Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

          

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ  ԱՎԴ/2194/02/16

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2194/02/16

Նախագահող դատավոր՝  Ն. Մարգարյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 

 Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

    

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2020 թվականի դեկտեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կրիստինա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կրիստինա Սարգսյանի ընդդեմ Մհեր Ենգիբարյանի, երրորդ անձ «Tert.am» լրատվական կայքի` ի դեմս` «Tert.am» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, պատասխանողից հօգուտ հայցվորի որպես փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կրիստինա Սարգսյանը պահանջել է իր պատիվը, արժանապատվությունն ու բժշկի բարի համբավը վիրավորանքի միջոցով արատավորելու համար, որպես փոխհատուցում, պատասխանող Մհեր Ենգիբարյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, և պարտավորեցնել պատասխանող Մհեր Ենգիբարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել «Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում Կրիստինա Սարգսյանի հասցեին վիրավորական արտահայտություն կատարելու համար, հետևյալ տեքստով` «ներողություն եմ խնդրում Կրիստինա Սարգսյանից «Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` ««Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում Կրիստինա Սարգսյանի հասցեին վիրավորական արտահայտություն կատարելու համար», և այն հրապարակել «Tert.am» լրատվական կայքում։

Կրիստինա Սարգսյանը պահանջել է նաև իր պատիվը, արժանապատվությունն ու բժշկի բարի համբավը` իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ հրապարակելու (զրպարտելու) միջոցով արատավորելու համար որպես փոխհատուցում պատասխանող Մհեր Ենգիբարյանից հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, և պարտավորեցնել պատասխանող Մհեր Ենգիբարյանին հրապարակայնորեն հերքել և պատասխան հրապարակել «Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում Կրիստինա Սարգսյանի հասցեին զրպարտիչ արտահայտություն կատարելու համար, հետևյալ տեքստով. «Ես` Մհեր Ենգիբարյանս, հերքում եմ «Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում իմ կողմից հրապարակված այն փաստացի տվյալները, իբր` «իմ օգնությամբ ծննդաբերած մայրերին բաժանմունքի վարիչի միջնորդությամբ չեն տեղավորում վերանորոգված բաժանմունքում, և արդեն շուրջ 3 տարի է իր համար արհեստական դժվարություններ են ստեղծում միայն այն պատճառով, որ «զզվի ու թողնի գնա հիվանդանոցից, և այն, որ բաժանմունքի ղեկավար Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, պոչտալյոնություն անելն է» սուտ են և իրականությանը չեն համապատասխանում»:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 11.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է՝ պարտավորեցնել պատասխանող Մհեր Ենգիբարյանին «Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» խորագրով հոդվածում հայցվոր Կրիստինա Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, այն է` «(...) Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, պոչտալյոնություն անելն է» հերքելու և այն «Հերքում» խորագրի ներքո տպագրել տալ նույն՝ «Tert.am» լրատվական կայքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` հետևյալ բովանդակությամբ.

««Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին ««Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» խորագրով հոդվածում հրապարակված իմ կողմից հայտնված «(...) Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, պոչտալյոնություն անելն է» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»»։

Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափն ու տեuակը չպետք է զիջի «Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» խորագրով հոդվածի տեղեկատվությանը։ Մհեր Ենգիբարյանից հօգուտ Կրիստինա Սարգսյանի բռնագանձվել է 500.000 ՀՀ դրամ` որպես պատիվը, արժանապատվությունն ու բժշկի բարի համբավն արատավորող վիրավորանքի համար փոխհատուցման գումար: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2019 թվականի որոշմամբ Մհեր Ենգիբարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 11.07.2018 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է՝ Կրիստինա Սարգսյանի հայցն ամբողջությամբ մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կրիստինա Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով:

Սույն դեպքում պատասխանող Մհեր Ենգիբարյանի կողմից հրապարակային կատարված վիրավորական արտահայտությունները չեն կարող գնահատվել որպես գնահատողական դատողություններ, քանի որ կատարվել են հայցվորի հանդեպ անձնական հակակրանք ունենալու պայմաններում, և դրանով դիտավորյալ կերպով ուղիղ վիրավորանք է հասցվել հայցվորին: Այդպիսով՝ պատասխանող Մհեր Ենգիբարյանն ակնհայտ նպատակ է ունեցել նվաստացնելու, նսեմացնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու բժիշկի բարի համբավը, հանրության մոտ ստեղծելու բացասական կարծիք, ատելություն դեպի հայցվորը, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից ճիշտ գնահատման չի արժանացել:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ առանց բավարար հիմքեր ունենալու պատասխանող Մհեր Ենգիբարյանի կողմից Կրիստինա Սարգսյանի հասցեին տրված վիրավորական արտահայտությունը գնահատել է որպես «Գնահատողական արտահայտություն»:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.07.2018 թվականի վճռին:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Tert.am» ինտերնետային կայքում 22.06.2016 թվականին հրապարակվել է «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մասիսի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքում իսկապես «բարդակ է». հաստատում է այստեղ շուրջ 30 տարի աշխատած բժիշկ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանը, որը միակն էր հիվանդանոցից, որ արձագանքեց «Tert.am»-ի հրապարակմանը, թե «Մասիսի ծննդատունն անտերության է մատնված՝ բողոքում է նորածնի մայրը, իսկ հիվանդանոցից խոսել չեն ցանկանում»:

Ըստ նրա՝ իր օգնությամբ ծննդաբերած մայրերին բաժանմունքի վարիչի միջնորդությամբ չեն տեղավորում վերանորոգված բաժանմունքում, և արդեն շուրջ 3 տարի է իր համար արհեստական դժվարություններ են ստեղծում միայն այն պատճառով, որ «զզվի ու թողնի գնա հիվանդանոցից»:

«Ես մինչև հիմա չեմ դիմել նման քայլի, որովհետև հարցը վերաբերում էր միայն ինձ, բայց երբ արդեն գործի մեջ ներքաշում են հիվանդներին, երեխաներին, երեխաների վիճակն արհեստական ծանրացնում են միայն նրա համար, որ բժշկին վատություն անեն, որպեսզի դուրս գա, դա արդեն ավելի լուրջ հարց է: Ընդունել են անգրագետ բժիշկների, որոնք չեն կարողանում աշխատել և իրենց պատկերացմամբ, աշխատող բժշկի համար խնդիրներ են ստեղծում, որպեսզի իրենք հանգիստ իրենց գործն անեն»,- ասաց նա: Ենգիբարյանը մինչ փաստեր ներկայացնելը թույլատրեց շրջել հիվանդանոցում և լուսանկարել, թե ինչպիսի պայմաններից են ծննդկան մայրերը դժգոհում:

Շրջայցի ժամանակ գլխավոր քույրը միջամտեց, թե ոչ ոք իրավունք չի տվել շրջել բաժանմունքներով և նկարել: Իսկ հարցին, թե ով պետք է իրավունք տա, կինն ուղղակի պահանջեց դուրս գալ բաժանմունքից: Այնուհետև հիվանդանոցի տնօրենը հասցրեց գալ և պահանջել բժշկին վիճակը ներկայացնելուց առաջ նախ իր հետ առանձին խոսել: Երբ խնդրեցինք նաև նրա բացատրությունը «Tert.am»-ին, տնօրենը հրաժարվեց և միայն ցանկացավ խոսել բժշկի հետ: Մհեր Ենգիբարյանը մինչ կներկայացներ փաստաթղթերի մի ամբողջ տրցակ, իր խոսքերը հիմնավորելու համար, նշեց, որ ինքը բնավ աչք չունի բաժանմունքի վարիչի պաշտոնի վրա և ընդամենն ուզում է հանգիստ աշխատել:

Նա ներկայացրեց վիճակագրությունը, ըստ որի՝ ծննդատունն սկսել էր տարեցտարի ավելի ու ավելի քիչ ծնունդ ընդունել և ոչ այն պատճառով, որ դեմոգրաֆիական խնդիրներ կան, այլ որովհետև ծննդատանը տիրող վիճակի մասին Մասիսում բոլորն են տեղյակ և խուսափում են այստեղ իրենց փոքրիկին լույս աշխարհ բերել: Ըստ վիճակագրական տվյալների՝ հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը 2000 թվականին 661 ծնունդ էր ընդունել, 2002 թվականին՝ 786 ծնունդ: Ինքը բաժանմունքի ղեկավար է նշանակվել 2003 թվականին և ծնունդների թիվը դարձրել 1123, 2007 թվականին արդեն ծնունդների թիվը հասել է 1501-ի: 2008 թվականին, երբ ինքը բաժանմունքն այլևս չի ղեկավարել, կրկին ծնունդների թիվը նվազել է՝ 2011 թվականին հասնելով մինչև 758-ի: 2012 թվականին ծննդատան ղեկավար է նշանակվել Քրիստինե Սարգսյանը, որի ժամանակ ծնունդների թիվը 633 է եղել, 2013 թվականին՝ 636:

Բժիշկը շարունակեց տվյալներ ներկայացնել. 2013 թվականին հիվանդանոցում կատարված 178 կեսարյան հատումից 132-ն ինքն է արել, 2014 թվականին 197-ից 133-ն է ինքն արել, իսկ 2015 թվականին՝ 147-ից 79-ը: Իսկ ինքն է արել վիրահատությունները, որովհետև մայրերն են դա պահանջել: Ի դեպ, նա նշեց, որ բաժանմունքի ղեկավար Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, «պոչտալյոնություն անելն է», այսինքն՝ ծննդաբերող մայրերին Երևան ուղարկելը: Հիվանդանոցի նման վիճակի մասին Ենգիբարյանը նույնիսկ նախարարությանն է դիմել, ասել, որ աշխատում են անգրագետ մասնագետներ և կոնկրետ դեպքեր ներկայացնելով՝ պահանջել կանխել: «4 դեպք եմ ներկայացրել տեսչությանը մեկ տարվա կտրվածքով. արգանդի պատռվածք, երեխայի մահ՝ իրենց մեղքով: Շողակաթ, 18 տարեկան կին՝ 26 ժամ ներարգանդային օքսիդացում են կատարել, հետո ստիպված են եղել արգանդը հեռացնել: Պողոսյան Մարմարա՝ կեսարյանից հետո չեն ցավազրկել, ընկել է ցավային շոկի մեջ, տեղափոխել են Երևան ռեանիմացիա, չեմ խոսում նաև կրիմինալ աբորտների մասին»,- ասաց նա: «Եթե կարողանային մեկ փաստ ներկայացնել իմ դեմ, վաղուց կանեին, ես բժշկական որևէ շեղում թույլ չեմ տվել, 2002 թվականից սկսած ես ոչ մի արնահոսություն չեմ ունեցել»,- ասաց նա:

Բժիշկ Ենգիբարյանը հիվանդանոցից դուրս արդեն ցույց տվեց մոտակայքում գտնվող բժշկական մնացորդների համար նախատեսված վայրը և մատնանշեց, որ եթե շոու չէր իր նկատմամբ նկատողությունը, որից հետո նա սեփական դիմումի համաձայն հեռացավ բաժանմունքի վարիչի պաշտոնից, ինչու նույն այդ մնացորդները չեն ոչնչացվել մինչև այսօր:

Մհեր Ենգիբարյանն ամփոփեց իր պահանջն Առողջապահության նախարարությունից. «Պետք է լինի հստակ պատասխանատվություն և թե ով ինչ իրավունք ունի, որը չկա այսօր: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ չկան չափորոշիչներ, ով ինչի համար է պատասխանատու: Եթե ամեն մեկն իր գործը կատարի, այդ հարցը չի ծագի ընդհանրապես»:

Ի դեպ, հիվանդանոց այցի հաջորդ օրը Մհեր Ենգիբարյանը զանգահարեց և տեղեկացրեց, որ իրեն զանգել են ոստիկանությունից և տեղեկացրել, որ նրա դեմ բողոք կա, որի տակ ստորագրել են նաև հիվանդանոցի բուժաշխատողները: Թե կոնկրետ ինչ բողոք է և ինչի տակ են, ըստ նրա, ստիպողաբար ստորագրել բուժաշխատողները, տեղյակ չէր»: (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

2) «Tert.am» ինտերնետային կայքում 02.06.2016 թվականին հրապարակվել է «Մասիսի ծննդատունն անտերության է մատնված՝ բողոքում է նորածնի մայրը, իսկ հիվանդանոցից խոսել չեն ցանկանում» վերնագրով հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մասիսի ծննդատունն անտերության է մատնված. «Tert.am»-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց օրերս այստեղ ծննդաբերած մայրերից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Ըստ նրա՝ ինքը ծննդաբերել է կեսարյան հատումով՝ բժիշկ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանի օգնությամբ և ապա տեղափոխվել ոչ թե վերանորոգված բաժանմունքի երկրորդ հարկը, այլ վատ վիճակում գտնվող երրորդ հարկի հիվանդասենյակ: Ենթադրել է, որ ընտրյալներին են պառկեցնում վերանորոգված բաժանմունքի սենյակներում, որն, ի դեպ, 1.5 տարի առաջ է նոր սարքավորումներով հանդիսավոր բացվել: Հետաքրքրվել է, թե ինչու չեն օգտագործում՝ պատասխանել են, որ որոշել են հունիսի 1-ից մայրերին նաև այդտեղ պառկեցնել, չնայած որ, ըստ կնոջ, մայրերից մեկը, ով հիվանդանոցում ծանոթ ուներ, մաքուր ու հարմարավետ սենյակում էին պառկեցրել:

«Անտեր վիճակ է, շատ վատ են վերաբերվում մեր նկատմամբ: Գիշերը չեն էլ բարեհաճում գան տեսնեն, երեխաներին հետևեն: Մայրերից մեկը բարդ ծննդաբերություն էր ունեցել, տեսնելով որ ոչ ոք չի գալիս, ես եմ գնացել կաթ տաքացրել, տվել: Բերում են ջերմաչափներ բաժանում, 3 ժամ հետո հավաքում են: Հատուկենտ բուժքույրեր կան, որ նորմալ են վերաբերվում»,-ասաց նա:

Ըստ կնոջ ներկայացրածի` երբ հետծննդաբերական ցավեր է ունեցել, մոտեցել է քույրից մոմիկ խնդրել: «Ասում են քեզ ո՞վ է մոմիկի տեղ ասել, չեմ տալիս, հետո, երբ ասեցի կբողոքեմ, մի քանի ժամ հետո եկան ասեցին՝ երբ ուզեցիր, որ չտվեցինք»,-ասաց նա:

Զուգարանների վիճակը ներկայացնելով՝ կինը նշեց. «Ուզում եմ զուգարան գնալ, ասում են խցանված է, լվացվելու պայման չկա, ու այդքանով հանդերձ գոնե վերաբերմունքը նորմալ լինի: Ասում են մի հատ պաղ-պաղ չանե՞նք, այսինքն՝ պաղպաղակի ժամ է, ու քեֆը գնում ա: Ասել եմ բողոքելու եմ մարզպետարան»։ Կինը նշեց նաև, թե բաժանմունքի վարիչ Քրիստինե Սարգսյանը չի էլ հետաքրքրվում բաժանմունքի վիճակով:

«Tert.am»-ը փորձեց կապ հաստատել բաժանմունքի վարիչ Քրիստինե Սարգսյանի հետ, որտեղից իմանալով հարցը՝ խնդրեցին 10 րոպե հետո զանգել, հետո առաջարկեցին կես ժամից զանգել և ապա նշեցին, որ հիվանդանոցի տնօրենը զբաղված է և ինքը չի կարող ամեն րոպե ընդունարանը թողնել, գնալ: Երբ նրան առաջարկեցինք ընդամենը զանգել, կրկին խնդրեց մի փոքր ուշ զանգել, և հետո արդեն հեռախոսին պատասխանողը ներկայացավ որպես սանիտար և նշեց, որ տեղում մարդ չկա, ընդունարանում նստած անձը գնացել է դեղեր ստանալու:

 Արարատի մարզպետարանի Առողջապահության վարչությունում ընդհանրապես երկու օր է հեռախոսազանգերին չեն պատասխանում, և երբ, ի վերջո, գտնվեց մեկը, ով պատասխանեց, ասաց, որ վարչության պետը խորհրդակցության է և ավելի ուշ փորձել կապ հաստատել նրա հետ: Նշեցինք, որ զանգերին ընդհանրապես պատասխանող չկա, ասացին թե 4 աշխատողներից երկուսն արձակուրդ են մեկնել և նորմալ է, որ չեն պատասխանում» (հատոր 1-ին, գ.թ.10 ):

3) «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ մանկաբարձական բաժանմունքի վարիչ Կրիստինա Գևորգի Սարգսյանը կատարել է վիրահատություններ հետևյալ ամիսների ընթացքում (հիմք` Մանկաբարձական բաժանմունքի կողմից ներկայացված տեղեկանքներ)`

2015 թվականի հոկտեմբեր` 1 կես. հատում,

2015 թվականի նոյեմբեր` 2 կես. հատում,

2015 թվականի դեկտեմբեր` 2 կես. հատում,

2016 թվականի փետրվար` 2 կես. հատում,

2016 թվականի մարտ` 1 կես. հատում,

2016 թվականի ապրիլ` 1 կես. հատում,

2016 թվականի հունիս` 1 կես. հատում (հատոր 1-ին, գ.թ. 29):

4) «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի կողմից տրված տեղեկանքի համաձայն` տեղեկանքում ներկայացվել են 6 անձանց անուններ, որոնց ծննդալուծումը կատարվել է բժիշկ Մ.Ենգիբարյանի կողմից և հետծննդյան շրջանում ծննդկանները գտնվել են վերանորոգված բաժանմունքում (հատոր 1-ին, գ.թ.30):

5) Ի կատարումն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2017 թվականի թիվ ԱՎԴ/2194/02/16 ԴԴ24/Ե-5118/17 հանձնարարականի` «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Ն.Ավանեսյանի 12.06.2017 թվականի N 41/Ն հրամանի հիման վրա ստեղծվել է հանձնաժողով` 2015-2016 թվականների մանկաբարձական բաժանմունքի վարիչ Կրիստինա Սարգսյանի կողմից կատարված կեսարյան վիրահատությունների քանակը և վիրահատված հիվանդների անուն, ազգանունները հստակեցնելու նպատակով (հատոր 2-րդ, գ.թ.19)։

6) «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Ն.Ավանեսյանի N 41 հրամանի հիման վրա կազմված հանձնաժողովի կողմից հետազոտվել են մանկաբարձական բաժանմունքի վարիչ Կրիստինա Սարգսյանի 2015-2016 թվականների կատարած վիրահատությունները: 12.06.2017 թվականին կազմվել է արձանագրություն, համաձայն որի` Կրիստինա Գևորգի Սարգսյանը կատարել է վիրահատություններ հետևյալ օրերին` 21.10.2015 թվականին, 19.11.2015 թվականին, 08.12.2015 թվականին, 14.03.2016 թվականին, 28.04.2016 թվականին, 25.06.2016 թվականին, 26.11.2015 թվականին: Մատյանում առկա են եղել ջնջումներ: Քննարկման ժամանակ Կ.Սարգսյանը չի հերքել, որ մատյանում առկա ջնջումներն ու ուղղումները կատարվել են իր կողմից` պարզաբանելով, թե գրառումները կատարվել են մանկաբարձուհիների կողմից և նրանք քաջատեղյակ չեն: Հրավիրվել են ծնարանի մանկաբարձուհի Աննա Ազիզյանը և վիրահատարանի բուժ.քույր Նարինե Դումանյանը, որոնք հերքել են այն փաստը, որ իրենք տեղյակ չեն լինում, թե ով է վիրահատող բժիշկը: Քննարկման ժամանակ վերծանվել է նաև հաշվապահությունում առկա վերոնշյալ վիրահատությունների վճարումները` ըստ ներկայացված տեղեկանքի, որում օգոստոս և սեպտեմբեր ամիսներին աշխատանքը կատարել է Կ.Սարգսյանը, բայց վարձատրվել է Ֆ.Թումանյանը: Տնօրենը զանգահարել է պատահականության սկզբունքով ցուցակում նշված մի քանի հիվանդների, որոնք պատասխանել են, որ իրենց վիրահատել է վիրաբույժ Ֆրունզ Թումանյանը (հատոր 1-ին, գ.թ.103-105)։

7) «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն.Ավանեսյանի կողմից 14.11.2017 թվականին տրված տեղեկանքի համաձայն` կազմված արձանագրությունում գրանցված վիրահատություններից 2015-2016 թվականներին հաշվարկվել և վճարվել են հետևյալ ամիսների ընթացքում`

2015 թվականի հոկտեմբեր` 1 կես. հատում,

2015 թվականի նոյեմբեր` 2 կես. հատում,

2015 թվականի դեկտեմբեր` 1 կես. հատում - վճարում չի եղել,

2016 թվականի մարտ` 1 կես. հատում,

2016 թվականի ապրիլ` 1 կես. հատում,

2016 թվականի հունիս` 1 կես. հատում (հատոր 2-րդ, գ.թ.11)։

8) Ոստիկանության Մասիսի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Կ.Հովակիմյանի կողմից 06.11.2017 թվականին կայացված` քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշման համաձայն՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Մհեր Ենգիբարյանը դիմում է ներկայացրել Արարատի մարզի դատախազություն` 2015-2016 թվականների «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական բաժանմունքի վարիչ Կրիստինա Սարգսյանի կողմից նշված բաժանմունքի հիվանդների բժշկական քարտերում ջնջումներ կատարելու և կեղծ տեղեկություն գրանցելու վերաբերյալ: Դիմումի շուրջ նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 44179317 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 2-րդ, գ.թ.17)։

9) «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԻՈՆ ԱԿՈՒՄԲ»-ի հանձնաժողովի նախագահ Սերժ Պոլարի և Ժիսլեն Ռեբոլլոի կողմից Արարատի մարզպետին է ուղղվել գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Ձեր դիմումի համաձայն, վերանայելով Մասիսի ծննդատան շինարարության համար հասցեագրված նյութերի և ապրանքների ցուցակը, կարող ենք հաստատել, որ ոչ մի տեղ ոչ ֆրանսերենով, ոչ անգլերենով գրված չէ ԱԿՆՈՑ բառը: Սակայն խոսվում է գրքերի մասին, որոնք նախատեսված են ծննդատան երեխաների համար, ինչն էլ տրամաբանական է: Հուսով եմ կարողացա Ձեզ հավաստիացնել այս հարցում: Հաճելի կլինի, Պարոն մարզպետ, եթե ինձ տեղեկացնեք Ծննդատան ակտուալ վիճակի մասին: 2016 թվականի մարտին այցելեցինք ծննդատուն և այն ամբողջությամբ դատարկության մեջ տեսանք: Ինչպես տեղեկացված եք, լինելով Հայաստանի հանձնաժողովի նախագահը պետք է հաշվետվության ներկայացնեմ իմ Ֆրանսիացի և իտալացի Լիոն ակումբներին, որոնք ֆինանսավորել են աշխատանքները: Այս ամենը մեր ներդրողներին հավաստիացնելու համար է, ովքեր ցանկություն ունեն շարունակել աշխատել Ձեր երկրի և Ձեր մարզի համար…» (հատոր 1-ին, գ.թ. 46-47)։

10) «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Վ. Ավանեսյանի կողմից տրված տեղեկանքով ներկայացվել է մանկաբարձական բաժանմունքի՝ 2000-2017 թվականների շարժը (հատոր 2-րդ, գ.թ.48)։

11) «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Ղուկասյանի կողմից 02.12.2016 թվականին տրված թիվ 016/103 գրության համաձայն՝ Կրիստինա Սարգսյանն աշխատում է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2005 թվականի հոկտեմբերի 17-ից նախ՝ որպես մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, 2012 թվականի հոկտեմբերի 12-ից մինչ այսօր որպես մանկաբարձական բաժանմունքի վարիչ: Վիրահատություններ սկսել է կատարել 2015 թվականի հոկտեմբեր ամսից: 2015 թվականի հոկտեմբեր ամսից մինչ օրս Կրիստինա Սարգսյանը կատարել է 8 վիրահատություն (հիմք` մանկաբարձական բաժանմունքի կողմից ներկայացված տեղեկանքները): 2016 թվականի հունվար ամսից մինչ օրս մանկաբարձական բաժանմունքից Երևան քաղաքի բժշկական հաստատություններ են ուղեգրվել 109 պացիենտ (հատոր 1-ին, գ.թ.45)։

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անձի պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը որպես վիրավորանք գնահատելու չափանիշներին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Նույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1.000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ անդրադարձել է «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությանը՝ արձանագրելով հետևյալը. «Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը դեռևս 2005 թվականին անդրադառնալով այդ հասկացությունների մեկնաբանմանը, առանձնացրել է երեք արտահայտություն` անվանարկում (defamatiօn), գրավոր արտահայտություն, որը վնասում է անձին (libel), ինչպես նաև հայտարարություն կամ գործողություն, որ ասվել կամ արվել է այլ անձի վիրավորելու նպատակով (insսlt): Անվանարկումը լինելով երևույթի ընդհանրական բնութագրում` իրավական հստակության տեսանկյունից պահանջում է որոշակիացնել դրա դրսևորումները` անցողիկ կամ մնայուն բնույթը, արտահայտման ձևը, դիտավորության ու կեղծ փաստի առկայությունը և այլն, ինչը կարևոր է փոխհատուցման կանոնակարգման առումով (...):

Քննության առարկա հոդվածի 2-րդ մասում վիրավորանքը բնորոշվում է որպես «... խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն»:

Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այս տրամաբանությունն է դրված նաև քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում:

Վիրավորանքի առկա սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը` այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա և արված է արդար մտադրություններով։ Ընդ որում, գնահատող դատողություն արտահայտելու համար ապացույցներ չեն պահանջվում։ Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաև հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ և ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք վեճի առարկա հոդվածի իմաստով: (...) արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն, ոչ թե պետք է վիրավորանք համարել գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այստեղ կարևոր է նաև «արատավորելու նպատակով» արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է (...):

(...)

Ելնելով վիճարկվող նորմերում արարքի, որպես «զրպարտություն» և (կամ) «վիրավորանք» որակելու (գնահատելու) վերաբերյալ վերոհիշյալ միջազգային իրավական չափորոշիչների բովանդակությունից և դրանց ճշգրիտ կիրառման անհրաժեշտությունից, Սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառական պրակտիկայում դատարաններն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող գործողությունների փաստը քննելու յուրաքանչյուր գործով չպետք է կիրառեն նորմատիվ մեկնաբանության հայեցողական այնպիսի ազատություն, որի արդյունքում միակերպ չտարանջատվի փաստը (փաստացի տվյալը) և գնահատողական դատողությունը, հակառակ դեպքում չի կարող արդար, հիմնավոր և սահմանադրականության տեսանկյունից իրավական համարվել վիճարկվող հոդվածի նորմերի կիրառմամբ ազատ խոսքի ամեն մի սահմանափակում:

Անդրադառնալով «գերակա հանրային շահ», ինչպես նաև տվյալների «հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացում» եզրույթների իրավական որոշակիության խնդրին` Սահմանադրական դատարանը նշել է, որ «յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կախված գործի հանգամանքներից, պետք է որոշվի, թե արդյոք հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է եղել տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության ու պատասխանատվության համեմատ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն` այսպիսի դեպքերում ազգային իշխանությունների հայեցողության շրջանակը սահմանափակված է ժողովրդավարական հասարակության շահով, որը կայանում է նրանում, որ մամուլին թույլատրվի կատարել «հասարակական վերահսկող օղակի» (watcհdօg) իր գործառույթը և տեղեկատվություն տարածել հասարակական հետաքրքրություն ներկայացնող լուրջ հարցերի վերաբերյալ: Ըստ այդ դատարանի դիրքորոշման` իրավակիրառական պրակտիկայում առաջին հերթին պետք է գնահատվի այնպիսի «անհետաձգելի հասարակական պահանջի» առկայության փաստը, որն ունակ է արդարացնել այդ միջամտությունը հավասարակշռված և բարեխղճորեն` առանց չարամիտ, անձին անվանարկող դիտավորության»:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նաև այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական

հասարակություն (…) (տես, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, գանգատ թիվ 9815/82, կետ 41):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ`

1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստն ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը:

2. Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:

3. Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ` թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:

Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):

Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:

Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով (տես` Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը)։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կրիստինա Սարգսյանը դիմելով Դատարան պահանջել է պատիվը, արժանապատվությունն ու բժշկի բարի համբավը` վիրավորանքի միջոցով արատավորելու համար, որպես փոխհատուցում պատասխանող Մհեր Ենգիբարյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, և պարտավորեցնել պատասխանող Մհեր Ենգիբարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել ««Tert.am»» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` ««Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում Կրիստինա Սարգսյանի հասցեին վիրավորական արտահայտություն կատարելու համար, հետևյալ տեքստով` «ներողություն եմ խնդրում Կրիստինա Սարգսյանից «tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` ««Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում Կրիստինա Սարգսյանի հասցեին վիրավորական արտահայտություն կատարելու համար», և այն հրապարակել «Tert.am» լրատվական կայքում:

Կրիստինա Սարգսյանը պահանջել է նաև իր պատիվը, արժանապատվությունն ու բժշկի բարի համբավը` իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ հրապարակելու (զրպարտելու) միջոցով արատավորելու համար որպես փոխհատուցում պատասխանող Մհեր Ենգիբարյանից հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, և պարտավորեցնել պատասխանող Մհեր Ենգիբարյանին հրապարակայնորեն հերքել և պատասխան հրապարակել «Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում Կրիստինա Սարգսյանի հասցեին զրպարտիչ արտահայտություն կատարելու համար, հետևյալ տեքստով. «Ես` Մհեր Ենգիբարյանս, հերքում եմ «Tert.am» լրատվական կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում իմ կողմից հրապարակված այն փաստացի տվյալները, իբր` «իմ օգնությամբ ծննդաբերած մայրերին բաժանմունքի վարիչի միջնորդությամբ չեն տեղավորում վերանորոգված բաժանմունքում, և արդեն շուրջ 3 տարի է իր համար արհեստական դժվարություններ են ստեղծում միայն այն պատճառով, որ «զզվի ու թողնի գնա հիվանդանոցից, և այն, որ բաժանմունքի ղեկավար Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, պոչտալյոնություն անելն է» սուտ են և իրականությանը չեն համապատասխանում»:

Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«(…) Սույն քաղաքացիական գործով հայցվոր Կրիստինա Սարգսյանը հանդիսանում է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական բաժանմունքի վարիչ, ունի որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ և օրինակելի կեցվածք, այնինչ, պատասխանողի կողմից 22.06.2016 թվականին «Tert.am» լրատվական կայքում հանրության համար հրապարակված հոդվածում արված արտահայտությամբ, թե՝ «բաժանմունքի ղեկավար Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, «պոչտալյոնություն անելն է», այսինքն՝ ծննդաբերող մայրերին Երևան ուղարկելը», թյուր կարծիք կարող է ձևավորվել հասարակության մեջ հայցվորի որակների (հատկանիշների) վերաբերյալ՝ վտանգելով վերջինիս նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումը(…): (…) Այսպիսով, դատարանը հանգում է հետևության, որ հայցապահանջը՝ անձի պատիվը, արժանապատվությունն ու բժշկի բարի համբավը վիրավորանքի միջոցով արատավորելու համար պետք է բավարարվի(…): (…) Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիրավորանքի համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին, որը պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին, և, միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար: (…) նկատի ունենալով նաև հայցվորի հասարակական դիրքը, և այն հանգամանքը, որ վիրավորող արտահայտությունը կատարվել է լրատվական կայքում` հասու դառնալով հասարակության զգալի զանգվածին, ինչպես նաև հաշվի առնելով պատասխանողի գույքային դրությունը, ինչպես նաև այն, որ պատասխանողը նաև գործի քննության ընթացքում շարունակում էր վիրավորանքը՝ «պոչտալյոնություն անել ասելով ես վիրավորել եմ ոչ թե հայցվորին, այլ իրականում հենց պոչտալյոններին» արտահայտությամբ, դատարանը փոխհատուցման չափը սահմանում է սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով (…)»։

Վերաքննիչ դատարանը Մհեր Ենգիբարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ դատական ակտը մասնակի՝ հայցը բավարարելու մասով, բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է, հետևյալ պատճառաբանությամբ.

«(…)Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Պատասխանողի կողմից հաղորդած տեղեկությունները մեկուսի` միայն Հայցվորի դիրքորոշման ներքո գնահատումը Դատարանի կողմից չի բխում նախ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի իրավունքի՝ մի կողմից և խոսքի ազատության իրավունքի՝ մյուս կողմից արդարացի հավասարակշռությունն ապահովելու Դատարանի պարտականությունից:

Ավելին, «(...) Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, «պոչտալյոնություն անելն է» արտահայտությունը գնահատելով միայն հայցվորի սուբյեկտիվ ընկալման տեսանկյունից, Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, թե արդյոք այդ արտահայտությունը բովանդակային արտահայտվածությամբ համապատասխանում է օրենքի իմաստով՝ որպես վիրավորանք գնահատելու չափորոշիչներին, թե՝ ոչ, և արդյոք այդ արտահայտությունը վիրավորել է անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

(…)

Տվյալ դեպքում խնդրո առարկա հրապարակային արտահայտությունը վերաբերում է ծննդատան աշխատանքի որակին, ինչը հասարակական մտահոգության և հետաքրքրության առարկա է, ուստի Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Պատասխանողի հրապարակած խնդրո առարկա արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով: Մինչդեռ Դատարանը Պատասխանողի հրապարակային արտահայտությունը գնահատել է նրա հաղորդած տեղեկությունների ընդհանուր բովանդակությունից դուրս և հաշվի չի առել այդ տեղեկությունների արտահայտման նպատակը, դրանց արտահայտման պայմանները և գործի քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքները:

(…)

Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևությանը, որ խնդրո առարկա արտահայտությունը չի կարող գնահատվել որպես վիրավորանք, որքան էլ նման արտահայտչաձևը Հայցվորի կողմից կարող է սուր կամ չափազանցված ընկալվել»:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ «Tert.am» ինտերնետային կայքում 22.06.2016 թվականին հրապարակված` «Նորածինների վիճակն արհեստական ծանրացնում են, որպեսզի ստիպեն գործից դուրս գամ. բժիշկ-գինեկոլոգը Մասիսի ծննդատան մասին» վերնագրով հոդվածում ի թիվս այլնի տեղ է գտել հետևյալ արտահայտությունը. «(…) բաժանմունքի ղեկավար Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, «պոչտալյոնություն անելն է», այսինքն՝ ծննդաբերող մայրերին Երևան ուղարկելը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կարգավորումների համատեքստում չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված պատշաճ գնահատում, մասնավորապես` չի իրականացրել անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի իրավունքի և խոսքի ազատության իրավունքի հավասարակշռում ու դրանց համադրում՝ անտեսելով այն հանգամանքը, որ Մհեր Ենգիբարյանի կողմից Կրիստինա Սարգսյանի հասցեին կատարված արտահայտությունները կատարվել են հրապարակային ձևով, անմիջապես Կրիստինա Սարգսյանի հասցեին` նպատակ հետապնդելով վիրավորելու վերջինիս անձը: Մասնավորապես՝ «(…) բաժանմունքի ղեկավար Քրիստինե Սարգսյանը որևէ վիրահատություն չի անում, և նրա գործը, ըստ էության, «պոչտալյոնություն անելն է», արտահայտությունը կատարվել է բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգի նկատմամբ, և հետևաբար ընթերցողի մոտ բացասական տպավորություն է ստեղծվում տվյալ անձի մասնագիտական-որակական հատկանիշների մասին:

Այլ կերպ ասած՝ նշված արտահայտության բովանդակությունից ակնհայտ է, որ Մհեր Ենգիբարյանի՝ որպես մասնագետի, նման որակումներն արատավորում են Կրիստինա Սարգսյանի մասնագիտական հեղինակությունը, հրապարակայնորեն արտահայտված խոսքի ձևով նսեմացնում և վիրավորում են նրա արժանապատվությունը, ինչն էլ հիմք է տալիս փաստելու, որ Մհեր Ենգիբարյանը դրանով դիտավորյալ կերպով ուղիղ վիրավորանք է հասցրել Կրիստինա Սարգսյանին: Այսպիսով, պատասխանող Մհեր Ենգիբարյանն ակնհայտ նպատակ է ունեցել արատավորելու, նվաստացնելու, նսեմացնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու բժշկի բարի համբավը, հանրության մոտ ստեղծելու բացասական կարծիք: Ուստի, տվյալ արտահայտությունները չեն կարող դիտարկվել գնահատողական դատողությունների, ինչպես նաև գերակա հանրային շահի համատեքստում:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող արտահայտություններն արատավորում են Կրիստինա Սարգսյանի մասնագիտական հեղինակությունը, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`[ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 11.07.2018 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Մհեր Ենգիբարյանից հօգուտ Կրիստինա Սարգսյանի պետք է բռնագանձել 35.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2019 թվականի որոշումը և հայցը մասնակի բավարարելու մասով օրինական ուժ տալ Դատարանի 11.07.2018 թվականի վճռին։

2. Մհեր Ենգիբարյանից հօգուտ Կրիստինա Սարգսյանի բռնագանձել 35.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան