Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.04.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 ապրիլի 2021 թվականի

թիվ 55-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Նպատակ ունենալով հստակեցնել արտասահմանյան այն վճարահաշվարկային համակարգերում Հայաստանի Հանրապետության բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու դեպքերը, որոնց միջոցով իրականացվում է վճարային գործիքով (վճարային քարտ, էլեկտրոնային փող և այլ) վճարումների ընդունում և կատարում,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի ««Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 342-Ն որոշմամբ հաստատված Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. ապրիլի 30

 Երևան

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի ապրիլի 27-ի

թիվ 55-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի հուլիսի 4-ի

թիվ 342-Ն որոշման

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին ուղեցույցը (այսուհետ՝ Ուղեցույց) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգող դեպքերը՝ կապված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում հայաստանյան մասնակիցների մասնակցության հետ:

2. Սույն Ուղեցույցի համաձայն հայաստանյան մասնակիցներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրավասու են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, և որոնք դիմել են Կենտրոնական բանկ՝ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար (այսուհետ՝ Հայաստանյան մասնակից):

3. Սույն ուղեցույցը չի տարածվում «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայությունը արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի օպերատորների համագործակցությամբ իրականացվելու արդյունքում ծագած հարաբերությունների վրա։

4. Օրենքի և սույն ուղեցույցի 1-ին կետի կիրառման նպատակով սահմանվում է, որ Հայաստանյան մասնակցի նկատմամբ վերահսկողության իրականացման, կամ Հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման, կամ Համակարգի գործունեության կանոններում փոփոխություններ տեղի ունենալու վերաբերյալ Հայաստանյան մասնակցի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու, կամ Կենտրոնական բանկի կողմից այլ կերպ տեղեկություններ ձեռքբերելու արդյունքում՝ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերից (դեպքերից) որևէ մեկի բացահայտման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Հայաստանյան մասնակցի մասնակցությունը արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում, կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել իր կողմից տրված մասնակցության թույլտվությունը։

5. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում Հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը կարող են վտանգվել հետևյալ հիմքերի (պայմանների) առկայության դեպքում.

1) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) գործունեությունը կարգավորվում է այն երկրի օրենսդրությամբ, որը լիազոր մարմնի հրապարակած ցանկերին համապատասխան՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջները չկիրառող կամ ոչ պատշաճ կիրառող արտասահմանյան երկիր կամ տարածք է.

2) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը կամ նրա սեփականատերերից որևէ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում,

3) Օպերատորը Հայաստանի Հանրապետությունում ծառայություններ է մատուցելու (մատուցում է) միայն մեկ Հայաստանյան մասնակցի միջոցով կամ Օպերատորը այլ երկրների համեմատ անհավասար պայմաններ է սահմանում (ստեղծում) համակարգին Հայաստանյան մասնակիցների մասնակցության համար կամ Օպերատորը մասնակցության անհավասար պայմաններ է սահմանում տարբեր հայաստանյան մասնակիցների համար կամ Օպերատորի վարքագիծը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Սույն ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն հայցող կամ համակարգին մասնակցող Հայաստանյան մասնակիցը կամ համակարգի Օպերատորը կարող է ներկայացնել համապատասխան հիմնավորում սույն ենթակետով սահմանված հիմքերի առկայության անխուսափելիության կամ անհրաժեշտության վերաբերյալ: Այդ հիմնավորումները Կենտրոնական բանկի կողմից ընդունվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված հիմքերը չեն համարվի արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում Հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությանը և (կամ) իրացվելիությանը և (կամ) վճարունակությանը վտանգող հիմքեր.

4) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի Օպերատորի կողմից ընդունված համակարգի գործունեության կանոններում և(կամ) Հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև կնքված պայմանագրում և(կամ) այլ փաստաթղթում, որով կարգավորվում են Հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև հարաբերությունները․

ա. սահմանված է Օպերատորի իրավասությունը զրկելու Հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունից, և միաժամանակ սահմանված չեն զրկելու պայմանները (պատճառները, հիմքերը) և ընթացակարգերը (այդ թվում՝ տեղեկացման), կամ դրանք սահմանված են ոչ հստակ (կարող են ոչ միանշանակորեն մեկնաբանվել), կամ

բ. Հայաստանյան մասնակցին արգելվում է այլ նմանատիպ վճարահաշվարկային համակարգերում մասնակցությունը, կամ

գ. սահմանված չեն իրացվելիության, վարկային, հաշվարկային կամ գործառնական ռիսկերի զսպման, սահմանափակման մեխանիզմներ, որոնց բացակայության կամ անբավարարության հետևանքով հայաստանյան մասնակիցը կարող է կրել ֆինանսական կորուստներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հայաստանյան ֆինանսական շուկայի այլ մասնակիցների վրա, կամ կարող է վարկաբեկել նրա բարի համբավը,

դ. սահմանված են վճարահաշվարկային համակարգում մասնակցությունից զրկելու ծանուցման մեկ ամսից պակաս կամ միակողմանիորեն պայմանագիրը լուծելու հիմքեր (պայմաններ), բացառությամբ հետևյալ դեպքերի․

դ1․ Հայաստանյան մասնակցի կողմից իր պարտավորությունների չկատարումը, կամ

դ2. Օպերատորի երկրի իրավասու մարմնի կողմից այնպիսի որոշման ընդունումը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտավորեցնում կամ որևէ այլ կերպ պարտադրում է Օպերատորին մեկամսյա ժամկետից շուտ Հայաստանյան մասնակցին զրկել մասնակցությունից, կամ

դ3. Հայաստանյան մասնակցի 10 %-ից ավել ձայնի իրավունք ունեցող սեփականատերերի (մասնակիցների) փոփոխությունը, կամ

դ4. Հայաստանյան մասնակցին անվճարունակ կամ սնանկ ճանաչելու հայցով դատարան դիմելը, կամ ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիայից (թույլտվությունից) զրկելը:

6. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի կամ հաշվարկային բանկի գործունեության դադարեցման կամ դրանց երկրի իրավասու մարմնի կողմից ժամանակավոր ադմինիստրացիայի, կառավարչի կամ նման այլ մարմնի նշանակման դեպքերում, Հայաստանյան մասնակցի տվյալ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հետագա մասնակցության հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանյան մասնակցի ֆինանսական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգվելու տեսանկյունից:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան