Գլխավոր տեղեկություն
Համար
N 510-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 10.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 510-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-861-10.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-861-10.02.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է փոփոխել Ազգային ժողովում պետական ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին ներկայացվող աշխատանքային ստաժերի չափանիշները:

Նախագծին կից հիմնավորման (այսուհետ՝ հիմնավորում) համաձայն նախագծով առաջարկվող Ազգային ժողովում պետական ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին ներկայացվող աշխատանքային ստաժի չափանիշների փոփոխումը պայմանավորված է այդ չափանիշների՝ 2001 թվականի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-272 օրենքին նախկինում չհամապատասխանեցվելու և դրա հետևանքով առաջացած խտրականությունը վերացնելու անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն նախագծով առաջարկվող փոփոխությամբ կվերացվի առաջացած խտրականությունը, և կապահովվի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքի իրացումը։

Այս կապակցությամբ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխության հիմնավորմամբ նպատականշված հարցը նախագծով լուծում չի ստանում, քանի որ առաջարկվում է Ազգային ժողովում պետական ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին ներկայացվող աշխատանքային ստաժի չափանիշները համապատասխանեցնել 2001 թվականի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-272 օրենքին, որը, սակայն, ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի մարտի 23-ի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն օրենքով։ Հիշյալ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսվել են քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար աշխատանքային ստաժի նոր չափանիշներ, բացի դրանից, փոփոխվել է նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման և դասակարգման մեթոդաբանությունը, նախատեսվել է պաշտոնների 2 խումբ՝ ղեկավար և մասնագիտական: Այսինքն, փոփոխության արդյունքում Ազգային ժողովում պետական ծառայողների աշխատանքային ստաժի չափանիշները շարունակելու են տարբերվել 2018 թվականի հուլիսի 1-ից գործող և կիրառվող քաղաքացիական ծառայողների համար նախատեսված աշխատանքային ստաժի չափանիշներից։ Հետևաբար, նախագծով առաջարկվող աշխատանքային ստաժի չափանիշների փոփոխությունը չի կարող վերացնել հիմնավորման մեջ որպես խտրականություն նշված հանգամանքը:

Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած և իրականացվող քաղաքականության շրջանակներում հանրային ծառայության համակարգի բարեփոխումների առաջնային խնդիրներից է պետական ծառայության հատվածականության վերացումը և քաղաքացիական ծառայության ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց շրջանակի ընդլայնումը։ Վերոգրյալի համատեքստում ընդունվել են «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն և «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքները։ Ի թիվս այլի, հիշյալ օրենքների ընդունումից հետո նախատեսվում է Ազգային ժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրում։ Այսինքն, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները համարվելու են քաղաքացիական ծառայողներ և նրանց վրա տարածվելու են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումները, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված աշխատանքային ստաժի չափանիշները։ Այսպես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում են պետական ծառայության տեսակները՝ քաղաքացիական ծառայություն, դիվանագիտական ծառայություն, մաքսային ծառայություն, զինվորական ծառայություն և այլն, որոնց թվում Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը որպես պետական ծառայության առանձին տեսակ նախատեսված չէ։ Հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքներին բնորոշ որոշ առանձնահատկություններ՝ 2020 թվականի հունվարի 21-ի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-46-Ն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող 160-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է, որ Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքն ընդունվում է մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը: Ուստի նախագծով ակնկալվող արդյունքին հնարավոր է հասնել նշված օրենքի ընդունմամբ:

Այդուհանդերձ, որպես խնդրի լուծման ժամանակավոր տարբերակ (մինչև համապատասխան օրենքի ընդունումը և Ազգային ժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրումը) կարող է դիտարկվել քաղաքացիական ծառայության պաշտոնների համար աշխատանքային ստաժի գործող չափանիշների սահմանումը Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների համար։

Ուստի, առաջարկում ենք օրենքի նախագծի՝

1. 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքային ստաժի և փորձի առնվազն» բառերը փոխարինել «կրթության և աշխատանքային ստաժի» բառերով:»:

2. 2-րդ հոդվածը, պաշտոններին ներկայացվող պահանջների աստիճանակարգության տրամաբանության շրջանակներում, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ, ստորաբաժանման ղեկավարի, այդ թվում` ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու դեպքում` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.»:

3. 3-րդ հոդվածը, որպեսզի Ազգային ժողովի աշխատակազմում արդեն իսկ պետական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցրած անձինք չափանիշների փոփոխման արդյունքում չհայտնվեն անբարենպաստ վիճակում, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոններ արդեն իսկ զբաղեցրած անձինք օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում օրենքում նախատեսվող` համապատասխան պաշտոններ զբաղեցնելու համար նոր չափանիշներին բավարարող:»: