանակներում:

4.4. Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում»:

Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:

Այսպիսով՝ Սահմանադրության 76-րդ հոդվածին համապատասխան՝ արտահայտվելու ազատությունը կարող է օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ, սակայն միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա)` «Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում» վերտառությամբ 15-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ պատերազմի կամ այլ արտակարգ դրության ժամանակ, որը սպառնում է ազգի կյանքին, յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ կարող է միջոցառումներ ձեռնարկել` սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորություններից շեղվելով միայն այն չափով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը, պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ: Այսինքն` Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետություն կարող է շեղվել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններից, բայց միայն այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը:

ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ պետություններն այդ ոլորտում չունեն անսահմանափակ հայեցողություն. դատարանն իրավասու է որոշել՝ արդյոք պետությունները գերազանցել են ճգնաժամի «պահանջների հստակ չափը, թե ոչ» (CASE OF IRELAND V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 5310/71, 18.01.1978 թ. վճիռ, կետ 207): Դատարանն ուսումնասիրում է, inter alia, թե արդյոք սովորական օրենքները բավարա՞ր են եղել արտակարգ իրադրությունը հաղթահարելու համար (CASE OF IRELAND V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 5310/71, 18.01.1978 թ. վճիռ, կետ 212), պարտավորություններից շեղումն ունի՞ սահմանափակ շրջանակներ, և որո՞նք են դրա հիմքերը, պարտադրված միջոցառումներին զուգահեռ ապահովվե՞լ են երաշխիքները, գործնականում հնարավո՞ր է եղել իրականացնել դատական վերահսկողություն այս գործողությունների նկատմամբ (CASE OF BRANNIGAN AND MCBRIDE V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 14553/89; 14554/89, 26.05.1993 թ. վճիռ, կետեր 59, 61-66), ձեռնարկված միջոցառումները համաչա՞փ են եղել հետապնդվող նպատակին, և արդյոք առկա՞ է եղել անհիմն խտրականություն (CASE OF A. AND OTHERS V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 3455/05, 19.02.2009 թ. վճիռ, կետ 190):

Ստանձնած պարտավորություններից շեղումը ներպետական մարմիններից պահանջում է պահպանել խիստ անհրաժեշտության սկզբունքը, որի համաձայն՝ ցանկացած շեղման միջոցառման խստությունը, տևողությունը և աշխարհագրությունը որոշվում են ժողովրդի կյանքին սպառնացող վտանգը հաղթահարելու համար խիստ անհրաժեշտ շրջանակով և համաչափ այդ վտանգի բնույթին ու ծավալին: «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթներից շեղվելու միջոցի կիրառումից պետք է խուսափել բոլոր այն իրավիճակներում, երբ Դաշնագրի համապատասխան սահմանափակող դրույթներով թույլատրելի սովորական միջոցները բավարար են ժողովրդի կյանքին սպառնացող վտանգը հաղթահարելու համար: Յուրաքանչյուր միջոց ուղղված է «իրական, հստակ, առկա կամ անխուսափելի վտանգի» հաղթահարմանը և չի կարող կիրառվել միայն հնարավոր վտանգ կանխազգալու պատճառով («Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ սահմանափակումների և շեղումների դրույթների մասին» Սիրակուզայի սկզբունքներ, 28.09.1984 թ., E/CN.4/1985/4, կետեր 51, 53, 54):

«Խոսքի կամ տեղեկատվության ազատության սահմանափակումներ չեն կարող դրվել ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, քանի դեռ Կառավարությունը չի ապացուցել, որ սահմանափակումները սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ազգային անվտանգության օրինական շահերը պաշտպանելու համար: Սահմանափակման վավերությունը ցույց տալու բեռը կրում է Կառավարությունը:

(…) Մասնավորապես, ազգային անվտանգության նկատառումներով արդարացված սահմանափակումն օրինական չէ, եթե դրա իրական նպատակը կամ շոշափելի ազդեցությունն ազգային անվտանգության հետ կապ չունեցող շահերը պաշտպանելն է, ներառյալ, օրինակ, կառավարությունը անհարմար վիճակից կամ օրինախախտման բացահայտումից պաշտպանելը, կամ հանրային հաստատությունների գործունեության մասին տեղեկատվությունը թաքցնելը կամ որոշակի գաղափարախոսություն արմատավորելը (…)» («Ազգային անվտանգության, արտահայտվելու ազատության և տեղեկատվության մատչելիության մասին» Յոհաննեսբուրգի սկզբունքներ, Արթիքլ 19, Լոնդոն ISBN 1 870798 89 9.11.1996 թ., սկզբունքներ 1 (d), 2 (b)):

4.5. Թեև իրավունքների սահմանափակումը և կոնվենցիոն դրույթներից շեղումը ենթադրում են իրավական ինքնավար ընթացակարգեր, անհրաժեշտ է, որ դրանք հիմնված լինեն նաև համաչափության սկզբունքի վրա:

Սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխան` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, և տվյալ դեպքում օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջներն են.

1) սահմանափակման նպատակի իրավաչափությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.

2) սահմանափակման համար ընտրված միջոցների`

ա) պիտանիությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին: Մասնավորապես,

ա) « (…) Համաչափության սկզբունքի էությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանափակումն է մասնավոր և հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման միջոցով, և հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին ներկայացվող սահմանադրական պահանջների շարքում այն ունի առանձնահատուկ կարևորություն» (ՍԴՈ 1546).

բ) « (…) ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունների և պատասխանատվության տեսակների, չափերի ու հարկադրանքի միջոցների սահմանման (…) իր լիազորությունն իրականացնելիս օրենսդիրն ինքնուրույնաբար որոշում է, մասնավորապես, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության, վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, սահմանում է վարչական պատասխանատվության միջոցներն ու չափերը։ Նշված հարցերում օրենսդրի հայեցողությունը, սակայն, ունի իր սահմանադրական շրջանակները, և օրենսդիրն իր նշված լիազորությունն իրականացնելիս կաշկանդված է առանձին սահմանադրական սկզբունքներով։ (…) հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով։ Այս սկզբունքը հանդիսանում է ընդհանրապես իրավաբանական պատասխանատվության և, մասնավորապես` վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը (…)» (ՍԴՈ-920).

գ) « (…) hամաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև։

(…) Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից։ Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից և լրջությունից (…)» (ՍԴՈ–924).

դ) « (...) օրենսդիրը, իրացնելով իրավունքների և ազատությունների սահմանափակումներ նախատեսելու իր իրավասությունը, պետք է այնպիսի համամասնությամբ դա կատարի, որ ընտրված սահմանափակումը համահունչ լինի ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար (…)» (ՍԴՈ-1293).

ե) « (…) Անձի սեփականության իրավունքին միջամտությունը պետք է բխի տվյալ անձի կողմից տուգանքի և (…) վճարի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից, պետք է լինի բավարար և անհրաժեշտ այդ նպատակին հասնելու համար, իրավասու մարմնի լիազորությունը և այդ լիազորության ընթացակարգը պետք է որոշակիորեն ամրագրված լինեն օրենսդրական մակարդակում` հաշվի առնելով (…) սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներ ամրագրելու անհրաժեշտությունը (…)» (ՍԴՈ–1153).

զ) «(…) օրենսդրի կողմից ընտրված միջոցը պետք է նաև անհրաժեշտ լինի: Միջոցն անհրաժեշտ է, եթե չկա մեկ այլ՝ ավելի մեղմ միջամտող միջոց, որով նույն արդյունավետությամբ կարելի է հասնել նպատակին» (ՍԴՈ-1448):

Համաչափության սկզբունքին անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ը՝ այն մեկնաբանելով մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման թույլատրելիության սահմանների որոշման նպատակով: «Համաչափության սկզբունքն իրենից ներկայացնում է «արդարացի հավասարակշռության որոնում հասարակության շահերով թելադրված պահանջների և անձի հիմնական իրավունքների պաշտպանության պահանջների միջև» (CASE OF SOERING V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 14038/88, 07.07.1989 թ. վճիռ, կետ 89): « (...) դատարանը պետք է որոշի, թե արդյո՞ք պահպանված է հասարակության շահերի և անհատի հիմնական իրավունքների պաշտպանության միջև համաչափությունը» (CASE OF THE FORMER KING OF GREECE & OTHERS V. GREECE, գանգատ թիվ 25701/94, 23.11.2000 թ. վճիռ, կետ 89):

ՄԻԵԴ-ը կարևորել է նաև հետապնդվող նպատակի և կիրառվող միջոցի միջև համաչափության պահպանման հարցը (CASE OF PRESSOS COMPANIA NAVIERA S.A. AND OTHERS V. BELGIUM, գանգատ թիվ 17849/91, 20.11.1995 թ. վճիռ, կետ 38): Միաժամանակ, ՄԻԵԴ-ը արտահայտել է դիրքորոշում առ այն, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է համաչափ լինեն հանգամանքներին, որպեսզի չոտնահարվեն սահմանադրական արժեքները (CASE OF GRIGORIADES V. GREECE, գանգատ թիվ 121/1996/740/939, 25.11.1997 թ. վճիռ):

Դատարանը միջամտությունը պետք է դիտարկի գործի ողջ հանգամանքների լույսի ներքո: Մասնավորապես, պետք է որոշվի արդյոք կատարված միջամտությունը համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին (CASE BARFOD V. DENMARK, գանգատ թիվ 11508/85, 22.02.1989 թ. վճիռ, § 28): Դատարանը պետք է համոզվի, որ ազգային իշխանությունները կիրառել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին համապատասխան ստանդարտներ, ավելին, որ դրանք ընդունվել են համապատասխան փաստերի գնահատման հիմա վրա (CASE OF JERSILD V. DENMARK, գանգատ թիվ 15890/89, 23.09.1994 թ. վճիռ, SERIES A no. 298, p. 24, § 31):

Համաչափության սկզբունքի տարրերից յուրաքանչյուրին՝ բովանդակային առումով, Սահմանադրական դատարանը մանրամասն անդրադարձել է իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ: Ըստ այդմ՝ «Համաչափության սկզբունքի առաջին տարրը հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունն է, այն է` Սահմանադրությամբ նախատեսված լինելը: Դա նշանակում է, որ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Բոլոր այն դեպքերում, երբ այդ նպատակներն ուղղակիորեն ամրագրված են սահմանափակվող հիմնական իրավունքին կամ ազատությանը վերաբերող սահմանադրական դրույթներում (…), օրենսդիրն իրավասու է միայն դրանք կոնկրետացնել օրենքներում, մնացյալ դեպքերում օրենսդիրն ինքն է բացահայտում սահմանափակման` օրենքով սահմանված նպատակի սահմանադրական բովանդակությունը` հիմնվելով Սահմանադրության վերաբերելի նորմերի մեկնաբանության վրա:

Հավաստիանալով իր կողմից պարզված սահմանադրական նպատակի առկայության մեջ` օրենսդիրն այնուհետև պետք է ընտրի դրան հասնելու միջոցները: Հետևապես, ընտրված միջոցների սահմանադրականությունը կանխորոշվում է առաջին հերթին դրանցով հետապնդվող նպատակով:

Ինչ վերաբերում է օրենսդրի կողմից միջոցների ընտրությանը` սահմանադրորեն արդարացված նպատակին հասնելու համար, ապա, նախ` դրանք պետք է պիտանի լինեն հիշյալ սահմանադրական նպատակին հասնելու համար: Այսինքն՝ այնպիսի օրենսդրական միջոցներն են պիտանի, որոնցով օրենսդիրն ի զորու է հասնել հետապնդվող նպատակին, այլ կերպ` երբ ապահովված է հավանականությունը, որ արդյունքը, որին ձգտում է օրենսդիրը, ի հայտ կգա:

Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն օրենսդրի կողմից ընտրված միջոցի անհրաժեշտությունն է, այսինքն՝ այն, որ այդ միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որևէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն՝ նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որևէ հիմնական իրավունք կամ ազատություն:

Համաչափության սկզբունքի վերջին` չորրորդ տարրը պահանջում է, որ օրենսդիրն իր կողմից ընտրված պիտանի և անհրաժեշտ միջոցը համեմատի սահմանափակվող հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական նշանակության հետ` պարզելու համար, որ այդ միջոցներով արդյունքում պետությունն իրապես հասնում է հետապնդվող նպատակին, և սահմանափակվող հիմնական իրավունքը կամ ազատությունն իր նշանակությամբ չի պահպանում իր գերակայությունը այն հանրային շահերի նկատմամբ, որոնք պահպանելու նպատակով էլ օրենսդիրը դիմում է հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման: Վերջնարդյունքում դա նշանակում է, որ որևէ հիմնական իրավունքի կամ ազատությանը չմիջամտելը կամ այն երաշխավորելը, կախված դրանց էությունից, կանոն է, իսկ դրա սահմանափակումը` բացառություն, որը պետք է հիմնավորվի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում: Ընդսմին, որքան ավելի ինտենսիվ է սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում սահմանափակումը հիմնավորելու բեռը»:

Օրենսգրքի վիճարկվող կարգավորումները դիտարկելով վերոնշյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք տեղավորվում են Սահմանադրության 76-րդ հոդվածի տրամաբանության շրջանակներում և համահունչ են կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը ներկայացվող համաչափության սահմանադրական սկզբունքին: Միաժամանակ, 2021 թվականի մարտի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Ոստիկանության պատասխան գրությանը կից նյութերի՝ Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 5-7-րդ մասերով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների ուսումնասիրության արդյունքներով հարկ է նշել, որ Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի նշված մասերով նախատեսված իրավախախտումների համար վարչական մարմնի կողմից տուգանքը հիմնականում նշանակվել է սահմանված նվազագույն չափով:

Օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատասխանատվության ենթարկվելուց հետո նույն արարքի կատարման համար առավել խիստ պատասխանատվություն նախատեսելը բավական լայն տարածում ունի վարչական պատասխանատվությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների պայմաններում: Այդ առնչությամբ առավել խիստ վարչական տույժերի տեսակների, տուգանքի դեպքում՝ վերջինիս ավելի մեծ չափերի սահմանումը (միևնույն իրավախախտումը կրկին կատարելու պայմաններում) օրենսդիր մարմնի իրավասության տիրույթում է: Ուստի՝ նշված դրույթները համաչափության սահմանադրական սկզբունքի պահպանման առումով խնդրահարույց չեն:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում անձի/լրատվամիջոցի նկատմամբ վերը հիշատակված պատասխանատվությունը կիրառելիս իրավակիրառողը պետք է հաշվի առնի անձի/լրատվամիջոցի գույքային դրությունը և օրենքով թույլատրելի շրջանակներում կիրառի հնարավորինս մեղմ տուգանքի չափ բոլոր այն դեպքերում, երբ առկա է իրական վտանգ, որ առավել խիստ տուգանքի չափի կիրառմամբ անձի/լրատվամիջոցի վրա կդրվի անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության վրա, լրատվամիջոցի դեպքում՝ անխուսափելիորեն կհանգեցնի վերջինիս գործունեության դադարման (այդ թվում՝ փաստացի), ինչն անընդունելի է՝ պայմանավորված ժողովրդավարական հասարակությունում լրատվամիջոցների ունեցած կարևոր դերակատարությամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 42-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

4 մայիսի 2021 թվականի
 ՍԴՈ-1592

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան