Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-20-Ո-Կ-08
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2021
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

            Ք. Երևան

       6 մայիսի 2021 թ.

ԲԴԽ-20-Ո-Կ-08

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի
նախագահի պաշտոնակատար 

 

Գ. Ջհանգիրյանի,

մասնակցությամբ՝
անդամներ

Գ. Բեքմեզյանի,
Դ. Խաչատուրյանի,
Լ
. Մելիքջանյանի,
Ս. Միքայելյանի,
Ա. Մխիթարյանի,
Վ. Քոչարյանի,
 

Արդարադատության նախարար

 

Ռ Բադասյանի,

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

 

Պ Մկրտչյանի,

 

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր

 

Ռ Մելքոնյանի,

 

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պաշտոնակատար Քրիստինեե Գրիգորյանի «ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի մարտի 11-ի N 18-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա․ Աֆանդյանի կողմից Արդարադատության նախարարին 23․10․2020 թվականին ներկայացված հաղորդումը թիվ ՏԴ/0003/11/20 դատական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի (այսուհետ՝ նաև Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Նախարարի 11․01․2021 թվականի N 4-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 11․03․2021 թվականի N 18-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 290-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 137-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը, 151-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև «Օրենք») 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ թիվ ՏԴ/0003/11/20 դատական գործով Դատավորը 03.07.2020 թվականին կայացրած որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) խախտել է դատական ակտի հիմնավորված և պատճառաբանված լինելու պահանջը, մասնավորապես, Դատարանը ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին Քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունն իրականացրել և բողոքը բավարարել է՝ առաջնորդվելով ոչ կիրառելի Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված իրավական կառուցակարգով։

Գործի փաստերի համաձայն՝ մեղադրյալ Արծրուն Սլյանի (այսուհետ՝ նաև Մեղադրյալ) նկատմամբ 24.08.2019 թվականին որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Միևնույն ժամանակ, 15.05.2020 թվականի որոշմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է, քանի որ Մեղադրյալը խախտել է դրա պայմանները: Մեղադրյալի նկատմամբ 15.05.2020 թվականին հետախուզում հայտարարվելու արդյունքում, վերջինս 16.05.2020 թվականին ժամը 05:30-ին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Դատարանի 15.05.2020 թվականի որոշմամբ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո Դատարանի 18.05.2020 թվականի որոշմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

Մեղադրյալի պաշտպանների կողմից 20.05.2020 թվականին վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացվել ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և նրա նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ (առաջարկվել է որպես գրավ ընդունել 1.000.000 ՀՀ դրամ գումարը), որը ՀՀ ՔԿ ՏՄՎ ՀԿԳ քննիչ Ս. Սաղաթելյանի 25.05.2020թ. որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու հիմքով:

Այնուհետև, Մեղադրյալի պաշտպանի կողմից 16.06.2020թ. վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու և գրավը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ (առաջարկվել է որպես գրավ ընդունել 2.000.000 ՀՀ դրամ գումարը), ՀՀ ՔԿ ՏՄՎ Դիլիջանի ավագ քննիչ Հ. Վարդանյանի 21.06.2020թ. որոշմամբ կրկին մերժվել է: Քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքով Մեղադրյալի պաշտպանը Դատարանից խնդրել է 21.06.2020թ. որոշումը վերացնել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Մեղադրյալի իրավունքների խախտումը, գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի, որպես խափանման միջոց կիրառել գրավը և որպես գրավ ընդունել 2.000.000 ՀՀ դրամը:

Քննիչի որոշման դեմ դատական կարգով Մեղադրյալի պաշտպանի կողմից 24.06.2020թ. բերված բողոքը քննելու արդյունքում 03.07.2020թ. Դատավորը, ղեկավարվելով Օրենսգրքի 290-րդ հոդվածով, որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին և վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն սահմանել Մեղադրյալի իրավունքների խախտումը վերացնելու մասին: Մասնավորապես, Դատարանի որոշման վերաբերելի մասում նշվել է. «Քննության առնելով բողոքը, լսելով պաշտպանների հիմնավորումները՝ դատարանը գտնում է, որ (…) 2020 թվականի հունիսի 21-ի որոշմամբ խախտվել է մեղադրյալ Արծրուն Սլյանի ֆիզիկական ազատության, արդար դատաքննության հիմնարար իրավունքները: Դատարանի այս հետևությունը բխում է գործի փաստական հանգամանքներից, մասնավորապես նկատի ունենալով, որ գործով առկա են երեք մեղադրյալներ, որոնցից մեկը գտնվում է հետախուզման մեջ, մյուսը, ով հանդիսացել է կատարող, գտնվում է ազատության մեջ, իսկ սույն մեղադրյալը, որն ի սկզբանե մասնակիորեն տվել է խոստովանական ցուցմունքներ, պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող պաշտոնատար անձին և որևէ փորձ չի կատարել գործի քննությանը խոչընդոտելու ուղղությամբ, անհիմն գտնվում է արգելանքի տակ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով՝ դատարանը որոշեց. Բողոքը ճանաչել հիմնավորված: Պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել թիվ 36100819 քրեական գործով մեղադրյալ Արծրուն Սլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին 2020 թվականի հունիսի 6-ի որոշմամբ Արծրուն Սլյանի իրավունքների խախտումը:»:

Նախարարը միջնորդությամբ նշել է, որ Դատարանը Մեղադրյալի «ֆիզիկական ազատության» (խոսքը գնում է Դատավորի կողմից նկատի ունեցվող՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված՝ անձնական ազատության իրավունքի մասին), արդար դատաքննության իրավունքների խախտումը պայմանավորել է գործով մեղադրյալներից մեկի՝ հետախուզման մեջ գտնվելու, մյուսի՝ կատարողի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքով, միաժամանակ արձանագրելով, որ ի սկզբանե մասնակիորեն խոստովանական ցուցմունքներ տված Մեղադրյալը, ով պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող պաշտոնատար անձին և որևէ փորձ չի կատարել գործի քննությանը խոչընդոտելու ուղղությամբ, անհիմն գտնվում է արգելանքի տակ: Վերոնշյալ իրավական նորմերի և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է նշել, որ Դատարանը կրել է պարտականություն պատճառաբանելու, թե ինչ փաստական տվյալների գնահատման արդյունքում է ձևավորվել իր եզրահանգումն առ այն, որ Մեղադրյալն անհիմն է գտնվում արգելանքի տակ, խախտվել են Մեղադրյալի «ֆիզիկական ազատության», արդար դատաքննության հիմնարար իրավունքները և ըստ այդմ,՝ առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտման վերացումը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու անհրաժեշտություն: Այնուամենայնիվ, Դատարանի քննարկվող որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանի վերոնշյալ հետևությունը զուրկ է փաստական հիմքերից:

Բացի այդ, Որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ Մեղադրյալն ի սկզբանե մասնակիորեն տվել է խոստովանական ցուցմունքներ, մինչդեռ նախաքննության սկզբնական փուլում Մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունքներ, սակայն հետագայում հրաժարվել է իր ցուցմունքներից, իսկ հետագա հարցաքննության ընթացքում պատճառաբանել է, որ նախկինում տված ցուցմունքները հորինել է: Նշվածն ըստ էության հաստատել է նաև Դատավորն իր բացատրությամբ՝ պատճառաբանելով, որ մեկ անգամ խոստովանական ցուցմունք տալը հիմք է տալիս այդ մասին հաստատագրել, բոլորովին պարտադիր չէ հետագայում անընդմեջ խոստովանական ցուցմունք տալ:

Դատական ակտում որևէ անդրադարձ չի կատարվել՝ ինչպես է դրսևորվել խախտումը, ներկայացված միջնորդությունը քննության առնելիս ինչ որոշում պետք է կայացներ քննիչը, որը չի կայացրել, մինչդեռ, Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված դատավարական ընթացակարգը, որով ներկայացվել է և Դատավորի կողմից քննվել է բողոքը, ենթադրում է բողոքի քննարկման արդյունքում Դատարանի կողմից նշված հոդվածի իմաստով որոշակի խախտման արձանագրում՝ այնուհետև սահմանելով վարույթ իրականացնող մարմնի որոշակի պարտականություն:

Միաժամանակ, դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերը բովանդակային առումով հակասում են միմյանց, չեն բխում մեկը մյուսից: Մասնավորապես Որոշման պատճառաբանական մասում Դատարանը հանգել է հետևության, որ Մեղադրյալի՝ արգելանքի տակ գտնվելը հիմնավորված չէ, միևնույն ժամանակ, Որոշման եզրափակիչ մասում սահմանված է վարույթն իրականացնող մարմնի՝ Դատարանի կողմից արձանագրված խախտումը վերացնելու պարտավորությունը, որը միանշանակ չի ենթադրում Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջոցով նրա իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնին ներկայացվող պահանջ:

Արդյունքում, Դատավորի կողմից թույլ է տրվել դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված նորմերի խախտում:

Դիմողը նշել է, որ Դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը Դատավորի կողմից իրականացվել և բողոքը բավարարվել է՝ առաջնորդվելով ոչ կիրառելի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված իրավական կառուցակարգով։

Դիմողը նշել է նաև, որ Մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված բողոքի շրջանակներում ըստ էության խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հիմքի առկայության հարցը վիճարկման առարկա դարձվելու պայմաններում (անկախ այն հանգամանքից, որ Մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված բողոքի իրավական հիմքում դրվել են 290-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կարգավորումները), բողոքը Դատավորի կողմից չէր կարող քննության առնվել Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կառուցակարգով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հարցը քննարկման ենթակա է քրեադատավարական մեկ այլ կառուցակարգով, որը ենթադրում է ոչ թե նախաքննության մարմնի կողմից կայացված որոշման օրինականության բողոքարկում դատական կարգով, այլ համապատասխան միջնորդության ներկայացում դատարան՝ կալանավորման ձևով դատարանի կողմից ընտրված խափանման միջոցն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննարկման համար:

 Դիմողը եզրակացրել է, որ թիվ ՏԴ/0003/11/20 դատական գործով Դատավորը 03.07.2020 թվականին կայացրած որոշմամբ խախտել է դատական ակտի հիմնավորված և պատճառաբանված լինելու պահանջը, ինչպես նաև ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունն իրականացրել և բողոքը բավարարել է՝ առաջնորդվելով ոչ կիրառելի՝ Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված իրավական կառուցակարգով, ինչն իր հերթին հանգեցրել է նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վերաբերյալ վարքագծի կանոնի խախտման։

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ և Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած նույնաբովանդակ պատասխանով հայտնել է, որ 03․07․2020 թվականին Դատարանը քննության է առել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի բաժնի ավագ քննիչ Հ. Վարդանյանի թիվ 36100819 քրեական գործով մեղադրյալ Արծրուն Սլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին 21.06.2020թ. որոշման դեմ պաշտպան Ս. Ոսկանյանի բողոքը և որոշել է բողոքը ճանաչել հիմնավորված և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու նշված որոշմամբ Արծրուն Սլյանի իրավունքների խախտումը: 06․07․2020 թվականին քննչական բաժնի պետի կից գրությամբ դատարանի այդ որոշման օրինակն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացրած դատախազին: Վերջինս նույն օրը՝ 06.07.2020 թվականին, կայացրել է որոշում՝ թիվ 36100819 քրեական գործով քննիչի 21.06.2020 թվականի որոշումը վերացնելու մասին և միաժամանակ, ըստ էության քննության առնելով կալանավորումը վերացնելու և խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը, կայացրել է համապատասխան որոշում: Փաստորեն, Դատարանի հիշյալ որոշումը ծառայել է իր նպատակային նշանակությանը և հիմք է հանդիսացել մի կողմից՝ քննիչի անօրինական որոշումը վերացնելու ու մեղադրյալի խախտված իրավունքները վերականգնելու, մյուս կողմից հսկող դատախազի լիազորությունների անխափան իրականացման համար, ինչը չի կարող չնպաստել ինչպես դատավորի, այնպես էլ՝ դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:

Դատավորը նշել է նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը 14.09.2020 թվականին որոշել է Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ա. Մարգարյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Դատարանի 03․07․2020 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ այն պատճառաբանությամբ, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բերված բողոքի քննության արդյունքում կիրառել է ոչ թե դրա համար նախատեսված հատուկ իրավական կառուցակարգը, այլ Օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը, և որ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ Օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են ճիշտ որոշում կայացնելու վրա, և Օրենսգրքի 380.1, 394-րդ և 398-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են առաջին ատյանի դատական ակտը բեկանելու համար:

Դատավորը նշել է, որ Օրենսգրքի 290-րդ հոդվածում սահմանված ընդհանուր բնույթի իրավական նորմի փոխարեն Դատարանը պետք է կիրառեր Օրենսգրքի 18-րդ գլխում ամփոփված համապատասխան հատուկ իրավանորմերը, ապա գտնում է, որ քննիչի որոշումը վերացնելու, մեղադրյալի խախտված իրավունքների վերականգնմանը պարտավորեցնելու պահանջ բովանդակող բողոքն օբյեկտիվորեն չի կարող քննության առնվել ու լուծվել այն իրավանորմերի կիրառմամբ, որոնք վերաբերում են խափանման միջոց կալանքը վերացնելու ու գրավ կիրառելու միջնորդությանը: Իսկ դատավարական իրավունքի խախտման մասին փաստարկները չունեն իրավական որոշակիություն, հետևաբար, այս կապակցությամբ չի կարող պատասխան տալ:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Դատարանի (դատավոր` Ռ.Մելքոնյան) 15.05.2020 թվականի որոշմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է՝ Մեղադրյալի կողմից խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով և բավարարվել Դատարան ներկայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

2. Մեղադրյալի նկատմամբ 15.05.2020 թվականին հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալը 16.05.2020 թվականին ժամը 05:30-ին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին:

3. 18.05.2020 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը երկու ամիս ժամկետով վերահաստատելու վերաբերյալ, որը բավարարվել է (դատավոր` Ռ. Մելքոնյան):

4. Մեղադրյալի պաշտպանների կողմից 20.05.2020 թվականին վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացվել ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և նրա նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ առաջարկելով որպես գրավ ընդունել 1.000.000 ՀՀ դրամ գումարը: ՀՀ ՔԿ ՏՄՎ ՀԿԳ քննիչ Ս. Սաղաթելյանի 25.05.2020թ. որոշմամբ միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է՝ անհիմն լինելու հիմքով:

5. Մեղադրյալի պաշտպանի կողմից 16.06.2020 թվականին միջնորդություն է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին խափանման միջոց կալանավորումը վերացնելու և գրավը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ առաջարկելով որպես գրավ ընդունել 2.000.000 ՀՀ դր. գումարը: ՀՀ ՔԿ ՏՄՎ Դիլիջանի ավագ քննիչ Հ. Վարդանյանի 21.06.2020 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է:

6. Մեղադրյալի պաշտպանի կողմից քննիչի 21.06.2020թ. կայացված որոշումը բողոքարկվել է Դատարան: Ըստ ներկայացված բողոքի․ «(…) սպառված չեն Մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեադատավարական ներգործության այլ միջոցներով ապահովելու բոլոր հնարավորությունները, ի սկզբանե մեղադրանք առաջադրելուց հետո մինչև կալանավորվելը Մեղադրյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ, հետևաբար, նրա պատշաճ վարքագծի հետագա ապահովմանը կարելի է հասնել նաև այլ խափանման միջոց, տվյալ դեպքում՝ գրավ կիրառելու միջոցով: Մեղադրյալը շուրջ 10 ամիս քննվող քրեական գործով յուրաքանչյուր անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է նախաքննական մարմնին և այդ ընթացքում որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննության կատարմանը, իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ ի սկզբանե տվել է խոստովանական ցուցմունք, իսկ ավելի ուշ՝ նոր մեղադրանք առաջադրելու ժամանակ, օգտվելով իր դատավարական իրավունքներից՝ մեղքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Քննիչը ներկայացված միջնորդությունը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել, այն մերժել է ապագային վերաբերող ենթադրական և վերացական հանգամանքներ նշելով, որ Մեղադրյալը մնալով ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, միջնորդությունը չի համադրել առկա փաստական հանգամանքների հետ, ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք, հաշվի չի առել Մեղադրյալի մոտ ի հայտ եկած հիվանդությունները, այն, որ առաջին անգամ ներկայացված միջնորդության մերժումից հետո գրավի առարկա գումարի չափը կրկնակի է առաջարկվել»: Բողոքի հիմքում դրվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կարգավորումները:

7. Բողոքի քննության արդյունքում 03.07.2020 թվականին Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին և վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն սահմանել Մեղադրյալի իրավունքների խախտումը վերացնելու մասին: Մասնավորապես Դատարանի որոշման մեջ նշվել է. «Քննության առնելով բողոքը, լսելով պաշտպանների հիմնավորումները՝ դատարանը գտնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի բաժնի ավագ քննիչ Հ.Վարդանյանի՝ թիվ 36100819 քրեական գործով մեղադրյալ Արծրուն Սլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին 21․06․2020 թ. որոշմամբ խախտվել է մեղադրյալ Արծրուն Սլյանի ֆիզիկական ազատության, արդար դատաքննության հիմնարար իրավունքները: Դատարանի այս հետևությունը բխում է գործի փաստական հանգամանքներից, մասնավորապես նկատի ունենալով, որ գործով առկա են երեք մեղադրյալներ, որոնցից մեկը գտնվում է հետախուզման մեջ, մյուսը, ով հանդիսացել է կատարող, գտնվում է ազատության մեջ, իսկ սույն մեղադրյալը, որն ի սկզբանե մասնակիորեն տվել է խոստովանական ցուցմունքներ, պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող պաշտոնատար անձին և որևէ փորձ չի կատարել գործի քննությանը խոչընդոտելու ուղղությամբ, անհիմն գտնվում է արգելանքի տակ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով՝ դատարանը որոշեց. Բողոքը ճանաչել հիմնավորված: Պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել թիվ 36100819 քրեական գործով մեղադրյալ Արծրուն Սլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին 2020 թվականի հունիսի 6-ի որոշմամբ Արծրուն Սլյանի իրավունքների խախտումը:»:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի և նրա ներկայացուցչի բացատրությունները, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, իսկ 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1 արդյո՞ք Դատավորին օրենքով վերապահված էր «Խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը քննության առնելու մասին» որոշում կայացնելու իրավասություն,

2. արդյո՞ք թիվ ՏԴ/0003/11/20 դատական գործի քննության շրջանակներում «Խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը քննության առնելու մասին» որոշման կայացմամբ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական նորմի խախտում,

3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, իր ելակետային բովանդակությամբ բացահայտում է ինչպես իշխանությունների տարանջատվածության և հավասարակշռման սկզբունքի, այնպես էլ իշխանության թևերի՝ փոխադարձ հավասարակշռման արդյունքում ձևավորվող իրավասության թույլատրելի շրջանակները:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունների իրացման շրջանակը` բացառելու համար իշխանության չարաշահումը կամ իշխանազանցությունը իշխանության որևէ ճյուղի ներկայացուցիչների կողմից:

Մասնավորապես նշված հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:

Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

Դատարանի 03.07.2020թ. որոշման կայացման պահի խմբագրությամբ գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը:

Վերոնշյալ քրեադատավարական դրույթի վերլուծությունից պարզ է դառնում, որ այն դատավարության մասնակիցներին իրավունք է վերապահում Օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկել քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները: Նշված հոդվածը սահմանում է բողոքարկման հետևյալ կարգը՝

ա) քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները՝ համապատասխան դատախազին,

բ) դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին,

գ) դատարանինը` վերադաս դատարան:

Միաժամանակ օրենսդիրն ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու լիազորություն սահմանել է միայն դատախազի և դատարանի համար։

Վարույթի նյութերի համաձայն, Մեղադրյալի պաշտպանի կողմից քննիչի 21.06.2020 թվականի որոշումը բողոքարկվել է Դատարան, որի արդյունքում 03.07.2020 թվականին Դատարանը, ղեկավարվելով Օրենսգրքի 290-րդ հոդվածով, որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին և վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն է սահմանել Մեղադրյալի իրավունքների խախտումը վերացնելու մասին:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասության բացակայության պայմաններում քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը չէր կարող Դատարանում քննության առարկա դարձվել բողոքի հիմքում նշված իրավական նորմով, քանի որ տվյալ դեպքում քննիչը ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու լիազորություն չունենալու պայմաններում, ըստ էության, քննարկել ու որոշում է կայացրել խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին:

Օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները:

Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշման համաձայն՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասում] (…) «...սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» ձևակերպումից բխում է, որ մինչդատական վարույթում քրեական հետապնդում իրականացնող մարմինների ոչ բոլոր որոշումները կարող են անմիջականորեն բողոքարկվել դատարան: Դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների ցանկը, ի թիվս այլնի, սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն` դատարան կարող են բողոքարկվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` դարձյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում:

Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսգրքով նախատեսված դեպքերում» ձևակերպումը նշանակում է, որ օրենսգրքով կարող է սահմանվել 290-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որոշումների բողոքարկման միջնորդավորված կարգ և ներկայացվել մինչև դատական պաշտպանության դիմելը` օրենսգրքով նախատեսված արտադատական պաշտպանության միջոցն սպառելու պահանջ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից պարզ է դառնում, որ անձն իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքն իրացնելուց առաջ պարտավոր է սպառել իրավունքների պաշտպանության արտադատական միջոցը՝ դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում: Օրենսդիրը, դատախազի կողմից շահագրգիռ անձի բողոքի մերժումը որպես նախապայման սահմանելով, նպատակ է հետապնդել, որպեսզի հնարավորություն ստեղծվի իրացնելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողությունը։

Միևնույն ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, արձանագրում է, որ եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը պարզում է, որ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջները, մասնավորապես՝ դատախազական միջամտություն հայցելու պահանջըև եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»), ապա առանց անդրադառնալու բողոքի հիմքերին՝ պետք է մերժի այն։

Այսպիսով, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից։

Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-844 որոշմամբ, անդրադառնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգին, նշել է. «Հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումները և գործողությունները դատարան բողոքարկելու` անձանց (քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց) իրավունքը կարող է իրացվել հետևյալ նախապայմանների դեպքում.

- եթե խախտվել են այդ անձանց իրավունքները և օրինական շահերը,

- եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: (...)»:

Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0018/11/17 դատական գործով 20․03․2018 թվականին կայացրած նախադեպային որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատախազական հսկողության գործիքակազմի սպառումը նախապայման է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրելու համար: Որպես իրավական պաշտպանության միջոց` դրա շրջանակներում ստուգվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) օրինականությունը, որի արդյունքում դատախազը կա՛մ արձանագրում է վիճարկվող որոշման (գործողության) իրավաչափության փաստը, կա՛մ հերքում այն: Այսինքն` դատախազական հսկողության կառուցակարգի սպառման արդյունքում կայացվող որոշումը հիմնվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) վրա:

Սույն վարույթի նյութերի համաձայն՝ 24․06․2020 թվականին Մեղադրյալ Արծրուն Սլյանի պաշտպանի կողմից Դատարան է ներկայացվել բողոք՝ Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ․ Վարդանյանի կողմից 21․06․2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ, որի հիմքում դրվել է Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կարգավորումները, Դատարանին խնդրելով քննիչի որոշումը «վերացնել, պարտավորեցնել վարույթ իրականացնող մարմնին վերացնել Ա.Սլյանի իրավունքների խախտումը, գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի, որպես խափանման միջոց կիրառել գրավը և որպես գրավ ընդունել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը»:

Դատարանը 03․07․2020 թվականին, ղեկավարվելով Օրենսգրքի 290-րդ հոդվածով, որոշել է․ «Բողոքը ճանաչել հիմնավորված: Պարտավորեցնել վարույթ իրականացնող մարմնին վերացնել թիվ 36100819 քրեական գործով մեղադրյալ Արծրուն Սլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին 21.06.2020թ. որոշմամբ Արծրուն Սլյանի իրավունքների խախտումը»:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը միջնորդությունը քննարկել և որոշում է կայացրել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ քննիչի 21.06․2020թ. որոշումը չի բողոքարկվել դատախազական հսկողության կարգով, որից հետո միայն Օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով մեղադրյալի ենթադրաբար խախտված իրավունքների վերականգնումը Դատարանի համար կարող էր քննարկելի դառնալ դատական վերահսկողություն շրջանակներում։

Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով վերոգրյալը, արձանագրում է, որ Դատարանի կողմից 03․07․2020 թվականին կայացված «Խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը քննության առնելու մասին» որոշում կայացնելու հնարավորություն օրենսդիրը Դատարանին որևէ նորմատիվ իրավական ակտով չի վերապահել։

Մինչդեռ, Դատավորը կայացրել է «Խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը քննության առնելու մասին» որոշում՝ հիմքում դնելով Օրենսգրքի 290-րդ հոդվածը, այն դեպքում, երբ նշված հոդվածում խոսքը գնում է անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությանը դիմելու այն դեպքին, երբ այդ իրավունքն իրացնելուց առաջ անձը սպառել է իրավունքների պաշտպանության արտադատական միջոցը՝ դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում, իսկ սույն դեպքում Դատարանը, միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշման հիմքում դնելով Օրենսգրքի 290-րդ հոդվածը, չի պարզել, թե արդյոք տվյալ դեպքում մինչև Դատարան պաշտպանի կողմից միջնորդություն ներկայացնելը սպառվել է արտադատական կարգով բողոքարկման բոլոր հնարավորությունները, ինչից հետո և հնարավոր կլիներ միջնորդության քննարկումը դատարանում։

Ուստի, Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ «Խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը քննության առնելու մասին» որոշում կայացնելով, Դատարանը դուրս է եկել Օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից: Դատավարական նորմերի վերը նշված պահանջների խախտումը պարզելուց բացի, Բարձրագույն դատական խորհուրդը նաև անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական և փաստական հիմնավորումներին, որոնք Դատարանը դրել է դատավարական օրենքի խախտմամբ կայացված իր որոշման հիմքում:

Մասնավորապես Դատարանն իր Որոշմամբ արձանագրելով, որ քննիչի «2020թ. հունիսի 21-ի որոշմամբ խախտվել է մեղադրյալ Արծրուն Սլյանի ֆիզիկական ազատության, արդար դատաքննության հիմնարար իրավունքները», նշել է, որ «Դատարանի այս հետևությունը բխում է գործի փաստական հանգամանքներից, մասնավորապես նկատի ունենալով, որ գործով առկա են երեք մեղադրյալներ, որոնցից մեկը գտնվում է հետախուզման մեջ, մյուսը, ով հանդիսացել է կատարող, գտնվում է ազատության մեջ, իսկ սույն մեղադրյալը, որն ի սկզբանե մասնակիորեն տվել է խոստովանական ցուցմունքներ, պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող պաշտոնատար անձին և որևէ փորձ չի կատարել գործի քննությանը խոչընդոտելու ուղղությամբ, անհիմն գտնվում է արգելանքի տակ»:

Դատարանի նշված պատճառաբանության առթիվ, Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում վկայակոչել գործով չվիճարկված և այդ թվում Դատավորի կողմից մինչև 2020թ. հուլիսի 3-ի խնդրո առարկա Որոշումը նույն գործով կայացված որոշումների հիմքում դրված փաստերը: Մասնավորապես՝

ա) գործով հաստատված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Մեղադրյալը նախկինում խախտել է «ստորագրություն չհեռանալու մասին» ընտրված խափանման միջոցի պայմանները, որից հետո Դատավորի կողմից բավարարվել է Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, վերջինս հայտնաբերվել է, այնուհետև Դատարան է ներկայացվել միջնորդություն կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, որն էլ Դատավորի կողմից բավարարվել է: Այս տեսակետից անհասկանալի է Դատավորի՝ Որոշման հիմքում ընկած այն հիմնավորումը, որ Մեղադրյալը «պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող պաշտոնատար անձին և որևէ փորձ չի կատարել գործի քննությանը խոչընդոտելու ուղղությամբ».

բ) Դատավորի կողմից որպես Մեղադրյալի՝ արգելանքի տակ անհիմն գտնվելու փաստարկ, ներկայացվում է այն փաստը, որ գործով մյուս երեք (իրականում՝ չորս, տես՝ գ/թ 4, 7-րդ պարբ.) մեղադրյալները գտնվում են ազատության մեջ: Այս առթիվ պետք է նշել, սակայն, որ Դատավորի կողմից նշված այս անձանցից մեկը, ով գտնվում էր հետախուզման մեջ, գրավով ազատ էր արձակվել նույն Դատավորի որոշմամբ: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ անթույլատրելի է, որպեսզի Դատավորը որպես գործով Մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու անհիմն լինելու փաստի հիմնավորում ներկայացնի գործով մեկ այլ մեղադրյալի, առավել ևս՝ նույն Դատավորի որոշման արդյունքում ազատության մեջ գտնվելու փաստը:

գ) Դատավորի կողմից որպես Մեղադրյալի՝ արգելանքի տակ անհիմն գտնվելու փաստարկ, ներկայացվում է նաև այն փաստը, որ մեղադրյալն ի սկզբանե մասնակիորեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Չնայած, որ այս հանգամանքը նույնպես Մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու անհիմն լինելու փաստի հիմնավորում ինքնին չի հանդիսանում, այնուամենայնիվ, նշված հանգամանքը վերաբերելի համարելու դեպքում, Դատարանը չէր կարող անտեսել այն փաստը, որ հետագայում նույն Մեղադրյալը նույն գործով մեկ այլ մեղադրյալի հետ կատարված առերես հարցաքննության ընթացքում հրաժարվել է իր ցուցմունքներից ամբողջապես. թե՝ իր մասով, թե՝ նշված մեղադրյալի հանցակցության մասով (տես՝ գ/թ 6, 1-ին պարբ.): Դատական ակտի պատճառաբանվածության տեսակետից Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ընտրած պատճառաբանությունն առ այն, որ Մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու անհիմն լինելը հիմնավորվում է այդ թվում՝ Մեղադրյալի «մասնակիորեն տրված» խոստովանական ցուցմունքով, ողջամիտ դիտորդի համար անհասկանալի է թողնում այն, թե ինչու նույն Մեղադրյալի կողմից՝ այդ ցուցմունքներից ամբողջությամբ հրաժարվելը Դատարանի կողմից չի համարվել առնվազն վերաբերելի հանգամանք կամ ինչու մասնակի խոստովանական ցուցմունք տալը որպես վերաբերելի դիտելու պայմաններում, Դատարանը չի դիտարկել նաև այդ հանգամանքի արժանահավատ լինելը՝ մեղադրյալի՝ ամբողջության մեջ վերցրած՝ Որոշման կայացմանը նախորդած և հետագայում ակնկալվող դատավարական վարքագիծը գնահատելու տեսանկյունից: Բացի այդ, գործով մյուս երեք մեղադրյալների ազատության մեջ գտնվելու փաստը Դատավորի կողմից որպես Մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու փաստարկ վկայակոչելը անհիմն է նաև այն պատճառով, որ նրանցից առնվազն մեկը գտնվել է հետախուզման մեջ, այսինքն՝ նրա ազատության մեջ գտնվելը եղել է ոչ իրավաչափ.

դ) Կարևոր է հիշատակել նաև այն փաստը, որ Դատավորի կողմից փորձ է արվել անհետևանք թողնել տվյալ Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, ապա՝ այն վերահաստատելու մասին իր իսկ կայացրած որոշումները:

Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի խախտման:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է նաև, որ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնի խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը, ի պաշտոնե և մասնագիտության առումով, տիրապետելով ՀՀ օրենսդրությանը, իմանալով իր պարտականությունները, պարտավոր էր հասկանալ և գիտակցել իր գործողությունների ոչ իրավաչափ բնույթը:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին հայտարարել խիստ նկատողություն։

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Անդամներ`

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Հատուկ կարծիք (որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ)

 

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

Ա. Մխիթարյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2021 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Բարձրագույն դատական խորհրդի 06 մայիսի 2021թ. թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-08 որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ

 

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ), 2021թ. ապրիլի 22-ին քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստիննե Գրիգորյանի՝ «ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի մարտի 11-ի 18-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը, որոշել է. «Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել։ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին հայտարարել խիստ նկատողություն» (այսուհետ՝ Որոշում)։ Որոշման ամբողջական տեքստը հրապարակվել է 14.05.2021թ.։

Համաձայն լինելով Որոշման պատճառաբանական մասում արտահայտված Խորհրդի դիրքորոշման հետ՝ գտնում եմ, որ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) կողմից թույլ տրված խախտման համար Դատավորը ենթակա չէր «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառմանը, ուստի ներկայացնում եմ սույն հատուկ կարծիքը:

 

1.Որոշման եզրափակիչ մասի հետ կապված մեկնաբանություններ

1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը նախ՝ քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության, ապա՝ կարգապահական տույժի ընտրության հարցը:

Վկայակոչված իրավական կարագավորումից հետևում է, որ դատավորի գործողություններում կարգապահական խախտման հիմքի առկայության դեպքում Խորհուրդը պետք է ընտրի Օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերից որևէ մեկը:

2) Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

3) Վերոնշվածից ակնհայտ է, որ կարգապահական տույժի համապատասխան տեսակն ընտրելիս Խորհուրդը չի կարող իր լիազորություններն իրականացնել կամայականորեն: Խորհրդի կայացրած որոշումները պետք է հիմնված լինեն որոշակի հանգամանքների վրա, այն է՝ 1) խախտման բնույթը, 2) հետևանքը, 3) դատավորի անձը, 4) առկա տույժերը և 5) այլ հանգամանքներ: Հետևաբար Խորհրդի կողմից համապատասխան տույժի տեսակն ընտրելիս պետք է որոշման մեջ հստակ պարզաբանվեն վերոնշյալ հանգամանքները, որոնց համալիր վերլուծության արդյունքից միայն պետք է բխի տվյալ տույժի ընտրության օբյեկտիվությունն ու արդարացիությունը:

3.1 Ակնհայտ է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման պատճառաբանական մասում կարգապահական խախտում արձանագրելուց բացի, Խորհուրդը տույժի ընտրության համատեքստում պետք է նաև իրավական գնահատական տա կատարված խախտման բնույթին և հետևանքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում կարգապահական տույժի տեսակի ընտրության համատեքստում որևէ անդրադարձ չի կատարվել խախտման բնույթին, անհրաժեշտ է ընդգծել, որ Որոշման պատճառաբանական մասում ևս առկա չէ որևէ հիմնավորում, որն «առանձնահատուկ» կերպով կվկայի խախտման «այնպիսի վտանգավորության» կամ դատական իշխանության «այնպիսի հեղինակազրկման» մասին, ինչն ինքնին հանգեցնում է ամենախիստ կարգապահական տույժի (ընդգծվում է ամենախիստ տույժի տեսակ, հաշվի առնելով, որ խիստ նկատողությանը հաջորդող տույժի տեսակն էական կարգապահական խախտումն է՝ դատավորի լիազորությունների դադարեցմամբ):

3.2 Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Խորհուրդը դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս հաշվի է առնում կատարված խախտման հետևանքը, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի կողմից 03.07.2020թ.-ին մեղադրյալի իրավունքների խախտումը վերացնելու, այն է՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին կայացրած որոշումը ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ա. Մարգարյանի 06.07.2020թ.-ին կայացրած որոշմամբ վերացվել է և բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որն էլ իր հերթին դատավոր Տ. Սահակյանի կողմից կայացված որոշմամբ 16.09.2020թ.-ին բավարարվել է:

Անհրաժեշտ է նկատել, որ կարգապահական պատասխանատվության հիմքում դրված Դատավորի կողմից կայացված որոշումը բացառապես որևէ իրավական կամ փաստական հետևանք չի առաջացրել:

Ավելին, տվյալ պարագայում անհասկանալի է Խորհրդի կողմից «խիստ նկատողություն» տույժի տեսակի ընտրությունը, այն դեպքում, երբ Խորհուրդը նախկինում իր կայացրած որոշումներով1 հետևանքի բացակայությամբ պայմանավորված մերժել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Օրենսգրքի պահանջներին համապատասխան սույն հատուկ կարծիքի հղումներում վկայակոչված որոշումները չնայած ընդունվել են Խորհրդի անդամների ձայների փոքրամասնությամբ, այդուհանդերձ պետք է փաստել, որ չի կարող ընդունելի համարվել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշմամբ արտահայտված և վկայակոչված որոշումներում արտահայտված ակնհայտ ծայրահեղ մոտեցումների դրսևորումները:

Բացի այդ պետք է նշել, որ Խորհրդի՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու սույն որոշմամբ անդրադարձ չի կատարվել թույլ տրված կարգապահական խախտմամբ առաջացած հետևանքներին:

3.3 Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «դատավորի անձի» հանգամանքի հետ կապված դատավորին խիստ նկատողություն հայտարարելու որոշման ընդունման պահին թե´ գործի նյութերով, թե´ կայացված որոշմամբ ոչինչ չի վկայակոչվել:

3.4 Խորհրդի՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ արձանագրված է այն փաստը, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

3.5 Եվ վերջապես օրենսդրությունը չկաշկանդելով Խորհրդին՝ իրավունք է վերապահել վերջինիս տույժի ընտրության հարցում առաջնորդվել այլ հանգամանքներով: Քանի որ Խորհուրդը չի արձանագրել որևէ այլ հանգամանք, նշվածն ինքնին մեկնաբանվում է դատավորի օգտին: Որպես այլ հանգամանք կարելի է մատնանշել արարքը կոպիտ անփութությամբ և ոչ դիտավորությամբ կատարված լինելու փաստը, որն ըստ իս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր կարգապահական տույժի տեսակի ընտրության ժամանակ:

4) Ընդհանրացնելով և ամփոփելով շարադրյալը՝ գտնում եմ, որ կարգապահական տույժի տեսակի ընտրության համար Օրենսգրքով նախատեսված բոլոր հանգամանքների բացակայության պարագայում չի կարող արդարացված համարվել Խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվություն ենթարկելու մասին որոշմամբ Դատավորի նկատմամբ կիրառված «խիստ նկատողություն» կարգապահական տույժը և այն համաչափ չէ վերջինիս կողմից կատարված խախտմանը:

__________________________

1 Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ իր 05.04.2020թ.-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ։

Բացի այդ Բարձրագույն դատական խորհուրդը նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորի քննարկվող արարքը դատավարության մասնակցի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել, որ Դատավորի քննարկվող արարքը դատավարության մասնակցի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել, վարույթ հարուցող մարմինը չի ներկայացրել հիմնավորում արարքը Դատավորի կողմից չարամիտ նպատակով կամ շարժառիթով կատարված լինելու վերաբերյալ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ իր նվազ կարևորության պատճառով դատավորի կողմից թույլ տրված արարքը կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ (…) Կարինե Պետրոսյանի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում։»:

Բարձրագույն դատական խորհուրդը նույնաբովանդակ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ իր 08.04.2021թ.-ի թիվ ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշմամբ:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ՝

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: