Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (05.03.2021-24.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2021 թվականի N 218-Լ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 02.03.21 N 265-Լ)

1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել՝

1) մինչև 2021 թվականի մարտի 19-ը՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայում առկա՝ 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝ 63 տարին լրացած կենսաթոշակառուների և անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների, մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ երեխա) դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի (ծնողի կամ խնամակալի, ում պետք է տրամադրվի ամսական դրամական օգնությունը) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ երեխայի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).

2) մինչև 2021 թվականի մարտի 19-ը՝ հաշմանդամ ճանաչված անձի՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, եթե նա 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ չունի կենսաթոշակ ստանալու իրավունք.

3) ըստ անհրաժեշտության՝ 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսների համար՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն տրամադրված տվյալների փոփոխությունները՝ տվյալ ամսվա 1-ի դրությամբ:

(2-րդ կետը խմբ., փոփ. 02.03.21 N 265-Լ)

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել այդ անձանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալները։

(3-րդ կետը լրաց. 02.03.21 N 265-Լ)

4. Սույն միջոցառման շրջանակներում դրամական օգնության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

(4-րդ կետը լրաց. 02.03.21 N 265-Լ)

5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ․

2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին դրամական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

(5-րդ կետը լրաց. 02.03.21 N 265-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
փետրվարի 18-ի N 218-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշմամբ սահմանված շահառուներին ամսական դրամական օգնություն տրամադրելու հարաբերությունները։

(1-ին կետը խմբ. 02.03.21 N 265-Լ)

2. Տվյալ ամսվա դրամական օգնությունը տրամադրում (նշանակում և վճարում) է՝

1) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), եթե շահառուն Արցախի Հանրապետությունում 63 տարին լրացած կենսաթոշակառու է կամ անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառու է (այսուհետ՝ կենսաթոշակառու)՝ առանց շահառուների կողմից դիմում ներկայացնելու, կենսաթոշակների վճարման տվյալ ամսվա ցուցակների հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), եթե անձը շահառու է և չի հանդիսանում սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձ՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

3. Դիմումը ներկայացնելու համար անձը 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը` ներառյալ օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում՝

1) շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը, եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է․

2) մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ երեխա) և նրա ծնողի, իսկ եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն՝ խնամակալի, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի, երեխայի դեպքում՝ նաև ծննդյան վկայականի, եթե երեխան չունի անձնագիր կամ նույնականացման քարտ) սերիան ու համարը, եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է․

3) եթե Արցախի քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ երեխայի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.

4) եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացնում է խնամակալը, երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները․

5) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված՝ շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին (այսուհետ՝ քարտային հաշիվ) կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը․

6) շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

7) շահառուի փաստացի բնակության վայրը՝ ըստ ցանկի՝ Հայաստանի Հանրապետության մարզեր, Արցախի Հանրապետության շրջաններ (ընտրում է ցանկից).

8) նշում Արցախում կացարան ունենալու մասին (այո կամ ոչ).

9) դիմումը լրացնելու պահին բնակության կացարանի տեսակը՝ մշտական կամ ժամանակավոր։

(3-րդ կետը լրաց., փոփ. 02.03.21 N 265-Լ)

4. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ։

5. Ծառայությունը, առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, նախարարությունից ստացված՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների տվյալների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ՍԷԿՏ) առկա տվյալների հետ և հաշվառում կամ մերժում է, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ (եթե պահանջվում է կցել երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը) և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում հաշվառում է դիմումը։

(5-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

6. Դիմումը հաշվառվելուց հետո նոր դիմում չի ներկայացվում և դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հաստատված դիմումի հիման վրա։

(6-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

7. Եթե դիմումը մերժվել է սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի հիման վրա, մերժման հիմք հանդիսացող հանգամանքը վերանալու դեպքում աջակցություն նշանակելու համար մինչև 2021 թվականի հունիսի 15-ը` ներառյալ պետք է ներկայացվի նոր դիմում։

(7-րդ կետը լրաց. 02.03.21 N 265-Լ)

8. Ծառայությունը մերժում է էլեկտրոնային դիմումը, եթե՝

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

3) անձը չունի Արցախում հաշվառում և չի հանդիսանում փաստացի բնակված անձ.

4) անձը 18-63 տարեկան (ում ամենամսյա դրամական օգնություն վճարելու ամսվա 1-ի դրությամբ լրացել է 18 տարեկանը և չի լրացել 63 տարեկանը), հաշմանդամ չճանաչված արական սեռի անձ է.

5) շահառուն սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված անձ է․

6) շահառուի համար առկա է հաշվառված կամ հաստատված (դիմումը ներկայացնելուց հետո առաջին անգամ վճարման ցուցակ ընդգրկված) դիմում.

7) համաձայն ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների՝ շահառուն տվյալ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում:

(8-րդ կետը փոփ., լրաց. 02.03.21 N 265-Լ)

9. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, եթե պահանջվում է կցել երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, ծառայությունը դիմումով ներկայացված՝ անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ծառայությունն ինքնաշխատ եղանակով հաշվառում է դիմումը։ Հակառակ դեպքում դիմումը մերժվում է։

(9-րդ կետը փոփ., լրաց. 02.03.21 N 265-Լ)

10. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում ծառայությունն ուսումնասիրում է դիմումով ներկայացրած փաստաթղթերը՝ անչափահաս շահառուի և խնամակալի տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և խնամակալի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում ծառայությունը հաշվառում է դիմումը, հակառակ դեպքում՝ մերժում է դիմումը։

(10-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

11. Ծառայությունը դիմումը մերժելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի (եթե շահառուն երեխա է, նրա ծնողի) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է շահառուի (եթե շահառուն երեխա է, նաև՝ նրա ծնողի) անուն, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը։

(11-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

12. Արցախի Հանրապետության 63 տարին լրացած կենսաթոշակառուների և կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ հաշմանդամ ճանաչված անձանց տվյալները նախարարությունը ծառայությանը տրամադրում է էլեկտրոնային եղանակով՝ փոխհամաձայնեցված տարբերակով։

(12-րդ կետը լրաց. 02.03.21 N 265-Լ)

13. Յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակը Ծառայությունը ձևավորում է մինչև տվյալ ամսվա 20-ը։

(13-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

14. Տվյալ ամսվա վճարման ցուցակը, բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, ինչպես նաև ՍԷԿՏ-ում տվյալ ամսվա 1-ի դրությամբ առկա տվյալների հաշվառմամբ, ձևավորվում է՝ հաշվի առնելով՝

1) նախորդ ամսվա վճարման ցուցակներում ներառված շահառուների տվյալները.

2) նախորդ ամսվա 15-ից հետո ներկայացված և վճարման ցուցակը կազմելու օրվա դրությամբ հաշվառված դիմումներով ներկայացված տվյալները.

3) սույն կարգի 12-րդ կետի համաձայն նախարարությունից ստացված՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների տվյալները։

(14-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 02.03.21 N 265-Լ)

15. (կետն ուժը կորցրել է 02.03.21 N 265-Լ)

16. Եթե անձին դրամական օգնությունը նշանակվել է 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետության հաշվառում ունենալու հիմքով, ապա նրա տվյալները վճարման ցուցակում ընդգրկվում են, եթե վճարման ցուցակ ձևավորելու օրվա դրությամբ նա հաշվառված է Արցախի Հանրապետության հասցեով։ Եթե անձին դրամական օգնությունը նշանակվել է Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվելու հիմքով, ապա նրա տվյալները վճարման ցուցակում ընդգրկվում են, անկախ վճարման ցուցակ ձևավորելու օրվա դրությամբ նրա՝ Արցախի Հանրապետության հասցեով հաշվառված լինելու հանգամանքից։

16.1. Անձի տվյալները չեն ընդգրկվում տվյալ ամսվա վճարման ցուցակ, եթե համաձայն ՍԷԿՏ-ի տեղեկությունների՝ շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ հանդիսանում է Արցախի Հանրապետության կենսաթոշակառու։

(16.1-ին կետը լրաց. 02.03.21 N 265-Լ)

16.2. Եթե երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ծննդյան վկայականով, ապա նրա տվյալները սույն կարգի 8-րդ կետի 7-րդ ենթակետով, 14-րդ և 16.1-ին կետերով նախատեսված դեպքերում չեն համեմատվում (համադրվում) ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների հետ։

(16.2-րդ կետը լրաց. 02.03.21 N 265-Լ)

17. Նախարարությունը դրամական օգնության տվյալ ամսվա վճարման ցուցակը ձևավորում է այդ ամսվա կենսաթոշակների ցուցակը ձևավորելու հետ միասին։

18. Եթե տվյալ ամսում ստացված տվյալներով, այդ թվում՝ ներկայացված դիմումով, շահառուն դրամական օգնության իրավունք է ձեռքբերում (բավարարում է սույն միջոցառման պայմաններին), ապա այդ տվյալների հիման վրա դրամական աջակցությունը նշանակվում է՝

1) տվյալ ամսվա համար, եթե տվյալներն ստացվել են կամ դիմումը ներկայացվել է մինչև տվյալ ամսվա 15-ը ներառյալ.

2) տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար, եթե տվյալներն ստացվել են տվյալ ամսվա 15-ից հետո։

19. Բացառությամբ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դեպքի՝ ամսական դրամական օգնության գումարը վճարվում է՝

1) ծառայության կողմից՝ անկանխիկ եղանակով՝ շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով․

2) նախարարության կողմից՝ կենսաթոշակի հետ միասին, կենսաթոշակի վճարման եղանակով։

(19-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

20. Ծառայության կողմից ձևավորված վճարման ցուցակում ներառվում են՝

1) բանկի անվանումը.

2) շահառուի, իսկ անչափահաս շահառուի դեպքում՝ նրա (ծնողի կամ խնամակալի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.

3) երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.

4) շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվի համարը․

5) վճարման ենթակա գումարը։

21. Բացառությամբ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դեպքի, վճարման ցուցակը և տվյալ բանկի միջոցով շահառուներին վճարման ենթակա գումարները, ոչ ուշ, քան վճարման ցուցակը ձևավորվելու հաջորդ օրը ծառայությունը փոխանցում է բանկին՝ դրա մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով շահառուների հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին։

(21-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

22. Դրամական օգնության գումարը շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) բանկի կողմից վճարվում է շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողը կամ խնամակալը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի)՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում:

23. Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի հունիսի 30-ը շահառուն (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողը կամ խնամակալը) բանկին չի ներկայացնում դրամական օգնության գումարն ստանալու պահանջ, ապա գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 5-ը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների (անչափահաս երեխայի դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի) տվյալներն ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողին կամ խնամակալին): Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դեպքում գումարները վերադարձնելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այդ կետով սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում:

(23-րդ կետը փոփ. 02.03.21 N 265-Լ)

24. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

25. (կետն ուժը կորցրել է 02.03.21 N 265-Լ)

26. (կետն ուժը կորցրել է 02.03.21 N 265-Լ)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 02.03.21 N 265-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

19.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2162-Լ 26.12.2021, N 218-Լ
02.09.2021, N 1415-Լ 04.09.2021, N 218-Լ
22.04.2021, N 640-Լ 24.04.2021, N 218-Լ
02.03.2021, N 265-Լ 05.03.2021, N 218-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան