Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-32-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (11.03.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.10/14(313) Հոդ.266
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի փետրվարի 4-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռներին և որոշումներին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:»:

 

Հոդված 2. Օրենքի`

1) 2-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.».

2) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի` քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ հոդվածով.

 

«Հոդված 31.  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը

 

1. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կարգավորումներ նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են նաև այդ պայմանագրերի նորմերը:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-3-րդ մասերի «անձն է,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.

«21. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք և քաղաքացիները:

Օտարերկրյա պետությունը կատարողական վարույթին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ ձևով:»:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:»:

 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-4-րդ մասերով.

«3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:

4. Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:»:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա միջազգային արբիտրաժի կամ միջազգային միջնորդ այլ դատարանի վճռի և որոշման կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է այդ վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:»:

 

Հոդված 9. Օրենքի 74-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 74. Դատական ակտերի կատարումն օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ դատական ակտերը հարկադիր կատարելիս նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 75-րդ հոդվածը:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. փետրվարի 25
Երևան
ՀՕ-32-Ն