Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1583
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.03.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 մարտի 2021 թ.

 

«ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ (ՄԻՆՉԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՀՕ-233-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Կ. Տոնոյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի «Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելը» վերտառությամբ 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) սահմանում էր.

«1. Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից` այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո, բավարարվում են գրավառուի պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:»:

Օրենսգրքի հիշյալ հոդվածը մինչև 2011 թվականի հունիսի 23-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նոր խմբագրությամբ շարադրելը փոփոխությունների կամ լրացումների չի ենթարկվել: Սակայն հետագայում Օրենսգրքի 251-րդ հոդվածը խմբագրվել է 23.06.2011թ. ՀՕ-233-Ն, 17.12.2014թ. ՀՕ-264-Ն օրենքներով, լրացվել է 17.06.2016թ. ՀՕ-110-Ն օրենքով, խմբագրվել՝ 27.10.2016թ. ՀՕ-190-Ն, փոփոխության ենթարկվել և լրացվել՝ 14.12.2017թ. ՀՕ-319-Ն օրենքներով:

Գործի քննության առիթը «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերելի դրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Հղում կատարելով Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումներին՝ դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթում իրավական անորոշության խնդիր, որը դրսևորվում է նրանում, որ վիճարկվող դրույթը չի հստակեցնում, թե որ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկները։

Ընդ որում, դիմողը վկայակոչում է Վճռաբեկ դատարանի երկու որոշումներ, որոնցից մեկով (ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով (դիմողի գործով) 08.05.2020թ. կայացված որոշումը) Վճռաբեկ դատարանը գտել է, որ գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն գրավառուի կողմից գույքն իրացնելու պահի դրությամբ, իսկ մեկ այլ գործով, որը կայացվել է ավելի վաղ (ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015թ. կայացված որոշումը) Վճռաբեկ դատարանն արտահայտել է այլ իրավական դիրքորոշում, այն է՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ, և գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն այդ օրվա դրությամբ:

Դիմողի պնդմամբ՝ իր գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթն՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ գրավառուն գույքն իրացնի այն որպես սեփականություն ընդունելուց 10 տարի հետո, որպիսի պայմաններում գրավատուն պարտավորության չափը գերազանցող (ավել կազմող) գումարը կարող է ստանալ միայն 10 տարի հետո, կամ գրավառուն գույքն ընդհանրապես չիրացնի, որպիսի պայմաններում գրավատուն երբեք չի ստանա պարտավորության չափի և գույքի արժեքի տարբերությունը։ Դիմողը նշում է նաև, որ գույքի արժեքը ժամանակի ընթացքում կարող է էական տատանումների ենթարկվել (արժեզրկվել կամ արժևորվել), որի դեպքում կողմերից մեկը կարող է կրել վնասներ։

Այսպիսով, Դիմողը վիճարկում է դատարանի կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ գրավառուի և գրավատուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն գրավառուի կողմից գույքն օտարելու պահի դրությամբ, և ոչ թե գրավի առարկան որպես սեփականություն ընդունելիս։

 Միաժամանակ, դիմողը գտնում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթին իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությունը կարող է հանգեցնել անձի սեփականության իրավունքի խախտման այն իմաստով, որ գրավառուի կողմից գույքն ի սեփականություն ընդունելուց հետո մինչև դրա օտարումը գրավատուն այդ ամբողջ ժամանակահատվածում զրկվում է իր սեփականությունն անարգել տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սահմանադրական իրավունքից։

Ըստ Դիմողի՝ ՀՕ-233-Ն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի՝ մինչև 23.06.2011թ. խմբագրությունը գործող 251-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված իմաստը՝ հաղորդած բովանդակությամբ հանդերձ, համաձայն որի՝ գրավառուի և գրավատուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն գրավառուի կողմից գույքը օտարելու պահի դրությամբ, այլ ոչ թե գրավի առարկան որպես սեփականություն ընդունելիս, հակասում է Սահմանադրության՝ 1-ին, 3, 4, 10, 60, 61, 63, 78, 79, 80, և 81-րդ հոդվածներին։

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Անդրադառնալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաև դատական պաշտպանության, սեփականության իրավունքի և իրավական որոշակիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումներին՝ պատասխանողը եզրակացնում է, որ իրավական որոշակիությունը հանդիսանում է իրավական պետության ներսում գործող կարևորագույն սկզբունքներից մեկը։ Սակայն, օրենքում որոշակիությունը կարող է հանգեցնել դրա (օրենքի) չափազանց կոշտության, իսկ օրենքը պետք է կարողանա համընթաց քայլել փոփոխվող հանգամանքներին։ Այսինքն՝ իրավական որոշակիության սկզբունքի մեկնաբանումը պետք է ուղղված լինի ոչ թե օրենքի դրույթը կոնկրետ իրավիճակին հարմարեցնելուն, այլ դրույթը մեկնաբանելուն, որը կիրառելի կլինի կոնկրետ իրավիճակի նկատմամբ:

Ըստ դիմողի՝ մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից մնացած (պարտավորության չափը գերազանցող) գումարը տրվում է գրավատուին։ Այս իսկ պատճառով, տրամաբանական է, որ գրավառու բանկի և գրավատուի միջև փոխհաշվարկները տեղի են ունենում գրավադրված գույքի իրացման օրվա դրությամբ։

Բացի դրանից, անդրադառնալով համաչափության սկզբունքին՝ պատասխանողը նշում է, որ վիճարկվող դրույթում «….որոշակի ժամկետների բացակայությունը պայմանավորված է գործարար պրակտիկայի առանձնահատկություններով, և օրենսդիր մարմնի նպատակն է եղել՝ ապահովել իրավահարաբերության սուբյեկտների հիմնական իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն։ Ուստի, հետապնդվող նպատակին հասնելու համար իրավակարգավորման ընտրված միջոցը հանդիսանում է պիտանի, քանի որ այն առնվազն կարող է նպաստել այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ, քանի որ հետապնդվող նպատակին անհնար է հասնել մեկ այլ, սակայն նույնչափ արդյունավետ ճանապարհով, որն ավելի քիչ կսահմանափակի անձանց հիմնական իրավունքները, համարժեք, քանի որ հիմնական իրավունքին «միջամտությունը», այն է՝ իրավահարաբերության մյուս կողմերի հիմնական իրավունքների պաշտպանության ապահովման նպատակը, համարժեք է սահմանափակվող իրավունքի կշռին և նշանակությանը»։

Պատասխանողն անդրադառնում է նաև բանկերի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին՝ նշելով, որ ռիսկերը, որոնց ենթարկված է կամ կարող է ենթարկվել բանկը, ներառում են ներքին և արտաքին հանգամանքներ, որոնք կարող են սպառնալ բանկի գործունեության անընդհատությանը կամ բացասական ազդեցություն ունենալ բանկի կապիտալի և/կամ շահույթի, ինչպես նաև գործարար համբավի վրա: Այս իսկ պատճառով, բանկի առաջնային նպատակն է ապահովել հնարավոր ռիսկերի առաջացման նվազ հավանականություն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանողը եզրահանգում է, որ բանկը շահագրգռված է ապահովելու բանկային գործունեության անխափան իրականացում և բանկային ռիսկերի հնարավորինս բացակայություն։ Ուստի, նշյալ նպատակն իրագործելու համար բանկերը շահագրգռված են ապահովելու՝ իրենց ի սեփականություն անցած գույքերի հնարավորինս արագ իրացվելիությունը։ Հետևաբար, «կատարվող փոխհաշվարկները ևս տեղի են ունենում հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում։ Ուստի, «գրավատուն երբեք չի ստանա գույքի իրացումից հետո իր պարտավորության չափը գերազանցող գումարը» միտքն անընդունելի է և հակասում է բանկային գործունեության հիմնական նպատակներին»:

Բացի դրանից, ըստ պատասխանողի՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ակտիվների իրացվելիության ժամկետը պայմանավորված է կոնկրետ ակտիվի տեսակով, այն է՝ առավել լիկվիդային ակտիվներ, արագ իրացվող ակտիվներ, դանդաղ իրացվող ակտիվներ, դժվար իրացվող ակտիվներ։ Այս ամենը հաշվի առնելով՝ օրենսդիր մարմինը վիճարկվող դրույթի ստեղծման փուլում զերծ է եղել կարգավորմանը հաղորդել այնպիսի կոշտություն, որը չի կարողանա համահունչ գործել փոփոխական հանգամանքներին զուգահեռ։ Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթն անհրաժեշտ է մեկնաբանել Օրենսգրքով սահմանված կարգավորումների համատեքստում։ Մասնավորապես, Օրենսգրքի 352-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

Ըստ պատասխանողի՝ վիճարկվող դրույթն իր իրավակարգավորիչ դերով և հետապնդվող նպատակով անձի արդար դատաքննության իրավունքի իրացումը խաթարելու որևէ տարր չի պարունակում, ինչպես նաև համապատասխանում է համաչափության և որոշակիության սկզբունքներին, հետևաբար չի առաջացնում սահմանադրականության խնդիր:

Ելնելով վերոգրյալից` պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթը վերաբերում է գրավառուի և գրավատուի միջև փոխադարձ հաշվարկներ կատարելու ընթացակարգային հիմնախնդրին՝ պայմանավորված այն իրողությամբ, որ իրավահարաբերության պահին գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում չի հստակեցվել իրավահարաբերության մասնակիցների միջև փոխհաշվարկներ կատարելու պահը, Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյոք վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, համահունչ է Սահմանադրությամբ պաշտպանվող սեփականության իրավունքի բովանդակությանը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի լուծման նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գրավի ինստիտուտի հետ կապված մի շարք վերաբերելի իրավակարգավորումներին և դրանց առնչությամբ ձևավորված իրավակիրառական պրակտիկային:

Ըստ այդմ, գրավի իրավունքը, հանդիսանալով գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ հիմնական պարտավորության կատարման ապահովման միջոց, միաժամանակ գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է: Այդ իրավունքը դրսևորվում է նրանով, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Դրան համապատասխան գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

Օրենսգրքի՝ իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի uեփականություն հանձնելու:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով:

Օրենսգրքի՝ իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 250-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:

Օրենսգրքի՝ իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 251-րդ հոդվածի 1-ին մասի (վիճարկվող դրույթի) համաձայն՝ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից` այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո, բավարարվում են գրավառուի պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:

Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծությունից և, մասնավորապես, 249-րդ հոդվածի 1-ին մասում՝ «այդ թվում», նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում՝ «գրավատուի անունից», 250-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում՝ «վաճառվում է», 251-րդ հոդվածի 1-ին մասում՝ «ստացված» արտահայտությունների օգտագործումից բխում է, որ թեպետ օրենսդիրը դիտարկվող 249-րդ հոդվածի 1-ին մասում «բռնագանձում տարածելու և իրացնելու այն» արտահայտության ներքո նկատի է ունեցել նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին ի uեփականություն հանձնելը, ինչը ենթադրում է, որ գույքի արժեքը հիմնական պարտավորության համապատասխան չափից ավելին լինելու դեպքում գույքի արժեքի մնացած մասը ենթակա է վերադարձման գրավատուին, այդուհանդերձ, Օրենսգրքի մյուս դրույթներում ուղղակիորեն իրավակարգավորման է ենթարկել բացառապես գրավադրված գույքի վաճառքի հետ կապված հարաբերությունները: Այսինքն՝ տվյալ դեպքում իրավական անորոշությունը պայմանավորված է եղել օրենսդրական բացով, որը դրսևորվել է նրանում, որ թեպետ օրենսդիրն իրացման ներքո նկատի է ունեցել նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին ի uեփականություն հանձնելը, սակայն, Օրենսգրքի հետագա տեքստում ուղղակիորեն չի կարգավորել ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, ելնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթից, իր դիրքորոշմամբ վերացրել է նշված օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը՝ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015թ. կայացված որոշմամբ արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ գրավադրված գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը կարգավորող Օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող դրույթները տարածվել են նաև գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն անցնելու դեպքերի վրա, քանի որ բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը ևս համարվում է գրավի իրացում: Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև իրավական դիրքորոշում առ այն, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` ի վերջո գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար՝ գրավառուի կողմից Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հետագայում 23.06.2011թ. ընդունված ՀՕ-233-Ն օրենքով Օրենսգրքի 251-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով օրենսդիրն արդեն ուղղակիորեն կարգավորել է ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները՝ այդպիսով օրենսդրական մակարդակում վերացնելով դիտարկվող օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը: Մասնավորապես, Օրենսգրքի՝ 23.06.2011թ. ընդունված ՀՕ-233-Ն օրենքի խմբագրությամբ 251-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը գրավադրված գույքը վարկատուին՝ բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու դեպքում գույքն իրացված է համարել.

1. դրա հետագա օտարման օրը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում,

2. գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը՝ այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել:

Ընդ որում, օրենսդիրը հաշվի չի առնում 6 ամսվա ընթացքում գույքը չօտարելու որևէ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն հանձնելը համարվում է այդ գույքի իրացում, և այդ պահից ծագում է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը գրավատուին վերադարձնելու՝ գրավառուի պարտականությունը:

Այդ առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթը, հաշվի առնելով նաև այդ դրույթի իրացման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015թ. կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «գրավատուն ևս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի և պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից» և «օրենսդիրը երկուստեք երաշխիքներ է նախատեսել ինչպես գրավառուի, այնպես էլ գրավատուի համար՝ հավասարակշռելով վերջիններիս իրավունքները և օրինական շահերը», միտված է ապահովելու Սահմանադրությամբ նախատեսված՝ անձի սեփականության իրավունքի արդյունավետ իրացումը:

Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասի նկատմամբ նախկին գրավատուն ունի սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի իրավունք:

4.2. Սահմանադրության 60 և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի՝ սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի՝ վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե'ս, մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով, Trgo v. Croatia, 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44):

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, 18.03.2008թ. ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չնայած գրավի առարկայի բռնագանձման գործընթացի ավարտի վերաբերյալ գոյություն ունեցող և սույն որոշման մեջ մատնանշված կայուն մեկնաբանությանը, ըստ որի՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, այդուհանդերձ, իրավակիրառական պրակտիկան՝ կապված գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուին վերադարձման ենթակա գումարի հաշվարկման առանձնահատկությունների, մասնավորապես՝ (նախկին) գրավատուի և (նախկին) գրավառուի միջև գրավադրված գույքի իրացումից հետո փոխհաշվարկների իրականացման պահի հետ, զարգացել է այն տրամաբանությամբ, ըստ որի՝ վերջիններիս միջև փոխհաշվարկի կատարման համար պետք է հիմք ընդունվեն ոչ թե գույքը գրավառուի սեփականության անցնելու (իրացնելու), այլ (նախկին) գրավառուի կողմից այդ գույքը վաճառելու կամ այդպիսի իրական հնարավորություն ունենալու պահը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթի վերոհիշյալ մեկնաբանության պայմաններում ոչ միայն փոխակերպվում են, մասնավորապես, ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ հետապնդվող նպատակները (սեփականության իրավունքի պաշտպանություն, գրավառուի և գրավատուի շահերի ողջամիտ հավասարակշռում և այլն), այլ նաև անհամաչափորեն սահմանափակվում է անձի, տվյալ դեպքում՝ գրավատուի սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքը, այն առումով, որ գույքն իրացված լինելու պայմաններում անորոշ ժամանակահատվածով հետաձգվում է դրան հաջորդող՝ գրավադրված գույքի հետ կապված փոխհաշվարկների, հետևաբար՝ դրա արդյունքներով վերադարձման ենթակա գումարը նախկին գրավատուի սեփականությանն հանձնելու ժամկետը:

 

Եզրափակելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չէ Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի սեփականության իրավունքի երաշխիքներին, քանի որ նման պայմաններում գրավատուն իր համար անկանխատեսելի և անորոշ ժամկետով զրկվում է գրավառուի սեփականությանն անցած գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող և իր սեփականությունը հանդիսացող գումարը (դրա նկատմամբ գրավատուն օժտված է լեգիտիմ ակնկալիքի իրավունքով) իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից:

 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, և այդ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

   

9 մարտի 2021 թվականի
 ՍԴՈ-1583

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մարտի 2021 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ (ՄԻՆՉԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՀՕ-233-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9Ն ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1583 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի մարտի 9-ի ՍԴՈ-1583 որոշմամբ (հրապարակվել է 2021 թվականի մարտի 12-ին) որոշել է.

«1. Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, և այդ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։ (…)»:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 9-ի ՍԴՈ-1583 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

 1. Անդրադառնալով Սահմանադրական դատարանում գործի քննության առիթ հանդիսացած դիմումին՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտացոլված՝ դիմումի համառոտ շարադրանքից պարզ է դառնում, որ դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթում իրավական անորոշության խնդիր, որը դրսևորվում է նրանում, որ վիճարկվող դրույթը չի հստակեցնում, թե որ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկները, իսկ Վճռաբեկ դատարանը թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով (դիմողի գործով) և թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշումներով այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իրարից տարբերվող իրավական դիրքորոշումներ։

 Նախ՝ վերոգրյալի կապակցությամբ հարկ եմ համարում նշել հետևյալը.

 Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

 Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

 Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանն անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` նշելով, մասնավորապես.

 - «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008 թվականի ՍԴՈ-753 որոշում),

 - «Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (09.06.2015 թվականի ՍԴՈ-1213 որոշում),

- «(…) իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին» (03.05.2016 թվականի ՍԴՈ-1270 որոշում):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր վճիռներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն տա կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր տվյալ գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ: Թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին1:

 

Անդրադառնալով դատարանների կողմից օրենքների մեկնաբանմանը՝ հարկ եմ համարում նշել, որ այն բնորոշ է դատարանների գործունեությանը, և որքան էլ իրավական նորմերը հստակ լինեն, դատական մեկնաբանումն անխուսափելի է և անհրաժեշտ։ Ասվածը, իհարկե, չի նշանակում, որ թույլատրելի են դատարանների կողմից օրենքների կամայական կամ իրարամերժ մեկնաբանությունները։ Դրանք, անձանց համար անկանխատեսելի դարձնելով իրավական նորմերի կիրառումը, հետևողականությունն ապահովող մեխանիզմի բացակայության դեպքում կարող են հանգեցնել նաև արդար դատաքննության իրավունքի խախտման և խաթարել հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ2։ Այս նկատառումներից ելնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ Պայմանավորվող պետությունները կրում են պարտականություն՝ իրենց իրավական համակարգերը կազմակերպելու այնպես, որ խուսափեն իրար հակասող դատական ակտերի ընդունումից3։

Հայաստանի Հանրապետությունում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթը վերապահված է Վճռաբեկ դատարանին (Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ուստի Վճռաբեկ դատարանի կողմից հակասական որոշումների կայացումն առավել վտանգավոր է։

Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը որոշումներ է կայացնում և իր սահմանադրական գործառույթներն իրականացնում է դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է հայտնում միայն կոնկրետ գործերի շրջանակներում ներկայացվող վճռաբեկ բողոքների քննության արդյունքում։ Դրանով պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:

Պատահական չէ վերը նշված դրույթում օրենսդրի կողմից «նույնանման փաստեր» արտահայտության օգտագործումը։ Այսինքն՝ այդ դրույթը չի ենթադրում որևէ դատարանի (այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի) կողմից մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների մեխանիկական կիրառում՝ առանց հաշվի առնելու գործի փաստերը։ Ընդ որում, այդ հարցին անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը՝ արձանագրելով, որ «(…) յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի (…) դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական կամ վարչական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը»4:

Ավելին, այն հանգամանքը, որ խնդրահարույց կարող է լինել միայն նման գործերով կայացված հակասական դատական ակտերի առկայությունը, բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից5։ Այս դիրքորոշումն է արտահայտել նաև Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ դատական ակտի ընդունումը ենթադրում է քննվող գործի բոլոր առանձնահատուկ հանգամանքների ուսումնասիրություն: Նախադեպային իրավունքի կշիռն այն է, որ նախորդ նախադեպային նշանակության որոշումն իսկապես հիմնված է եղել էականորեն նման փաստերի վրա: Նախադեպը կիրառելիս պատշաճ ուշադրություն է պետք դարձնել այն համատեքստին ու հանգամանքներին, որոնցում այն ձևավորվել է: Երկու առանձին վեճերի տարբեր կարգավորումները չպետք է դիտվեն որպես միմյանց հակասող նախադեպերի ձևավորմանը նպաստող գործընթաց, քանի դեռ նման կարգավորումները հիմնավորված են այդ գործերի փաստերի տարբերությամբ6:

Վերոգրյալի համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ թիվ ԵԿԴ/0384/02/13 և թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործերի փաստերին՝ պարզելու համար դրանց նույնանման լինելու հանգամանքը, ինչպես նաև հարցերին, որոնց Վճռաբեկ դատարանն անդրադարձել է այդ գործերով ներկայացված բողոքների քննության արդյունքներով կայացված որոշումներով։

Այսպես՝ թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով քննվել է քաղաքացու և բանկի միջև ծագած վեճ։ Բանկն արտադատական կարգով բռնագանձում էր տարածել քաղաքացու՝ գրավ դրված գույքի վրա, այն ընդունել էր ի սեփականություն, ապա վաճառել երրորդ անձի՝ մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 251-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրող 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքն ուժի մեջ մտնելը։

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները քաղաքացու և բանկի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ կիրառելի էին համարել Օրենսգրքի՝ 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո գործող կարգավորումները և գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկների համար հիմք էին ընդունել գրավի առարկայի շուկայական արժեքը։

Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով 30.04.2015 թվականին կայացված որոշմամբ անդրադառնալով ժամանակի մեջ Օրենսգրքի 251-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրող 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքի գործողությանը, արձանագրել է, որ գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը ևս համարվում է գրավի առարկայի իրացում, Օրենսգրքի 251-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրող 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքը կիրառելի է միայն այն գույքի հետ կապված հարաբերությունների նկատմամբ, որը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) սեփականության իրավունքով անցել է այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։ Վճռաբեկ դատարանը, նաև վկայակոչելով թիվ ԵԱՆԴ/0399/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ մինչև 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքով Օրենսգրքի 251-րդ հոդվածում կատարված փոփոխությունը բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում Օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար պետք է հիմք ընդունվի այդ գույքի ոչ թե շուկայական, այլ՝ լիկվիդացիոն արժեքը։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանները սխալ են որոշել կիրառման ենթակա իրավանորմը, որպիսի հիմքով նաև ապացուցման առարկան։

Ի հակադրություն այդ գործի՝ թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով քննվել է իրավաբանական անձի և բանկի միջև ծագած վեճ։ Բանկն արտադատական կարգով բռնագանձում էր տարածել իրավաբանական անձի՝ գրավ դրված գույքի վրա։ Բանկը, այդ գույքն ընդունելով ի սեփականություն, տևական ժամանակ զրկված էր եղել այն վաճառելու և դրա հաշվին պարտապանի հանդեպ իր ունեցած պահանջի փաստացի բավարարում ստանալու հնարավորությունից, ինչը պայմանավորված էր եղել գրավատուի գործողություններով։ Մասնավորապես՝ գրավ դրված գույքի բռնագանձման արդյունքում բանկի սեփականության իրավունքի գրանցման իրավաչափության վերաբերյալ գրավատուի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործով, ինչպես նաև սույն դիմումի հիմքում ընկած՝ թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով արգելանք էր դրվել բանկին ի սեփականություն անցած գույքի վրա, իսկ այդ գույքի նկատմամբ կիրառված վերջին արգելանքը վերացվելուց մեկ օր հետո բանկն այն վաճառել էր երրորդ անձի։

Այդ գործով Վճռաբեկ դատարանը որպես գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարմանը վերաբերող իրավակարգավորումների կիրառման ուղենիշ արձանագրել է, որ փոխհաշվարկի արդյունքում գրավառուն չպետք է հայտնվի ավելի անբարենպաստ վիճակում, քան կլիներ, եթե պարտավորությունը գրավով ապահովված չլիներ։

Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում փոխհաշվարկի կատարման համար պետք է հիմք ընդունվեն ոչ թե գույքը բանկի կողմից ի սեփականություն ընդունելու, այլ կոնկրետ դեպքում հաշվի առնելով գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առանձնահատկությունները՝ այն բանկի կողմից վաճառվելու դրությամբ առկա տվյալները՝ հիմք ընդունելով այդ պահին գույքի լիկվիդացիոն արժեքը։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ հակառակ դեպքում կստեղծվեր իրավիճակ, երբ բանկը, ի սեփականություն ընդունելով գրավ դրված գույքը, ստիպված կլիներ այդ պահին գույքի լիկվիդացիոն արժեքի հիման վրա և այն ի սեփականություն ընդունելու հետ կապված ծախսերի հաշվառմամբ գրավատուի հետ կատարել փոխհաշվարկ այն պայմաններում, երբ դրանից հետո տևական ժամանակ բանկը զրկված էր այդ գույքը վաճառելու և վաճառքից ստացված միջոցների հաշվին իր պահանջները փաստացի բավարարելու իրական հնարավորությունից՝ ընդ որում, այդ հնարավորությունից զրկված լինելով հենց գրավատուի գործողությունների արդյունքում։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման մոտեցումը կխախտեր գրավատուի և գրավառուի իրավունքների և օրինական շահերի միջև ողջամիտ հավասարակշռությունը։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավատուի գործողությունները չպետք է հանգեցնեն գրավառուի իրավունքների անհամաչափ սահմանափակման՝ իմաստազրկելով գրավի իրավունքը։

Վճռաբեկ դատարանի այս որոշման ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Վճռաբեկ դատարանը դրանով անդրադարձել է փոխհաշվարկների կատարման հարցին միայն վերը նշված փաստերի պայմաններում, Վճռաբեկ դատարանը չի քննարկել այն իրավիճակները, երբ գրավ դրված գույքի նկատմամբ սահմանափակումներ առկա չեն, կամ դրանք գրավատուի գործողությունների հետևանքը չեն, կամ այն իրավիճակները, երբ գրավառուի կողմից ի սեփականություն ընդունված գույքի նկատմամբ սահմանափակումների վերացումից հետո տևական ժամանակ այն չի վաճառվում։

Վերը նշված երկու քաղաքացիական գործերի փաստերի համեմատությունը թույլ է տալիս արձանագրել, որ այդ գործերի փաստերը նույնանման չեն, դրանք էապես տարբերվում են, ինչն ինքնին կասկածի տակ է դնում հակասական դատական ակտերի առկայության վերաբերյալ դիմողի պնդումը, քանի որ վերը վկայակոչված դիրքորոշումների համատեքստում կարելի է քննարկել հակասական դատական ակտերի առկայության կամ այդ հիմքով անձի հիմնական իրավունքների խախտման հարց միայն այն դեպքում, երբ քննարկվող դատական ակտերը կայացվել են նույնանման փաստերով գործերի շրջանակներում։

Ինչ վերաբերում է դիմումով բարձրացվող այն խնդրին, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ գրավառուն գույքն իրացնի այն որպես սեփականություն ընդունելուց 10 տարի հետո, կամ այն ընդհանրապես չիրացնի, ապա նշվածն ընդհանուր վերացական հիմնավորում է, առնչություն չունի դիմողի մասնակցությամբ ծավալված իրավահարաբերության հետ, ուստի չէր կարող քննության առարկա դառնալ տվյալ դեպքում ներկայացված անհատական դիմումի հիման վրա իրականացվող սահմանադրական վերահսկողության շրջանակներում։

Բացի այդ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերը նշված կարգավորումից հետևում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան դիմումի ներկայացումը թույլատրվում է, եթե, ի թիվս այլնի, այն վերաբերում է նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությանը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ոչ թե ամբողջական, այլ՝ նորմատիվ սահմանադրական գանգատի ինստիտուտը, ինչը, մասնավորապես, ենթադրում է, որ թեև սահմանադրական գանգատը կապված է կոնկրետ գործի հետ, սակայն այն կարող է միայն վերաբերել դատական ակտի հիմքում ընկած նորմատիվ իրավական ակտի, և ոչ թե դատական ակտի սահմանադրականությանը։ Հետևաբար անձը չի կարող Սահմանադրական դատարանի առջև բարձրացնել, իսկ վերջինս էլ իրավասու չէ անդրադառնալ նորմատիվ իրավական ակտի կիրառման իրավաչափության հարցին7։

Վերոգրյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանում ենթակա չեն քննության նաև անհատական այն դիմումները, որոնք կապված են ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են դրանց կիրառման իրավաչափության հարցին, նույնիսկ եթե դիմողը Սահմանադրական դատարանին ըստ ձևի ներկայացնում է վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք8։ Ընդ որում, Սահմանադրական դատարանն իր հերթին կրում է պարտականություն՝ չանդրադառնալու վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարցին։

Կարծում եմ, որ տվյալ դեպքում դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող խնդիրներն իրականում վերաբերում են Վճռաբեկ դատարանի կողմից նորմատիվ ակտի դրույթների կիրառությանը։ Այլ կերպ՝ դիմողը, չհամաձայնելով իր մասնակցությամբ գործով վիճարկվող դրույթի կիրառմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վեճին տրված լուծմանը, ըստ էության քողարկված ձևով բարձրացնում է այնպիսի խնդիրներ, որոնք կապված են ոչ թե նորմատիվ ակտի դրույթի սահմանադրականությանը, այլ՝ դատական ակտով կոնկրետ գործի փաստերի նկատմամբ դրա կիրառման իրավաչափության հարցին։ Փաստորեն, դիմողը Սահմանադրական դատարանին ըստ ձևի ներկայացնելով վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք, ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց, ինչը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ։

Այդուհանդերձ, չնայած դրան՝ Սահմանադրական դատարանը, ներկայացված դիմումի հիման վրա քննելով գործը, ընդունել է ըստ էության որոշում, որով արձանագրել է, որ Օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումներում առկա է եղել իրավական անորոշություն, և «(...) տվյալ դեպքում իրավական անորոշությունը պայմանավորված է եղել օրենսդրական բացով, որը դրսևորվել է նրանում, որ թեպետ օրենսդիրն իրացման ներքո նկատի է ունեցել նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին ի uեփականություն հանձնելը, սակայն, Օրենսգրքի հետագա տեքստում ուղղակիորեն չի կարգավորել ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները»։

Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշմամբ վերացրել է նշված օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը՝ թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015 թվականին կայացված որոշմամբ:

Այնուհետև Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(...) չնայած գրավի առարկայի բռնագանձման գործընթացի ավարտի վերաբերյալ գոյություն ունեցող և սույն որոշման մեջ մատնանշված կայուն մեկնաբանությանը, ըստ որի՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, այդուհանդերձ, իրավակիրառական պրակտիկան՝ կապված գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուին վերադարձման ենթակա գումարի հաշվարկման առանձնահատկությունների, մասնավորապես՝ (նախկին) գրավատուի և (նախկին) գրավառուի միջև գրավադրված գույքի իրացումից հետո փոխհաշվարկների իրականացման պահի հետ, զարգացել է այն տրամաբանությամբ, ըստ որի՝ վերջիններիս միջև փոխհաշվարկի կատարման համար պետք է հիմք ընդունվեն ոչ թե գույքը գրավառուի սեփականության անցնելու (իրացնելու), այլ (նախկին) գրավառուի կողմից այդ գույքը վաճառելու կամ այդպիսի իրական հնարավորություն ունենալու պահը»։

Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած՝ վերը նշված վերլուծություններից հետևում է, որ ըստ Սահմանադրական դատարանի՝ գրավառուին ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունների կարգավորման կապակցությամբ օրենսդրական բացի հետևանքով առկա է եղել իրավական անորոշություն, որը վերացվել է թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշմամբ, սակայն վերջինս, չնայած գրավի առարկայի բռնագանձման գործընթացի ավարտի վերաբերյալ գոյություն ունեցող՝ իր կողմից տրված կայուն մեկնաբանությանը, դիմողի մասնակցությամբ գործով այլ ուղղությամբ է զարգացրել իրավակիրառ պրակտիկան։ Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանը համարել է, որ գրավառուին ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունների կարգավորման կապակցությամբ օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշմամբ վերացվել է, իսկ դիմողի մասնակցությամբ գործով Վճռաբեկ դատարանը շեղվել է իր կողմից նախկինում կայացված որոշման տրամաբանությունից։

Նման պայմաններում ստացվում է, որ Սահմանադրական դատարանն իրականում քննության առարկա է դարձրել ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականությունը, այլ՝ Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարցը՝ թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշմամբ Օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումներին տրված մեկնաբանությունների պայմաններում, ինչը չի բխում անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտի էությունից։

 

2. Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ վիճարկվող դրույթի այնպիսի մեկնաբանության պայմաններում, համաձայն որի՝ (նախկին) գրավատուի և (նախկին) գրավառուի միջև գրավադրված գույքի իրացումից հետո փոխհաշվարկի կատարման համար պետք է հիմք ընդունվեն ոչ թե գույքը գրավառուի սեփականության անցնելու (իրացնելու), այլ (նախկին) գրավառուի կողմից այդ գույքը վաճառելու կամ այդպիսի իրական հնարավորություն ունենալու պահը, ոչ միայն փոխակերպվում են, մասնավորապես, թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ հետապնդվող նպատակները (սեփականության իրավունքի պաշտպանություն, գրավառուի և գրավատուի շահերի ողջամիտ հավասարակշռում և այլն), այլ նաև անհամաչափորեն սահմանափակվում է անձի, տվյալ դեպքում՝ գրավատուի սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքը, այն առումով, որ գույքն իրացված լինելու պայմաններում անորոշ ժամանակահատվածով հետաձգվում է դրան հաջորդող՝ գրավադրված գույքի հետ կապված փոխհաշվարկների, հետևաբար՝ դրա արդյունքներով վերադարձման ենթակա գումարը նախկին գրավատուի սեփականությանը հանձնելու ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա վիճարկվող դրույթին Սահմանադրական դատարանի կողմից տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, և այդ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները։

Չհամաձայնելով Սահմանադրական դատարանի՝ նաև վերը նշված դիրքորոշմանը, նախ հարկ եմ համարում նշել, որ տվյալ դեպքում հաշվի չեն առնվել դիմողի մասնակցությամբ քաղաքացիական գործի և թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործի փաստերի էական տարբերությունների առկայության հիմքով՝ գրավ դրված գույքի լիկվիդացիոն արժեքի վերհանման առանձնահատկությունները, որոնց անդրադարձ կատարվել է սույն հատուկ կարծիքի 1-ին կետում։

Ավելին, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իր կողմից քննարկվող հարցը չի դիտարկել հակադրվող իրավունքների առկայության տեսանկյունից9, ուստի նաև չի հիմնավորել առկա հակադրությանը տրված լուծումը։

 Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին երբեմն հակադրվում են այլ անձանց հիմնական իրավունքները և ազատությունները, իսկ պետությունը Սահմանադրության 75-րդ հոդվածի ամրագրված իրավակարգավորման ուժով պարտավոր է օրենքներով ամրագրել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր հիմնական բոլոր իրավունքների ազատությունների արդյունավետ իրականացման համար։

Վիճարկվող դրույթը վերաբերում է գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկների կատարմանը, ինչից ակնհայտ է, որ գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու և վաճառելու դեպքում գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկների կատարման պահի որոշումն առնչվում է ինչպես գրավատուի, այնպես էլ գրավառուի հիմնական իրավունքներին։

Այսպես՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):

Հաշվի առնելով Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը՝ հարկ եմ համարում Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը մեկնաբանելիս վկայակոչել և հաշվի առնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դրա վերաբերյալ ձևավորված վերաբերելի դիրքորոշումները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությանը, արձանագրել է, որ այն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք, գործի բոլոր հանգամանքներից ելնելով, դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ10:

Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար11: Պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել12: Ավելին, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածում կիրառվող «գույք» եզրույթը սահմանափակված չէ միայն ֆիզիկական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով. այն իր մեջ ընդգրկում է նաև ակտիվներ հանդիսացող որոշ այլ իրավունքներ ու շահեր, որոնցից է, օրինակ, պարտավորության գույքային ապահովման իրավունքը13:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով գրավի իրավունքին՝ հարկ եմ համարում նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ ինչպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցների, այնպես էլ իրային իրավունքների շարքում, ինչը պայմանավորված է դրա երկակի բնույթով։ Օրենսգրքի 170-րդ և 226-րդ հոդվածներից հետևում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորության իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին վերապահում է հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ գրավի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք: Գրավի իրավունքի կամ գրավի՝ (սահմանափակ) իրային իրավունք լինելու հանգամանքից բխում են դրա՝ «բացարձակության» (գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքը խախտող կամ դրա իրականացումը խոչընդոտող արարքներից (Օրենսգրքի 241-րդ հոդված)) և «հետևելու» (գրավի իրավունքը պահպանում է իր ուժն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկայի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի (Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ)) հատկությունները:

Փաստորեն, գրավի իրավունքը կամ գրավը սահմանափակ իրային իրավունք է, որի ուժով գրավառուն ունի «օրինական սպասելիք», որը դրսևորվում է հիմնական պարտավորությունը չկատարվելու դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ գրավի առարկայի արժեքից նախապատվության իրավունքով իր պահանջների բավարարում ստանալով։ Ասվածից կարելի է եզրահանգել, որ գրավի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «գույք» է, ինչն իր հերթին նշանակում է, որ գրավի իրավունքը ենթակա է պաշտպանության ինչպես Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի, այնպես էլ Սահմանադրության 60-րդ հոդվածի ուժով։

Վերոգրյալից հետևում է, որ գրավի իրացման և գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկների կատարման շրջանակներում շոշափվում են ոչ միայն գրավատուի (ինչը բխում է Սահմանադրական դատարանի որոշումից), այլև գրավառուի հիմնական իրավունքները (ինչն անտեսվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ), և այդ իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերը պետք է ունենան այնպիսի բովանդակություն, որոնք հաշվի կառնեն իրար հակադրվող իրավունքների առկայությունը։ Ավելին, հաշվի առնելով գրավի իրավունքի նշանակությունը և դրա՝ պարտավորության կատարումն ապահովելու գործառույթը, կարծում եմ, որ գրավատուի և գրավառուի միջև առաջացող հարաբերությունների նորմատիվ կարգավորումը չպետք է հանգեցնի այնպիսի իրավիճակների առաջացման, երբ գրավառուն կհայտնվի ավելի անբարենպաստ վիճակում, քան կլիներ գրավի բացակայության դեպքում, իսկ Սահմանադրական դատարանն առանձին իրավակարգավորումներին տրվող մեկնաբանություններով չպետք է նպաստի նման իրավիճակների առաջացմանը։ Մինչդեռ Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ վիճարկվող նորմից հետևում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ գրավատուի գործողությունների հետևանքով գրավառուն որոշակի ժամանակահատվածում զրկված է լինում ի սեփականություն ընդունված գրավի առարկան վաճառելու և իր պահանջները փաստացի բավարարելու հնարավորությունից, միևնույն է, գրավատուի հետ փոխհաշվարկները պետք է կատարի գրավի առարկան ի սեփականություն ընդունելու պահի դրությամբ այդ գույքի լիկվիդացիոն արժեքով, որպիսի պայմաններում գրավառուն, ինչպես սույն գործով դիմողի դեպքում է, կարող է ոչ միայն զրկվել գրավի առարկայի արժեքի հաշվին իր պահանջների բավարարում ստանալու հնարավորությունից, այլև ստիպված լինել գրավատուին վճարել իր միջոցների հաշվին՝ տրամադրված վարկի գումարը բազմապատիկ անգամներ գերազանցող գումար այն դեպքում, երբ հենց գրավատուն է խոչընդոտներ հարուցել գրավ դրված գույքի լիկվիդացիոն արժեքը որոշելու գործընթացում։ Ավելին, նման մեկնաբանությունը կարող է իմաստազրկել գրավի առարկան հետագայում վաճառելու նպատակով այն ի սեփականություն ընդունելու ինստիտուտը (օրինակ՝ բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում), ինչը վերջնարդյունքում կարող է բացասական հետևանքներ առաջացնել ոչ միայն գրավառուների, այլև գրավատուների համար։

Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ նաև Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած հետևյալ դատողությանը. «[ու]շադրության է արժանի այն հանգամանքը, որ հետագայում 23.06.2011թ. ընդունված ՀՕ-233-Ն օրենքով Օրենսգրքի 251-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով օրենսդիրն արդեն ուղղակիորեն կարգավորել է ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները՝ այդպիսով օրենսդրական մակարդակում վերացնելով դիտարկվող օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը: Մասնավորապես, Օրենսգրքի՝ 23.06.2011թ. ընդունված ՀՕ-233-Ն օրենքի խմբագրությամբ 251-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը գրավադրված գույքը վարկատուին՝ բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու դեպքում գույքն իրացված է համարել.

1. դրա հետագա օտարման օրը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում,

2. գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը՝ այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել:

Ընդ որում, օրենսդիրը հաշվի չի առնում 6 ամսվա ընթացքում գույքը չօտարելու որևէ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառ»:

Հարկ եմ համարում նշել, որ եթե 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքով Օրենսգրքի 251-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելով օրենսդիրը «օրենսդրական մակարդակում վերացրել է դիտարկվող օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը՝ ուղղակիորեն կարգավորելով ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները», ապա դա արել է միայն մասնակիորեն, քանի որ Օրենսգրքի՝ 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքի խմբագրությամբ 251-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է այն դեպքերին, երբ գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն է անցել քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը14։ Այսինքն՝ այդ նորմը գործում է այն դեպքում, երբ՝

- գրավատուն քաղաքացի է, իսկ գրավառուն՝ բանկ կամ վարկային կազմակերպություն, և

- գրավի առարկան ի սեփականություն է անցել գրավառուին։

Վերոգրյալից հետևում է, որ առնվազն օրենսդիրն Օրենսգրքի՝ 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքի խմբագրությամբ 251-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակիորեն կիրառելի չի համարել այն դեպքերի նկատմամբ, երբ գրավատուն ֆիզիկական անձ չէ (ինչպես սույն գործով դիմողի դեպքում է), կամ գրավառուն բանկ կամ վարկային կազմակերպություն չէ15։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ վիճարկվող դրույթին Սահմանադրական դատարանի կողմից տրվող մեկնաբանությունն առնվազն չպետք է կառուցվեր բացառապես քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցներից մեկի իրավունքների իրացումն ապահովելու անհրաժեշտության շուրջ, քանի որ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված իրավունքի կրողը միայն դիմումատուն չէր, և նրա սեփականության իրավունքը տվյալ դեպքում պաշտպանության ենթակա միակ իրավունքը չէր, իսկ նախապատվությունը հենց դիմումատուի սեփականության իրավունքին տալու դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է առնվազն պարունակեր համապատասխան հիմնավորումներ։ Ինչու՞ Սահմանադրական դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող դրույթին տրվող մեկնաբանությունը շոշափելու է նաև գրավառուի հիմնական իրավունքները, ի՞նչ հիմնավորումներով է Սահմանադրական դատարանը եկել այն եզրահանգման, որ վիճարկվող դրույթը մեկնաբանելիս պետք է առաջնորդվել բացառապես գրավատուի սեփականության իրավունքի իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այս հարցերի պատասխանները Սահմանադրական դատարանի որոշման մեջ բացակայում են, որպիսի հանգամանքը, կարծում եմ, կատարված եզրահանգումները դարձնում է բավարար չափով չհիմնավորված։

 Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկների կատարման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներում (որոնք պարունակում են քննարկվող հարցի վերաբերյալ ուղենիշային լուծումներ) առկա են, մասնավորապես, հետևյալ դիրքորոշումները.

- թիվ ԵԱՆԴ/0399/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշմամբ արտահայտվել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի գրավ դրված գույքը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնի հաշվարկով հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց դարձնել իր սեփականությունը կամ հանձնել երրորդ անձին ի uեփականություն, իսկ գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը, քանի որ միայն նման ձևով է հնարավոր ապահովել գրավի առարկայի արագ իրացումն ու գրավառուի պահանջների բավարարումը.

- թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն է ընդունվել մինչև 23.06.2011 թվականին ընդունված ՀՕ-233-Ն օրենքով Օրենսգրքի 251-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, ապա գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկներ կատարելիս պետք է կիրառել Օրենսգրքի՝ մինչև այդ փոփոխությունները գործող խմբագրությամբ 251-րդ հոդվածը, և այդ փոխհաշվարկները պետք է կատարվեն՝ հիմք ընդունելով գույքի լիկվիդացիոն արժեքը.

- թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով 08.05.2020 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վերլուծել է, թե ինչպես պետք է վեր հանել գրավ դրված գույքի լիկվիդացիոն արժեքը, այսինքն՝ առաջին իսկ հնարավորության դեպքում գույքի արագ վաճառքի գինը՝ այն առանձնահատուկ դեպքում, երբ այդ գույքը գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելուց հետո գրավատուի գործողությունների հետևանքով գտնվել է արգելանքի տակ, իսկ արգելանքը վերացվելուց հետո կարճ ժամանակահատվածում վաճառվել է։

 Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ վկայակոչված՝ Վճռաբեկ դատարանի որոշումների հիմքում ընկած տրամաբանությունների տարբեր լինելու, իրավակիրառ պրակտիկան նախկինից տարբերվող ուղղությամբ զարգանալու վերաբերյալ եզրահանգումները կատարել է՝ հաշվի չառնելով վերը նշված քաղաքացիական գործերի և դրանց շրջանակներում կայացված որոշումների առանձնահատկությունները, անտեսելով դիմողի գործով կայացված որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները և իրավահարաբերության նաև մյուս մասնակցի հիմնական իրավունքների իրացումն ապահովելու անհրաժեշտությունը։

 

3. Սույն հատուկ կարծիքում ներկայացված՝ թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործի փաստերի պայմաններում խնդրահարույց եմ համարում նաև գրավադրված գույքի հետ կապված փոխհաշվարկների կատարումն անորոշ ժամանակահատվածով հետաձգվելով պայմանավորված գրավատուի սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատճառաբանությունը, քանի որ Սահմանադրական դատարանը հաշվի չի առել, թե ինչ փաստերով գործի շրջանակներում է վիճարկվող դրույթը կիրառվել այդ մեկնաբանությամբ։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ նշանակություն չի տվել այն իրավիճակների առանձնացմանը, երբ, ըստ էության, գրավատուն է իր գործողություններով հետաձգում գրավառուի կողմից ի սեփականություն ընդունված գույքի վաճառքը (դրանով իսկ հնարավորություն չտալով որոշելու գույքի՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հնարավորինս արագ վաճառքի գինը, այն է՝ գույքի լիկվիդացիոն արժեքը), և այդ պայմաններում անհասկանալի է, թե գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկների կատարման հետաձգումն ինչպես է խախտում գրավատուի սեփականության իրավունքը։

Այս տեսանկյունից խնդրահարույց է նաև Սահմանադրական դատարանի որոշման հիմքով նոր հանգամանքի առկայության շեշտադրումը, քանի որ Սահմանադրական դատարանը հաշվի չի առել հակադրվող իրավունքների առկայությունը, չի քննարկել վիճարկվող դրույթը կոնկրետ դեպքում որոշակի եղանակով մեկնաբանելու և կիրառելու պատճառները և չի հերքել դրանք։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ սույն գործի վարույթն անհրաժեշտ էր կարճել, մինչդեռ Սահմանադրական դատարանը, ներկայացված դիմումի հիման վրա քննելով գործը, ոչ միայն ըստ էության անդրադարձել է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարցին, որի իրավասությունը չուներ, այլև այն կատարել է՝ առանց հաշվի առնելու դիմողի մասնակցությամբ գործի առանձնահատկությունները։

 

---------------------------

1 Տե՛ս, ECHR, case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21.12.2004.

2 Հակասական դատական ակտերի առկայության դեպքում արդար դատաքննության իրավունքի խախտման պայմանների վերաբերյալ՝ տե՛ս, ECHR, case of Iordan Iordanov and others v. Bulgaria, application no. 23530/02, 02.07.2009.

3 Տե՛ս, ECHR, case of Nejdet Şahin and Perihan Şahin v. Turkey [GC], application no. 13279/05, 20.10.2011․

4 Տե՛ս, ըստ հայցի «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ի ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին գործով Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-480 (ՎԴ) որոշումը:

5 Տե՛ս, ECHR, case of Emel Boyraz v. Turkey, application no. 61960/08, 02.12.2014․

6 Տե՛ս, Consultative Council of European Judges (CCJE), Opinion no. 20 (2017) to the attention of the Committee of Ministers of the Council of Europe on the role of courts with respect the uniform application of the law.

7 Առավել մանրամասն՝ տե՛ս, օրինակ, European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised report on individual access to constitutional justice, CDL-AD(2021)001, 22.02.2021.

8 Տե՛ս, օրինակ, Սահմանադրական դատարանի 22.11.2011 թվականի ՍԴՈ-998, 19.05.2015 թվականի ՍԴՈ-1205, 11.04.2017 թվականի ՍԴՈ-1361 որոշումները, 17.03.2009 թվականի ՍԴԱՈ-21, 22.02.2019 թվականի ՍԴԱՈ-17 աշխատակարգային որոշումները։

9 Սույն հատուկ կարծիքում իրավունքների հակադրությանը և դրա լուծմանը անդրադարձ կկատարվի միայն տվյալ դեպքում հակադրվող կոնկրետ իրավունքների տեսանկյունից։

10 Տե՛ս, ECHR, case of Minasyan and Semerjyan v. Armenia, application no. 27651/05, 23.06.2009.

11 Տե՛ս, ECHR, case of Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium, application no. 17849/91, 20.11.1995.

12 Տե՛ս, ECHR, case of Burdov v. Russia, application no. 59498/00, 07.05.2002.

13 Տե՛ս, ECHR, case of Gasus Dosier- Und Fördertechnik Gmbh v. The Netherlands, application no. 15375/89, 23.02.1995.

14 Այդ իրավանորմի համաձայն՝ այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը սույն հոդվածի իմաստով համարվում է իրացված (...):

15 Սույն հատուկ կարծիքում չի քննարկվում այդ իրավանորմը դրանով ուղղակիորեն չկարգավորված հարաբերությունների նկատմամբ անալոգիայով կիրառելու հնարավորությունը, ինչն իրավակիրառ պրակտիկայի խնդիրն է։

 

ԴԱՏԱՎՈՐ՝

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

   

19 մարտի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան