ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/10906/05/18 |
Վարչական գործ թիվ ՎԴ/10906/05/18 |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի նոյեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ՆորքՄար Սուիթ» բնակարանաշինարարական ոչ առևտրային սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք` Խաչատուր Երմագյան, Ազատուհի Երմագյան, Տիգրանուհի Երմագյան, Հրաչյա Յարմագյան` Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 բնակարանների նկատմամբ պատասխանողի կողմից Տիգրանուհի Երմագյանի, Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի և Հրաչյա Յարմագյանի անվամբ 2011 թվականին իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու կամ վկայակոչված պետական գրանցումների առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների, Հրաչյա Յարմագյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 բնակարանների նկատմամբ Կադաստրի կողմից Հրաչյա, Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները կամ ճանաչել դրանց առ ոչինչ լինելը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) 07.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 03.12.2018 թվականի որոշմամբ դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.03.2019 թվականի որոշմամբ Դատարանի 03.12.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասի դեմ Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների, Հրաչյա Յարմագյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.12.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների, Հրաչյա Յարմագյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը, 72-րդ հոդվածի 1-ին մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերը, 144-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ սահմանել է նաև բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արձանագրվել է, որ հայցվորը պետք է ապացուցի, թե՝
1. երբ է իմացել իր իրավունքների ենթադրյալ խախտումների մասին և, արդյոք նախկինում չգիտեր և չէր կարող իմանալ այն հանգամանքների մասին, որոնցով նա հիմնավորում է իր իրավունքների ենթադրյալ խախտումը և,
2. իմանալով իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, արդյոք օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններն իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները:
Թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոգրյալը և հարգելի համարելով Կոոպերատիվի սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը, իրենց որոշումների հիմքում դրել են այն հանգամանքը, որ տվյալ դեպքում վիճարկվող գրանցման օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերի ենթադրյալ բացակայության վերաբերյալ հայցվորն իմացել է միայն թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված դատական ակտով հաստատված հանգամանքներից: Դատարանները գտել են, որ դրանք էլ հիմք ընդունելով` հայցվորը վարչական կարգով վիճարկել է պետական գրանցումները և ստացել մերժում, ու եկել են այն եզրահանգման, որ հայցվորի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվել են ակտիվ գործողություններ:
Հայցվորը դատավարական ժամկետի բացթողնման հիմքում դրել է այն հանգամանքը, որ նշված քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված դատական ակտով արձանագրվել է, որ նշված գործով վիճարկվող և երրորդ անձանց սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացող Կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները գործարքներ չեն, հետևաբար չեն կարող առոչինչ ճանաչվել: Նշվածը նոր փաստ չէ, ինչն ընդունվել է նաև հայցվորի կողմից, ուստի ի՞նչն էր խանգարում հայցվորին դեռևս 2015 թվականին, երբ նշանակվել էր սնանկության գործով կառավարիչ, ուսումնասիրել կադաստրային գործը, վեր հանել ենթադրյալ խնդիրը և այդ հիմքով դիմել դատարան և վիճարկել գրանցումները: Հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի նաև այն եզրահանգումը, որ չնայած սնանկության գործով կառավարիչը մասնակցել է թիվ ԱՐԱԴ/0670/02/15 քաղաքացիական գործի քննությանը, սակայն դրա շրջանակներում չի քննարկվել այն հարցը, թե արդյոք Կոոպերատիվի արձանագրությունները կարող էին համարվել գործարքներ: Մասնավորապես` թե՛ վերոնշյալ գործով, թե՛ թիվ ԵԱՔԴ/4825/02/16 քաղաքացիական գործով վիճարկվում էին սույն գործով երրորդ անձանց սեփականության իրավունքի պետական գրանցումները և այդ իրավունքների ծագման համար հիմք հանդիսացող Կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները, հետևաբար Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը տեղյակ էր այն հանգամանքի մասին, որ վերջիններիս իրավունքը գրանցվել է այդ որոշումների հիման վրա:
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքի այն հիմքին, որ Կոոպերատիվի գործադիր մարմնի փոփոխությունը չի կարող հանգեցնել նրան, որ դատավարական ժամկետների հոսքը սկսվի փոփոխված գործադիր մարմնի նշանակումից:
Անվիճելի են այն փաստերը, որ հայցվորը բաց է թողել նաև թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով 27.06.2018 թվականին կայացված դատական ակտից (օրինական ուժի մեջ է մտել 30.07.2018 թվականին) հաշված երկամսյա ժամկետը, մինչդեռ դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդության մեջ փաստարկվում է, որ հայցվորը մինչև դատարան դիմելն օգտվել է վիճարկվող վարչական ակտերը վարչական կարգով բողոքարկելու իր իրավունքից, որն էլ Վերաքննիչ դատարանի կողմից որակվել է որպես «իր ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված ակտիվ գործողություններ»: Հակառակը` հայցվորն ընդամենը փորձել է արհեստական եղանակներով վերականգնել իր` դատարան դիմելու կորցրած իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ 31.10.2018 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել Կոոպերատիվի սնանկության գործով կառավարչի` 29.10.2018 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացված հայցադիմումը, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 բնակարանների նկատմամբ Կադաստրի կողմից Հրաչյա Յարմագյանի, Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները կամ ճանաչել դրանց առոչինչ լինելը (հավելված 1-ին, գ.թ. 2-8): ՀՀ վարչական դատարանի 07.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ վիճարկվող գրանցումների` Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերի ենթադրյալ բացակայության մասին իմացել է միայն թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործի քննության ընթացքում, մասնավորապես` 27.06.2018 թվականին հրապարակված վճռից: Հայցվորը 13.09.2018 թվականին գրություն է ներկայացրել Կադաստր` պահանջելով վերացնել նշված գրանցումները: Ի պատասխան հայցվորի գրության Կադաստրի կողմից 28.09.2018 թվականի գրությամբ հայտնվել է, որ նշված գույքերի սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է իրականացվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա (հավելված 1-ին, գ.թ. 12-13): Այնուհետև հայցվորը վիճարկման հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան և խնդրել վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը:
Դատարանի 03.12.2019 թվականի որոշմամբ Կոոպերատիվի սնանկության գործերով կառավարչի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ այն պատճառաբանություններով, որ սույն հայցի հարուցման, մասնավորապես` վիճարկվող վարչական ակտերի վիճարկման հիմք են հանդիսացել, ի թիվս այլնի, նաև թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված դատական ակտով հաստատված հանգամանքները, որպիսի դատական ակտի ուժի մեջ մտնելով է հայցվորը պայմանավորում վիճարկվող վարչական ակտերով իր իրավունքների ենթադրյալ խախտման հանգամանքը, և նշված հիմքով է հայցվորը վարչական կարգով բողոքարկել վիճարկվող պետական գրանցումները, որի արդյունքում տրվել է մերժման պատասխան: Ուստիև նկատի ունենալով, որ հայցվորի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվել են ակտիվ գործողություններ, և քանի որ հայցվորի կողմից բերված միջնորդությամբ նշված փաստարկները հերքող այլ ապացույց հայցադիմումին կից առկա չէ հայցվորի միջնորդությունը` բերված փաստերի և այդ փաստերը հիմնավորող փաստաթղթերի առկայության պարագայում դատարանը համարել է հիմնավոր և բավարարման ենթակա:
Վերաքննիչ դատարանը, մերժելով երրորդ անձանց կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում հայցվորը վիճարկել է Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների նկատմամբ Հրաչյա Յարմագյանի, Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները: Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը հայցադիմումին կից ներկայացրել է միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ և որպես այդ միջնորդության հիմնավորում` նշել է, որ միայն թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով 27.06.2018 թվականին հրապարակված վճռից հետո է հնարավորություն ունեցել տեղեկանալու, որ նշված բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքերը գործարքներ չեն, որից հետո փորձել է այդ գրանցումները վիճարկել վարչական կարգով: Հայցվորը 13.09.2018 թվականին Կադաստր հասցեագրված թիվ 18-001 գրությամբ խնդրել է վերացնել վիճարկվող պետական գրանցումները, սակայն Կադաստրի 28.09.2018 թվականի գրությամբ մերժվել է հայցվորի պահանջն այն հիմնավորմամբ, որ նշված գույքերի սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է իրականացվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա: Դատարանը, հիմնավոր համարելով հայցվորի պատճառաբանությունները, բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումն ընդունել է վարույթ: Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները: Ստորադաս ատյանները գտել են, որ հայցվորն իր ենթադրյալ իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկել է ակտիվ գործողություններ, հետևաբար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման:
Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը ստորադաս ատյանների պատճառաբանությունների հետ, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչն իր իրավունքների ենթադրյալ խախտման, այն է` Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեների բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքում դրված Կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները գործարքներ չհանդիսանալու փաստերի վերաբերյալ տեղեկացել է թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով 27.06.2018 թվականին հրապարակված վճռից հետո, որից հետո էլ փորձել է սեփականության իրավունքի պետական գրանցումները վիճարկել վարչական կարգով, անհիմն են, քանի որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական ակտի եզրահանգումները, այն է` Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքում դրված Կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները գործարքներ չհանդիսանալու վերաբերյալ դատարանի եզրահանգումները կատարվել են որոշակի իրավական նորմերի վերլուծության արդյունքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վիճարկվող պետական գրանցումների հիմքում դրվել են Կոոպերատիվի 30.12.2010, 17.01.2011 թվականների կանոնադրությունները և 18.01.2011 թվականի քաղվածքը, որոնց վերաբերյալ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը գիտեր կամ թերևս հնարավորություն ուներ իմանալու 2015 թվականից, այլ ոչ թե թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով հրապարակված վճռից, քանի որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2015 թվականի վճռով Կոոպերատիվը ճանաչվել է սնանկ, և հայցվորը նշանակվել է սնանկության գործով կառավարիչ: Հետևաբար Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը դեռևս 2015 թվականից արդեն իսկ հնարավորություն էր ունեցել տեղեկանալու վիճարկվող անշարժ գույքերի սեփականության իրավունքի պետական գրանցումների հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ստորադաս ատյանների այն պատճառաբանություններին, որ հայցվորն իր իրավունքների ենթադրյալ խախտումների մասին հնարավորություն ուներ տեղեկանալու միայն իրավասու դատարանի կողմից այդ հիմքերին իրավական գնահատական տալուց հետո, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանք չեն բխում սույն գործի փաստերից և չեն կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար այն պատճառաբանությամբ, որ դատավարական ժամկետի բացթողումը կարող է վերականգնվել, եթե հիմնավորվում է, որ հայցվորը ձեռնարկել է իրենից կախված բոլոր հնարավոր և ողջամիտ միջոցները հայցը սահմանված ժամկետում դատարան ներկայացնելու համար, և դատավարական ժամկետի բացթողումը տեղի է ունեցել իրենից անկախ պատճառներով, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորը, դեռևս 2015 թվականից տեղեկացված լինելով սեփականության իրավունքի գրանցման հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ, չի վիճարկել դրանք:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը վերոնշյալ սեփականության իրավունքի պետական գրանցումները փորձել է վիճարկել վարչական, այնուհետև նաև դատական կարգով միայն դրանց հիմքում ընկած իրեն արդեն իսկ հայտնի հանգամանքների վերաբերյալ այլ քաղաքացիական գործի շրջանակներում համապատասխան դատարանի կողմից իրավական գնահատական տալուց հետո, որը որևէ կերպ չի կարող գնահատվել որպես հայցվորի կողմից ձեռնարկված ակտիվ գործողություններ, որպիսի գնահատականի արժանացել է ստորադաս ատյանների կողմից: Հակառակը` հայցվորն ուներ իրավական հնարավորություն վիճարկման հայց ներկայացնելու համար, մինչդեռ ձեռնամուխ չի եղել վիճարկելու վկայակոչված վարչական ակտերը, ուստիև օբյեկտիվ պատճառներից ելնելով պետք է զրկվի դատավարական ժամկետի վերականգնման հնարավորությունից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարչի միջնորդությունն անհիմն է, քանի որ վերջինս չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը կորցրել է Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը: Այսինքն` վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը ենթակա չէր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար, հետևաբար Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 03.12.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
10.11.2020 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/10906/05/18 վարչական գործով 10.11.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 10.11.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ՆորքՄար Սուիթ» բնակարանաշինարարական ոչ առևտրային սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք` Խաչատուր Երմագյան, Ազատուհի Երմագյան, Տիգրանուհի Երմագյան, Հրաչյա Յարմագյան` Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 բնակարանների նկատմամբ պատասխանողի կողմից Տիգրանուհի Երմագյանի, Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի և Հրաչյա Յարմագյանի անվամբ 2011 թվականին իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու կամ վկայակոչված պետական գրանցումների առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների, Հրաչյա Յարմագյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 03.12.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 բնակարանների նկատմամբ Կադաստրի կողմից Հրաչյա, Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները կամ ճանաչել դրանց առ ոչինչ լինելը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) 07.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 03.12.2018 թվականի որոշմամբ դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.03.2019 թվականի որոշմամբ Դատարանի 03.12.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասի դեմ Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների, Հրաչյա Յարմագյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.12.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների, Հրաչյա Յարմագյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը, 72-րդ հոդվածի 1-ին մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերը, 144-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ սահմանել է նաև բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արձանագրվել է, որ հայցվորը պետք է ապացուցի, թե՝
1. երբ է իմացել իր իրավունքների ենթադրյալ խախտումների մասին և, արդյոք նախկինում չգիտեր և չէր կարող իմանալ այն հանգամանքների մասին, որոնցով նա հիմնավորում է իր իրավունքների ենթադրյալ խախտումը և,
2. իմանալով իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, արդյոք օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններն իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները:
Թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոգրյալը և հարգելի համարելով Կոոպերատիվի սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը, իրենց որոշումների հիմքում դրել են այն հանգամանքը, որ տվյալ դեպքում վիճարկվող գրանցման օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերի ենթադրյալ բացակայության վերաբերյալ հայցվորն իմացել է միայն թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված դատական ակտով հաստատված հանգամանքներից: Դատարանները գտել են, որ դրանք էլ հիմք ընդունելով` հայցվորը վարչական կարգով վիճարկել է պետական գրանցումները և ստացել մերժում, ու եկել են այն եզրահանգման, որ հայցվորի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվել են ակտիվ գործողություններ:
Հայցվորը դատավարական ժամկետի բացթողնման հիմքում դրել է այն հանգամանքը, որ նշված քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված դատական ակտով արձանագրվել է, որ նշված գործով վիճարկվող և երրորդ անձանց սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացող Կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները գործարքներ չեն, հետևաբար չեն կարող առոչինչ ճանաչվել: Նշվածը նոր փաստ չէ, ինչն ընդունվել է նաև հայցվորի կողմից, ուստի ի՞նչն էր խանգարում հայցվորին դեռևս 2015 թվականին, երբ նշանակվել էր սնանկության գործով կառավարիչ, ուսումնասիրել կադաստրային գործը, վեր հանել ենթադրյալ խնդիրը և այդ հիմքով դիմել դատարան և վիճարկել գրանցումները: Հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի նաև այն եզրահանգումը, որ չնայած սնանկության գործով կառավարիչը մասնակցել է թիվ ԱՐԱԴ/0670/02/15 քաղաքացիական գործի քննությանը, սակայն դրա շրջանակներում չի քննարկվել այն հարցը, թե արդյոք Կոոպերատիվի արձանագրությունները կարող էին համարվել գործարքներ: Մասնավորապես` թե՛ վերոնշյալ գործով, թե՛ թիվ ԵԱՔԴ/4825/02/16 քաղաքացիական գործով վիճարկվում էին սույն գործով երրորդ անձանց սեփականության իրավունքի պետական գրանցումները և այդ իրավունքների ծագման համար հիմք հանդիսացող Կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները, հետևաբար Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը տեղյակ էր այն հանգամանքի մասին, որ վերջիններիս իրավունքը գրանցվել է այդ որոշումների հիման վրա:
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքի այն հիմքին, որ Կոոպերատիվի գործադիր մարմնի փոփոխությունը չի կարող հանգեցնել նրան, որ դատավարական ժամկետների հոսքը սկսվի փոփոխված գործադիր մարմնի նշանակումից:
Անվիճելի են այն փաստերը, որ հայցվորը բաց է թողել նաև թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով 27.06.2018 թվականին կայացված դատական ակտից (օրինական ուժի մեջ է մտել 30.07.2018 թվականին) հաշված երկամսյա ժամկետը, մինչդեռ դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդության մեջ փաստարկվում է, որ հայցվորը մինչև դատարան դիմելն օգտվել է վիճարկվող վարչական ակտերը վարչական կարգով բողոքարկելու իր իրավունքից, որն էլ Վերաքննիչ դատարանի կողմից որակվել է որպես «իր ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված ակտիվ գործողություններ»: Հակառակը` հայցվորն ընդամենը փորձել է արհեստական եղանակներով վերականգնել իր` դատարան դիմելու կորցրած իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 31.10.2018 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել Կոոպերատիվի սնանկության գործով կառավարչի` 29.10.2018 թվականին փոստի միջոցով ներկայացված հայցադիմումը, որով Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 բնակարանների նկատմամբ Կադաստրի կողմից Հրաչյա Յարմագյանի, Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները կամ ճանաչել դրանց առ ոչինչ լինելը (հավելված 1-ին, գ.թ. 2-8):
ՀՀ վարչական դատարանի 07.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործի փաստական հանգամանքներից չէր կարող տեղեկանալ, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը գործարքներ չեն հանդիսանում, քանի որ դա փաստական հանգամանք չէ, այլ համապատասխան իրավական հետևանքներ առաջացնող իրավական գնահատական, որն իրավունք ուներ տալու միայն իրավասու դատարանը։ Հայցվորն այս իրավական հանգամանքի գոյության մասին իմացել է միայն թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործի քննության արդյունքում, մասնավորապես` 27.06.2018 թվականին հրապարակված վճռից: Դրանից հետո հայցվորը փորձել է տեղի ունեցած իրավախախտումը վերացնել վարչական կարգով, որի վերաբերյալ 13.09.2018 թվականին գրություն է ներկայացրել Կադաստր (հավելված 1-ին, գ.թ. 69-70): Մասնավորապես՝ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը 13.09.2018 թվականի գրությամբ Կադաստրից պահանջել է վերացնել նշված գրանցումները: Ի պատասխան հայցվորի գրության՝ Կադաստրի կողմից 28.09.2018 թվականի գրությամբ հայտնվել է, որ նշված գույքերի սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է իրականացվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա (հավելված 1-ին, գ.թ. 12-13):
Դատարանի 03.12.2018 թվականի որոշմամբ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի կողմից ներկայացված` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ այն պատճառաբանություններով, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների (ձեղնահարկերի) նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերի ենթադրյալ բացակայության վերաբերյալ իմացել է միայն թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործի քննության արդյունքում, մասնավորապես` 27.06.2018 թվականին հրապարակված դատական ակտից։ Սույն հայցի հարուցման, մասնավորապես` վիճարկվող վարչական ակտերի վիճարկման հիմք են հանդիսացել, ի թիվս այլնի, նաև թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված դատական ակտով հաստատված հանգամանքները, որպիսի դատական ակտի ուժի մեջ մտնելով է հայցվորը պայմանավորում վիճարկվող վարչական ակտերով իր իրավունքների ենթադրյալ խախտման հանգամանքը, և նշված հիմքով է հայցվորը վարչական կարգով բողոքարկել վիճարկվող պետական գրանցումները, որի արդյունքում տրվել է մերժման պատասխան: Ուստիև նկատի ունենալով, որ հայցվորի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվել են ակտիվ գործողություններ, և քանի որ հայցվորի կողմից բերված միջնորդությամբ նշված փաստարկները հերքող այլ ապացույց հայցադիմումին կից առկա չէ, հայցվորի միջնորդությունը` բերված փաստերի և այդ փաստերը հիմնավորող փաստաթղթերի առկայության պարագայում դատարանը համարել է հիմնավոր և բավարարման ենթակա:
Վերաքննիչ դատարանը, մերժելով երրորդ անձանց վերաքննիչ բողոքը, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել Դատարանի 03.12.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը:
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման՝ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով՝ 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճիռով՝ 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով՝ 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով՝ 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճռով՝ 51-րդ և 55-րդ կետեր, արտահայտած իրավական դիրքորոշումները՝ եզրահանգելով, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությանը և գտնելով, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքերի, ինչպես նաև անձանց կողմից իրենց դատական պաշտպանության իրավունքն օրենքով սահմանված ժամկետներում իրացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրել հետևյալը. «Տվյալ դեպքում հայցվորը վիճարկել է Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների նկատմամբ Հրաչյա Յարմագյանի, Խաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները: Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը հայցադիմումին կից ներկայացրել է միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ և որպես այդ միջնորդության հիմնավորում` նշել է, որ միայն թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով 27.06.2018 թվականին հրապարակված վճռից հետո է հնարավորություն ունեցել տեղեկանալու, որ նշված բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքերը գործարքներ չեն, որից հետո փորձել է այդ գրանցումները վիճարկել վարչական կարգով: Հայցվորը 13.09.2018 թվականին Կադաստր հասցեագրված թիվ 18-001 գրությամբ խնդրել է վերացնել վիճարկվող պետական գրանցումները, սակայն Կադաստրի 28.09.2018 թվականի գրությամբ մերժվել է հայցվորի պահանջն այն հիմնավորմամբ[1], որ նշված գույքերի սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է իրականացվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա: Դատարանը, հիմնավոր համարելով հայցվորի պատճառաբանությունները, բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումն ընդունել է վարույթ: Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները: Ստորադաս ատյանները գտել են, որ հայցվորն իր ենթադրյալ իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկել է ակտիվ գործողություններ, հետևաբար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման:
(․․․) Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչն իր իրավունքների ենթադրյալ խախտման, այն է` Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեների բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքում դրված Կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները գործարքներ չհանդիսանալու փաստերի վերաբերյալ տեղեկացել է թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով 27.06.2018 թվականին հրապարակված վճռից հետո, որից հետո էլ փորձել է սեփականության իրավունքի պետական գրանցումները վիճարկել վարչական կարգով, անհիմն են, քանի որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական ակտի եզրահանգումները, այն է` Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքում դրված Կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները գործարքներ չհանդիսանալու վերաբերյալ դատարանի եզրահանգումները կատարվել են որոշակի իրավական նորմերի վերլուծության արդյունքում: (․․․) վիճարկվող պետական գրանցումների հիմքում դրվել են Կոոպերատիվի 30.12.2010, 17.01.2011 թվականների կանոնադրությունները և 18.01.2011 թվականի քաղվածքը, որոնց վերաբերյալ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը գիտեր կամ թերևս հնարավորություն ուներ իմանալու 2015 թվականից, այլ ոչ թե թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով հրապարակված վճռից, քանի որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2015 թվականի վճռով Կոոպերատիվը ճանաչվել է սնանկ, և հայցվորը նշանակվել է սնանկության գործով կառավարիչ: Հետևաբար Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը դեռևս 2015 թվականից արդեն իսկ հնարավորություն էր ունեցել տեղեկանալու վիճարկվող անշարժ գույքերի սեփականության իրավունքի պետական գրանցումների հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ստորադաս ատյանների այն պատճառաբանություններին, որ հայցվորն իր իրավունքների ենթադրյալ խախտումների մասին հնարավորություն ուներ տեղեկանալու միայն իրավասու դատարանի կողմից այդ հիմքերին իրավական գնահատական տալուց հետո, ապա (․․․) դրանք չեն բխում սույն գործի փաստերից և չեն կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար այն պատճառաբանությամբ, որ դատավարական ժամկետի բացթողումը կարող է վերականգնվել, եթե հիմնավորվում է, որ հայցվորը ձեռնարկել է իրենից կախված բոլոր հնարավոր և ողջամիտ միջոցները հայցը սահմանված ժամկետում դատարան ներկայացնելու համար, և դատավարական ժամկետի բացթողումը տեղի է ունեցել իրենից անկախ պատճառներով, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորը, դեռևս 2015 թվականից տեղեկացված լինելով սեփականության իրավունքի գրանցման հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ, չի վիճարկել դրանք:
(․․․) հայցվորը վերոնշյալ սեփականության իրավունքի պետական գրանցումները փորձել է վիճարկել վարչական, այնուհետև նաև դատական կարգով միայն դրանց հիմքում ընկած իրեն արդեն իսկ հայտնի հանգամանքների վերաբերյալ այլ քաղաքացիական գործի շրջանակներում համապատասխան դատարանի կողմից իրավական գնահատական տալուց հետո, որը որևէ կերպ չի կարող գնահատվել որպես հայցվորի կողմից ձեռնարկված ակտիվ գործողություններ, որպիսի գնահատականի արժանացել է ստորադաս ատյանների կողմից: Հակառակը` հայցվորն ուներ իրավական հնարավորություն վիճարկման հայց ներկայացնելու համար, մինչդեռ ձեռնամուխ չի եղել վիճարկելու վկայակոչված վարչական ակտերը, ուստիև օբյեկտիվ պատճառներից ելնելով պետք է զրկվի դատավարական ժամկետի վերականգնման հնարավորությունից:
(․․․) վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարչի միջնորդությունն անհիմն է, քանի որ վերջինս չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը:
(․․․) Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը կորցրել է Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 հասցեներում գտնվող բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը: Այսինքն` վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը ենթակա չէր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 9-11 էջերը):
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշման պատճառաբանական մասի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման նշված մասի վերաբերյալ:
Գտնում ենք, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից բաց չի թողնվել վիճարկման հայց ներկայացնելու օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, հետևաբար վերջինիս վրա չի կարող դրվել իր կողմից բաց չթողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն և նրան դատական պաշտպանության իրավունքի տրամադրումն էլ չի կարող կախվածության մեջ դրվել, ըստ էության, առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում կայացնելու դատարանի հայեցողությունից։
Այսպես․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի համաձայն՝ ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը նույն օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին և պարզել` արդյոք բողոքը բերվել է նույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է նույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, նույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝
ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Հարկ ենք համարում ընդգծել, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքն օրենսդիրը պայմանավորել է 2 գործոնով.
1. վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահով,
2. վարչական ակտի վարչական կարգով բողոքարկման արդյունքում բողոքի վերաբերյալ ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելու պահով:
Այսինքն՝ վիճարկման հայցը կարող է վարչական դատարան ներկայացվել երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ եթե վարչական մարմնի ընդունած ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա՝ բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո երկամսյա ժամկետում: Ընդ որում, վարչական մարմնի ընդունած ակտը վարչական կարգով բողոքարկված լինելու դեպքում կարևորվում է բողոքի առնչությամբ վարչական մարմնի դրսևորած վարքագիծը: Մասնավորապես, արդյո՞ք վարչական մարմինը բողոքի վերաբերյալ ընդունել է որոշում, ցուցաբերել է անգործություն, թե բողոքը թողել է առանց քննարկման՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելու և ժամկետը բաց թողնելը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի ճանաչված չլինելու հիմքով:
Վերը նշվածի կարևորությունը կայանում է նրանում, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկման կանոնը կարող է գործել միայն այն դեպքերում, երբ վարչական մարմինը.
Ø քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը, ընդունել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված որոշումը,
Ø բողոքի քննության համար սահմանված ժամկետում որևէ որոշում չի ընդունել (ցուցաբերել է անգործություն)։
Մինչդեռ, եթե վարչական մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնում է առանց քննարկման, գտնելով, որ այն ներկայացված է նույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, նույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկման կանոնը չի կարող գործել, քանի որ առկա չի լինի նույն հոդվածով սահմանված պայմանը, այն է՝ բողոքի վերաբերյալ ընդունված որոշում։ Նշված դեպքում վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը պետք է հաշվարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կանոնով, այն է՝ հիմք ընդունելով վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահը:
Սույն գործով գտնելով, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարչի միջնորդությունն անհիմն է, քանի որ վերջինս չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը ենթակա չէր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասից հետևում է, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը տվյալ դեպքում հաշվարկվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կանոնի կիրառմամբ:
Գտնում ենք, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության հիմնավորվածությանն անդրադառնալուց առաջ Վճռաբեկ դատարանը նախևառաջ պետք է անդրադառնար հայցվորի կողմից դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքին, որից հետո միայն՝ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությամբ ներկայացված փաստարկներին:
Տվյալ դեպքում ինչպես ստորադաս դատարանները, այնպես էլ Վճռաբեկ դատարանն անտեսել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի միջնորդության մեջ նշված այն փաստարկը, որ վիճարկվող պետական գրանցումները 11.09.2018 թվականի դիմումով ինքը բողոքարկել է վարչական կարգով՝ պահանջելով վերացնել նշված գրանցումները (հավելված 1-ին, գ.թ. 14), որին ի պատասխան Կադաստրի կողմից 28.09.2018 թվականի գրությամբ հայտնվել է, որ նշված գույքերի սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է իրականացվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա (հավելված 1-ին, գ.թ. 12-13):
Փաստորեն 11.09.2018 թվականի դիմումով հարուցվել է բողոքարկման վարույթ, որի քննարկման արդյունքում Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը մերժել է վիճարկվող պետական գրանցումները վերացնելու մասին հայցվորի բողոքը: Հարկ ենք համարում ընդգծել, որ Կադաստրը ոչ թե ցուցաբերել է անգործություն կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով բողոքը թողել առանց քննարկման, այլ քննարկել է այն և ընդունել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված որոշումը:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ևս արձանագրել է, որ Հայցվորը 13.09.2018 թվականին Կադաստր հասցեագրված թիվ 18-001 գրությամբ խնդրել է վերացնել վիճարկվող պետական գրանցումները, սակայն Կադաստրի 28.09.2018 թվականի գրությամբ մերժվել է հայցվորի պահանջը (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 9-րդ էջը), այսինքն՝ հայցվորը սեփականության իրավունքի պետական գրանցումները փորձել է վիճարկել վարչական, այնուհետև նաև դատական կարգով (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 10-րդ էջը), այդուհանդերձ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը հաշվարկելու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, մինչդեռ տվյալ դեպքում պետք է հիմք ընդունվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը, որի պայմաններում սույն գործով վիճարկման հայցը Կոոպերատիվի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ: Մասնավորապես, սեփականության իրավունքի պետական գրանցումների վարչական կարգով բողոքարկման արդյունքում բողոքի վերաբերյալ միջամտող վարչական ակտը Կադաստրի կողմից ընդունվել է 28.09.2018 թվականին: Սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած հայցադիմումը Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը փոստին է հանձնել 29.10.2018 թվականին, որը ՀՀ վարչական դատարանում մուտքագրվել է 31.10.2018 թվականին, այսինքն՝ երկամսյա ժամկետում:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի հաշվառմամբ գտնում ենք, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից բաց չի թողնվել վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, հետևաբար դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը, որպես առարկայազուրկ, ենթակա չի եղել քննարկման:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ Դատարանի 03.12.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ենթակա է վերացման՝ առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում ընդունված լինելու պատճառաբանությամբ: Գտնում ենք նաև, որ տվյալ դեպքում հայցվորին պետք է տրամադրվի դատական պաշտպանություն՝ վերջինիս վրա չդնելով դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն, քանի որ սույն գործով հայցադիմումը հայցվորի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի պահպանմամբ:
Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերացման սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:
Դատավոր Ռ. Հակոբյան |
Դատավոր Գ. Հակոբյան |
Դատավոր Ս. Միքայելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: