Գլխավոր տեղեկություն
Համար
N 725-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 08.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2021 թվականի N 725-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և (կամ) անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» կոնվենցիայի 2-րդ, 5-րդ հոդվածների և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի կողմից 2015 թվականի սեպտեմբերին ընդունված՝ կայուն զարգացման նպատակ 15-ի կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը»՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


07.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 725-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ըստ Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և (կամ) անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» կոնվենցիայի (այսուհետ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիա) կողմերի կոնֆերանսի 3/COP.12 որոշման «Հողերի դեգրադացիայի չեզոքացումը վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը (ինչը անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների1 ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը) մնում է անփոփոխ, կամ բարելավվում (ընդլայնվում) ըստ կոնկրետ սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների ու էկոհամակարգերի»:

2. Հողերի դեգրադացիայի չեզոքացումը ենթադրում է հողային ռեսուրսների վիճակի բարելավում՝ նպատակաուղղված տնտեսական, սոցիալական և բնապահպանական օգուտների2 աճին:

3. Համաձայն ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.13 որոշման 1-ին կետի՝ կողմ երկրներին առաջարկվում է հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու համար ձևակերպել կամավոր նպատակներ (նպատակային ցուցանիշներ), որոնք պետք է կապված լինեն կայուն զարգացման նպատակներին հասնելու ազգային օրակարգի հետ՝ ստեղծելով ռեսուրսների մոբիլիզացիայի, ինչպես նաև կլիմայի ու կենսաբազմազանության ոլորտում փոխկապվածության պայմաններ:

4. ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.14 որոշմամբ առաջարկվում է կողմերին (որոնք դեռ չունեն) ձևակերպել հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու համար կամավոր նպատակներ, իսկ այն կողմերը, որոնք ունեն՝ միջոցներ ձեռնարկել արագացնելու դրանց իրականացումը: Միաժամանակ առաջարկվում է զարգացած երկրներին և մյուս կողմերին, որոնք ի վիճակի են դա անել, տրամադրել ֆինանսական միջոցներ համապատասխան կողմ երկրներին կոնվենցիայի իրականացման համար՝ հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակին:

5. Ընդհանուր առմամբ հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակին հասնելու գործընթացը հենվում է երկրի զարգացման առաջնահերթությունների հավասարաչափ կիրառման վրա:

6. Հողերի դեգրադացիայի չեզոքացումը ազգային մակարդակով քաղաքականության մեջ ներառելու նպատակով՝ դրա դրույթներն ընդգրկվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարությանը ներդաշնակեցված «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրում», որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել 2015 թվականի մայիսի 27-ի N 23 արձանագրային որոշմամբ: Նշված փաստաթղթում որպես առաջնահերթ գործողություն ամրագրված է Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագրի մշակումը:

7. Ռիո+20-ի ավարտական զեկույցում նշված է, որ անապատացումը, հողի դեգրադացիան և երաշտը գլոբալ խնդիրներ են, որոնց լուծումը հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակին հասնելն է՝ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով:

8. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2015 թվականի սեպտեմբերին ընդունված կայուն զարգացման նպատակ 15-ում ամրագրված է հետևյալը. «ցամաքային էկոհամակարգերի պահպանություն, վերականգնում և կայուն օգտագործման խթանում, անտառների կայուն կառավարում, պայքար անապատացման դեմ, հողերի դեգրադացիայի գործընթացի դադարեցում ու հետշրջում և կենսաբազմազանության կորստի դադարեցում», իսկ թիրախ 15.3-ում ամրագրված է հետևյալը. «մինչև 2030 թվականը անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում, այդ թվում` անապատացման, երաշտների և ջրհեղեղների հետևանքով վնասված հողերի՝ ձգտելով աշխարհում հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակին»:

9. Համաձայն ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11 որոշման՝ «ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումը» առաջընթացի ցուցանիշ է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի ապրիլի 11-ի N 431-Ն որոշմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ամփոփված և վերլուծված տվյալների հիման վրա ընդունում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» որոշում:

10. Հողերի դեգրադացիան ըստ ցամաքային տարածքի ծածկույթի հաշվարկվում է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 2017-2018 թվականների հաշվետվության գործընթացի շրջանակներում հաշվետվությունների ներկայացման ուղեցույցին համապատասխան:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԿԱՄԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու համար ազգային կամավոր գլոբալ նպատակ է՝ մինչև 2040 թվականը հողում (ստորգետնյա և վերգետնյա հատվածներում) օրգանական ածխածնի պաշարների ավելացումը՝ 2015 թվականի վիճակի համեմատ 1.5 %-ով:

12. Հողերի դեգրադացիայի չեզոքացման ազգային նպատակին հասնելու հիմնական գործողություններն են.

1) դադարեցնել գյուղատնտեսական մշակովի հողերի դեգրադացիան՝ անցնելով ագրոէկոլոգիական սկզբունքներին (ներառյալ «օրգանական» լավագույն հասանելի տեխնոլոգիաները).

2) նպաստել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1232-Ն որոշմամբ հաստատված ազգային ծրագրի իրականացմանը՝ անտառվերականգնման, դեգրադացված տարածքների անտառապատման, անտառային տարածքների բարելավման ուղղությամբ.

3) նպաստել անտառային տնտեսության կառավարման բարելավման աշխատանքներին՝ կառավարման նոր պլանների մշակման, անտառային պաշարների կայուն օգտագործման գործընթացներում.

4) բարելավել հանրապետության արոտավայրերի կառավարումը.

5) որոշել և գնահատել հետևյալը՝

ա. ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումներն ըստ դասերի՝ որոշակի ժամանակահատվածի համար,

բ. դեգրադացված հողերի մասնաբաժինն ըստ դասերի,

գ. ցամաքի ամբողջ տարածքում դեգրադացված հողերի մասնաբաժինը՝ բացահայտելով հողային ռեսուրսների հիմքում ընկած ներուժի և ինքնավերականգնման աստիճանը (բնական հատկություններ).

6) մշակել հողերի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված մոնիթորինգի ցուցանիշները.

7) մշակել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի (այդ թվում՝ լքված և տիրազուրկ հանքավայրերի տարածքում) կենսաբանական վերականգնման և տնտեսական յուրացման նպատակով բարելավման միջոցառումների իրականացման մեթոդական հիմքերը.

8) ներդնել հանրապետության տեխնածին աղտոտված հողերի վիճակի մոնիթորինգի համակարգ.

9) մշակել և իրականացնել ընդերքօգտագործման արդյունքում խախտված՝ լքված և տիրազուրկ հանքավայրերի տարածքներում հողերի նպատակային վերականգնման ծրագրեր.

10) ապահովել միջոլորտային համագործակցությունը և ֆինանսական ռեսուրսների համապատասխան հոսքը, բարձրացնել նաև բնակչության իրազեկվածությունը՝ հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու համար.

11) օրենսդրության բարելավում՝ ուղղված Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացմանը:

 

III. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

13. Օրենսդրության բարելավում, որը համահունչ է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 2018-2030 թվականների շրջանակային ռազմավարությանը և նպատակաուղղված է հողերի դեգրադացիայի, երաշտի հետևանքների մեղմացմանն ու հողերի կայուն օգտագործման նպատակով իրավական հիմքի ներդաշնակության վերաբերյալ որոշում կայացնելու բարենպաստ պայմանների ստեղծմանը: Անապատացման դեմ պայքարի գործընթացում առաջնահերթ նշանակություն ունի օրենսդրությունում բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման հարցերի համապատասխանությունը: Այդ տեսակետից ջրի և մթնոլորտային օդի պահպանության, հողերի բերրիության ապահովման և դեգրադացված հողերի վերականգնման, բույսերի աճելավայրերի և կենդանիների ապրելավայրերի անվտանգության ապահովման հետ կապված հարցերը բավարար չափով կանոնակարգված չեն։ Էկոհամակարգային սկզբունքների3 ներդրման համար անհրաժեշտ կլինի փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել գործող իրավական ակտերում:

14. Բուսաբուծության համար օգտագործվող հողերի բարելավում. Հայաստանի գյուղատնտեսական հողերի մոտ 2/3-ը գտնվում են դեգրադացիայի տարբեր փուլերում, որոնց հիմնական պատճառներ են՝ հողաբաժինների փոքր լինելը, որի հետևանքով սեփականատերերը գրեթե չեն կիրառում ցանքաշրջանառությունը, արդյունավետ չեն օգտագործվում օրգանական պարարտանյութերը: Բացի այդ, անկատար է ոռոգման համակարգը, իսկ արտեզյան ջրերը գերօգտագործվում են: Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է՝

1) ընդլայնել արդի ոռոգման համակարգերի ներդրումը, որով էականորեն կկարգավորվեն ոռոգման ջրի օգտագործման չափաքանակները.

2) վերականգնել ոռոգման և դրենաժային համակարգը.

3) հնարավորինս նվազեցնել ոռոգման համար նախատեսված արտեզյան ջրերի ոչ արդյունավետ օգտագործումն ու կորուստները, իսկ ձկնաբուծական նպատակով օգտագործումը սահմանափակել.

4) բարձրացնել գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված բնակչության իրազեկվածությունը ժամանակակից գյուղատնտեսական մեթոդների (ցանքաշրջանառություն, զրոյական վար, հողերի բարելավում, կաթիլային ոռոգում, դաշտապաշտպան շերտերի հիմնում և այլն), ագրոէկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության կիրառման (գոմաղբի, կոմպոստի, կենսահումուսի օգտագործում) վերաբերյալ.

5) վերականգնել դեգրադացված հողերը, օգտագործել գյուղատնտեսական նշանակության լքված հողերը և կատարելագործել գյուղատնտեսական արտադրանքի շուկան.

6) գյուղատնտեսության ոլորտում ընդլայնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգը.

7) արդյունագործական ձկնաբուծության համար նախատեսված ջրախնայողական համակարգերի ներդրման ընդլայնում, ինչը հնարավորություններ կստեղծի ջրային պաշարների երկրորդային օգտագործման համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 25.1-ին հոդվածը:

8) Արարատյան հարթավայրում երկրորդային աղակալված հողերի մելիորացիայի իրականացում և այդ հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկում:

15. Դեգրադացված հողերում անտառտնկարկների ընդլայնում. «Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագիրը» ներառում է՝ անտառավերականգնման, դեգրադացված տարածքների անտառապատման, դեգրադացված անտառների4 բարելավման աշխատանքներ: Կարևոր խնդիր է չօգտագործվող գյուղատնտեսական տարածքների անտառապատումը, հատկապես՝ դեգրադացված հողերի, որոնց բերրիությունը շատ ցածր է:

6. Անտառների կառավարման բարելավում և ապօրինի ծառահատումների կանխարգելում, նվազեցում. Անհրաժեշտ է մշակել անտառտնտեսությունների նոր անտառկառավարման պլաններ՝ նպատակաուղղված անտառային էկոհամակարգի կայուն կառավարմանը (ինչը կնպաստի օրգանական ածխածնի պաշարների կուտակմանը)՝ ներառյալ բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառները: Անհրաժեշտ է հաշվի առնել կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները և անտառային ռեսուրսների կայուն օգտագործումը, որը հնարավորություն կտա անտառային տնտեսություններին ու տնտեսավարողներին ստանալու կայուն եկամուտ:

17. Արոտավայրերի և խոտհարքների վիճակի բարելավում. Ներկայումս արոտավայրերը և խոտհարքները գտնվում են դեգրադացման տարբեր փուլերում, որոնք արդյունք են գերարածեցման և թերարածեցման: Արոտավայրերի և խոտհարքների ճիշտ, գիտականորեն հիմնավորված կառավարումը (հիմնված արոտավայրերի գույքագրման և արածեցման նորմերի հաշվարկման վրա) կնպաստի էկոհամակարգերի բարելավմանը, կավելացնի օրգանական ածխածնի պաշարները, հնարավորություն կտան բուսական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, կբարելավի անասնապահության զարգացման հնարավորությունները: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ներդնել ժամանակակից մեթոդներ՝ ներառյալ հանգստի թողնված արոտավայրերը, արհեստական նիտրիֆիկացումը, հերթափոխային արածեցման համակարգի իրականացումը: Անհրաժեշտ է արոտավայրերում կազմակերպել կենդանիների ջրման համապատասխան համակարգ, խուսափել արոտավայրերի և էկոհամակարգերի գերծանրաբեռնվածությունից, ինչպես նաև կենդանիների ջրման վայրերում հողի տրորումից:

18. Նշված միջոցառումների իրականացման նպատակով.

1) համապատասխան ծրագրային առաջարկների մշակում՝ յուրաքանչյուր տարվա պետական և համայնքային բյուջեներում ընդգրկելու, ինչպես նաև միջազգային կառույցներին ներկայացնելու համար՝ նպատակ ունենալով բարձրացնել նաև բնակչության իրազեկվածությունը հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ.

2) երաշտների հետ կապված քաղաքականության մշակում՝ վաղօրոք ահազանգման, մոնիթորինգի, ազդեցության գնահատման, խոցելիության և ռիսկի նվազեցման և երաշտի հետ կապված այլ միջոցառումների իրականացման համար.

3) քաղաքականության մշակում, որով կսահմանափակվի գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նպատակային նշանակության (բացառությամբ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների) հողերի, իսկ ոչ գյուղատնտեսական նպատակային նշանակության փոխադրման դեպքում՝ մշակել մեխանիզմ, որով հնարավոր կլինի ապահովել հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակի պահպանումը.

4) քաղաքականության մշակում, ինչը կապահովի աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի իրականացումը և ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնումը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Հայաստանում անապատացման դեմ պայքարի և հողերի դեգրադացիայի չեզոքացման նպատակին հասնելու հիմնական դերակատարությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին:

20. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը ստացված առաջարկությունների հիման վրա իր իրավասության շրջանակներում կմշակի շրջակա միջավայրի բաղադրիչների պահպանության, բարելավման, բնական կամ մարդածին բացասական և վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն ու միջոցներ կձեռնարկի այն իրականացնելու համար:

 

V. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

21. Ծրագրի իրականացումը կրում է շարունակական բնույթ:

22. Ֆինանսական աղբյուր կարող են համարվել՝

1) պետական բյուջեի միջոցները.

2) միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները.

3) ազգային մակարդակով գործարարների, հիմնարկների, ոչ կառավարական կազմակերպությունների ներդրումները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները։

 

VI. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԵԼԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

23. Միջոցառումների կատարման վերստուգելի չափանիշներն են՝

1) հողերի դեգրադացիայի չեզոքացմանն առնչվող իրավական ակտերն ընդունված են.

2) բուսաբուծության համար օգտագործվող հողերը ընդլայնված և բարելավված են.

3) անտառային տարածքների նվազումը կանխարգելված է, և այդ տարածքները ընդլայնվում են.

4) անտառկառավարման պլանները մշակված են.

5) դեգրադացված արոտավայրերը և խոտհարքները վերականգնված են.

6) ոռոգման համակարգերը վերականգնված են, արդիական համակարգերի ներդրումն ընդլայնված է.

7) արդյունագործական ձկնաբուծության համար նախատեսված ջրախնայողական համակարգերը ներդրված են.

8) ընտրված համայնքներում և մարզերում կազմակերպվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ, որոնց ժամանակ մասնակիցների թիվը եղել է բնակչության 25 տոկոսից ոչ պակաս:

 

VII. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

24. Միջոցառումների իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) հողերի դեգրադացիայի չեզոքացմանն առնչվող իրավական ակտերի կիրարկումը կնպաստի հողերի հետագա դեգրադացիայի կանխարգելմանը կամ նվազեցմանը.

2) հողում (ստորգետնյա և վերգետնյա հատվածներում) զգալիորեն կավելանա օրգանական ածխածնի պարունակությունը.

3) լքված գյուղատնտեսական հողերը կներգրավվեն գյուղատնտեսական շրջանառության մեջ և դեգրադացված հողերը կվերականգնվեն.

4) գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կավելանա.

5) գյուղատնտեսության մեջ ներգրավված բնակչության կենսամակարդակը կբարձրանա.

6) ապօրինի անտառհատումները կհասցվեն նվազագույնի կամ կկանխարգելվեն.

7) ոռոգվող տարածքները կընդլայնվեն.

8) ոռոգման ջրի կորուստները կհասցվեն նվազագույնի կամ կկանխարգելվեն.

9) Հայաստանը կհասնի հողերի դեգրադացիայի չեզոքացման վիճակին:

 

VIII. ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

25. Համաձայն ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11, 15/COP.12 և 7/COP.13 որոշումների՝ սահմանվել են հողերի դեգրադացիայի չեզոքացման մոնիթորինգի հետևյալ առաջընթացի ցուցանիշները՝

1) ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումները.

2) հողերի արտադրողականության (բերրիության) կամ հողօգտագործման փոփոխման միտումները.

3) հողում (ստորգետնյա և վերգետնյա հատվածներում) օրգանական ածխածնի քանակի փոփոխման միտումները:

26. Նշված ցուցանիշները Կայուն զարգացման ռազմավարական նպատակների 15.3-րդ խնդրի շրջանակում վերաբերում են ոչ միայն հողերի օգտագործման ուղղությամբ կատարվող առաջընթացը չափելուն, հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու առաջընթացը գնահատելուն, այլ նաև 15.3.1-ին կետում նշված՝

«Ցամաքի ամբողջ տարածքում դեգրադացված հողերի մասնաբաժինը» ցուցանիշի հաշվարկմանը:

27. Հողերին վերաբերող երեք առաջընթացի ցուցանիշները փոխլրացնող (փոխկապակցված) բաղադրիչներ են և միավորվում են «մեկն է որոշում» սկզբունքով, որն անհատական ցուցանիշների արժեքների ինտեգրման առավելագույն միջոց է, և բացասական միտումների առկայության դեպքում օգտագործվում է համապատասխան ցուցանիշը:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 431-Ն որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ցամաքային տարածքի ծածկույթի ամփոփված և վերլուծված տվյալների հիման վրա ընդունում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» որոշում: Այդ տվյալները հիմք կհանդիսանան սույն ծրագրի որակական, քանակական և արդյունքային ցուցանիշների մասով:

29. Ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ կարող են օգտագործվել ազգային և գլոբալ տվյալների աղբյուրները՝ հետևյալ մոտեցումներով.

1) հողերի դիտարկում գլոբալ (տարածաշրջանային) մակարդակով՝ երկրատեղեկատվական մոդելավորում՝ արբանյակային պատկերները երկրներին տրամադրվում են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի քարտուղարության կողմից.

2) դաշտային ուսումնասիրությունների, հաշվարկների և չափումների միջոցով:

30. Այս գործողությունների արդյունքները կօգտագործվեն որպես հիմք ազգային զեկույցների մշակման և ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացնելու համար:

 

IX. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

31. Ծրագրի իրականացման արդյունավետությունը պայմանավորված է մի շարք հնարավոր ռիսկային գործոնների մեղմացմամբ կամ կանխարգելմամբ: Ռիսկային գործոնները, դրանց հնարավոր հետևանքները և կարխարգելմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները բերված են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Ծրագրի հիմնադրույթների իրականացման ռիսկային գործոնները, հետևանքները և դրանց մեղմացմանը կամ կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները

 

NN

ը/կ

Ռիսկը

Հետևանքը

Մեղմացման կամ կանխարգելման գործողությունը

Գործողության պատասխանատուներ

1.

Ֆինանսավորման բացակայություն

Ծրագիրը չի իրականացվում

Դոնոր կազմակերպությունների հետ բանակցային գործընթացների իրականացում

Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ

2.

Շահագրգիռ կողմերի անբավարար իրազեկվածություն

Ծրագրի իրականացման ժամանակ մասնակցային գործընթացների ձախողում

Ծրագրի նպատակների, նախատեսվող միջոցառումների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ

Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ

3.

Շահագրգիռ կողմերի թույլ ներգրավվածություն

Ծրագիրը չի ծառայում իր նպատակներին

Բացատրական և իրազեկման աշխատանքներ՝ հողերի դեգրադացիայի չեզոքացման գաղափարի նշանակության վերաբերյալ

Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություններ

4.

Մարդիկ

պատրաստ չեն

ընդունելու նոր

գաղափարներ

Շահագրգիռ

կողմերը իրազեկված

են, սակայն

բավարար կամ

սպասված

ներգրավվածություն

չեն ապահովում

Սեմինարների և այլ

հանդիպումների ժամանակ

ներկայացնել կատարված և

նախատեսվող քայլերը, ինչպես նաև լավագույն փորձի տարածումը

Շրջակա միջավայրի,

էկոնոմիկայի, տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների,

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություններ

 

X. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

32. Ծրագրի կատարման միջոցառումները, նպատակները, պատասխանատու կատարողը, կատարման ժամկետը, ֆինանսավորման աղբյուրները ներկայացված են N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2

 

Ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Կատարողը (համակատարողները)

Կատարման ժամկետը

Ֆինանսական ապահովումը

1.

Մինչև 2040 թվականը

հողում (ստորգետնյա և

վերգետնյա հատվածներում)

օրգանական ածխածնի

պաշարների ավելացումը՝ 2015 թվականի վիճակի

համեմատ 1.5 %-ով

Ծրագրի առաջընթացի

գնահատման համար

հողում (ստորգետնյա և

վերգետնյա

հատվածներում)

օրգանական ածխածնի

քանակի ուսումնասիրում

Շրջակա

միջավայրի

նախարարություն

2022 թվական

IV եռամսյակ և

շարունակական՝ քառամյա

պարբերա-կանությամբ

Օրենքով

չարգելված այլ

միջոցներ

2.

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ կատեգորիայի փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Հողօգտագործման արդյունավետության բարձրացում և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն դուրսբերման բացառում

Էկոնոմիկայի նախարարություն

(շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ, քաղաքաշինության, կադաստրի կոմիտեներ)

2021 թվական IV եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Գյուղատնտեսական նշանակության հողամասերի կայուն օգտագործում և պահպանություն

Շրջակա միջավայրի նախարարություն

 

(էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ)

2022 թվական III եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

4.

«Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման շրջանակներում հանձնառությունների (պարտականությունների) իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի իրականացում 2 ընտրված մարզերում.

1) օրենսդրության բարելավում` ուղղված Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացմանը.

2) 4000 հա դեգրադացված մարգագետինների վերականգնում.

3) 50000 հա մարգագետին և 6000 հա մշակովի հողեր կայուն կառավարման պրակտիկայի ոլորտ տեղափոխում.

4) երեք համալսարանական ծրագրերում հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ համապատասխան թեմաների ներառում.

5) 350 հողօգտագործողի հողային ռեսուրսների կայուն կառավարման թեմայով ուսուցման վկայականի տրամադրում.

6) 2500 տնային տնտեսությունների ապրուստի միջոցների կամ եկամտի աղբյուրի ամրապնդում.

7) 10% փոքր ֆերմերային տնտեսությունների եկամուտների

ավելացում

Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման նպատակներին հասնելու համար աջակցել ազգային ջանքերին՝ հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով

Շրջակա միջավայրի նախարարություն (էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ)

2022-2024

թվականներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 թվական IV եռամսյակ

 

 

 

2024 թվական IV եռամսյակ

 

 

2024 թվական

IV եռամսյակ

 

 

2024 թվական IV եռամսյակ

 

 

 

2023 թվական IV եռամսյակ

 

 

 

 

2024 թվական IV եռամսյակ

 

 

 

2024 թվական IV եռամսյակ

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ՝ ՄԱԿ-ի

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ

5.

«Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների զարգացման միջոցով» դրամաշնորհային ծրագրի իրականացում 2 ընտրված մարզերում

 

1) հողերի նպատակային նշանակության գնահատում և անտառների մոնիթորինգի համակարգի և ազգային կարողությունների զարգացում.

2) առնվազն 7300 հա

անտառային տարածքներում կայուն կառավարման և հարմարվողության պրակտիկայի ապահովում.

3)նպատակային գյուղական համայնքներում վառելափայտի սպառման օպտիմալացում և նվազեցում առնվազն 30%.

4) վերապատրաստում Հայանտառ ՊՈԱԿ-ից, նպատակային գյուղական համայնքներից, մասնավոր հատվածից և քաղաքացիական հասարակությունից՝ առնվազն 1700 մարդ (նրանցից ոչ պակաս, քան 30% կանայք) կայուն և հարմարվողական անտառաբուծության ոլորտում.

5) անտառների արդյունավետ կառավարում շահագրգիռ մարմինների կողմից.

6) անտառաբուծության, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկացվածություն առնվազն 300 000 մարդու (որոնցից 52% կանայք են) ծրագրով ներգրավված 207 գյուղական համայնքներից.

7) դեգրադացված անտառային տարածքների կայուն կառավարում և վերականգնում

առնվազն 2,5%

Ծրագիրը միտված է Հայաստանում անտառների կայունության բարելավմանը, տարածքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, ինչպես նաև հարմարվողականության բարձրացմանը

Շրջակա միջավայրի նախարարություն

 

(էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ)

2021-2029

թվականներ

 

 

 

 

 

 

 

 

2027 թվական III եռամսյակ

 

 

 

 

2027 թվական IV եռամսյակ

 

 

 

2028 թվական IV եռամսյակ

 

 

 

2028 թվական IV եռամսյակ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2029 թվական IV եռամսյակ

 

 

2029 թվական IV եռամսյակ

 

 

 

 

 

 

 

2029 թվական IV եռամսյակ

Կանաչ կլիմայի հիմնադրամ` ՄԱԿ-ի

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ

 

Նշումներ.

1. էկոհամակարգային ծառայություններ - այս տերմինը վերաբերում է այնպիսի պայմանների և գործընթացների լայն շրջանակին, որոնց միջոցով բնական էկոհամակարգերը և դրանց մաս կազմող տեսակները օգնում են պահպանել մարդկային կյանքը: Համաձայն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի սահմանման՝ «էկոհամակարգային ծառայություններ» (ԷԾ) նշանակում է օգուտներ, որոնք մարդիկ ստանում են էկոհամակարգերից։ Էկոհամակարգային ծառայությունները չունեն ստանդարտ սահմանում: էկոհամակարգային ծառայությունները ներառում են մատակարարման ծառայություններ, ինչպես օրինակ` սնունդ, ջուր, փայտանյութ և մանրաթել, կարգավորող ծառայություններ, որոնք ազդում են կլիմայի, հեղեղումների, վարակների, թափոնների և ջրի որակի վրա, մշակութային ծառայություններ, որոնք տալիս են ռեկրեացիոն, էսթետիկ և հոգևոր օգուտներ, և աջակցող ծառայություններ, ինչպես օրինակ` հողի կազմավորում, ֆոտոսինթեզ և սննդանյութերի շրջանառություն, սակայն կարող են, ընդհանուր առմամբ, կոչվել «տնային տնտեսություններին, համայնքներին և տնտեսություններին բնության կողմից տրամադրվող օգուտներ:

2. Բնապահպանական օգուտ - հասցված կամ հնարավոր բնապահպանական վնասի մեղմում, բնապահպանական վնասի կամ դրա հետևանքների մասնակի կամ լրիվ վերացում, շրջակա միջավայրի բաղադրիչի կամ դրանց խմբի վիճակի բարելավում:

3. Էկոհամակարգային սկզբունքներ - շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման սկզբունքներ, որոնք բխում են անտառային, ջրային կամ այլ էկոհամակարգի կամ դրանց խմբի պահպանության, արդյունավետ օգտագործման և հետագա հնարավոր բարելավման պահանջներից: Էկոհամակարգային սկզբունքների ներդնումը կապահովի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, կերաշխավորի դրանց երկարատև օգտագործման ու վերականգնման ունակությունը և ռեսուրսախնայողությունը, կերաշխավորվի բնական միջավայրի որևէ բաղադրիչի վերաբերյալ որոշում կայացնելիս միաժամանակ մյուս բաղադրիչների վրա կայացվող որոշման ազդեցության դիտարկումն ու գնահատումը:

4. Դեգրադացված անտառներ - մարդածին բացասական և (կամ) բնական գործոնների ազդեցության ներքո անտառային համակեցությունների կամ տնկարկների կենսունակության անկումն է, որը հանգեցնում է ծառերի և մատղաշի ոչնչացմանը, կենսաբանական արտադրողականության նվազմանը և անտառային էկոհամակարգերի կենսաբազմազանության կրճատմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

07.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ