ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԿԴ1/0082/04/18 2020 թ. Սնանկության գործ թիվ ԿԴ1/0082/04/18
Նախագահող դատավոր՝
Ա. Պետրոսյան
Դատավորներ`
Լ. Գրիգորյան
Դ. Սերոբյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի նոյեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի «Կարտոն Տարա» ՍՊԸ-ի` «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2019 թվականի որոշման դեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «Կարտոն Տարա» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ։
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Գևորգյան) 29.08.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 03.05.2019 թվականի «Պահանջի չափը հաստատելու, գրավի առարկայի արտադատական կարգով իրացում թույլատրելու դիմումը մերժելու մասին» որոշմամբ Բանկի դիմումը՝ պահանջի չափը հաստատելու և գրավի առարկաներն արտադատական կարգով իրացնելը թույլատրելու մասին, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.09.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 03.05.2019 թվականի «Պահանջի չափը հաստատելու, գրավի առարկայի արտադատական կարգով իրացում թույլատրելու դիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ, 228-րդ, 229-րդ, 345-րդ, 346-րդ հոդվածները, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկի և Ընկերության միջև առկա են պարտավորական իրավահարաբերություններ, որտեղ Բանկը հանդես է գալիս որպես պարտատեր, իսկ Ընկերությունը՝ պարտապան։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկն իրավունք ուներ դատարան ներկայացնել մորատորիումի գործողությունը չտարածելու, պահանջի չափը հաստատելու և գրավադրված գույքերի իրացումն արտադատական կարգով թույլատրելու մասին դիմում, քանի որ հանդիսանալով գրավառու՝ ունի պարտապանի նկատմամբ ապահովված պահանջի իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ, կամ բեկանել և փոփոխել այն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Գևորգյան) 29.08.2018 թվականի վճռով Ընկերությունը սնանկ է ճանաչվել (հավելված հատոր 1-ին գ.թ. 3-7)․
2) Բանկի, «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 04.03.2015 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող հիմնական միջոցների գրավի թիվ N03052013/36 պայմանագրով Բանկում գրավադրվել են Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հավելված հատոր 1-ին, գ.թ. 111-115)․
3) Բանկի, «ՄԱՎԱՍԷՔՍԻՄ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 29.11.2010 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող հիմնական միջոցների հաջորդող գրավի թիվ 191110/15 պայմանագրով Բանկում գրավադրվել են Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հավելված հատոր 1-ին, գ.թ. 82-87)․
4) Բանկի, «ՄԱՎԱՍԷՔՍԻՄ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 29.11.2010 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող հիմնական միջոցների հաջորդող գրավի թիվ 191110/16 պայմանագրով Բանկում գրավադրվել են Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները (հավելված հատոր 1-ին, գ.թ. 73-77)․
5) Բանկի, «ՄԱՎԱՍԷՔՍԻՄ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 30.11.2010 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող, շրջանառության մեջ գտնվող դրամական միջոցների հաջորդող գրավի թիվ 191110/22 պայմանագրով գրավադրվել են Ընկերության՝ Բանկում բացված հաշիվներում առկա և հետագայում այդ հաշիվներին մուտքագրվող դրամական միջոցները (հավելված հատոր 1-ին, գ.թ. 68-69)․
6) Բանկը, դիմելով Դատարան, հայտնել է, որ որպես Բանկի և «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի, Բանկի և «ՄԱՎԱՍԷՔՍԻՄ» ՍՊԸ-ի միջև կնքված վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց՝ կնքվել են պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի գրավի պայմանագրեր, և քանի որ Բանկի հանդեպ պարտավորությունները կազմում են՝
«ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի մասով՝ 1.263.486,61 ԱՄՆ դոլար, 3.508.642,53 ԵՎՐՈ և 4.547.951.934,90 ՀՀ դրամ,
«ՄԱՎԱՍԷՔՍԻՄ» ՍՊԸ-ի մասով՝ 3.631.440,80 ԱՄՆ դոլար,
ղեկավարվելով մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, 39.1-րդ և 39.2-րդ հոդվածներով` խնդրել է հաստատել ներկայացված պահանջի չափը և Բանկին` որպես ապահովված իրավունք ունեցող պարտատեր, թույլատրել ապահովված իրավունքի առարկայի իրացումն արտադատական կարգով (հավելված հատոր 1-ին գ.թ. 11-20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապան չհանդիսացող գրավատուի սնանկ ճանաչվելու պարագայում գրավառուի կողմից գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավական հնարավորությանը` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով: (…) գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.
- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),
- «հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ) (տե'ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, դիմում ներկայացնել դատարան՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ նույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով:
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է պարտապանին և կառավարչին։ Պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պարտապանը կամ կառավարիչը սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիմումը ստանալուց հետո՝ 11-րդ օրը, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե պարտապանը կամ կառավարիչը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե՝
1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք.
2) առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է։
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, դիմում ներկայացնել դատարան՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ «Սնանկության մասին» օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով: Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը մերժելու օրենքով սահմանված հիմքերի բացակայության պարագայում դատարանը կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի և Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականին կայացրած որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին:
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով այն իրավական խնդրին, թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել պարտապանի սնանկությունը՝ գրավով ապահովված պարտատիրոջ համար և ինչ կարգով պարտատերը կարող է ստանալ իր ապահովված պահանջների բավարարում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ համար նախատեսել է իր բավարարումը ստանալու երկու այլընտրանքային եղանակ՝ սնանկության վարույթից դուրս և սնանկության վարույթի շրջանակներում՝ նշված երկու եղանակներից որևէ մեկի ընտրության հնարավորությունը թողնելով պարտատիրոջ հայեցողությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ թե՛ սնանկության վարույթից դուրս, թե՛ սնանկության վարույթի շրջանակներում բավարարում ստանալու եղանակներն ունեն իրենց առանձնահատկությունները:
Այսպես, եթե գրավով ապահովված պարտավորության պարտատերն ընտրում է սնանկության գործով վարույթը շրջանցելու միջոցով իր պահանջները բավարարելու եղանակը, ապա վերջինս բավարարում կարող է ստանալ բացառապես գրավադրված գույքի հաշվին, և անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: Մինչդեռ այն դեպքում, երբ գրավով ապահովված պարտավորության պարտատերն ընտրում է սնանկության վարույթի շրջանակներում իր պահանջների բավարարում ստանալու եղանակը, ապա գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում, և այս դեպքում գրավով ապահովված պարտավորության պարտատերն իր պահանջների բավարարումը կարող է ստանալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդրի կողմից նման տարբերակված կարգավորում սահմանելու նպատակն է սնանկության վարույթի առկայության պայմաններում երաշխավորել գրավով ապահովված պարտատերերի և մյուս պարտատերերի իրավունքների և օրինական շահերի միջև ողջամիտ հավասարակշռությունը: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ գրավով ապահովված պահանջի պարտատերն օգտվում է իր պահանջի բավարարումը սնանկության վարույթի շրջանակներից դուրս ստանալու՝ օրենքով իրեն վերապահված իրավունքից, վերջինս հնարավորություն ունի գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածել և իրացնել այն ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ գրավադրված գույքի իրացման կանոններին համապատասխան (տե'ս, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի, Սարգիս Աղաբեկյանի, Սիմա Ղուկասյանի, Լևիկ Աղաբեկյանի թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերի համար, երբ սնանկ է ճանաչվել երրորդ անձ գրավատուն:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադառնալով սնանկ ճանաչված գրավատուի կողմից գրավադրված գույքի վրա երրորդ անձ պարտապանի կետանցված պարտավորություններով բռնագանձում տարածելու իրավական խնդրին՝ արձանագրել է հետևյալը․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարտավորությանը չմասնակցող երրորդ անձ գրավատուին սնանկ ճանաչելու դեպքում գրավի իրավունքը դադարեցնելու իրավական հիմք գործող օրենսդրությունը չի նախատեսում, սակայն առկա սնանկության վարույթում սնանկ ճանաչված գրավատուի գույքի իրացումն էական է նաև սնանկության վարույթի այլ մասնակիցների համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև սնանկության վարույթում կիրառվող «պահանջի գրանցում» և «պահանջի չափի հաստատում» իրավական եզրույթների բովանդակության գնահատմանը (բացահայտմանը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի «պահանջի գրանցում» իրավական եզրույթի բովանդակությունն իր մեջ ներառում է սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով առկա դրամական պահանջների ներկայացման և պահանջների վերջնական ցուցակում արտացոլման գործընթացը, որի հիման վրա գրանցված պարտատերերը սնանկության վարույթում իրենց հերթին համապատասխան ակնկալում են ստանալ դրամական պահանջի բավարարում:
«Պահանջի չափի հաստատում» իրավական եզրույթը վերաբերում է բացառապես գրավով ապահովված պարտավորության՝ պահանջի չափի որոշմանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածով նախատեսված պայմաններով» (տե'ս, ըստ դիմումի «Կարտոն-Տարա» ՍՊԸ-ի՝ «Կագա Գրուպ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0725/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը, տե՛ս, ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` «Կագա Գրուպ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԿԴ1/0088/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.04.2020 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի իմաստով պարտավորության կողմերն են պարտատերը և պարտապանը։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ գրավատուն իր գույքի գրավադրմամբ ապահովել է պարտատիրոջ հանդեպ երրորդ անձի ստանձնած պարտավորությունների կատարումը, ապա նշված իրավահարաբերություններում գրավատուն հանդես է գալիս այդ պարտավորությունների կրողը և վերջինիս սնանկ ճանաչվելու պարագայում պարտատերն իրավունք ունի իրացնելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքը: Հակառակ պարագայում նման իրավիճակում գրավառու-պարտատերը զրկվում է իր իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ իրավական կառուցակարգի բացակայության պատճառաբանությամբ, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով գրավի իրավունքի վերաբերյալ վերը շարադրված իրավական դիրքորոշումները:
Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի կողմից 12.12.2019 թվականին ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 15.04.2020թ.) «Սնանկության մասին» օրենքի 39.1-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով, որը սահմանում է. «Սույն հոդվածով սահմանված իրավունքից օգտվում է նաև այն անձը, որի նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու»: Այսինքն՝ օրենսդիրը հստակեցրել է իրավակիրառ պրակտիկայում առկա անորոշությունն՝ ուղղակի ամրագրելով, որ «Սնանկության մասին» օրենքի 39.1-րդ հոդվածի կառուցակարգը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ սնանկ է ճանաչվել երրորդ անձ գրավատուն:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Այնուհետև Դատարանը մերժել է պահանջների չափը հաստատելու և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու մասին Բանկի դիմումը՝ պատճառաբանելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կարգով իրացում թույլատրելու դիմումի բավարարման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում սնանկ ճանաչված անձի նկատմամբ դրամական պահանջի առկայությունը, մինչդեռ Ընկերությունը Բանկի նկատմամբ սույն գործով ներկայացված պահանջների շրջանակներում չի հանդիսանում վարկային պայմանագրերով պարտապան։
Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ Ընկերության նկատմամբ կիրառելի չեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի և 39.2-րդ հոդվածի կարգավորումները, քանի որ «սույն քաղաքացիական գործով սնանկ է ճանաչվել երրորդ անձ հանդիսացող գրավատուն, այլ ոչ թե պարտապանը, և այս սնանկության գործով Բանկը պահանջատեր չէ և չի կարող գրանցվել որպես այդպիսին, քանի որ սնանկ ճանաչված իրավաբանական անձը Բանկի առջև ստանձնած պարտավորությամբ պարտապանը չէ, այլ Բանկի նկատմամբ այլ անձի ունեցած պարտավորության կատարման ապահովման նպատակով իր գույքը գրավադրած անձ է»։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերությունը գրավադրել է իր գույքը` Բանկի նկատմամբ «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի և «ՄԱՎԱՍԷՔՍԻՄ» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար։ Բանկի և Ընկերության միջև առաջացած պարտավորական հարաբերությունների արդյունքում Բանկի մոտ ծագել է Ընկերության գրավադրած գույքից բավարարում ստանալու իրավունք, ուստի «Ալտերնատիվ Էներգիա» և «ՄավաԷքսիմ» ՍՊԸ-ների կողմից պարտավորությունների չկատարման պայմաններում Բանկն օգտվել է ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմում ներկայացնելու կառուցակարգից, անկախ այն հանգամանքից, որ ըստ կնքված պայմանագրերի՝ Ընկերությունը Բանկի նկատմամբ հանդիսանում է երրորդ անձ-գրավատու:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջների չափը հաստատելու և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու մասին Բանկի կողմից դատարան դիմում ներկայացնելու միջոցով իր իրավունքի իրացումն իրավաչափ է, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և գործը ՀՀ սնանկության դատարան նոր քննության ուղարկելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող և զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: