Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

          

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

          

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/2132/02/17

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/2132/02/17

Նախագահող դատավոր՝  Տ. Նազարյան

Դատավորներ՝

 Ն. Բարսեղյան

 

 Ս. Թորոսյան

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

    

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի սեպտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռաֆիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արթուր Մարգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռաֆիկ Հովհաննիսյանի ընդդեմ Լևոն Դավթյանի, Դոնարա Արզոյանի, Վահե Դավթյանի, Մարգար Դավթյանի և Լուսինե Դավթյանի (այսուհետ` Պատասխանողներ)` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռաֆիկ Հովհաննիսյանը պահանջել է Լևոն Դավթյանի և Դոնարա Արզոյանի բաժիններն առանձնացնել ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող թիվ 05-005-421-014 և թիվ 05-005-155-023 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերից` թիվ ԳԴ4/0304/02/16 կատարողական թերթերին համապատասխան պարտապանների բաժինների վրա բռնագանձում տարածելու համար, իսկ դրա դեմ ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանների բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառել` դրանցից վերջիններիս բաժնի վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 200.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննությունների համար կատարված ծախս:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ բնեղենով առանձնացվել է ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 05-005-421-014 և թիվ 05-005-155-023 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի 2/5 մասը, Պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարվել է լուծված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2018 թվականի որոշմամբ Ռաֆիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը՝ դատական ծախսերի բաշխման մասով մերժվել է, և Դատարանի 24.11.2017 թվականի վճիռն այդ մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել բողոքաբերի՝ 100.000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու պահանջը, սակայն չի պատճառաբանել, թե ինչու է իրավաչափ համարել Դատարանի եզրահանգումը, որ փաստաբանի վարձատրության խելամիտ չափ է 40.000 ՀՀ դրամը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ փորձաքննությունների (մասնագիտական եզրակացությունների) ծախսերի մասով ևս Դատարանը եկել է սխալ եզրահանգման, քանի որ այդ մասով դատական ծախսերի հարցը համարել է լուծված:

Վերաքննիչ դատարանը, մասնագիտական եզրակացությունները դիտելով որպես գրավոր ապացույցներ, դրանց ձեռք բերման համար կատարված ծախսը չի բռնագանձել մյուս կողմից՝ այդպիսով կատարված դատական ծախսը չի բաշխել գործին մասնակցող անձանց միջև՝բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Ինչ վերաբերում է Դատարանի այն եզրահանգմանը, որ հաշվի առնելով գործի բարդության աստիճանը, փաստաբանի մասնակցությունը ապացույցների ձեռքբերման գործում, հրավիրված դատական նիստերի քանակը, հայցի առարկան, հայցի մասնակի բավարարումը (ընդամենը մեկ պահանջի)՝ դատարանը որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար դատական ծախսերի պահանջը բավարարել է 40.000 ՀՀ դրամի չափով, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ հայցվորի ներկայացուցիչը կատարել է աշխատանք, ուսումնասիրել է հայցվորի փաստաթղթերը, պահանջել և ստացել է փաստաթղթեր Կադաստրի պետական կոմիտեից, կազմել է հայցադիմում և ներկայացրել է Դատարան, տեղի են ունեցել թվով 5 դատական նիստեր, ուստի այդ տեսանկյունից պետք է գնահատվեր նաև փաստաբանի իրականացրած աշխատանքի ծավալը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումը, չի պատճառաբանել, թե ինչու 100.000 ՀՀ դրամը խելամիտ գումար չէ, այլ խելամիտ գումար է 40.000 ՀՀ դրամը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2008 թվականի թիվ 3-168(ՎԴ), 17.07.2015 թվականի թիվ ԵԷԴ/1284/02/12 և թիվ ԵԱՔԴ/2452/02/12 որոշումներում՝ գործին մասնակցող անձի կողմից ապացույցի ձեռքբերման համար վճարված գումարի` որպես դատական ծախսի բաշխման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի տված մեկնաբանություններին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել 04.07.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` Պատասխանողներից հօգուտ Ռաֆիկ Հովհաննիսյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, և 200.000 ՀՀ դրամ՝ որպես մասնագիտական եզրակացությունները ձեռք բերելուն ուղղված դատական ծախս:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1)«Ալտա վիպ» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականին տրված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի թիվ 0155-0023 ծածկագրով տնամերձ հողամասի հնարավոր բաժանման վերաբերյալ մասնագիտական եզրակացության համաձայն` հողամասից տեխնիկապես հնարավոր է առանձնացնել 1/5 բաժնեմասը (հատոր 1-ին, գ.թ. 27-30):

2)«Ալտա վիպ» ՍՊԸ-ի կողմից 06.05.2017 թվականին տրված թիվ ԳՀ/05/0292/1 գնահատման հաշվետվության համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաք Վարդենիսում գտնվող հողամասի շուկայական արժեքն /05-005-421-014 կադաստրային ծածկագիր/ առ 06.05.2017 թվականը կազմում է 6.917.478 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 32-54):

3)«Ալտա վիպ» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականին տրված մասնագիտական եզրակացության համաձայն՝ թիվ 0421-0014 ծածկագրով վարելահողից յուրաքանչյուրը հնարավոր է որպես 1/5 բաժնեմաս բաժանել 0,02948հա մակերեսով (հատոր 1-ին, գ.թ. 55-59):

4)«Ալտա վիպ» ՍՊԸ-ի կողմից 06.05.2017 թվականին տրված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի թիվ 0421-0014 ծածկագրով տնամերձ հողամասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության համաձայն` հողամասի արժեքն առ 06.05.2017 թվականը կազմում է 867.815 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 60-81):

5)«Ալտա վիպ» ՍՊԸ-ի և Ռաֆիկ Հովհաննիսյանի ներկայացուցչի միջև 28.04.2017 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ վիճելի գույքի շուկայական արժեքի գնահատման և չափագրման աշխատանքների կատարման համար սահմանվել է 200.000 ՀՀ դրամ վճար, ըստ կից ներկայացված վճարման ՀԴՄ կտրոնի՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը վճարել է 80.000 ՀՀ դրամ և 120.000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 22-31):

6) Իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ Ռաֆիկ Հովհաննիսյանի և Արթուր Մարգարյանի միջև 26.06.2017 թվականին կնքված պայմանագրի 2.1 կետով սահմանված է, որ կատարողը կազմում և ներկայացնում է հայցադիմում, ինչպես նաև իրականացնում է դատական ներկայացուցչություն սույն գործով ներկայացվող պահանջների շրջանակում: Պայմանագրի 4.1 կետի համաձայն՝ իրավաբանական ծառայություններ մատուցելու համար սահմանվել է վճար՝ 100.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 16-18):

7) Սույն գործի քննությունը տևել է շուրջ 5 ամիս՝ 27.06.2017 թվականից մինչև 24.11.2017 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 4-7, 82, հատոր 2-րդ գ.թ. 67-77), հայցվորի ներկայացուցիչ Արթուր Մարգարյանը սույն գործով հրավիրված 6 դատական նիստերից մասնակցել է 5 դատական նիստերին (հատոր 1-ին, գ.թ106-107, հատոր 2-րդ գ.թ. 3-4, 30-31, 46, 63-64, 65):

8) Հայցադիմումով հայցվորը խնդրել է Պատասխանողներից բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, և 200.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննությունների համար կատարված ծախս (հատոր 1-ին, գ.թ. 4-7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքարկվող դատական ակտում դատական ծախսերի վերաբերյալ նորմերի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի թիվ ԵԱՔԴ/2452/02/12 որոշմամբ տվյալ նորմերին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածները սխալ կիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փաստաբանի վարձատրության չափի խելամտության չափանիշներին, ինչպես նաև գործին մասնակցող անձի կողմից գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցի ձեռքբերման համար վճարված գումարի` որպես դատական ծախսի բաշխման հարցին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս հաշվի առնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, արձանագրել է հետևյալը. փաստաբանը սույն գործով ի շահ հայցվորի կատարել է 05.12.2011 և 14.01.2013 թվականներին կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերով սահմանված դատավարական գործողությունները, ինչպես նաև հաշվի առնելով վերաքննիչ դատարանում գործի քննության տևողությունը (շուրջ չորս ամիս), նիստերի քանակը (երեք դատական նիստ), ինչպես նաև Վճռաբեկ դատարանում իրականացված դատավարական գործողությունների ծավալը` Վճռաբեկ դատարանը սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ է համարում 200.000 ՀՀ դրամը (տե՛ս, Օֆելյա Խաչատրյանն ընդդեմ ՀՀ«Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Սերոբ և Հրանտ Խաչատրյանների, Ռիմա Պողոսյանի և երրորդ անձ Վլադիմիր Խաչատրյանի թիվ ԵԱՔԴ/0554/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական ծախսերի հարցին, ընդգծել է, որ նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ բավարարված հայցապահանջների չափին համապատասխան դատական ակտով բռնագանձման են ենթակա նաև գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարները: Մասնավորապես, եթե գործի քննության և լուծման համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման համար կատարվել են ծախսեր, ապա անկախ նրանից, թե կողմի կամ դատարանի նախաձեռնությամբ են այդ ապացույցները ձեռք բերվել, դրանց ձեռքբերման համար կատարված ծախսերը ևս մտնում են դատական ծախսերի կազմի մեջ, և դատարանի կողմից դրանց բռնագանձման հարցը ենթակա է լուծման` բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն (տե՛ս, Նազիկ Ղարիբյանն ընդդեմ Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի, Զարուհի Ենգոյանի թիվ ԵԱՔԴ/2452/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են`

 1) փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսերը.

 2) վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները.

 3) գործին մասնակցող անձանց` գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաև նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ ժամանակավոր կացարանով ապահովելու հետ կապված ծախսերը.

 4) գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները.

 5) ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու հետ կապված ծախսերը.

 6) գործին մասնակցող անձանց փոստային ծախսերը.

 7) դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված գործին մասնակցող անձանց ծախսերը.

 8) նույն օրենսգրքի 81-րդ հոդվածին համապատասխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը.

 9) հաշտարարի վարձատրության գումարը.

 10) դատարանի կողմից գործի քննության համար անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը։

 Վերլուծելով դատական ծախսերի վերաբերյալ նախկին և ներկա իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը.

 Փաստաբանի ծախսի խելամտության որոշման չափանիշները բավականաչափ մանրամասնությամբ սահմանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ և այլ որոշումներով: Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ փաստաբանի վարձատրության չափի խելամտությունը գնահատելիս դատարանները չպետք է բավարարվեն այդ չափանիշները միայն առանձին-առանձին գնահատելով, այլ դրանք պետք է գնահատեն նաև իրենց համակցության (ամբողջության) մեջ: Այսպես, միայն հայցի մասնակի բավարարումը չի կարող էականորեն նվազեցնել փաստաբանի վարձատրության հատուցման ենթակա չափը՝ առանց հաշվի առնելու գործի քննության երկարատևությունը, փաստաբանի մասնակցությամբ տեղի ունեցած դատական նիստերի քանակը և, ի վերջո, նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը: Հատկապես նշված վերջին չափանիշով առաջնորդվելիս դատարանները պետք է միաժամանակ գնահատման առարկա դարձնեն այն հանգամանքը, թե արդյոք գործին մասնակցող անձը և փաստաբանը ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանել են վարձատրության խելամիտ չափ՝ փաստացի կատարման ենթակա ծառայությունների համար: Եթե դատարանի գնահատմամբ նշված չափը խելամիտ չէ, ապա մյուս չափանիշների հաշվառմամբ հատուցման ենթակա գումարը կարող է էականորեն նվազեցվել, սակայն եթե ծառայությունների մատուցման պայմանագրով ի սկզբանե որոշվել է նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված վճարի խելամիտ չափ, ապա թեկուզև հայցի մասնակի բավարարման դեպքում հատուցման ենթակա գումարը չի կարող էականորեն նվազեցվել:

Միաժամանակ վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները դատական ծախսի չափի խելամտությունը որոշելիս չպետք է բավարարվեն սահմանված չափանիշների մեխանիկական թվարկմամբ, այլ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը պետք է կատարեն ըստ էության՝ արտացոլելով դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Միայն նման կերպ շարադրված եզրահանգումները կարող են լինել համոզիչ:

Անդրադառնալով ապացույցների ձեռքբերմանն ուղղված ծախսերի՝ որպես դատական ծախսի հատուցման ենթակա լինելու հարցին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

  Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատական ծախսերի թվին էր դասում գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարները: Նոր իրավակարգավորմամբ օրենսդիրը նշված ձևակերպումն ավելի է մանրամասնել՝ դատական ծախսերի թվին դասելով, մասնավորապես՝ մասնագետին վճարվելիք գումարները, ինչպես նաև դատարանի կողմից գործի քննության համար անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը: Դրանով իսկ օրենսդրական կարգավորման մակարդակում ավելի են հստակեցվել գործին մասնակցող անձի կողմից գործի քննության համար անհրաժեշտ ծախսերի կատարման դեպքում դրանք որպես բռնագանձման ենթակա դատական ծախսեր որակելիս դատարանի կողմից կիրառման ենթակա չափանիշները: Ընդ որում, եթե նախկին օրենսդրական ձևակերպման պարագայում մասնագետներին վճարվելիք գումարները համարվում էին«գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներ», ապա նոր իրավակարգավորմամբ մասնագետին վճարման ենթակա գումարներն ուղղակիորեն սահմանվել են որպես դատական ծախսեր: Այսինքն՝ ինչպես և փորձագետներին վճարման ենթակա գումարները, մասնագետին վճարման ենթակա գումարները ևս համարվել են և համարվում են փոխհատուցման ենթակա դատական ծախսեր:

 Նման պարագայում էական նշանակություն չունեն՝ փորձաքննությունը (մասնագիտական ստուգումը) նշանակվել է դատարանի՞ կողմից, թե՞ փորձագետի (մասնագետի) եզրակացությունը ձեռք է բերվել գործին մասնակցող անձի կողմից, ապացույցը ձեռք է բերվել դատական քննության ընթացքու՞մ, թե՞ մինչ դատական քննությունը, ինչպես նաև փորձագետը (մասնագետը) նախազգուշացված եղե՞լ է արդյոք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Սահմանված քրեական պատասխանատվության մասին փորձագետի նախազգուշացված լինելը կամ չլինելը կարող է նշանակություն ունենալ ապացույցի արժանահավատությունը որոշելու հարցում, սակայն եթե ապացույցը դատարանի կողմից համարվել է արժանահավատ, անհրաժեշտ և օգտագործվել է, ապա չի կարող կասկածի տակ դրվել այդ ապացույցի ձեռքբերմանն ուղղված ծախսը դատական ծախս հանդիսանալու հանգամանքը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն`«Ալտա վիպ» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականին տրված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի թիվ 0155-0023 ծածկագրով տնամերձ հողամասի հնարավոր բաժանման վերաբերյալ մասնագիտական եզրակացության համաձայն` հողամասից տեխնիկապես հնարավոր է առանձնացնել 1/5 բաժնեմասը:

«Ալտա վիպ» ՍՊԸ-ի կողմից 06.05.2017 թվականին տրված թիվ ԳՀ/05/0292/1 գնահատման հաշվետվության համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաք Վարդենիսում գտնվող հողամասի շուկայական արժեքն /05-005-421-014 կադաստրային ծածկագիր/ առ 06.05.2017 թվականը կազմում է 6.917.478 ՀՀ դրամ:

«Ալտա վիպ» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականին տրված մասնագիտական եզրակացության համաձայն՝ թիվ 0421-0014 ծածկագրով վարելահողից յուրաքանչյուրը հնարավոր է որպես 1/5 բաժնեմաս բաժանել 0,02948հա մակերեսով:

«Ալտա վիպ» ՍՊԸ-ի կողմից 06.05.2017 թվականին տրված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի թիվ 0421-0014 ծածկագրով տնամերձ հողամասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության համաձայն` հողամասի արժեքն առ 06.05.2017 թվականը կազմում է 867.815 ՀՀ դրամ:

«Ալտա վիպ» ՍՊԸ-ի և Ռաֆիկ Հովհաննիսյանի ներկայացուցչի միջև 28.04.2017 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ վիճելի գույքի շուկայական արժեքի գնահատման և չափագրման աշխատանքների կատարման համար սահմանվել է 200.000 ՀՀ դրամ վճար, ըստ կից ներկայացված վճարման ՀԴՄ կտրոնի համաձայն՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը վճարել է 80.000 ՀՀ դրամ և 120.000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ:

Սույն գործի քննությունը տևել է շուրջ 5 ամիս՝ 27.06.2017 թվականից մինչև 24.11.2017 թվականը, հայցվորի ներկայացուցիչ Արթուր Մարգարյանը սույն գործով հրավիրված 6 դատական նիստերից մասնակցել է 5 դատական նիստերի:

Հայցադիմումով հայցվորը խնդրել է Պատասխանողներից բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, և 200.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննությունների համար կատարված ծախս:

Սույն գործով Դատարանը, մասնակիորեն հայցը բավարարելիս հաշվի առնելով գործի բարդության աստիճանը, փաստաբանի մասնակցությունն ապացույցների ձեռքբերման գործում, հրավիրված դատական նիստերի քանակը, հայցի առարկան, հայցի մասնակի բավարարումը (ընդամենը մեկ պահանջի), որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար դատական ծախսերի պահանջը բավարարել է 40.000 ՀՀ դրամի չափով: Ինչ վերաբերում է փորձաքննության կատարման ծախսին, ապա Դատարանն այդ մասով մերժել է պահանջը՝ պատճառաբանելով, որ դատարան ներկայացված գնահատման հաշվետվությունները և մասնագիտական եզրակացությունները գրավոր ապացույցներ են, իսկ փորձաքննության ծախսը ենթադրում է դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության կատարմանն ուղղված ծախսերը, երբ փորձագետները զգուշացված են լինում ակնհայտ կեղծ եզրակացության համար քրեական պատասխանատվության մասին:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն անփոփոխ թողնելիս գնահատելով փաստաբանի կողմից սույն գործի քննությանը մասնակցության աստիճանը, ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունը և փաստացի կատարելու հանգամանքը, հրավիրված դատական նիստերի քանակը, հայցի առարկան, հայցի մասնակի բավարարումը` իրավաչափ է համարել Դատարանի եզրահանգումն առ այն, որ սույն գործով որպես փաստաբանի վարձատրության գումար խելամիտ պետք է համարել 40.000 ՀՀ դրամը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը հիմնավորել ու պատճառաբանել է, թե ինչու է սույն գործով պահանջվող 100.000 ՀՀ դրամից խելամիտ համարում 40.000 ՀՀ դրամը: Վերաքննիչ դատարանը նաև հավանություն է տվել մասնագիտական եզրակացությունների ձեռքբերման հետ կապված ծախսը հատուցման ենթակա չլինելու մասին Դատարանի եզրահանգմանը:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառներով.

Անդրադառնալով փաստաբանի վարձատրության չափի խելամտության հարցին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև Դատարանն այդ հարցը գնահատելիս ղեկավարվել է որոշակի չափանիշներով, այդուհանդերձ հաշվի չի առել ծախսի խելամտության գնահատման համար անհրաժեշտ բոլոր չափանիշները, մասնավորապես՝ գործի քննության տևողությունը (գործի քննությունը տևել է շուրջ 5 ամիս), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչը չի պարզվել:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից մյուս չափանիշները գնահատելուն, ապա Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դրանց գնահատումն առավելապես կրել է ձևական բնույթ: Այսպես, ըստ Դատարանի պատճառաբանության՝ հաշվի է առնվել փաստաբանի կողմից սույն գործի քննությանը մասնակցության աստիճանը, ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունը և փաստացի կատարելու հանգամանքը, սակայն իրականում նշված չափանիշները հաշվի չեն առնվել, քանի որ փաստաբանն ամբողջությամբ կատարել է սույն գործի քննությանն իր մասնակցության հետ կապված բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ կազմել է հայցադիմում, այն ներկայացրել է դատարան, հավաքել է գործի քննության և լուծման համար անհրաժեշտ ապացույցներ, մասնակցել է վեց դատական նիստերից հինգին, այսինքն՝ պայմանագրով սահմանված ծառայությունները մատուցել է լրիվ ծավալով, իսկ նման պայմաններում, չպարզելով նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, չի պատճառաբանվել, թե ինչու է փաստաբանի վարձատրության խելամիտ չափ դիտվել փաստացի նրան վճարված գումարի 40 տոկոսը:

Անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի եզրահանգումը մասնագիտական եզրակացությունների՝ որպես գրավոր ապացույցների ձեռբերմանն ուղղված ծախսի՝ դատական ծախսերի մեջ ընդգրկելու անթույլատրելիության մասին, քանի որ ձեռք բերված գրավոր չորս ապացույցներից երկուսը՝ հողամասերի բաժանման հնարավորության վերաբերյալ, անհրաժեշտ են եղել գործի լուծման համար, ավելին՝ հողամասերի բաժնեմասերի առանձնացման մասով հայցը բավարարելիս Դատարանը հիմնվել է նշված գրավոր ապացույցների վրա:

Վերոգրյալի համատեքստում անհիմն են նաև ստորադաս դատարանների եզրահանգումները՝ միայն դատարանի կողմից նշանակված փորձաքննությունների ծախսերը հատուցման ենթակա լինելու վերաբերյալ, քանի որ օրենսդիրը նախատեսել է այլ իրավակարգավորում, այն է՝ որպես դատական ծախս հատուցման ենթակա են գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարները: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկը, որ այդ առումով ստորադաս դատարանների արտահայտած դիրքորոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի թիվ ԵԱՔԴ/2452/02/12 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցի ձեռքբերման ուղղությամբ կատարված ծախսը, անկախ նրանից՝ կողմի, թե դատարանի նախաձեռնությամբ են այդ ապացույցները ձեռք բերվել, որպես դատական ծախս ենթակա է հատուցման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով` ստորադաս դատարանի ակտը մասնակի՝ մասնագիտական եզրակացությունների ձեռքբերման համար կատարված ծախսը որպես դատական ծախս բաշխելու պահանջը մերժելու և փաստաբանի վարձատրության խելամիտ չափը որոշելու մասերով, բեկանելու համար:

Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանները չեն հետազոտել մասնագիտական եզրակացությունների ձեռքբերման համար վճարում կատարելու վերաբերյալ ապացույցը՝ չպարզելով, թե որ եզրակացությունների համար որքան գումար է վճարվել, ինչպես նաև չեն կատարել դատական ծախսերի վերաբերյալ ապացույցների լրիվ, բազմակողմանի հետազոտում և գնահատում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման մասով Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման արդյունքում անհրաժեշտ է այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

 

 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ ևս արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս,«Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ«Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Սույն գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռաֆիկ Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարանի 04.07.2018 թվականի որոշումը բողոքարկվել է մասնակիորեն` միայն դատական ծախսերի մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս չի կրում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականություն: Հետևաբար վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման հարցը պետք է համարել լուծված:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն դատական ծախսերի վերաբերյալ գործը քննելիս պետական տուրքի բռնագանձման հարց չի առաջանում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018 թվականի որոշման` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2017 թվականի վճիռը դատական ծախսերի մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: