ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0848/02/13 2020 թ. Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0848/02/13
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան |
Դատավորներ՝ |
Ա. Պետրոսյան |
Դ. Սերոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
2020 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Թամարա Գալստյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Թամարա Գալստյանի ընդդեմ Էդգար Մարտիրոսյանի, երրորդ անձ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Թամարա Գալստյանը պահանջել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից առանձնացնել Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասը, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխել նրանց բաժիններին համաչափ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2018 թվականի վճռով կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու մասին ներկայացված պահանջը մերժվել է, մնացած մասով հայցը բավարարվել է, և վճռվել է կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2019 թվականի որոշմամբ Էդգար Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 11.12.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ու գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Գալստյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, 201-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 379-րդ հոդվածները, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում պատասխանողը պատշաճ կարգով տեղեկացված է եղել սույն գործի քննության, ինչպես նաև նշանակված դատական նիստերի մասին, ընդ որում, դատարանում իր շահերը ներկայացրել է փաստաբանի միջոցով, այսինքն՝ տեղեկացված է եղել իր դեմ ներկայացված հայցի էությանն ու բովանդակությանը և հնարավոր իրավական հետևանքների մասին, պատասխանողի ներկայացուցչի միջնորդությամբ Դատարանը բազմիցս հետաձգել է դատական նիստերը՝ կողմերին հաշտության գալու հնարավորություն ընձեռելով, սակայն արդյունքում կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելու շուրջ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վիճելի գույքը ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և օրենքի ուժով հանդիսանում է վերջինների համատեղ սեփականությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի շրջանակներում նշանակված փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել, ինչն էլ հիմք է հանդիսացել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին Դատարանի կողմից վճռի կայացման համար։
Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ վիճարկվող դատական ակտը թերի կամ սխալ է հիմնավորված, պետք է օգտվեր իրեն տրված իրավասությունից և լրացուցիչ պատճառաբաներ Դատարանի կողմից ըստ էության ճիշտ կայացված դատական ակտը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վիճելի գույքը ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և օրենքի ուժով արդեն իսկ հանդիսանում է վերջիններիս համատեղ սեփականությունը, ինչից հետևում է, որ հայցվորը նույնպես այդ գույքի նկատմամբ իր իրավունքը պաշտպանելու իրավունք ունի։
Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, ակնհայտորեն դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.12.2018 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժնի կողմից 02.08.2007 թվականին տրված թիվ 084754 ամուսնության վկայականի համաձայն՝ Էդգար Միշայի Մարտիրոսյանն ու Թամարա Գագիկի Գալստյանն ամուսնացել են 02.08.2007 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 471 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 9).
2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 04.11.2010 թվականին տրված թիվ 2676272 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանը 02.11.2010 թվականին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Միշայի Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 54-59).
3. «Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի» 02.11.2010 թվականի պայմանագրի համաձայն` Էդգար Մարտիրոսյանի (գնորդ), Հովհաննես Պետրոսյանի (վաճառող) և Բանկի (գրավառու) միջև 02.11.2010 թվականին կնքվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը` Բանկի կողմից 24.000 ԱՄՆ դոլար գումարի վարկավորմամբ ձեռք բերելու և այն վարկի կապակցությամբ գրավ դնելու մասին պայմանագիր: Վարկի մարման ժամկետ է սահմանվել 01.11.2020 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 64-72).
4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 04.07.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը գրավադրվել է Բանկում (հատոր 1-ին, գ.թ. 10).
5. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 06.06.2017 թվականի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել (հատոր 1-ին, գ.թ. 85-92)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքների վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ, 379-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով:
Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու, վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու անհրաժեշտության մասին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է մասնավորապես Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտը չունի պատճառաբանական մաս:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածում թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, նշված հիմքերից մեկը դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքն է:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին կարող է չանդրադառնալ այն դեպքում, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման օրենքով սահմանված հիմք:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Էդգար Մարտիրոսյանն ու Թամարա Գալստյանն ամուսնացել են 02.08.2007 թվականին: 02.11.2010 թվականին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանը ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Մարտիրոսյանին: 02.11.2010 թվականին Էդգար Մարտիրոսյանի (գնորդ), Հովհաննես Պետրոսյանի (վաճառող) և Բանկի (գրավառու) միջև կնքվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը` Բանկի կողմից 24.000 ԱՄՆ դոլար գումարի վարկավորմամբ ձեռք բերելու և այն վարկի կապակցությամբ գրավ դնելու մասին պայմանագիր և վարկի մարման ժամկետ է սահմանվել 01.11.2020 թվականը, ու Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը գրավադրվել է Բանկում: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 06.06.2017 թվականի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել:
Դիմելով դատարան` Թամարա Գալստյանը պահանջել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնել, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխել:
Դատարանը կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու մասին ներկայացված պահանջը մերժել է, մնացած մասով հայցը բավարարել է և վճռել է կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ:
Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռը զուրկ է պատճառաբանական մասից, Դատարանը պետք է անդրադառնար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` գույքի առանձնացման համար նախատեսված կանոնների քննարկման հարցին և նոր միայն կիրառեր նույն հոդվածի 6-րդ կետի կանոնակարգումները` հաշվի առնելով նույն կետի պահանջն այն մասին, որ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Բացի այդ, հայցվորի վկայակոչած փաստն այն մասին, որ նա հանդիսանում է վերը նշված բնակարանի համասեփականատեր, որևէ ապացույցով չի հիմնավորվել, հաշվի առնելով այն փաստը, որ բնակարանի նկատմամբ գրանցվել է միայն պատասխանողի սեփականության իրավունքը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 176-րդ հոդվածների իմաստով` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ծագում է դրա նկատմամբ ունեցած իրավունքի պետական գրանցման պահից միայն:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը և վերոգրյալ իրավական նորմերը, փաստում է հետևյալը.
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում, ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից, ապացուցման ենթակա փաստերը` շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը, նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` նույն օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝ հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման, եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ, գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։
Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝ վերլուծություն` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից, ապացուցման ենթակա փաստերը`(…), գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի կամ ոչ վերաբերելի համարելու դեպքում՝ հղում այն իրավական նորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի կամ ոչ վերաբերելի, այն փաստերի շարադրանքը, որոնց հիման վրա դատարանը հանգել է եզրահանգման, եզրակացություն` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավոր լինելու վերաբերյալ, գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը:
Վերոգրյալ հոդվածներով հստակ սահմանված է, թե ինչ պետք է պարունակի վճռի պատճառաբանական մասը, իսկ այն դեպքերում, երբ վճիռն ունի որոշակի պատճառաբանական մաս, սակայն այն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերող կանոններին, ապա այն կարող է համարվել թերի պատճառաբանված:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքը, անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, կարող է հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք միայն այն դեպքում, երբ դատական ակտը զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, մինչդեռ այն կամ դրա մի մասը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերվող կանոններին, ապա այն չի կարող համարվել պատճառաբանական մաս չունեցող դատական ակտ:
Սույն գործով Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտի պատճառաբանական մասում նշված են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, հղում է արված մի շարք իրավական նորմերի, Դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ժամանակ իր կողմից անմիջականորեն հետազոտված ապացույցները, կատարել է որոշակի իրավական վերլուծություններ, վճռում անդրադարձ է կատարվել նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտն ունի պատճառաբանական մաս, սակայն այն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերող կանոններին, այսինքն՝ թերի է պատճառաբանված:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վճիռն ամբողջությամբ պատճառաբանական մաս չունենալու հիմքով, բեկանելով Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտը՝ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին: Մինչդեռ Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտը զուրկ չէ պատճառաբանական մասից և Վերաքննիչ դատարանը չէր կարող առանց բողոքի հիմքերն ու հիմնավորումները քննելու բեկանել Դատարանի 11.12.2018 թվականի վճիռը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված հիմքով:
Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն՝ 02.11.2010 թվականին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Մարտիրոսյանին, իսկ Էդգար Մարտիրոսյանն ու Թամարա Գալստյանն ամուսնացել են 02.08.2007 թվականին, այսինքն` վերը նշված բնակարանը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, իսկ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հայցվորի վիճելի գույքի համասեփականատեր հանդիսանալու հարցին, դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից, քանի որ բողոքաբերը նման հիմք կամ դրա վերաբերյալ որևէ հիմնավորում վերաքննիչ բողոքում չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չքննելով բողոքի հիմքերը և հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմքով գործը նոր քննության ուղարկելու պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալ հնարավոր չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Էդգար Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են («Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
10.12.2020թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՄԴ/0848/02/13 քաղաքացիական գործով 10.12.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 10.12.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Թամարա Գալստյանի ընդդեմ Էդգար Մարտիրոսյանի, երրորդ անձ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2019 թվականի որոշման դեմ Թամարա Գալստյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Թամարա Գալստյանը պահանջել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից առանձնացնել Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասը, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխել նրանց բաժիններին համաչափ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2018 թվականի վճռով կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու մասին ներկայացված պահանջը մերժվել է, մնացած մասով հայցը բավարարվել է, և վճռվել է կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2019 թվականի որոշմամբ Էդգար Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 11.12.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ու գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Գալստյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, 201-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 379-րդ հոդվածները, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում պատասխանողը պատշաճ կարգով տեղեկացված է եղել սույն գործի քննության, ինչպես նաև նշանակված դատական նիստերի մասին, ընդ որում, դատարանում իր շահերը ներկայացրել է փաստաբանի միջոցով, այսինքն՝ տեղեկացված է եղել իր դեմ ներկայացված հայցի էությանն ու բովանդակությանը և հնարավոր իրավական հետևանքների մասին, պատասխանողի ներկայացուցչի միջնորդությամբ Դատարանը բազմիցս հետաձգել է դատական նիստերը՝ կողմերին հաշտության գալու հնարավորություն ընձեռելով, սակայն արդյունքում կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելու շուրջ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վիճելի գույքը ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և օրենքի ուժով հանդիսանում է վերջինների համատեղ սեփականությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի շրջանակներում նշանակված փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել, ինչն էլ հիմք է հանդիսացել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին Դատարանի կողմից վճռի կայացման համար։
Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ վիճարկվող դատական ակտը թերի կամ սխալ է հիմնավորված, պետք է օգտվեր իրեն տրված իրավասությունից և լրացուցիչ պատճառաբաներ Դատարանի կողմից ըստ էության ճիշտ կայացված դատական ակտը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վիճելի գույքը ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և օրենքի ուժով արդեն իսկ հանդիսանում է վերջիններիս համատեղ սեփականությունը, ինչից հետևում է, որ հայցվորը նույնպես այդ գույքի նկատմամբ իր իրավունքը պաշտպանելու իրավունք ունի։
Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, ակնհայտորեն դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.12.2018 թվականի վճռին:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1. ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժնի կողմից 02.08.2007 թվականին տրված թիվ 084754 ամուսնության վկայականի համաձայն՝ Էդգար Միշայի Մարտիրոսյանն ու Թամարա Գագիկի Գալստյանն ամուսնացել են 02.08.2007 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 471 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 9).
2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 04.11.2010 թվականին տրված թիվ 2676272 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանը 02.11.2010 թվականին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Միշայի Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 54-59).
3. «Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի» 02.11.2010 թվականի պայմանագրի համաձայն` Էդգար Մարտիրոսյանի (գնորդ), Հովհաննես Պետրոսյանի (վաճառող) և Բանկի (գրավառու) միջև 02.11.2010 թվականին կնքվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը` Բանկի կողմից 24.000 ԱՄՆ դոլար գումարի վարկավորմամբ ձեռք բերելու և այն վարկի կապակցությամբ գրավ դնելու մասին պայմանագիր: Վարկի մարման ժամկետ է սահմանվել 01.11.2020 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 64-72).
4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 04.07.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը գրավադրվել է Բանկում (հատոր 1-ին, գ.թ. 10).
5. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 06.06.2017 թվականի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել (հատոր 1-ին, գ.թ. 85-92)։
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործը հարուցվել է Թամարա Գալստյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից առանձնացնել Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասը, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխել նրանց բաժիններին համաչափ:
Դատարանը կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու մասին ներկայացված պահանջը մերժել է, մնացած մասով հայցը բավարարել է և վճռել է կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ:
Վերաքննիչ դատարանը, բավարարել է վերաքննիչ բողոքը և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռը զուրկ է պատճառաբանական մասից, Դատարանը պետք է անդրադառնար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` գույքի առանձնացման համար նախատեսված կանոնների քննարկման հարցին և նոր միայն կիրառեր նույն հոդվածի 6-րդ կետի կանոնակարգումները` հաշվի առնելով նույն կետի պահանջն այն մասին, որ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ: Բացի այդ, հայցվորի վկայակոչած փաստն այն մասին, որ նա հանդիսանում է վերը նշված բնակարանի համասեփականատեր, որևէ ապացույցով չի հիմնավորվել, հաշվի առնելով այն փաստը, որ բնակարանի նկատմամբ գրանցվել է միայն պատասխանողի սեփականության իրավունքը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 176-րդ հոդվածների իմաստով` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ծագում է դրա նկատմամբ ունեցած իրավունքի պետական գրանցման պահից միայն:
Վճռաբեկ դատարանը, որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման՝ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, 379-րդ հոդվածի 1-ին մասը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, 3-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու, վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու անհրաժեշտության մասին Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին կարող է չանդրադառնալ այն դեպքում, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման օրենքով սահմանված հիմք (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 4-5-րդ էջերը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, համանման դրույթներ բովանդակող 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով հստակ սահմանված են, թե ինչ պետք է պարունակի վճռի պատճառաբանական մասը, իսկ այն դեպքերում, երբ վճիռն ունի որոշակի պատճառաբանական մաս, սակայն այն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերող կանոններին, ապա այն կարող է համարվել թերի պատճառաբանված:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքը, անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, կարող է հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք միայն այն դեպքում, երբ դատական ակտը զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, մինչդեռ այն կամ դրա մի մասը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերվող կանոններին, ապա այն չի կարող համարվել պատճառաբանական մաս չունեցող դատական ակտ (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 6-7-րդ էջերը):
Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը եզրահանգել է. «Սույն գործով Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտի պատճառաբանական մասում նշված են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, հղում է արված մի շարք իրավական նորմերի, Դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ժամանակ իր կողմից անմիջականորեն հետազոտված ապացույցները, կատարել է որոշակի իրավական վերլուծություններ, վճռում անդրադարձ է կատարվել նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխմանը:
(․․․) Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտն ունի պատճառաբանական մաս, սակայն այն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերող կանոններին, այսինքն՝ թերի է պատճառաբանված:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վճիռն ամբողջությամբ պատճառաբանական մաս չունենալու հիմքով, բեկանելով Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտը՝ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին: Մինչդեռ Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտը զուրկ չէ պատճառաբանական մասից և Վերաքննիչ դատարանը չէր կարող առանց բողոքի հիմքերն ու հիմնավորումները քննելու բեկանել Դատարանի 11.12.2018 թվականի վճիռը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված հիմքով:
Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն՝ 02.11.2010 թվականին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Մարտիրոսյանին, իսկ Էդգար Մարտիրոսյանն ու Թամարա Գալստյանն ամուսնացել են 02.08.2007 թվականին, այսինքն` վերը նշված բնակարանը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, իսկ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հայցվորի վիճելի գույքի համասեփականատեր հանդիսանալու հարցին, դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից, քանի որ բողոքաբերը նման հիմք կամ դրա վերաբերյալ որևէ հիմնավորում վերաքննիչ բողոքում չի ներկայացրել:
(․․․) չքննելով բողոքի հիմքերը և հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 7-8-րդ էջերը):
Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ որոշման վերաբերյալ:
Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝
1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2) եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում.
3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.
4) ապացուցման ենթակա փաստերը`
ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,
բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,
գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` սույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.
5) եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման.
6) եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը չունի պատճառաբանական մաս:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հանգեցնող խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե'ս, Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերից թեկուզ և մեկի առկայության դեպքում դատարանը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից պարտավոր է բեկանել ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտը:
Սույն գործով Դատարանի 11.12.2018 թվականի վճռով կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու մասին ներկայացված պահանջը մերժվել է, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին ներկայացված պահանջը բավարարվել է:
Վճռի «պատճառաբանական» մասի սկզբնամասը ներառել է իրավական նորմերը, որից հետո տառացի արտատպված են «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնի փաստերը, այնուհետև Դատարանն անդրադարձել է դատական ծախսերի բաշխման հարցին: Եզրահանգումների վերաբերյալ վճռում առկա չէ որևէ պատճառաբանություն կամ դատողություն:
Մասնավորապես սույն գործով Դատարանի վճիռն ունի հետևյալ տեսքը.
«Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, ներկայացրած ապացույցները և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցվորին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնելու մասին հայցադիմումով ներկայացված պահանջը ենթակա է մերժման, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին ներկայացված պահանջը ենթակա է բավարարման, քանի որ1.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են սույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ2:
Գործի քննության ժամանակ՝ դատական նիստում, դատարանի կողմից անմիջականորեն հետազոտված ապացույցների և սույն դատական ակտով հաստատված հանգամանքների ուժով.
-ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 02.08.2007թ.-ին տրված թիվ 084754 ամուսնության վկայականի համաձայն՝ Էդգար Միշաի Մարտիրոսյանն ու Թամարա Գագիկի Գալստյանն ամուսնացել են 02.08.2007թ.-ին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 471 գրանցումը:
-ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 04.11.2010թ.-ին տրված թիվ 2676272 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի համաձայն` ք. Երևան, Կուրղինյան փողոց, 15 շենք, թիվ 44 բնակարանը 02.11.2010թ.-ին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի ուժով ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Միշաի Մարտիրոսյանին:
-ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ Հմ 17-0082դ փորձագետի եզրակացության համաձայնª ք. Երևան, Կուրղինյան փողոց, 15 շենք, թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմսը հնարավոր չէ առանձնացնել, քանի որ … 3:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն4:
Ուստի, լուծելով դատական ծախսերի բաշխման` պետական տուրքի հարցը, դատարանը գտնում է, որ հայցվորին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնելու մասին ներկայացված պահանջի մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին ներկայացված պահանջի մասով պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 4,000 ՀՀ դրամ գումարի չափով պետական տուրք, քանի որ.
Հայցադիմումով ներկայացվել են երկու՝ հայցվորին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնելու և բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին ոչ գույքային պահանջներ, սակայն վճարվել է պետական տուրք միայն մեկ ոչ գույքային պահանջի համար5:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին6»:
Գտնում եմ, որ Դատարանի վճիռը բացարձակապես որևէ հիմնավորում չի պարունակում հայցը մասնակիորեն բավարարման ենթակա լինելու Դատարանի եզրահանգման վերաբերյալ: Նման դատական ակտը ՀՀ իրավական համակարգում գոյության իրավունք չունի: Այդ է պատճառը, որ դատական ակտի պատճառաբանված չլինելն օրենսդիրը համարել է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:
Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, սակայն նման եզրահանգումը հիմնավորելու վերաբերյալ վճռում որևէ պատճառաբանություն առկա չէ, այսինքն` բողոքարկվող վճիռը զուրկ է պատճառաբանական մասից, որն էլ տվյալ դեպքում հիմք է վճիռը բեկանելու համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավացիորեն բավարարել է վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, սակայն, գտել է, որ «Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտն ունի պատճառաբանական մաս, սակայն այն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերող կանոններին, այսինքն՝ թերի է պատճառաբանված» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 7-րդ էջ):
Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ բացակայում է հղումը Դատարանի վճռի այն հատվածին, որը «թերի է պատճառաբանված»:
Այսպես. Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ վկայակոչելով Դատարանի վճիռը՝ արձանագրել է միայն Դատարանի եզրահանգման մասին՝ նշելով, որ «Դատարանը կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու մասին ներկայացված պահանջը մերժել է, մնացած մասով հայցը բավարարել է և վճռել է կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` քաղաք Երևան, Կուրղինյան փողոց 15-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ»: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշումը վկայակոչելիս Վճռաբեկ դատարանն արձանագրել է ինչպես Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, այնպես էլ այդ եզրահանգման պատճառաբանությունը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվել է. «Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ7 (․․․)» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 5-րդ էջ):
Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ Դատարանի եզրահանգման վերաբերյալ պատճառաբանությանը հղում չկատարելու պատճառն այն է, որ այդպիսին պարզապես գոյություն չունի:
Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը, իրավացիորեն արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքը, անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, կարող է հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք միայն այն դեպքում, երբ դատական ակտը զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է, անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Դատարանի վճիռն իրականում զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է։
Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նշել է նաև, որ «Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտի պատճառաբանական մասում նշված են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, հղում է արված մի շարք իրավական նորմերի, Դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ժամանակ իր կողմից անմիջականորեն հետազոտված ապացույցները, կատարել է որոշակի իրավական վերլուծություններ8, վճռում անդրադարձ է կատարվել նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխմանը» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 7-րդ էջ):
Վճռաբեկ դատարանի որոշմամբ, սակայն, չի մասնավորեցվել, թե որոշակի իրավական ինչ վերլուծությունների մասին է խոսքը:
Գտնում եմ, որ վճիռը, որի «պատճառաբանական» մասը պարունակում է միայն իրավական նորմեր և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստեր, չի կարող դիտարկվել որպես թերի պատճառաբանված, այլ պետք է դիտարկվի որպես պատճառաբանական մաս չունեցող:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալու իրական հնարավորությունից, քանի որ դրա համար պետք է առկա լինի վերանայվող դատական ակտի պատճառաբանական մաս, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Ըստ այդմ գտնում եմ, որ բեկանելով Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումն ու գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու արդյունքում Վերաքննիչ դատարանը պարտադրված է լինելու վերանայել պատճառաբանական մաս չունեցող դատական ակտ, ինչն անթույլատրելի է:
Այսպիսով գտնում եմ, որ Դատարանի 11.12.2018 թվականի վճիռը չունի պատճառաբանական մաս, ուստի Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, հետևաբար համաձայն չեմ Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան ուղարկելու Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ և գտնում եմ, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
ԴԱՏԱՎՈՐ Ռ.ՀԱԿՈԲՅԱՆ
________________________________________________
1 ենթադրվում է, որ «քանի որ» բառերից հետո պետք է սկսվի հայցը մասամբ մերժման և մասամբ բավարարման ենթակա լինելու Դատարանի եզրահանգման պատճառաբանությունը
2 թվարկված են միայն իրավանորմեր
3 Դատարանի վճռի «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնի ամբողջական արտագրությունն է և ոչ մի վերլուծություն
4 Իրավական նորմ
5 Դատական ծախսերի լուծման հիմնավորումներ
6 Իրավական նորմ
7 Ընդգծումն իմն է
8 Ընդգծումն իմն է
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՄԴ/0848/02/13 քաղաքացիական գործով 10.12.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
10.12.2020 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի դեկտեմբերի 10-ին գրավոր ընթացակարգով քննելով Թամարա Գալստյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թամարա Գալստյանի ընդդեմ Էդգար Մարտիրոսյանի, երրորդ անձ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Թամարա Գալստյանը պահանջել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից առանձնացնել Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասը, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխել նրանց բաժիններին համաչափ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2018 թվականի վճռով կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու մասին ներկայացված պահանջը մերժվել է, մնացած մասով հայցը բավարարվել է, և վճռվել է կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2019 թվականի որոշմամբ Էդգար Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 11.12.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ու գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Գալստյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, 201-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 379-րդ հոդվածները, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում պատասխանողը պատշաճ կարգով տեղեկացված է եղել սույն գործի քննության, ինչպես նաև նշանակված դատական նիստերի մասին, ընդ որում, դատարանում իր շահերը ներկայացրել է փաստաբանի միջոցով, այսինքն՝ տեղեկացված է եղել իր դեմ ներկայացված հայցի էությանն ու բովանդակությանը և հնարավոր իրավական հետևանքների մասին, պատասխանողի ներկայացուցչի միջնորդությամբ Դատարանը բազմիցս հետաձգել է դատական նիստերը՝ կողմերին հաշտության գալու հնարավորություն ընձեռելով, սակայն արդյունքում կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելու շուրջ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վիճելի գույքը ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և օրենքի ուժով հանդիսանում է վերջինների համատեղ սեփականությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի շրջանակներում նշանակված փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել, ինչն էլ հիմք է հանդիսացել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին Դատարանի կողմից վճռի կայացման համար։
Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ վիճարկվող դատական ակտը թերի կամ սխալ է հիմնավորված, պետք է օգտվեր իրեն տրված իրավասությունից և լրացուցիչ պատճառաբաներ Դատարանի կողմից ըստ էության ճիշտ կայացված դատական ակտը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վիճելի գույքը ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և օրենքի ուժով արդեն իսկ հանդիսանում է վերջիններիս համատեղ սեփականությունը, ինչից հետևում է, որ հայցվորը նույնպես այդ գույքի նկատմամբ իր իրավունքը պաշտպանելու իրավունք ունի։
Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, ակնհայտորեն դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.12.2018 թվականի վճռին»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«1. ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժնի կողմից 02.08.2007 թվականին տրված թիվ 084754 ամուսնության վկայականի համաձայն՝ Էդգար Միշայի Մարտիրոսյանն ու Թամարա Գագիկի Գալստյանն ամուսնացել են 02.08.2007 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 471 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 9).
2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 04.11.2010 թվականին տրված թիվ 2676272 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանը 02.11.2010 թվականին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Միշայի Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 54-59).
3. «Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի» 02.11.2010 թվականի պայմանագրի համաձայն` Էդգար Մարտիրոսյանի (գնորդ), Հովհաննես Պետրոսյանի (վաճառող) և Բանկի (գրավառու) միջև 02.11.2010 թվականին կնքվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը` Բանկի կողմից 24.000 ԱՄՆ դոլար գումարի վարկավորմամբ ձեռք բերելու և այն վարկի կապակցությամբ գրավ դնելու մասին պայմանագիր: Վարկի մարման ժամկետ է սահմանվել 01.11.2020 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 64-72).
4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 04.07.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը գրավադրվել է Բանկում (հատոր 1-ին, գ.թ. 10).
5. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 06.06.2017 թվականի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել (հատոր 1-ին, գ.թ. 85-92)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքների վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ, 379-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով:
Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու, վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու անհրաժեշտության մասին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է մասնավորապես Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտը չունի պատճառաբանական մաս:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածում թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, նշված հիմքերից մեկը դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքն է:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին կարող է չանդրադառնալ այն դեպքում, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման օրենքով սահմանված հիմք:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Էդգար Մարտիրոսյանն ու Թամարա Գալստյանն ամուսնացել են 02.08.2007 թվականին: 02.11.2010 թվականին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանը ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Մարտիրոսյանին: 02.11.2010 թվականին Էդգար Մարտիրոսյանի (գնորդ), Հովհաննես Պետրոսյանի (վաճառող) և Բանկի (գրավառու) միջև կնքվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը` Բանկի կողմից 24.000 ԱՄՆ դոլար գումարի վարկավորմամբ ձեռք բերելու և այն վարկի կապակցությամբ գրավ դնելու մասին պայմանագիր և վարկի մարման ժամկետ է սահմանվել 01.11.2020 թվականը, ու Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը գրավադրվել է Բանկում: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 06.06.2017 թվականի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենք թիվ 44 բնակարանից 1/2 բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել:
Դիմելով դատարան` Թամարա Գալստյանը պահանջել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից Թամարա Գալստյանին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնել, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխել:
Դատարանը կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու մասին ներկայացված պահանջը մերժել է, մնացած մասով հայցը բավարարել է և վճռել է կողմերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Կուրղինյան փողոց 15-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ:
Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռը զուրկ է պատճառաբանական մասից, Դատարանը պետք է անդրադառնար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` գույքի առանձնացման համար նախատեսված կանոնների քննարկման հարցին և նոր միայն կիրառեր նույն հոդվածի 6-րդ կետի կանոնակարգումները` հաշվի առնելով նույն կետի պահանջն այն մասին, որ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Բացի այդ, հայցվորի վկայակոչած փաստն այն մասին, որ նա հանդիսանում է վերը նշված բնակարանի համասեփականատեր, որևէ ապացույցով չի հիմնավորվել, հաշվի առնելով այն փաստը, որ բնակարանի նկատմամբ գրանցվել է միայն պատասխանողի սեփականության իրավունքը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 176-րդ հոդվածների իմաստով` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ծագում է դրա նկատմամբ ունեցած իրավունքի պետական գրանցման պահից միայն:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը և վերոգրյալ իրավական նորմերը, փաստում է հետևյալը.
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում, ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից, ապացուցման ենթակա փաստերը` շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը, նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` նույն օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝ հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման, եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ, գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։
Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝ վերլուծություն` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից, ապացուցման ենթակա փաստերը`(…), գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի կամ ոչ վերաբերելի համարելու դեպքում՝ հղում այն իրավական նորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի կամ ոչ վերաբերելի, այն փաստերի շարադրանքը, որոնց հիման վրա դատարանը հանգել է եզրահանգման, եզրակացություն` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավոր լինելու վերաբերյալ, գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը:
Վերոգրյալ հոդվածներով հստակ սահմանված է, թե ինչ պետք է պարունակի վճռի պատճառաբանական մասը, իսկ այն դեպքերում, երբ վճիռն ունի որոշակի պատճառաբանական մաս, սակայն այն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերող կանոններին, ապա այն կարող է համարվել թերի պատճառաբանված:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքը, անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, կարող է հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք միայն այն դեպքում, երբ դատական ակտը զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, մինչդեռ այն կամ դրա մի մասը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերվող կանոններին, ապա այն չի կարող համարվել պատճառաբանական մաս չունեցող դատական ակտ:
Սույն գործով Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտի պատճառաբանական մասում նշված են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, հղում է արված մի շարք իրավական նորմերի, Դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ժամանակ իր կողմից անմիջականորեն հետազոտված ապացույցները, կատարել է որոշակի իրավական վերլուծություններ, վճռում անդրադարձ է կատարվել նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտն ունի պատճառաբանական մաս, սակայն այն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերող կանոններին, այսինքն՝ թերի է պատճառաբանված:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վճիռն ամբողջությամբ պատճառաբանական մաս չունենալու հիմքով, բեկանելով Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտը՝ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին: Մինչդեռ Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտը զուրկ չէ պատճառաբանական մասից և Վերաքննիչ դատարանը չէր կարող առանց բողոքի հիմքերն ու հիմնավորումները քննելու բեկանել Դատարանի 11.12.2018 թվականի վճիռը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված հիմքով:
Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն՝ 02.11.2010 թվականին կնքված թիվ 4756 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15-րդ շենքի թիվ 44 բնակարանը ձեռք է բերվել և սեփականության իրավունքով պատկանում է Էդգար Մարտիրոսյանին, իսկ Էդգար Մարտիրոսյանն ու Թամարա Գալստյանն ամուսնացել են 02.08.2007 թվականին, այսինքն` վերը նշված բնակարանը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, իսկ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հայցվորի վիճելի գույքի համասեփականատեր հանդիսանալու հարցին, դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից, քանի որ բողոքաբերը նման հիմք կամ դրա վերաբերյալ որևէ հիմնավորում վերաքննիչ բողոքում չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չքննելով բողոքի հիմքերը և հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմքով գործը նոր քննության ուղարկելու պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալ հնարավոր չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Էդգար Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածները խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարված լինելու հետ։
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումը բեկանել է, և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:
Դրանից ելնելով՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների խախտում վերագրելու համար։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի կարգավորումը, և այն, թե տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն ինչով է պայմանավորել սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իրավունք ուներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով իրեն վերապահված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու լիազորությունն իրացնել բացառապես այն դեպքում, երբ իր որոշման մեջ նշեր այն շարժառիթները, որոնցով չի համաձայնվել դատական ակտը կայացրած Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ՝ պատճառաբանելով վերջինիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների այնպիսի խախտում թույլ տալը վերագրելը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, սույն գործով կայացված որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի և նույն հոդվածի 4-րդ կետի վերլուծության արդյունքում դիրքորոշումներ հայտնելով այն մասին, որ «այն դեպքերում, երբ վճիռն ունի որոշակի պատճառաբանական մաս, սակայն այն ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերող կանոններին, ապա այն կարող է համարվել թերի պատճառաբանված», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքը, անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, կարող է հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք միայն այն դեպքում, երբ դատական ակտը զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, մինչդեռ այն կամ դրա մի մասը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերվող կանոններին, ապա այն չի կարող համարվել պատճառաբանական մաս չունեցող դատական ակտ», ըստ էության, Վերաքննիչ դատարանի այն հետևությունների հետ, որ «բողոքարկվող վճիռը զուրկ է պատճառաբանական մասից, որն էլ տվյալ դեպքում հիմք է վճիռը բեկանելու համար» (Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, որի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական չունի պատճառաբանական մաս), չի համաձայնվել այն շարժառիթներից ելնելով, որ Դատարանի 11.12.2018 թվականի դատական ակտը թեկուզև թերի է պատճառաբանված, սակայն այն չի կարող գնահատվել որպես պատճառաբանական մաս չունեցող, քանի որ դրանում այնուամենայնիվ նշված են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, հղում է արված մի շարք իրավական նորմերի, Դատարանը կատարել է որոշակի իրավական վերլուծություններ, անդրադարձել է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխմանը, որի պայմաններում արդեն Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին:
Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթը չէր կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝
1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2) եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում.
3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.
4) ապացուցման ենթակա փաստերը`
ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,
բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,
գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` սույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.
5) եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման.
6) եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։
Նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածների կարգավորման համատեքստից ելնելով՝ կարելի է հետևություն անել այն մասին, որ դատարանի վճիռը պետք է պարտադիր կազմված լինի նաև պատճառաբանական մասից։ Ընդ որում, օրենսդիրը բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը, այն է՝ ունենա նշում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի, կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգման, ապացուցման կարիք չունեցող և ապացուցման ենթակա փաստերի մասին, նշում գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝ դրա վերաբերյալ եզրահանգման, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգման մասին նշում և պատճառաբանություն գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման։
Միևնույն ժամանակ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետով վճռի պատճառաբանական մասը կազմելիս դատարանի վրա լրացուցիչ պարտականություններ է դրել՝
- կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգում կատարելիս վճռի այդ մասում վկայակոչել միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք դատարանը համարում է վերաբերելի.
- ապացուցման կարիք չունեցող փաստերը նշելիս նշել նաև, թե նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.
- ապացուցման ենթակա փաստերը նշելիս շարադրել ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը, նշել, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` նույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.
- գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու վերաբերյալ եզրահանգումը նշելիս հղում կատարել այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրել այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման։
Այսինքն՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն նման կառուցվածք ունենալու դեպքում կարող են այդ վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Դրանից ելնելով՝ գտնում եմ, որ եթե որևէ վճիռ գործի հանգամանքներից ելնելով չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին կամ մասնակիորեն է համապատասխանում, այդ թվում նաև՝ որոշակի դեպքերում դատարանը չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված լրացուցիչ պարտականությունները կամ մասնակիորեն է կատարել, ապա նման վճիռը ենթակա է գնահատման որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող, և ոչ թե՝ որպես թերի պատճառաբանված, ինչպիսի հետևության հանգել է Վճռաբեկ դատարանը, քանի որ միայն այդ պարտադիր պայմանների նշումը և լրացուցիչ պարտականությունների ամբողջական կատարումը կարող է վկայել վճիռը պատճառաբանված (պատճառաբանական մասը կազմված) լինելու մասին։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, մինչև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա՝ 09.04.2018 թվականի դրությամբ իր վարույթում գտնվող գործը քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով, 11.12.2018 թվականին կայացրել է վճիռ: Վճռի «Դատարանի պատճառաբանությունները, վերլուծությունը և եզրահանգումները» վերնագրված մասը բացառապես պարունակում է (հերթականությունը նշել եմ՝ հիմք ընդունելով վճռի բովանդակությունը)՝
1) եզրահանգում` հայցվորի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ.
2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որոշակի նորմերին կատարված հղումներ՝ առանց նշելու, թե ինչու է եզրահանգել, որ հենց այդ իրավական ակտերի նորմերն է համարում վերաբերելի՝ որպես կիրառելի իրավունք.
3) որոշակի փաստերի վկայակոչում՝ որից անգամ պարզ չէ, թե դրանք Դատարանը գնահատել է որպես ապացուցման կարիք չունեցողներ, թե՝ ապացուցման ենթակա փաստեր, որից ելնելով՝ հնարավոր լիներ դատողություն անել այն մասին, թե, արդյոք, այդ առումով կատարված են վերը նշված լրացուցիչ պարտականությունները.
4) եզրահանգում` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ։
Նման պայմաններում կարծում եմ, որ իմ կողմից հայտնված վերը նշված դիրքորոշման համատեքստում Դատարանի վճիռը կարող է գնահատվել հենց որպես չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող, և ոչ թե՝ որպես թերի պատճառաբանված։
Դրանից ելնելով՝ հիմնավոր եմ համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «բողոքարկվող վճիռը զուրկ է պատճառաբանական մասից, որն էլ տվյալ դեպքում հիմք է վճիռը բեկանելու համար»։ Ընդ որում, ինչպես իրավացի նկատել է Վերաքննիչ դատարանը, նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում պարտադիր բեկանելու հիմք է, և այս դեպքում այլևս էական չէ՝ այդ խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ։ Ավելին՝ այդ խախտումն օրենսդիրը չի դիտում ձևական, նման խախտման առկայության դեպքում վերաքննիչ դատարանին նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասով ազատել է վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու պարտականությունից, եթե դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով:
Վերոգրյալի հիման վրա կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումը բեկանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ Վերաքննիչ դատարանին վերագրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների խախտում թույլ տալը, առավել ևս՝ արդարադատության բուն էությունը խաթարող։
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված վերը նշված շարժառիթը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:
ԴԱՏԱՎՈՐ` |
Գ.ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|