ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2021 թվականի N 242-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
25.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշման |
Զ Ե Կ Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Աշխարհի բոլոր պետությունների համար 2020 թվականը լրջագույն մարտահրավերներով տարի էր, որի պատճառներն էին նոր կորոնավիրուսի տարածումը և դրա բացասական հետևանքների ազդեցությունը: Հայաստանում, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, նոր կորոնավիրուսի համավարակը շոշափելի վնաս հասցրեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքին։ Հայաստանի համար, սակայն, 2020 թվականի մարտահրավերները չսահմանափակվեցին նոր կորոնավիրուսի տարածմամբ: Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմը ևս էական ազդեցություն ունեցավ սոցիալտնտեսական միջավայրի վրա՝ առաջ բերելով նոր խնդիրներ և մարտահրավերներ: Վերը նշված հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականին իրականացրել է ճգնաժամային կառավարում:
1. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 07.00-ին հակառակորդը՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, թուրքական ստորաբաժանումների աջակցությամբ և կառավարման մարմինների անմիջական մասնակցությամբ, հրթիռային ու ավիացիոն հուժկու հարվածներ է հասցրել պաշտպանության բանակի պատասխանատվության գոտու ամբողջ խորությամբ՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներ և պետական ենթակառուցվածքներ: Նախապես ձեռնարկված միջոցառումների արդյունքում պաշտպանության բանակին հաջողվել է բոլոր ուղղություններում դիմակայել ագրեսիային, որի շնորհիվ առաջին շաբաթվա ընթացքում հակառակորդին չի հաջողվել ճեղքել պաշտպանական բանակի պաշտպանությունը և մխրճվել առաջին դիրքի խորությամբ՝ կրելով կենդանի ուժի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ: Արցախյան ճակատում ստեղծված բարդ իրավիճակում թուրք-ադրբեջանական ռազմական ղեկավարությունը լրիվությամբ փոխել է իր մարտավարությունը՝ մարտական գործողությունների մեջ մտցնելով Մերձավոր Արևելքից հավաքագրված և Ադրբեջան տեղափոխված վարձկաններին, Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ նշանակության և հատուկ գործողությունների ստորաբաժանումներին:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի օժանդակությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը տևեց 44 օր: Հակառակորդի կողմից լայնորեն կիրառվել են արհեստական բանականությամբ օժտված նոր տեխնոլոգիական միջոցներ, որոնք թուրքական մասնագետների անմիջական կառավարման արդյունքում հաջողությամբ համադրվել են անհամաչափ պատերազմավարման մարտավարության հետ: Ադրբեջանի կողմից Թուրքիայի միջոցով մեծ թվաքանակով վարձկան-ահաբեկիչների և թուրքական ստորաբաժանումների ներգրավումը, արտերկրից սպառազինության և ռազմական տեխնիկայի անխափան մատակարարումները հնարավորություն ընձեռեցին առավելության հասնել սահմանափակ փոխադրման ու տարանցման հնարավորություններ ունեցող հայկական կողմի նկատմամբ: Վերջնարդյունքում, օգտագործելով ուժերի և միջոցների բացարձակ առավելությունը, հակառակորդին հաջողվում է ՄԵԽԱԿԱՎԱՆ ԿՈՎՍԱԿԱՆ, ՄԵԽԱԿԱՎԱՆ ՍԱՆԱՍԱՐ, ԱՎԵՏԱՐԱՆՈՑ-ՇՈՒՇԻ և ԹԱՓԿԱՐԱԿՈՅՈՒՆԼՈՒ ՄԱԴԱՂԻՍ ուղղություններում կատարել մարտական խնդիրը: Հակառակորդին հաջողվում է գրավել հարավային շրջանների զգալի հատվածը, Հադրութը, իսկ նոյեմբերի 7-ին՝ նաև Շուշին: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարություն՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև: Հայտարարության մեջ ասվում է.
1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ կողմեր) կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որն ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:
6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար, առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:
8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
Այս պատերազմի հետևանքների վերացումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ գերակայություններ:
Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՄԱԿ-ում (Նյու Յորք և Ժնև), ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունների կողմից ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ և սանձազերծած ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ զեկույցներ, տեղեկատվական փաթեթներ, տեղեկանքներ: Եվրոպական մի շարք երկրներ (Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Բելգիա, Կիպրոս) ընդունել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձևեր և հայտարարություններ: Ընդհանուր առմամբ խորհրդարանների մակարդակով ընդունվել են 33 բանաձևեր, որոնք դատապարտում են ադրբեջանական ագրեսիան և Արցախը ճանաչելու կոչ անում, իսկ ՏԻՄ մակարդակով Արցախի անկախությունը ճանաչած միավորների քանակը 34 է: Հայաստանի դիմումների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ (30.09.2020 թ., 20.11.2020 թ., 21.12.2021 թ.):
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից իրականացված ագրեսիայի ակտի փաստերով հարուցված քրեական գործերով կատարվող նախաքննության շրջանակներում որոշում է կայացվել 103 հազարից ավելի անձի որպես տուժող ճանաչելու մասին, այդ թվում՝ 3 300-ից ավելի՝ զոհված, 9 000-ից ավելի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած, 90 հազարից ավելի՝ բռնի տեղահանված:
2020 թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 2-ին հայտնաբերվել և ձերբակալվել են ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, որոնց մեղադրանք է առաջադրվել միջազգային ահաբեկչության, վարձկանության, միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ համարվող արարքներ՝ սպանության հանցափորձ, քաղաքացիական բնակչության վրա հարձակում գործելու համար։ Քննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմում ներգրավվել են Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններում գործունեություն ծավալող թվով 12 ահաբեկչական խմբավորումների շուրջ 4000-ից ավելի վարձկան ահաբեկիչներ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ, այդ թվում՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության և զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքերով: Նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Նշված գործերով քրեական հետապնդումն իրականացվում է 12 հրամանատարների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ:
Ռազմական գործողությունների ավարտից հետո սկսվել է ՀՀ ԶՈՒ բանակաշինության (բարեփոխումների) գործընթացը: Ակտիվ աշխատանքներ են տարվում նորոգման ենթակա սպառազինության և ռազմական տեխնիկայի վերականգնման ու շարք վերադարձնելու ուղղությամբ: 2021 թվականի հունվարի 25-ից 30-ը ՌԴ ԶՈՒ հանձնախմբի հետ տարվել է արդյունավետ աշխատանք, և որոշվել են ԶՈՒ բարեփոխումների ու զարգացման բոլոր ոլորտները, կատարվել են համապատասխան հաշվարկներ: Աշխատանքները շարունակվում են:
Գերիների և անհետ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ տարվել և շարունակվում են իրականացվել անհրաժեշտ աշխատանքներ, մասնավորապես՝
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 21.11.2020 թ.) սահմանվել է, որ գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը:
- «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 31.12.2020 թ.) ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած անձին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու հայցով դատարան դիմելու մեկամյա ժամկետը փոխարինվել է եռամսյա ժամկետով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 31.12.2020 թ.) հանվել է մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով զինծառայողին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու պայմանը: Նշված փոփոխությունների արդյունքում էականորեն կրճատվել են անհայտ կորած զինծառայողների ընտանիքների՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դիմելու և հատուցման գումար ստանալու ժամկետները:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ: Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվել են շուրջ 2 տասնյակ միջոցառումներ, որոնց զգալի մասը դեռևս շարունակվում է:
1. Աջակցություն Արցախում հաշվառված քաղաքացիներին
Արցախում հաշվառված յուրաքանչյուր քաղաքացու (այդ թվում՝ երեխաների), ինչպես նաև Արցախում չհաշվառված, սակայն փաստացի բնակվող անձանց աջակցություն 68 000 դրամի չափով: Հայաստանում անշարժ գույք չունենալու դեպքում միանվագ դրամական օգնության չափն ավելացվում է 15 000 դրամով։ Մինչ օրս աջակցություն ստացել է 99 000-ից ավելի քաղաքացի, ընդհանուր վճարվել է 7,2 մլրդ դրամից ավելի գումար:
Ընդ որում, Կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ին ընդունած որոշման համաձայն Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց 68 000 դրամ աջակցություն կտրամադրվի նաև 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին: Աջակցություն կստանա մոտավորապես 110 000 մարդ, ընդհանուր կվճարվի շուրջ 30 մլրդ դրամ:
2. Աջակցություն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված Արցախի քաղաքացիներին
Ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված Արցախի քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին) տրամադրվում է միանվագ դրամական օգնություն՝ 300 000 դրամի չափով։ Մինչ օրս աջակցություն է ստացել 28 000-ից ավելի քաղաքացի, ընդհանուր վճարվել է 8,4 մլրդ դրամից ավելի գումար:
3. Աջակցություն Արցախում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին
Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կորցրած քաղաքացիներին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն՝ 250 000 դրամի չափով։ Մինչ օրս աջակցություն է ստացել 2700-ից ավելի քաղաքացի, ընդհանուր վճարվել է 600 մլն դրամից ավելի գումար:
4. Աջակցություն անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին
Սոցիալական աջակցություն է տրամադրվում ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին (առավելագույնը՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 300 000 դրամ)։ Մինչև օրս աջակցություն է ստացել 870-ից ավելի ընտանիք:
5. Աջակցություն՝ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին
Սոցիալական աջակցություն է տրամադրվում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին՝ 6 ամիս ժամկետով, ամսական 300 000 դրամ։ Մինչ օրս աջակցություն է ստացել 5 տասնյակից ավելի զինծառայող:
6. Աջակցություն Արցախի՝ մինչև 5 տարեկան երեխաներին
Ամանորի կապակցությամբ 20 000 դրամ միանվագ սոցիալական աջակցություն է տրամադրվել 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ Արցախում հաշվառված երեխաներին։ Աջակցությունն ստացել է շուրջ 14 000 երեխա:
7. Աջակցություն հյուրընկալ ընտանիքին
Ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողները, ինչպես նաև Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքներում հաշվառված, սակայն բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին հյուրընկալողները կստանան վեցամսյա աջակցություն՝ Հայաստանում հյուրընկալելու դեպքում 30 000 դրամ, իսկ
Արցախում՝ 45 000 դրամ՝ յուրաքանչյուր չափահաս անդամի համար: Մինչ օրս աջակցություն է ստացել շուրջ 7300 անձ:
8. Աջակցություն քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած անձանց
Պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն՝
1) զոհվածների ընտանիքներին՝ 5 մլն դրամ.
2) 1-ին խմբի հաշմանդամներին՝ 3 մլն դրամ.
3) 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 2 մլն դրամ.
4) 3-րդ խմբի հաշմանդամներին՝ 1 մլն դրամ:
Ընդհանուր 226 շահառուի կտրամադրվի 600 մլն դրամ աջակցություն: Մինչ այժմ միջոցառումից օգտվել է 29 շահառու, որից 3-ը՝ հաշմանդամություն ունեցող:
9. Աջակցություն վիրավորում ստացած զինծառայողներին
500 000 դրամի չափով միանվագ սոցիալական աջակցություն է տրամադրվում ռազմական գործությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Սույն միջոցառման շրջանակներում արդեն իսկ շուրջ 3700 անձի տրամադրվել է աջակցություն:
10. Փոխհատուցում ռազմական գործողությունների ընթացքում՝ ՀՀ տարածքում անշարժ գույքի սեփականատերերին պատճառված վնասի համար
Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին պատճառված վնասների փոխհատուցման նպատակով 71 անձի վճարվել է ընդհանուր 44 մլն դրամ:
11. Աջակցություն Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչներին:
Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ին ընդունած որոշման համաձայն Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի այն բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց անշարժ գույքը, կտրամադրվի դրամական աջակցություն՝ 300 000 դրամ միանվագ և 68 000 դրամ՝ 6 ամիս ժամկետով: Շուռնուխ համայնքում բնակելի տուն կորցրած ընտանիքների համար բնակելի թաղամաս կառուցելու նպատակով Կառավարությունը փետրվարի 18-ին ընդունած որոշմամբ պետական բյուջեից հատկացրել է 470 մլն դրամ: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականի տարեվերջին:
12. Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրեր
Ներդրվել է պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների զբաղվածության ապահովմանն ուղղված երկու նոր միջոցառում։ Մասնավորապես, վերջիններս հնարավորություն են ստացել գործատուի մոտ ձեռք բերելու աշխատանքային փորձ, որի համար գործազուրկ անձին կվճարվի ամսական աշխատավարձ` 100 000 դրամի չափով, ինչպես նաև գործատուին կվճարվի գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։ Մեկ այլ ծրագրով Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների՝ ժամանակավոր Հայաստանում զբաղվածության ապահովման նպատակով կկազմակերպվեն վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, որտեղ մեկ աշխատանքային օրվա համար կվճարվի 8000 դրամ:
13. Ուսման վարձի փոխհատուցման ծրագիր
2020-2021 թվականների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում է տրամադրվում ՀՀ ուսումնական հաստատությունների այն սովորողներին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, ինչպես նաև, եթե մարտական գործողություններին մասնակցել է նրանց ծնողը կամ ամուսինը: Արդեն իսկ շուրջ 1300 շահառուի համար հատկացվել է 300 մլն դրամից ավելի գումար:
14. Նվիրաբերություն
Արցախփոստի անձնակազմին աշխատավարձ վճարելու, Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը ֆինանսավորելու համար 2020 թվականի պետական բյուջեից նվիրաբերվել է 1 մլրդ դրամից ավելի գումար։
15. Բյուջետային վարկավորում
Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու և ենթակառուցվածքային շինարարական աշխատանքները ֆինանսավորելու, Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների 2020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակներն ու նպաստները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է 5 մլրդ դրամից ավելի բյուջետային վարկ:
Բացի վերը թվարկված միջոցառումներից, 2020 թվականի նոյեմբերից սկսած, իրականացվում են ամենօրյա անվճար ուղևորափոխադրումներ Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ: Հարկ է ընդգծել նաև, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում վիրավորում (վնասվածք) ստացած անձանց տրամադրվել են անվճար բուժօգնություն և դեղեր: Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների բժշկական օգնությունը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
Միաժամանակ, «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն 2020 թվականի նոյեմբերի 6-ից սկսած Զինծառայողների հիմնադրամի կողմից հատուցում է վճարվել 1451 զոհված զինծառայողի ընտանիքի: Ընդհանուր վճարվել է ավելի քան 14 մլրդ դրամ:
2. ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ (COVID-19) ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Դեռևս 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում արձանագրված և հետագայում աշխարհում արագորեն տարածված նոր կորոնավիրուսի վարակի (Covid-19) հետ կապված վիճակը հաշվի առնելով՝ 2020 թվականի հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց առողջապահական արտակարգ դրության, իսկ արդեն մարտի 11-ին` նոր կորոնավիրուսի համավարակի մասին։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով դեռևս 2020 թվականի հունվարի 30-ին ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:
Կորոնավիրուսի առաջին բերովի դեպքը Հայաստանում արձանագրվեց 2020 թվականի մարտի 1-ին։ Աշխարհի մակարդակով հայտարարված պանդեմիայի հանգամանքը և Հայաստանում վարակի ներքին տարածման արձանագրումը հիմք ծառայեցին, որ Կառավարությունն անհապաղ ձեռնամուխ լինի համավարակի արձագանքմանը։
2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի ամբողջ տարածքում ուժի մեջ մտավ արտակարգ դրության իրավական ռեժիմը, ինչը հնարավորություն տվեց կիրառելու ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ։ Սահմանափակումների կառավարումն իրականացվել է սցենարային տրամաբանությամբ՝ ադապտացնելով երկշաբաթյա պարբերականության համաճարակային իրավիճակի մոնիթորինգի և վերլուծության արդյունքները:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի ներքո համավարակի կառավարման գործողությունները համակարգելու, հասանելի կարողությունների և ռեսուրսների միասնական կառավարումն իրականացնելու նպատակով 2020 թվականի մարտի 16-ին ստեղծվեց պարետատունը, իսկ մարտի 21-ին արդեն ներդրվեց թեժ գիծը։
Համավարակի կառավարում: Արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության սկզբնական նպատակը եղել է երկրում վարակի տարածման դինամիկան ժամանակի մեջ այնպես կառավարելը, որ հնարավոր լինի ապահովել դրա ընթացքն առանց անկառավարելի պիկերի, երբ առողջապահական համակարգը պատրաստ է պատշաճ կերպով սպասարկել ամբողջ ծավալը։ Հենց այդ նպատակով մարտի վերջից արդեն ներմուծվեցին ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումներ, որոնք տարբեր ծավալներով և խստությամբ պահպանվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերը՝ արտակարգ դրության ռեժիմի ավարտը։ Սահմանափակումների հիմքում ընկած էր համաճարակաբանական ռիսկի գնահատումը։
Ժամանակավոր սահմանափակումներ կիրառվեցին նաև այլ երկրների հետ մուտքի և ելքի ռեժիմների նկատմամբ։ Գարնան ամիսներին արգելվել է հանրային տրանսպորտի գործունեությունը, որոշ կարգավորումներով՝ միջմարզային տեղաշարժը։ Ներմուծվել են հանրային հավաքների և միջոցառումների նկատմամբ ժամանակավոր արգելքներ և սահմանափակումներ։ Կառավարության որոշմամբ ձևավորվել են իրավական լիարժեք հիմքեր պետության կարիքների համար արտակարգ դրության ժամանակ մասնավոր իրավունքի որոշ սահմանափակումների համար, օրենսդրական մակարդակով խստացվել են վարչական իրավախախտումների համար կիրառվող պատժաչափերը։
Արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ռեժիմների թուլացմանը զուգահեռ, մշակվել և պարետի որոշումներով կիրարկման են դրվել սանիտարահակահամաճարակային կանոններ տնտեսական գործունեության բոլոր ոլորտների համար։
Կիրառվող սահմանափակումների և կանոնների պահպանման նկատմամբ իրականացվել է վերահսկողություն ոստիկանական, արտակարգ իրավիճակների և տեսչական համակարգի մարմինների ռեսուրսների ու ջանքերի հնարավորինս մոբիլիզացիայի միջոցով՝ միաժամանակ ապահովելով նաև այդ մարմինների կողմից բնականոն գործառույթների իրականացումը։ Արտակարգ դրության ժամանակահատվածում տեսչական մարմինների կողմից իրականացվել է ավելի քան 81 200 ստուգայց (դիտարկում), որոնց արդյունքում ժամանակավորապես կասեցվել է խախտումներ թույլ տրված շուրջ 5300 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն, որոնց շրջանակներում բողոքարկվել են ընդամենը երկուսը:
Համավարակի կառավարման ամբողջ գործընթացում ակտիվ համագործակցություն է ծավալվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Առողջապահական աշխատանքներ: Կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) պայքարի նպատակով բժշկական կենտրոնները վերապրոֆիլավորվել և դարձել են կորոնավիրուսով հիվանդների բուժման կենտրոններ, բժշկական կենտրոններն ապահովվել են անհրաժեշտ դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժման և սպասարկման գործընթացում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծավալվել է 2900-ից ավելի մահճակալ, որից շուրջ 380-ը` վերակենդանացման: Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման և սպասարկման գործընթացում ամբողջությամբ կամ մասնակի ներգրավված է եղել թվով 29 հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, որից 15-ը՝ մարզերում, իսկ 14-ը՝ Երևանում: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ջանքերով տեղում և առցանց կազմակերպված դասընթացներին ընդգրկվել է 10 հազարից ավելի մասնակից (բուժաշխատող): Նեղ մասնագիտական միջազգային (Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ) ու տեղական վեբինարներին մասնակցել է ավելի քան 7000 մասնակից (բուժաշխատող):
Մշակվել և գործադրվել է կորոնավիրուսային հիվանդության համավարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու պլան, մշակվել և տեղայնացվել են COVID-19 կանխարգելման Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկները՝ ներառյալ տարբեր գործունեության տեսակ իրականացնող կազմակերպությունների համար անվտանգության կանոնները:
Գործադրվել է կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական դիտարկման համակարգ, որի շրջանակներում իրականացվել են COVID-19 դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, հաշվառում, գրանցում, ազգային բազայի վարում, հիվանդության օջախների սահմանների, հիվանդության աղբյուրի որոշում, ռիսկերի գնահատում, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Հայաստանյան գործընկերներին օգնելու և փորձի փոխանակման նպատակով բարեկամ երկրներից ժամանել են տարբեր մասնագիտացումների բազմաթիվ բուժաշխատողներ, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լիտվայից և Իտալիայից: COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը բարեկամ մի շարք երկրներից և միջազգային կազմակերպություններից ստացել է տարբեր ձևաչափերով օժանդակություն, մասնավորապես, ֆինանսական աջակցություն, տեխնիկական աջակցություն, բժշկական սարքավորումներ, պարագաներ, անհատական պաշտպանության, պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներ, թեստեր և այլն:
ՀՀ պետական սահմանի անցման կետերում սահմանը հատող քաղաքացիների համար իրականացվել են ջերմաչափում, տվյալների հավաքագրում և իրավիճակային վերլուծություն: Վարվել է ՀՀ տարածք մուտք գործած անձանց բազա՝ նրանց նկատմամբ 14-օրյա բժշկական հսկողություն սահմանելու նպատակով:
Կորոնավիրուսային հիվանդության հարցերի շուրջ ապահովվել են հանրության հետ մշտական կապն ու իրազեկումը: Վերջինս իրականացնելու համար 24/7 ռեժիմով, ձևավորվել է Օպերատիվ զանգերի կենտրոն:
Հզորացվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատոր կարողությունները: Ապահովվել է կոնտակտավորների տեղափոխումը մեկուսացման վայրեր, ինչպես նաև վերջիններիս բժշկական հսկողությունը 14-օրյա ժամկետով, իսկ ախտանշաններ ի հայտ գալու դեպքում նաև տեղափոխումը բժշկական կազմակերպություններ: Հայաստանում ստեղծվեցին պաշտպանիչ դիմակների, ալկոգելերի արտադրություններ, որոնք հնարավորություն տվեցին բավարարելու ներքին պահանջարկը և իրականացնելու արտահանում:
Նախասկզբնական բավականին սուղ կարողությունների համեմատ նշանակալիորեն բարելավվել են կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով թեստավորման հնարավորությունները։ Թեստավորման կարողությունների ընդլայնմանը և պետության թեստավորման ու լաբորատոր ախտորոշման ծանրաբեռնվածության որոշակի մեղմմանը նպաստեց նաև այն, որ պատշաճ կարողություններ և պայմաններ ունեցող մասնավոր լաբորատորիաներին հնարավորություն տրվեց թեստավորում իրականացնել: Բացի դրանից՝ թեստերի տեղական արտադրության հիմնումն էապես ավելացրեց պետության հզորությունները: Չինաստանից բերված հումքով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից արտադրված հայկական արտադրության թեստերը նույնպես փոխանցվեցին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին:
ՀՀ-ում 2020 թվականի նոյեմբեր ամսից նկատվում է կորոնավիրուսային հիվանդության «երկրորդ ալիքի նվազում»: 2020 թվականին ՀՀ-ում իրականացվել է 595 876 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է 159 738 դեպք (հարաբերական ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով՝ 5392), որից՝ 12 870-ը (2.5%) ստանում էին բուժում դեկտեմբերի 31-ի դրությամբ, 143 355 (95.1%) անձ առողջացել է, 2 828 դեպքում (հարաբերական ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով՝ 95.5) արձանագրվել է մահվան ելք: Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահաբերությունը կազմում է 1.77%:
2021 թվականի հունվարից մինչև փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 123 679 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է 11 655 նոր դեպք:
COVID-19-ով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և մի շարք երկրներում
21.02.2021 թվականի դրությամբ
Rt 7 օրվա հաշվարկով |
Նոր դեպքեր |
Ընդամենը՝ դեպքեր |
Նոր մահեր |
Ընդամենը՝ մահեր | |||||
1 մլն բնակչ. հաշվարկով |
1 մլն բնակչ. հաշվարկով |
1 մլն բնակչ. հաշվարկով |
1 մլն բնակչ. հաշվարկով | ||||||
Հայաստան |
1.09 |
168 |
56.69 |
170402 |
57505 |
5 |
1.69 |
3164 |
1068 |
Վրաստան |
0.84 |
258 |
64.68 |
268355 |
67271 |
10 |
2.51 |
3435 |
861 |
Իրան |
1.05 |
7931 |
94.42 |
1574012 |
18740 |
74 |
0.88 |
59483 |
708 |
ՌԴ |
0.91 |
12568 |
86.12 |
4117992 |
28218 |
409 |
2.8 |
81926 |
561 |
Մեծ Բրիտանիա |
0.83 |
9834 |
144.86 |
4115509 |
60624 |
215 |
3.17 |
120580 |
1776 |
Գերմանիա |
0.99 |
6094 |
72.73 |
2394515 |
28580 |
63 |
0.75 |
67946 |
811 |
ԱՄՆ |
0.83 |
56495 |
171.47 |
28134115 |
85393 |
1249 |
3.79 |
498897 |
1514 |
Ֆրանսիա |
1.00 |
4646 |
71.08 |
3609827 |
55224 |
333 |
5.09 |
84613 |
1294 |
Հիմք՝ http://metrics.covid19-analysis.org/
ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսը 2020 թվականի համար կազմում է շուրջ 26.5 մլրդ դրամ:
Գործիքներ և համակարգեր: Արտակարգ դրության գործողության ընթացքում չափազանց կարևոր է եղել օժանդակ գործիքների և համակարգերի գործարկումը, որոնք լրացուցիչ հնարավորություն են տվել նվազեցնել վարակի տարածման ինտենսիվությունը և, որ ամենակարևորն է, բարձրացնել հանրային կարգապահությունն ու առողջապահական համակարգի՝ արձագանքման հնարավորությունները։
2020 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթի միջոցով հնարավոր եղավ գործարկել տեղորոշման համակարգը։ Տեղորոշման համակարգի միջոցով ակնկալվում էր պարզել հիվանդի հետ շփում ունեցած անձանց շրջանակը և ապահովել նրանց պատշաճ մեկուսացումը, ինչպես նաև վերահսկել և բացառել ինքնամեկուսացման ռեժիմի խախտումները: «Covid-19 Armenia» բջջային հավելվածը թույլ էր տալիս գրանցել, հայտնաբերել ինքնամեկուսացված (մեկուսացված) անձանց (այսուհետ՝ օգտատեր) և իրականացնել հսկողություն ինքնամեկուսացման նկատմամբ։ Հավելվածի միջոցով հավաքագրված և մշակված տվյալները պահպանվում էին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված տվյալների կենտրոնում։ Տվյալների մշակումն իրականացվել է մինչև արտակարգ դրության ավարտը, իսկ տվյալների կենտրոնում և հատուկ համակարգչային ծրագրում մշակված բոլոր տվյալները ոչնչացվել են արտակարգ դրության ավարտից հետո:
Հանրային հաղորդակցություն: Հանրային հաղորդակցությունն արտակարգ դրության կառավարման ամենակարևոր տարրերից մեկն է եղել։ Հաղորդակցության ռազմավարությունը նպատակ է ունեցել հանրությանը իրազեկել կորոնավիրուսի համավարակի, վարակման ռիսկը նվազեցնելուն միտված՝ անվտանգության կանոնների և վարքաբանության, ինչպես նաև ընթացիկ իրավիճակի, կայացվող որոշումների և իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ Այդ նպատակով պարետատունը գործի է դրել բազմաթիվ միջոցներ, մասնավորապես՝
- Թեժ գծի ծառայություն. 2020 թվականի մարտի 21-ից մինչև արտակարգ դրության ավարտը՝ 2020 թվականի օգոստոսի 13-ը, պարետատան թեժ գիծը պատասխանել է 75 հազարից ավելի զանգի, որոնց միջին տևողությունը կազմել է 3 րոպե: Սկզբնական շրջանում այն գործել է շուրջօրյա ռեժիմով, իսկ զանգերի նվազմանը զուգընթաց անցում է կատարվել 12-ժամյա, այնուհետև` 9-ժամյա աշխատանքային ռեժիմի, քանի որ զանգերը կորցրել էին արձագանքի հրատապությունը: Աշխատանքներում ներգրավվել են շուրջ 20 աշխատողներ, այդ թվում՝ կամավորներ:
- Միասնական տեղեկատվական հարթակ․ հարթակում իրական ժամանակի ռեժիմում հրապարակվել և տարածվել են ընթացիկ որոշումները, իրականացվող վերահսկողական աշխատանքների արդյունքները, կազմակերպվել են ասուլիսներ և տարվել իրազեկման աշխատանքներ տարբեր թեմաների շուրջ։
- Իրազեկում /տեսանյութեր, արշավներ․ մշակվել են իրազեկման արշավների և տեսանյութերի կազմակերպման և նկարահանման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ նկարահանվել և տարածվել են ավելի քան 70 անիմացիոն և վիդեո տեսանյութեր կորոնավիրուսի դեմ պայքարի և տարբեր ոլորտներում կիրառվող կանոնների վերաբերյալ:
- Պաշտոնական կայքէջ․ գործարկվել է covid19.gov.am եռալեզու կայքէջը, որի նպատակն էր, տրամադրելով պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքի, կայացված որոշումների, վերաբերելի փաստաթղթերի մասին, իրազեկել կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել պարետի որոշմամբ սահմանված տեղաշարժման թերթիկի և էլեկտրոնային եղանակով վերջինիս լրացման հնարավորությունների մասին։
Միջազգային օգնություն: Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ տարբեր ձևաչափով օգնություն են տրամադրել Հայաստանին, որոնց մի մասը դեռևս գտնվում է ընթացիկ փուլում։ Մասնավորապես, Չինաստանի կողմից տրամադրվել է 100 000 ԱՄՆ-ի դոլար աջակցություն, 110 000 ԱՄՆ-ի դոլարի սարքեր և պարագաներ, 100 000 միավորից ավելի բժշկական պարագաներ, Շվեյցարիայի կողմից 40 000 ֆրանկ աջակցություն և արհեստական շնչառության սարք, Լեհաստանի կողմից շուրջ 25 000-ից ավելի միավոր բժշկական պարագաներ, Լիտվայի կողմից շուրջ 700 000 եվրո արժողությամբ բժշկական պարագաներ, Չեխիայի կողմից շուրջ 40 500 եվրոյի բժշկական պարագաներ, Գերմանիայի կողմից 200 000 եվրոյի սարքեր, սարքավորումներ, պարագաներ, Ճապոնիայի կողմից շուրջ 400 մլն իեն արժողության բժշկական սարքավորումներ և պարագաներ, Նիդերլանդների կողմից 232 000 դոլարի սարքավորումներ, Ռուսաստանի կողմից 85 000-ից ավելի միավոր բժշկական պարագաներ, Կանադայի կողմից 500 000 կանադական դոլարի և 260 000 ԱՄՆ-ի դոլարի բժշկական սարքեր և պարագաներ, Իրանի կողմից բժշկական պարագաներ և միջոցներ, Կորեայի Հանրապետության կողմից տրամադրվել են 300 000 դոլարի բժշկական սարքեր և պարագաներ, Հնդկաստանի կողմից 50 000 հաբ դեղամիջոց, ԱՄԷ-ի կողմից 1 ինքնաթիռ բժշկական պարագաներ և միջոցներ, Սերբիայի կողմից 20 բժշկական սարքավորում և 650 000 միավորից ավելի բժշկական պարագաներ ու միջոցներ, Բուլղարիայի կողմից 500 հավաքածու բժշկական պարագաներ և միջոցներ, Կատարի կողմից 250 000 դոլար, Ֆրանսիայի կողմից 5 տոննա տարողությամբ շարժական բուժական կայան՝ 500 վիրավոր բուժելու հնարավորությամբ, 4 պալետ դեղորայք, բժշկական սարքեր, սարքավորումներ և պարագաներ, ԵՄ-ի կողմից 2.7 մլն եվրոյի սարքեր և պարագաներ ԱՀԿ-ի միջոցով, ԱԶԲ-ի կողմից շուրջ 2.5 մլն դոլարի սարքավորումներ, պարագաներ, անհատական պաշտպանության միջոցներ, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից 3.5 մլն դոլարի սարքեր և պարագաներ ԱՀԿ-ի միջոցով, ԿԶԵՀ-ի կողմից 3 մլն եվրո մարզային բուժկազմակերպությունների արդիականացման, հանրային իրազեկման և դասընթացների համար, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից 1 մլն դոլարից ավելի գումար սարքավորումների, պարագաների և անհատական պաշտպանության միջոցների համար, ՀԲ-ի կողմից 3 մլն վարկ շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքեր, սարքավորումներ, անհատական պաշտպանության միջոցներ գնելու և շուրջ 50 000 դոլարի տեխնիկական աջակցության համար, ԱՀԿ-ի կողմից 80 000 դոլարի բժշկական պարագաներ և միջոցներ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից 90 000 եվրոյի սարքավորումներ և պարագաներ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից 130 000 դոլարի սարքավորումներ ու պարագաներ և 85 000 միավոր բժշկական պարագաներ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից 25 000 դոլարի անհատական պաշտպանության միջոցներ, Կարմիր խաչի կողմից 50 000 դոլարից ավելի բժշկական սարքեր և պարագաներ:
Բացի վերը նշված երկրներից և միջազգային կազմակերպություններից Հայաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով աջակցություն են տրամադրել նաև «Նովարտիս Ֆարմա Սերվիսիզ ԷյՋի» շվեյցարական ընկերությունը (36 000 դոլար), Ռումինիայի «RoAid» զարգացման գործակալությունը (10 000 դոլար), Կորեայի միջազգային զարգացման գործակալությունը (KOICA) (150 000 դոլարի սարք և սարքավորում), Գերմանիայի հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միություն» ՀԿ-ն (50 միավոր սարքավորում), Միջազգային բժշկական կորպուսը (International Medical Corps) (50 000 դոլար):
ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՈՒՄ:
Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքներին հակազդելու նպատակով ՀՀ կառավարությունը 2020 թվականին ընդունել է 25 միջոցառում, որոնք ուղղված էին համավարակից տուժած տնտեսության գրեթե բոլոր ոլորտների, ինչպես նաև ազգաբնակչության առավել անապահով հատվածի աջակցությանը: Միջոցառումների մեծամասնությունն ավարտվել է, քանի որ դրանք կրում էին մեկանգամյա բնույթ, սակայն որոշները շարունակվում են նաև 2021 թվականին:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
NN ը/կ |
Միջոցառման էությունը |
Շահառուների թիվը |
Բյուջեն |
1. |
Ռեզիդենտ տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում (մինչև որոշման փոփոխությունը նաև համաֆինանսավորման և վերաֆինանսավորման գործիքն էր գործում) |
1567 |
92.7 մլրդ դրամ (հատկացված վարկի ծավալ) |
2. |
Գյուղատնտեսության ոլորտի նպատակային վարկերի/լիզինգի համաֆինանսավորում և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում |
35 151 |
69,3 մլրդ դրամ (հատկացված վարկի ծավալ) |
3. |
ՓՄՁ-ներին վարկերի տրամադրում՝ շրջանառության չափից կախված առավելագույնը 50 մլն դրամ |
844 |
9,3 մլրդ դրամ (հատկացված վարկի ծավալ) |
4. |
Մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին աջակցություն, որտեղ ծնողը կորցրել է իր գրանցված աշխատանքը |
2 119 |
0,2 մլրդ դրամ |
5. |
Միանվագ դրամաշնորհ՝ յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով |
13 934 |
2,2 մլրդ դրամ |
6. |
Աշխատանքից ազատված անձանց միանվագ մեկանգամյա աջակցություն 68.000 դրամի չափով |
8 112 |
0,5 մլրդ դրամ |
7. |
Միանվագ աջակցություն 100.000 դրամի չափով չաշխատող հղի կանանց |
9 781 |
1 մլրդ դրամ |
8. |
Աջակցություն տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին |
134,678 |
9,1 մլրդ դրամ |
9. |
Աջակցություն 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք |
195,418 |
5,2 մլրդ դրամ |
10. |
Միանվագ աջակցություն միկրոձեռնարկատիրական սուբյեկտներին՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով |
5 391 |
0,3 մլրդ դրամ |
11. |
Աջակցություն բնական գազի և էլեկտրական էներգիայի որոշակի խմբերի բնակիչ բաժանորդներին |
450,000 (շուրջ) |
0,8 մլրդ դրամ |
12. |
Աջակցություն բնական գազի և էլեկտրական էներգիայի որոշակի խմբերի բնակիչ բաժանորդներին |
480,000 (շուրջ) |
1,8 մլրդ դրամ |
13. |
Աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստի չափի 50%-ի չափով |
86 718 |
1,2 մլրդ դրամ |
14. |
ՀՀ բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների ուսանողների վարձերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում, ինչպես նաև ուսումնական վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում |
ուս.վարձ 3 470 վարկ 16 000 (թիրախ) |
0,8 մլրդ դրամ 0,2 մլրդ դրամ |
15. |
Բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում |
1042 |
0,2 մլրդ դրամ |
16. |
Միանվագ աջակցություն բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու ջրի և ջրահեռացման ծառայության որոշակի խմբերի բնակիչ բաժանորդներին |
500,000 (շուրջ) |
2,1 մլրդ դրամ |
17. |
Միանվագ դրամաշնորհ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին |
65 (շուրջ) |
1 մլրդ դրամ |
18. |
Միանվագ դրամաշնորհ յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով 2-ից 100 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարողներին |
11 708 |
2,1 մլրդ դրամ |
19. |
Աջակցություն մրցունակ գործարար ծրագրերի իրագործման՝ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը և շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը |
100 (շուրջ) |
0,7 մլրդ դրամ |
20. |
Միանվագ աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի չափով տուժած ոլորտների աշխատողներին |
44 934 |
3,1 մլրդ դրամ |
21. |
Միանվագ դրամաշնորհ յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով 2-100 վարձու աշխատող ունեցող տնտեսավարողներին |
12 834 |
2,6 մլրդ դրամ |
22. |
Միանվագ մեկանգամյա աջակցություն 68.000 դրամի չափով աշխատանքից ազատված անձանց |
5063 |
0,3 մլրդ դրամ |
23. |
Աջակցություն զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողներին |
1315 |
2,4 մլրդ դրամ |
24. |
Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին |
40 |
0,7 մլրդ դրամ |
25. |
Աջակցություն վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով զբոսաշրջության ոլորտն սպասարկող տրանսպորտային ընկերություններին |
16 |
36 մլն դրամ |
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով նշված միջոցառումների շրջանակում 2020 թվականին հատկացվել է 200 մլրդ դրամից ավելի ֆինանսական ռեսուրս:
Վերը նշված գումարի գրեթե կեսը 1-ին միջոցառման շրջանակներում տրամադրված վարկավորման միջոցներն են, որի ծավալն ըստ ոլորտների 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հետևյալն է՝
Առաջին միջոցառման շրջանակներում առավել արտոնյալ վարկավորում է հատկացվել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք հաշվետու ժամանակահատվածում իրականացրել են դրամական տեսքով կապիտալի համալրում: Այդ գործիքի շրջանակներում բավարարված հայտերի քանակը կազմել է 58, որոնց գումարային արժեքով ծավալը կազմել է 17.6 մլրդ դրամ, իսկ կապիտալի համալրումը՝ շուրջ 6 մլրդ դրամ:
1-ին միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի ծավալն ըստ նպատակների հետևյալն է՝
Երկրորդ միջոցառման շրջանակներում տրամադրված գյուղատնտեսական վարկավորման վիճակագրությունը հետևյալն է՝
1. Բավարարված վարկերի քանակ, այդ թվում՝ |
35 151 հատ |
1.1. Բավարարված խոշոր վարկերի քանակ |
8 281 հատ |
1.2. Բավարարված միկրովարկերի քանակ (մինչև 1 մլն դրամ) |
26 870 հատ |
1. Ընդհանուր ծավալ |
69.3 մլրդ դրամ |
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ՝ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ: Հաշվետու ժամանակում Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների, ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգմանն առնչվող՝ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքի վերաբերյալ հարցեր:
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների ստորագրած՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության համաձայն՝ պայմանագրի N 4 հավելվածով սահմանված ապրանքային խմբերի 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվեց մեկ տարով: Այդ ապրանքային խմբերի մեջ ներառված են ինչպես սպառողական զամբյուղում ներառված, այնպես էլ արդյունաբերական նշանակության ապրանքներ, մասնավորապես՝ ընտանի թռչնի միս, սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս, կարագ, բրինձ, արևածաղկի ձեթ, մարգարին, մանկական պատրաստի կերեր, դեղագործական արտադրանք, անտառանյութ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և այլն: Այդ ցանկից բացառություն են կազմել 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնց ուղղությամբ համապատասխան որոշմամբ թույլատրվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը իրականացնել այն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումը, որոնք ձեռք են բերվել 2019 թվականին, սակայն տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել ներկայացված ժամանակահատվածում։
Իրականացվել են COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, ԵՏՀ կոլեգիայի որոշմամբ նախատեսվել է ժամանակավորապես արգելել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների, բժշկական նշանակության ապրանքների և նյութերի արտահանումը, որը կիրառվել է մինչ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը։ ԵՏՀ խորհրդի համապատասխան որոշմամբ Եվրասիական տնտեսական միության տարածքում COVID-19 կորոնավիրուսային վարակի նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված մի շարք ապրանքներ (անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանիչ միջոցներ, ախտորոշման ռեագենտներ, բժշկական նշանակության սարքավորումներ և այլն) ազատվել են ներմուծման մաքսատուրքից, որը կիրառվել է մինչ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը։ Մեկ այլ որոշմամբ մի շարք կրիտիկական նշանակության ապրանքների մասով նախատեսվել է ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափի կիրառում մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, օրինակ՝ կարտոֆիլի, սոխի, սխտորի, կաղամբի, գազարի, պղպեղի, բրնձի, հնդկաձավարի, մանկական կերերի, ինչպես նաև մի շարք դեղամիջոցների:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ: Շարունակվել են աշխատանքները ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) վավերացվել է բոլոր ԵՄ անդամ երկրների և ԵՄ-ի կողմից, որի արդյունքում 2021 թվականի մարտի 1-ից այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի: Դրա կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալի գործոն։
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է ՀԸԳՀ-ի՝ դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը, որը մանրամասն քննարկվելուց և լրամշակվելուց հետո տրամադրվել է Եվրոպական կողմին՝ կարծիքի: Այն ստանալուց հետո հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում հաստատել նաև այդ հատվածի ճանապարհային քարտեզը:
Համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար ԵՄ-ն 2020 թվականին հայտարարել է Հայաստանին 98,5 միլիոն եվրո աջակցություն տրամադրելու վերաբերյալ, որից 68,5 միլիոնը՝ բյուջետային աջակցության տեսքով (շուրջ 60 մլն փաստացի փոխանցվել է պետական բյուջե 2020 թվականին), 27 միլիոն եվրոն՝ եվրոպական կառույցների միջոցով փոքր ու միջին բիզնեսին տրամադրման գործիքակազմով, իսկ 3 միլիոն ԵՄ-ն տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ գնելու նպատակով: Եվս 30 մլն եվրո բյուջետային աջակցության համաձայնագիր է ստորագրվել ԵՄ-ի հետ դատական բարեփոխումների իրականացման նպատակով, որից 9 մլն եվրո փոխանցվել է պետական բյուջե 2020 թվականին:
Շարունակվել են քայլեր ձեռնարկվել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու ուղղությամբ:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ: Համավարակը կանխելու պահանջներից ելնելով՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ավանդական երթի փոխարեն կազմակերպվեց վիրտուալ «Հիշողության երթ», որը քաղաքակրթական և մշակութային նոր նշաձող սահմանեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի արարողակարգում:
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ: Մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններում մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետներին մեկ տարի ներգրավել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներին: Ներգրավվել են 52 մասնագետներ 19 պետական մարմիններում:
2020 թվականին աշխատանքի տեղավորման, առողջապահական (բժշկական սպասարկման), բնակվարձի աջակցության, կրթական, իրավական և այլ խնդիրներով աջակցություն են ստացել 250 սիրիահայեր: ՀՀ կառավարությունը փոխհատուցել է հայաստանյան բուհերում սովորող 39 սիրիահայ ուսանողների 2019-2020 թվականների ուսման վարձավճարների 40%-ը: 2020-2021 ուսումնական տարում ՀՀ-ի բուհեր ընդունվել են շուրջ 1000 սփյուռքահայ դիմորդներ, որոնցից 69-ը՝ անվճար:
Բեյրութի աղետից հետո Լիբանանի հայ համայնքին օգնելու նպատակով՝ Հայաստանից Բեյրութ են մեկնել օգնության 3 օդանավեր օգոստոսի 8-ին, 9-ին` Արցախի ժողովրդի անունից և 11-ին: Հայաստան է ժամանել շուրջ 2000 լիբանանահայ, նրանք ստացել են աջակցություն բնակարանի, կրթական և առողջապահական հարցերով:
Ձեռք է բերվել շուրջ 50000 կտոր ուսումնական գրականություն և բաշխվել սփյուռքի կառույցներին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Հայաստանի երկամյա նախագահությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում երկարաձգվել է ևս մեկ տարով: 2020 թվականին շարունակվել է ՀՀ ԶՈՒ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին Աֆղանստանում, Լիբանանում, Կոսովոյում, Մալիում և Սիրիայում:
2020 թվականին միջազգային գործընկերների հետ տեղի են ունեցել շարունակական աշխատանքներ: Մասնավորապես՝ հաստատվել է ԱՄՆ ՄԶԳ-ի 2020-2025 թվականների Հայաստանի հետ համագործակցության միջնաժամկետ ռազմավարությունը, ՄԱԿ-ի 2021-2025 թվականների Հայաստանի համար կայուն զարգացման համագործակցության շրջանակը, որը կստորագրվի առաջիկայում:
Հաշվետու ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ տեղի են ունեցել Պահուստային ծրագրի շրջանակներում 2-րդ և 3-րդ դիտարկումները, որի արդյունքում ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարության համար հասանելի են դարձել 231.6 մլն ՀՓԻ-ի չափով փոխառու միջոցներ, որոնք ամբողջությամբ ստացվել են 2020 թվականի ընթացքում և կազմել 316.6 մլն ԱՄՆ դոլար:
ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ: 2020 թվականին ընդունվել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող՝ 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, վերջինիս հիման վրա ընդունվել են պարեկային ծառայության ստեղծման և գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որոնց նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք ոստիկանության ու նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է:
Ձեռք են բերվել պարեկային ծառայության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներ, հանդերձանք, մեկնարկել են 707 սովորողների պատրաստման դասընթացները: 2021 թվականի ընթացքում կգործարկվի պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և Օպերատիվ կառավարման կենտրոնը, որը լինելու է քաղաքացիներից ահազանգերն ընդունող և արտաքին ծառայության իրականացումը մեկ կենտրոնից կառավարող ժամանակից տեխնիկական հագեցվածությամբ կենտրոն:
ՀՀ ոստիկանության 10 տարածքային ստորաբաժանումների հարցաքննության համար նախատեսված 19 սենյակներում տեղադրվել են տեսաձայնագրման համակարգեր, 20 տարածքային ստորաբաժանումների ելքերում և մուտքերում տեղադրվել են 70 տեսահսկման համակարգեր:
2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է տուգանային միավորների (բալային) համակարգը, որը կիրառվում է միայն տեխնիկական միջոցներով արձանագրված իրավախախտումների դեպքում: 2020 թվականի ընթացքում կայացվել է տուգանային միավոր նախատեսող շուրջ 415 հազար որոշում, վարորդական իրավունքի վկայականի կասեցման վերաբերյալ 7200-ից ավել որոշում, կասեցվել է շուրջ 2200 վարորդական իրավունք, 45 անձ զրկվել է վարորդական իրավունքից:
2020 թվականի ընթացքում շարունակվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ 2020 թվականի համար սահմանված՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների իրականացումը, որի շրջանակներում ընդլայնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների շրջանակը, այդ թվում՝ հանրային և պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց և թեկնածության հավակնորդների բարեվարքության ուսումնասիրության, դրա հիման վրա խորհրդատվական եզրակացություն տրամադրելու լիազորություններ, ներդրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների համար անհրաժեշտ գործիքակազմ, օրենսդրական հիմքով հասանելիություն է տրվել պետական տվյալների շտեմարաններին, ինչպես նաև ֆինանսական տեղեկություններին: Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է 47 անձի (թեկնածուի) բարեվարքության ստուգում, որից 26-ի առնչությամբ ներկայացվել է դրական եզրակացություն, 16-ի վերաբերյալ՝ դրական վերապահումով, 4-ի վերաբերյալ՝ բացասական. 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել։
Ներդրվել է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, համաձայն որի՝ որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում պաշտոնատար անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու: Ներդրվել է իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը, որը թույլ կտա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին 3-րդ անձից ևս հայտարարագիր պահանջել: Ներդրվել է մեխանիզմ, համաձայն որի՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն սահմանվել է 5 միլիոն դրամ կամ դրան համարժեք արժույթ:
Ընդլայնվել է հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար: Արդյունքում, հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը նախկինում 3000-ի փոխարեն ներկայումս կազմում է 9000:
Մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենսդրական փաթեթ, որը կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Նախատեսվում է ստեղծել մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարաններ:
2020 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, որով կարգավորվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին առնչվող իրավահարաբերությունները, սահմանվում են ուսումնասիրություն սկսելու առիթներն ու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները և այլն:
2020 թվականի սեպտեմբերի 3-ից գործում է ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը: Ստեղծումից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է թվով 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 214ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:
2020 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք, որից 157-ը՝ կաշառակերության, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքեր են:
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 2020 թվականի ընթացքում իրականացված ազդարարումների քանակը կազմել է 140:
Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքներով Հայաստանը զգալիորեն աճ է գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա արդյունքը: Ունենալով 49 միավոր՝ Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105):
Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) երկրորդ ազգային զեկույցը ներկայացվել է ԱՃԹՆ միջազգային խորհուրդ, որի 2020 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ Հայաստանին շնորհվել է բավարարող առաջընթաց ունեցող երկրի կարգավիճակ։ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին զեկույցը հրապարակվեց https://www.eiti.am կայքում:
«Իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրում» միջոցառման իրականացման նպատակով, հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով՝ 2020 թվականին առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող 34 ընկերությունների կողմից ներկայացվել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր:
Հաշվետու ժամանակահատվածում 2000-ից ավելի քրեակատարողական ծառայողների աշխատավարձը միջինը բարձրացվել է 30%-ով, ինչը նպատակ է հետապնդում ապահովել քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը:
Դատապարտյալների զբաղվածության ապահովման, ինչպես նաև նրանց շրջանում առողջ ապրելակերպի խթանման, արվեստին, մշակույթին և կրոնին հաղորդակից դարձնելու, հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով կազմակերպվել են 70 տասնյակից ավելի հոգևոր, մշակութային, մարզական միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 1200 անձ:
Քրեակատարողական համակարգում բուժօգնության որակի բարձրացման արդյունքում, նույնիսկ COVID-19 ռիսկերի առկայության պայմաններում, նախորդ տարիների համեմատությամբ մահացությունների թիվը զգալիորեն նվազել է. 2020 թվականին գրանցվել է մահվան ընդամենը 5 դեպք, այն դեպքում, երբ 2019 թվականին գրանցվել էր ազատությունից զրկված անձանց մահվան 21 դեպք, այսինքն՝ քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը նվազել է 4 անգամ:
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: 2020 թվականի ընթացքում ընդլայնվել է բնակչության սոցիալական պաշտպանության ծածկույթը, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում նպաստի չափը, համապատասխանաբար, վեցապատկվել և կրկնապատկվել է՝ 2020 թվականի հուլիսի 1-ից սահմանվելով 300 000 դրամ:
2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 26 500 դրամ (25 500 դրամի փոխարեն), աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18 000 դրամ (16 000 դրամի փոխարեն), աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն):
Հաշվետու ժամանակահատվածում ավելացել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝ 1-ին խմբի հաշմանդամի համար՝ 40 000 դրամ (36 000 դրամի փոխարեն), 2-րդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամ (26 000 դրամի փոխարեն), 3-րդ խմբի հաշմանդամի համար՝ 27 000 դրամ (25 500 դրամի փոխարեն), երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 90 000 դրամ (80 000 դրամի փոխարեն): Արդյունքում բարձրացել են շուրջ 34 հազար զինկենսաթոշակառուների, շուրջ 470 հազար աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը, մոտ 71 հազար նպաստառուների նպաստների չափերը:
Ընդ որում՝ շահառուների 46.5 %-ի կենսաթոշակն ավելացել է ավելի քան 10 %-ով, 37.3 %-ինը` 8-10 %-ով, 14.4 %-ինը` 5-8 %-ով և 2 %-ինը` 1000 դրամով` ի հաշիվ նվազագույն կենսաթոշակի ավելացման:
2020 թվականին ընդլայնվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով հանրապետության ողջ տարածքը։ Ցերեկային ծառայություն է տրամադրվել 3500-ից ավելի երեխայի (նախատեսված 3277-ի փոխարեն), իսկ 610 երեխա ընդգրկվել է կանխարգելման ծրագրերում (նախատեսված 389-ի փոխարեն)։ Միաժամանակ, ընդլայնվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման աշխարհագրությունը. ամսական շուրջ 460 հաշմանդամություն ունեցող անձի (նախորդ տարվա 190-ի փոխարեն) մատուցվել են ցերեկային խնամք և սոցիալվերականգնողական ծառայություններ:
2020 թվականին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 5800-ից ավելի ավանդատու, փաստացի վճարվել է 1.2 մլրդ դրամ:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի 300 000 դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում է տրամադրվել։
Մեկնարկել է ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած՝ ծրագրի շահառու ճանաչված 229 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ավարտական փուլը, որի համար հատկացվել է 3.4 մլրդ դրամ, քանի որ 5406 ընտանիքից 5177-ի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2019 թվականներին՝ շուրջ 67.3 մլրդ դրամ պետական միջոցների հաշվին:
2020 թվականին Կառավարությունն ընդունել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների ծրագիրը, որի համաձայն տրամադրվում է աջակցություն՝
- առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ առավելագույնը 2.6 մլն դրամի չափով: 30.12.2020 թվականի դրությամբ ստացվել է 106 դիմում, որից՝ 3-ը մերժվել է, 95-ը՝ հաստատվել, վճարում իրականացվել է 76 շահառուի՝ 59 մլն դրամ.
- առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ հիփոթեքային վարկի կանխավճարի ապահովագրության համար՝ մինչև 90 տոկոսի չափով՝ առավելագույնը տարեկան 180 հազար դրամ: 30.12.2020 թվականի դրությամբ ստացվել է 82 դիմում, որից՝ 1-ը մերժվել է, 78-ը՝ հաստատվել, վճարում իրականացվել է 55 շահառուի՝ շուրջ 3.3 մլն դրամ.
- 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո երեխա ծնվելու կապակցությամբ ընտանիքներին աջակցություն՝ հիփոթեքային վարկի մնացորդի մայր գումարի մարման նպատակով՝ առավելագույնը 3 մլն դրամ: 30.12.2020 թվականի դրությամբ ստացվել է 334 դիմում, որից՝ 33-ը մերժվել է, 285-ը՝ հաստատվել, վճարում իրականացվել է 283 շահառուի՝ շուրջ 275 մլն դրամ։
Զբաղվածության գործակալության աջակցությամբ 2020 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 10 հազարից ավելի աշխատանք փնտրող անձ: Վերանայվել են փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար պետական աջակցության տրամադրման առավելագույն չափերը՝ փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար՝ մինչև 1 մլն դրամի փոխարեն՝ մինչև 1.35 մլն դրամ, իսկ անասնապահությամբ զբաղվելու համար՝ 1.2 մլն դրամ:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում (վնասվածք) ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորումն ապահովելու նպատակով՝ վնասվածք (վիրավորում) ստացած հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորումը կազմակերպվում է հատուկ ընթացակարգով՝ անհատական կարիքների գնահատման արդյունքում տրամադրելով առավել ֆունկցիոնալ պրոթեզներ, իսկ վիրավորում (վնասվածք) ստացած անձանց տրամադրվել է անվճար բուժօգնություն և անհրաժեշտ դեղորայք:
Շուրջ 3000 բուժաշխատող ներգրավված է եղել պատերազմի հետևանքով տուժածների բժշկական օգնության և սպասարկման գործընթացում: Շտապօգնության մեքենաներով, համալրված բուժանձնակազմով, իրականացվել է մոտ 1824 կանչ, որից 859-ը ապահովել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն` տեղափոխելով 2189 վիրավոր: Սանավիացիայի միջոցով կազմակերպվել է 82 վիրավորի տեղափոխում ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: Ներդրված և գործարկված համակարգերի արդյունավետության և օպերատիվության շնորհիվ հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով վիրավորների մահացությունը 1.65%-ի: Արցախի և թիկունքային բոլոր հոսպիտալները համալրվել են «կյանք փրկող» բուժսարքավորումներով, ինչպիսիք են՝ անզգայացման սարքերը, թթվածնի արհեստական շնչառության սարքերը, էլեկտրադանակները, վիրաբուժական պարագաները, ռենտգեն սարքերը և այլն։ Շուրջ 80 անուն 2000 հատ բուժսարքավորումներ (պարագաներ) են տրամադրվել զինվորներին բուժօգնություն ցուցաբերող բժշկական հաստատություններին:
2020 թվականին գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 390 քաղաքացի: Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայություններից օգտվել է (բուժօգնություն է ստացել) 2266 քաղաքացի: Ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սկրինինգը ՀՀ-ի ողջ տարածքում, որն ուղղված է նորածինների մոտ կոնքազդրային հոդախախտի վաղ հայտնաբերմանն ու հաշմանդամության կանխարգելմանը:
Հաշվետու ժամանակահատվածում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող սահմանամերձ բնակավայրերի թիվը՝ նախկին 38-ի փոխարեն դարձել է 186: «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում ստեղծվել է միջմարզային նշանակության մանկական և նորածնային արտագնա անհետաձգելի ծառայություն: Ստեղծվել են հատուկ պայմաններ հոգեկան հիվանդություն ունեցող երեխաների բուժման համար. «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք:
100% անվճար դեղեր են տրամադրվել հոգեկան հիվանդությունների (հոգեմետ դեղեր), չարորակ նորագոյացությունների (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր), շաքարային և ոչ շաքարային դիաբետի (հակադիաբետիկ դեղեր), էպիլեպսիայի (հակացնցումային դեղեր), պարբերական հիվանդության (կոլխիցին), քրոնիկ երիկամային անբավարարության (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ), Ֆենիլկետոնուրիայի (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր), անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց հիվանդության և «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշի դեպքերում:
2020 թվականի ընթացքում շարունակական մասնագիտական վերապատրաստում են անցել շուրջ 300 ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ և այլ մասնագետներ, 2020 թվականի ընթացքում մշակվել է 14 կլինիկական ուղեցույց, 35 պացիենտի վարման գործելակարգ և 7 ընթացակարգ, մարզերում աշխատանքի են նշանակվել նպատակային կլինիկական օրդինատուրայի 27 շրջանավարտ, պետպատվերով վերապատրաստվել է սոցիալական աջակցության կարիք ունեցող 110 ավագ և 169 միջին բուժաշխատող, 2020 թվականին մարզերի բժշկական կազմակերպություններ է գործուղվել 16 բուժաշխատող:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ: 2020 թվականի ընթացքում 21 նոր նախակրթարաններ են հիմնվել ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ ապահովելով թվով 462՝ 5-6 տարեկան երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթական ծառայություններում, որը կազմում է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 24% հավելաճ:
Բարելավվել է դպրոցների ֆինանսավորման կարգը: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների սահմանվող հաշվարկով։
2020 թվականի ընթացքում 101 դպրոցներում ստեղծվել են համապատասխան համակարգչային սարքավորումներով հագեցած դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցմամբ այդ առարկաների դասավանդումը։
Ավելացել է դպրոցականների տրանսպորտային ծախսի փոխհատուցման չափը, ինչպես նաև մարզերի այն ուսուցիչների և զինղեկների փոխհատուցման չափը, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակավայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (ավելի քան 5 կմ հեռավորությամբ) հաստատության ուսուցիչ՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 դրամ:
2020 թվականին 22 համայնքներում մեկնարկել է փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը. բոլոր շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ավարտված են, իսկ 16-ի շինարարական աշխատանքները՝ արդեն մեկնարկած։
2020 թվականին ևս երկու մարզում՝ ընդհանուր առմամբ 8 մարզերում և Երևան քաղաքում հանրակրթության ոլորտում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության համակարգին, ներդրվել է երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ, ուսուցչի օգնականի հաստիք:
Կազմակերպվել և իրականացվել է 2419 սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, շուրջ 7000 սովորողի տրամադրվել են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, մշակվել են 3 մեթոդական ձեռնարկներ ուսուցիչների, նախադպրոցական մանկավարժների և ծնողների համար:
12-ամյա կրթությանը նոր բովանդակություն հաղորդելու նպատակով վերանայվել են հանրակրթական չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Շարունակվել են կրթական ծրագրերի և չափորոշիչների վերանայման բնագիտամաթեմատիկական (ԳՏՃՄ) ուղղությամբ աշխատանքները:
ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից ստեղծվել է հեռավար ուսուցման առցանց հարթակը՝ https://heravar.armedu.am/, էլեկտրոնային մատյանը, ինչպես նաև առցանց կրթական ռեսուրսների շտեմարան: Կենտրոնացված հեռավար ուսուցմանն ընդգրկված են եղել շուրջ 5000 աշակերտ։
Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ոլորտում 2020 թվականին մշակվել և վերանայվել է 12 պետական կրթական չափորոշիչ և 20 մոդուլային ծրագիր: Ներկայում փորձնականորեն իրականացվում են դուալ կրթության 5 երկարաժամկետ դասընթաց և 3 կարճաժամկետ ուսուցման ծրագիր՝ 15 նախնական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, որի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում մասնավոր հատվածի 45 ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվել են 155 երկարաժամկետ և 61 կարճաժամկետ ծրագրերով դասընթացներ:
Աշխատանքներ են իրականացվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծման, ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովման նպատակով, որի իրականացման հիմքում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն է:
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ տեղերը 2020-2021 ուսումնական տարվա համար ավելացել է 140 տեղով` հիմնականում բնագիտական ոլորտի մասնագիտությունների ուղղությամբ:
2020 թվականի պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է շուրջ 1.5 մլրդ դրամով, որը հիմնականում ուղղվել է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում» և «Պայմանագրային հետազոտությունների նոր գիտական թեմաների, այդ թվում` թիրախային՝ նպատակային գիտական թեմաների ֆինանսավորում» ծախսային ծրագրերի իրականացմանը:
2020-2021 թվականների ուսումնական տարվանից ասպիրանտական և դոկտորանտական կրթաթոշակներն ավելացել են՝ կազմելով ասպիրանտների համար՝ հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների դեպքում 65 000 դրամ (նախկին 30 000-ի փոխարեն), բնագիտական և այլ մասնագիտությունների դեպքում` 60 000 դրամ (նախկին 25 000-ի փոխարեն), տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների դեպքում` 55 000 դրամ (նախկին 20 000-ի փոխարեն), ինչպես նաև դոկտորանտների համար` 65 000 դրամ (նախկին 30 000-ի փոխարեն)։
ՄՇԱԿՈՒՅԹ: «Արար» ծրագրի շրջանակներում ՀՀ 5 մարզերի 26 համայնքներում իրականացվել են մշակութային ծրագրեր, փառատոներ, վարպետաց դասընթացներ:
2020 թվականին մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակներում իրականացվել են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրություններ և հնագիտական համալիր հետազոտական աշխատանքներ, 27 պեղումներ: Մշակութային ժառանգության թվայնացման շրջանակներում իրականացվել է 11 կրթաճանաչողական, անիմացիոն տեսահոլովակների պատրաստում՝ սուրդոթարգմանությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում հանրային գրադարանների նյութատեխնիկական ծրագրի շրջանակներում համալրվել է 6 գրադարան։ Գրադարանները համալրվել են 50 հազար միավոր գրքով։
Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք է բերվել 10 անուն շուրջ 7 տասնյակ երաժշտական գործիք, որոնք տրամադրվել են ՀՀ մարզերում գործող 36 երաժշտական և արվեստի դպրոցներին:
ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ: 2020 թվականին անցկացվել են տարբեր մարզաձևերի 86 Հայաստանի Հանրապետության առաջնություններ, 105 ուսումնամարզական հավաքներ, Հայաստանը ներկայացնող հավաքական թիմերը մասնակցել են 55 միջազգային մրցաշարերին, այդ թվում՝ Եվրոպայի առաջնություններին: 2020 թվականի Եվրոպայի առաջնություններին մասնակցած ՀՀ մարզիկնեը նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ ընդհանուր 12 մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, հրաձգություն, կարատե և բռնցքամարտ մարզաձևերից:
2020 թվականի Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերի համար ձեռք է բերվել չորս ուղեգիր՝ հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևից 2 մարզիկ, սպորտային մարմնամարզություն մարզաձևից 1 մարզիկ և բռնցքամարտ մարզաձևից 1 մարզիկ:
2020 թվականին վարձատրվել է բարձր արդյունքներ ցուցաբերած տարբեր տարիքային խմբերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի 16 մարզիչ: Նույն որոշման համաձայն պատվովճար են ստացել 36 աշխարհի չեմպիոններ, 7 օլիմպիական խաղերի չեմպիոններ, 6 շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ, 12 օլիմպիական խաղերի մրցանակակիրներ:
2020 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 200 000 դրամ։ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել է պատվովճարների վճարում՝ համապատասխանաբար 140 000 և 100 000 դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել: Կառավարության որոշմամբ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ պարգևատրելու է 5-ական մլն դրամով:
«Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սուբսիդավորվել է 5842 վարկ, որից՝ 2790-ը Երևան քաղաքում՝ ընդհանուր 33,3 միլիարդ դրամ ծավալով, իսկ 3052-ը ՀՀ մարզերում՝ ընդհանուր 22.5 միլիարդ դրամ ծավալով:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 2 խորքային հորի լուծարման և 4-ի կոնսերվացման աշխատանքներ։ Փականային ռեժիմի է բերվել 29 խորքային հոր։ Խնայվել է 1500-ից ավելի լ/վրկ ջրաքանակ։ Ձևակերպվել է նոր 190 ջրօգտագործման թույլտվության հայտ՝ ձկնաբուծության, ոռոգման, խմելու ջրի և արդյունաբերական նպատակով։ Մերժվել է փհէկ-երի կառուցման 14 հայտ։ 12 փհէկի ջրառի կետերում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր (մինչ օրս 152 փոքր հէկերից 111-ում արդեն իսկ տեղադրվել և կնքվել է 145 առցանց ջրաչափ):
2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանա լիճ-Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 205 մլն մ3 ջրաքանակ, ինչը 46 մլն մ3-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.52 մ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 9 սմ-ով (2019 թ.՝ 1900.43 մ): Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողնման ծավալը կազմել է մոտ 162,4 մլն մ3, ինչն իրականացվել է կառավարության կողմից սահմանված՝ 170 մլն մա չափաքանակին համապատասխան։
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության ծրագրի շրջանակներում Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 630 հազար մանրաձուկ, որից՝ շուրջ 600 հազարը գեղարքունի, իսկ 30 հազարը՝ ամառային իշխան։
Առաջին անգամ իրականացվել է Սևանա լճում ձկան արդյունագործական որս, որի շրջանակներում կնքվել է 255 պայմանագիր՝ որսվել է 205 տ սիգ տեսակի ձուկ:
Անտառամերձ բնակչությանն անվճար տրամադրվել է շուրջ 72 հազար մա պահեստային թափուկ վառելափայտ: Միջազգային ծրագրի շրջանակներում 60 տ վառելիքային բրիկետ է տրամադրվել Արցախից Լոռու մարզ տեղափոխված 30 ընտանիքի:
ՀՀ տարածքում տեսախցիկների կողմից ֆիքսվել է ՀՀ Կարմիր գրքում, որպես «անհետացած» տեսակ գրանցված մանուլ (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասունը։
Արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը ՀՀ-ում։ 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, որով 2022 թվականից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը (իրացումը):
2020 թվականի ընթացքում միջազգային համագործակցության շրջանակներում հաստատվել են շուրջ 4.1 մլն ԱՄՆ-ի դոլարի և շուրջ 6.5 մլն եվրո գումարի բնապահպանական ծրագրեր:
ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ջրային ռեսուրսների մոնիթորինգի և գնահատման պահանջներին համապատասխան՝ 2020 թվականի հունիսից սկսվել է մակերևութային ջրերի հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացումը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ: Նոր կորոնավիրուսի բռնկումը համաշխարհային տնտեսության մեջ 2020 թվականին առաջացրել է արտակարգ իրավիճակ և գլոբալ տնտեսական աճի դանդաղում, որի արդյունքում տնտեսավարողները բախվել են մի շարք խնդիրների, այդ թվում՝ աշխատողների աշխատավայրում լինելու հետ կապված սահմանափակումների և մատակարարման շղթաների խափանումների, պահանջարկի անկման՝ սպառողների վարքագծային փոփոխության և կիրառվող սահմանափակումների հետևանքով։ Հետևաբար, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության կողմից հաստատվել և իրականացվել են մեկ տասնյակից ավելի տնտեսական միջոցառումներ, որոնք թիրախավորել են՝
- արդեն իսկ գործող կազմակերպությունների կայունացումը և իրացվելիության խնդիրների լուծումը,
- գյուղատնտեսական ներուժի ակտիվացումը,
- պարենային ճգնաժամի և դեղորայքի ու բժշկական պարագաների բացակայության բացառումը,
- փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությունը,
- աշխատատեղերի պահպանումը,
- առավելապես տուժած ոլորտներին աջակցությունը:
Չնայած համավարակին և պատերազմին՝ ֆորմալ, ոչ պետական հատվածում զբաղվածների թիվը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ ընդլայնվել է 2.5%-ով (6.2%-ով հունվար-դեկտեմբեր հատվածի համար), ընդ որում՝ միջին աշխատավարձն աճել է 2%-ով (3%-ով՝ հունվար-դեկտեմբեր հատվածի համար):
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ Եվրապարտատոմսերի թողարկման ուղղությամբ, որի արդյունքում 2021 թվականի սկզբում տեղի ունեցավ Եվրապարտատոմսերի 4-րդ թողարկումը՝ 750 մլն ԱՄՆ-ի դոլարի ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6 % արժեկտրոնային եկամտաբերությամբ: Նոր թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման եկամտաբերությունն ընդամենը 3.875% է, ինչը, հաշվի առնելով այն շոկերի բնույթը, որին առերեսվել է մեր տնտեսությունը 2020 թվականին, չափազանց ցածր ցուցանիշ է, որը նաև ցույց է տալիս միջազգային համայնքի վստահությունը Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ:
2020 թվականին ընդունվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել գործարար միջավայրի ոլորտում բարեփոխումների անընդհատությունը, նվազեցնել վարչարարական բեռը, ապահովել «Գործարարություն» զեկույցում ՀՀ-ի դիրքի հետագա առաջխաղացումը։
2020 թվականի ընթացքում սարքավորումների և հումքի ներմուծման նպատակով Կառավարության կողմից արտոնություն է տրվել 55 ներդրումային ծրագրերի, որի արդյունքում նախատեսվում է իրականացնել 204 մլրդ դրամի ներդրումներ և ստեղծել 2000-ից ավելի աշխատատեղ։
2020 թվականի հունվար-դեկտեմբերին մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը նվազել է -3.9%-ով։ Չնայած դրան՝ մշակող արդյունաբերության որոշ ենթաճյուղերի գծով գրանցվել է աճ, մասնավորապես՝ հագուստի արտադրություն՝ 4.3%, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների գծով՝ 14.5%, դեղագործական արտադրատեսակների գծով՝ 23.6%, պատրաստի մետաղական արտադրատեսակների գծով՝ 20.6%, էլեկտրական սարքավորանքի գծով՝ 22.2% և կահույքի արտադրության գծով՝ 13.7%։
Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճ է գրանցվել հետևյալ ապրանքային բաժիններում, մասնավորապես՝ կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք՝ 52,7 %-ով, բուսական ծագման արտադրանք՝ 27,3 %-ով, հանքահումքային արտադրանք՝ 11,5 %-ով, պլաստմասսա և դրանցից իրեր՝ 16,3%-ով, կոշկեղեն՝ 15,2 %-ով, իրեր՝ քարից, գիպսից, ցեմենտից՝ 25,6 %-ով, տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 41,7 %-ով։
ԵՄ «GSP+» ռեժիմի ներքո արտահանումներ իրականացնելու նպատակով REX համակարգում գրանցվել է 211 կազմակերպություն (արտադրատեսակներ՝ գունավոր մետաղներ, հանքաքարեր և այլ հանքանյութեր, տեքստիլ արտադրանք, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և մետաղներ, ինչպես նաև պահածոներ, չրեղեն, խոտաբույսերի թեյեր, հանքային ջրեր և այլն): Համակարգում գրանցվելու ընթացակարգի վերաբերյալ պատրաստվել է տեսաուղեցույց, որը տեղադրված է նախարարության կայքում և e-regulations հարթակում։
Հաշվետու ժամանակահատվածում միջազգային ֆինանսական կառույցների և գործընկեր կառույցների փորձագետների մասնակցությամբ և ջանքերով մշակվել ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ հաստատվել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, որի թիրախներն են.
- պետական պարտատոմսերը և դրամական շուկան.
- ենթակառուցվածքային ծրագրերը, պետական մասնակցությամբ ընկերությունները, համայնքային թողարկումները.
- պետական աջակցությունը՝ մասնավորներին․ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը.
- հաղորդակցությունը, տեղեկատվության հասանելիությունը, խթանումը.
- ենթակառուցվածքը, այդ թվում՝ քրաուդֆանդինգը և նոր տեխնոլոգիաները.
- օրենսդրական և կարգավորման համակարգը:
2020 թվականին իրականացվել են ՀՆԿ համակարգի փորձարկման աշխատանքներ, որոնց ընթացքում հավաքագրվել են ավելի քան 30 և գնահատվել են շուրջ 10 հանրային ներդրումային ծրագրային առաջարկներ։
2020 թվականին շարունակվել են իրականացնել աշխատանքներ. մասնավորապես՝ Խոր վիրապ վանքի տարածքի բարեկարգում, Արենի գինու հյուրանոց համալիրի կոմունիկացիոն համակարգերի կառուցում, Գորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնում՝ Գորիսի Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնում և Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգում։ Ընթացքում են Գառնի տուրիստական գոտում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհի վերականգնումը, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հուշարձանների մասնակի վերականգնումը և ամրակայումը, Երևան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցումը։
Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով ներդրվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգչային ծրագիր, որը հնարավորություն է ընձեռելու ստանալ տեղեկատվություն Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի, քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի և զբոսաշրջային կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:
2020 թվականին հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որը նախատեսում է բարելավել ՓՄՁ կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտը, ռեսուրսների, այդ թվում՝ նաև ֆինանսների հասանելիությունը, շուկաների հասանելիությունը, մարդկային կապիտալի և ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը:
2020 թվականի հունվարի 1-ից միկրոձեռնարկությունները, որոնց շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 մլն դրամը, ամբողջությամբ ազատվել են հարկերից: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները նաև որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանափակումների, որոնց աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվելու է հաստատագրված 5000 դրամի չափով։
2020 թվականին 2019 թվականի նկատմամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը կազմել է 1,4 %։ 2020 թվականին աճ է գրանցվել նաև պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ու արտահանման ծավալներում։ 2020 թվականի ընթացքում պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 100 հազ. տոննա պտուղբանջարեղեն և 235,0 հազ. տոննա խաղող: 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 152 հազ. տոննա թարմ պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ (2019 թվականի շուրջ 143 հազ. տոննայի դիմաց), այդ թվում` շուրջ 20 հազ. տոննա ծիրան, 9 հազ. տոննա խնձոր, 25 հազ. տոննա խաղող և այլն:
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2020 թվականին տրամադրվել է մոտավորապես 37 հազ. միավոր վարկ՝ շուրջ 63 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվն աճել է ավելի քան 4 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 75%-ով:
Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2020 թվականին հաստատվել է 131 շահառուի 186 լիզինգի հայտ 5.9 մլրդ դրամի չափով, որոնց շրջանակներում ձեռք է բերվել 377 միավոր սարքավորում: Նախորդ տարվա համեմատությամբ ծրագրի շահառուների թիվն աճել է ավելի քան 31%-ով, իսկ տրամադրված լիզինգի գումարը՝ ավելի քան 2 անգամ։
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2020 թվականին հաստատվել է 91 շահառուի 181 հայտ շուրջ 22.3 մլրդ դրամի չափով: Ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 16 000-ից ավելի բերքի գնման պայմանագրեր։ Նախորդ տարվա համեմատությամբ ծրագրի շահառուների թիվն աճել է շուրջ 60%-ով, իսկ տրամադրված վարկի գումարը՝ շուրջ 2.3 անգամ։
Հանրապետության տարածքում ապահովվել է կայուն անասնահամաճարակային վիճակ։ Հաստատվել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը։ Իրականացվել են վտանգավոր վնասատուների հայտնաբերմանն ուղղված մոնիթորինգ, բուսասանիտարական վիճակի հետազոտումներ: Շուրջ 300 հազ. հա գյուղատնտեսական նշանակության հողատարածության վրա կատարվել է մոնիթորինգ։
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 2300 հա հողատարածքի 1500-ից ավելի ապահովագրական պայմանագիր։ 2020 թվականին ապահովագրական պատահարների հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվել է 300 ապահովագրական հատուցում՝ շուրջ 150 մլն դրամի չափով:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱ: ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման շրջանակներում 576 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար ՀՀ կառավարության որոշումներով 2020 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 14.3 մլրդ դրամ։ Ընդ որում՝ 576 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 26 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 11 մլրդ դրամ այլ կազմակերպությունների ու մասնավորի ներդրումը՝ շուրջ 700 մլն դրամ։ Այդ ծրագրերն ուղղված են փողոցների նորոգմանն ու հիմնանորոգմանը, մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների կառուցմանն ու վերանորոգմանը, ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, գազամատակարարման, էներգախնայող փողոցային լուսավորության համակարգերի կառուցմանն ու նորոգմանը, ինչպես նաև անհրաժեշտ գյուղատնտեսական կոմունալ տեխնիկայի սարքավորումների և այլ գույքի ձեռքբերմանը։
2020 թվականին ապահովվել է համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատանքների շարունակական ընթացքը, որի շրջանակներում 28 միավորված համայնքներին տրամադրվել են համայնքներում հանրային ծառայությունների քանակական և որակական կազմի բարելավմանն ուղղված մեքենա-սարքավորումներ և գործիքներ՝ շուրջ 1.85 մլրդ դրամ արժեքով, գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ՝ շուրջ 500 մլն դրամ արժեքով, տեղադրվել է 100 կՎտ ընդհանուր հզորությամբ 5 արևային կայան՝ շուրջ 30 մլն դրամ արժեքով։ 6 համայնքներում իրականացվել են ջրամատակարարման համակարգերի բարելավման ու մանկապարտեզների կառուցման աշխատանքներ՝ շուրջ 280 մլն դրամ արժեքով: Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 2.66 մլրդ դրամի ներդրում։
2020 թվականին մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային ապահովության ծրագրի 2-րդ փուլը, որի շրջանակներում Կառավարության որոշմամբ շուրջ 2.1 մլրդ դրամ է տրամադրվել 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։
Հաշվետու ժամանակահատվածում ապաստան ստանալու խնդրանքով ՀՀ իշխանություններին են դիմել 207 օտարերկրացիներ, որոնցից փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել 81-ը։ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում չտեղավորված 21 ապաստան հայցողների ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել է դրամական օգնություն` բնակարան վարձակալելու համար։ Նույն նպատակով սուբսիդիա է տրամադրվել նաև փախստական ճանաչված 38 ընտանիքի։ Աջակցություն է ցուցաբերվել հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես, ութ քաղաքացիների տրամադրվել է բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազ. դրամի չափով:
2020 թվականին, ինչպես և նախորդ երկու տարիներին արձանագրվել է սահմանահատումների՝ ելքերի և մուտքերի դրական մնացորդ՝ շուրջ 12 հազարի չափով։ Ընդ որում, եթե նախորդ տարիներին ՀՀ քաղաքացիների դեպքում վերոնշյալ ցուցանիշը բացասական էր, իսկ օտարերկրացիներինը՝ դրական, ապա 2020 թվականի պատկերը տրամագծորեն փոխվել է՝ ՀՀ քաղաքացիների դեպքում մնացորդը + 42,786 է, իսկ օտարերկրացիների դեպքում -30.693, ինչը բացատրվում է COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներով։
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ: 2020 թվականին վերջնականացվել և 2021 թվականի հունվարի 14-ին հաստատվել է էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:
ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2040 թվականն արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտxժ-ի։ Այդ ծրագրով նախատեսվում է նաև ՀԱԷԿ-ի՝ 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգում: Եթե 2026 թվականից հետո ատոմակայանի անվտանգ շահագործումը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվի, Կառավարությունը մտադիր է այն շահագործել մինչև 2036 թվականը, ինչի համար ըստ կանխատեսումների կպահանջվի լրացուցիչ 150 մլն ԱՄՆ-ի դոլար ներդրում:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան-Վրաստան ծրագրով իրականացվել են մոտավորապես 440 հազ. եվրոյի աշխատանքներ, իսկ ԻրանՀայաստան ծրագրով՝ շուրջ 16 մլն եվրոյի աշխատանքներ:
Մեկնարկել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքների փուլը: Կառուցման փուլում են մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ 46 արևային կայաններ՝ գումարային 193 ՄՎտ դրվածքային հզորությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում դադարեցվել է 10 ընդերքօգտագործման իրավունք, որից 5-ը՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված։ Հանքավայրերից 2-ը եղել են ոսկի-բազմամետաղային, 1-ը՝ պղինձ-մոլիբդենային, 1-ը՝ ոսկու, 1-ը՝ երկաթի: Օգտակար հանածոյի արդյունահանման և ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություններին տրվել է 417 զգուշացում (այդ թվում՝ 55 երկրաբանական ուսումնասիրության և 362 օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող ընկերություններին), իսկ զգուշացմամբ տրված խախտումները չվերացնելու հիմքով՝ 99 միջնորդագիր՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման նպատակով: Տրված զգուշացումների արդյունքում 217 մլն դրամից ավելի ապառք է վճարվել ՀՀ պետական բյուջե:
2020 թվականի ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին կշռային տևողությունը Երևան քաղաքում եղել է 23.7 ժամ/օր, այլ քաղաքային համայնքներում 19.6 ժամ/օր, իսկ գյուղական տարածքներում՝ 19.5 ժամ/օր:
Իրականացվել է 13 Ջ/Կ հեռացնող ջրանցքների վերականգնում, մոտավորապես 51 կմ երկարությամբ և 4 ինքնահոս համակարգերի (Մեղրի, Գեղարդալիճ, Քաղցրաշեն, Բաղրամյան-Նորակերտ) կառուցում: Վերականգնել են 4 մայր ջրանցքների 8 կմ-ը, 22 երկրորդ կարգի ջրանցքների 60 կմ-ը, երրորդ կարգի ջրանցքների շուրջ 60 կմ-ը: Կառուցվել են 37 կմ երկարությամբ ինքնահոս համակարգեր՝ ընդամենը 2.4 մլրդ դրամ արժեքով:
Մշակվել են ներմարզային և միջմարզային օպտիմալ երթուղային ցանցի չվացուցակներն ու ուղեգծերը։ Շարունակվել է երկաթուղային շարժակազմի նորացման և արդիականացման գործընթացի իրականացումը, որի շրջանակներում սկսել են շահագործվել 40 նոր բեռնատար կիսավագոններ և ձեռք են բերվել ևս 70 նոր բեռնատար կիսավագոններ:
2020 թվականի հունվարից «Ռայանէյր» ավիաընկերությունը դեպի Երևան չվերթեր է սկսել իրականացնել իտալական Հռոմ և Միլան քաղաքներից: «Էյր Բալթիկ», «Վիզ Էյր» և «Ռայանէյր» ավիաընկերությունների չվերթերը չեն կայացել համավարակի պատճառով:
Ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից թռիչք-վայրէջք իրականացնող բոլոր ավիաընկերությունների համար 2020 թվականի հունվարի 2-ից 50%-ով նվազեցվել են վերջին 12 ամիսներին չշահագործված ուղղություններով թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների, 15%-ով բեռնափոխադրում իրականացնող ավիաընկերությունների, իսկ 70%-ով մինչև 10 տոննա թռիչքային քաշ ունեցող ինքնաթիռների ավիաօդերևութաբանական սպասարկման սակագները:
2020 թվականին հիմնանորոգվել և ընդունվել են շահագործման 192.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ (այդ թվում՝ 2019-2020 թվականների փոխանցիկ (18 կմ) և 2019 թվականի անավարտ (4կմ), իսկ 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները (շուրջ 27 կմ ընդհանուր երկարությամբ) շահագործման կընդունվեն 2021 թվականի գարնանը:
2020-2021 թվականների փոխանցիկ ճանապարհահատվածներից (57.5 կմ ընդհանուր երկարությամբ) 2020 թվականի ընթացքում ասֆալտապատվել է 23.1 կմը, իսկ մնացած (34.4 կմ ընդհանուր երկարությամբ) ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2021 թվականին:
Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում 2020 թվականի ընթացքում վերականգնվել են 23.4 կմ ընդհանուր երկարությամբ 6 ճանապարհահատվածներ, մեկնարկել են շուրջ 67,8 կմ ընդհանուր երկարությամբ 12 ճանապարհների շինարարական աշխատանքները, «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման նպատակով կնքվել է պայմանագիր։
2020 թվականի ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են շուրջ 1.3 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 930 մլն դրամ, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեներ: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 300 մլն դրամից ավելի, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 225 մլն դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջե՝ շուրջ 80 մլն դրամ: Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 240 մլն դրամից ավելի գումար:
ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի հավաքագրվել է 240 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 70 մլն դրամը, իսկ 170 մլն դրամը` համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ:
Պետական սեփականություն համարվող հողերի օտարումից հավաքագրվել և ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 260 մլն դրամից ավելի գումար:
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, ԹՎԱՅՆԱՑՈՒՄ, ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ: 2020 թվականին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Ընկերությունների շրջանառությունն աճել է 20-ից ավելի տոկոսով և կազմել շուրջ 200 մլրդ դրամ (միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների մասով, առանց կապի օպերատորների): Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով՝ հասնելով շուրջ 19 հազարի: Հայաստանում առկա է բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1200-ից ավելի ակտիվ ընկերություն: Հաշվետու ժամանակահատվածում 190-ից ավելի նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր, որի արդյունքում վերջիններս կօգտվեն հարկային արտոնություններից: 2020 թվականին հայկական ծագում ունեցող սթարթափերը ներգրավել են շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ՝ հիմնականում արտասահմանից: Դա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ և ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենչուրային և այլ ներդրողների համար:
2020 թվականից սկսած՝ ներդրվել է ՀՀ-ում գրանցված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների հիմնադիրների կամ դրանց գործադիր մարմնի անդամներից որևէ մեկի համար ՀՀ պետական ֆինանսավորմամբ Սիլիկոնյան հովտի լավագույն ձեռնարկատիրական համալսարաններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում մասնագիտական վերապատրաստում անցնելու ծրագիրը (արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, նանոտեխնոլոգիաների, ռոբոտաշինության և այլ ոլորտներում), որը, սակայն, կորոնավիրուսի պատճառով հաշվետու ժամանակահատվածում չի իրականացվել և հետաձգվել է մինչև 2021 թվականը: Սակայն մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու Դրեյփերում իրականացվող երկշաբաթյա առցանց դասընթացին։
ՄԱԿ-ի կողմից անցկացվող էլեկտրոնային կառավարման զարգացման հետազոտության արդյունքներով Հայաստանն Էլեկտրոնային մասնակցության ինդեքսով (E-Participation Index) 2020 թվականին 2018 թվականի նկատմամբ բարելավել է իր դիրքերը 46 կետով և գրանցել է ամենամեծ առաջընթացներից մեկն ասիական տարածաշրջանում` համաշխարհային մակարդակով զբաղեցրած 103-րդ դիրքից բարելավելով մինչև 57-րդ դիրքը:
ՄԱԿ-ի կողմից անցկացվող էլեկտրոնային կառավարման զարգացման (E-Government Development Index EGDI) հետազոտության արդյունքներով Հայաստանը 2020 թվականին 2018 թվականի նկատմամբ բարելավել է իր դիրքերը 19 կետով և գրանցել է ամենամեծ առաջընթացներից մեկն ասիական տարածաշրջանում` զբաղեցնելով 68֊րդ տեղը՝ նախորդ 87-րդի փոխարեն: Հետազոտության արդյունքներով Հայաստանը նաև ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում:
2020 թվականի հուլիսի 1-ից իջեցվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռոումինգ ծառայությունների սակագները, մասնավորապես՝ ելքային զանգերը սահմանվել են 28 դրամ, մուտքային զանգերը՝ 14, տվյալների փոխանցումը՝ 17 դրամ/ՄԲ, կարճ հաղորդագրությունները (SMS)` 15 դրամ: Այնուհետև, ռազմական դրությամբ պայմանավորված, 2020 թվականի հոկտեմբերի 21-ից հայաստանյան բջջային օպերատորների՝ «ՄՏՍ Հայաստան», «ՎԵՈՆ Արմենիա», «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունների կողմից Արցախի Հանրապետությունից ստացվող զանգերի և SMS կարճ հաղորդագրությունների համար սահմանվել է հատուկ՝ 0 դրամ սակագին:
2020 թվականի ընթացքում գործարկվել են Հանրագրերի միասնական հարթակը (e-petition.am), Մարդու իրավունքների ազգային ռազմավարության հարթակը (e-rights.am), Մարդահամարի հաշվառման էլեկտրոնային համակարգը, Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքի նոր տարբերակը (cadastre.am) և արդիականացվել է Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակը (ecadastre.am):
Մասնավոր ներդրումների ներգրավմամբ 2020 թվականի ընթացքում հիմնվել են առաջատար տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ սպառազինության և ռազմական տեխնիկայի մի շարք տեսակներ թողարկող արտադրություններ, ինչը որոշակիորեն նվազեցրել է տվյալ տեսակների մասով կախվածությունը ներկրումներից:
2020 թվականի պետական բյուջեով «Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման համար նախատեսվել է շուրջ 3.8 մլրդ դրամ, որն ուղղված է ԳՀՓԿԱ արդյունավետության բարձրացմանն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծմանը:
ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ: 2020 թվականի հունվարի 1-ից անցում է կատարվել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի կիրառմանը, և սահմանվել է 23 տոկոս եկամտային հարկի դրույքաչափ: 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցվել է շահութահարկի դրույքաչափը և սահմանվել 18 տոկոս: Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները 2020 թվականի հունվարի 1-ից օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում գործել են միկրոձեռնարկատիրության համակարգում` ազատվելով պետական բյուջե վճարվող հարկերից:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է Հարկային օրենսգրքի փոփոխություն՝ շահութահարկի կանխավճարների համակարգում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտների մոտ խնայվող շրջանառու միջոցների գնահատականը կազմում է շուրջ 65 մլրդ դրամ: Մասնավորապես՝ օրենքի ընդունմամբ շահութահարկ վճարողներն ազատվեցին 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից, իսկ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։
Անշարժ գույքի կադաստրային արժեքների հիման վրա գույքահարկի հաշվարկման համակարգից անցում է կատարվել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին՝ դրանով իսկ նպատակ ունենալով ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից աստիճանաբար: 2020 թվականին Կադաստրի կոմիտեի կայքէջում ներդրվել է համապատասխան գործիքակազմ՝ «Անշարժ գույքի հարկի հաշվիչ», որը հնարավորություն է ընձեռում անշարժ գույքի սեփականատերերին տեղեկանալու անշարժ գույքի կադաստրային արժեքի ու հարկի չափի վերաբերյալ:
ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգում գործարկվել է ստուգումների ավտոմատացված նոր համակարգը: 2020 թվականի ընթացքում ավարտված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում առաջադրվել է շուրջ 90 մլրդ դրամ, ինչը մոտ 43 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում ավարտված համալիր ստուգումներով, վերստուգումներով և լուծարային ստուգումների արդյունքում առաջադրվել է 87 մլրդ դրամ, ինչը շուրջ 45 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը: 1 ստուգմանը բաժին ընկնող առաջադրված գումարը կազմել է 77 մլն. դրամ, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է շուրջ 62 տոկոսով:
Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նպատակով 2020 թվականին տրվել է 140 օրինապահ հարկ վճարողի հավաստագիր, 2020 թվականին 2019 թվականի համեմատ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմումների քանակն աճել է 91%-ով, իսկ տրամադրված հավաստագրերի քանակն աճել է 50%-ով:
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի և պատերազմական պայմաններում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.40 տոկոս, ինչը 0.11 տոկոսային կետով ավելին է, քան 2019 թվականի նույն ցուցանիշը:
2020 թվականին Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը Հայաստանը հանել է Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «մոխրագույն ցուցակից», որը հեղինակության առումով լավ ազդակ է, որովհետև ԵՄ գործընկերները Հայաստանն այլևս դիտարկելու են որպես հարկային առումներով համագործակցող երկիր։
Հաշվետու ժամանակահատվածում քննարկվել (այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ) և հաստատվել է հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որով առաջարկվում է սահմանել որոշակի միջոցառումներ, որոնք պետք է կրճատեն հարկային քաղաքականության ճեղքը, կամ վերջինս դարձնեն առավել կառավարելի:
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և շրջանառության մեջ է դրվել գնումներին վերաբերող օրենսդրական փաթեթի նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել ներքոհիշյալ երկու խումբ խնդիրները՝
- վերանայել գնումների բողոքարկման համակարգը՝ հաշվի առնելով ինչպես ախտորոշված խնդիրները, այնպես էլ միջազգային պայմանագրերով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների պահանջները.
- ձևավորել արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաշվին գնումները ազգային ռեժիմով իրականացնելու պարագայում ռեսուրսների համախմբման և գործընթացները միասնական կանոններով կառավարելու հնարավորություն, ինչը դրական ազդեցություն կունենա նաև պետական համակարգում նախաձեռնված բարեփոխումների գործընթացի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
26.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|