Գլխավոր տեղեկություն
Համար
N 1667-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.04.2021-24.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.16/3(943) Հոդ.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1667-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ուսուցչի վերապատրաստումը երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն) ուսուցչի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման և կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է դասընթացների միջոցով:

3. Վերապատրաստման դասընթացը վերապատրաստումների ծրագրին համապատասխան բովանդակությամբ ուսումնական պարապմունքների շարք է, որը նպատակաուղղված է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և իրականացվում է վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից (այսուհետ՝ կազմակերպության դասընթաց) կամ երաշխավորված դասընթացի միջոցով (այսուհետ՝ դասընթաց):

4. Կազմակերպության դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից և իրականացվում է նախարարության սահմանված ժամկետում՝ առկա կամ հեռավար եղանակով՝ ուսումնական հաստատության միջոցների հաշվին և ուսուցչի ընտրությամբ։

5. Դասընթացը միջազգային կամ առցանց հարթակներում գործող կազմակերպությունների կողմից իրականացվող և նախարարության կողմից երաշխավորված գործընթաց է, որն իրականացվում է առկա կամ հեռավար եղանակով, վճարովի կամ անվճար ձևով՝ ուսուցչի ընտրությամբ և ուսուցչի միջոցների հաշվին:

6. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):

7. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին:

8. Եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում, ապա վերջինս վերապատրաստման ընթացքում ազատվում է իր պաշտոնական պարտականությունների կատարումից՝ վարձատրության պահպանմամբ:

 

2. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ ուսուցչի հերթական ատեստավորման ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան:

10. Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, մինչև մայիսի 1-ը կատարում է համապատասխան նշում՝ «ենթակա է ատեստավորման»։

11. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում «ենթակա է ատեստավորման» նշման հիման վրա նախարարությունը 10-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները:

12. Նախարարի հրամանով հաստատվում է տվյալ ուսումնական տարում վերապատրաստումների ժամանակացույցը, վերապատրաստող կազմակերպությունների, առկա և հեռավար դասընթացների ցանկը (հայալեզու, ըստ անհրաժեշտության, նաև օտար լեզվով)` ըստ նրանց կողմից իրականացվող ծրագրի բաղադրիչի և ուսումնական առարկայի, և հրապարակվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, նախարարության պաշտոնական կայքում և զանգվածային լրատվության միջոցներում:

13. Ուսուցիչների վերապատրաստման մոդուլները մշակվում են վերապատրաստող կազմակերպության կողմից` նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա, և վերապատրաստումն սկսվելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ ներկայացնում են նախարարություն՝ հաստատման:

14. Կազմակերպության դասընթացներն սկսվում են վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից ոչ շուտ, քան մեկ ամիս հետո, իսկ դասընթացները կարող են իրականացվել ինչպես ցանկի հրապարակումից հետո, այնպես էլ հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ՝ մեկ տարվա ընթացքում:

15. Ուսումնական հաստատությունը, հիմնվելով ուսուցիչների կարծիքների ու առաջարկությունների վրա, վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից, ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաղադրիչների, ընտրում է վերապատրաստող կազմակերպություն և (կամ) դասընթաց` վերապատրաստման ենթակա ուսուցիչների՝ կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով:

16. Վերջին ատեստավորումից հետո մինչև հաջորդ ատեստավորումն ընկած ժամանակահատվածում դասընթացների մասնակցելով՝ ուսուցիչը կարող է կուտակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող վկայականը ներկայացնել դպրոցի տնօրենին: Այդ դեպքում ուսուցիչն իրավունք ունի չմասնակցելու վերապատրաստման ծրագրով նախատեսված համապատասխան բաղադրիչին:

17. Ուսուցչի և նրան ներկայացրած ուսումնական հաստատության հետ վերապատրաստող կազմակերպությունը կնքում է եռակողմ պայմանագիր: Պայմանագրում նշվում է վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչը, որին մասնակցելու է ուսուցիչը, և որի համար վճարելու է ուսումնական հաստատությունը:

18. Եթե ուսուցիչն ավարտել է դասընթացը, վճարել է դրա համար, հավաքել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված կրեդիտներ, ապա ուսումնական հաստատությունը ներկայացված անդորրագրի հիման վրա փոխհատուցում է նրա վճարած գումարը, բայց ոչ ավելի, քան վերապատրաստման այդ բաղադրիչի համար սահմանել է պետությունը:

19. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ գրավոր ձևով ուսուցչին տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին:

20. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթ:

21. Տնօրենն ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ ուսուցչի բնութագրի բաժնում:

22. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրում է մասնակիցների՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքները:

23. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն՝ համաձայն ձևի:

 

Ձև

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Կազմակերպության անվանումը.

2. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները).

3. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).

4. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) մասնակիցների ցանկը՝ ըստ խմբերի, որտեղ նշվում է՝

1) ուսուցչի անունը և ազգանունը,

2) ուսուցչի դպրոցը,

3) ուսուցչի դասավանդած առարկան,

4) ուսուցչի՝ դասընթացից բացակայած ժամերի թիվը,

5) ուսուցչի հավաքած կրեդիտները՝ ըստ բաղադրիչների,

6) ուսուցչի հավաքած կրեդիտների ընդհանուր թիվը,

7) ուսուցչի մասնակցության բնութագիրը.

5. Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրված մասնակիցների ավարտական հետազոտական աշխատանքների հղումները՝ ըստ խմբերի:

(հավելվածը խմբ. 01.04.21 N 466-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան