Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-35-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.12.2003-27.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.24/62(297) Հոդ.1231
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի նոյեմբերի 18-ին

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) ծառայության հիմնական սկզբունքները, քրեակատարողական ծառայության մարմինների և հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ծառայություն անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Քրեակատարողական ծառայությունը

 

1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների և գործառույթների իրականացումը:

2. Քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

Քրեակատարողական ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

4. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

 

Հոդված 3.

Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 4.

Քրեակատարողական ծառայության կազմը

 

1. Քրեակատարողական ծառայությունը բաղկացած է՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնից (այսուհետ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին).

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տարածքային մարմիններից (այսուհետ՝ քրեակատարողական ծառայության տարածքային մարմին).

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկ):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ քրեակատարողական ծառայության ենթակայությամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, հոգեբանական ախտորոշման, գիտահետազոտական, բուժական, կրթական և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

 

Հոդված 5.

Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրները

 

1. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի կողմից նշանակված պատիժները (այսուհետ՝ պատիժներ) կատարելը՝ օրենքով սահմանված կարգով.

2) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելը.

3) անձանց՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը.

4) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը.

5) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների՝ իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը.

6) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը.

7) կալանավորվածների և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման պատշաճ պայմաններ ապահովելը.

8) կալանավորվածների և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելը.

9) քրեակատարողական հիմնարկների ու մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների զարգացում ապահովելը.

10) կալանավորվածների և դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը:

Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաև օրենքով նախատեսված այլ խնդիրներ:

2. Քրեակատարողական ծառայության՝ խնդիրների իրականացման նպատակով քրեակատարողական ծառայության՝ ըստ ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 6.

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը

 

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն է, որն իրականացնում է քրեակատարողական ծառայության տարածքային մարմինների, քրեակատարողական հիմնարկների ու հատուկ նշանակության ստորաբաժանման գործունեության ղեկավարում և վերահսկողություն:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հիմնարկ է:

 

Հոդված 7.

Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինները

 

Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինները քրեակատարողական տեսչություններն են, որոնք քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են: Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքի համայնքներում։ Մարզային քրեակատարողական տեսչությունը մարզի ենթատարածքներում կարող է ունենալ նստավայրեր։

 

Հոդված 8.

Քրեակատարողական հիմնարկները

 

1. Քրեակատարողական հիմնարկներ են ուղղիչ հիմնարկները և կալանավորվածներին պահելու վայրերը:

2. Քրեակատարողական հիմնարկների տեսակները և լրակազմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

3. Քրեակատարողական հիմնարկներն ստեղծում, վերակազմակերպում և դրանց գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 9.

Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը

 

1. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

2. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանը, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներ, ինչպես նաև աջակցում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին:

 

Հոդված 10.

Քրեակատարողական ծառայության համակարգում գործող հիմնադրամը

 

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների սոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու նպատակով քրեակատարողական ծառայության համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է հիմնադրամ, որը գործում է հիմնադրամի կանոնադրության համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 11.

Քրեակատարողական ծառայության պաշտոնները

 

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ՝

- քրեակատարողական վարչության պետ,

- քրեակատարողական վարչության պետի տեղակալ,

- քրեակատարողական վարչության աշխատակազմի ղեկավար.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ՝

- քրեակատարողական հիմնարկի պետ,

- քրեակատարողական վարչության բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,

- քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար,

- քրեակատարողական վարչության մամլո քարտուղար,

- քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ,

- քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ՝

- քրեակատարողական վարչության բաժանմունքի պետի տեղակալ,

- քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ,

- քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ,

- քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ,

- քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ,

- քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ,

- քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,

- քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,

- քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետի տեղակալ,

- քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.

4) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝

- քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ:

2. Քրեակատարողական ծառայությունում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են քրեակատարողական ծառայողներ:

 

Հոդված 12.

Քրեակատարողական ծառայողների կոչումները

 

1. Քրեակատարողական ծառայողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները.

- արդարադատության գեներալ-լեյտենանտ,

- արդարադատության գեներալ-մայոր,

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ,

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ,

- արդարադատության կրտսեր լեյտենանտ,

- արդարադատության ավագ ենթասպա,

- արդարադատության ենթասպա,

- արդարադատության ավագ,

- արդարադատության ավագ սերժանտ,

- արդարադատության սերժանտ,

- արդարադատության կրտսեր սերժանտ,

- արդարադատության եֆրեյտոր,

- արդարադատության շարքային:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների համար սահմանված արդարադատության գեներալ-լեյտենանտ և արդարադատության գեներալ-մայոր կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Քրեակատարողական ծառայության պաշտոնների կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները շնորհում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը:

5. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

6. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ:

7. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 13.

Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները

 

Քրեակատարողական ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ՝ արդարադատության գեներալ-լեյտենանտ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ՝ արդարադատության գնդապետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ՝ արդարադատության փոխգնդապետ.

4) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝ արդարադատության կրտսեր լեյտենանտ:

 

Հոդված 14.

Կոչումների շնորհման ժամկետները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) քրեակատարողական ծառայության պաշտոնների կրտսեր խմբի կոչումներ՝ վեց ամիս.

2) քրեակատարողական ծառայության պաշտոնների առաջատար խմբի կոչումներ՝

- արդարադատության լեյտենանտ՝ 1 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ՝ 2 տարի,

- արդարադատության կապիտան՝ 3 տարի.

3) քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր խմբի կոչումներ՝

- արդարադատության մայոր՝ 3 տարի,

- արդարադատության փոխգնդապետ՝ 4 տարի:

Արդարադատության գնդապետի, արդարադատության գեներալ-մայորի և արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում:

3. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների, որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 15.

Կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

 

1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման մասին հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:

2. Քրեակատարողական ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է սույն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 16.

Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով օրենքով սահմանված կարգով անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի, տիրապետում է հայերենին, իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները` անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Քրեակատարողական ծառայող կարող է լինել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Մասնագիտական աշխատանքային փորձ չունենալու դեպքում քրեակատարողական ծառայող կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով մինչև մեկ ամիս ժամկետով անցել է ստաժավորում:

4. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

 

Հոդված 17.

Քրեակատարողական ծառայողի երդումը

 

1. Քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակվող անձինք Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունում պաշտոն ստանձնելով` երդվում եմ.

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել պարտականություններս»:

2. Քրեակատարողական ծառայողը երդում տալիս է մեկ անգամ, անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քրեակատարողական ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

 

Հոդված 18.

Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը

 

1. Քրեակատարողական ծառայողներին քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։

2. Քրեակատարողական ծառայողներին քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը:

3. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, հատուկ նշանակության ստորաբաժանման և տարածքային մարմինների վարձու աշխատողներին աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը:

4. Քրեակատարողական հիմնարկի վարձու աշխատողներին աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

 

Հոդված 19.

Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավար՝ վարչության պետ, կարող է նշանակվել քրեակատարողական այն ծառայողը, ով նշանակման պահին զբաղեցնում է քրեակատարողական ծառայության բարձրագույն պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

2. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբում պաշտոնի կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կամ պետական այլ մարմնում՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնին համապատասխան խմբում պաշտոն զբաղեցնող և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացին:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում, բացառությամբ ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնների, կարող են նշանակվել քրեակատարողական այն ծառայողները, ովքեր ունեն տվյալ պաշտոնի համար՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված առավելագույն կոչումից երկու աստիճանով ոչ ցածր կոչում:

4. Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբից խումբ առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում՝ թափուր պաշտոնի համար նախատեսված առավելագույն կոչումից երկու աստիճանով ոչ ցածր կոչումով առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

5. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

6. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում կարող են նշանակվել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 20.

Քրեակատարողական ծառայողի ատեստավորման կարգը և պայմանները

 

1. Յուրաքանչյուր տարի քրեակատարողական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա կամ քրեակատարողական ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քրեակատարողական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածի քրեակատարողական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Քրեակատարողական ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել՝ քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

11. Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

12. Ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեստավորման օրվանից մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, որն ընդունում է համապատասխան որոշում:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Քրեակատարողական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա ծառայության ներկայանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:

14. Ատեստավորման արդյունքները պահվում են քրեակատարողական ծառայողի անձնական գործում:

 

Հոդված 21.

Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

 

1. Քրեակատարողական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ:

2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում քրեակատարողական ծառայողներն անցնում են մինչև երեք ամիս ժամկետով վերապատրաստում:

3. Հատուկ ուսուցում անցնելուց հետո քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրել, պահել և գործադրել (կիրառել) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

4. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Քրեակատարողական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին վերապատրաստվելուց կամ հատուկ ուսուցում անցնելուց հետո մեկ տարուց պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է ծառայություն չանցած ամիսներին համապատասխան՝ կատարված ծախսը 12 ամսվա կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման համար կատարված ծախսերը:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

Հոդված 22.

Քրեակատարողական ծառայողին նրա համաձայնությամբ այլ պաշտոնի փոխադրելը

 

Քրեակատարողական ծառայողը կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր՝ իր դիմումի համաձայն՝ տվյալ պաշտոնում առնվազն 6 ամիս ծառայելուց հետո:

 

Հոդված 23.

Քրեակատարողական ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել՝

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում՝ ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) ատեստավորման արդյունքում՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում.

4) քրեակատարողական ծառայողի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ և տատ) քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելու ընթացքում:

2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:

 

Հոդված 24.

Այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբերում քրեակատարողական ծառայողներին, սույն օրենքով սահմանված կարգով, այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների կրտսեր խմբում քրեակատարողական ծառայողներին, սույն օրենքով սահմանված կարգով, այլ պաշտոնի փոխադրում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 25.

Քրեակատարողական ծառայողի իրավունքները

 

Քրեակատարողական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին՝ իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) դրամական բավարարում ստանալը.

6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը.

8) կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.

9) նշանակման և ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

10) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Քրեակատարողական ծառայողը կարող է ունենալ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

 

Հոդված 26.

Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

 

Քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություն ներկայացնելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

7) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.

8) ծառայողական կանոնակարգերը պահպանելը:

Քրեակատարողական ծառայողի համար սույն օրենքով և այլ օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Հոդված 27.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ:

 

Հոդված 28.

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը

 

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում և վերահսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների, կարգադրությունների կատարումը.

3) հրապարակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ.

4) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ քրեակատարողական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

6) քննում է քրեակատարողական ծառայողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է անօրինական որոշումները.

7) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին և վարձու աշխատողներին.

8) կատարում է աշխատանքի բաժանում իր, աշխատակազմի ղեկավարի և իր տեղակալների միջև.

9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 29.

Քրեակատարողական ծառայության տարածքային մարմնի ղեկավարը

 

1. Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինը ղեկավարում է քրեակատարողական տեսչության պետը, որը՝

1) կազմակերպում և վերահսկում է տարածքային մարմնի՝ օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման աշխատանքները.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանների, կարգադրությունների և հրահանգների կատարումը.

3) համակարգում է տարածքային մարմնի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների աշխատանքները, առաջարկություններ է ներկայացնում տեսչության քրեակատարողական ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.

4) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին՝ քրեակատարողական ծառայողներին և վարձու աշխատողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

5) ենթակայության կարգով քննում է քրեակատարողական ծառայողների գործողությունների դեմ բերված բողոքները.

6) սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին՝ քրեակատարողական ծառայության տարածքային մարմնի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ.

7) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական ծառայության տարածքային մարմնի ղեկավարը պատասխանատվություն է կրում տեսչության խնդիրների իրականացման համար։

 

Հոդված 30.

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը

 

1. Քրեակատարողական հիմնարկը ղեկավարում է պետը, որը՝

1) կազմակերպում և վերահսկում է քրեակատարողական հիմնարկի՝ օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման աշխատանքները.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանների, կարգադրությունների և հրահանգների կատարումը, առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին քրեակատարողական հիմնարկի ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.

3) կատարում է աշխատանքի բաժանում իր, աշխատակազմի ղեկավարի և իր տեղակալների միջև.

4) համակարգում է քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների աշխատանքները.

5) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին՝ քրեակատարողական ծառայողներին և վարձու աշխատողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

6) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին և վարձու աշխատողներին.

7) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքներում անվտանգության և պահպանության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

8) սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին՝ քրեակատարողական հիմնարկի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ.

9) դատապարտյալներին աշխատանքի ներգրավելու, քրեակատարողական հիմնարկի սոցիալական ոլորտը զարգացնելու նպատակով կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի՝ պայմանագրային հիմունքներով մասնակցությունը կազմակերպական-իրավական ցանկացած ձևի կազմակերպությունների գործունեությանը.

10) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս է ցուցումներ.

11) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատասխանատվություն է կրում հիմնարկի խնդիրների իրականացման համար։

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 31.

Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը

 

1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման, ինչպես նաև հանդերձանքի և իր ցանկությամբ պարենային ապահովման կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցման իրավունք:

2. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը ձևավորվում է՝

1) հիմնական աշխատավարձից՝ պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և ծառայողի ունեցած աշխատանքային ստաժով.

2) լրացուցիչ աշխատավարձից՝ աշխատանքի հատուկ պայմանների և աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.

3) կոչման համար տրվող հավելավճարից.

4) նյութական խրախուսման համար տրվող պարգևատրումներից.

5) գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից.

6) երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից.

7) այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար տրվող հավելավճարից:

3. Քրեակատարողական ծառայության հիմնական աշխատավարձի համակարգը՝

1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում՝ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (տե՜ս աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1. Քրեակատարողական ծառայության պաշտոնային դրույքաչափերի համակարգը.

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ Աշխատավարձի բնականոն աճը և մակարդակները
  Յուրաքանչյուր տարի երկու տարին մեկ երեք տարին մեկ աճ չկա
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1. Բարձրագույն խմբի պաշտոններ                      
-քրեակատարողական վարչության պետ 4,38 4,53 4,68 4,83 4,98 5,13 5,28 5,43 5,58 5,73 5,88
-քրեակատարողական վարչության պետի տեղակալ 4,0 4,15 4,30 4,45 4,60 4,75 4,90 5,05 5,20 5,35 5,50
-քրեակատարողական վարչության աշխատակազմի ղեկավար 4,0 4,15 4,30 4,45 4,60 4,75 4,90 5,05 5,20 5,35 5,50
-քրեակատարողական հիմնարկի պետ 3,78 3,88 3,98 4,08 4,18 4,28 4,38 4,48 4,58 4,68 4,78
2. Գլխավոր խմբի պաշտոններ                      
-քրեակատարողական վարչության բաժնի պետ 3,78 3,88 3,98 4,08 4,18 4,28 4,38 4,48 4,58 4,68 4,78
-քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ 3,78 3,88 3,98 4,08 4,18 4,28 4,38 4,48 4,58 4,68 4,78
-քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար 3,38 3,48 3,58 3,68 3,78 3,88 3,98 4,08 4,18 4,28 4,38
-քրեակատարողական վարչության մամլո քարտուղար 3,38 3,48 3,58 3,68 3,78 3,88 3,98 4,08 4,18 4,28 4,38
-քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 4,0 4,1 4,2 4,3
-քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 4,0 4,1
3. Առաջատար խմբի պաշտոններ                      
-քրեակատարողական վարչության բաժանմունքի պետի տեղակալ 2,91 3,01 3,1 3,19 3,28 3,37 3,46 3,55 3,64 3,73 3,82
-քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ 2,81 2,90 2,99 3,08 3,17 3,26 3,35 3,44 3,53 3,62 3,71
-քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ 2,71 2,80 2,89 2,98 3,07 3,16 3,25 3,34 3,43 3,52 3,61
-քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ 2,61 2,70 2,79 2,88 2,97 3,06 3,15 3,24 3,33 3,42 3,51
-քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ 2,41 2,49 2,57 2,65 2,73 2,81 2,89 2,97 3,05 3,13 3,21
-քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ 2,41 2,49 2,57 2,65 2,73 2,81 2,89 2,97 3,05 3,13 3,21
-քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ 2,31 2,38 2,45 2,52 2,59 2,66 2,73 2,80 2,87 2,94 3,01
-քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ 2,31 2,38 2,45 2,52 2,59 2,66 2,73 2,80 2,87 2,94 3,01
-քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար 2,21 2,28 2,35 2,42 2,49 2,56 2,63 2,70 2,77 2,84 2,91
-քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ 2,21 2,28 2,35 2,42 2,49 2,56 2,63 2,70 2,77 2,84 2,91
-քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետի տեղակալ 2,11 2.17 2.23 2.29 2.35 2.41 2.47 2.53 2.59 2.65 2.71
- քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ 2,01 2,07 2,13 2,19 2,25 2,31 2,37 2,43 2,49 2,55 2,61
-քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ 1,91 1,97 2,03 2,09 2,15 2,21 2,27 2,33 2,39 2,45 2,51
-քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ 1,81 1,87 1,94 2,01 2,08 2,15 2,22 2,29 2,36 2,43 2,50
4. Կրտսեր խմբի պաշտոններ                      
-քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ 1,34 1,38 1,43 1,47 1,51 1,56 1,6 1,65 1,70 1,75 1,81
-քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ 1,25 1,29 1,34 1,38 1,42 1,47 1,51 1,56 1,61 1,66 1,72
-քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ 1,16 1,19 1,23 1,27 1,30 1,34 1,38 1,43 1,47 1,51 1,56
-քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ 1,08 1,11 1,15 1,19 1,22 1,26 1,30 1,35 1,39 1,43 1,48
-քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ 1,0 1,03 1,06 1,09 1,13 1,16 1,19 1,23 1,27 1,30 1,34

 

3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է՝ բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան՝ տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

5) աշխատավարձի հաշվարկման համար քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժի մեջ ներառվում է հատուկ կամ զինվորական կոչում, դասային աստիճան կամ որակավորման դաս կրելու ընթացքում եղած աշխատանքային ստաժը:

4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին՝ 1.0 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

5. Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:

6. Լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Կոչման համար սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետևյալ չափերով.

 

Արդարադատության գեներալ-լեյտենանտ 2.5
Արդարադատության գեներալ-մայոր 2.2
Արդարադատության գնդապետ 1.8
Արդարադատության փոխգնդապետ 1.7
Արդարադատության մայոր 1.4
Արդարադատության կապիտան 1.3
Արդարադատության ավագ լեյտենանտ 1.2
Արդարադատության լեյտենանտ 1.1
Արդարադատության կրտսեր լեյտենանտ 1.0
Արդարադատության ավագ ենթասպա 0.8
Արդարադատության ենթասպա 0.7
Արդարադատության ավագ 0.6
Արդարադատության ավագ սերժանտ 0.5
Արդարադատության սերժանտ 0.4
Արդարադատության կրտսեր սերժանտ 0.3
Արդարադատության եֆրեյտոր                                         0.2
Արդարադատության շարքային                                         0

 

8. Գիտական աստիճանի համար տրվող հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով:

9. Այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար հավելավճարը վճարվում է տվյալ պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնն զբաղեցնող քրեակատարողական ծառայողն այդ պարտականությունների կատարումը համատեղում է իր պաշտոնեական պարտականությունների հետ:

Քրեակատարողական ծառայության պաշտոնային խմբերում ընդգրկված հաստիքային տեղակալներին իրենց անմիջական պետերի պարտականությունների ժամանակավոր կատարման համար հավելավճար չի վճարվում:

 

Հոդված 32.

Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը և սոցիալական ապահովությունը

 

1. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո, և նրանց անվտանգությունը երաշխավորվում է օրենքով:

2. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 33.

Քրեակատարողական ծառայողի համազգեստը, վկայականը

 

1. Քրեակատարողական ծառայողը ծառայողական պարտականությունները կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը, ինչպես նաև կրելու և հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Քրեակատարողական ծառայողին համազգեստ տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած ժամկետներում: Քրեակատարողական ծառայողը երկու տարուց պակաս կամ համազգեստ կրելու համար սահմանված ժամկետից պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է փոխհատուցել իրեն համազգեստ հատկացնելու համար կատարված ծախսերը ծառայություն չանցած ամիսներին համապատասխան` համազգեստի համար կատարված ծախսը սահմանված ժամկետի կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իրեն համազգեստ հատկացնելու համար կատարված ծախսերը:

2. Քրեակատարողական ծառայողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած միասնական նմուշի վկայականներ:

 

Հոդված 34.

Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Քրեակատարողական ծառայողն իրավունք չունի՝

1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և բուժական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինել որևէ կուսակցության, կրոնական կազմակերպության անդամ.

8) կազմակերպել գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր և (կամ) մասնակցել դրանց:

2. Քրեակատարողական ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Հոդված 35.

Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակի տևողությունը

 

1. Քրեակատարողական ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակների կամ արտակարգ դեպքերի կապակցությամբ ուժեղացված ծառայության անցնելու ժամանակ կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության:

3. Ոչ հերթափոխային ծառայության դեպքում քրեակատարողական ծառայողին օրական չորս ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի տասներկու ժամը: Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի հարյուր քսան ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

4. Արտաժամյա ծառայության ներգրավման ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 36.

Քրեակատարողական ծառայողին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատելը

 

Քրեակատարողական ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնեական պարտականությունների կատարումից, սակայն մեկ տարվա ընթացքում չորս ամսից ոչ ավելի ժամանակով:

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 37.

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) կրծքանշանով պարգևատրում:

2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը, իսկ 1-ին կետով նախատեսված խրախուսանքը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:

 

Հոդված 38.

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում կամ այլ պաշտոնի փոխադրում.

4) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:

 

Հոդված 39.

Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև նշանակումից վեց ամիս հետո՝ մինչև մեկ տարին լրանալը, եթե քրեակատարողական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

6. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

 

Հոդված 40.

Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

 

1. Քրեակատարողական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Քրեակատարողական ծառայողը, սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս, պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

3. Ակնհայտ անօրինական հրամանը (հրահանգը և կարգադրությունը) չկատարելը քրեակատարողական ծառայողին ազատում է հրամանը չկատարելու համար պատասխանատվությունից:

 

Գ Լ ՈՒ Խ 12

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 41.

Քրեակատարողական ծառայությունից ազատելը

 

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քրեակատարողական ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.        

5) առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է երեք և ավելի կարգապահական տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

8) սույն օրենքի 34-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

9) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.

10) քրեակատարողական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում չորս ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում՝ չհաշված նախածննդյան և հետծննդյան արձակուրդը.

12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում:

2. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:

 

Հոդված 42.

Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է՝

1) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ այլ պաշտոնի նշանակվելիս.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա.

5) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

6) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատված քրեակատարողական ծառայողը չորս ամսվա ընթացքում այլ պաշտոնի չանցնելու դեպքում համարվում է քրեակատարողական ծառայությունից ազատված, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատված, սակայն քրեակատարողական ծառայությունից չազատված քրեակատարողական ծառայողն ստանում է դրամական բավարարում երկու ամսվա համար:

3. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատված քրեակատարողական ծառայողը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից ավելի կարող է չազատվել քրեակատարողական ծառայությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի ներկայացմամբ գտնվել քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում:

 

Հոդված 43.

Քրեակատարողական ծառայությունում տարիքային սահմանափակումները

 

1. Քրեակատարողական ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար 50 տարեկանը, առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար՝ 55 տարեկանը, իսկ գլխավոր և բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների համար՝ 60 տարեկանը:

2. Քրեակատարողական ծառայողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը քրեակատարողական ծառայողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մեկ տարով, բայց ոչ ավելի, քան հինգ անգամ:

3. Քրեակատարողական ծառայությունից ազատումը սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին:

 

Հոդված 44.

Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները և կենսաթոշակի ապահովումը

 

Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 13

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 45.

Ծառայության կամ պաշտոնում վերականգնումը

 

Ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված կամ փոխադրված քրեակատարողական ծառայողը ենթակա է իր ծառայությունում կամ պաշտոնում վերականգնման: Անհիմն կամ անօրինական իջեցված կոչումը ենթակա է վերականգնման:

 

Հոդված 46.

Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները

 

Ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատելու հետ չհամաձայնվելու դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է վերադասության և դատական կարգով բողոքարկել այդ հրամանը՝ հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

Հոդված 47.

Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

 

1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում՝ նրան չվճարված դրամական բավարարման չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Քրեակատարողական այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, հատուցումը վճարվում է նրանց՝ ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

 

Գ Լ ՈՒ Խ 14

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 48.

Քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պահպանումը

 

Քրեակատարողական ծառայողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:

 

Հոդված 49.

Քրեակատարողական ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը

 

1. Քրեակատարողական ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

2. Քրեակատարողական ծառայողի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 50.

Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելը

 

1. Քրեակատարողական ծառայողը ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ իրավունք ունի գործադրել իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքերում:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

 

Հոդված 51.

Հրազեն գործադրելը

 

1. Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի հրազեն գործադրել`

1) իր վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգը.

2) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:

2. Հրազենի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշական կրակոց:

3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

4. Քրեակատարողական ծառայողին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 52.

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման պայմաններն ու սահմանները

 

1. Քրեակատարողական ծառայողը, սույն օրենքի 50-51-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս քրեակատարողական ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում քրեակատարողական ծառայողի կյանքի կամ առողջության համար կամ, երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Քրեակատարողական ծառայողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է վարչության պետին, իսկ մարմնական վնասվածք կամ մահ պատճառելու դեպքում՝ նաև դատախազին:

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 53.

Քրեակատարողական ծառայողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ

 

1. Քրեակատարողական ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան:

2. Քրեակատարողական ծառայողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների և այլ իրավախախտումների համար:

3. Քրեակատարողական ծառայողի կողմից անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Քրեակատարողական ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով: Քրեակատարողական ծառայողի կողմից կիրառվող հարկադրանքի միջոցներն են՝

1) հրազենի գործադրումը.

2) ֆիզիկական ուժի կիրառումը.

3) հատուկ միջոցների կիրառումը:

Հրազենի և հատուկ միջոցների հատկացման ու պահման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 54.

Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները

 

1. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով տեխնիկական-տնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնող դատապարտյալները ծառայողներ չեն համարվում, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած նմուշի վկայականներ:

 

Հոդված 55.

Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովումը

 

Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 56.

Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 15

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 57.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: 

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի հուլիսի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինների վերաբերյալ՝ սույն օրենքով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո:

 

Հոդված 58.

Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումը

 

Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամիս անց, և ավարտվում է 2006 թվականի հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է քրեակատարողական ծառայողների մեկ երրորդը:

 

Հոդված 59.

Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

 

1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

2. Քրեակատարողական ծառայողին սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված և սահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:

 

Հոդված 60.

Նախկինում շնորհված կոչումները

 

1. Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու կապակցությամբ քրեակատարողական ծառայողներին նախկինում շնորհված կոչումները, անկախ քրեակատարողական ծառայողների զբաղեցրած պաշտոններից, պահպանվում և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

2. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

 

Հոդված 61.

Վարձատրության նոր համակարգի ներդրումը

 

1. Վարձատրության նոր համակարգը ներդրվում է 2004 թվականի հունվարի 1-ից: Մինչև վարձատրության նոր համակարգի ներդրումը ծառայողների վարձատրությունը կատարվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման չափի նվազեցման:

3. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ, 5-6-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի պահպանման համար 2003 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների տնտեսման հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-35-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.07.2005, ՀՕ-160-Ն 27.08.2005, ՀՕ-35-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան