ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2021 թվականի N 240-Լ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-847-22.01.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-847-22.01.2021-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնելու համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպումը և կառավարումը՝ պատասխանատու լիազոր մարմիններին հստակ սահմանելու միջոցով:
Նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո:…()
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները և անձինք ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման 3-րդ կետի համաձայն սահմանվել են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ճանապարհային մարմինները:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն իրավասու մարմինները, կազմակերպությունները և անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրականացնել անմիջապես ճանապարհի վրա և դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք և ելք ունեցող կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են ճանապարհային երթևեկության կազմակերպման և տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաև ճանապարհի և դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման և վերանորոգման նախագծերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1644-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման ու պահպանման, ինչպես նաև ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը, որի 4-րդ կետի համաձայն համաձայնեցման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուսումնասիրվում են նախագծերն ու սխեմաները, տեղերում կատարվում են հետազոտություններ, որոնց արդյունքների մասին կազմվում է եզրակացություն:
Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ թե՛ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և, թե՛ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքներով հստակ նշված են այն լիազոր, պատասխանատու մարմինները, որոնց հետ պետք է համաձայնեցվեն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում նշված սխեմաները (նախագծերը):
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ «լիազոր մարմին» տերմինը վերոնշյալ հիմնավորումների նույն տրամաբանությամբ կիրառվում է այլ օրենքներում, այդ թվում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ինչով պայմանավորված նպատակահարմար չենք համարում սույն հոդվածում պատասխանատու մարմնի լրիվ անվանման ամրագրումը:
Անհրաժեշտ է նշել նաև, որ նախագծի շարադրմամբ ստացվում է, որ տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ համայնքի ղեկավարը պետք է համաձայնեցնի համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով): Այնինչ, տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ պետք է համաձայնեցվի համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի մի մասը, այն է՝ բացառապես համայնքի միջով անցնող Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող հատվածը:
Հիմք ընդունելով նշված դիտարկումները՝ առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|