Գլխավոր տեղեկություն
Համար
N 469-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2021 թվականի N 469-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում և 1-ին կետում «(ըստ բակալավրի կրթական ծրագրի)» բառերը փոխարինել «(ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի)» բառերով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 1-ի N 469-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 26-ի N 597-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

(ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) հայտագրումը, ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհեր ընդունելության մրցույթի անցկացումը:

2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում այն պետական բուհերի վրա, որոնք իրականացնում են ռազմական, ոստիկանական մասնագիտական կրթական ծրագրեր:

3. Բուհերի առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է տվյալ ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի (այսուհետ` ցանկ) համաձայն:

4. Սույն կարգի համաձայն բուհեր ընդունելությունը կատարվում է`

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների.

2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած և ըստ բուհերի ու մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) հաստատած տեղերի:

5. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի սահմանափակման:

6. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները բուհեր կարող են ընդունվել՝ համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

7. Բուհեր ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ:

8. Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոններում պարտադիր է բժշկի ներկայությունը։

9. Ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններն են, իսկ 2021/2022 ուսումնական տարում նաև Արարատյան բակալավրիատի քննությունները: Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ), իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները (2021/2022 ուսումնական տարում) կազմակերպում և անցկացնում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ ԳԹԿ-ի հետ համատեղ:

10. Տվյալ ուսումնական տարում դիմորդն ընդունելության քննությունը կարող է հանձնել միայն մեկ անգամ:

11. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, (պարսկերեն) առարկաներից:

12. Միասնական քննությունները և մասնագիտության հայտագրումն անցկացվում են երկու փուլով` առաջին և երկրորդ:

13. Առաջին փուլն ընդգրկում է՝

1) տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։

14. Երկրորդ փուլը տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն ու տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննությունների հանձնումն է։

15. Միասնական քննությունների տևողությունն է`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների համար` 180 րոպե.

2) «Օտար լեզու» առարկայի համար` 150 րոպե:

16. Կենտրոնացված քննություններն այն քննություններն են, որոնք հնարավոր չէ անցկացնել թեստերի միջոցով` ելնելով տվյալ մասնագիտության առանձնահատկություններից։

17. Կենտրոնացված քննություններն են գրավոր (ստեղծագործական) քննությունը և «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկաների բանավոր քննությունները:

18. Կենտրոնացված քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

19. Կենտրոնացված քննությունների տևողությունն է`

1) գրավոր (ստեղծագործական) քննությունը` 240 րոպե.

2) բանավոր քննությունների ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն ժամանակը՝ 30 րոպե:

20. Բուհեր ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունները կազմակերպվում են նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Քննական առաջադրանքներն ու գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն։

21. Ներբուհական են`

1) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնագիտական առարկաների քննությունները.

2) Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

3) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

4) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական առարկաների քննությունները.

5) Երևանի պետական համալսարանի «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» ու Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

6) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

7) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

8) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Լրագրության հիմունքներ» և «Լրագրության տեսության պատմություն» մասնագիտական առարկաների քննությունները.

9) Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

10) Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

11) Գորիսի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ» կրթական ծրագիր) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

12) Երևանի «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

13) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

14) Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

15) Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

16) Երևանի մշակույթի համալսարանի մասնագիտական առարկաների քննությունները։

22. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի 21-րդ կետում նշված բուհերի կողմից մշակված ու նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն:

23. Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

24. Հանրակրթական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, ընդունելության քննությունները միայն երկրորդ փուլում կարող են հանձնել ռուսերեն թարգմանությամբ` բացառությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» և մյուս օտար լեզուների քննությունների։

 

II. ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ, ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

25. Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների և մասնագիտության դիմում-հայտերը (այսուհետ՝ ընդունելության դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը`

1) դիմորդը կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն լրացնում է ընդունելության դիմում-հայտը: Ընդունելության դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) ԳԹԿ-ն տվյալ տարվա ապրիլի 1-ից առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը` առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.

3) դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.

4) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.

5) դիմորդն ընդունելության դիմում-հայտ լրացնելու համար դիմում է իր դպրոցի տնօրենին, դպրոցի տնօրենը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում միասնական և կենտրոնացված քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ անձնական համար.

6) ընդունելության դիմում-հայտ լրացնելու ընթացքում դիմորդն անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել դպրոցի օժանդակությունից.

7) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.

8) դիմորդը քննության ընդունելության դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը.

9) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում:

26. Ընդունելության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`

1) ընդունելության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն պատրաստում է դիմորդների ցուցակները՝ ըստ քննական առարկաների և կենտրոնների.

2) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ուղարկում է դպրոցներ, էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին։ Կենտրոնացված և ներբուհական քննություններ հանձնող դիմորդներին անցաթուղթը տրամադրում է բուհը.

3) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), մարզը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը.

4) դիմորդն անցաթուղթն ստանում է այն դպրոցից, որտեղից ստացել է ԳԹԿ անձնական համար: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:

27. Դիմորդի կողմից դիմում-հայտում լրացված տվյալների, փաստաթղթերի հավաստիությունը և գնահատականների համապատասխանությունը հաստատելու նպատակով ԳԹԿ-ն կարող է դիմել հայտատուի ուսումնական հաստատություն:

28. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը` մինչև ժամը 17։00-ն: Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում:

29. Երկրորդ փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու: Դպրոցը երկրորդ փուլի դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:

30. Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:

31. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել՝

1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար.

2) տվյալ տարվա ընդունելության քննությանը մասնակցելու համար:

32. Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողին տրված տեղեկանքը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ուղարկում է ԳԹԿ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության քննությունը և ընտրած մասնագիտությունը, իսկ վկայագիր ունեցող զինծառայողը՝ մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկան և մասնագիտությունը, որոնք լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 91-րդ կետով սահմանված արտոնությունից:

33. Բուհի ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման գործընթացին օժանդակում է բուհի ընդունող հանձնաժողովը (այսուհետ` ընդունող հանձնաժողով):

34. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:

35. Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`

1) սույն կարգի 85-րդ, 89-րդ, 91-րդ և 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը.

2) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների էլեկտրոնային տարբերակը.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում-հայտում կատարում է համապատասխան նշում.

4) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար բուհի հաշվեհամարին փոխանցված 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

36. Սույն կարգի 89-92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:

37. Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալներն առցանց եղանակով լրացնում են իրենց ընդունելության դիմում-հայտում և մինչև տվյալ տարվա հուլիսի 12-ը ուղարկում ԳԹԿ:

38. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»,  «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաները մրցութային համարվելու դեպքում ԳԹԿ-Ն դիմորդին է տալիս վկայագիր, որը դիմորդը, բուհ ընդունվելու դեպքում, համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

39. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Դիմորդը կարող է հաջորդ տարի վերահանձնել և մասնակցել տվյալ տարվա մրցույթին ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

40. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա»,«Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:

41. Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ-ի բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:

42. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ: Ընդ որում`

1) «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)», «023201.09.6 Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» կրթական ծրագրերի)» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է.

2) «023201.00.6 Լեզվաբանություն («023201.03.6 Ռուսաց լեզու» կրթական ծրագիր)», «023102.00.6 Օտար լեզու և գրականություն («023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր) (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան)», մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից` կենտրոնացված բանավոր քննություն, «023102.00.6 Օտար լեզու և գրականություն («023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր)» մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկայից:

43. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից (ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայի գնահատականը:

44. Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը:

45. «091201.00.7 Բուժական գործ», «091101.00.7 Ստոմատոլոգիա», «091601.00.6 Ֆարմացիա», «091202.00.7 Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությունների դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը:

46. Սույն կարգի 45-րդ կետում նշված մասնագիտությունների համար մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմումհայտում առաջինը նշված առարկայի քննական գնահատականին:

 

III. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

47. Առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմումհայտից՝ մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը` մինչև ժամը 18։00-ն:

48. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվողները և առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընդունելության երկրորդ փուլի դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը` ժամը 17։ 00-ն։

 

IV. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ՝ ԿՈՐՑՐԱԾ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

49. Դիմորդը քննական թերթիկը կորցնելու մասին առցանց եղանակով տեղեկացնում է ԳԹԿ-ին:

50. ԳԹԿ-ն 24 ժամվա ընթացքում դիմորդին է տալիս նոր քննական թերթիկ։ Նոր քննական թերթիկում քննության օրերը չեն փոխվում` բացառությամբ սույն կարգի 51-րդ կետում նշված դեպքի։

51. Եթե քննական թերթիկը կորել է քննության օրը կամ տվյալ առարկայի քննությունների վերջին օրը, ապա քննական թերթիկը կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի ու ԳԹԿ-ի տվյալների բազայի հիման վրա:

 

V. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

52. Միասնական քննությունների կազմակերպումը`

1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 25-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

3) քննական կենտրոնի ղեկավարը քննական գործընթացը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.

4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 40 դիմորդի համար ԳԹԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.

6) միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են ԳԹԿ-ի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.

7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: ԳԹԿ-ի տնօրենը հաստատում է նաև պատասխանատու օպերատորների ցուցակը, ովքեր իրենց քննական կենտրոններում կազմակերպում են օպերատորների աշխատանքը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.

8) կազմակերպիչներն ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը` ԳԹԿ-ի ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը ԳԹԿ-ի ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը.

9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին 40 դիմորդի համար քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ, 40 անձից բաղկացած հաջորդ խմբի (խմբերի) համար` մեկ կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 20 և ավելի դիմորդ` ևս մեկ կազմակերպիչ.

10) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.

11) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.

12) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ, այն առևտրային բանկերից, որոնք իրականացնում են քննական թեստերի փաթեթների պահեստավորում, ստանում է քննական թեստերի փաթեթները: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.

13) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`

ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,

բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.

14) յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է պատասխանների լրացուցիչ երկու ձևաթուղթ, որոնք մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ.

15) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.

16) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.

17) դիմորդների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով.

18) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.

19) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է առնվազն երկու կազմակերպչի կողմից: Դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.

20) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.

21) քննասենյակում դիմորդներին տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը քննական կենտրոնի ղեկավարից գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ, ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքին.

22) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ ԳԹԿ-ի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.

23) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն 2 կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:

53. Միասնական քննության անցկացումը`

1) թեստերի փաթեթները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.

2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ: Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.

3) միասնական քննությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին` 9։30-ին.

4) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.

5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.

6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով՝ քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.

7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.

8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է՝ «Խոտանված է».

9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ-ի ներկայացուցիչը.

10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.

11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ:Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և այլ կապի միջոցներից: ԳԹԿ-ի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.

12) ԳԹԿ-ի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.

13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.

14) դիմորդի` քննությունից հեռացվելու փաստը դիմորդի բողոքի հիման վրա քննարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում, որն ընդունում է որոշում դիմորդին երկրորդ փուլի քննությանը թույլատրելու կամ չթույլատրելու մասին.

15) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը.

16) հարգելի պատճառով միասնական քննությանը չներկայացած (հիվանդություն, պատահար և այլն), հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդը քննություն է հանձնում երկրորդ փուլի միասնական քննության օրը։

54. Միասնական քննության ավարտը`

1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.

3) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.

4) քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.

5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:

55. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`

1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար.

2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո` նույն օրվա ընթացքում.

3) ԳԹԿ-ում քննական կենտրոնի ղեկավարի և քննական կենտրոնում ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:

56. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`

1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.

2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.

3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք:

57. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`

1) միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը՝ բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Երկրորդ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը.

2) ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.

3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից.

4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.

5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: ԳԹԿ-ն միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է դպրոցներ.

6) դպրոցը միասնական քննության ավարտական մասի արդյունքը գրանցում է դիմորդի` միջնակարգ կրթության ատեստատում.

7) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից.

8) միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում են միասնական քննություններից դիմորդի ստացած միավորները.

9) վկայագրի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

10) դիմորդները մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը վկայագրերն ստանում են դպրոցներից` ներկայացնելով քննության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձը հաստատող փաստաթուղթը:

58. Միասնական քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման բողոքարկումը`

1) բողոքարկումը կարող է լինել`

ա. քննության անցկացման կարգի խախտման մասին,

բ. քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին.

2) բողոք-դիմումը շարադրվում է ձևաթղթի վրա.

3) դիմորդը միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ ԳԹԿ-ի ներկայացուցչին.

4) պատասխանատու կազմակերպիչը բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին.

5) պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին և հանձնում կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է ԳԹԿ.

7) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.

8) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.

9) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու երկրորդ փուլի քննությանը.

10) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`

ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,

բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.

11) միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ը կարող է բողոքարկել այն.

12) արդյունքի հետ անհամաձայնության մասին բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն պատասխանատու օպերատորին, որտեղ հանձնել է քննությունը: Պատասխանատու օպերատորն ստացված բողոք-դիմումները ԳԹԿ է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում.

13) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա առաջին փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության բողոքարկման ավարտից հետո եռօրյա ժամկետում, իսկ միասնական քննությունների երկրորդ փուլի բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո եռօրյա ժամկետում:

 

VI. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՆԱՎՈՐ ԵՎ ԳՐԱՎՈՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

59. Կենտրոնացված ընդունելության քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը` մինչև տվյալ տարվա հունիսի 15-ը:

60. Կենտրոնացված ընդունելության քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա հունիսի 20-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով):

61. Քննական հանձնաժողովները կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:

62. Քննական հանձնաժողովը կազմում է քննական տոմսերը, տարբերակները և քննական այլ նյութեր, ստորագրում և ծրարում է քննական տոմսերի բնագրերը, որոնք կնքվում են գնահատման և թեստավորման կենտրոնի կնիքով և մինչև տվյալ քննության օրը պահվում ԳԹԿ-ում:

63. Քննության ավարտից հետո քննական հանձնաժողովի նախագահը կազմում ու ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն, որի պատճենը հանձնում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողովին:

64. Կենտրոնացված քննության արձանագրությունը պարտադիր կերպով ստորագրում է քննական հանձնաժողովի նախագահը:

65. Կենտրոնացված բանավոր քննության կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը`

1) կենտրոնացված բանավոր քննության քննական հանձնաժողովի նախագահը քննության օրը բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.

2) դիմորդները քննասենյակ են մտնում դիմորդների ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան.

3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ) և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են հանձնաժողովի նախագահը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու քարտուղարը.

4) դիմորդների ցուցակում դիմորդն իր անվան դիմաց ստորագրում է, որից հետո քննասենյակում ընտրում է քննատոմսը.

5) քննատոմսն ընտրելուց հետո դիմորդը քննասենյակում ստանում է բանավոր հարցման թերթ, որում կարող է գրի առնել իր պատասխանը, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները: Պատասխանին նախապատրաստվելու համար դիմորդին տրվում է առավելագույնը 40 րոպե.

6) դիմորդի պատասխանը գնահատվում է 20-միավորանոց համակարգով.

7) անբավարար գնահատականները և 8, 18-20 միավորները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.

8) դիմորդների վիճահարույց աշխատանքները գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից` քվեարկության միջոցով.

9) կենտրոնացված բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է նրա պատասխանի ավարտից անմիջապես հետո: Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողոքարկելու՝ դիմելով քննական հանձնաժողովի նախագահին՝ մինչև քննասենյակից դուրս գալը.

10) կենտրոնացված բանավոր քննության արձանագրությունը, բացի քննական հանձնաժողովի նախագահից, ստորագրում են ևս 2 քննող դասախոս.

11) կենտրոնացված բանավոր քննությունները տեսաձայնագրվում են:

66. Կենտրոնացված գրավոր քննության անցկացումը`

1) հանձնաժողովի նախագահը կենտրոնացված գրավոր քննության օրն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.

2) դիմորդների մուտքը կենտրոնացված գրավոր քննության քննական կենտրոն կատարվում է համաձայն դիմորդների ցուցակի.

3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են առարկայական հանձնաժողովի նախագահը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը կամ պատասխանատու քարտուղարը.

4) քննական հանձնաժողովի նախագահն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ ճշտում է քննությանը ներկայացած դիմորդների թիվը, որից հետո քննական տետրերը բաժանում են դիմորդներին, բացատրում տիտղոսաթերթի լրացման ձևը.

5) քննական տետրերը բաղկացած են տիտղոսաթերթից ու 10 թերթից, ծածկագրված են, կնքված գնահատման և թեստավորման կենտրոնի և ընդունող հանձնաժողովի կողմից.

6) ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ստուգում է տիտղոսաթերթի ճիշտ լրացված լինելը, կազմում արձանագրություն տիտղոսաթերթերի թվի մասին: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը ԳԹԿ-ին է հանձնում կնքված տիտղոսաթերթերը, դրանք ապածածկագրվում են, և գրանցված տվյալները մուտքագրվում են բազայում.

7) ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն արձանագրությունը ԳԹԿ-ին է հանձնում քննությունից հետո.

8) քննական տարբերակները դրվում են սեղանին, դահլիճից հրավիրվում են դիմորդներ` ընտրելու համապատասխան թվով քննական տարբերակներ: Գործընթացին կարող են ներկա լինել դիմորդների ծնողները.

9) կենտրոնացված գրավոր քննության ամբողջ ընթացքում քննասենյակում պետք է ներկա լինեն քննական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը:

67. Կենտրոնացված գրավոր քննության քննական աշխատանքների ստուգումը`

1) քննության ավարտից հետո դիմորդները քննական տետրերը հանձնում են քննական հանձնաժողովի նախագահին: Պատասխանատու քարտուղարը գրավոր աշխատանքի չլրացված տեղերում նշում է կատարում լատիներեն «զեթ» տառի տեսքով.

2) քննական հանձնաժողովի նախագահը դրանք հանձնում է հանձնաժողովի անդամներին` ստուգման.

3) ստուգումն իրականացվում է քննության օրը` քննասենյակում.

4) ստուգման ընթացքը վերահսկվում է ԳԹԿ-ի ներկայացուցչի կողմից.

5) կենտրոնացված գրավոր քննության քննական աշխատանքների ստուգումից հետո քննական հանձնաժողովի նախագահի հսկողությամբ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ստուգում է տետրերում միավորների գումարումը և վերջնական գնահատականի գրանցումը, ապածածկագրում տետրերը, կազմում քննական աշխատանքների ծածկագրերի արձանագրությունը՝ երեք օրինակից, որոնց վրա ստորագրում են առարկայական հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալները, ԳԹԿ-ի ներկայացուցիչը, պատասխանատու քարտուղարը: Պատասխանատու քարտուղարն արձանագրություններից երկուսը՝ քննական տետրերի հետ միասին, պահում է իր մոտ, իսկ բնօրինակը հանձնում քննական հանձնաժողովի նախագահին: Նշված գործընթացը վերահսկվում է ԳԹԿ-ի ներկայացուցչի կողմից.

6) անբավարար գնահատականները, 8, 18-20 միավորները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.

7) առարկայական քննական հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված քննական տետրերի ծածկագրերի արձանագրությունը մուտքագրման համար ներկայացվում է ԳԹԿ: Համեմատելով տիտղոսաթերթերը և ծածկագրերի արձանագրությունները` ԳԹԿ-ն կազմում է գնահատականների ցուցակ.

8) գնահատականների ցուցակները կենտրոնացված գրավոր քննության քննական կենտրոնում փակցվում են քննությունը հանձնելու հաջորդ օրը, ժամը 16.00-ին:

68. Կենտրոնացված գրավոր քննության գնահատականի բողոքարկումը`

1) դիմորդը կարող է բողոքարկել իր գնահատականը կենտրոնացված գրավոր քննությունների գնահատականների ցուցակները փակցնելու հաջորդ օրը` ժամը 9։00-18։00-ի ընթացքում.

2) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին: Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.

3) դիմումում նշվում է կենտրոնացված գրավոր քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.

4) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները): Մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չեն թույլատրվում.

5) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված կենտրոնացված գրավոր քննության քննական աշխատանքն ստուգած անդամը քննարկում են կենտրոնացված գրավոր քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.

6) բողոքարկված կենտրոնացված գրավոր քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.

7) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.

8) կենտրոնացված գրավոր քննական աշխատանքի գնահատականի փոփոխման դեպքում ԳԹԿ է ներկայացվում քննական հանձնաժողովի նախագահի արձանագրությունը.

9) կենտրոնացված գրավոր քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է կենտրոնացված գրավոր քննության քննական կենտրոնում.

10) կենտրոնացված գրավոր քննության բողոքարկված քննական աշխատանքի վերագնահատման հետ անհամաձայնության դեպքում բողոքարկման արդյունքի հրապարակման հաջորդ օրը ժամը 9։00-18։00-ի ընթացքում դիմորդը կարող է դիմել ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովին.

11) ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովի կողմից հրավիրված փորձագետը, որը պետք է ունենա տվյալ առարկայից դասավանդման առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության փորձ և համապատասխան ոլորտում գիտական աստիճան, ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա բողոքարկման հանձնաժողովը մեկօրյա ժամկետում ընդունում է վերջնական որոշում գնահատականը բարձրացնելու, իջեցնելու կամ նույնը թողնելու մասին.

12) սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված բողոքարկման ընթացքում վերանայվում է կենտրոնացված գրավոր աշխատանքի միայն բողոքարկված մասը.

13) գնահատականի փոփոխման դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ համապատասխան արձանագրություն է ներկայացվում ԳԹԿ-ի տնօրենին:

 

VII. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

69. Ներբուհական ընդունելության քննությունները կազմակերպվում են սույն կարգի 59-67-րդ կետերի պահանջներին համապատասխան`

1) ներբուհական ընդունելության քննություններն անցկացվում են տվյալ մասնագիտության մասնագիտական առարկաների առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան.

2) ներբուհական ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է սույն կարգի 65-րդ կետի 9-րդ ենթակետի պահանջներին համապատասխան` բացառությամբ «Երաժշտության տեսություն», «Սոլֆեջիո», «Հարմոնիա», «Կոլոքվիում», «Երաժշտական գրականություն», «Գծանկար», «Գծագրություն», «Գեղանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա», «Լուսանկարչության հիմունքներ», «Քանդակագործություն», «Նկարչության հիմունքներ», «Նկարչություն» առարկաների քննությունների արդյունքների բողոքարկման, որոնց քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է սույն կարգի 68-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

VIII. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

70. Հարգելի պատճառով (հիվանդություն, պատահար և այլն) ներբուհական և կենտրոնացված քննությանը չներկայացած դիմորդներն ընդունող հանձնաժողով են ներկայացնում դիմում և բացակայությունը հիմնավորող փաստաթղթեր: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ընդունում է դիմումները, ստուգում և փաստաթղթերը ներկայացնում բողոքարկման հանձնաժողով` լրացուցիչ քննության թույլատրելու համար:

71. Ներբուհական և կենտրոնացված քննության ընթացքում հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն հանձնաժողովի նախագահի, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ու ԳԹԿ-ի ներկայացուցչի կողմից: Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողով` քննության ավարտից անմիջապես հետո: Բողոքարկման հանձնաժողովն արձանագրության հիման վրա որոշում է ընդունում քննությունն ընդհատած դիմորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:

72. Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը բացակայած կամ քննությունն ընդհատած դիմորդները չեն կարող հանձնել այդ քննությունը:

 

IX. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

73. Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

74. Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:

75. Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

76. Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:

77. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Միասնական քննություններում դրական են համարվում 7.5 և բարձր միավորները: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Կենտրոնացված և ներբուհական քննությունների համար դրական են համարվում ութ և բարձր միավորները:

78. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաների միասնական քննությունների գնահատականները համարժեքացվում են 20-միավորային համակարգին:

79. Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննական առարկաներից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում:

80. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

81. Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

82. Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ միասնական քննության արդյունքով ու բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով (**) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով:

83. Բուհերի ընդունելության մրցույթում ընդունելության քննությունների գնահատականներն առավելություն ունեն միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականների կամ տարեկան գնահատականների նկատմամբ: Ընդ որում՝

1) մասնագիտության համար երկու աստղանիշով (**) առարկա (առարկաներ) սահմանված լինելու դեպքում մրցույթում առաջնահերթությունը տրվում է առավել թվով միասնական քննություններ հանձնած դիմորդներին.

2) նույն քանակի միասնական քննություն հանձնած և երկու աստղանիշով (**) առարկայի համար ավարտական փաստաթղթի գնահատականը ներկայացրած դիմորդների դեպքում առավելությունը տրվում է միասնականից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին.

3) միասնական քննությունից հավասար միավորների առկայության դեպքում առավելությունը տրվում է ավարտական փաստաթղթում երկու աստղանիշով (**) առարկայից առավել բարձր միավոր ունեցողին:

84. Նպատակային ուսուցման դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են`

1) անվճար ուսուցման համակարգ՝ առանձին մրցույթով՝ առաջին փուլում հայտագրած մասնագիտությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվճար տեղերի՝ մինչև 50 տոկոսի չափով.

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում՝ ընդհանուր հիմունքներով մասնակցելով վճարովի ուսուցման մրցույթին:

85. Նպատակային ուսուցման դիմած դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են համայնքի ղեկավարի կամ համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանք` նշված համայնքում կամ տվյալ պետական մարմնում կամ տվյալ պետական մարմնի ենթակայության կազմակերպություններում համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ:

86. Նպատակային ուսուցման դիմած դիմորդներն ընդունվելուց հետո, մինչև հրամանագրումը, գործուղող և ընդունող կողմերի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում են պայմանագիր:

87. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.

2) ներբուհական քննություններ հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.

3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին.

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

88. Բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (*) և երկու աստղանիշով (**), մրցույթին մասնակցելու համար`

1) մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի տվյալ առարկաների պետական ավարտական քննական գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը.

2) 10-միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,

բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,

գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,

դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,

ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,

զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,

է. «10»-ը համարժեք է 20 միավորին.

3) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5-միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,

բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,

գ. «5»-ը համարժեք է 20 միավորին։

89. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

90. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.

2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։

91. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

1) ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի: Մրցութային հավասար միավորների դեպքում մրցույթն իրականացվում է սույն կարգի 87-րդ կետի պահանջների համաձայն.

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս.

3) տվյալ մասնագիտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում, զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

92. Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան և մեգապոլիսների օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակն ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:

 

X. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

93. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքներն ամփոփելու նպատակով ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով:

94. Հանրապետական ընդունող հանձնաժողովը կազմված է 27 անդամից: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ԳԹԿ-ի երկու ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորները, ոչ պետական բուհերի ռեկտորներից ներկայացուցիչներ և պատասխանատու քարտուղարը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

95. Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ`

1) հաստատվում են անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթների արդյունքները.

2) հաստատվում են սույն կարգի 85-րդ և 89-92-րդ կետերին համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդների ընդունելության արդյունքները.

3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև անվճար, վճարովի համակարգի պահուստային տեղերը:

96. Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

97. Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

98. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

99. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հիմնական և լրացուցիչ մրցույթների արդյունքները հաստատվելուց հետո դիմորդը բուհ է ներկայացնում`

1) ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).

2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը.

4) զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում.

5) սույն կարգի 89-92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

02.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան