Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.01.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

                

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

          

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2680/05/15

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2680/05/15

Նախագահող դատավոր՝  Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝

 Կ. Մաթևոսյան

 

 Կ. Ավետիսյան

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

    

2021 թվականի հունվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ Գագիկ Թովմասյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

    

Պ Ա Ր Զ Ե Ց

      

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գագիկ Թովմասյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) 09.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սարգսյան, դատավորներ` Ա. Աբովյան, Ա. Բաբայան) 13.01.2017 թվականի որոշմամբ Գագիկ Թովմասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 09.03.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2017 թվականի որոշմամբ Գագիկ Թովմասյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, ու ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 31.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, ինչպես նաև վճռվել է Ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես չվճարված պետական տուրքի գումար, և 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների համար չվճարված պետական տուրքի գումար:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 31.07.2018 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Թովմասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

             

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ և 275-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ եթե նույնիսկ ընդունելի համարվի, որ  Ծառայության կողմից իրեն տրամադրվել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթուղթը՝ ժամանակավոր վկայականը, ապա Ծառայության կողմից իրեն երբևէ որևէ ծանուցագիր չի տրամադրվել, իսկ ներկայացված փաստաթուղթը՝ ժամանակավոր վկայականը, ծանուցագիր չի հանդիսանում: Նշված փաստաթուղթն իրենից ներկայացնում է ժամանակավոր վկայական, որը հնարավոր չէ գնահատել որպես գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցման փաստը հիմնավորող պատշաճ ապացույց:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այդ վկայականի ներքևի մասում նշված տեղեկատվությունը որևէ ձևով չի կարող մեկնաբանվել որպես իրեն վարչական գործի քննության տեղի և ժամանակի մասին Ծառայության կողմից ժամանակին ծանուցելու վերաբերյալ ծանուցագիր, քանի որ օրենսդիրը վարչական մարմնի համար սահմանել է վարչական վարույթ հարուցելու մասին վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն:

           

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.07.2018 թվականի վճռին:

              

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 1-ին գումարտակի 8-րդ դասակի տեսուչ Վարդան Միրզոյանը 07.04.2015 թվականին կազմել է արձանագրություն այն մասին, որ Գագիկ Թովմասյանը «Մերսեդես» մակնիշի «29 PP 992» պետհամարանիշի ավտոմեքենայով Զաքյան փողոցում ժամը 21:25-ին հատել է երթևեկելի մասի հակադիր հոսքերը բաժանող հոծ գծանշումը, ինչպես նաև ավտոմեքենան վարել է ալկոհոլ օգտագործած վիճակում (հատոր 1-ին, գ.թ. 32).

2) նույն տեսուչի կողմից 07.04.2015 թվականին տրված թիվ 251743 ժամանակավոր վկայականի վրա կատարվել է հետևյալ գրառումը. «երեքշաբթի կամ ուրբաթ ժ.1500  Թաիրով-14» (հատոր 3-րդ, գ.թ. 40).

3) Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշման համաձայն` Գագիկ Թովմասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 100.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 19, 32):

              

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի  և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության մասին վարչական պատասխանատվության ենթարկվող անձին վարչական մարմնի կողմից պատշաճ ծանուցելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության մասին վարչական պատասխանատվության ենթարկվող անձին վարչական մարմնի կողմից հասցեագրված ծանուցումը` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

            

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարչական վարույթի ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվող անձին վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցելու հարցին, արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով (տե՛ս, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով 26.12.2008 թվականի որոշումը): Այսպես՝

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պատաuխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու,  միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում oգտվելու փաuտաբանի իրավաբանական oգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և oգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում պետական մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է նաև այն հարցը, թե գործի քննությանը մաuնակցող անձինք ծանուցվել են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մաuին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նույն որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ սահմանում է պարտադիր կանոն, այն է՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Նշված կանոնից բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին: Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, սահմանելով վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է պետական մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը՝ վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում լուծելու գործի քննության ժամանակի և տեղի մաuին քննությանը մաuնակցող անձանց պատշաճ ծանուցելու հարցը:

Նկատի ունենալով այն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգը, հետևաբար նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի կարգավորումների համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Հարուցման փուլը մեկնարկում է անձի (անձանց) դիմումով կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ, ընթացիկ փուլի ընթացքում իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները, որն ավարտվում է եզրափակիչ փուլովվարչական ակտի ընդունմամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են (…)` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վարչական մարմնի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով սահմանված պարտականություններին և այդ իրավանորմերով ամրագրված կանոններից բացառություններին (տե՛ս, օրինակ, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակցի՝ վարչական վարույթի լսումներին մասնակցելու հնարավորությունը չպետք է անհիմն կերպով սահմանափակվի, այդ հնարավորությունից վարչական վարույթի մասնակիցը չպետք է զրկվի վարչական մարմնի գործողությամբ կամ անգործությամբ: Մասնավորապես` վարչական վարույթի հարուցման և իրականացման մասին վարչական վարույթի մասնակցի իրազեկումը (ծանուցումը) պետք է կատարվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին: Իսկ այդ մասնակցության ապահովման համար նախևառաջ վարույթի մասնակիցը պետք է ծանուցված լինի ինչպես վարչական վարույթի հարուցման մասին, այնպես էլ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների, այդ թվում՝ լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նման կերպ վարույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի վարչական վարույթի լսումների ժամանակ վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդել վարչական մարմնի վերջնական որոշման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի հարուցման մասին միայն վարույթի մասնակցին ծանուցելու պարտականության կատարումը վարչական մարմնին չի ազատում վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ վարույթի մասնակցին պատշաճ ծանուցելու պարտականության կատարումից։ Ըստ այդմ, վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ վարույթի մասնակցին հասցեագրված ծանուցագիրը, ի թիվս այլնի, պետք է տեղեկություններ պարունակի լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի մասին։ Հակառակ դեպքում վարույթի մասնակիցը կհամարվի վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ պատշաճ կերպով չծանուցված (տե՛ս, «Ալմաքար» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4860/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանուցման մեջ ներառման ենթակա տեղեկությունների վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև վարչական իրավախախտման գործի քննության մասին վարչական պատաuխանատվության ենթարկվող անձին վարչական մարմնի կողմից պատշաճ ծանուցելու նկատմամբ։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակի և տեղի մասին վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի ծանուցումն ունի առանցքային նշանակություն, այն կոչված է ապահովելու վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի ներկայությունը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, որպիսի ընդհանուր պահանջը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով։ Ավելին, այս ծանուցման նպատակն է նաև ապահովել վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն, քանի որ գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու՝ վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի իրավունքներն իրացվում են նաև գործի քննության ընթացքում։

Միաժամանակ վերը նշված իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծանուցումը կարող է համարվել պատշաճ միայն այն դեպքում, երբ վարչական պատաuխանատվության ենթարկվող անձին տեղեկություններ են տրամադրվում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության հստակ ժամանակի և տեղի մասին։ Ասվածը նշանակում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակը և տեղը չեն կարող լինել երկընտրելի, դրանք պետք է ներկայացվեն այնպիսի հստակությամբ և որոշակիությամբ, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի համար պարզ լինի, թե կոնկրետ որտեղ և երբ է քննվելու իրեն վերագրվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմինը պարտավոր է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության մասին պատշաճ ծանուցել վարչական պատաuխանատվության ենթարկվող անձին։ Ընդ որում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության մասին վարչական պատաuխանատվության ենթարկվող անձին հասցեագրված ծանուցումը, ի թիվս այլնի, պետք է հստակ և որոշակի տեղեկություններ պարունակի գործի քննության ժամանակի և տեղի մասին, այլապես վարչական պատաuխանատվության ենթարկվող անձը կհամարվի պատշաճ կերպով չծանուցված:

              

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության 1-ին գումարտակի 8-րդ դասակի տեսուչ Վարդան Միրզոյանի կողմից 07.04.2015 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` Գագիկ Թովմասյանը «Մերսեդես» մակնիշի «29 PP 992» պետհամարանիշի ավտոմեքենայով Զաքյան փողոցում ժամը 21:25-ին հատել է երթևեկելի մասի հակադիր հոսքերը բաժանող հոծ գծանշումը, ինչպես նաև ավտոմեքենան վարել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշման համաձայն` Գագիկ Թովմասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 100.000 ՀՀ դրամի չափով:

Գագիկ Թովմասյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 09.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի որոշմամբ Գագիկ Թովմասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 09.03.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2017 թվականի որոշմամբ Գագիկ Թովմասյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության նաև այն պատճառաբանությամբ, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի ու ժամանակի մաuին Գագիկ Թովմասյանի ծանուցված լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը, ՀՀ վարչական դատարանը պարզել էր Ծառայության կողմից ներկայացված թիվ 251743 ժամանակավոր վկայականի պատճենի հետազոտման և գնահատման միջոցով` անտեսելով այն հանգամանքը, որ գործի քննության ընթացքում հայցվոր կողմը վիճարկել էր բնօրինակի հետ դրա համապատասխանությունը և պնդել էր, որ բնօրինակի վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին որևէ գրառում առկա չի եղել, ինչն անտեսվել էր նաև ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն արձանագրել է, որ վարչական իրավախախտման գործը քննող վարչական մարմինն էր պարտավոր ապացուցելու վարչական իրավախախտման գործի քննության ժամանակի և վայրի մասին վարույթի մասնակցին ծանուցելու փաստը, ինչը Ծառայության կողմից չէր կատարվել:

Գործի նոր քննության արդյունքում Դատարանը 31.07.2018 թվականի վճռով Գագիկ Թովմասյանի հայցը բավարարել է՝ պատճառաբանելով նաև, որ տվյալ դեպքում Ծառայությունն էր պարտավոր ապացուցելու վարչական իրավախախտման գործի քննության ժամանակի և վայրի մասին վարույթի մասնակցին ծանուցելու փաստը, ինչը, սակայն, Ծառայության կողմից չի կատարվել։ Դրա արդյունքում Դատարանը գտել է, որ պահանջված բնօրինակը ներկայացված չլինելու պայմաններում թիվ 251743 ժամանակավոր վկայականի պատճենը պետք է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։ Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ սույն գործում առկա փաստաթղթերով չի հիմնավորվում այն փաստը, որ Գագիկ Թովմասյանը պատշաճ կարգով ծանուցվել է իր վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության ժամանակի և վայրի մասին։

Ծառայությունը, բողոքարկելով Դատարանի վճիռը, վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացրել 07.04.2015 թվականին Գագիկ Թովմասյանին տրված թիվ 251743 ժամանակավոր վկայականի բնօրինակը, որը Վերաքննիչ դատարանն ընդունել է։

Ծառայության կողմից Դատարանի 31.07.2018 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 07.08.2019 թվականին որոշում է կայացրել Ծառայության բերած վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի 31.07.2018 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու` հայցը մերժելու մասին` պատճառաբանելով նաև, որ «վերաքննիչ բողոքին կից Ծառայության կողմից ներկայացվել է ժամանակավոր վկայականի բնօրինակը, որի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Հայցվորը պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի տեղի և ժամանակի մասին ու այն համապատասխանում է ի սկզբանե դատարան ներկայացված պատճենի հետ։ (...) վարչական վարույթի մասին ծանուցված չլինելու հանգամանքը մնում է չապացուցված, իսկ կիրառված վարչական պատասխանատվությունը` հիմնավոր», «Ծառայության կողմից 10.11.2015 թվականին Դատարան ներկայացված` 07.04.2015 թվականի թիվ 251743 ժամանակավոր վկայականի պատճենի վրա և 14.09.2018 թվականին վերաքննիչ բողոքին կից ներկայացված նույն վկայականի բնօրինակի վրա առկա է «Երեքշաբթի կամ ուրբաթ ժ.15, Թաիրով 14» գրառումը։  Հետևաբար (…) հայցվորին իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը գրավոր ապացույց հանդիսացող ժամանակավոր վկայականի բնօրինակով հաստատված է համարվում»:

 Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վիճարկվող՝ Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշման հիմքում ընկած վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության մասին Գագիկ Թովմասյանը, որպես վարչական վարույթի մասնակից (վարչական պատասխանատվության ենթարկվող անձ), պետք է պատշաճ կերպով ծանուցվեր, որի պայմաններում սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության մասին Գագիկ Թովմասյանին հասցեագրված ծանուցումը, ի թիվս այլնի, պետք է պարունակեր տեղեկություններ գործի քննության ժամանակի և տեղի մասին։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ի հաստատումն վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակի և տեղի մասին Ծառայության կողմից Գագիկ Թովմասյանին պատշաճ կերպով ծանուցած լինելու փաստի ներկայացված 07.04.2015 թվականի թիվ 251743 ժամանակավոր վկայականի բնօրինակը, վերը նշված դիրքորոշումների համաձայն, չի հանդիսանում այդ փաստը հաստատող պատշաճ ապացույց, քանի որ այն, տեղեկություն պարունակելով միայն գործի քննության տեղի մասին, միևնույն ժամանակ չունի հստակ և որոշակի նշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության կոնկրետ ժամանակի վերաբերյալ։ Նման եզրահանգումը բխում է վերը նշված ժամանակավոր վկայականի բնօրինակի վրա առկա՝ նաև գործի քննության ժամանակը նշելու առումով կատարված գրառումից՝ «երեքշաբթի կամ ուրբաթ ժ.1500 Թաիրով-14», որից պարզ չէ վարչական վարույթի շրջանակում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության կոնկրետ օրը, իսկ գործի նյութերում բացակայում է այդ մասին Գագիկ Թովմասյանին պատշաճ կերպով ծանուցած լինելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

Փաստորեն, Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշման հիմքում ընկած վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակի և տեղի մասին Գագիկ Թովմասյանը պատշաճ կերպով չի ծանուցվել, ինչի հետևանքով վարչական իրավախախտման վերաբերյալ գործն առանց օրենքով սահմանված հիմքերի քննվել է վերջինիս բացակայությամբ: Արդյունքում Գագիկ Թովմասյանը ոչ իրավաչափ կերպով զրկվել է իրեն վերագրվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի խախտմամբ։ Հետևաբար այդ որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է վերացման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով:

              

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` վարչական դատարանի դատական ակտին մասնակիորեն՝ հայցը բավարարելու մասով, օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին մասնակիորեն՝ հայցը բավարարելու մասով, օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, և այդ մասով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված լիազորությունը կիրառելիս Դատարանի վճռին համապատասխան մասով անհրաժեշտ է օրինական ուժ տալ սույն որոշման պատճառաբանություններով՝ նկատի ունենալով, որ Դատարանի պատճառաբանությունները թերի են:

Ինչ վերաբերում է դատական ծախսերի մասով ևս Դատարանի 31.07.2018 թվականի վճռին օրինական ուժ տալու լիազորությունը Վճռաբեկ դատարանի կողմից չկիրառելուն, ապա այն պայմանավորված է այդ մասի վերաբերյալ Դատարանի եզրահանգումը ՀՀ վճռաբեկ դատարանի՝ ստորև նշված որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը չհամապատասխանելու հանգամանքով։

            

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ Գագիկ Թովմասյանը, սույն գործով հայցադիմումը, ՀՀ վարչական դատարանի 09.03.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի և Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումների դեմ վճռաբեկ բողոքները ներկայացնելիս մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված լինելով դրանց համար պետական տուրքի վճարման պարտականությունից, պետական տուրք չի վճարել, հետևաբար հայցապահանջը բավարարվելիս Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված  դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել ինչպես հայցադիմումի, այնպես էլ ՀՀ վարչական դատարանի 09.03.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքի, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի և Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար սահմանված, սակայն հայցվորի կողմից չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն։

Միևնույն  ժամանակ նկատի ունենալով, որ Դատարանի 31.07.2018 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս Ծառայությունն արդեն իսկ վճարել է դրա համար պետական տուրքը, ուստի սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։

          

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

         

Ո Ր Ո Շ Ե Ց

            

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և հայցը բավարարելու մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 31.07.2018 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

          

Նախագահող

 

Ռ. Հակոբյան

Զեկուցող

 

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

              

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: