Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-36-Ո-Կ-13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2021
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

       Ք. Երևան

08 հուլիսի 2021 թ.

ԲԴԽ-36-Ո-Կ-13

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

 

Մ. Մակյանի,

 

Լ. Մելիքջանյանի,

 

Ս. Միքայելյանի,

 

Ս. Չիչոյանի,

 

Վ. Քոչարյանի,

   

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Հ. Հարությունյանի,

   

Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Ա. Մխիթարյանի,

   

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի մայիսի 12-ի թիվ ԿՎ/01/2021 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանի կողմից դատավորի վարքագծի կանոնները խախտելը՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի 2018 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց» հայտարարագրում սխալ տվյալ ներկայացնելը և «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագիրը դրա լրացմանը ներկայացվող պահանջների խախտմամբ ներկայացնելը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 12․05․2021 թվականի թիվ ԿՎ/01/2021 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վարույթ հարուցող մարմինը հայտնել է, որ Անի Մխիթարյանը, հանդիսանալով պետական պաշտոն զբաղեցնող անձ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համաձայն կրում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Վկայակոչելով Հանձնաժողովի 12.11.2020 թվականի N 04-Ն որոշման N 2 հավելվածի 21-րդ կետը՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Անի Մխիթարյանը «Հայտարարատու պաշտոնատար անձի 2018 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց» հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները» բաժնում հայտարարագրել է տարեվերջի դրությամբ 77,000.00 ԱՄՆ դոլար և 24,400,000.00 ՀՀ դրամ, իսկ «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրի «Բ.6. Դրամական միջոցները» բաժնի «Բ.6.1. բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների)» ենթաբաժնում ներկայացրել է տարեսկզբում 564,469.90 ՀՀ դրամ, իսկ նույն բաժնի «Բ.6.3-Կանխիկ դրամ» ենթաբաժնում 77,000.00 ԱՄՆ դոլար և 24,400,000.00 ՀՀ դրամ գումարի առկայության վերաբերյալ տվյալ։ Ստացված բանկային քաղվածքներով Հանձնաժողովը հավաստիացել է, որ 2018 թվականի տարեվերջին Անի Մխիթարյանի բանկային հաշիվներին առկա է եղել 564,469.90 ՀՀ դրամ։ Ըստ բանկային քաղվածքների՝ 2019 թվականի տարեսկզբին առկա է եղել այդ նույն 564,469.90 ՀՀ դրամը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանխիկ և անկանխիկ դրամական միջոցներն առանձնացված տարբերակով հայտարարագրելու պահանջն առաջին անգամ կիրառվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրի նկատմամբ, և այն փաստը, որ Անի Մխիթարյանը լրացրել է այդ հայտարարագիրը նշված պահանջների պահպանմամբ, Հանձնաժողովը գտել է, որ Անի Մխիթարյանի այն պնդումը, որ 2018 թվականի հայտարարագրում նշված գումարը (24,400,000.00) ներառում էր ինչպես կանխիկ դրամը, այնպես էլ «աշխատավարձի քարտի վրա առկա 564,469.90 ՀՀ դրամը», չի հիմնավորվում։ Այսինքն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի 2018 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց» հայտարարագրում առկա է անզգուշությամբ սխալ ներկայացված տվյալ։

Անի Մխիթարյանը «Հայտարարատու պաշտոնատար անձի 2018 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց» հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները» բաժնում 2018 թվականի վերջում ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնված փոխառության չափը հայտարարագրել է 2,279,000.00 ՀՀ դրամ, մինչդեռ «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրի «Բ.4.1. Հանձնված և վերադարձված փոխառություններ» բաժնում տարվա սկզբի դրությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնված փոխառության չափը ներկայացվել է 8,175,886.00 ՀՀ դրամ։ Հանձնաժողովը, հաշվի առնելով հայտարարատուի կողմից ներկայացված պարզաբանումը, ինչպես նաև ուսումնասիրելով ներկայացված բանկային քաղվածքներն՝ արձանագրել է, որ Անի Մխիթարյանի կողմից հանձնած բոլոր փոխառությունները հայտարարագրվել են, սակայն հայտարարագրերի լրացմանը ներկայացվող պահանջների խախտմամբ, քանի որ 2019 թվականի տարեսկզբի դրությամբ Անի Մխիթարյանը փաստացի ունեցել է ոչ թե 8,175,886.00 ՀՀ դրամի հանձնած փոխառություն, այլ 2,279,000.00 ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի տարեվերջի դրությամբ Անի Մխիթարյանը փաստացի ունեցել է ոչ թե 8,175,886.00 ՀՀ դրամի հանձնած փոխառություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, ինչպես հայտարարագրվել է, այլ 10,454,886.00 ՀՀ դրամի փոխառություն՝ 2,279,000.00 ՀՀ դրամ հանձնված փոխառություն 2018 թվականին և 8,175,886.00 ՀՀ դրամ հանձնված փոխառություն 2019 թվականին, հետևաբար՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրում չի նշվել հաշվետու տարվա վերջում հանձնված փոխառության գումարն ամբողջությամբ։

Հանձնաժողովը 09.04.2021 թվականին ընդունել է «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/02/21 որոշումը։

Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, 85-րդ հոդվածի 2-րդ մասը, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 147-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 148-րդ հոդվածի 1-ին մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6.1-րդ մասով՝ վարույթ հարուցող մարմինը միջնորդել է քննության առնել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Բարձրագույն դատական խորհրդի նիստում Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կարգապահական վարույթ հարուցելուց հետո Հանձնաժողովը կայացրել է վարչական տույժ կիրառելու մասին որոշում, որով, անդրադառնալով հայտարարագրման ենթակա տվյալների առնչությամբ տեղ գտած վարչական իրավախախտմանը, հանգել է այն դիրքորոշման, որ այդ խախտումներն իրենց բնույթով պատասխանատվության հանգեցնելիս ավելի նվազ նշանակություն, կարևորություն ունեն և ըստ էության մի դրվագով Անի Մխիթարյանի նկատմամբ՝ սխալ տվյալ ներկայացնելու մասով, գործի վարույթը կարճվել է, երկրորդ դրվագով՝ տվյալների ներկայացման կանոնների խախտման մասով, կիրառվել է տույժ՝ նախազգուշացում:

Միաժամանակ հավելեց, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության ներկայացումը պայմանավորված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6.1-րդ մասով և պատասխանատվության ենթարկելու հարցը կարելի է համարել լուծված, քանի որ Հանձնաժողովը տույժ կիրառելու մասին որոշմամբ դրան անդրադարձել է:

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ չի պնդում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

 

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը նիստի ժամանակ հայտնեց, որ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ արտահայտած դիրքորոշում՝ վարույթ հարուցող մարմնի կողմից միջնորդությունից հրաժարվելու վերաբերյալ:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Հանձնաժողովի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի 17.06.2021 թվականի նիստում հայտնեց, որ չի պնդում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի նախագահի պարզաբանումները, Անի Մխիթարյանի բացատրությունները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: (…):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (…) Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Իսկ ըստ 3-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

Տվյալ դեպքում Անի Մխիթարյանը, հանդիսանալով դատավոր, 2018 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք վարույթ հարուցող մարմնի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամին (դատավորին) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը չպնդելը հիմք է նշված միջնորդությունն ըստ էության չքննելու համար:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

Բարձրագույն դատական խորհուրդն իր 07.06.2021 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-Կ-06 որոշմամբ արձանագրել է, որ վարույթ հարուցող մարմինը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ պաշտոնապես ներկայացնում է նրա կողմից այս կամ այն իրավախախտումն առերևույթ կատարելու վերաբերյալ իր հիմնավորումները և, բնականաբար, դրանից բխող պահանջը: Վերը նշված հոդվածի հիմքով դատավորի վիճակը բարելավող կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքների ի հայտ գալու մասին վարույթ հարուցող մարմնի կողմից բարձրաձայնելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այլ միտված է կարգապահական վարույթն իրականացնելիս առավելապես երաշխավորելու օրինականության, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու օրենսդրական սկզբունքները:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը սպառիչ նախատեսված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածում: Նույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմիններին (Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, Արդարադատության նախարար, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով): Նույն հոդվածի 1.1-ին կետի համաձայն՝ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

Նույն օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

Վերոգրյալ իրավակարգավորումների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ իրավասու մարմնին է վերապահված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն իրավասու մարմնի որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

Օրենսդիրն ի թիվս այլ մարմինների Հանձնաժողովին օժտել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի (դատավորի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ, և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նրա ներկայացրած միջնորդության քննությունը հնարավոր է այնքանով, որքանով վարույթ հարուցող մարմինը պնդում է այդ միջնորդությունը՝ դրանում ներկայացված հիմքի առկայությունն ապացուցող հիմնավորումներով: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ չի կարող իրականացնել պատասխանատվության ենթարկելու հարցի ըստ էության քննություն այն պարագայում, երբ վարույթ հարուցող մարմինը չի պնդում իր միջնորդությունը:

Քննարկվող պարագայում Հանձնաժողովի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի 17.06.2021 թվականի նիստում հայտնեց, որ չի պնդում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը, իրացնելով դատավորների անկախության երաշխավորի իր սահմանադրաիրավական առաքելությունը, գտնում է, որ տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամին (դատավորին) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթ հարուցող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը չպնդելու պայմաններում վերանում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ միջնորդությամբ ներկայացված հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը:

Բարձրագույն դատական խորհրդի 22.10.2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթաց կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:

Այսպիսով, նկատի ունենալով, որ վարույթ հարուցող մարմինը 17.06.2021 թվականին տեղի ունեցած նիստով չի պնդել իր կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, հրաժարվել է դրանից, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վարույթը ենթակա է կարճման:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 155-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհրդի 22.10.2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց.

 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդության հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

   

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

   

Մ. ՄԱԿՅԱՆ

   

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

   

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

   

Ս. ՉԻՉՈՅԱՆ

   

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական: