ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
1. Սույն օրենքը սահմանում է զինծառայողների և վարժական հավաքների կանչված քաղաքացիների կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս զորամասի գույքին պատճառված վնասի դիմաց նյութական պատասխանատվության պայմանները, ինչպես նաև այդ վնասի հատուցման կարգն ու չափերը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի պարտադիր ու պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև վարժական հավաքների կանչված քաղաքացիների վրա:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) զորամասեր` զորամաս, զորախումբ, զորամիավորում, զինվորական կառավարման մարմին, ռազմաուսումնական հաստատություն, որտեղ օրենքով սահմանված կարգով անցնում են զինվորական ծառայություն.
2) հրամանատարներ (պետեր)` զորամասերի և զորամասերի կառուցվածքային ստորաբաժանումների հրամանատարներ (պետեր), նրանց տեղակալներ.
3) զորամասի գույք (այսուհետ գույք)` պետական սեփականություն համարվող և զորամասի տնօրինությանը (տիրապետմանը, օգտագործմանը) հանձնված նյութական ակտիվներ, որոնք արտահայտված են սպառազինության, ռազմական տեխնիկայի, զինամթերքի, հիմնական այլ միջոցների, պաշարների (նյութերի, արագամաշ առարկաների), ինչպես նաև դրամական միջոցների ու դրանց համարժեքների ձևով.
4) իրական վնաս (այսուհետ` վնաս)` գույքի կորուստը կամ վնասվածքը, ինչպես նաև այն ծախսերը, որ զորամասը կատարել է կամ պետք է կատարի կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար.
5) դրամական բավարարման վկայական` վնասը հայտնաբերելու օրվան նախորդող ամսում զինծառայողին վճարված դրամական բավարարումների, ինչպես նաև զինծառայողի դրամական պարտավորությունների վերաբերյալ փաստաթուղթ:
Հոդված 3. | Զինծառայողների նյութական պատասխանատվության պայմանները |
1. Զինծառայողները նյութական պատասխանատվություն են կրում միայն իրենց մեղքով պատճառված վնասի համար:
2. Եթե պատճառված վնասը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ, ապա զինծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Վարժական հավաքների կանչված քաղաքացիները զորամասի գույքին պատճառած վնասի համար նյութական պատասխանատվություն են կրում իրենց գույքով:
3. Զինծառայողներն ազատվում են նյութական պատասխանատվությունից, եթե վնասը պատճառվել է հրամանատարների (պետերի) հրամանը կատարելու, օրինաչափ գործողության, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, արդարացված ծառայողական ռիսկի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
4. Զինծառայողները, սույն օրենքի համաձայն, նյութական պատասխանատվության են ենթարկվում վնասը հայտնաբերվելու օրվանից երեք տարվա ընթացքում:
Միևնույն վնասի համար կրկնակի նյութական պատասխանատվություն չի կարող սահմանվել:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. | Զինծառայողների սահմանափակ նյութական պատասխանատվությունը |
1. Զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս անզգուշաբար հասցված վնասը հատուցում են դրա լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական դրամական բավարարման`
1) կրկնապատիկը, եթե նշված չափը գերազանցում է ամսական դրամական բավարարման կրկնապատիկը, սակայն չի գերազանցում եռապատիկը.
2) եռապատիկը, եթե նշված չափը գերազանցում է ամսական դրամական բավարարման եռապատիկը, սակայն չի գերազանցում հնգապատիկը.
3) հնգապատիկը, եթե նշված չափը գերազանցում է ամսական դրամական բավարարման հնգապատիկը:
2. Զորամասի և այլ անձանց միջև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում զորամասի վճարած տույժերի ու տուգանքների համար մեղավոր զինծառայողները նյութական պատասխանատվություն են կրում դրանց լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական դրամական բավարարման կրկնապատիկը:
3. Հրամանատարները (պետերը), որոնք իրենց հրամաններով ու կարգադրություններով խախտել են գույքի պահպանման, օգտագործման, ծախսման, տեղափոխման և հաշվապահական հաշվառման սահմանված կարգը կամ իրենց իրավասության սահմաններում համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել հափշտակումները, վատնումները, փչացումներն ու կորուստները կանխելու, ինչպես նաև պատճառված վնասները մեղավոր անձանցից վերականգնելու ուղղությամբ, ենթարկվում են նյութական պատասխանատվության` պատճառված վնասի լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական դրամական բավարարման հնգապատիկը:
4. Զինծառայողներին (աշխատողներին) ծառայությունից (աշխատանքից) անօրինական արձակելու (ազատելու), տեղափոխելու, հաստիքով չնախատեսված պաշտոնի նշանակելու կամ հաստիքով նախատեսվածից բարձր վարձատրվող պաշտոնի նշանակելու համար զորամասերի հրամանատարները (պետերը) նյութական պատասխանատվություն են կրում դրա հետևանքով պատճառված վնասի լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական դրամական բավարարման եռապատիկը:
5. Սույն հոդվածով սահմանված պատճառված վնասի չափի և զինծառայողի դրամական բավարարումից պահումների չափի տարբերությունը ծախսագրվում է համապատասխան պետական լիազոր մարմնին պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին` իրավասու հրամանատարի (պետի) հրամանով:
6. Ամսական դրամական բավարարման չափ է համարվում պատճառված վնասը հայտնաբերելու օրվան նախորդող ամսում զինծառայողին վճարված դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարը:
Հոդված 5. | Զինծառայողների լրիվ նյութական պատասխանատվությունը |
Զինծառայողները պատճառած վնասի լրիվ չափով նյութական պատասխանատվություն են կրում, եթե դա պատճառվել է`
1) այն զինծառայողի կողմից, որին գույքը տրվել է պահպանելու, տեղափոխելու, օգտագործելու համար կամ այլ նպատակներով.
2) զինծառայողի դիտավորյալ գործողությունների հետևանքով, որը հանգեցրել է գույքի կորստի կամ վնասվածքի, ինչպես նաև ռազմաբժշկական կամ առողջապահական հաստատություններում նշված գործողություններից տուժած զինծառայողների բուժման ծախսերի.
3) թմրամիջոցներով, թունամիջոցներով արբած կամ ալկոհոլային հարբած վիճակում գտնվող զինծառայողի կողմից:
Հոդված 6. | Պատճառված վնասը հայտնաբերելու դեպքում ծառայողական քննություն անցկացնելը |
1. Զորամասի հրամանատարը (պետը) վնասը հայտնաբերելու դեպքում պարտավոր է նշանակել ծառայողական քննություն` վնասի պատճառները, չափերը և մեղավորներին պարզելու նպատակով:
Ծառայողական քննությունը պետք է ավարտվի վնասը հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է մեկ ամսից ոչ ավելի երկարաձգել համապատասխան վերադաս հրամանատարը (պետը):
Ծառայողական քննության նյութերի հիման վրա վերադաս հրամանատարը (պետը), ծառայողական քննության ավարտից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, պատճառված վնասը հատուցելու հայցով դիմում է դատարան, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Ծառայողական քննություն կարող է չնշանակվել, եթե վնաս պատճառելը, դրա չափերն ու մեղավոր անձինք պարզվել են դատարանի կողմից, ստուգման, վերստուգիչ-վերահսկիչ գործունեության, հետաքննության և նախաքննության արդյունքում:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 7. | Պատճառված վնասի չափը որոշելը |
1. Պատճառված վնասի չափը որոշվում է փաստացի կորուստներով` զորամասի հաշվապահական հաշվառման տվյալների և կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար կատարված կամ կատարվելիք ծախսերի հանրագումարի հիման վրա:
2. Պատճառված վնասի չափը որոշելիս հաշվի են առնվում գույքի մաշվածության աստիճանը և բնական կորուստները` վնասը հայտնաբերելու օրվա դրությամբ սահմանված նորմաների համաձայն: Բոլոր դեպքերում վերականգնման ենթակա վնասի չափը չի կարող պակաս լինել այդ գույքի սկզբնական արժեքի 25 տոկոսից, բայց ոչ պակաս նրա ջարդոնի արժեքից:
3. Զինծառայողին (աշխատողին) հաստիքով չնախատեսված պաշտոնի անօրինական նշանակելու հետևանքով պատճառված վնասի չափը որոշվում է վճարված դրամական բավարարման (աշխատավարձի) չափով, իսկ նրան փաստորեն զբաղեցրածից ավելի բարձր պաշտոնի անօրինական նշանակելու դեպքում` վճարված և փաստացի զբաղեցրած պաշտոնների դրամական բավարարումների (աշխատավարձի) տարբերության չափով:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում պատճառված վնասի չափը որոշվում է ռազմաբժշկական և առողջապահական հաստատություններում զինծառայողների բուժման փաստացի ծախսերով:
5. Համատեղ պատճառված վնասի չափը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուրի մեղքի աստիճանն ու նյութական պատասխանատվության տեսակը:
Հոդված 8. | Զինծառայողների պատճառած վնասը հատուցելը |
1. Զինծառայողի պատճառած վնասը հատուցվում է դատարանի վճռի հիման վրա` սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով` զինծառայողի դրամական բավարարումից պահումներ կատարելու միջոցով:
Եթե պատճառված վնասի չափը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի 500-ապատիկը, ապա վնասի հատուցումը կատարվում է զինծառայողի դրամական այլ միջոցների և գույքի հաշվին` օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոններով:
2. Զինծառայողի դրամական բավարարումից պահումներ կատարվում են կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարման մարմնի կայացրած որոշման հիման վրա զորամասի հրամանատարի (պետի) տված հրամանով:
Զինծառայողի դրամական բավարարումից պահումներ կատարելու մասին զորամասի հրամանատարի (պետի) հրամանը պետք է արձակվի հարկադիր կատարման մարմնի կայացրած որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում և ներկայացվի կատարման 7 օրվա ընթացքում:
Զորամասի հրամանատարի (պետի)` սահմանված կարգի խախտմամբ տված դրամական բավարարումից պահումներ կատարելու մասին հրամանը զինծառայողը կարող է բողոքարկել վերադաս հրամանատարին (պետին) կամ որոշում կայացրած հարկադիր կատարման մարմնին:
3. Պատճառված վնասը զինծառայողը կարող է կամավոր հատուցել նաև մինչև զորամասի հրամանատարի (պետի)` վնասը հատուցելու հայցով դատարան դիմելը, եթե նա համաձայն է իրեն ներկայացվող նյութական պատասխանատվության պայմաններին և վնասի հատուցման չափերին:
4. Դատարանը կարող է զինծառայողի համաձայնության դեպքում պարտավորեցնել նրան պատճառված վնասը հատուցել բնեղենով կամ դրամական արտահայտությամբ` ամբողջությամբ կամ մաս-մաս, առանց դրամական բավարարումից պահումներ կատարելու` օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոններով:
5. Պատճառված վնասը հատուցվում է անկախ զինծառայողին կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հանգամանքից:
Հոդված 9. | Պատճառված վնասը հատուցելը զինծառայողին զորացրելու կամ ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում |
1. Եթե վնաս պատճառած զինծառայողը զորացրվել է (մեկնել է վարժական հավաքի ավարտից հետո) և չի ենթարկվել նյութական պատասխանատվության, ապա վնասի բռնագանձումը կատարում է դատարանը` զորամասի հրամանատարի (պետի) հայցի հիման վրա և օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոնների համաձայն:
2. Եթե վնաս պատճառած զինծառայողը զորացրվել է (մեկնել է վարժական հավաքի ավարտից հետո) և զորացրման (վարժական հավաքների ավարտի) օրվա դրությամբ չի հատուցել պատճառած վնասը կամ հատուցել է մասամբ, վնասի կամ դրա չհատուցված մասի բռնագանձումը կատարվում է նրա դրամական այլ միջոցների և գույքի հաշվին` օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոնների համաձայն:
3. Պատճառված վնասը չհատուցած (մասամբ հատուցած) զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում զինծառայողի դրամական բավարարումից պահումներ կատարվում են ծառայության նոր վայրում` դրամական բավարարման վկայականի գրառումների հիման վրա:
Եթե մինչև տեղափոխվելը զինծառայողի դրամական բավարարումից պահումներ կատարելու մասին հրաման չի տրվել, ապա զորամասի հրամանատարը (պետը) պարտավոր է հարկադիր կատարման մարմնի կայացրած որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկել ծառայության նոր վայր` սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետներում հրաման արձակելու և կատարման ներկայացնելու համար:
Հոդված 10. | Երրորդ անձանց պատճառված վնասի հատուցումը |
Զինծառայողների ապօրինի գործողություններով (անգործությամբ) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ֆինանսների պետական լիազոր մարմնի: Նշված դեպքում վնասը պատճառած զինծառայողների նկատմամբ ֆինանսների պետական լիազոր մարմինը ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք` վճարած հատուցման լրիվ չափով:
Հոդված 11. | Հատուցման ենթակա վնասի չափը նվազեցնելու պայմանները |
Զինծառայողի նյութական վիճակը, մեղքի աստիճանը և դեպքի հանգամանքները հաշվի առնելով` դատարանը կարող է նվազեցնել հատուցման ենթակա վնասի չափը:
Հոդված 12. | Դրամական պահումների իրականացման կարգը |
1. Պատճառված վնասի դիմաց զինծառայողի դրամական բավարարումից ամենամսյա պահումները կատարվում են ամսական դրամական բավարարման 20 տոկոսի չափով:
2. Եթե զինծառայողի դրամական բավարարումից կատարվում են օրենքով սահմանված այլ պահումներ, ապա դրանց ընդհանուր չափը չի կարող գերազանցել զինծառայողի ամսական դրամական բավարարման 50 տոկոսը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 13. | Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար |
Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 14. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
|
|