Գլխավոր տեղեկություն
Համար
N 2133-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.04.2021-17.07.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2021

 

23.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի N 2133-Ա

 

«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԵՎ/ԿԱՄ «ԱՐՏԱՔՍԱՏԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 31.03.21 N 425-Ա)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանության տալ «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում 228․5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Համաձայնություն տալ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 03-096-0188-0010, 03-0960188-0012, 03-096-0188-0013, 03-096-0120-0008, 03-096-0112-0002, 03-096-0165-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն՝ համաձայն N 2, N 3 և N 4 հավելվածների։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես որպես գոլֆի ակումբ և ակադեմիա, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիներ՝ իրենց ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:

4. Առաջարկել Փոքր Վեդի համայնքի ղեկավարին՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը, օտարումը և ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝

ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,

բ. ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 117 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

գ. ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 96 ամիս,

դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և որ պայմանագրի պայմանների խախտման համար ընկերությունը կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին,

զ. համայնքի կողմից ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման պարագայում հաշվի առնել ծրագրի կարիքները՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասերի։

5. Էկոնոմիկայի նախարարին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ տասնօրյա ժամկետում ապահովել Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության և «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումը՝ համաձայն N 5 հավելվածի։

(5-րդ կետը լրաց. 31.03.21 N 425-Ա)

6. Հաստատել Պայմանագիրը՝ համաձայն հավելվածի։

(6-րդ կետը լրաց. 31.03.21 N 425-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2133-Ա որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2133-Ա որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2133-Ա որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2133-Ա որոշման

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 23-ի N 2133-Ա որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՀՀ, ք. Երևան

«      » ——— 2021թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) ի դեմս նախարար Վահան Քերոբյանի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ ՏԿԵՆ) ի դեմս նախարար Սուրեն Պապիկյանի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերությունը ի դեմս տնօրեն Սարգիս Գևորգյանի և «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ միասին՝ Ներդրող) ի դեմս տնօրեն Սարգիս Գևորգյանի մի կողմից և միասին հիշատակելիս՝ Կողմեր, հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ _ _ որոշումը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան.

1.1. Ներդրողը պարտավորվում է իրագործել ՀՀ կառավարության 23.12.2020թ. թիվ 2133-Ա որոշմամբ հավանության արժանացած ներդրումային Ծրագիրը՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի և Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտակայքում գոլֆի ակումբի և ակադեմիայի, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիների կառուցում (այսուհետ՝ Ծրագիր), համաձայն Պայմանագրի հավելվածի։

1.2. Ծրագիրն իրագործվելու է ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ավագանու 18.12.2020թ. թիվ N019, 30.12.2020թ. թիվ N023 և 05.02.2021թ. թիվ N005 որոշումներով սահմանված հողատարածքներում (այսուհետ՝ Տարածք)։

1.3. ՏԿԵՆ–ը՝ ՀՀ կառավարության կողմից իրեն հատկացված միջոցների հաշվին, կապահովի Ծրագրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը և/կամ հիմնանորոգումը՝ համաձայն Ներդրողի կողմից տրամադրված, պատշաճ կարգով հաստատված, նախագծանախահաշվային փաստաթղթերի: Այս նպատակի իրագործման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի մինչև 700 000 000.00 (յոթ հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումար:

1.4. Ծրագրի շրջանակներում կառուցված՝ խմելու ջրի, ոռոգման ջրի, ջրահեռացման (կոյուղու) և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները ծառայելու են բացառապես Ծրագրի կարիքներին և առանց Ներդրողի համաձայնության չեն կարող հատկացվել երրորդ անձանց։

1.5. Ծրագրի իրականացման ընդհանուր ժամկետը կազմում է 96 (իննսունվեց) ամիս` քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո, Ծրագրի իրագործման ժամկետը կարող է երկարաձգվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Պայմանագրով նախատեսված դեպքերում։

1.6. Ծրագիրը համարվում է չիրականացված, եթե Ներդրողը Պայմանագրի 1.5. կետով սահմանված ժամկետում չի իրականացրել Պայմանագրի հավելվածով սահմանված ծավալները։

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները.

 

2.1. Ներդրողը պարտավորվում է.

2.1.1. Գնել Տարածքը Ծրագրի իրականացման նպատակով։

2.1.2. Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության և/կամ այդ պարտավորությունների կատարման հնարավոր ուշացումների մասին անհապաղ տեղեկացնել մնացած Կողմերին:

2.1.3. ՏԿԵՆ–ին տրամադրել պատշաճ կերպով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ Պայմանագրի 1.3. կետի իրականացման նպատակով։

2.1.4. Պայմանագրի 1.3. կետով նախատեսված ենթակառուցվածքների կառուցման և/կամ հիմնանորոգման իրականացման համար Պայմանագրի նույն կետով նախատեսված դրամական միջոցների անբավարարության դեպքում՝ վերը նշված ենթակառուցվածքների կառուցման և/կամ հիմնանորոգման լիարժեք կատարումն ապահովելու նպատակով իր միջոցների հաշվին ներդնել չբավարարող գումարը՝ ՏԿԵՆ–ի նշած կառույցի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

2.1.5. Նախարարությանը տրամադրել դրամական միջոցների գրավ կամ անհետկանչելի բանկային երաշխիք (այսուհետ՝ Բանկային երաշխիք)՝ Պայմանագրի 1.3. կետով նախատեսված ենթակառուցվածքների կառուցման և/կամ հիմնանորոգման իրականացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված արժեքի չափով՝ ՀՀ դրամով՝ տարեկան 8 (ութ) տոկոսով ինդեքսավորված կամ ԱՄՆ դոլարով՝ տարեկան 4 (չորս) տոկոսով ինդեքսավորված մինչև ծրագրի ավարտը: Բանկային երաշխիքի կամ դրամական միջոցների գրավի տևողությունը հավասար է Ծրագրի իրականացման ժամկետին, Ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման դեպքում, Բանկային երաշխիքի կամ դրամական միջոցների գրավի տևողությունը նույնպես երկարաձգվում է համապատասխան ժամկետով։

2.1.6. Մինչև Պայմանագրի 2.1.5. կետով նշված բանկային երաշխիքի կամ դրամական միջոցների գրավի տրամադրումը, նախապես Նախարարությունից ստանալ բանկի ընտրության վերաբերյալ պատշաճ ձևակերպված համաձայնությունը։

2.1.7. Պայմանագրի 2.5.2. կետով սահմանված դեպքում առաջարկել Նախարարության ընտրությանը ՀՀ 5 (հինգ) ամենախոշոր բանկերից մեկը։ Նախարարությունը պետք է հաստատի ՀՀ 5 (հինգ) ամենախոշոր բանկերից մեկը։

2.1.8. Հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել իր պարտավորությունների ոչ պատշաճ կամ ուշացումով կատարման հետևանքները։

 

2.2. Նախարարությունը պարտավորվում է.

2.2.1. Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության և/կամ այդ պարտավորություների կատարման հնարավոր ուշացումների մասին անհապաղ տեղեկացնել մնացած Կողմերին:

2.2.2. Հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել իր պարտավորությունների ոչ պատշաճ կամ ուշացումով կատարման հետևանքները։

2.2.3. Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ուշացման դեպքում Ծրագրի իրականացման ժամկետը համապատասխանաբար երկարաձգել ուշացման և Ներդրողի կողմից պահանջված հավելյալ ժամկետով։

 

2.3. ՏԿԵՆ-ը պարտավորվում է.

2.3.1. Ձեռնպահ մնալ Պայմանագրի 1.3. կետի կատարումից մինչև Նախարարության կողմից Պայմանագրի 2.1.5. կետով սահմանված բանկային երաշխիքի կամ դրամական միջոցների գրավի վերաբերյալ պատշաճ հաստատման ստանալը:

2.3.2. Պատշաճ կերպով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության և ՀՀ Կառավարության կողմից Պայմանագրի 1.3. կետով նախատեսված մինչև 700 000 000.00 (յոթ հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումար հատկացվելուց հետո ապահովել Պայմանագրի 1.3. կետի իրականացումը։

2.3.3. Ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում առաջնորդվել Ներդրողի կողմից տրամադրված պատշաճ կերպով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով։

2.3.4. Ներդրողին տրամադրել Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն և համապատասխան ապացույցներ։

2.3.5. Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման անհնարինության առաջացման դեպքում և/կամ այդ պարտավորություների կատարման հնարավոր ուշացումների մասին անհապաղ, պատշաճ կարգով, տեղեկացնել մնացած Կողմերին:

2.3.6. Հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել իր պարտավորությունների ոչ պատշաճ կամ ուշացումով կատարման հետևանքները, ինչը չի ազատում պարտավորությունների պատշաճ կատարման պարտավորությունից։

 

2.4. Ներդրողն իրավունք ունի.

2.4.1. Վերահսկելու Պայմանագրով սահմանված պայմանների և պարտավորությունների կատարումը և նպատակների ապահովումը Կողմերից՝ համապատասխան ապացույցներ պահանջելու միջոցով: ՏԿԵՆ–ի՝ Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ուշացման դեպքում երկարաձգել Ծրագրի իրականացման ժամկետը՝ ՏԿԵՆ–ի կողմից ուշացման կամ պարտավորությունների չկատարման ժամկետից բացի՝ հավելյալ մինչև 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ եթե այդ ժամկետը բավարար չէ, ապա իր կողմից հաշվարկված և հիմնավորված ժամկետով։

2.4.2.1.3. կետով նախատեսված պարտավորությունների կատարման ուշացման ժամկետի համար չհաշվարկել և չապահովել ինդեքսավորման տոկոս։ Ուշացում չի համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնումների կազմակերպման համար անհրաժեշտ ժամկետը։

2.4.3. Ծրագրի իրականացման ընթացքում Կողմերի միջև առաջացած վեճերի դեպքում դրանց շուրջ բանակցությունների ընթացքում և մինչև դրանց վերջնական հանգուցալուծումը կասեցնել Ծրագրի իրականացումը։ Ծրագրի իրականացման կասեցման պատճառների վերացումից հետո Ծրագրի իրականացումը վերսկսվում է, իսկ կասեցման ժամանակահատվածը չի հաշվարկվում Ծրագրի իրագործման ժամկետի մեջ։

2.4.4. Պահանջել վերացնել Նախարարության և/կամ ՏԿԵՆ-ի Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարումը և/կամ դրանց պատճառները։

2.4.5. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի տրամադրումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ կազմակերպությունների կողմից ուշացնելու դեպքում, պահանջել ուշացմանը համապատասխան և հավելյալ մինչև 6 (վեց) ամիս ժամկետով երկարաձգելու Ծրագրի իրականացման ժամկետը, իսկ եթե այդ ժամկետը բավարար չէ, ապա իր կողմից հաշվարկված և հիմնավորված ժամկետով։

 

2.5. Նախարարությունը իրավունք ունի.

2.5.1. Պահանջել Ներդրողից իրեն տրամադրել վերջինիս կողմից առաջարկված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 5 (հինգ) ամենախոշոր առևտրային բանկերից մեկի կողմից տրամադրված Պայմանագրի 2.1.5 կետով սահմանված դրամական միջոցների բանկային երաշխիքը։

2.5.2. Հավանություն չտալ Պայմանագրի 2.5.1. կետում նշված՝ Ներդրողի կողմից առաջարկված բանկին, և պահանջել Ներդրողից առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 5 (հինգ) ամենախոշոր առևտրային բանկերից այլ բանկ:

2.5.3. Իրականացնել Ծրագրի մոնիթորինգ։ Մոնիթորինգն իրականացվում է Ծրագրի ընթացքի վերահսկմամբ՝ Տարածք պարբերական այցելություններ կատարելու միջոցով, նաև երրորդ անձանց ներգրավելու միջոցով։

2.5.4. Պահանջել Ներդրողից չխոչընդոտել մոնիթորինգի իրականացմանը։

2.5.5. Պահանջել Ներդրողից իրեն տրամադրել դրամական միջոցների բանկային երաշխիքի գումարը, այն պահից սկսած երբ պարզ է դառնում, որ Ներդրողը չի իրագործելու Ծրագիրը և/կամ Ծրագրի իրագործումը չի իրականացվելու դրա համար Պայմանագրով սահմանված ժամկետում (այդ թվում հաշվի առնելով պայմանագրով սահմանված բոլոր հնարավոր երկարաձգումները և Ներդրողի կողմից հետաձգումները և/կամ Ծրագրի փոփոխությունները)։

2.5.6. Պահանջել վերացնել Ներդրողի Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարումը և/կամ դրանց պատճառները:

2.5.7. Պահանջել մնացած Կողմերից իրեն տրամադրել Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և համապատասխան ապացույցներ։

2.5.8. Պահանջել ՏԿԵՆ-ից ձեռնպահ մնալ Պայմանագրի 1.3. կետի կատարումից մինչև Պայմանագրի 2.1.5. կետում նշված երաշխիքի վերաբերյալ ՏԿԵՆ-ին պատշաճ հաստատման տրամադրելը:

 

2.6. ՏԿԵՆ-ը իրավունք ունի.

2.6.1. Պահանջել տրամադրել իրեն Պայմանագրի 1.3 կետում նշված ենթակառուցվածքների կառուցման և/կամ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ, պատշաճ կարգով հաստատված, նախագծանախահաշվային փաստաթղթերը։

2.6.2. Պահանջել մնացած Կողմերից իրեն տրամադրել Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և համապատասխան ապացույցներ։

2.6.3. Պահանջել վերացնել Ներդրողի Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարումը և/կամ դրանց պատճառները։

 

3. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր).

3.1. Ֆորս-մաժորային հանգամանքներ (անհաղթահարելի ուժ) են հանդիսանում բնական հանգամանքներ՝ բնական աղետներ՝ ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր, տեխնածին աղետներ, առողջապահական հանգամանքներ՝ ինչպես տեղական, այնպես էլ ավելի մեծ տարածման համաճարակներ կամ համավարակներ (անկախ դրանց տրված պաշտոնական կարգավիճակից) և այլն, ռազմական գործողություններ, իրավական բնույթի հանգամանքներ՝ ապրանքների արտահանման կամ ներմուծման պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանափակումներ, կամ այլ պետությունների կողմից կիրառված սահմանափակումներ, արտակարգ դրության կամ ռազմական դրության իրավական ակտերից բխող սահմանափակումներ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվող սահմանափակումներ, ինչպես նաև սոցիալական և/կամ քաղաքական իրադարձություններ՝ գործադուլներ, սաբոտաժներ, քաղաքական հուզումներ, զանգվածային անկարգություններ, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ և այլն:

3.2. Ֆորս-մաժորային հանգամանքների առկայության դեպքում (անհաղթահարելի ուժի ազդեցություն), երբ Պայմանագրի կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար Կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում և դրանց կանխման, վերացման կամ ազդեցության նվազեցման համար իզորու չէ, ապա Կողմերն ազատվում են անհաղթահարելի ուժի ազդեցություն ընթացքում իրենց պարտավորությունների չկատարման հետևանքով պատասխանատվությունից: Ֆորսմաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) վերացման պահից Կողմերը պարտավորվում են շարունակել Պայմանագրի կատարումը և չեն կարող հրաժարվել ստանձնած պարտավորությունների և Պայմանագրի կատարումից կամ դադարեցնել Պայմանագրի գործողությունը:

3.3. Սույն կետով նախատեսված դեպքում՝ ֆորս-մաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) վերացումից հետո, Կողմերի միջև կազմվում է արձանագրություն և կատարվում են փոխադարձ հաշվարկներ, կազմվում և հաստատվում է Ծրագրի իրականացման նոր ժամկետ, որը կցվում է Պայմանագրին որպես հավելված:

3.4. Անհաղթահարելի ուժի ազդեցության վերաբերյալ դրույթները կիրառելի են միայն այն դեպքում, երբ դրանք Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վրա ունեցել են անմիջական ազդեցություն։

 

4. Պայմանագրի սկիզբը, ժամկետները և գործողությունը.

4.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի կողմից ստորագրման պահից։

4.2. Կողմերի՝ Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ուշացման դեպքում Ծրագրի, ինչպես դրա համապատասխան փուլի ժամկետները երկարաձգվում են ուշացման կամ չկատարման ժամկետով, ինչպես նաև 2 (երկու) ամիսը գերազանցող ուշացման դեպքում՝ այդ ժամկետից բացի ևս մինչև 6 (վեց) ամիս ժամկետով։

4.3. Ֆորս-մաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) դեպքում Ծրագրի ինչպես դրա համապատասխան փուլի, այնպես էլ համամասնորեն դրան հաջորդող փուլերի իրականացման ժամկետները երկարաձգվում են ուշացման կամ չկատարման ժամկետով, ինչպես նաև 2 (երկու) ամիսը գերազանցող ուշացման դեպքում՝ այդ ժամկետից բացի ևս մինչև 6 (վեց) ամիս ժամկետով։

4.4. Ծրագրի իրականացման ժամկետների վերաբերյալ բոլոր այն դեպքերում երբ Պայմանագրով սահմանված չեն կոնկրետ ժամկետներ, դրանք սահմանվում են Կողմերի միջև կնքված համաձայնագրով։

4.5. Պայմանագրի գործողության ընթացքում Կողմերի միջև առաջացած վեճերի դեպքում, եթե դրանք խոչընդոտում են Կողմերի պարտավորությունների կատարմանը, ապա այդ պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է վեճի ժամկետով, ինչպես նաև 2 (երկու) ամիսը գերազանցող ուշացման դեպքում՝ այդ ժամկետից բացի ևս մինչև 6 (վեց) ամիս ժամկետով։

4.6. Պայմանագիրը գործում է Ծրագրի իրականացման ողջ ընթացքում, ինչպես նաև Ծրագրի իրականացման ժամկետի երկարացման դեպքում:

4.7. Պայմանագրով Կողմերի համար սահմանված բոլոր պարտավորություններն իրենց չսպառված մասով շարունակում են գործել Ծրագիրն ամբողջությամբ իրականացվելուց հետո և փոխանցվում են Կողմերի իրավահաջորդներին (եթե այդպիսիք ի հայտ կգան)։

 

5. Կողմերի հաղորդակցությունը.

5.1. Կողմերը երաշխավորում են, որ միմյանց հետ հարաբերությունները պահպանելու են բարձր մակարդակի պաշտոնական հաղորդակցության միջոցով, որը կլինի վավեր եթե իրականացվում է Պայմանագիրը ստորագրած անձանց կամ նրանց կողմից պատշաճ կարգով լիազորված ներկայացուցիչների միջոցով:

5.2. Պաշտոնական և վավեր հաղորդակցությունը կարող է իրականացվել բացառապես Կողմերի համաձայնեցված և տրամադրված կապի միջոցներով՝ սահմանված հասցեներով, հեռախոսահամարներով, էլեկտրոնային փոստի հասցեներով կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով։

 

6. Վեճերի լուծում և կիրառելի իրավունքը.

6.1. Պայմանագրից ծագած և/կամ դրա հետ կապված վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Վեճերի և տարաձայնությունների լուծման կապակցությամբ Կողմերը պարտավոր են կազմակերպել առնվազն երկու բանակցություն դրանց բովանդակության վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություն։

6.2. Պայմանագրի և դրանից բխող իրավունքների և պարտավորությունների նկատմամբ, ինչպես նաև վեճերի կապակցությամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

6.3. Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման դատական կարգով։

 

7. Եզրափակիչ դրույթներ.

7.1. Պայմանագրի կնքման պահից ուժը կորցրած են համարվում Պայմանագրի առարկայի վերաբերյալ կողմերի միջև նախկինում եղած բոլոր բանավոր բանակցություններն ու պայմանավորվածությունները, որոնք չեն ամրագրվել Պայմանագրով։

7.2. Կողմերը իրավասու են հայտնել միմյանց Ծրագրի բարելավման հնարավորությունների մասին՝ դրանք քննարկելու նպատակով։

7.3. Կողմերը և նրանց ներկայացուցիչները երաշխավորում են, որ իրենք ունեն անհրաժեշտ լիազորություններ Պայմանագիրը ստորագրելու համար։

7.4. Պայմանագրում ցանկացած փոփոխություն, լրացում կամ Պայմանագրի առանձին կետերի վերաբերյալ Կողմերի համաձայնություն վավեր է, եթե այն կատարված է գրավոր և ստորագրված Կողմերի կամ նրանց լիազորված ներկայացուցիչների կողմից: Այդ փոփոխություններն ու լրացումները կցվում են Պայմանագրին և հանդիսանում են նրա անբաժանելի մասը։

7.5. Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.6. Պայմանագիրը կազմված է երեք հավասարազոր օրինակներից, հայերեն լեզվով, Պայմանագրի յուրաքանչյուր կողմից տրվում է մեկական օրինակ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային և այլ վավերապայմանները և ստորագրությունները.

 

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարություն

 

Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան Մհեր Մկրտչյան 5

ՀՎՀՀ՝ 02698604

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

հ/հ 900011018695

նախարար՝ Վահան Քերոբյան

_________________________

 

 

 

«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ

Հասցե՝ Բրյուսով փ. 6, Կենտրոն 0023,
Երևան, ՀՀ

ՀՎՀՀ՝ 00188084

Բանկ՝ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

հ/հ՝ 205202221672100

տնօրեն՝ Սարգիս Գևորգյան

_________________________

Հայաստանի Հանրապետության տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Հասցե՝ ՀՀ, 0010, ք.Երևան Կառավարական տուն 3

ՀՎՀՀ՝

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

հ/հ

նախարար՝ Սուրեն Պապիկյան

_________________________

«ԱՐՏԱՔՍԱՏԱ» ՓԲԸ

Հասցե՝ Բրյուսով փ. 6, Կենտրոն 0023,
Երևան, ՀՀ

ՀՎՀՀ՝ 02828956

Բանկ՝ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

հ/հ՝ 2470070920310000

տնօրեն՝ Սարգիս Գևորգյան

_________________________

 

 

Հավելված

«    » ______ 2021 թ. կնքված

պայմանագրի

 

Գոլֆի ակումբի, ակադեմիայի և կից հանգստի և բնակելի գոտիների հիմնման Ծրագրի

 

ավարտական նկարագիր

 

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է կառուցել և շահագործման հանձնել հետևյալ օբյեկտները․

1. Գոլֆի ակումբ` ընդհանուր տարածքի մակերեսը մոտ 82 հա (+/- 25%)․

1.1. բազմաֆունկցիոնալ մասնաշենք

1.2. գոլֆի դաշտ 18 մրցուղիով

1.3. գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզումների համար խաղադաշտ, մարզահամալիր։

 

2. Հյուրանոցային համալիր՝ ընդհանուր տարածքի մակերեսը մոտ 40 հա (+/- 25%)․

2.1. 5 աստղանի հյուրանոց-ռեզորտ՝ ընդհանուր տարածքի մակերեսը մոտ 13.7 հա (+/- 25%): 85 բարձրակարգ երկտեղանի, ինչպես նաև 15 բնակարանատիպ (suites) համարներ

2.2. 20 առանձնատուն․ յուրաքանչյուր առանձնատուն կունենա լողավազան, վերանդա, սեփական այգի և կանաչապատ ցանկապատ

2.3. 2 հարկանի շենքեր, որտեղ կտեղակայվի ռեստորան, սպա կենտրոն

2.4. բազմաֆունկցիոնալ դահլիճ։

 

3. Մեծահասակների հանգստյան տուն, ընդհանուր տարածքի մակերեսը մոտ 9.4 հա (+/- 25%)․

3.1. Հանգստյան տանը նախատեսվում է 28 սենյակ և կանաչապատ այգի։

 

4. Մանկապատանեկան ամառային ճամբար՝ հյուրանոց նախատեսված մոտ 100 մարդու համար, ընդհանուր տարածքի մակերեսը մոտ 6.8 հա (+/- 25%)․

4.1. Համալիրը կընդգրկի հյուրանոցային 3 մասնաշենք։

 

5. Մարզահամալիր՝ ընդհանուր տարածքի մակերեսը մոտ 10.1 հա (+/- 25%)․

5.1. հյուրանոց մոտ 80 մարզիկի համար

5.2. ֆուտբոլի 2 դաշտ

5.3. թենիսի կորտերով։

 

6. Բնակելի շենքեր և ամառանոցային գոտիներ, ընդհանուր տարածքի մակերեսը մոտ 17.2 հա (+/- 25%)․

6.1. Բարձրակարգ բնակարաններով համալիր․

6.1.1. 3 հարկանի շենքերի 3 համալիր, յուրաքանչյուրը՝ 130 բնակարան

6.1.2. Համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 56,000 մ2 (+/- 25%)․

6.1.3. Փակ լողավազան

6.1.4. Մարզասրահ

6.1.5. Ներքին այգի

6.1.6. Ավտոկայանատեղի

6.2. Միջին կարգի բնակելի շենքեր.

6.2.1. 4 բնակարան միավորող 14 առանձնատուն

6.2.2. կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 56,000 մ2 (+/- 25%)․

6.2.3. ներքին այգի։

6.3. Երկհարկանի առանձնատներ

6.3.1. 85 հատ բարձրակարգ վիլլաներ,

6.3.2. կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 42,850 մ2 (+/- 25%)․

6.3.3. լողավազաններ

6.3.4. տնամերձ ավտոտնակներ։

 

7. Ծառայողական և ադմինիստրատիվ նշանակության շենքեր․

7.1. Ծառայողական բնակելի թաղամաս, կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 14,400 մ2 (+/- 25%)․

7.2. Բնակելի և կոմերցիոն օգտագործման նշանակության համալիր՝ 15,400 մ2 (+/- 25%)․

7.3. Առաջնային բուժօգնություն տրամադրող և կրթական հաստատություններ, կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 4,300 մ2 (+/- 25%)․

7.4. Առևտրի կենտրոն։

 

8. Համալիրին ենթակա արտադրական և պահեստային կառույցներ, կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 12,000 մ2 (+/- 25%)։

 

9. Վերամշակվող թափոնների ընդունման հարթակ։

 

10. Ֆոտովոլտային արևային էներգակայան։

 

Կողմերի հասցեները, բանկային և այլ վավերապայմանները և ստորագրությունները.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան Մհեր Մկրտչյան 5

ՀՎՀՀ՝ 02698604

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

հ/հ 900011018695

նախարար՝ Վահան Քերոբյան

_________________________

 

 

 

«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ

Հասցե՝ Բրյուսով փ. 6, Կենտրոն 0023,
Երևան, ՀՀ

ՀՎՀՀ՝ 00188084

Բանկ՝ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

հ/հ՝ 205202221672100

տնօրեն՝ Սարգիս Գևորգյան

_________________________

Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն

Հասցե՝ ՀՀ, 0010, ք.Երևան Կառավարական տուն 3

ՀՎՀՀ՝

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

հ/հ

նախարար՝ Սուրեն Պապիկյան

_________________________

 

 

 

«ԱՐՏԱՔՍԱՏԱ» ՓԲԸ

Հասցե՝ Բրյուսով փ. 6, Կենտրոն 0023,
Երևան, ՀՀ

ՀՎՀՀ՝ 02828956

Բանկ՝ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

հ/հ՝ 2470070920310000

տնօրեն՝ Սարգիս Գևորգյան

_________________________

(հավելվածը լրաց. 31.03.21 N 425-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2021, N 1147-Ա 17.07.2021, N 2133-Ա
31.03.2021, N 425-Ա 02.04.2021, N 2133-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան