ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/0137/01/15 |
Գործ թիվ ԵԱՔԴ/0137/01/15 |
Նախագահող դատավոր՝ | Կ. Մարդանյան |
Դատավորներ՝ |
Ա. Մնացականյան |
Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի փետրվարի 25-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սերվենիկ Սարգսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է թիվ 09122114 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Կարեն Եդիգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ Կ.Եդիգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2014 թվականի նոյեմբերի 28-ից քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Կ.Եդիգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 27-ի որոշումներով Սերվենիկ Գևորգյանը, Տիգրան Մուշեղյանը և Արթուր Գևորգյանը ներգրավվել են որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նույն օրը վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ թիվ 09122114 քրեական գործից անջատվել է Կ.Եդիգարյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 09122114/1 համարը:
2015 թվականի հուլիսի 31-ին Կ.Եդիգարյանի վերաբերյալ թիվ 09122114/1 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և դրան շնորհվել է ԵԱՔԴ/0137/01/15 համարը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ թիվ 09122114 քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալներ Սերվենիկ Գևորգյանի, Տ.Մուշեղյանի և Արթուր Գևորգյանի՝ քննությունից թաքնվելու հիմքով:
2015 թվականի օգոստոսի 5-ին Սերվենիկ Գևորգյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Նույն օրը թիվ 09122114 քրեական գործով վարույթը վերսկսվել է, և Սերվենիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ Սերվենիկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ թիվ 09122114 քրեական գործից անջատվել է Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 09120715 համարը:
2015 թվականի հոկտեմբերի 19-ին Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և դրան շնորհվել է ԵԱՔԴ/0186/01/15 համարը:
2. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 27-ի արձանագրային որոշմամբ Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0186/01/15 քրեական գործը միացվել է Կ.Եդիգարյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0137/01/15 քրեական գործին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մարտի 17-ի որոշմամբ Սերվենիկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, և որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դատավճռով Սերվենիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 15 (տասնհինգ) օրը, և Սերվենիկ Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Նույն դատավճռով ճանաչվել է Կարեն Եդիգարյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նա արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Կ.Եդիգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Կ.Եդիգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Սերվենիկ Գևորգյանի և վերջինիս պաշտպան Գ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ բողոքները բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դատավճիռը մասնակիորեն՝ Սերվենիկ Գևորգյանի մասով, բեկանել է և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հունվարի 26-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Ամբաստանյալ Սերվենիկ Գևորգյանի պաշտպան Գ.Գրիգորյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով վերջինս խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Սերվենիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց՝ Արթուր Գևորգյանի և Տիգրան Մուշեղյանի հետ, 2014թ. մայիս-հունիս ամիսներին «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Դրոյի 3 հասցեում գտնվող «Զեյթուն» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Կարեն Եդիգարյանի օժանդակությամբ, խաբեության եղանակով` հիշյալ բանկում տարբեր անձանց միջոցով 340.000 ՀՀ դրամ արժեք ունեցող կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 48.051.000 ՀՀ դրամ գումար:
Այսպես` Սերվենիկ Գևորգյանը, Արթուր Գևորգյանը և Տիգրան Մուշեղյանը 2014թ. մայիս-հունիս ամիսներին, նախնական համաձայնության են եկել խաբեության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: Հանցավոր նպատակին հասնելու համար օգտագործել են իրենց ընկեր կամ բարեկամ հանդիսացող տարբեր անձանց` Յուրիկ Բարսեղյանին, Արմեն Գալստյանին, Գևորգ Գևորգյանին, Միշա Բաղդասարյանին, Արշալույս Մինասյանին, Անի Հակոբյանին, Գյուլվարդ Բարսեղյանին, Գևորգ Վարդանյանին, Սոնա Ստեփանյանին, Գարեգին Սարգսյանին, Հրաչյա Մկրտչյանին, Սուսաննա Քարամյանին, Մարգարիտա Հակոբյանին և Վեներա Վարդանյանին տարատեսակ պատճառաբանություններով խնդրելով նրանց անուններով «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Դրոյի 3 հասցեում գտնվող «Զեյթուն» մասնաճյուղում գրավադրել ոսկյա զարդեր: Այդ անձինք չգիտակցելով, որ հիշյալ հանցավոր խմբի կողմից իրենց տրամադրված զարդերն իրականում պատրաստված չեն ոսկուց, այսինքն` գործելով անզգուշությամբ, դրանք ներկայացրել են «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Դրոյի 3 հասցեում գտնվող «Զեյթուն» մասնաճյուղ` ոսկերիչ-գնահատող Կարեն Եդիգարյանին, ով նախապես վերը նշված հանցավոր խմբին խոստացել է վերացնել հանցավոր նպատակին հասնելու բոլոր խոչընդոտները: Կատարելով խոստումը` Կ.Եդիգարյանն օժանդակել է Տիգրան Մուշեղյանին, Սերվենիկ Գևորգյանին և Արթուր Գևորգյանին խաբեության եղանակով բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարել` ներկայացված 340.000 ՀՀ դրամ արժողությամբ զարդերը գնահատելով, որպես ոսկյա զարդ, ինչի արդյունքում հիշյալ անձինք վարկ ստանալու միջոցով բանկից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 48.051.000 ՀՀ դրամ գումար»1:
6. Սերվենիկ Գևորգյանի և Կ.Եդիգարյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0137/01/15 քրեական գործի դատական քննության ընթացքում՝ դատական վիճաբանությունների փուլում, 2018 թվականի մարտի 17-ի դատական նիստում ամբաստանյալ Սերվենիկ Գևորգյանի պաշտպան Գ.Գրիգորյանը, նախքան պաշտպանական ճառը հրապարակելը, միջնորդել է սույն քրեական գործին միացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2017 թվականի նոյեմբերի 29-ին ստացված Տիգրան Մուշեղյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0183/01/17 քրեական գործը։ Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշմամբ պաշտպանի միջնորդությունը մերժվել է2:
6.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դատավճռի համաձայն՝ «Դատարանը գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, գտնում է, որ ամբաստանյալ Սերվենիկ Սարգսյանի մեղավորությունը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն` վստահությունը չարաշահելու եղանակով գույքի հափշտակություն կատարելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ապացուցված է: (…)
Այսպիսով, դատարանի համոզմամբ, Սերվենիկ Գևորգյանի` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, վերոհիշյալ կանխամտածված գործողությունների տրամաբանական հաջորդականությունը վկայում է այն մասին, որ վերջինիս կողմից «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ից խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մտադրությունը ծագել է ի սկզբանե»3:
7. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշման համաձայն` «Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սերվենիկ Գևորգյանի, Արթուր Գևորգյանի, Տիգրան Մուշեղյանի և Կարեն Եդիգարյանի վերաբերյալ քննվող քրեական գործից, նախաքննության ընթացքում, տարբեր ժամանակներում, անջատվել և իրարից առանձին մեղադրական եզրակացությամբ Առաջին ատյանի դատարան են ուղարկվել Կարեն Եդիգարյանի ու Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ գործի մասերը։ Առաջին ատյանի դատարանում դրանք նորից միացվել և քննվել են մեկ վարույթում։ Վերջիններիս վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրական եզրակացությամբ Առաջին ատյանի դատարան է ստացվել նաև ենթադրյալ հանցավոր խմբի մյուս անդամ Տիգրան Մուշեղյանի վերաբերյալ քրեական գործի մասը։ Առաջին ատյանի դատարանը, դատական նիստում քննության առնելով նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու Սերվենիկ Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը՝ արձանագրային որոշմամբ մերժել է այն, պատճառաբանելով, որ պաշտպանական կողմից հիմնավոր պատճառաբանություններ չեն ներկայացվել։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխավորը հանդիսանում է դատարանը։ Հետևաբար՝ նշված իրավունքի ապահովման տեսանկյունից քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հարցը որոշելիս, դատարանը չպետք է սահմանափակվի դատավարության կողմերի միջնորդություններով և հիմնավորումներով։ Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը քրեական գործերը մեկ վարույթում միացնելու անհրաժեշտության բացակայությունն ըստ էության պայմանավորել է ոչ թե Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի անջատ քննությամբ դրա լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովված լինելու հանգամանքով, այլ պաշտպանի կողմից հիմնավոր միջնորդություն ներկայացված չլինելով։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանը պետք է գնահատեր, թե արդյոք Սերվենիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի բնույթը հնարավորություն էր տալիս ստուգելու այդ մեղադրանքի օրինականությունը և հիմնավորվածությունը՝ չանդրադառնալով խմբի մյուս անդամներ Արթուր Գևորգյանի և Տիգրան Մուշեղյանի արարքներին և գնահատելու դրանք։ Հնարավոր էր արդյոք դրանց չանդրադառնալով՝ Սերվենիկ Գևորգյանի պատասխանատվության հարցը որոշել անհրաժեշտ խորությամբ և ճշգրտությամբ, որպիսին հանդիսանում է ինչպես քրեական օրենքը ճիշտ կիրառելու պարտադիր բաղադրիչը, այնպես էլ դատարանի կողմից օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության և արդար դատաքննության ապահովման բաղադրիչը։
Այստեղ պետք է նշել, որ Առաջին ատյանի դատարանը վիճարկվող դատական ակտում կատարել է այնպիսի ձևակերպումներ, որոնցում առկա են դատողություններ դատի չտրված անձ՝ Տիգրան Մուշեղյանի մեղավորության վերաբերյալ, ինչով խախտվում է նաև դատական քննությունը միայն ամբաստանյալի նկատմամբ կատարելու քրեադատավարական պահանջը: Նշված հանգամանքն իր հերթին հանգեցնում է նաև վերջինիս իրավունքների, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման, ինչպես նաև կանխորոշում է վերջինիս վերաբերյալ անջատված մասով գործի ելքը՝ դատավճռի փաստացի նախադատելիության ուժով, ինչը վտանգում է նաև տվյալ գործը քննող դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը։
Վերաքննիչ դատարանի նշված հետևությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից (օրինակ՝ Նավալնին և Օֆիցերովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճիռը (…))։
Վերը շարադրվածից ելնելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բավարար չափով պատճառաբանված չէ, այն չի կարող համարվել օրինական ու հիմնավոր և հանգեցնում է գործի արդարացի քննության սկզբունքի խախտման։
13. Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սերվենիկ Գևորգյանին վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում խմբի կողմից հափշտակված գումարների ընդհանուր չափը կազմում է՝ 35.612.240 ՀՀ դրամ։ Մինչդեռ՝ նույն խմբին օժանդակություն ցուցաբերած Կարեն Եդիգարյանին վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում խմբի կողմից հափշտակված գումարների ընդհանուր չափը կազմում է՝ 48.051.000 ՀՀ դրամ (48.391.000-340.000)։ Ընդ որում՝ Կարեն Եդիգարյանին վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունից երևում է, որ հանցավոր խմբին վերագրվող մի շարք վարկային պայմանագրերով կատարված հափշտակությունների դրվագները չեն մեղսագրվել Սերվենիկ Գևորգյանին, սակայն վերջինիս առաջադրված մեղադրանքի ծավալը նույնպես կազմում է՝ 48.051.000 ՀՀ դրամ։
Առաջին ատյանի դատարանը չանդրադառնալով նշված հանգամանքներին վիճարկվող դատական ակտում ուղղակի նշել է, որ Սերվենիկ Գևորգյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ ապացուցված է՝ չնշելով հափշտակված գումարի չափը։
Նշված հանգամանքն առաջացնում է անորոշություն այն առումով, որ հնարավոր չէ հասկանալ, թե Սերվենիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում նշված դրվագներով՝ 35.612.240 ՀՀ դրամի հափշտակության, թե նաև իրեն չվերագրվող դրվագներով խմբի մյուս անդամների ընդհանուր հափշտակած՝ 48.051.000 ՀՀ դրամի համար։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս առումով վիճարկվող դատական ակտը պատճառաբանված չէ։
14. Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո, Դատախազի կողմից, 2018 թվականի հունիսի 12-ին, քրեական գործից անջատված մասով, ենթադրյալ հանցավոր խմբի մյուս անդամ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև Դատախազի կողմից նշված որոշումը կայացվել է վիճարկվող դատական ակտի կայացումից հետո, այնուամենայնիվ արդարացման հիմքով ենթադրյալ հանցավոր խմբի անդամի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման փաստը չի կարող անտեսվել սույն գործով վիճարկվող դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցնելու փաստը բավարար է արձանագրելու, որ Սերվենիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը չի կարող համարվել օրինական և հիմնավոր՝ առնվազն այն նկարագրությամբ որը մեղսագրվում է նրան։
15. Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված (…) նշված խախտումները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբի անդամի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդման դադարեցման փաստը առաջացրել են մի իրավիճակ, որը զրկում է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգելու Սերվենիկ Գևորգյանի մասով վիճարկվող դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը։
16. (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի թույլ տված դատական սխալները առկա իրավիճակում հանգեցրել են նրան, որ հնարավորություն չեն տալիս ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա վերացնելու ստորադաս դատարանի թույլ տված խախտումներն ու կայացնելու գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ, ուստի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակի. Առաջին ատյանի դատարանի՝ բողոքարկված դատական ակտը պետք է մասնակի՝ Սերվենիկ Գևորգյանի մասով բեկանել և վերջինիս մասով քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի համոզմամբ` ստորադաս դատարանը, միակողմանի բացահայտելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ փաստական հանգամանքներով էականորեն տարբերվող, սույն գործին ոչ վերաբերելի դիրքորոշման վրա, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և Վճռաբեկ դատարանի որոշումներով սահմանված պահանջները, հանգել է ոչ ճիշտ հետևությունների և թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն արտահայտվել է գործի արդարացի քննության սկզբունքի անտեսմամբ:
8.1. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, մասնավորապես Նավալնին և Օֆիցերովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռից մի շարք դիրքորոշումներ մեջբերելով, հանգել է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը վիճարկվող դատական ակտում կատարել է այնպիսի ձևակերպումներ, որոնցում առկա են դատողություններ դատի չտրված անձ՝ Տ.Մուշեղյանի մեղավորության վերաբերյալ, ինչով խախտվում է նաև դատական քննությունը միայն ամբաստանյալի նկատմամբ կատարելու քրեադատավարական պահանջը: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ այդ հանգամանքն իր հերթին հանգեցնում է նաև վերջինիս իրավունքների, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման, ինչպես նաև կանխորոշում է վերջինիս վերաբերյալ անջատված մասով գործի ելքը՝ դատավճռի փաստացի նախադատելիության ուժով, ինչը վտանգում է նաև տվյալ գործը քննող դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը: Բողոքաբերի պնդմամբ՝ Նավալնիի և Օֆիցերովի գործով հանգամանքներն էականորեն տարբերվում են սույն գործի փաստական հանգամանքներից։ Մասնավորապես, Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ վարույթի առանձնացումը պայմանավորված է եղել մյուս մեղադրյալների՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքով, և վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն չէր կարող ենթադրել, թե երբ նրանք կհայտնաբերվեն։ Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ Սերվենիկ Գևորգյանը «վկայի»՝ որպես այլ գործով ամբաստանյալի կարգավիճակով ներգրավված է նաև Տ.Մուշեղյանի վերաբերյալ քննվող թիվ ԵԱՔԴ/0183/01/17 քրեական գործով, ինչի արդյունքում երաշխավորվում է նրա պաշտպանության իրավունքը։
8.2. Ըստ բողոքաբերի՝ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ դատավճռից հնարավոր չէ հասկանալ, թե Սերվենիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում նշված դրվագներով 35.612.240 ՀՀ դրամի, թե նաև իրեն չվերագրվող դրվագներով խմբի մյուս անդամների կողմից ընդհանուր՝ 48.051.000 ՀՀ դրամի հափշտակության համար: Բողոքի հեղինակի կարծիքով, ակնհայտ է, որ հանցակիցների կողմից միասնական դիտավորությամբ կատարված հանցանքի պայմաններում նրանցից յուրաքանչյուրի գործողության արդյունքում պատճառված վնասը կարող է տարբեր լինել, իսկ միասնական դիտավորության մեջ ընդգրկված վերջնական վնասը՝ նույնական, ինչը քննարկվող պարագայում 48.051.000 ՀՀ դրամն է:
9. Բողոքաբերը նշել է, որ Արթուր Գևորգյանի նկատմամբ կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը Սերվենիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքում խմբի հատկանիշի առկայությունը որևէ կերպ չի չեզոքացնում, քանզի խմբի մեջ է մտնում նաև Տ.Մուշեղյանը, ինչը նշանակում է, որ նախնական համաձայնությամբ խումբը, միևնույն է, առկա է։
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Սերվենիկ Գևորգյանի մասով բեկանել թիվ ԵԱՔԴ/0137/01/15 քրեական գործով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դատավճռին։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու ու գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
12. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
(…)
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.
(…)
4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից (…)»:
13. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է ոչ միայն բեկանել դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության, այլև կայացնել նոր դատական ակտ: Նշված լիազորության օրենսդրական ամրագրումը պայմանավորված է նրանով, որ վերաքննիչ դատարանում ապացույցներ, այդ թվում` լրացուցիչ ներկայացված, հետազոտելու և ըստ այդմ գործի փաստական կողմը վերանայելու իրավասությունը, թույլ տրված դատական սխալը ուղղելու և նոր դատական ակտ կայացնելու հնարավորություն է տալիս: Դեռ ավելին, ինչպես բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի կարգավորումներից՝ վերաքննիչ վերանայման նշված առանձնահատկություններով պայմանավորված՝ օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է նաև վերաքննիչ դատարանի կողմից անձին առաջադրված մեղադրանքի շրջանակում արարքի իրավական գնահատականը՝ թե´ մեղմացնելու և թե´ խստացնելու առումով փոխելու իրավական հնարավորություն՝ դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիությունն ապահովելու պայմանով։
Բացի այդ, հարկ է նկատել, որ վերաքննիչ դատարանի կողմից նոր դատական ակտ կայացնելու լիազորության նախատեսումը կոչված է նաև բացառելու դատական շրջապտույտը, այն բխում է դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից՝ այնքանով, որքանով երաշխավորում է արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից մեկը՝ ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջի իրացումը5։
14. Անդրադառնալով բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու վերաքննիչ դատարանի լիազորությանը՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը՝ նպատակ ունենալով.
ա) լրացնել վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու իրավազորության բացակայությունը,
բ) կանխել վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը,
գ) ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը,
դ) երաշխավորել ամբաստանյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետ անհամաձայնության դեպքում վերաքննության կարգով բողոք ներկայացնելու տեսանկյունից6։
14.1. Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերաքննիչ դատարանի կողմից տվյալ լիազորությունը ենթակա է իրացման այն դեպքերում, երբ վերաքննության գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար չէ արձանագրված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները վերացնելու համար, և առաջին ատյանի դատարանում գործի նոր քննությունն անհրաժեշտ է կայացվելիք դատական ակտի արդարացիությունը և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու առումով։
14.2. Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, բողոքարկված դատական ակտը բեկանելուց հետո նոր դատական ակտ կայացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշում կայացնելիս, վերաքննիչ դատարանը պետք է գնահատի, թե որքանով է վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությունն ապահովելու և արձանագրված դատական սխալները վերացնելու համար։ Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննության գործառութային առանձնահատկությունները թույլ են տալիս լուծել նշված խնդիրները, վերաքննիչ դատարանի որոշումը, որպես կանոն, պետք է լինի նոր դատական ակտի կայացումը՝ ելնելով դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից։
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործեր, եթե, դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն»:
Քրեական գործերը միացնելու դատավարական ինստիտուտի հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Պետրոս Նազարյանի գործով՝ արձանագրելով, որ «այն ամրագրում է կազմակերպական-տեխնիկական բնույթի դատավարական լիազորություն, որի միջոցով ապահովվում է քրեական գործերի քննության արդյունավետությունը։ Մասնավորապես, նշված դատավարական լիազորությամբ քրեական գործի քննության սահմանների ընդարձակումը նպատակ է հետապնդում ապահովել դատավարական ռեսուրսների խնայողությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննությունը, ինչպես նաև նպաստել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը։ Այսինքն` քրեական գործերի միացման դատավարական լիազորության կենսագործումը պայմանավորվում է քրեական գործերի քննության արդյունավետության ապահովման օբյեկտիվ չափանիշով։
Ընդ որում (…) նշված չափանիշի առկայության գնահատմամբ քրեական գործերի միացման` քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորությունը կրում է դիսպոզիտիվ բնույթ։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող` «մեկ վարույթում կարող են միացվել» օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործերը միացնելու լիազորությունը հայեցողական է։ Այսինքն` քրեական գործերի միացման հայեցողական լիազորությունն իրականացնելու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել միացվող քրեական գործերի միջև գոյություն ունեցող կապը, և թե այդ միացումը որքանով կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը»7:
16. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեական գործերի միացման` քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորությունը, բացի նրանից, որ ունի հայեցողական բնույթ, պետք է նաև բավարարի քրեական գործերի միացման օբյեկտիվ հնարավորության չափանիշին: Այլ կերպ՝ հանցակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի միացման կամ անջատման օրինականությունն ու հիմնավորվածությունը կախված է ոչ միայն հանցակցության կոնկրետ ձևից, հանցակիցների մեղադրանքների փոխկապակցվածության բնույթից և դրանցով պայմանավորված՝ հանցակիցների վերաբերյալ քրեական գործերով մեղադրանքների փաստական հանգամանքների միջև կապի աստիճանից, այլ նաև քրեական գործերի հետագա համատեղ քննության օբյեկտիվ հնարավորությունից: Մասնավորապես, այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցակիցներից մեկի՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ մյուս հանցակիցների վերաբերյալ քրեական գործերն անջատվում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվում են դատարան, ապա նման անջատումն ինքնին կրում է օբյեկտիվ բնույթ:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սերվենիկ Գևորգյանի, Արթուր Գևորգյանի, Տ.Մուշեղյանի և Կ.Եդիգարյանի վերաբերյալ քննվող թիվ 09122114 քրեական գործից նախաքննության ընթացքում՝ 2015 թվականի հուլիսի 27-ին Կ.Եդիգարյանի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ Առաջին ատյանի դատարան է ուղարկվել, քանի որ գործով մյուս մեղադրյալները թաքնվել են քննությունից և այդ հիմքով գտնվել են հետախուզման մեջ8։ Որոշ ժամանակ անց, հետախուզման արդյունքում հայտնաբերվելուց հետո՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ին, մեղադրական եզրակացությամբ Առաջին ատյանի դատարան է ուղարկվել Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ գործը, որը 2015 թվականի հոկտեմբերի 27-ին արձանագրային որոշմամբ միացվել է Կ.Եդիգարյանի վերաբերյալ քրեական գործին9: Հետագայում, երբ հայտնաբերվել է Տ.Մուշեղյանը, թիվ 09122114 քրեական գործից նրա վերաբերյալ մաս է անջատվել և 2017 թվականի նոյեմբերի 29-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Առաջին ատյանի դատարան: Սերվենիկ Գևորգյանի և Կ.Եդիգարյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0137/01/15 քրեական գործով դատաքննությունն ավարտվելուց հետո՝ դատական վիճաբանությունների փուլում՝ 2018 թվականի մարտի 17-ի դատական նիստում, ամբաստանյալ Սերվենիկ Գևորգյանի պաշտպան Գ.Գրիգորյանը նախքան պաշտպանական ճառը հրապարակելը միջնորդել է սույն քրեական գործին միացնել Տիգրան Մուշեղյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0183/01/17 քրեական գործը, սակայն դատարանի արձանագրային որոշմամբ միջնորդությունը մերժվել է10։
18. Սույն փաստական հանգամանքների և վերոշարադրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է քրեական գործերի անջատման օբյեկտիվության չափանիշը, ինչպես նաև պատշաճ գնահատման չի ենթարկել դատաքննությունն ավարտված լինելու պայմաններում Սերվենիկ Գևորգյանի և Կ.Եդիգարյանի վերաբերյալ քրեական գործը Տ.Մուշեղյանի վերաբերյալ ստացված ու մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործին միացնելու օբյեկտիվ հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ, ինչպես իրավաչափորեն փաստել է բողոքաբերը11, սույն գործի փաստական հանգամանքներն էականորեն տարբերվում են Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Նավալնին և Օֆիցերովն ընդդեմ Ռուսաստանի գործի փաստական հանգամանքներից12, քանի որ ի տարբերություն նշված գործի՝ վարույթի առանձնացումը սույն դեպքում a priori պայմանավորված է եղել գործով մյուս մեղադրյալների՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու հանգամանքով, և վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն չէր կարող ենթադրել, թե նրանք երբ կհայտնաբերվեն։ Արդյունքում, վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործում առկա ապացույցները, դրանք բավարար է համարել Սերվենիկ Գևորգյանի և Կ.Եդիգարյանի վերաբերյալ գործը դատարան ուղարկելու համար։ Հակառակ մեկնաբանության պարագայում անձը կարող է տևական և անորոշ ժամանակով գտնվել քրեական հետապնդման ներքո, ինչն անհամատեղելի կլինի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի հետ:
18.1. Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանը վիճարկվող դատական ակտում տվել է այնպիսի ձևակերպումներ, որոնցում առկա են դատողություններ դատի չտրված անձ՝ Տ.Մուշեղյանի մեղավորության վերաբերյալ, ինչով խախտվում է նաև դատական քննությունը միայն ամբաստանյալի նկատմամբ կատարելու քրեադատավարական պահանջը, Տ.Մուշեղյանի անմեղության կանխավարկածը և պաշտպանության իրավունքը13։ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Տ.Մուշեղյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևության հետ՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Տ.Մուշեղյանի մեղավորության հարց չի քննարկվել, ինչպես նաև վերջինիս կողմից վերաքննիչ վարույթում անմեղության կանխավարկածի խախտման հարց չի բարձրացվել։ Ավելին, Առաջին ատյանի դատարանի դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կ.Եդիգարյանին և Սերվենիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքները շարադրելուց հետո, Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել Սերվենիկ Գևորգյանի կողմից խմբի կազմում խարդախության միջոցով հափշտակություն կատարելու փաստը՝ առանց վկայակոչելու խմբի որևէ այլ մասնակցի անուն14։ Բացի այդ, Տ.Մուշեղյանի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումն անգամ չէր կարող հիմք ծառայել Սերվենիկ Գևորգյանի իրավունքների խախտում արձանագրելու, առավել ևս վերջինիս վերաբերյալ քրեական գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։
18.2. Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտից պարզ չէ, թե Սերվենիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում նշված դրվագներով՝ 35.612.240 ՀՀ դրամի, թե նաև իրեն չվերագրվող դրվագներով խմբի մյուս անդամների կողմից ընդհանուր՝ 48.051.000 ՀՀ դրամի հափշտակության համար։ Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված վերոգրյալ ենթադրյալ խախտման առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը զրկված չի եղել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ակտի վերանայման արդյունքում նշված խախտումը վերացնելու հնարավորությունից։
18.3. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 12-ին, ենթադրյալ հանցավոր խմբի անդամներից Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է որ նախ, ինչպես նշել է նաև Վերաքննիչ դատարանը, Արթուր Գևորգյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է Առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց հետո, երկրորդ՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը խմբի առկայությունը բացառող հանգամանք չէ, և, ի վերջո, Վերաքննիչ դատարանը դարձյալ զրկված չի եղել վերոնշյալ հանգամանքը գործի ելքի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից գնահատելու հնարավորությունից:
19. Սույն որոշման 12-16-րդ կետերում ներկայացված իրավական նորմերը և դիրքորոշումները կիրառելով 17-18-րդ կետերում ներկայացված փաստերի և դրանց վերլուծության վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ունեցել է իրավական հնարավորություն՝ դատական ստուգման ենթարկելու Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ դատավճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ վերաքննիչ բողոքներում բարձրացված՝ ապացույցների գնահատման դատավարական պահանջների պահպանման և նյութական իրավունքի նորմերի կիրառման ճշտության տեսանկյունից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն որոշում է կայացրել քրեական գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու մասին՝ անտեսելով դատավարական խնայողության և ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջը:
20. Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու ու գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:
21. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ, 394-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի` բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք են։
22. Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առարկա դարձնի ներկայացված վերաքննիչ բողոքները դրանց հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգի Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը։
23. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել ամբաստանյալ Սերվենիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սերվենիկ Սարգսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալ Սերվենիկ Սարգսի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 237-270։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 15, թերթեր 190-193։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 118-137։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 57-80։
5 Տե'ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ՍԴՈ-720, 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-832 որոշումները, Վճռաբեկ դատարանի՝ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշումը:
6 Տե'ս Հրաչ Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0019/01/11 որոշման 19-րդ կետը։
7 Տե'ս Պետրոս Նազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0056/01/16 որոշման 16-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
9 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը։
12 Տե'ս Նավալնին և Օֆիցերովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատներ 46632/13 և 28671/14։
13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: