ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ՍնԴ/0276/04/19
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0276/04/19
Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան
Դատավորներ՝ |
Մ. Հարթենյան |
Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունվարի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի՝ անհատ ձեռնարկատեր Արմենուհի Գրիգորյանին (այսուհետ՝ Ձեռնարկատեր) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ձեռնարկատիրոջը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 27.06.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.11.2019 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 27.06.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` դիմումը թողնվել է առանց քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել սնանկության վարույթի դերը, նշանակությունը և առանձնահատկությունները՝ այն դիտարկելով որպես կողմերի միջև առաջացած վեճերի լուծմանն ուղղված ընթացակարգ և անտեսել է այն հանգամանքը, որ ո՛չ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ո՛չ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը և ո՛չ էլ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքն արբիտրաժային դատարանի քննությամբ սնանկության գործերի լուծման որևէ իրավական կարգավորում չեն նախատեսում։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկությունն ըստ էության չի հանդիսանում կողմերի միջև առաջացած վեճ, այլ իրենից ներկայացնում է պարտապանի որոշակի կարգավիճակի, այն է՝ անվճարունակության փաստի հաստատում դատարանի կողմից։
Վերոգրյալի հիման վրա Բանկը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.11.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.06.2019 թվականի վճռին, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 22.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.
1) Բանկի և Ձեռնարկատիրոջ միջև 25.12.2017 թվականին կնքված թիվ CՎԳՊ17/45-01 ֆինանսական գործառնություններ իրականացնելու գլխավոր պայմանագրի 9.6 կետի համաձայն` պայմանագրի և ֆինանսական համաձայնագրերի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, դատական կամ արբիտրաժային կարգով: Կողմերը եկել են արբիտրաժային համաձայնության այն մասին, որ սույն պայմանագրի շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը, կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է հանձնվել Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին, որում գործի քննությունն իրականացվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, հիմնարկի կանոնադրությանը և ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 13-18):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պայմանագրի կողմերի միջև ծագող վեճերը արբիտրաժում լուծելու համաձայնության առկայության դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պայմանագրային վեճերը լուծելու արբիտրաժային համաձայնության առկայությունը կարող է սահմանափակել պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու՝ պարտատիրոջ իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի միջև վեճի կարգավորում` մինչև դատարան դիմելը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): (...):
ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դրանք խարսխվում են այն տրամաբանության վրա, համաձայն որի՝ սնանկության հիմքն անվճարունակությունն է: Այդ մասին է, մասնավորապես, վկայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված դրույթը, որը և´ կամավոր սնանկության, և´ հարկադրված սնանկության դեպքում որպես սնանկության հիմք ամրագրում է պարտապանի անվճարունակության փաստը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցով էլ տարբերվում է հայցային վարույթից։ Ըստ էության, սնանկության վարույթում բացակայում է նյութաիրավական վեճը, որը հայցային վարույթի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Սնանկության գործի վարման արդյունքում սնանկության հատկանիշների առկայության դեպքում հաստատվում է պարտապանի որոշակի կարգավիճակը՝ սնանկ լինելու (անվճարունակության) փաստը, որի հիման վրա իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ։
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով արբիտրաժային համաձայնության առկայության պայմաններում գումարի բռնագանձման պահանջով արբիտրաժ դիմելու և պարտապանին սնանկ ճանաչելու դիմումով սնանկության դատարան դիմելու իրավունքների հարաբերակցությանը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝
1. նույն օրենքի դրույթները հիմնվում են հետևյալ սկզբունքների վրա և պետք է մեկնաբանվեն այդ սկզբունքներին համապատասխան.
(...)
2) կողմերն ազատ են իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների:
(...)
4. Նույն օրենքի գործողությունը չի բացառում Հայաստանի Հանրապետության մեկ այլ օրենքի գործողություն, որի համաձայն` որոշակի վեճեր չեն կարող հանձնվել արբիտրաժի լուծմանը կամ կարող են հանձնվել արբիտրաժի լուծմանը միայն այն դրույթներին համապատասխան, որոնք սահմանված չեն նույն օրենքով:
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի իմաստով`
1) «արբիտրաժ» նշանակում է ցանկացած արբիտրաժ, անկախ դրա` մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքի.
2) «արբիտրաժային տրիբունալ» նշանակում է միանձնյա արբիտր կամ արբիտրների կազմ.
(...)
4) «առևտրային» հասկացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները. (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ն ընդդեմ «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի գործով որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը, ի ապահովումն անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի, նախատեսում է դատարան դիմելու հնարավորություն: Միաժամանակ, պայմանագրային հարաբերությունների դեպքում կողմերը որոշակի ազատություն ունեն ոչ միայն պայմանագիր կնքելու, պայմանագրի տեսակները, պայմանագրի պայմանները որոշելու, այլև պայմանագրի հետ կապված վեճերի լուծման կարգը սահմանելու առումով: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանները պայմանագրային վեճեր քննելիս պետք է պարզեն նաև հետևյալ հարցը` արդյոք տվյալ պայմանագրի հետ կապված վեճի լուծման այլ կարգ է սահմանված և արդյոք այն պահպանվել է: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ հանգամանքը չի խախտում անձի` իր իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, քանի որ տվյալ դեպքն անձին ընդհանրապես չի զրկում իր` պայմանագրից ծագած իրավունքների խախտման համար դատարան դիմելու իրավունքից, այլ ուղղակի նախատեսում է դրա իրականացման որոշակի կարգ, որը, ելնելով պայմանագրային հարաբերությունների իմաստից, լիովին համաչափ է անձի սահմանադրական իրավունքների համատեքստում:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պայմանագրից բխող վեճերի կարգավորման կարգ սահմանելը գնահատելով որպես սնանկ ճանաչելու պահանջի ներկայացման սահմանափակում՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը սխալ է մեկնաբանել այն: Մասնավորապես, հիմք ընդունելով վերոնշյալ մեկնաբանությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով այդ հնարավորությունն ամենևին չի սահմանափակում պարտապանի` սնանկ ճանաչելու պահանջի ներկայացման իրավունքը և այն չի ստորադասում գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքին (տե՛ս, թիվ ԵԿԴ/0060/04/10 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքների պաշտպանության ցանկալի ձևն անձն ընտրում է իր հայեցողությամբ։ Այսինքն՝ պարտատերն իր հայեցողությամբ է որոշում՝ ներկայացնել գումարի բռնագանձման պահանջ, թե պարտապանին սնանկ ճանաչելու համար դիմել դատարան։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունից բխում է, որ առևտրային արբիտրաժը քննում է առևտրային բնույթի նյութաիրավական (քաղաքացիաիրավական) վեճեր, որը հայցային վարույթին բնորոշ հատկանիշ է (հայցային վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ տե՛ս, ըստ դիմումի՝ Արտուշ Մնացականյանի թիվ ԱՐԴ/4208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2018 թվականի որոշումը): Մինչդեռ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը, այսինքն՝ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու գործընթացը բաղկացած է մի շարք փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակներն ու խնդիրները և որպես կանոն եզրափակվում է դատական ակտի կայացմամբ: Սնանկության դատարանի գործառույթները, այդ թվում՝ սնանկության կառավարչի լիազորությունների իրականացման նկատմամբ որոշակի վերահսկողության տեսանկյունից, համադրելով «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների հետ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ընդհանուր առմամբ սնանկության գործը չի կարող համարվել նյութաիրավական վեճ, իսկ առևտրային արբիտրաժը (արբիտրաժային տրիբունալը) չի կարող վարել սնանկության գործ:
Ամփոփելով վերոգրյալը և վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի ներկայացման իրավունքը չի կարող ստորադասվել գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքին։ Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ։ Հետևաբար պայմանագրային վեճերի լուծման արբիտրաժային համաձայնության առկայությունն ինքնին չի կարող սահմանափակել պարտատիրոջ՝ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումով սնանկության դատարան դիմելու իրավունքը։ Պարտատերն ազատ է ընտրելու իր իրավունքների պաշտպանության ձևը՝ դիմելով ոչ թե արբիտրաժ՝ գումարի բռնագանձման պահանջով, այլ ՀՀ սնանկության դատարան՝ սնանկության դիմումով:
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Ձեռնարկատիրոջ միջև 25.12.2017 թվականին կնքված թիվ CՎԳՊ17/45-01 ֆինանսական գործառնություններ իրականացնելու գլխավոր պայմանագրի 9.6 կետի համաձայն` կողմերը եկել են արբիտրաժային համաձայնության այն մասին, որ պայմանագրի շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է հանձնվել Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին։
Դատարանը, գտնելով, որ առկա են Ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հատկանիշները, Բանկի դիմումի հիման վրա, Ձեռնարկատիրոջը ճանաչել է սնանկ։ Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրել է հետևյալը. «կողմերի միջև ծագած վեճերը բացի «արբիտրաժային կարգով» լուծելու հնարավորությունից, ծագած վեճերի դեպքում կողմերը զրկված չեն իրավունքների խախտման համար դատարան դիմելու իրավունքից, հետևաբար պարտապանի կողմից պարտավորությունների կետանցի առկայության պայմաններում բանկն իրավունք ունի ընտրելու իր իրավունքների պաշտպանության ձևը»։
Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը, փոփոխել է այն և Բանկի դիմումը` Ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու պահանջի մասին, թողել է առանց քննության՝ գտնելով, որ առկա է դիմումն առանց քննության թողնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ սույն դեպքում կողմերի միջև առկա է եղել վեճերի լուծման արբիտրաժային համաձայնություն, որին օրենքով սահմանված ժամկետում հղում է կատարել պարտապանը:
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` (...)
3) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա արբիտրաժային համաձայնությանը, և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ այն դեպքի, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը. (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի ներկայացման իրավունքը չի ստորադասվում գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքին, ուստի պայմանագրային վեճերի լուծման արբիտրաժային համաձայնության առկայությունը ոչ մի կերպ չի սահմանափակում պարտատիրոջ՝ սնանկության դիմում ներկայացնելու իրավունքը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով, չնայած այն հանգամանքին, որ Բանկի և Ձեռնարկատիրոջ միջև կնքված պայմանագրով նախատեսվել է ծագած վեճերի քննությունն արբիտրաժին հանձնելու պայման, այդուհանդերձ պարտապանի կողմից պարտավորությունների կետանցի առկայության պայմաններում՝ Բանկն իրավունք ուներ ընտրելու իր իրավունքների պաշտպանության ձևը։ Այսինքն՝ թեպետև կողմերի միջև առկա է պայմանագրային վեճերի լուծման արբիտրաժային համաձայնություն, Բանկն ընտրել է իր իրավունքների պաշտպանության հետևյալ ձևը. Ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու դիմումով դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ ինչն ուղղակիորեն բխում է անձի՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության ձևն իր հայեցողությամբ ընտրելու իրավունքից:
Սույն որոշման պատճառաբանությունների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պայմանագրով սահմանված դրույթն առ այն, որ պայմանագրի շուրջ ծագած վեճերը պետք է հանձնվեն Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին, ինքնին արգելք չէ սնանկության հատկանիշների առկայության պարագայում սնանկության դիմում ներկայացնելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատական իրավունքների նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ սահմանափակելով Բանկի դատական պաշտպանության իրավունքը և խաթարելով սնանկության վարույթի էությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 27.06.2019 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ձեռնարկատիրոջից հօգուտ Բանկի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.11.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 27.06.2019 թվականի վճռին։
2. Անհատ ձեռնարկատեր Արմենուհի Գրիգորյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|