Գլխավոր տեղեկություն
Համար
N 284-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 11.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2021 թվականի N 284-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-864-11.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 


04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-864-11.02.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «կազմից» բառից հետո լրացնել «և խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմել խումբ.» բառերով՝ արդյունքում նախատեսելով, որ պատգամավորն իրավունք ունի դուրս գալու խմբակցության կազմից և խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «.…Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ սրանով միջոց կստեղծվի ունենալ հատուկ կարգավիճակ և նշված անձանց կողմից աշխատանքները կկատարվեն համատեղ, համակարգված, ինչն առավել արդյունավետ է: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքները փոփոխության են ենթարկվում ըստ անհրաժեշտության, ուստի, այն լավ միջոց կլինի հետագայում այս ինստիտուտը զարգացնելու և հնարավորություն ընձեռնելու նման կարգավիճակ ունեցող պատգամավորներին ձևավորելու և գործելու փոքր խմբերի միջոցով.…»:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ նախագծի նպատակն է սահմանել այնպիսի կարգավորում, որը հնարավորություն կտա խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին կազմելու խումբ՝ դրանով իսկ նպաստելով վերջիններիս համակարգված և առավել արդյունավետ աշխատանքի իրականացմանը:

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին.

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

1. Ազգային ժողովն իր լիազորությունները և գործառույթներն իրականացնելիս գործում է նույն օրենքին (այսուհետ` կանոնակարգ) համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների աշխատանքի միջոցով:

2. Ազգային ժողովի մարմիններն են՝ պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները և Ազգային ժողովի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

Վերոգրյալ կարգավորումների բովանդակությունից պարզ է դառնում, որ Ազգային ժողովը որպես ներկայացուցչական մարմին իր լիազորությունները և գործառույթներն իրականացնում է իր մարմինների աշխատանքի միջոցով: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սպառիչ թվարկված են Ազգային ժողովի մարմինները, այն է՝ Ազգային ժողովի մարմիններն են պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները և Ազգային ժողովի խորհուրդը:

Նշվածից ակնհայտորեն պարզ է դառնում, որ օրենսդիրը հստակ և սպառիչ նախատեսել է Ազգային ժողովի մարմինների շրջանակը: Տվյալ դեպքում նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «կազմից» բառից հետո լրացնել «և խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմել խումբ.» բառերով՝ արդյունքում նախատեսելով, որ պատգամավորն իրավունք ունի դուրս գալու խմբակցության կազմից և խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող կարգավորման բովանդակությունից պարզ չէ, թե ինչ հատուկ կարգավիճակ ունեցող պատգամավորական խմբի մասին է խոսքը լինելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի մարմինների ցանկը նախատեսված է օրենքի 2-րդ հոդվածում, և այն բացառում է նշված հոդվածում նախատեսված մարմիններից բացի, այլ՝ որևէ հատուկ կարգավիճակ ունեցող մարմնի գործունեությունը: Բացի այդ, հարկ ենք համարում նաև նշել, որ ներկայացված նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե պատգամավորական խումբն ինչ ընթացակարգով պետք է ստեղծվի, ինչ լիազորություններ պետք է ունենա, ինչը միանշանակ ևս խնդրահարույց է:

Միևնույն ժամանակ, վերոգրյալի համատեքստում անդրադառնալով նաև պատգամավորների կողմից խմբակցությունից դուրս գալու և առանձին, անկախ պատգամավորական խումբ ստեղծելու նպատակահարմարությանը և Ազգային ժողովի կազմավորման, գործունեության հիմքում ընկած օրենսդրի տրամաբանությանը, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին և անվանումներին համապատասխան:

Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

Վերոգրյալ կարգավորումների համակարգային և բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, որն իր հերթին ենթադրում է, որ միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները պետք է ընդգրկվեն կառավարող կամ որևէ ընդդիմադիր խմբակցությունում: Նշվածից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի աշխատանքային հիմնական մարմինը խմբակցություններն են, ուստի նախագծով առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է նաև նշված տեսանկյունից: Այս առումով հարկ է ընդգծել, որ նախագծով առաջարկվող կարգավորման գործողության արդյունքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ խմբակցությունում ընդգրկված մեծ թվով պատգամավորներ Ազգային ժողովի կազմավորումից անմիջապես հետո կարող են դուրս գալ և առանձին խումբ կազմել, որի արդյունքում էլ կխաթարվի վերոգրյալ իրավակարգավորումների հիմքում ընկած ընդհանուր տրամաբանությունը: Այս առումով հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ խմբակցությունից դուրս պատգամավորի գործունեությունը պետք է կրի բացառիկ բնույթ:

Միաժամանակ նախագծով առաջարկվող կարգավորումները դիտարկելով նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված նպատակի համատեքստում՝ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է, որ օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը կարևորել է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու դրանց կատարման օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնելու փոփոխվող օրենսդրական իրավանորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։

Տվյալ պարագայում նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ հիմնավորում) միայն նշվել է, որ սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունն այն է, որ սրանով միջոց կստեղծվի ունենալու հատուկ կարգավիճակ և նշված անձանց կողմից աշխատանքները կկատարվեն համատեղ, համակարգված, ինչն առավել արդյունավետ է, մինչդեռ հիմնավորումից առհասարակ պարզ չէ, թե ներկայումս անկախ պատգամավորների արդյունավետ գործունեության համար ինչ խոչընդոտներ են առկա և վերջիններիս գործունեության ընթացքում առաջացող կոնկրետ ինչ հիմնախնդիրների լուծմանն է միտված նախագծով առաջարկվող կարգավորումը:

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում ընդգծել, որ գործող օրենսդրությամբ առկա չեն խոչընդոտներ, որոնք Ազգային ժողովի անկախ պատգամավորներին կարող են զրկել օրենսդրությամբ պատգամավորին վերապահված իրավունքներն արդյունավետ իրականացնելու, այդ թվում՝ նաև նշված իրավունքները, օրինակ՝օրենքի 3-րդ հոդվածով սահմանված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքը համատեղ իրականացնելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, և առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան