Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-531-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (26.05.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.16/28(263) Հոդ.420
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի ապրիլի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները՝ ըստ տիպերի, ինչպես նաև սահմանում է այդ հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների նպատակային օգտագործման ձևերը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները

 

Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հետևյալ հուշարձանները.

1) հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների հետևյալ հուշարձանները՝ իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով.

ա) քարեդարյան բացօթյա կայանները, քարայր-կացարանները, դրանց համալիրները,

բ) բնակատեղիները, ամրոց-բնակատեղիները (բերդշեները), ամրոցները, դրանց հատվածները, պաշտպանական պարիսպները, դիտակետերը, աշտարակները, խանդակները, գետնուղիները և ամրաշինական այլ կառույցներ,

գ) մեգալիթյան կոթողները՝ մենհիրներ, վիշապաքարեր, կրոմլեխներ, սահմանաքարեր,

դ) ժայռապատկերները, վիմագրական հուշարձանները, դրանց համալիրները,

ե) հնագիտական մշակութային շերտերը,

զ) դամբարանները, դամբարանադաշտերը, դամբանաբլուրները, պատմական գերեզմանոցները, խաչքարերը, հուշակոթողները, հուշասյուները, տապանաքարերը,

է) այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը,

ը) չգործող հին հանքահորերը, պատմական ճանապարհների հատվածները, ճարտարագիտական կառույցները՝ ջրանցքներ, ամբարտակներ, կամուրջներ, ջրանցույցներ,

2) նոր և նորագույն ժամանակաշրջանների հետևյալ հուշարձանները՝ իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծված պատմամշակութային և բնապատմական արգելոցները, տուն-թանգարանները, պանթեոնները, հուշահամալիրները, հուշակոթողները,

բ) պատմամշակութային հավաքածուներ ներառող պետական պահոցների, թանգարանների, տուն-թանգարանների շենքերը:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների օգտագործման ձևերը

 

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և դրանց համալիրներն իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով կարող են օգտագործվել միայն գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական և զբոսաշրջության նպատակներով:

2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների հետազոտման, ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց տարածքների բարեկարգման աշխատանքները պետք է նպատակաուղղված լինեն միայն հուշարձանի՝ որպես պատմամշակութային արժեքի առավելագույն բացահայտմանը և պահպանմանը՝ անհրաժեշտ նվազագույն միջամտություններով:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա նոր ու նորագույն ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների օգտագործման ձևերը

 

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված՝ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանները և դրանց համալիրներն իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով կարող են օգտագործվել իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ: Ժամանակակից օգտագործման նպատակահարմարությունից ելնելով՝ դրանք օրենքով կարող են նաև մասնակիորեն փոփոխվել, արդիականացվել՝ չխաթարելով հուշարձանի տեսքը, պատմամշակութային արժեքը:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա նորահայտ հուշարձանները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն են համարվում և օտարման ենթակա չեն նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքների ժամանակ, ինչպես նաև պատահաբար հայտնաբերված այն օբյեկտները, որոնք փորձագիտական եզրակացության հիման վրա դասվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված հուշարձանների թվին և ենթակա են ընդգրկվելու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

2. Համայնքի, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերում պատահականորեն հայտնաբերված հուշարձանների պահպանության խնդիրները և դրանց նկատմամբ գույքային իրավունքները կարգավորվում են օրենքով:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանության գոտիներում գործող հողօգտագործման սահմանափակումների պետական գրանցումը

 

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանության գոտիներում գործող հողօգտագործման սահմանափակումները, ինչպես նաև հուշարձանը այլ սեփականատիրոջ հողամասում գտնվելու պարագայում ծագող սերվիտուտները ենթակա են պետական գրանցման:

 

Հոդված 7. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 8. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը՝ ապահովելով ցուցակում ընդգրկված հուշարձանների պահպանության ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի տրամադրումը:

2. Պետական ցուցակի հաստատումից հետո հուշարձանների պահպանության պետական լիազորված մարմինը երկու տարվա ընթացքում ապահովում է հուշարձանների և համապատասխան հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-531-Ն